Սուրբ ճշմարտություն է։
Ինչպես միշտ Ուսպենսկի տաճարում խավար է, տաք ու հանդիսավոր։ Վառվում են մոմերը, փայլում է սրբապատկերների ոսկին, նեղուս հայր Յուվենալիի ձեռքում ծխում է բուրվառը, հնչում է նրա բարակ ձայնը։ Թավ ձայնը՝ սևամորուք, հաստլիկ սարկավագինն է երգչախմբից։ Մենք կանգնած ենք խիտ շարքերով՝ ողջ մոսկովյան օպրիչնինան։ Այստեղ են և՛ Բատյան, և՛ Եռոխան՝ նրա աջ ձեռքը, և՛ Մոսոլը՝ նրա ձախ ձեռքը։ Եվ գլխավորները՝ ես ներառյալ։ Եվ հիմնական մասը։ Եվ երիտասարդները։ Միայն Տերը չկա։ Սովորաբար երկուշաբթի օրերին նա ողորմածորեն գալիս է մեզ հետ աղոթելու։ Բայց այսօր չկա մեր արևափայլը։ Ամբողջովին պետական գործերի մեջ է։ Կամ Րիզպոլոժենիի եկեղեցում, ընտանեկան տաճարում է աղոթում Սուրբ Ռուսի համար։ Տիրոջ ցանկությունը՝ օրենք է և հանելուկ։ Եվ փառք Աստծո։
Սովորական օր է այսօր, երկուշաբթի։ Եվ արարողությունն է սովորական։ Սուրբ Կնունքն անցել է։ Սահնակներով ման եկանք Մոսկվա֊գետով, իջեցրինք խաչը արծաթյա եղևնիներով զարդարված տաղավարի տակ գտնվող սառցանցք֊երդանր<ref>երդան ― նույնն է ինչ սառցանցքը, որում նախապես օրհնելուց հետո կնքվում էին Սուրբ Ծննդյան տոներին, առաջացել է Հորդանան անվանումից։ </ref> կնքում էինք փոքրիկներին, ինքներս էինք սառցե ջրի մեջ ընկղմվում, կրակում թնդանոթներից, խոնարհվում Տիրոջը և Տիրուհուն, քեֆ էինք անում Գրանովիտյանում<ref>Կրեմլը կազմող շենքերից մեկը, որում նույնանուն մեծ սրահ կա։ </ref> կրեմլյան շքախմբի և Ներքին Շրջանակի հետ։ Հիմա մինչև Տրնդեզ՝ ոչ մի տոն, առօրյա կյանք։ Պետք է գործով զբաղվել։
«Թող աստված հառնի և թող անհայտանան թշնամիները նրա․․․» ― կարդում է հայր Յուվենալին։
Մենք խաչակնքվում ենք ու խոնարհվում։ Աղոթում եմ Քրիստոսի սիրածս սրբապատկերին՝ Սպաս Յարոե Օկոյին<ref>Սպաս Յարոե Օկո ― քրիստոսի սրբապատկեր, հատկանաշական խիստ, թափանցող հայացքով</ref>, դողում եմ Փրկչի խիստ աչքից։ Ահեղ է Փրկիչը, անդրդում իր Դատում։ Նրա խիստ հայացքից պայքարի ուժ եմ հավաքում, հոգիս ու կամքս ամրապնդում։ Թշնամիների նկատմամբ ատելությունս ավելացնում։ Միտքս սրում։
«Եվ թող ցրվեն Աստծո և մեր Տիրոջ թշնամիները»։
«Թշնամու հանդեպ հաղթանակ պարգևիր․․․»։
Թշնամիները շատ են, դա ճիշտ է։ Հենց
