Բոլոր պրոլետարներից ամենանողկալին դռնապաններն են։ Մարդկային թափթփուկներ՝ ամենացածր տեսակը: Խոհարարները տարբեր են լինում: Օրինակ, հանգուցյալ Վլասը Պրեչիստենկայից։ Քանի-քանիսի կյանքն է փրկել։ Որովհետև հիվանդ ժամանակ ամենագլխավորը մի կտոր կեր ձեռք գցելն է: Եվ ահա, պատմում են շները, Վլասը մի ոսկոր կշպրտեր, վրան մեկ ութերորդ ֆունտի չափ միս։ Աստված հոգին լուսավորի, քանի որ իսկական անհատականություն էր, կոմս Տոլստոյների տիրունական խոհարարը, և ոչ թե նորմալ սննդի Սովետի: Թե ինչեր են անում նրանք, այդ նորմալ սննդում, շան խելքի բանը չէ: Ախր, հենց այդ սրիկաները աղ դրած, հոտած մսից են շչի եփում, իսկ ճաշարան եկող խեղճերը ոչինչ չեն իմանում: Վազեվազ գալիս են, լափում, լակում։
Ոմն մեքենագրուհի, ըստ իններորդ կարգի, ստանում է չորսուկես տասանոց, ճիշտ է, սիրեկանը ֆիլդեպերսե գուլպաներ է նվիրում։ Իսկ էդ ֆիլդելպերսի ֆիլդեպերսի երեսից ինչքան ստորացում պիտի քաշի խեղճը։ Արագ-արագ կգա մեքենագրուհին, չէ՞ որ չորսուկես տասանոցով «Բար» չես մտնի։ Կինեմատոգրաֆի էլ չի հերիքում, իսկ կինեմատոգրաֆը կանանց միակ սփոփանքն է կյանքում: Ցնցվում է, դեմքը կնճռոտում, բայց և խփշտում: Խելքի մո՞տ բան է, երկու ճաշատեսակը քառասուն կոպեկ արժի, իսկ էդ երկուսի գինը տասնհինգ էլ չի, որովհետև մնացած քսանհինգը տնտեսվարն է գողացել։ Իսկ մեքենագրուհուն այդպիսի՞ ճաշ է պետք: Նրա աջ թոքի կատարն ախտահարված է, կանացի հիվանդություն էլ կա, աշխատավայրում պահումներ են արել, ճաշարանում հոտած բաներով են կերակրել, ահա նա, ահա նա։ Դարպասատակ է մտնում սիրեկանի գուլպաներով: Ոտքերը՝ սառած, փորի մեջ քամիներ են խաղում, որովհետև վրայի բուրդը կարծես թե իմի պես է, հագի վարտիքը բարակ է, էնպես՝ ժանյակի պես մի բան, սիրեկանի աչքին թոզ փչելու համար: Թե փորձեց ֆլանելե վարտիք հագնել, սիրեկանը կգոռա․
― Իչքա՜ն ես գեշ։ Իմ Մատրյոնան ինձ ձանձրացրել է, հոգիս դուրս եկավ էդ ֆլանելե վարտիքներից, հիմա եկել է իմ ժամանակը։ Ես հիմա նախագահ եմ, ու ինչքան էլ գողանամ, լրիվ կգնա կանացի մարմնի, անուշեղենի, «Աբրաու-Դյուրսյի» վրա։ Որովհետև ջահել օրերիս շատ եմ քաղցած մնացել, ինձ հերիք է, իսկ անդրշիրիմյան կյանք գոյություն չունի: