Դպրոցի տղան էլ էր ուզում հնարավորինս շուտ հեռանալ, գրեթե վազելով գնացինք։ Քարայի մասին էի մտածում, բայց եթե շարժմանը չմասնակցի, ձեր այս Էսթերր պատմությունը չի կարող շարունակել։
== 54. Ես կին եմ ==
Մեդդահ էֆենդի, ասում են՝ դու բոլորին կարող ես կրկնօրինակել, բայց ոչ կնոջը։ Ես պնդում եմ ճիշտ հակառակը։ Այո՛, քաղաքից քաղաք անցնելով՝ մինչև կեսգիշեր հարսանիքներում, խրախճանքներում, սրճարաններում մինչև ձայնը կտրվելը ամեն ինչ կրկնօրինակելով պատմելու պատճառով մեզ բախտ չվիճակվեց ամուսնանալ։ Բայց դա չի նշանակում, որ կանանց չենք ճանաչում։
Ես շատ լավ գիտեմ կանանց, անգամ նրանցից չորսին անձամբ եմ հանդիպել, տեսել եմ նրանց դեմքը, խոսել եմ նրանց հետ։
Նրանք.
1. լուսահոգի մայրս, 2. սիրելի մորաքույրս, 3. ինձ միշտ ծեծող մեծ եղբորս կինը, որն ինձ տեսնելուն պես ասաց՝ դուրս արի սենյակից (սկզբում սիրահարված էի նրան), 4. զբոսանքներիս ժամանակ Քոնյայում մի բաց պատուհանի առաջ մի պահ տեսածս կինը։
Չնայած նրա հետ չխոսեցի, տարիներ շարունակ և մինչ այժմ նրա հանդեպ ցանկասիրական զգացմունքներ ունեմ։ Գուցե այժմ մահացել է։
Դեմքը բաց կին տեսնելը, նրա հետ խոսելը, նրա մարդկային կերպարներին ականատես լինելը մեզ՝ տղամարդկանց համար և ցանկասիրական, և խոր բարոյական ցավերի պատճառ է դառնում։ Դրա համար էլ, ինչպես մեր կրոնն է հրամայում, ամենալավը կանանց, հատկապես գեղեցիկներին ամուսնանալուց առաջ չտեսնելն է։ Ցանկասիրությունը ստիպված գոհացնելու համար կանանցից էլ ավելի գեղեցիկ տղաների ընկերությունը փնտրելը միակ ելքն է, և, ի վերջո, սա էլ հաճելի սովորություն է դառնում։ Եվրոպական քաղաքներում կանայք ոչ միայն դեմքերը, այլև ամենագրավիչ կողմ համարվող փայլուն մազերը, հետո՝ վիզը, թևերը, գեղեցիկ կուրծքը, եթե պատմությունները ճիշտ են, ապա գեղեցիկ ոտքերի մի մասը ցույց տալով են զբոսնում, տղամարդկանց դիմացի մասն էլ այդ պատճառով միշտ ուռած է, միշտ տառապում են, դժվարությամբ են քայլում, համայնքը հաշմանդամ են դարձրել։ Ֆրանսիացի անհավատի՝ օսմանցուն ամեն օր մի նոր ամրոց հանձնելու պատճառը սա է։ Այսպիսով, դեռ վաղ երիտասարդությանս տարիքում հասկանալով, որ գեղեցիկ կանանցից հեռու ապրելը հոգու երջանկության և հանգստի ամենաճիշտ ճանապարհն է, կանանցով ավելի շատ սկսեցի հետաքրքրվել։ Դեռ այդ ժամանակ, քանի որ մորիցս ու մորաքրոջիցս բացի կին չէի տեսել, հետաքրքրությունս խորհրդավոր էր դառնում, կարծես գլուխս սկսում էր թմրել և որպեսզի հասկանայի, թե նրանք ինչ են զգում, միայն նրանց արածներն էի անում, նրանց կերածն ուտում, խոսքերը կրկնում, շարժումները կրկնօրինակում, հագուստները հագնում։ Այսպիսով, մի ուրբաթ օր մայրս, հայրս, եղբայրս, մորաքույրս, բոլորը պապիս՝ Ֆահրենգի ափի վարդի այգի գնացին, ես ասացի, որ հիվանդ եմ ու մնացի տանը։
― Արի՛, տափաստանում շներ, ծառեր, ձիեր տեսնելով՝ կրկնօրինակում, մեզ ծիծաղեցնում ես։ Տանը մենակ ի՞նչ ես անելու,― ասաց լուսահոգի մայրս։
― Քո հագուստները հագնելով՝ կին եմ դառնալու, մայրի՛կ,― չկարողացա ասել։– Փորս է ցավում,― ասացի։
― Թույլիկություն մի՛ արա,– ասաց հայրս,― Արի՛, կոխ էլ կբռնենք։
Այժմ ձեզ՝ իմ նկարիչ և գրիչ եղբայրներին պատմելու եմ, թե նրանց գնալուց հետո լուսահոգի մորս ու մորաքրոջս ներքնազգեստները հագնելով՝ ինչ զգացի, ինչպես հասկացա կին լինելու գաղտնիքները։ Նախ անմիջապես սա ասեմ, չնայած բազմիցս գրքերում կարդալուն, քարոզներում լսելուն՝ մարդ կին դառնալուն պես իրականում իրեն սատանայի պես չի զգում։ Ընդհակառակը լուսահոգի մորս վարդերով բրդե վարտիքը հագնելուն պես քաղցր զգացողություն ունեցա, նրա պես զգայուն դարձա։ Մորաքրոջս պիստակի կանաչ գույնի մետաքսե վերնաշապիկը, որն ինքն անգամ հաճախ չէր կրում, մերկ մարմնիս դիպչելուն պես իմ ներսում բոլոր երեխաների, անգամ՝ իմ հանդեպ սեր զգացի։ Ամբողջ աշխարհի համար ուտելիք էի ցանկանում պատրաստել, ցանկանում էի բոլորին կրծքով կերակրել։ Եթե կուրծք ունենայի, ինչպես կզգայի, այսպիսով, մի քիչ հասկանալուց հետո իրականում հետաքրքրվում էի նրանով, թե մեծ կրծքով կին լինելն ինչպիսի զգացողություն է։ Այդ պատճառով լիքը տարբեր բաներ՝ գուլպաներ, բարակ սրբիչներ դրեցի իրար վրա և այդ հսկա բուրգը տեսնելուն պես, այո, լավ, սատանայի պես հպարտ զգացի ինձ։ Տղամարդկանց՝ անգամ նրանց ստվերը տեսնելուն պես դրանց ետևից վազելը, դրանք բերանը դնելու համար աղաչելն անմիջապես հասկանալու համար ինձ շատ ուժեղ զգացի, բայց ուզո՞ւմ էի ուժեղ լինել։ Մտքերս խառնվել էին. և՛ ցանկանում էի ուժեղ լինել, և՛ ցանկանում էի, որ ինձ խղճան, և՛ ինձ լրիվ անծանոթ, ուժեղ ու խելացի տղամարդուց խենթի պես սիրվել էի ցանկանում, և՛ վախենում էի նրանից։ Մորս օժիտի սնդուկի տակի տերևի նկարներով սպիտակեղենի կողքին անուշաբույր բրդե գուլպաների մեջ թաքցրած ոլորուն ոսկե ապարանջանները դնելով, կարմրած այտերն ավելի շատ կարմրացնելու համար դեմքին քսած ներկը քսելով, մորաքրոջս կանաչ փարաջան հագնելով՝ նույն գույնի նուրբ քողով մազերս հավաքեցի ու կապեցի, սադափե շրջանակով հայելու մեջ ինձ նայելով՝ սարսռացի։
Աչքերս, թարթիչներս կնոջ աչքերի և թարթիչների պես էին՝ չնայած ձեռք չէի տվել։ Միայն աչքերս ու այտերս էին երևում, բայց ես շատ գեղեցիկ կին էի, և դա ինձ երջանկացնում էր։ Դա նկատած տղամարդկությունը լքել էր ինձ։ Տխրեցի։
Գեղեցիկ աչքիցս ընկած մի կաթիլ արցունքի հոսքին հետևեցի ձեռքիս բռնած հայելու մեջ և այդ պահին ցավով մի բանաստեղծություն գրեցի, որը երբեք չմոռացա։ Որովհետև միևնույն պահին մեծ Աստծու շնորհած ներշնչանքով այդ բանաստեղծությունը երգ դարձրի և փորձեցի մոռանալ իմ խնդիրները։
Իմ տատանվող սիրտն ասում է, որ Արևելքում լինելիս ցանկանում է Արևմուտք գնալ, իսկ Արևմուտքում լինելիս՝ Արևելք։
Երբ տղամարդ եմ, ցանկանում եմ կին լինել, իսկ կին լինելիս՝ տղամարդ։
Որքան դժվար է մարդ լինել, իսկ ավելի դժվար՝ մարդկային կյանք ունենալ։
Ե՛վ առջևով, և՛ ետևով, և՛ Արևելքով, և՛ Արևմուտքով եմ ցանկանում հաճույք ստանալ։
Իմ ներսից բխող այս երգը հանկարծ մեր էրզրումցի եղբայրները չլսեն, շատ կզայրանան։ Ինչո՞ւ եմ վախենում, գուցե չեն զայրանա, որովհետև, սա որպես բամբասանք չեմ ասում, բայց ոչ միայն այդ հայտնի քարոզիչ Հուսրեթը, այլև մարգարեն, չնայած ամուսնացած լինելուն՝ ձեզ՝ զգայուն նկարիչների պես գեղեցիկ տղաներին, մեզնից՝ կանանցից ավելի շատ էր սիրում։ Ես միայն ասում եմ այն, ինչ ինձ են պատմել։ Բայց քանի որ նրան առանց այդ էլ չեմ սիրում, դրա վրա ուշադրություն չեմ դարձնում։ Շատ ծեր է։ Ատամները թափվել են և ինչպես նրան մոտեցող գեղեցիկ տղաներն են ասում, բերանից վատ հոտ է գալիս, շատ կներեք, արջի հետույքի պես։
Լա՛վ, բերանս փակում եմ ու վերադառնում իմ հիմնական խնդրին. հասկանալով, որ շատ գեղեցիկ եմ, արդեն լվացք անել, աման լվանալ, ծառայի պես փողոց դուրս գալ չէի ցանկանում։ Աղքատությունը, արցունքները և դժբախտությունը, հայելուն նայելով՝ հուսահատվելով արտասվելը և տխրությունը տգեղ կանանց գործն է։ Պետք է ինձ մեծարող ամուսին գտնեմ, բայց ո՞ր մեկն է։
Այսպիսով, լուսահոգի հորս՝ տարբեր պատրվակներով տուն հրավիրած փաշաների երեխաներին, բեյերի տղաներին սկսեցի պատի անցքից հետևել։ Ուզում էի նմանվել երկու երեխա ունեցող, փոքրիկ բերանով այդ ակնհայտ գեղեցիկ կնոջը, ում բոլոր նկարիչները սիրահարվում էին։ Լավ, ձեզ պատմեմ խեղճ Շեքուրեի պատմությունը։ Բայց սպասեք, խոստացել էի, որ չորեքշաբթի երեկոյան եմ պատմելու.