Ռուսաստանը հառնեց մոխրից, ընկալեց իրեն, երբ տասնվեց տարի առաջ Պետական հայր Նիկոլայ Պլատոնովիչը դրեց առաջին քարը Արևմտյան պատի հիմքի մեջ, հենց որ մենք սկսեցինք անջատել մեզ դրսում օտարներից, ներսում՝ սատանայականից, տեղն ու տեղը բոլոր անցքերից դուրս եկան զզվելի, չար, թունավոր միջատները։ Ճշմարիտ է՝ մեծ գաղափարը ծնում է մեծ դիմադրություն։ Մեր պետությունը միշտ էլ ունեցել է արտաքին և ներքին թշնամիներ, բայց երբեք այդքան կատաղի չի սրվել պայքարը նրանց հետ, քան Սուրբ Ռուսի Վերածննդի ժամանակաշրջանում։ Մի գլուխ չի, որ գլորվել է Լոբնի տեղից այս տասնվեց տարվա ընթացքում, մի գնացք չէ, որ տարել է բազմաթիվ թշնամիների ու նրանց ընտանիքները Ուրալից այն կողմ, մի «կարմիր աքաղաղ» չի, որ ծուղրուղու է կանչել արևածագին ազնվականների կալվածքներում, մի կառավարիչ չէ, որին տանջել են Գաղտնի Հրամանում, մի մատնիչ նամակ չէ, որ ընկել է Լուբյանկայի Բառի ու Գործի փոստարկղը, մի փոխանակողի բերանը չէ, որ լցրել են հանցավոր թղթադրամներով, մի սարկավագ չէ, որ լողացել է եռացող ջրի մեջ, մի տարաշխարհիկ դեսպան չէ, որ դուրս են վռնդել Մոսկվայից երեք դեղին անարգանքի «մերիններով», մի սուրհանդակ չէ որ նետել են Օստանկինյան աշտարակից բադի թևերը հետույքի մեջ, մի խառնակիչ ծախված գրող չէ, որ խեղդել եմ Մոսկվա֊գետում, մի ազնվազարմ այրի չէ, որ նետել են ծնողների մոտ ոչխարի մուշտակով՝ տկլոր ու անզգա․․․
Ամեն անգամ, երբ կանգնած եմ Ուսպենսկիում մոմը ձեռքիս, գաղտնի միտքս եմ մտածում, միտքս խռովարար․ իսկ եթե մենք չլինեի՞նք։ Տերը ինքնուրույն գլուխ կհանե՞ր։ Բավարա՞ր էին հրաձգավորները, Գաղտնի Հրամանը և Կրեմլյան գունդը։
Եվ երգչախբի երգեցողության ներքո, ինքս ինձ կամաց շշնջում եմ․
Ոչ։
Ընդհանուր սեղանն այսօր սովորական է, Սպիտակ պալատում։
Նստած ենք երկար, կաղնե, անծածկ սեղանների շուրջ։ Ծառաները մատուցում են պաքսիմատի կվաս, օրական ապուր, սև հաց, շոգեխաշած, սոխով տավարի միս և հնդկացորենի շիլա։ Ուտում ենք, կամացուկ զրուցում մեր ծրագրերի մասին։ Ճոճվում են մեր անձայն զանգակները։ Օպրիչնինայի ամեն մի թևը ունի իր ծրագրերն․ մեկը՝ Գաղտնի Հրամանում է այսօր զբաղված, մյուսը՝ Խելացիում, մեկը Դեսպանականում, մեկն էլ Առևտրականում։ Այսօր ես երեք գործ ունեմ։
Առաջինը՝ խեղկատակ֊սկոմորոխներով<ref> Սկոմորխ ― շրջիկ ժողովրդայան երաժիշտ֊դերասան</ref>պետք է զբաղվել, հաստատել տոնական համերգի նոր համարը։
Երկրորդը՝ հանգցնել «աստղը»։ Երրորդը՝ թռչել պայծառատես Պրասկովյա Տոբոլսկայաի մոտ հանձնարարութմաբ։
