Վազեցի։ Բայց միևնույն է, մարդաշատ վայրերում, մզկիթի բակերում, որոնք անցա կարճ ճանապարհով, զվարճանալու համար ետևիցս ընկած շները հենց շատանում Էին, քայլերս դանդաղեցնում էի։
== 53. Իմ անունն Էսթեր է ==
Ընթրիքի համար ոսպով ապուր էի պատրաստում, երբ Նեսիմն ասաց.
― Հյուր ունենք։
Ապուրը խառնելու համար գդալը նրան տվեցի, հետո ծեր ձեռքը բռնելով՝ գդալը երկու անգամ պտտեցրի կաթսայի մեջ։ Որովհետև եթե ցույց չտաս, ժամերով կարող է գդալն ապուրի մեջ բռնած կանգնել։
Դռան մոտ Քարային տեսնելով՝ նրան միայն խղճացի։ Դեմքն այնպիսի արտահայտություն ուներ, որ վախենում էի հարցնել, թե ինչ է պատահել։
— Ներս մի՛ մտիր,— ասացի ես։– Հիմա հագուստս կփոխեմ ու դուրս կգամ։
Ռամազանի զվարճանքների, հարուստ սեղանների, երկարատև հարսանեկան արարողությունների վարդագույն հագուստս հագա, վերցրի տոնական կապոցս։
— Կգամ ապուրս կուտեմ,— ասացի խեղճ Նեսիմին։
Մեր խեղճ հրեական թաղամասից, որի ծխնելույզներից կաթսաների գոլորշու նման դժվարությամբ ծուխ էր ելնում, Քարայի հետ մի փողոց անցնելուն պես ասացի.
— Շեքուրեի նախկին ամուսինը վերադարձել է պատերազմից։
Մինչև թաղամասից դուրս գալը Քարան լռեց։ Դեմքը երեկոյի գույնի մեջ մոխրի նման էր։
— Որտե՞ղ են,— հարցրեց նա տևական ժամանակ անց։
Այդպիսով հասկացա, որ Շեքուրեն ու երեխաները տանը չեն։
― Իրենց տանն են,― ասացի ես։
Քանի որ Շեքուրեի նախկին տունը նկատի ունեի, անմիջապես հասկանալով, որ Քարային վիրավորեցի, երկրորդ բառով փորձեցի նրան հույս տալ.
― Հավանաբա՛ր։
― Դու տեսե՞լ ես պատերազմից վերադարձած ամուսնուն,― հարցրեց նա՝ նայելով աչքերիս մեջ։
― Ո՛չ նրան եմ տեսել, ո՛չ էլ տեսել եմ, թե Շեքուրեն ինչպես է լքում տունը։
― Որտեղի՞ց իմացար, որ լքել են տունը։
― Քո դեմքի արտահայտությունից։
― Պատմիր ինձ ամեն ինչ,― վստահ ասաց նա։
Այս Էսթերի աչքը պատուհանից այն կողմ էր, ճանապարհին էր։ Ամուսին երազողների և դժբախտների դուռը հանգիստ թակող Էսթերը միշտ հասկանում էր, թե ինչն է պետք պատմել, ինչը՝ ոչ։
― Շեքուրեի նախկին ամուսնու եղբայրը՝ Հասանը,― ասացի ես,― ձեր տուն մտնելով (ձեր տուն ասելիս տեսա, թե որքան ուրախացավ), Շևքեթին ասել է, որ հայրը շուտով վերադառնալու է պատերազմից, կեսօրին տուն է հասնելու, տանը մորը, երեխաներին եթե չտեսնի շատ կտխրի։ Շևքեթը լուրը հայտնում է մորը, բայց Շեքուրեն զգուշավոր է վարվում, որոշում չի կայացնում։ Կեսօրին մոտ Շևքեթը տնից փախչելով՝ թաքնվում է հորեղբոր ու պապի մոտ։
― Դու այդ ամենը որտեղից գիտես։
― Հասանը վերջին երկու տարում Շեքուրեին իր տուն վերադարձնելու համար ինչ քայլերի է դիմել՝ քեզ չի՞ պատմել Շեքուրեն։ Մի շրջան Հասանն իմ միջոցով Շեքուրեին նամակներ էր ուղարկում։
― Շեքուրեն նրան պատասխանո՞ւմ էր։
― Ստամբուլում շատ կանանց եմ ճանաչում,― հպարտ ասացի ես,― բայց Շեքուրեի պես տանը, ամուսնուն, իր պատվին նվիրված կին չեմ տեսել։
― Բայց հիմա ես եմ նրա ամուսինը։
Ձայնի մեջ միշտ տխրեցնող այդ տղամարդկային անվստահությունը կար։ Շեքուրեն որ կողմ էլ անցնի, հակառակ կողմը փլվում է։
― Հասանը մի թղթի վրա գրեց, որ Շևքեթը հորը սպասելու համար իր տուն է գնացել, մոր հետ կեղծ ամուսնությամբ ամուսնացած այդ ստախոս ամուսնու՝ նոր հոր պատճառով դժբախտ է և չի ուզում վերադառնալ։ Այդ թուղթը Հասանն ինձ տվեց, որ տամ Շեքուրեին։