'''ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ,'''
'''ՈՐԸ ՍԱՏԱՆԱՆ ՍՏԻՊՈՒՄ Է ԿՆՈՋԸ ՊԱՏՄԵԼ'''
Իրականում շատ պարզ է։ Մեր Ստամբուլի մի քիչ աղքատ թաղամասերից Քեմերուսթուում է եղել։ Թաղամասի հայտնիներից Չելեբի Ահմեդը Վասըֆ փաշայի քարտուղարն է լինում, իր գլխի տեր, ամուսնացած, երկու երեխայի տեր պարոն։ Մի օր բաց պատուհանից սև մազերով, սև աչքերով, երկարահասակ, բրոնզագույն մաշկով մի նուրբ բոսնիացի գեղեցկուհու է տեսնում և սիրահարվում։ Բայց կինն ամուսնացած է լինում, Չելեբիով չի հետաքրքրվում, սիրում է իր գեղեցկադեմ ամուսնուն։ Այսպիսով, խեղճ Չելեբին ոչ մեկին չի կարողանում պատմել իր խնդիրը, սիրուց տանջվում է, Հունաստանից բերված գինի է գնում, խմում, բայց, ի վերջո, չի կարողանում իր սերը թաքցնել թաղամասից։ Քանի որ ինքն էլ շատ է սիրում սիրո պատմություններ և Չելեբիին շատ է հարգում, ի սկզբանե նրա սիրուն հարգալից է վերաբերվում, մի քանի կատակ է անում և ցույց տալիս, որ ոչինչ չի եղել։ Բայց իր ցավը կառավարել չկարողացող Չելեբին ամեն երեկո հարբելով՝ բրոնզագույն մաշկով գեղեցկուհու՝ ամուսնու հետ ապրած երջանիկ տան դռան մոտ նստելով՝ սկսում է երկար լաց լինել, բոլորը վախենում են։ Ամեն երեկո սիրահարը ցավից արտասվում էր, բայց նրան ոչ կարող էին ծեծել, ոչ էլ մխիթարել։ Չելեբին էլ չելեբիի պես առանց որևէ մեկի հետ խոսելու՝ շարունակում է դառն արցունք թափել։ Կամաց֊կամաց նրա անմխիթար տխրությունն անցնում է թաղամասին, բոլորը տխրում են և դժբախտանում, բոլորի տրամադրությունն ընկնում է, նրա անդադար տխրությունից հրապարակի հոսող աղբյուրը տխրության աղբյուր է դառնում։ Սկզբում տխրության բառեր, հետո՝ դժբախտության խոսք, հետո էլ անհաջողության մտքերն այսպես են տարածվում թաղամասում, յուրացվում։ Ոմանք տեղափոխվում են, ոմանց գործերն անհաջողության են մատնվում, ոմանց տրամադրությունն էլ փչանում է, և չեն կարողանում զբաղվել իրենց արվեստով։ Այն բանից հետո, երբ թաղամասը դատարկվում է, մի օր սիրահար Չելեբին էլ կնոջը, երեխաներին վերցնելով՝ տեղափոխվում է, արծաթագույն մաշկով գեղեցկուհին ու ամուսինը միայնակ են մնում։ Դժբախտությունը, որի պատճառն իրենք էին, սառեցրել էր նրանց սերն ու հարաբերությունները։ Մինչև կյանքի վերջ միասին են ապրում, բայց երբեք երջանիկ չեն լինում։
Ասելու էի, որ սիրում եմ այս պատմությունը, որովհետև սիրո և կանանց վտանգավոր լինելու մասին է, ա՛յ մարդ, մոռացա, խելք է մնացել որ, ես, քանի որ այժմ կին եմ, մի բան պետք է ասեմ։ Դե, այսպիսի բան.
Ա՜խ, որքան գեղեցիկ է սերը։
Բայց ովքե՞ր են դռնից մտնող այդ օտարները։
== 55. Իմ անունը Քելեբեք է ==
Բազմությանը տեսնելուն պես հասկացա, որ էրզրումցիները մեր կատակասեր նկարիչներին են սպանում։
Քարան էլ էր հարձակմանը հետևող բազմության մեջ։ Ձեռքին՝ դաշույն, կողքին՝ տարօրինակ մարդիկ, հայտնի մանրավաճառ Էսթերը և կապոցները ձեռքին մի քանի այլ կանայք կային։ Սրճարանից դուրս եկողների դաժան ծեծը, սրճարանի մարդկանց դաժան պայքարը տեսնելով՝ ցանկացա փախչել։ Ավելի ուշ մեկ այլ խումբ՝ հավանաբար ենիչերիները, մոտեցավ, էրզրումցիները ջահերը հանգցնելով՝ փախան։ Սրճարանի մութ շեմին մոտ ոչ ոք չկար, ոչ ոք չէր նայում։ Մտա ներս, ամենուր կտորտանքներ էին, գավաթներ, ափսեներ, բաժակներ, պղնձի և ապակու բեկորներ, դրանց վրայով քայլեցի։ Պատին մի բարձր մեխից կախված մի լապտեր այդ ամբողջ աղմուկի ընթացքում չէր մարել, բայց սրճարանի՝ կտորտանքներով ծածկված հատակը, մաս-մաս եղած սեղանները, աթոռներից մնացած տախտակի կտորները առաստաղի՝ ծխից մնացած հետքերն էր լուսավորում։
Բարձերն իրար վրա դնելով՝ ձգվեցի վեր ու հանգցրի լամպը։ Չէի կարողանում տեսնել մարդկանց արյունոտ դեմքերը, նայում էի ուրիշներին։ Մեկը տնքում էր. լամպս տեսնելուն պես բերանից մանկական ձայն դուրս եկավ, ետ քաշվեցի։
Ինչ-որ մեկն էլ էր ներս մտել։ Սկզբում ետ քաշվեցի, բայց զգացի, որ Քարան է։ Միասին մոտեցանք հատակին ընկած երրորդ մարմնին։ Լամպը մոտեցնելով դեմքին՝ երկուսս էլ տեսանք այն, ինչի մասին վաղուց գիտեինք, մեդդահին էին սպանել։
Ներկերով կնոջ նմանված դեմքին արյան հետք չկար, բայց ծնոտը, աչքերը, կարմիրով ներկված բերանր ճզմվել էին, կապտած վիզը սեղմված էր։ Ձեռքերը երկու ուղղությամբ ետ էին ընկել։ Դժվար չէր պատկերացնել, որ մեկը կնոջ հագուստով ծերուկի ձեռքերը մեջքին պահել, մյուսները բռունցքներով հարվածել էին դեմքին, հետո էլ խեղդել։
«Քարոզիչ հոջա էֆենդուն սա է հաստատ վատաբանել» ասելո՞վ էին անցել այդ գործին։
― Լամպն այստեղ բեր,– ասաց Քարան։
Վառարանի շուրջը, թափված սրճացեխի միջի ջարդված սրճաղացների, մաղի, կշեռքի ու սուրճի գավաթների վրա ընկավ ձեռքիս լամպի լույսը։ Այն անկյունում, ուր մեդդահն ամեն երեկո նկարներն էր կախում, Քարան լամպի լույսի տակ մահացած մարդու գործիքները, գոտին, սրբիչները, թաքցրած փայտն էր փնտրում։ Դեմքիս պահելով ձեռքիցս վերցրած լամպը՝ ասաց, որ մտածում է նկարների մասին։ Այո, իհարկե, դրանցից երկուսն էլ ես էի ընկերաբար նկարել։ Կարողացանք գտնել միայն լուսահոգու սափրած գլխին դրած իրանյան գլխարկը։ Նեղ անցումով, որ դռան կողմն էր տանում, առանց որևէ մեկին հանդիպելու գնացինք դեպի գիշերվա մթությունը։ Սրճարանի վրա հարձակման ժամանակ ներսի բազմությունն ու նկարիչները հավանաբար այս դռնով դուրս Էին եկել ու փախել, բայց շրջված ծաղկամաններից, սուրճի պարկերից երևում էր, որ այստեղ ծեծկռտուք է եղել։ Սրճարանի վրա հարձակումը, վարպետ մեդդահի դաժան սպանությունը, գիշերվա սարսափելի մթությունը մտերմացրել էին Քարային ու մեզ։ Մեր միջև, կարծում եմ, լռության պատճառն էլ դա էր։
Երկու փողոց անցանք, Քարան ինձ տվեց լամպը, հետո դաշույնը հանելով՝ սեղմեց կոկորդիս։
― Գնալու ենք քո տուն,– ասաց։― Ուզում եմ այնտեղ էլ փնտրել, որ հանգիստ լինեմ։
― Արդեն փնտրել են,― ասացի ես ու լռեցի։
Խղճահարությամն զգացում ունեի, ոչ թե զայրույթի։ Արդյոք իմ մասին տարածվող խայտառակ բամբասանքներին հավատալը չէ՞ր նշանակում, որ Քարան էլ այդ սովորական նախանձ մարդկանցից մեկն է։ Դաշույնն էլ անվստահ էր բռնել։
Իմ տունը սրճարանի ետնաբակի փողոցի հակառակ ուղղության վրա էր։ Այդ պատճառով, մարդկանց չհանդիպելու համար թաղամասերով, փողոցներում աջ ու ձախ պտտվելով, թաց ու միայնակ ծառերի տխուր հոտով ամայի այգիներով անցնելով՝ լայն աղեղ գծեցինք։ Սրճարանի աղմուկը, որի շուրջը պտտվեցինք, երբեք չդադարեց։ Փողոցներում էլ էրզրումցիների և նրանց ետևից ընկած ենիչերիների, թաղամասի պահակների, երիտասարդների վազվզոցն էինք լսում։ Ճանապարհի կեսն անցնելով՝ մի տեղ էինք հասել, երբ Քարան ասաց.