Նստած եմ իմ տեղում, Բատյաի աջից՝ չորրորդը։ Պատվավոր տեղ է, գործով ձեռք բերված։ Ինձանից ավելի մոտ նրա աջից Շելետն է, Սամոսյան ու Երոխան։ Ամրակազմ, տպավորիչ արտաքին ունի Բատյան, դեմքով երիտասարդ է, չնայած մազերը ամբողջովին սպիտակ են։ Երբ սեղանի մոտ է՝ հաճելի է նայել․ ուտում է անշտապ, հիմնավոր։ Բատյան՝ հիմքն է մեր, գլխավոր արմատը կաղնու, որի վրա ողջ օպրիչնինան է կանգնած։ Նա առաջինն էր, ում Տերը վստահեց Գործը։ Նրա վրա էր հենվում կրունկով Տերը, երբ բարդ, ճակատագրական ժամանակներ էին Ռուսաստանի համար։ Բատյան դարձավ օպրիչնինաի երկաթյա շղթայի առաջին օղակը։ Նրանից կառչեցին մյուս օղակները, ձուլվեցին, միահյուսվեցին օպրիչնինայի Մեծ Օղակում, դեպի դուրս ուղղեցին սուր փշերը։ Այդ օղակով էլ Տերը ձգեց հիվանդ, փտած, փլուզվող երկիրը, միացրեց, կարծես արնաքամ լինող վիրավոր արջի վիրակապեց։ Եվ ամրացավ արջը ոսկորներով ու մսով, բուժեց վերքերը, ճարպ կուտակեց, մագիլներ աճեցրեց։ Մենք բաց թողեցինք նրա փտաց, թշնամիների կողմից թունավորված արյունը։ Այժմ ռուսական արջի կատաղի գռմռոցը լսվում է ողջ աշխարհում։ Ոչ միայն Չինաստանն ու Եվրոպան, օվկիանոսից այն կողմ էլ են լսում։
Տեսնեմ, Բատյայի մոբիլան կարմրով է թարթում։ Սեղանի մոտ արգելված են կողմնակի խոսակցությունները։ Բոլոր բջջայինները անջատում ենք։ Կարմիր ազդանշանը՝ Պետական գործ է։ Մոտեցնում է Բատյան ականջին մաքուր ոսկուց մոբիլան, որը զրնգում է զանգակով․
― Լսում եմ, Տեր։ Հասկանում եմ։ Հենց հիմա կլինենք, Տեր։
Վեր է կենում Բատյան, արագ հայացք գցում մեզ վրա․
― Վոգուլ, Կոմյագա, Տյագլո, ինձ հետ։
Ահա։ Բատյաի ձայնից զգում եմ՝ ինչ֊որ բան է պատահել։ Վեր ենք կենում, խաչակնքվում, դուրս գալիս ճաշասրահից։ Բատյաի ընտրությունից հասկանում եմ, որ խելացի գործ է սպասվում։ Բոլոր ընտրվածները համալսարանական կրթություն ունեն։ Վոգուլը Սուրբ֊Պետրոգրադում սովորել է ֆինանսական գործը, Տյագլոն Նիժնի֊Նովգորոդում գրքերի արտադրությունն էր ուսումնասիրում, իսկ ես օպրիչնինա գնացի Լոմոնոսովից։ Ոչ, չգնացի․․․ Օպրիչնինա չեն գնում։ Այն չեն ընտրում։ Նա է քեզ ընտրում։ Կամ, ավելի ճիշտ, ինչպես ասում է ինքը, Բատյան, երբ խմած֊քաշած է լինում, «Ալիքն է տանում օպրիչնինա»։ Այն էլ ինչպես է տանում։ Այնպես է տանում, որ գլուխ է պտտում, արյունը եռացնում երակներում, աչքերում կարմիր կայծեր փայլեցում։ Բայց այդ ալիքը կարող է և դուրս շպրտել։ Միանգամից ու անվերադարձ։ Դա՝ մահից էլ վատ է։ Դուրս մնալ օպրիչնինայից նույնն է, ինչ կորցնել երկու ոտքդ։ Ամբողջ կյանքում էլ չես կարող ման գալ, ստիպված պետք է սողաս։
<references />