― Շեքուրեն ի՞նչ արեց։
― Ամբողջ գիշեր խեղճ Օրհանի հետ մեն-մենակ քեզ էր սպասում։
― Իսկ Հայրիյե՞ն։
― Հայրիյեն քո գեղեցիկ կնոջը վերացնելու համար քանի տարի է՝ առիթ էր փնտրում։ Այդ պատճառով էր քնում լուսահոգի Էնիշթեի հետ։ Տեսնելով, որ Շեքուրեն գիշերը միայնակ՝ մարդասպանի և ուրվականի վախով է անցկացնում, Հասանն իմ միջոցով մի նամակ էլ ուղարկեց Շեքուրեին։
― Ի՞նչ էր գրել։
― Փառք Աստծու, խեղճ Էսթերը գրել֊կարդալ չգիտի, հենց զայրացած պարոնները, նյարդային հայրերը այս հարցը տալիս են, նրանց այսպես եմ ասում․ ես ոչ թե նամակը, այլ նամակը կարդացող գեղեցիկ աղջկա դեմքը կարող եմ միայն կարդալ։
― Ի՞նչ կարդացիր։
― Անելանելիություն։
Երկար ժամանակ չխոսեցինք։ Մի փոքրիկ հունական եկեղեցու տանիքին թառած, գիշերվան սպասող բու տեսա։
Հագուստիս և կապոցիս նայելով ծիծաղող թաղամասի փսլնքոտ երեխաներին տեսա։ Մութն ընկնելու պատճառով սոճիներով գերեզմանատնից իրեն քորելով ուրախությամբ դեպի փողոց իջնող քոսոտ շանը տեսա։
― Դանդաղ գնա,– բղավեցի Քարայի վրա։– Ես քեզ պես չեմ կարող բարձրանալ այս զառիթափով։ Այս կապոցը ձեռքիս՝ ինձ ո՞ւր ես տանում։
― Հասանի տուն գնալուց առաջ կապոցը բացելու ես, գաղտնի սիրելիների համար ծաղկավոր թաշկինակներ, մետաքսե գոտիներ, արծաթազարդ քսակներ ես վաճառելու քաջ երիտասարդներին։
Այս տխուր վիճակում լավ էր, որ Քարան կարողանում էր դեռ կատակել, բայց անմիջապես տեսա նրա կատակի լուրջ կողմը։
― Եթե բանակ հավաքելու ես գնում, քեզ Հասասի տուն չեմ տանի,― ասացի ես։– Իմ սիրտը կանգնում է ծեծկռտուքից։
― Եթե ամեն անգամվա խելացի Էսթերը լինես, ոչ կռիվ կլինի, ոչ էլ ծեծ,― ասաց նա։
Աքսարայն անցնելով՝ դեպի Լանգայի այգիներ տանող ճանապարհը ելանք։ Ցեխոտ ճանապարհի վերջում, ժամանակին ամեն ինչ տեսած թաղամասում Քարան մտավ վարսավիրանոց, որը դեռ բաց էր։ Տեսա, թե ինչպես է մաքուր դեմքով, գեղեցիկ ձեռքերով մի տղայի և լամպի լույսի տակ սափրվող վարպետի հետ խոսում։ Շատ չանցած՝ վարպետը, գեղեցիկ աշակերտը ու ևս երկու հոգի Աքսարայում մեզ միացան։ Ձեռքերին թրեր, կացիններ կային։
― Քաղաքի մեջ, ցերեկվա ժամին տո՞ւն ենք խուժելու,― ասացի ես։
― Ցերեկը չէ, գիշերը,― ասաց Քարան կատակելուց գոհ ձայնով։
― Մի բանակի չափ մարդ հավաքելուդ վրա այդքան վստահ մի՛ եղիր,― ասացի ես,― Այսպիսի զենքերով իսկական զինված բանակի նման ձեր զբոսնելը ենիչերիները կարող են տեսնել։
― Ոչ ոք չի տեսնի։
― Երեկ էրզրումցու մարդիկ նախ մի գինետուն, հետո էլ Սադըրքափըի Ջերրահի թեքքե խուժելով՝ բոլորին ծեծել են։ Գլխին փայտով հարված ստացած մի ծեր մարդ մահացել է։ Մթան մեջ կարող են կարծել, որ դուք նրանցից եք։
― Լուսահոգի Զարիֆ էֆենդու տուն էիր գնացել, շնորհակալ եմ, կնոջ մոտ լղոզված թանաքով այդ ձիերն ես տեսել ու Շեքուրեին լուր տվել։ Զարիֆ էֆենդին այդ էրզրումցի քարոզչի մարդկանց հետ շա՞տ ժամանակ էր անցկացնում։
― Մտածում էի, որ եթե այդ տանը մի քիչ հարցուփորձ անեմ, Շեքուրեին օգտակար կարող եմ լինել,– ասացի ես։– Առանց այդ էլ այնտեղ Ֆլամենկոյի նավից նոր դուրս եկած կտորեղենը ցույց տալու համար էի գնացել։ Թե չէ իմ խեղճ հրեա խելքը ձեր փորձանքներից ու քաղաքական գործերից բան չի հասկանում։
― Էսթեր հանըմ, դու շատ խելացի ես։