― Երկու օր է՝ վարպետ Օսմանի հետ գանձարանի սենյակում հին վարպետների հրաշքներն էին նայում։
Երկար լռեցի, հետո չգիտես ինչու՝ գոռացի.
― Մի տարիքից, եթե նկարիչն անգամ Բեհզադի հետ նույն աշխատանքային սեղանի մոտ նստի, տեսածները կարող են միայն նրա աչքն ուրախացնել, հոգուն հանգստություն ու ոգևորություն բերել, բայց նրա տաղանդը չեն հարստացնում։ Որովհետև նկարը ոչ թե աչքով, այլ ձեռքով է արվում, ոչ միայն վարպետ Օսմանի տարիքում, այլև անգամ իմ տարիքում է դժվար սովորելը։
Բղավելով էի խոսում, որպեսզի իմ գեղեցիկ կինը, ով, վստահ Եմ, սպասում էր ինձ, հասկանա, որ մենակ չեմ, այլ ոչ թե որովհետև դաշույնով, ինքնասիրահարված այս խեղճ հիմարին լուրջ էի ընդունում։
Բակի դռնով անցնելիս տանը կարծես տեսա լամպի դողացող լույսը, բայց հիմա, փառք Աստծու, ներսում մութ էր։ Այս տանն իմ ամբողջ ժամանակը և օրերը Աստծու հիշողությունները փնտրելով, նկարելով էի անցկացնում, աչքերս հոգնելուն պես էլ աշխարհի գեղեցկուհի իմ սիրելիի հետ սեր էի անում։ Այժմ այս դրախտային տունս դաշույնով մտած կենդանու ներխուժումը նման էր իմ անձնական կյանքին կոպիտ միջամտության, երդվեցի Քարայից վրեժ լուծել։
Իմ թղթերին, ավարտին հասցրածս մի էջին, պարտքի կապանքներից ազատվելու համար սուլթանի գթասրտությանն արժանացած դատապարտյալների նկարին, իմ ներկերին, գրքերի տախտակներին, դանակներիս, սրիչներիս, վրձիններիս, իմ գրատախտակի շուրջ ամեն ինչին, կրկին՝ թղթերիս, կնիքներիս, մատիտի սրիչներիս, մատիտի և թղթերի տուփերի արանքում ու պահարանին, սնդուկներին, բարձերի տակ, թղթի մկրատներից մեկին, փափուկ կարմիր բարձին և հետո՝ գորգի տակ, և կրկին պտտվելով՝ նույն տեղերին ձեռքի լամպը մոտեցնելով՝ նայեց։ Դաշույնը հանեց, ինչպես ասել էր, սկսեց աշխատասենյակս խուզարկել։ Կարծես թե չէի կարող այն, ինչ պետք էր թաքցնել, թաքցրած լինել այն սենյակում, որտեղից կինս հիմա մեզ է հետևում։
― Փեսայիս պատվիրած գիրքը վերջին նկար ուներ,― ասաց։― Նրան սպանողը գողացել է այդ նկարը։
― Մյուսներից տարբերվում էր,― անմիջապես ասացի ես։– Մի անկյունում էլ լուսահոգի փեսադ պատվիրել էր ծառ նկարել։ Ետևում մի տեղ... Մեջտեղում ու առջևում մեկի նկարն էր լինելու, հավանաբար մեր սուլթանի նկարը։ Մեծ մասն արդեն պատրաստ էր, բայց նկարն ավարտին չէինք հասցրել։ Ինչպես ֆրանսիացիներն են անում, քանի որ այդ նկարում ետևի մարմինները փոքրանում էին, ցանկացել էր, որ ծառը փոքր նկարեի։ Նկարը շարունակելով՝ հասկացա, որ այն ոչ թե նկարի է նման, այլ ասես պատուհանից երևացող մեր աշխարհին։ Այդ ժամանակ հասկացա, որ ֆրանսիացիների հեռապատկերի ոճով արվող այդ նկարի քանոններով գրությունը պատուհանի շրջանակի է նման։
― Շրջանակն ու գրությունը Զարիֆ էֆենդին էր անում։
― Եթե դա ես հարցնում, ապա ես ասել էի, որ նրան չեմ սպանել։
― Մարդ եթե մեկին սպանի էլ, չի ասի դրա մասին,– արագ ասաց նա ու հարցրեց, թե սրճարանի վրա հարձակման ժամանակ այնտեղ ինչ էի անում։
Լապտերը դրել էր իմ նստած բարձից քիչ այն կողմ, իմ թղթերի, նկարածս էջերի միջև, այնպես, որ դեմքս լուսավորվի։ Իսկ ինքը սենյակում, մթան մեջ ստվերի պես պտտվում էր։
Ձեզ ասածներս, այն, որ իրականում սրճարան քիչ էի գնում, այնտեղով պատահական էի անցնում, որ պատի նկարներից երկուսը նկարել էի, բայց իրականում ինձ դուր չէր գալիս այն, ինչ տեղի էր ունենում սրճարանում, այդ ամենն ասացի։
― Որովհետև,– ասացի ես,– նկարչության ուժը ոչ թե նկարչի տաղանդից, նկարչության սիրուց և Աստծուն հանդիպելու ցանկությունից է բխում, այլ կյանքի վատությունները նվազեցնելու և պատժելու ցանկությունից, եթե վերցնի, ի վերջո, իրեն կստորացնի և կպատժի։ Թե՛ էրզրումցի քարոզչին, թե՛ սատանային, թե իրեն կարող է ստորացնել։ Բացի այդ, եթե այդ սրճարանի տերն էրզրումցիների հետ չվիճեր, այս գիշեր գուցե ոչինչ չպատահեր։
― Բայց միևնույն է, գնում ես այնտեղ,– ասաց ստորը։
― Գնում էի, որովհետև այնտեղ նաև զվարճանում էի։
Հասկանո՞ւմ էր, թե որքան անկեղծ էի խոսում։
― Մենք՝ ադամորդիներս, չնայած մեր խղճով ու խելքով գիտենք, որ մի բան վատ է ու սխալ այդ բանից կարող ենք մեծ հաճույք ստանալ,― ավելացրի ես։– Այդ էժան նկարներից, կրկնօրինակումներից, առանց տեմպի, առանց հանգի, կոպիտ պատկերված սատանայի, փողի, շան պատմություններից հաճույք ստանալու համար էլ եմ ամաչում։
― Այդ դեպքում ինչո՞ւ էիր գնում այդ անհավատների սրճարանը։
― Լավ,– ասացի ես՝ հետևելով իմ ներքին ձայնին,– երբեմն ինձ էլ է կասկածը կրծում։ Ասեմ, որ ես արվեստանոցի վարպետներից ամենաընդունակն եմ և ամենատաղանդավորը, ոչ միայն վարպետ Օսմանի, այլև մեր սուլթանի բացահայտ ուշադրությանն արժանանալուց ի վեր մյուս նկարիչներն ինձ այնպեն սկսեցին նախանձել, ու որպեսզի ինձ չվերացնեն, գոնե մեկ-մեկ գնում էի այնտեղ, ուր նրանք են լինում, փորձում էի նմանվել նրանց։ Հասկանո՞ւմ ես։ Այն պահից ի վեր, երբ սկսեցին ասել, որ ես էրզրումցի եմ, գնում էի այդ խղճուկ անհավատների սրճարանը, որպեսզի ոչ ոք չհավատա այդ բամբասանքին։
― Վարպետ Օսմանն ասաց, որ շատ բան է արել, որպեսզի քո ընդունակության և վարպետության հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար ներողություն խնդրի։
― Ուրիշ ի՞նչ է ասել իմ մասին։
― Որպեսզի հավատան, որ հանուն նկարչության հրաժարվել է կյանքից, բրնձի, եղունգի վրա փոքրիկ, հիմար նկարներ նկարելուդ մասին ասաց։ Ասաց, որ Աստծու պարգևած տաղանդից ամաչելուդ համար միշտ մարդկանց ես փորձում դուր գալ։
― Վարպետ Օսմանը Բեհզադի հետ նույն աստիճանին է,― անկեղծ ասացի ես։– Ուրի՞շ։
― Առանց քաշվելու պատմեց նաև քո թերությունների մասին,― ասաց ստորը։
― Ասա իմ թերությունները։
― Չնայած քո տաղանդին՝ ոչ թե նկարչության հանդեպ սիրո, այլ մարդկանց դուր գալու համար նկարելուդ մասին ասաց։ Նկարելիս քեզ ամենաշատ ուրախացնողը նկարին նայողների ստացած հաճույքի մասին երազելն է։ Մինչդեռ պետք է կարողանաս քո հաճույքի համար նկարել։
Սիրտս կոտրեց, որ վարպետ Օսմանը կյանքը ոչ թե նկարչությանը, այլ գրքին, նամակագրությանը և շողոքորթությանը նվիրելու հակում ունեցող մարդուն իմ մասին մտածածներն այսքան բացահայտորեն է ասել։ Քարան շարունակեց.
