«Տեսիլքի» վերախմբագրման ժամանակը որոշելու համար կռվան են տալիս Դամասկոսի և Դավրեժի մասին բնագրում հանդիպող նշումները։
Դամասկոսը խալիֆաթի հին քաղաքամայրն էր, որ XII դարի երկրորդ կիսում Նուր-ադ-Դինի և Սալահ-ադ-Դինի (Սալահեդդինի) ժամանակ ապրեց նոր վերելք, մինչև որ 1260 թվականին անձնատուր եղավ մոնղոլ Հուլաղու խանին։ Դավրեժը կամ Թավրիզը, X դարում աննշան մի քաղաք , XI-XII դարում դառնում է արաբ էմիրների և սելջուկ աթաբեկների նստոց։ Վերախմբագրված «Տեսիլքի» մեջ Դավրեժի հիշատակումը կապված է աթաբեկների լծից ազատվելու բաղձանքի հետ։ Մոնղոլ Աբաղա խանի ժամանակ Թավրիզը դարձավ հուլավյանների գահանիստ և խիստ ընդարձակվեց Ղազան խանի ժամանակ՝ XIII դարի վերջերին։ Մոնղոլների ժամանակ կարևորություն ստացած այդ քաղաքի մասին հին հայ աղբյուրները ավանդում են, թե կառուցված է եղել Տրդատի հայր Խոսրովի ձեռքով, որը, նպատակ ունենալով լուծել Արտավան եղբորորդու վրեժը , նորակառույց քաղաքը կոչել էր «Դավրէժ»<ref> Տե՛ս «Պատմութիւն Հացունեաց խաչին», տպ. «Արարատ», 1888, էջ 399 և հմմտ. Saint-Martiո, Mémoires historiques et geographiques sur l'Arménie, Paris, 1819, t. p. II, 422.</ref> (այսինքն՝ «դա է վրէժ»)։ Նույն այս մտայնությամբ միջնադարի հայ գրիչները հայրենի սեփականություն էին համարում Դավրեժը։ Ազատագրական լեգենդի հետագա վարիանտներում, ինչպես պիտի տեսնենք, հաճախ Դավրեժը հանդիսանում էր հայ քաղաքական բաղձանքների սահմանակետը։
Վերախմբագրված «Տեսիլքի» հնագույն օրինակը գրված է թաթարներից առաջ՝ 1220 թվականին։ Եթե հիմք չունենք այդ օրինակն էլ հենց այս խմբագրության '''սկզբնագիր''' համարելու, գեթ պիտի ասենք, որ «Տեսիլքի» վերախմբագրումը չէր կարող այդ թվականից հետո տեղի ունեցած լինել։