― Քանի որ այդպիսին եմ, սա էլ ասեմ քեզ. այս էրզրումցի քարոզչի մարդիկ ավելի կզայրանան, շատերին վնաս կտան, վախեցեք նրանցից։
Չարշըքափըի ետևի փողոց մտնելիս սիրտս վախից սկսեց արագ բաբախել։ Շագանակենու և թթենու մերկ ու թաց ճյուղերը կիսալուսնի գունատ լույսի տակ փայլում էին։ Ջիների և ուրվականների փչած քամին թափահարելով իմ կապոցի եզրերն ու ժապավենները՝ ծառերի վրա սուլելով՝ մեր բազմության հոտը հասցրել էր թաղամասի մշուշի մեջ պառկած շներին։ Երբ նրանցից մի քանիսը սկսեցին հաչել, Քարային ցույց տվեցի տունը։ Մի պահ լուռ նայեցինք մութ տանիքին, փակ պատուհաններին։ Քարան իր մարդկանց տան շուրջը, դատարկ այգում, բակի դռան երկու կողմում ու ետևի թզենու տակ կանգնեցրեց։
― Այստեղ մի զզվելի թաթար մուրացկան կա,– ասացի ես։– Կույր է, բայց թաղապետից լավ գիտի, թե թաղամաս ով է մտնում ու դուրս գալիս։ Սուլթանի անշնորհք կապիկների պես անընդհատ ձեռնաշարժությամբ է զբաղվում։ Եթե առանց դիպչելու ութ-տասը արծաթադրամ տաք, ամեն բան կասի։
Հեռվից նայեցի, թե Քարան ինչպես է նրան փող տալիս, հետո թուրը հանում ու սեղմում կոկորդին։ Հետո, չգիտեմ ինչպես, վարսավիրի աշակերտը, որ կարծում էի, թե պետք է տունը հսկի, սկսեց կացնի կոթով ծեծել թաթարին։ Կարծեցի, թե ամեն ինչ շուտով կավարտվի, բայց թաթարը սկսեց լաց լինել։ Վազեցի թաթարին պաշտպանելու, քանի դեռ չէր սպանել։
― Մորս հայհոյեց,― ասաց վարսավիրի աշակերտը։
― Ասում է՝ Հասանը տանը չէ,― ասաց Քարան։– Այս կույրը ճի՞շտ է խոսում։
Այնտեղ մի նամակ գրելով՝ մեկնեց ինձ։
― Վերցրու սա, տար տուն, Հասանին կամ նրա հորը տուր,― ասաց նա։
― Շեքուրեին ոչինչ չե՞ս գրել,― հարցրի նամակը վերցնելիս։
― Եթե նրան առանձին նամակ ուղարկեմ, այս տան տղամարդկանց ավելի կզայրացնենք,– ասաց Քարան,― նրան ասա, որ հոր ստոր մարդասպանին գտել եմ։
― Իսկապե՞ս։
― Դու ասա։
Դեռ արտասվող թաթարին կշտամբելով՝ լռեցրի։
― Մի՛ մոռացիր, որ քեզ համար եմ անում այս գործը,― ասացի ես և հասկացա, որ պահը երկարացնում եմ այնտեղից չհեռանալու համար։
Ինչո՞ւ էի խառնվում այս գործերին։ Էդիրնեքափըում երկու տարի առաջ մի մանրավաճառ կնոջ էին սպանել, որովհետև նա խոստացված աղջկան ուրիշի հետ էր ամուսնացրել։ Տատիկս ասում էր՝ թուրքերը երբեմն առանց պատճառի մարդ են սպանում։ Մտածեցի, թե հիմա ինչպես է իմ սիրելի Նեսիմը տանը ոսպով ապուր ուտում։ Չնայած ուզում էի տուն գնալ մտածելով Շեքուրեի մասին՝ քայլեցի դեպի նրանց տուն։ Հետաքրքրասիրությունն էլ էր կրծում ներսս։
― Մանրավաճա՜ա՜ա՜ռ. տոնական հագուստի համար Չինաստանից բերած մետաքսեղեն ունեմ։
Պատուհանների արանքից թուրինջե դողացող լույս տեսա։ Դուռը բացվեց։ Հասանի քաղաքավարի հայրն ինձ ներս հրավիրեց։ Տունը հարուստ տների պես ջերմ էր։ Լամպի լույսի տակ սեղանի շուրջը երեխաների հետ նստած Շեքուրեն ինձ տեսնելուն պես ոտքի կանգնեց։
― Շեքուրե՛,― ասացի ես,― Ամուսինդ է եկել։
― Ո՞ր մեկը։
― Նորը,– ասացի ես։– Զինված մարդկանցով շրջապատել են տունը։ Հասանի հետ ծեծկռտուք սկսելուն են պատրաստվում։
― Հասանը տանը չէ,― ասաց քաղաքավարի սկեսրայրը։
― Վայ, ավելի լավ,– ասացի ես։– Դու սա վերցրու կարդա տեսնեմ,– սուլթանի դաժան կամքն իրականացնող հպարտ դեսպանի պես Քարայի նամակը տվեցի։
Երբ քաղաքավարի սկեսրայրը կարդում էր նամակը, Շեքուրեն ասաց.