― Ասաց, որ հին մեծ վարպետներն ամբողջ կյանքում նվիրել են իրենց ոճին, մի նոր շահի ուժին, նոր արքայազնի հաճույքին կամ ժամանակի հեգնանքին հնազանդվել, այդ պատճառով իրենց ոճին հավատարիմ մնալու համար իրենց հերոսաբար կուրացրել են։ Մինչդեռ սուլթանի ցանկության պատրվակով դուք իմ փեսայի գրքի էջերի համար ֆրանսիացի վարպետների հաճույքով, անամոթաբար կրկնօրինակումներ եք արել։
― Մեծ վարպետ գլխավոր նկարիչ Օսմանը վատ բան նկատի չի ունեցել,– ասացի ես։– Լորենու թեյ պատրաստեմ հյուրիս համար։
Անցա կողքի սենյակ։ Սիրելիս հագել էր մանրավաճառ Էսթերից գնած չինական մետաքսե գիշերանոցը, ինձ մոտենալով՝ «լորենու թեյ պատրաստեմ հյուրիս համար» ասելով՝ ինձ կրկնօրինակեց ու ձեռքը տարավ իմ եղեգին։
Մեր բաց անկողնուն ամենամոտ պահարանի ներքևից, վարդաբույր սպիտակեղենի արանքից ագաթով զարդարված պոչով թուրը վերցրի, հանեցի պատյանից։ Ծայրն այնքան սուր էր, որ եթե անգամ վրան մետաքսե թաշկինակ գցեի, երկու կես կաներ, եթե ոսկե թերթիկ գցեի, կտորները քանոնով կտրվածի պես ուղիղ կստացվեին։
Թուրս թաքցնելով՝ վերադարձա իմ աշխատասենյակ։ Քարա էֆենդին ինձ հարցաքննելուց այնքան գոհ էր, որ դաշույնը ձեռքին դեռ պտտվում էր կարմիր բարձի շուրջը։ Կիսով չափ նկարված մի էջ դրեցի նրա առաջ։
― Նայիր սրան,– ասացի։
Հետաքրքրված ծնկի եկավ, փորձեց հասկանալ։ Անցա նրա ետևը, թուրս հանեցի, արագորեն հենվելով նրան՝ հատակին գցեցի։ Դաշույնն ընկավ։ Մազերից բռնելով՝ գլուխը գետնին սեղմելով՝ թուրս ներքևից սեղմեցի կոկորդին։ Ծանր մարմնովս երեսնիվայր պառկեցրածս Քարայի նուրբ մարմինը ճզմում էի, ծնոտովս ու ձեռքովս գլուխը սուր թրի ծայրին հպվելու չափ սեղմում։ Մի ձեռքիս կեղտոտ մազերն էին, մյուս ձեռքս թուրը սեղմել էր նրա ծնոտի նուրբ մաշկին։ Նա խելամտորեն ընդհանրապես չշարժվեց, որովհետև կարող էի սպանել։ Գանգուր մազերի, ապտակ հասցնելու հրավեր նետող ծոծրակի, տգեղ ականջների այդքան մոտ լինելն ինձ ավելի էր նյարդայնացնում։
― Ինձ դժվար եմ զսպում, որ քեզ այստեղ չսպանեմ,― շշնջացի ես նրա ականջին, ասես գաղտնիք էի հայտնում։
Ինձ դուր եկավ, որ խելոք երեխայի պես, առանց ձայն հանելու լսում էր։
― «Շահնամեի» լեգենդը գիտե՞ս,– շշնջացի ես,― Երբ հայրր՝ Ֆերիդուն շահը, մի սխալ բան է անում և երկիրը երեք մասի բաժանելիս ամենավատ երկրները երկու մեծ որդիներին, իսկ ամենալավը՝ Իրանը, Իրեչին է թողնում, Թուրը, որ վճռում է վրեժ լուծել, փոքրիկ եղբայր Իրեչին, ում նախանձում էր, խաբում է և կոկորդը կտրելուց առաջ մազերը, ինչպես ես եմ արել, այսպես բռնում է ու ինձ պես, ամբողջ ուժով հենվում եղբոր վրա։ Մարմնիս ծանրությունը զգո՞ւմ ես։
Չպատասխանեց, բայց զոհաբերության ոչխարի պես նայող աչքերից հասկացել էի, որ լսում է, և ներշնչանքը եկավ.
― Ոչ միայն նկարում, թուրը կզակին հենելով՝ գլուխը կտրելու գործում էլ ես հավատարիմ եմ իրանյան ոճին։ Այս շատ սիրված տեսարանի մեկ այլ տեսակն էլ շահ Սիավուշի մահը պատմող նկարներում եմ տեսել։
Ինձ անձայն լսող Քարային երկար պատմեցի Սիավուշի եղբայրների՝ վրեժին պատրաստվելը, ամբողջ պալատը, ունեցվածքն այրելով, նրա կնոջ հետ հարաբերություն ունենալով, ձին նստելով՝ բանակի հետ արշավանքի ղուրս գալը, պատերազմում պարտվելը, դիակներով ծածկված պատերազմի դաշտի փոշու մեջ ինչպես մազերից բռնած՝ գետնով մեկ քարշ գալով՝ նրա պես երեսնիվրայր պառկելը, ի վերջո, լեգենդար շահի ընկերներն ու թշնամիներն ինչպես «կյանք, թե ներում» վեճի բռնվեցին, և դեմքը՝ հողին, պարտված շահի այս ամբողջ քննարկումը լսելը ու հարցրի իմ զոհին.
― Սիրո՞ւմ ես այդ նկարը։ Ասես գետնին պառկած Սիավուշին եմ ետևից մոտենում, կոկորդին թուրը հենած Գորույի պես մազերդ այսպես բռնելով՝ կոկորդը կտրելու եմ։ Քիչ անց թափվող արյունը նախ չոր հողից փոշի է բարձրացնելու, հետո այնտեղ ծաղիկ է բացվելու։
Մի պահ լռեցի, ականջ դրեցինք հեռվում՝ փողոցից փողոց բղավելով վազող էրզրումցիներին։ Դրսի արհավիրքն ու սարսափն իրար վրա պառկած մեզ ավելի մոտեցրեց։
― Բայց այդ բոլոր նկարներում,– ասացի ես՝ ափիս մեջ ավելի սեղմելով Քարայի մազերը,― և՛ մարմինները՝ մեզ պես իրար են սեղմված, և՛ միմյանց ատող երկու մարդու հաղթական ուժն է զգացվում։ Կարծես այդ խորհրդավոր ու հիանալի գլխատման պահի դավաճանության, նախանձի և պատերազմների խառնաշփոթն այդ նկարների մեջ շատ է ներծծվել։ Քազվինի ամենամեծ վարպետներն անգամ իրար վրա պառկած երկու տղամարդ նկարելիս դժվարանում են. ամեն ինչ խառնում են իրար։ Մինչդեռ, տես, ես ու դու ավելի մոտ ենք իրար, ավելի ազնվական ենք։
― Թուրը կտրում է,– տնքաց նա։
― Խոսելուդ համար շնորհակալ եմ, սիրելի՛ս, բայց չի կտրում։ Ես ուշադիր եմ, մեր վիճակը փչացնող ոչինչ չեմ անի։ Հին մեծ վարպետների պատկերած բոլոր սիրո, մահվան, պատերազմների տեսարաններում բախվող մարմինները մեկ մարմնի պես կարողանում են մեզ հուզել։ Տես՝ ծնոտս այնպես է հենվել ծոծրակիդ, ասես մարմնիդ մի մասն է։ Մազերիդ ու ծոծրակիդ հոտն եմ զգում։ Ոտքերս այնպես ներդաշնակորեն են տարածվել ոտքերիդ երկու կողմում, որ տեսնողը մեզ չորքոտանի նուրբ կենդանի կարող է համարել։ Մեջքիդ ու հետույքիդ վրա զգո՞ւմ ես ծանրությանս հավասարակշռությունը։
Լռություն տիրեց, բայց թուրը չսեղմեցի, կարող էի վիրավորել։
― Եթե չխոսես, ականջդ կկծեմ,― շշնջացի ես նրա ականջին։
Աչքերից հասկանալով, որ պատրաստ է խոսել, նույն հարցը կրկնեցի.