― Էսթեր, արի քեզ համար ոսպով ապուր լցնեմ, տաքանաս։
― Չեմ սիրում,― նախ ասացի ես։
Ինձ դուր չեկավ, որ այնպես էր խոսում, ասես հարմարվել էր այս տանը, բայց հասկանալով, որ ցանկանում է ինձ հետ մենակ մնալ, գդալը վերցրի ու հետևեցի նրան։
― Քարային ասա, որ ամեն ինչ Շևքեթի պատճառով եղավ,― շշնջաց նա։― Երեկ մարդասպանից վախենալով՝ Օրհանի հետ ամբողջ գիշեր մենակ սպասեցի։ Օրհանն ամբողջ գիշեր ղողում էր։ Երեխաներս բաժանվել են։ Ո՞ր մայրը կցանկանա երեխայից հեռու լինել։ Քարան տուն չվերադարձավ, ինձ լուրեր հասան, որ մեր սուլթանի տանջանքներին է ենթարկվել, նրան խոսեցրել են, պարզվել է, որ հորս մահվանը մասնակից է եղել։
― Երբ հորդ սպանեցին, Քարան քեզ հետ չէ՞ր։
― Էսթեր,― ասաց գեղեցկուհիս՝ լայն բացելով սև աչքերը,― Ի՞նչ կլինի, օգնիր ինձ։
― Ասա՛, ինչու ես այստեղ վերադարձել, ես էլ հասկանամ, որ օգնեմ։
― Կարծում ես գիտե՞մ՝ ինչու եմ վերադարձել,– ասաց նա։
Մի պահ ինձ թվաց, թե արտասվելու է։
― Քարայի պատճառով է Շևքեթս այսքան վատ զգում,– ասաց նա։– Հասանն էլ երբ ասաց, որ նրանց իսկական հայրը վերադարձել է, հավատացի։
Բայց աչքերից հասկանում էի, որ ստում է։ Նա էլ հասկանում էր, որ ես եմ հասկանում։
― Հասանն ինձ խաբեց,– շշնջաց նա, ու հասկացա՝ ուզում է, որ զգամ՝ Հասանին սիրում է։
Բայց Շեքուրեն հասկանո՞ւմ էր, որ Քարայի հետ ամուսնանալու պատճառով է սկսել ավելի շատ Հասանի մասին մտածել։
Դուռը բացվեց, ձեռքին վառարանից նոր հանած անուշաբույր հացով՝ Հայրիյեն եկավ։ Ինձ տեսնելուն պես տխրած դեմքից անմիջապես հասկացա, որ Էնիշթե էֆենդու մահով այս խեղճ կինը Շեքուրեի ժառանգությունն է դարձել։ Շեքուրեն թարմ հացը վերցրեց և գնաց երեխաների մոտ, ու ես հասկացա ճշմարտությունը, թե՛ նրանց իսկական հայրը, թե՛ Հասանը, թե՛ Քարան Շեքուրեի փնտրած և չգտած, իրեն սիրող տղամարդիկ չէին, վախեցած աչքերով այս երեխաների սիրելի հայր գտնելն էր դժվար։ Շեքուրեն պատրաստ էր բոլոր լավ ամուսիններին սիրել։
― Սրտով ես փնտրում այն, ինչ ցանկանում ես գտնել,– առանց մտածելու ասացի ես։― Մինչդեռ պետք է մտքով որոշում կայացնես։
― Հենց հիմա երեխաների հետ Քարայի մոտ կվերադառնամ,― ասաց նա։– Բայց իմ պայմաններն ունեմ։
Մի քիչ լռեց։
― Շևքեթին և Օրհանին պետք է լավ վերաբերվի։ Այստեղ գալուս համար ինձնից հաշիվ չպետք է պահանջի։ Եվ մեր ամուսնության պայմանները, նա գիտի, պետք է պահի։ Ինձ երեկ գիշեր տանը մարդասպանի, գողի, չարի և Հասանի դեմ մենակ էր թողել։
― Հորդ սպանողին դեռ չի գտել, բայց ցանկացավ, որ քեզ ասեմ՝ գտել է։
― Գնա՞մ նրա մոտ։
Առանց իմ պատասխանին սպասելու նամակը վաղուց կարդացած ծեր սկեսրայրն ասաց.
― Ասացեք Քարա Չելեբիին, ես որդուս բացակայությամբ հարսիս ետ ուղարկելու պատասխանատվությունը չեմ կարող կրել։
― Ո՞ր որդուդ,― հարցրի հրահրող, բայց նուրբ ձայնով։
― Հասանի,― ասաց նա։
Քանի որ իսկական մարդ էր, ամաչեց.