― Զգո՞ւմ ես քեզ վրա իմ ծանրությունը։
― Այո։
― Գեղեցի՞կ է,― ասացի ես։― Մենք գեղեցի՞կ ենք,― հարցրի ես։– Մենք հին վարպետների հրաշքներում միմյանց նրբորեն սպանող լեգենդար հերոսների պես գեղեցի՞կ ենք։
― Չգիտեմ,– ասաց Քարան։– Մեզ չեմ տեսնում հայելու մեջ։
Պատկերացնելով, թե ներսի սենյակից մեզ հետևող կինս մեր առաջ դրված սրճարանի լամպի լույսի տակ մեզ ինչպես է տեսնում, վախեցա, որ ոգևորված կարող եմ իսկապես կծել Քարայի գլուխը։
― Իմ տուն ու անձնական կյանք քո դաշույնով մտած, ինձ հարցաքննող Քարա՛ էֆենդի,― ասացի ես։– Հիմա քեզ վրա զգո՞ւմ ես իմ ծանրությունը։
― Զգում եմ նաև, որ իրավացի ես։
― Այժմ կրկին տուր հարցդ։
― Ինձ պատմիր, թե վարպետ Օսմանը քեզ ինչպես էր շոյում։
― Աշակերտությանս տարիներին, երբ ավելի նիհար էի, նուրբ ու գեղեցիկ, նա ինձ վրա էր պառկում, ինչպես ես հիմա քեզ վրա։ Շոյում էր թևերս, երբեմն ցավեցնում էր, բայց քանի որ նրա գիտելիքով, տաղանդով և ուժով հիանում էի, դա ինձ դուր էր գալիս ու վատ չէի զգում, որովհետև սիրում էի նրան։ Վարպետ Օսմանին սիրելս ինձ համար դեպի նկարելը, գույները, թուղթը, գրիչը, նկարի գեղեցկությունը, նկարվող ամեն բան և այսպիսով դեպի աշխարհն ու Աստված տանող ճանապարհ է։ Վարպետ Օսմանն ինձ համար հորից էլ ավելին է։
― Շա՞տ էր ծեծում,― հարցրեց նա։
― Ինչպես հայրն է ծեծում՝ տեղին և արդարության զգացումով, ինչպես վարպետն է ծեծում՝ ցավեցնելով, պատժելով սովորեցնելու համար էր ծեծում։ Այսօր գիտեմ, որ շատ բան ավելի լավ ու ավելի արագ եմ սովորել քանոններով մատներիս ստացած հարվածների ցավից ու վախից։ Աշակերտությանս տարիներին, որպեսզի հագուստիցս բռնելով՝ գլուխս պատերին չխփեր, սովորեցի շատ ներկ, ոսկեջուր չծախսել, ոսկեգույն ելևէջները հիշել, քանոնագրի սխալը ծածկել, վրձիններս ճիշտ ժամանակին մաքրել և ամբողջ ուշադրությունս ու հոգիս նվիրել էջին։ Իմ տաղանդի և վարպետության համար պարտական եմ ստացածս ծեծերին, այդ պատճառով այժմ աշակերտներիս առանց խղճի խայթի եմ ծեծում։ Անգամ անիրավ ծեծը, եթե չի կոտրում աշակերտի հպարտությունը, ի վերջո, գիտեմ, որ օգուտ կբերի երեխային։
― Բայց միևնույն է, գեղեցկադեմ, գեղեցիկ հայացքով, հրեշտակի բնավորությամբ աշակերտին ծեծելիս երբ սեփական հաճույքի համար երբեմն պարանի ծայրը բաց ես թողնում, հասկանում ես, որ վարպետ Օսմանն էլ է քեզ հետ նույն կերպ է վարվել, չէ՞։
― Երբեմն մարմարե կնիքով այնպես էր խփում, որ օրերով ականջս զնգում էր, խենթացնում էր ինձ։ Երբեմն այնպիսի ապտակ էր հասցնում, որ շաբաթներ շարունակ այտս արտասվելու չափ ցավում էր։ Դրանք հիշում եմ, բայց սիրում եմ վարպետիս։
― Ո՛չ,― ասաց Քարան,― նրա վրա զայրանում էիր։ Քո մեջ կուտակվող զայրույթի վրեժը փեսայիս եվրոպական ոճով գրքի համար աշխատելով էիր առնում։
― Դու չես ճանաչում նկարիչներին։ Ճիշտ հակառակը՝ մանկության տարիներին ստացած ծեծը նկարչին մինչև վարպետի մահը նրա հետ սիրով է կապում։
― Իրեչը Սիավուշի կոկորդը, ինչպես դու ես հիմա անում, դաժանաբար ու դավաճանի պես՝ եղբայրական նախանձի պատճառով կտրեց։ Իսկ եղբայրների նախանձի պատճառը «Շահնամեում» միշտ անարդար հայրն է...
― Ճիշտ է։
― Ձեզ մեկը մյուսին միացնողը ձեր անարդար հայրն է, հիմա էլ ձեզ են պատրաստում դավաճանության,– ասաց նա լկտիաբար։– Ա՜խ, մի՛ արա, կտրում է,– ասաց նա։ Ցավից մի քիչ էլ բղավեց։– Կոկորդս կտրելով՝ արյունս զոհաբերվող ոչխարի պես թափելը վայրկյանի գործ է, այո՛,― ասաց նա։– Բայց այս պատմածներս առանց լսելու եթե անես, առանց այդ էլ չեմ հավատում, որ անելու ես, ա՜խ, բավական է, տարիներ շարունակ մտածելու ես նրա մասին, ինչ չթողեցիր, որ ասեմ։ Մի քիչ թուլացրու, մի՛ սեղմիր թուրը։
Թուլացրի։
― Վարպետ Օսմանը, որ մանկությունից ի վեր ձեր բոլոր քայլերին, շնչին է հետևել, Աստծու պարգևած ձեր տաղանդը սեփական ուշադրությամբ գարնանային ծաղկի պես բացել է, դրան երջանկությամբ հետևել է, հիմա ձեզ մեջքով է շրջվում, որպեսզի պաշտպանի արվեստանոցն ու ոճը, որին իր ամբողջ կյանքն էնվիրել։
― Ոճ կոչվածի տգեղ լինելը հասկանալու համար Զարիֆ էֆենդուն հողին հանձնելու օրը քեզ երեք պատմություն էի արել։
― Դրանք նկարչի ոճի մասին էին,– ուշադրությամբ ասաց Քարան։― Իսկ վարպետ Օսմանի խնդիրը արվեստանոցը պաշտպանելն էր։
Զարիֆ էֆենդուն ու փեսային սպանած ստորին գտնելուն ուղղված սուլթանի ուշադրությունը, այդ նպատակով նրանց առաջ Էնդերունի գանձարանի դուռն անգամ բացելը, վարպետ Օսմանի վերաբերմունքը, Էնիշթեի գրքին խոչընդոտելը և իրեն դավաճանելով՝ ֆրանսիացի վարպետների կրկնօրինակությունները սկսողներին պատժելու համար օգտագործելը երկար պատմեց։ Կտրած ռունգերով ձիու ոճի պատճառով Զեյթինին կասկածելը, բայց որպես գլխավոր նկարիչ՝ վստահ ասաց, որ Լեյլեքին դահիճներին է հանձնելու։ Թրի ճնշման տակ զգում էի, որ ճիշտ է խոսում, պատմությանը երեխայի պես նվիրվելու պատճառով ցանկացա նրան համբուրել։ Իմ լսածներից չվախեցա, Լեյլեքի՝ խաղից դուրս գալը, վարպետ Օսմանի մահից հետո, Աստծու կամոք, նշանակում էր, որ ես գլխավոր նկարիչ եմ դառնալու։
Ինձ անհանգստացնողն այս բոլոր պատմածների իրականանալը չէր, այլ իրականացման հավանականությունը։
Պատմության բառերի արանքում զգացվող դատարկությունը նշանակում էր, որ վարպետ Օսմանը ոչ միայն Լեյլեքին, այլև ինձ էլ կարող էր զոհաբերել։ Անհավատալի հնարավորության մասին մտածելը ոչ միայն վախեցնում, այլև միանգամից առանց հոր մնացածի պես ինձ անտեր ու անտանիք մնալու սարսափի գիրկն էր նետում։ Ամեն անգամ, երբ մտածում էի այդ մասին, ուզում էի Քարայի կոկորդը խրել թուրը, ինձ դժվարությամբ էի զսպում և այդ խնդիրը ոչ Քարայի, ոչ էլ ինքս ինձ հետ չէի կարողանում քննարկել, Էնիշթեի գրքի համար ֆրանսիացի վարպետներից ներշնչվելով՝ մի քանի հիմար նկար անելը մեզ ինչո՞ւ էր դավաճան դարձնում։ Կրկին մտածեցի Զարիֆ էֆենդու մահվան ետևում Լեյլեքի և Զեյթինի կանգնած լինելու, իմ դեմ դավեր նյութելու մասին ու թուրը հեռացրի Քարայի կոկորդից։
― Միասին գնանք Զեյթինի մոտ ու տունը տակնուվրա անենք,― ասացի ես։― Եթե վերջին նկարն այնտեղ է, արդեն գոնե կհասկանանք, թե ումից է պետք վախենալ։ Եթե ոչ, նրան էլ որպես ուժ կվերցնենք ու կհարձակվենք Լեյլեքի տան վրա։
Ասացի, որ կարող է ինձ վստահել, որ նրա դաշույնը երկուսիս էլ բավական է։ Անգամ լորենու թեյ չհյուրասիրելու համար Քարայից ներողություն խնդրեցի։ Երբ սրճարանի լամպը վերցնում էի հատակից, մի պահ բազմանշանակ հայացքով երկուսս էլ նայեցինք այն բարձին, որի վրա նրան պառկեցրել էի։ Լամպը ձեռքիս մոտեցա նրան և ասացի, որ կոկորդի փոքրիկ կտրվածքը մեր ընկերության խորհրդանիշն է։ Քարայի կոկորդից մի քիչ արյուն էլ էր թափվել։ Փողոցներում էրզրումցիների ու նրանց ետևից ընկածնների աղմուկը դեռ լսվում էր, բայց ոչ ոք չհետաքրքրվեց մեզնով։
Արագ հասանք Զեյթինի տուն։ Ծեծեցինք բակի դուռը, տան դուռը և պատուհաններն անհամբեր ծեծեցինք, ոչ ոք չկար։ Այնքան աղմուկ հանեցինք, որ ներսում ոչ ոք հաստատ քնած չէր կարող մնալ։ Քարան ասաց այն, ինչ երկուսս էլ մտածում էինք.
― Ներս մտնե՞նք։
Քարայի դաշույնի հաստ ու կարճ ծայրը սեղմելով դռանը՝ փորձեցի բացել սողնակը, հետո դաշույնն արանքը մտցնելով՝ ծռելով կոտրեցինք կողպեքը։ Ներսից տարիների խոնավության, կեղտի ու մենակության հոտ եկավ։ Լամպի լույսի տակ թափած անկողին տեսանք, բարձերի վրա անմիտ թափված գոտիներ, անթևնոցներ, երկու փաթաթան, վերնաշապիկներ, նաքշբենդի Իմեթոլլահ էֆենդու ֆրանսերեն-թուրքերեն բառարանը, գլխարկներ, բրդե ասեղնագործ կտորներ, խնձորի կեղևներով լի պղնձե թավա, բազմաթիվ բարձեր, անկողնու թավշե ծածկոց, ներկերը, վրձինները և նկարչի բոլոր նկարչական նյութերը տեսանք։ Սնդուկների վրայի խնամքով կտրված շերտ-շերտ հնդկական թղթերն ունկարված էջերն էի ուզում ուսումնասիրել, բայց ինձ մի կերպ զսպեցի։ Ե՛վ այն պատճառով, որ Քարան ավելի շատ էր տրամադրված, և՛ այն պատճառով, որ վարպետ նկարչին հաջողություն չի բերում իրենից պակաս տաղանդավոր մեկ այլ նկարչի իրերը խառնելը։ Զեյթինն այդքան տաղանդավոր չէ, որքան կարծում են, միայն մեծ ցանկություն ունի։ Տաղանդի պակասը հին վարպետների հանդեպ հիացմունքով էր փորձում ծածկել։ Մինչդեռ հին լեգենդները միայն նկարչի երևակայությունն են զարգացնում, նկարը նկարողը ձեռքն է։ Մինչ Քարան սպիտակեղենի զամբյուղները, բոլոր սնդուկները, տուփերի ներսն էր խուզարկում, ես առանց որևէ բանի ձեռք տալու Զեյթինի՝ Բուրսայում պատրաստված սրբիչներին, սև փայտե սանրին, բաղնիքի կեղտոտ սրբիչին, վարդաջրի շշերին, հնդկական ոճով ծիծաղելի շրջազգեստին, ժակետներին, թևերի անցքերով, ծանր ու կեղտոտ փարաջային, մի ծռված պղնձե սինիի, իր վաստակած գումարի համաձայն էժան և անխնամ իրերին ու կեղտոտ գորգերին էի նայում։ Կամ Զեյթինը շատ ժլատ էր, թաքցնում էր փողը, կամ անխնա ծախսում ինչ-որ բանի վրա...
― Իսկական մարդասպանի տուն է,– ասացի ես ներշնչանքով,– Նամազի գորգ անգամ չկա։
Բայց դրա մասին չէի մտածում։
― Երջանիկ լինելը չիմացողի իրեր են...,– ասացի ես։
Բայց մյուս կողմից էլ տխրությամբ զգում էի, որ սատանայի հետ գործարքր հաջողություն է բերում նկարչությանը։
― Չնայած մարդը չգիտի՝ երջանիկ կլինի, թե ոչ, կարող է երջանիկ լինել,– ասաց Քարան։
Մի սնդուկի տակից հանած Սամարղանդի կոշտ թղթի վրա արված, ետևից հաստ թղթերով ամրացված նկարներ դրեց իմ առաջ։ Խորասանից՝ գետնի տակից դուրս եկած մի սիրալիր սատանա տեսանք, մի ծառ, մի գեղեցիկ կին, մի շուն և իմ նկարած մահվան նկարը. սպանված մեդդահի՝ ամեն երեկո խայտառակ պատմություն պատմելիս պատից կախած նկարներ էին սրանք։ Քարայի հարցին ի պատասխան՝ նրան ցույց տվեցի մահվան նկարը։
― Փեսայիս գրքում էլ նույն նկարները կան,– ասաց նա։
― Մեդդահն էլ, սրճավաճառն էլ հասկացել էին, որ ամեն երեկո պատից կախվելիք նկարը նկարիչներին պատվիրելն ավելի խելացի է։ Մեզ՝ նկարիչներիս, պատվիրում էին հաստ թղթի վրա արագ նկարել, հարցնում էին պատմության, այդ նկարի նկարիչների մասին, մի քիչ էլ իրենք Էին հորինում, և պատմությունը պատրաստ էր։
― Ինչո՞ւ ես փեսայիս գրքի համար արածդ մահվան նկարը նրա համար էլ նկարել։
― Մեդդահի ուզածի պես դա անկախ նկար էր, բայց Էնիշթեի գրքի համար նկարելու պես, ոչ թե ջանք թափելով, այլ շատ արագ ու ձեռքիս թելադրանքով նկարեցի։ Մյուսներն էլ այսպիսով, գուցեև կատակելու համար, այդ գաղտնի գրքի համար նկարածի ավելի կոպիտը և պարզը նկարեցին մեդդահի համար։
― Ձին ո՞վ է նկարել,― հարցրեց նա։― Ռունգերը կտրված են։
Լամպը մոտեցնելով՝ հիացմունքով նայեցինք ձիուն։ Նման էր իր փեսայի գրքի համար նկարված ձիուն, բայց ավելի արագ, ավելի քիչ խնամքով և ավելի էժան ճաշակի տեր մարդկանց համար էր արված։ Կարծես մեկը նկարչին ավելի քիչ փող վճարելով՝ ոչ միայն բավարարվել էր արագ նկարելով, այլև ավելի կոպիտ ու հավանաբար հենց այդ պատճառով ավելի ծեր ձի էր ստիպել նկարել։
― Ամենալավը Լեյլեքը կիմանա, թե ով է այս ձին նկարել,– ասացի ես,― նա ինքնասիրահարված հիմար է, քանի որ առանց նկարիչների բամբասանքները լսելու չի կարող ապրել, ամեն երեկո գնում է սրճարան։ Վստահ եմ, որ այս ձին Լեյլեքն է նկարել։
== 56. Իմ անունը Լեյլեք է ==
Քելեբեքն ու Քարան կեսգիշերին եկան, նկարները մեկ առ մեկ դրեցին հատակին ու պահանջեցին, որ ասեմ, թե որ նկարն ով է արել։ Մանկությանս տարիներին մեր խաղացած «գլխարկն ումն է» խաղին էր նման, թղթերի վրա հոջայի, հեծյալի, կնոջ, դահճի, մատենագրի և քարտուղարի գլխարկներ, գլխի փաթաթաններն էինք նկարում և պետք է դրանք միացնեինք շրջած այլ թղթերի վրա չերևացող անունների հետ։
Ասացի, որ շան նկարը ինքս եմ արել։ Նրա պատմությունը բոլորս պատմել էինք դաժանորեն սպանված մեդդահին։ Ասացի, որ մահվան նկարը, որի վրա ալիքվում էր լամպի լույսը, դաշույնը կոկորդիս սեղմած սիրելի Քելեբեքն էր նկարել։
Հիշում էի, որ Զեյթինը մեծ հաճույքով նկարել էր սատանայի նկարը, պատմությունը գուցե լուսահոգին ինքն էր հորինել։ Ծառը ես էի սկսել նկարել, սրճարան եկող բոլոր նկարիչները տերևներն էին նկարել։ Պատմությունն էլ մենք էինք պատմել։ Կարմիրի նկարն էլ էր այդպիսին. մի նկարի վրա կարմիր ներկ էին կաթացրել. ժլատ մեդդահը մտածում էր՝ արդյոք դրա հիման վրա կարելի՞ է պատմություն հորինել։ Մի քիչ էլ կարմիր քսեցինք, հետո բոլոր նկարիչները նկարի մի անկյունում ոչ միայն կարմիր գույնի ինչ-որ բաներ նկարեցին, այլև իրենց նկարածի պատմությունն արեցին, որպեսզի մեդդահն էլ ուրիշներին պատմի։ Այս գեղեցիկ ձին Զեյթինն է նկարել, բրավո։ Իսկ տխուր կնոջը, հիշեցի, որ Քելեբեքն է նկարել։ Այդ պահին Քելեբեքը դաշույնը հեռացրեց կոկորդիցս և Քարային ասաց, որ ինքն է նկարել գեղեցիկ կնոջը, այո, ասաց, թե նոր հիշեց։ Շուկայի փողը բոլորս էինք նկարել, երկու դերվիշին էլ, իհարկե, Զեյթինն էր նկարել, ում տոհմում Քալենդերի դերվիշներ կային։ Սրանց հավատը հիմնված է մուրացկանության և գեղեցիկ տղաների հետ սիրով զբաղվելու վրա, այդ պատճառով նրանց առաջնորդ Եհվադուդ Դինի Քիրմանին երկու հարյուր հիսուն տարի առաջ այս մասին գիրք գրելով՝ մի բանաստեղծության մեջ ասել էր, որ Աստծու գեղեցկությունը երևում է գեղեցկադեմ մարդկանց մեջ։