― Մեծ որդիս իրանական պատերազմից վերադառնում է. վկաներ կան։
― Ո՞ւր է Հասանը,― ասացի ես։
Շեքուրեի տված ապուրից երկու գդալ կերա։
― Մաքսատան քարտուղարներին, բեռնակիրներին, իր մարդկանց հավաքելու է գնացել,– ստել չկարողացող լավ ու հիմար մարդկանց պես երեխայաբար ասաց նա։– Էրզրումցիների երեկվա արածներից հետո ենիչերիներն այս գիշեր փողոցներում են։
― Մենք նրանց չենք տեսել,– ասացի ես՝ գնալով դեպի դուռը։– Վերջի՞ն խոսքդ է։
Վախեցնելու համար այսպես հարցրի սկեսրայրին, բայց Շեքուրեն շատ լավ հասկացավ, որ այդ խոսքն իրականում իրեն էր ուղղված։ Իսկապես մտքերն այդքան խա՞ռն էին, թե՞ ինչ-որ բան էր թաքցնում, օրինակ՝ Հասանի և նրա մարդկանց վերադարձին էր սպասում։ Իրականում հասկանալով, որ ինձ դուր է գալիս Շեքուրեի անորոշությունը, ուրախացա։
― Մենք Քարային չենք ուզում,― խիզախ ասաց Շևքեթը։― Դու էլ էլ չգաս այստեղ, չաղ։
― Բայց գեղեցիկ մայրիկիդ ժանեկավոր ծածկոցները, ծաղկավոր, թռչուններով թաշկինակները, քո սիրելի վերնաշապիկների կարմիր կտորները ո՞վ կբերի,– ասացի ես և կապոցս թողեցի սենյակի կենտրոնում։– Մինչև նորից գալս կբացեք, կնայեք, ձեր ուզածը կընտրեք, կկտրեք, կկարեք։
Դուրս գալիս տխրություն զգացի. Շեքուրեի աչքերը երբեք այդքան արտասվալից չէի տեսել։ Դրսի ցրտին հարմարվելուն պես ցեխոտ ճանապարհին Քարան՝ ձեռքին թուր, կանգնեցրեց ինձ։
― Հասանը տանը չէ,– ասացի ես – Գուցե գնացել է Շեքուրեի վերադարձը նշելու համար շուկայից գինի գնելու։ Գուցեև, ինչպես ասում են, իր մարդկանց հետ անմիջապես վերադառնալու է։ Այդ ժամանակ կբախվեք, որովհետև նա խենթ է, հատկապես երբ կարմիր թուրը ձեռքն է վերցնում։
― Շեքուրե՞ն ինչ ասաց։
― Սկեսրայրն ասաց՝ ո՛չ, չի՛ լինի, հարսիս չեմ տա, բայց դու ոչ թե նրանից, այլ Շեքուրեից վախեցիր։ Կնոջդ մտքերը խառնվել են, հոր սպանությունից երկու օր անց և մարդասպանի վախից, և Հասանի սպառնալիքներից, առանց քեզ լուր տալու անհետացել է՝ հասկանալով, որ նույն տանը երկրորդ գիշերը չի կարող անցկացնել, վերադարձել է Հասանի տուն։ Նրան ասել են, որ կապ ունես հոր սպանության հետ... Բայց Շեքուրեի նախկին ամուսինը չի վերադարձել, նման բան չկա։ Հասանի ստին Շևքեթն է հավատացել, կարծես թե հայրն էլ է հավատում... Շեքուրեն նպատակ ունի քեզ մոտ վերադառնալ, բայց իր պայմաններն է դնում։
Քարայի աչքերի մեջնայելով՝ մեկ առ մեկ թվարկեցի պայմանները։ Անմիջապես, ասես իսկական դեսպանի հետ խոսելիս պաշտոնական կերպով ընդունեց պայմանները։
― Ես էլ մի պայման ունեմ,– ասացի ես։– Հիմա տուն եմ վերադառնալու։
Նրան ցույց տվեցի սկեսրայրի տան ետևի պատուհանի տախտակները։
― Քիչ անց այստեղ ու դռան վրա եք հարձակվելու։ Երբ գոռամ, կհարձակվեք։ Եթե Հասանը գա, առանց մտածելու բախվեք։
Այս բոլորը անպատասխանատու դեսպանի ասելու բաներ չէին, իհարկե, բայց այս Էսթերը գործը մինչև վերջ է տանում։
«Մանրավաճառ» ասելուն պես այս անգամ դուռն անմիջապես բացվեց։ Անմիջապես հայտնվեցի սկեսրայրի առաջ։
― Ամբողջ թաղամասն էլ, այստեղի դատավորն էլ գիտեն, որ Շեքուրեն վաղուց ամուսնալուծվել է, գիտեն, որ նորից Ղուրանով ամուսնացել է,– ասացի ես։– Եթե քո վաղուց մահացած որդին կենդանանալով՝ դրախտից, Մովսես մարգարեի մոտով անցնելով՝ մեզ մոտ գա էլ, Շեքուրեն արդեն ամուսնալուծվել է, ոչինչ չի կարող անել։ Ամուսնացած կնոջը փախցրել, այստեղ եք բերել։ Քարան ցանկացավ, որ ձեզ փոխանցեմ՝ սրա պատիժը ոչ թե դատավորը, այլ իր մարդիկ են տալու ձեզ։
― Սխալ է անում,– նրբանկատորեն ասաց սկեսրայրը։– Մենք Շեքուրեին չենք փախցրել։ Ես, փառք Աստծու, այս երեխաների պապն եմ։ Հասանը նրանց հորեղբայրն է։ Շեքուրեն մենակ մնալով՝ ի՞նչ պետք է աներ, մեզ մոտ ապաստան գտավ։ Եթե ցանկանա, անմիջապես երեխաների հետ կարող է մեզ մոտ վերադառնալ։ Բայց մի մոռացիր, որ սա իր տունն է, այստեղ էնա երեխաներ է ունեցել, նրանց երջանիկ մեծացրել։
― Շեքուրե՛,― ասացի ես առանց մտածելու,― ցանկանո՞ւմ ես հորդ տուն վերադառնալ։