Վարպետ նկարիչ եղբայրներ, շատ կներեք մեր տան այս տակնուվրա վիճակի համար, հանկարծակիի եկանք, ձեզ ոչ բուրումնավետ սուրճ հյուրասիրեցինք, ոչ էլ քաղցր թուրինջ, որովհետև կինս ներսի սենյակում քնած է։ Այդպես ասացի, որ հաճույքով բացած զամբյուղների, սնդուկների տակի բրդե կտորների, գոտիների կաշվի, հնդկական մետաքսից և քողից ամառային գոտիների, նախշազարդ իրանական կտորների և անթևնոցների մեջ և գորգերի, բարձերի տակ ու տարբեր գրքերի համար պատրաստածս նկարազարդ էջերի և կազմապատ գրքերի էջերի մեջ փնտրածը չգտնելով՝ արագ չմտնեն կողքի սենյակ, և ես ստիպված չլինեմ արյուն թափել։
Բայց խոստովանեմ՝ ինձ դուր էր գալիս ձևացնել, թե նրանցից վախենում եմ. նկարչի տաղանդը, և այս պահի գեղեցկությանը համակ ուշադրություն դարձնելով՝ ամեն ինչ բոլոր դետալներով լուրջ ընդունելու, և իրեն չափից դուրս լուրջ ընդունող աշխարհին, մի քայլ ետ քաշվելով՝ ասես հայելու մեջ նայելու վրա է հիմված։
Այսպիսով, ինչպես գիտեք, այո՛, էրզրումցիների հարձակման ժամանակ մեծ մասը երեկոյանալուն պես գնացել էր սրճարան։ Ասացի, որ ներսում ինձ հետ Զեյթինը, քանոնագիր Նասրրի, գրիչ Ջեմալի, երկու երիտասարդ նկարչի, այդ պահին նրանց հետ շփվող երիտասարդ գրիչների և ամենագեղեցիկ աշակերտ Րահմիի, այլ գեղեցիկ աշակերտների, բանաստեղծների, գինովցածների, թմրամոլների և դերվիշների թիմից վեց-յոթ մարդու ու սրճագործին խաբելու համար երջանիկ և կատակասեր բազմությանը միացած այլ մարդկանց հետ քառասուն հոգի ենք եղել։ Պատմեցի, որ երբ հարձակումը սկսվեց, բոլորն անհանգստացան, սրճավաճառի անշնորհքություններով հետաքրքրվող բագմությունը մեղքի զգացումով սկսեց դիմացի ու ետևի դռներից փախչել, և այդ պահին ոչ ոք չմտածեց պաշտպանել սրճարանն ու կնոջ հագուստով խեղճ ծեր մեդդահին։ Տխո՞ւր էի այդ պատճառով։ Այո։ Ամբողջ կյանքս անկեղծորեն նկարչությանը նվիրած ես՝ Մուսաֆիր Մուսթաֆաս, այլ անունով հայտնի՝ Լեյլեքս, ամեն երեկո իմ նկարիչ եղբայրների հետ մի տեղ նստելով՝ զրուցելը, կատակելը և ծաղրելը, գեղեցիկ խոսքեր, բանասեղծություններ, երկիմաստ խոսքեր ասելն անհրաժեշտ եմ համարում։ Սա ասացի նախանձից տառապած, արտասվալից աչքերով գեր տղայի ոճով հիմար Քելեբեքի աչքերի մեջ նայելով։ Քելեբեքր, որի աչքերը դեռ երեխայի աչքերի պես գեղեցիկ էին, աշակերտության տարիներիս շատ զգացմունքային էր, հիանալի մաշկով գեղեցիկ տղա էր։
Այսպիսով, երբ կրկին հարցրին, ասացի, որ քաղաքով, թաղամասով մեկ զբոսնող, աշխատող լուսահոգի ծեր մեդդահի՝ սրճարանում պատմասացություն անելու երկրորդ օրը մի նկարիչ, գուցե հարբած լինելով, որպես կատակ՝ պատից այսպիսի նկար է կախել։ Այդ նկարը տեսած շատախոս մեդդահն ի պատասխան սկսեց բառի տատմերություն անել։ Դա նրան շատ դուր եկավ, և ամեն երեկո վարպետ նկարիչները սկսեցին նկարներ նկարել, իսկ մեդդահը շարունակեց կատակասերի իր գործը։ Էդիրնեցի սրճագործը էրզրումցի քարոզչի մասին սուր խոսքերը խրախուսում էր հոջայի զայրույթից վախեցող նկարիչներին և՛ ոգևորելու, և՛ սրճարան նոր հաճախորդներ բերելու համար։ Ասելով, որ մեդդահի՝ ամեն գիշեր պատից կախած այս նկարները գտել են մեր Զեյթին եղբոր տուն ներխուժելու ժամանակ, ինձ խնդրեցին, որ մեկնաբանեմ։ Ասացի, որ իմ մեկնաբանության կարիքը չկա, սրճավաճառն էլ Զեյթինի, Քալենդերի դերվիշի, մուրացկանի, գողի, վայրենու պես ստոր մարդ է։ Ասացի, որ հոջա էֆենդու բառերից և հատկապես ուրբաթ օրվա քարոզների ժամանակ հոնքերը կիտելով՝ պատմվածներից սարսափած միամիտ Զարիֆ էֆենդին այս ամենի համար բողոքել է էրզրումցիներին։ Կամ էլ, մեծ հավանականությամբ, երբ փորձել է խոչընդոտել, սրճավաճառի պես կռվարար Զեյթինը խեղճին դաժանորեն սպանել է։ Սրա վրա զայրացած էրզրումցիներն էլ Զարիֆ էֆենդուն հավանաբար Էնիշթեի գրքի մասին նրանց պատմելու, իսկ Էնիշթե էֆենդուն էլ նրան պատասխանատվության ենթարկելու համար են սպանել։ Այսօր էլ, որպես երկրորդ վրեժ, խուժել են սրճարան։
Ամեն կափարիչ բացելու, ամեն քար բարձրացնելու հաճույքով իրերս քրքրող գեր Քելեբեքը և լուրջ Քարան (նա ուրվականի նման էր) այս բոլոր պատմածներիս որքա՞ն Էին ուշադրություն դարձնում։ Զարդարված ընկուզափայտե սնդուկի մեջ իմ երկարաճիտ կոշիկները, զրահները և զենքը տեսնելուն պես Քելեբեքի մանկական դեմքին նախանձ երևաց, և կրկին հպարտորեն հայտարարեցի այն, ինչը բոլորը շատ լավ գիտեին․ բանակի հետ արշավանքի դուրս գալով՝ գնդակների զարկերին, թշնամական ամրոցների աշտարակներին, անհավատ զինվորների հագուստների գույներին, գետի ափերին թափված դիակներին և իրար վրա լցված գլուխներին, զրահակիր ձիավորների հարձակման անցնելուն ուշադիր նայելով՝ պատերազմների մասին գրքերում տեսածներս պատկերած առաջին մուսուլման նկարիչն եմ ես։
Քելեբեքը ցանկացավ ցույց տամ, թե զրահս ինչպես եմ կրում, առանց ամաչելու, սև ճագարի մորթով պատված շապիկս, վերնաշապիկս, ոտաշորս, վարտիքս հանեցի։ Վառարանի լույսի տակ ինձ հառված հայացքներից լավ զգալով՝ զրահի տակից հագա երկար և մաքուր վարտիքս, ցրտից պաշտպանվելու համար՝ կարմիր բրդից հաստ վերնաշապիկը, բրդե գուլպաներս, դեղին կաշվից երկարաճիտ կոշիկները և վրայից՝ զրահս հագա։ Զարդարված տուփից հանելով՝ հաճույքով հագա զրահս, պալատական տղային հրամայելու պես մեջքով շրջվելով՝ Քելեբեքին ասացի, որ զրահի կապերը պինդ կապի և ուսիս ամրակներն էլ հրամայեցի ամրացնել։ Անցկացրի թևերիս զրահները, հագա ձեռնոցները, ուղտի կաշվից թրի պատյանը կապեցի և, ի վերջո, որոշ եղանակների օգտագործածս արծաթազօծ սաղավարտը դնելիս հպարտորեն ասացի, որ սրանից հետո ինձ հին պատերազմների մասին պատմող նկարներում է պետք նկարել։ Ասացի, որ արդեն դեմ դիմաց կանգնած երկու բանակի հեծյալների նույն կաղապարը այս ու այն կողմ շրջելով՝ նկարել չի լինի։ Դրանից հետո Ալի Օսմանի արվեստանոցում պատերազմի տեսարանները, իմ տեսածի և նկարածի պես՝ բանակներով, ձիերով, զրահներով և արյունոտ դիակներով կնկարվի։
― Նկարիչը ոչ թե իր տեսածը, այլ Աստծու տեսածն է նկարում,― նախանձով ասաց Քելեբեքը։
― Այո, բայց,– ասացի ես,– մեծ Ալլահն էլ մեր տեսածն է տեսնում։
― Իհարկե, Աստված մեր տեսածն է տեսնում, բայց մեզ պես չի տեսնում,– ասաց Քելեբեքը՝ կարծես ինձ կշտամբելով։– Այն խառը պատերազմը, որին մենք զարմանքով ենք նայում, նա իր իրար դեմ դիմաց ուղիղ կանգնած երկու բանակի տեսքով է տեսնում։
Իհարկե, ես պատասխան ունեի.