Երջանիկ «տուն» բառի պատճառով սկսեց արտասվել։
― Հայրս չկա,― ասաց նա։
Թե՞ ես էի այդպես լսել։ Երեխաները սկզբում նրա փեշերին փաթաթվեցին, հետո նրան նստեցրին և կրծքին փաթաթվեցին։ Բոլորն իրար փաթաթվելով՝ մի գնդակի տեսք ստացան ու սկսեցին լաց լինել։ Այս Էսթերն ընդհանրապես հիմար չէ. շատ լավ էի հասկանում, որ Շեքուրեն արտասվելով կարողանում էր առանց ընտրություն կատարելու երկու կողմին էլ պահել հսկողության տակ։ Ես էլ էի սկսել լացել։ Քիչ անց տեսա, որ օձ Հայրիյեն էլ է լալիս։
Տան չարտասվող միակ մարդը սկեսրայրն էր, որի կանաչ աչքերին էի նայում, երբ Քարան ու նրա մարդիկ հարձակվեցին։ Երկու հոգի սկսեցին խփել պատուհանի տախտակներին, դռանը, անընդհատ գերանով հարվածում էին, ամեն հարվածը տան մեջ թնդանոթի պայթյունի պես էր լսվում։
― Դու շատ բան տեսած, ազնվական մարդ ես,― ասացի ես՝ սկեսրայրի արցունքներից ավելի քաջալերվելով։― Դուռը բաց, ասա, որ Շեքուրեն կարող է գնալ, թող դրսի կատաղած շները հանգստանան։
― Քո տանն ապաստան գտած միայնակ կնոջը, ավելին՝ հարսիդ, դու փողոց՝ այս շներին կնետեի՞ր։
― Ինքն է ուզում գնալ,― ասացի ես։
Արտասվելուց փակված քիթս մաքրեցի մանուշակագույն թաշկինակով։
― Այդ դեպքում կարող է դուռը բացել ու գնալ,– ասաց նա։
Նստեցի Շեքուրեի ու երեխաների կողքին։ Տան վրա հարձակվողների սարսափելի աղմուկի պատճառով ամեն նոր շարժումից լացս ուժեղանում էր. երեխաների լացն էլ սաստկացավ, այդ պատճառով և՛ Շեքուրեի, և՛ իմ այտերից արագ սկսեցին արցունքներ գլորվել։ Բայց երկուսս էլ տունն ավիրող հարվածները, դրսի սպառնալից բղավոցներն էինք հաշվում, գիտեինք, որ ժամանակ շահելու համար ենք արտասվում։
― Իմ գեղեցիկ Շեքուրե,― ասացի ես։― Սկեսրայրդ թույլ է տալիս, քո ամուսինը՝ Քարան, բոլոր պայմաններդ անմիջապես ընդունեց, քեզ սիրով սպասում է, այս տանն արդեն ոչինչ չունես անելու։ Հագիր զգեստդ, քողդ կապիր, կապոցդ, երեխաներիդ վերցրու, դուռը բաց, շուտ գնանք քո տուն։
Այս խոսքերից երեխաներն ավելի լաց եղան, բայց Շեքուրեն սկսեց խոսել։
― Հասանից վախենում եմ,― ասաց նա։― Հետո նրա վրեժը սարսափելի կլինի։ Դաժան է։ Այստեղ ինքս եմ եկել։
― Սա չի կարող վերջ դնել քո նոր ամուսնությանը,― ասացի ես։― Ուրիշ ճանապարհ չունեիր, իհարկե, պետք է մի տեղ ապաստան գտնեիր։ Ամուսինդ անգամ ամեն բան ներել է, քեզ ընդունում է, իսկ Հասանին տարիներ շարունակ դիմացել ենք, այդպես էլ կշարունակենք։
Ժպտացի նրան։
― Բայց ես դուռը չեմ բացի,― ասաց նա։― Դա կնշանակի, որ իմ կամքով եմ հեռանում։
― Սիրելի՛ Շեքուրե, ես էլ չեմ կարող դուռը բացել,– ասացի ես։– Դու էլ գիտես, որ այդ դեպքում ձեր գործերին եմ խառնվում։ Ինձնից դրա վրեժն ավելի դաժան կլուծեն։
Աչքերից հասկացա, որ իմ ասածն իրավացի է համարում։
― Ոչ ոք չի կարող բացել այդ դուռը,– ասաց նա։– Թողենք, թող կոտրեն, մտնեն ու մեզ տանեն։
Անմիջապես հասկանալով, որ սա Շեքուրեի ու երեխաների համար լավագույն որոշումն է, վախեցա։
― Բայց այդ դեպքում արյուն կթափվի,– ասացի ես։– Եթե դատավոր չգա, արյուն կթափվի, իսկ այդ գործը կարող է տարիներ տևել։ Պատվով ապրել ցանկացող ոչ ոք չի կարող հանգիստ նայել, թե ինչպես են իր տուն ներխուժում և կնոջը տանում։
Տրամաբանական պատասխանի փոխարեն երեխաներին փաթաթվելով՝ սկսեց ամբողջ ուժով արտասվել։ Եվս մեկ անգամ զղջալով՝ հասկացա, թե Շեքուրեն որքան խորամանկ ու հաշվենկատ է։ Իմ ներսից մի ձայն ասում էր, որ ամեն ինչ թողնեմ ու հեռանամ, բայց արդեն ջարդվող դռներով ես էլ չէի կարող անցնել։ Իրականում և վախենում էի, որ դուռը կկոտրեն ու ներս կմտնեն, և նրանից, որ չեն մտնի։ Որովհետև մտածում էի, որ ինձ վստահող ու գործը բարդացնելուց վախեցող Քարայի մարդիկ ամեն պահի կարող են ետ քաշվել, և դա կարող է ինձ քաջալերել։ Երբ փաթաթվեցի Շեքուրեին, հասկացա, որ իրականում չի արտասվում, բայց վատն այն էր, որ անհավատալի կերպով դողում էր։
Դռանը մոտենալով՝ ամբողջ ուժով բղավեցի.
― Կանգնեք, բավական է։
Դրսի շարժումն էլ, ներսի լացն էլ մի պահ դադարեցին։
― Թող Օրհանը բացի դուռը, Շեքուրե,― ասացի ես վայրկենական ներշնչանքով և այնպիսի քաղցր ձայնով, ասես երեխայի հետ էի խոսում,― նա ուզում է տուն վերադառնալ, ոչ ոք նրա վրա չի բարկանա։
Դեռ խոսքս չէի ավարտել, երբ Օրհանր մոր թուլացող ձեռքերից ազատվելով՝ այդ տանը տարիներ շարունակ ապրողի պես նախ կողպեքը, հետո դռան նիգը, հետո էլ սողնակը բացելով՝ երկու քայլ ետ կանգնեց դռնից։ Բացվող դռան արանքից դրսի ցուրտր ներս մտավ։ Այնպիսի լռություն տիրեց, որ հեռվի ծույլ շան հաչոցը լսեցինք։ երբ Շեքուրեն գրկին նստած Օրհանին էր համբուրում, Շևքեթն ասաց.
― Հասան հորեղբորս ասելու եմ։
Տեսնելով, թե ինչպես է Շեքուրեն տեղից վեր կենալով՝ վերցնում փարաջան, պատրաստում իրերը, այնքան ուրախացա, որ վախեցա, թե կծիծաղեմ։ Նստեցի, ոսպի ապուրից երկու գդալ կերա։
Քարան տանն ընդհանրապես չմոտենալով՝ մի խելացի քայլ ևս արեց։ Մի պահ Շևքեթը փակվեց լուսահոգի հոր սենյակում։ Չնայած օգնության կանչեցինք, Քարան տուն ոտք չդրեց, մարդկանց էլ ներս չբերեց։ Նորից Հասան հորեղբոր սուտակե կոթով դաշույնը վերցնելու թույլտվություն ստանալով՝ Շևքեթն էլ համաձայնեց տնից դուրս գալ։
― Հասանից, նրա կարմիր թրից վախեցեք,― ասաց սկեսրայրը ոչ այնքան պարտության ու վրեժի ոճով, որքան իրական անհանգստությամբ։ Թոռների գլուխները շոյելով՝ համբուրեց։ Շեքուրեի ականջին էլ ինչ-որ բաներ շշնջաց։
Տան դռանը, պատին, վառարանին արագորեն վերջին անգամ նայելը տեսնելուն պես՝ մի անգամ էլ հիշեցի, որ այս տանը Շեքուրեն առաջին ամուսնու հետ ամենաերջանիկ տարիներն է անցկացրել։ Հիմա տեսնո՞ւմ էր, որ նույն տունը երկու դժբախտ ու միայնակ տղամարդկանց ապաստան է դարձել, որ այնտեղից մահվան հոտ է գալիս։ Քանի որ սիրտս կոտրել էր, վերադարձի ճանապարհին նրան չփաթաթվեցի։
Երկու որբ երեխայի, մի ծառայի, մի հրեայի և մի այրի կնոջ ճանապարհին միմյանց մոտեցնողը ոչ թե գիշերվա ցուրտն ու մթությունն էր, օտար թաղամասերի և դժվար անցանելի փողոցների նեղությունը, այլ Հասանի վախը։ Քարայի մարդկանցով շրջապատված մեր բազմամարդ խումբը գանձ տեղափոխող քարավանի պես կարճ ճանապարհներով, ետնաբակերով, դատարկ, հեռավոր թաղամասերով անցավ, որպեսզի պահակներին, ենիչերիներին, թաղամասի հետաքրքրասեր տղամարդկանց, ավազակներին ու Հասանին չհանդիպի։ Երբեմն թանձր խավարում իրար ու պատերին բախվելով էինք գտնում ճանապարհը։ Ուրվականների, ջիների, ստորգետնյա սատանաների՝ մեզ մթության մեջ բռնելով՝ փախցնելու մասին մտածելով՝ ամուր փաթաթվեցինք իրար։ Շոշափելով պատերը՝ փակ պատուհանների ետևում գիշերվա ցրտի մեջ խռմփացնելով, հազալով քնածների և ախոռների կենդանիների ձայները լսեցինք։
Ամենաաղքատ և վատ թաղամասերր, այսինքն՝ տարբեր թշվառ ազգերի ներգաղթածներով բնակեցրած թաղամասերից բացի Ստամբուլի բոլոր փողոցներն իմացող ձեր Էսթերը մերթընդմերթ անհատակ մթության մեջ պտտվող փողոցներում դեռ ճանաչում էր այն անկյունները, ուր ցերեկները ձեռքին կապոց՝ համբերատար շրջում էր. Թերզիբաշը փողոցի պատերը, Նուրուլլահ հոջայի այգում բուսած ախոռի, չգիտես ինչու՝ դարչինի սուր հոտ ունեցող կղանքը, Ջամբազլար փողոցի հրդեհի փլատակներր, Գողանջըլարի անցումը, բացվող հրապարակի Կույր Հաջն աղբյուրը ճանաչեցի և հասկացա, որ ոչ թե Շեքուրեի լուսահոգի հոր տուն ենք գնում, այլ ինձ անծանոթ ուղղությամբ։
Անմիջապես հասկացա, որ իր ընտանիքը պաշտպանել ցանկացող Քարան Հասանից, որը զայրանալով անհայտ է, թե ինչ կանի, և այդ սատանա մարդասպանից հեռու այլ ապաստան էր գտել։ Եթե այդ տեղն իմանայի, այժմ ձեզ, վաղն առավոտյան էլՀասանին կհայտնեի։ Ոչ թե որովհետև վատ մարդ եմ, այլ որովհետև վստահ եմ՝ Շեքուրեն ցանկանում էր, որ Հասանը կրկին հետաքրքրվի իրենով։
Բայց խելացի Քարան իրավացիորեն ինձ արդեն չէր վստահում։ Էսիր շուկայի ետևի մի մութ փողոցում էինք, երբ փողոցի մյուս ծայրից բղավոցներ լսվեցին։ Հրմշտոցի ձայներ առանք, կացիններ, թրեր, փայտեր էին բախվում, երբ կռիվը սկսվեց, այդ աննման ձայնն ու հոգի կրծող բղավոցները սարսափով ճանաչեցի։ Քարան իր մեծ թուրը տվել էր մեկին, ում վստահում էր, Շևքեթի ձեռքի դաշույնը մի կերպ խլելով՝ նրան լացացրեց, իսկ Շեքուրեն, Հայրիյեն ու երեխաները վարսավիրի և մյուս երկու մարդու հետ հեռացան։ Ասաց, որ դպրոցից մի տղա ինձ կարճ ճանապարհով տուն կհասցնի, չթողեց, որ իրենց հետ մնամ։ Պատահականությո՞ւն էր, թե՞ ցանկանում էին խորամանկորեն ինձնից թաքցնել ապաստարանի տեղը։
Նեղ փողոցի վերջում, որով ստիպված էինք անցնել, մի խանութ կար, որը, ինչպես հասկացա, իրականում սրճարան էր։ Թրակռիվը գուցե առանց սկսվելու ավարտվել էր։ Սկզբում կարծեցի, թե բղավելով ներս մտնող-ելնող բազմությունը, թալանում է սրճարանը, բայց իրականում ավերում էին։ Սուրճի բաժակները, սրճեփները, սեղանները մեզ հետաքրքրասերների ջահերի լույսի տակ (որ դաս առնենք) նախ դուրս էին բերում, հետո մեր բոլորի աչքի առաջ ջարդում Էին։ Այս գործը կանգնեցնել փորձողներին մի քիչ ծեծեցին, բայց նրանք կարողացան փրկվել։ Սկզբում կարծեցի՝ խնդիրը միայն սրճարանի հետ է կապված։ Պատմում էին սուրճի վնասների, աչքերը, ստամոքսը փչացնելու, միտքը պղտորելով՝ մարդուն անհավատ դարձնելու, ֆրանսիական թույն լինելու, չնայած գեղեցիկ կնոջ կերպարով սատանայի կողմից մատուցվելուն՝ Մուհամմեդ մարգարեի՝ դրանից հրաժարվելու մասին։ Կարծես դաստիարակչական երեկոյի էի մասնակցում և մտածում, որ տուն գալուն պես Նեսիմին կշտամբելով ասելու էի՝ շատ մի՛ խմիր այդ աղբը։
Քանի որ շրջապատում ամուրիների շատ էժան տներ կային, անգործ, ապօրինի քաղաք մտած կատաղած շների մի խումբ կարճ ժամանակում այստեղ հավաքվեց, դա քաջալերեց սրճարանի թշնամիներին։ Այդ ժամանակ հասկացա, որ նրանք հայտնի քարոզիչ էրզրումցի Նուսրեթ հոջայի մարդիկ են։ Ստամբուլի գինու և մարմնավաճառության բները, սրճարանները մաքրելուց հետո Մուհամմեդ մարգարեի ճանապարհով անցնողները թեքքեների արարողության ժամանակ երաժշտության տակ պորտապար պարողներին էին պատժելու։ Կրոնի թշնամիներին, սատանայի հետ համագործակցողներին, հեթանոսներին, անհավատներին ու նկարիչներին հայհոյեցին։ Երբ սրճարանի պատերին նկար կախեցին, հիշեցի, որ այդ սրճարանը կրոնին և էրզրումցի հոջային վատաբանելու և անշնորհքությունների վայր է։ Արյունոտ դեմքով մի սրճավաճառի աշակերտ ելավ ամբոխի միջից, մտածեցի, թե գետնին է ընկնելու, բայց վերնաշապիկի փեշով մաքրեց ճակատի, այտերի արյունը, միացավ մեզ ու սկսեց հետևել հարձակմանը։ Բազմությունը վախենալով՝ մի քիչ լարվել էր։ Նկատեցի, որ Քարան մի պահ բազմության մեջ մեկին է տեսել և անորոշ կանգնել է։ Էրզրումցիների խուճապից հասկացա, որ ենիչերիների կամ փայտերով զինված մեկ այլ բազմություն է գալիս։ Ջահերը հանգան, մարդիկ խառնվեցին իրար։ Քարան իմ ձեռքից բռնելով՝ ասաց, որ հետևեմ դպրոցի տղային։
― Ետնաբակերով կգնաք,– ասաց նա։― Քեզ տուն կտանի։
Դպրոցի տղան էլ էր ուզում հնարավորինս շուտ հեռանալ, գրեթե վազելով գնացինք։ Քարայի մասին էի մտածում, բայց եթե շարժմանը չմասնակցի, ձեր այս Էսթերր պատմությունը չի կարող շարունակել։