― Միայն հավատանք Աստծուն և նրա՝ մեզ ցույց տվածը միայն նկարենք, ոչ թե այն, ինչ ցույց չի տալիս,― ցանկացա ասել ես, բայց լռեցի։
Բայց երբ Քելեբեքն ինձ ֆրանսիական կրկնօրինակության համար մեղադրելով՝ կամ էլ դաշույնի մի կողմով զրահս փորձարկելու պատրվակով սաղավարտիս և մեջքիս սկսեց դաժանորեն խփել, չլռեցի։ Եթե ինձ զսպեմ, այս գեղեցիկ աչքերով հիմարին և Քարային կարողանամ հաղթահարել, կփրկվենք Զեյթինի խարդախություններից։
Հենց հասկացան, որ այստեղ ոչինչ չեն կարող գտնել, ասացին, թե ինչ են փնտրում։ Ստոր մարդասպանը մի նկար էր գողացել... Այդ պատճառով են իմ տունը խուզարկում։ Ասացի, որ հավանաբար խելացի մարդասպանն այն մի անհասանելի տեղ է թաքցրել (Զեյթինի մասին էի մտածում), բայց որքա՞ն ուշադրություն դարձրին իմ խոսքերին։ Քարան երկար պատմեց, որ կտրված ռունգերով նկարված ձիուն գտնելու համար մեր սուլթանի՝ վարպետ Օսմանին տված երեք օրն ավարտվում է։ Պնդելով, որ ռունգերը կտրված ձիերն ինչ-որ բանի նշան են, Քարան, հետևելով վարպետ Օսմանի ակնարկներին՝ այդ ձիերին Զեյթինի հետ էր կապում, բայց աչքերիս մեջ նայելով և տեսնելով իմ զայրույթը՝ ասաց, որ ամենաշատն ինձ է կասկածում։
Առաջին հայացքից թվում էր այստեղ է եկել՝ հավատալով, որ ես եմ մարդասպանը և որպեսզի դա ապացուցի, բայց իմ կարծիքով նրա գալու պատճառը միայն դա չէր։ Երբ դուռը բացեցի, Քելեբեքի ձեռքի՝ ինձ պարզած դաշույնը դողում էր։ Ե՛վ վախենում էին, որ անհայտ ստոր մարդասպանը հին ընկերոջ ժպիտով իրենց մի անկյունում կբռնի ու կոկորդը կկտրի, և՛ անհանգստանում, որ վարպետ Օսմանը մեր սուլթանի և գանձապետի հետ համաձայնության գալով՝ իրենց կհանձնի դահիճներին, և՛ դրսի էրզրումցիների բազմությունից էին վախենում։ Բայց վարպետ Օսմանը նրանց ճիշտ հակառակն էր ասել։ Այժմ, ինչպես և նրանք էին ցանկանում, պետք է նրբորեն ճիշտ հակառակը ցույց տամ։ Դա նշանակում էր մեծ վարպետի սխալվելը, ծերանալն ասելով՝ անմիջապես թշնամանալ Քելեբեքի հետ։ Որովհետև ձեռքի դաշույնով զրահս ծեծող թիթեռի թարթիչներով գեղեցիկ նկարչի մշուշոտ աչքերում կարծես դեռ տեսնում էի մեծ վարպետի հանդեպ (ում սիրելին էր ինքը) զգացած սիրո թույլ կրակները։ Իմ երիտասարդ տարիներին այս երկուսի՝ վարպետի և աշակերտի մտերմությունը այլ նկարիչների մեջ մեծ նախանձի տեղիք էր տվել, բայց նրանք ուշադրություն չէին դարձնում. բոլորի աչքի առաջ երկար նայում էին միմյանց աչքերի մեջ, բոլորի առաջ իրար հոտոտում էին, հետո վարպետ Օսմանը դաժանորեն հայտարարում էր, որ ամենատաղանդավոր գրչի, ամենալավ վրձնի տերը Քելեբեքն է։ Շատ հաճախ այս իրավացի հայտարարությունը նախանձ նկարիչների համար գրիչների, վրձինների և գրչատուփերի անշնորհք համեմատությունների, սատանայական ակնարկների ու լկտի փոխաբերությունների, հավերժական բառախաղերի պատճառ էր դառնում։ Դրա համար՝ միայն ես չէ, որ այսօր զգում էի՝ վարպետ Օսմանն իրենից հետո արվեստանոցի գործը Քելեբեքին է փոխանցելու։ Ուրիշների մոտ իմ կռվարարության, անհաշտության և համառության մասին խոսելիս հասկանում էի, թե իրականում մեծ վարպետն ինչի մասին է մտածում։ Կարծում էր, որ ես Զեյթինից ու Քելեբեքից ավելի ֆրանսիական ոճի հակում ունեմ, «հին վարպետները երբեք այսպես չէին նկարի» ասելով՝ իրականում մեր սուլթանի նոր ցանկություններր նկատի ուներ։
Այս հարցում գիտեի, որ կարող եմ Քարայի հետ սերտ համագործակցություն ունենալ, մեր նոր ու ոգևորված փեսան լուսահոգի փեսայի գիրքը ցանկանում է ոչ միայն գեղեցիկ Շեքուրեի սիրտը և նրա հոր տեղը գրավելու համար ավարտին հասցնել, այլև կարճ ճանապարհով շահել մեր սուլթանի սիրտը։
Այսպիսով, լրիվ անսպասելի տեղից բռնեցի գործի պոչը, խոսքը բացեցի՝ ասելով, որ Էնիշթեի գիրքը աննման երջանիկ հրաշք է։ Երբ այս հրաշքը մեր սուլթանի հրամայածի և լուսահոգի էնիշթե էֆենդու ցանկացածի պես ավարտվի, ամբողջ աշխարհը օսմանյան սուլթանի ուժի, հարստության և մեզ՝ նկարիչներիս տաղանդի, նրբության ու ընդունակության վրա կզարմանա։ Մեզնից, մեր ուժից և մեր դաժանությունից և կվախենան, և կմտածեն, տեսնելով, որ եվրոպացի վարպետների ոճերից մեր սովորածը, մեր երջանիկ գույները և մանր նրբությունները, ամենախելացի սուլթանների յուրահատուկ զգացածը, վախով կզգան, որ մեր արած նկարն աշխարհում ու շատ հեռվում՝ հին վարպետների աշխատանքների կողքին իր տեղն է գտել։
Քելեբեքը նախ զրահիս իրական լինելը հասկանալ ցանկացող երեխայի պես էր խփում, հետո զրահիս դիմացկունությունը ստուգել ցանկացող ընկերոջ պես սկսեց խփել, ավելի ուշ՝ սկզբի երկու պատրվակով զրահը ծակելով՝ ինձ սպանել ցանկացող անդառնալի նախաձ մարդու պես սկսեց խփել։ Իրականում հասկանում էր, որ իրենցից տաղանդավոր եմ, ավելին՝ հավանաբար ցավով զգում էր, որ վարպետ Օսմանն էլ գիտի այդ մասին։ Քանի որ Քելեբեքն Աստծու պարգևած տաղանդ ունեցող նկարիչ էր, նրա նախանձն ինձ ստիպում էր ավելի հպարտ, զգալ, ես նրա պես ոչ թե իմ վարպետին սիրաշահելու, այլ իմ սեփական տղամարդկությամբ վարպետ լինելուս պատճառով հասկացա, որ կարող եմ նրա վարպետը լինել։
Ձայնս բարձրացնելով՝ հասկացա, որ ափսոս՝ մեր սուլթանի և լուսահոգի սուլթանի այս հրաշալի գիրքը խոչընդոտել ցանկացողներ կան։ Վարպետ Օսմանը մեր բոլորի հայրն էր, վարպետը, ամեն ինչ նրանից էինք սովորել։ Բայց մեր սուլթանի գանձարանը խուզարկելով՝ ստոր մարդասպանի Զեյթին լինելը հասկանալուց հետո նրան փորձել էր անհայտ պատճառով թաքցնել։ Ասացի, որ վստահ եմ՝ տնից բացակայող Զեյթինը Ֆեներքափըի մոտերքի լքված Քալենդերի թեքքեում է թաքնվում։ Հիշեցի, թե ինչպես էր Զեյթինը գովաբանում թեքքեն՝ ասելով, որ այն ոչ թե խայտառակության և անբարոյականության օրրան լինելու, այլ իրանցիների հետ հավերժական պատերազմների պատճառով է մեր սուլթանի պապի ժամանակ փակվել։ Եթե ինձ չէր վստահում և իմ ասածի ետևում նյութվող դավ էր տեսնում, դաշույնը նրանց ձեռքին էր, կարող էին ինձ հենց այդտեղ պատժել։ Քելեբեքը դաշույնի երկու ծանր հարված էլ հասցրեց ինձ, որոնց զրահս չէր կարող դիմանալ։ Շրջվեց դեպի Քարան, ով ասում էր, որ ես իրավացի եմ, և երեխայի պես բղավեց նրա վրա։ Ետևից մոտեցա և զրահապատ ձեռքս Քելեբեքի կոկորդին փաթաթելով՝ նրան քաշեցի ինձ։ Մյուս ձեռքով նրա թևը ծալելով՝ գցեցի դաշույնը։ Իրականում ո՛չ իսկապես ծեծում էինք իրար, ո՛չ էլ խաղում։ «Շահնամեից» այս տեսարանին նման մի պատմություն արեցի։ Այդ պատմությունը շատ հայտնի չէր.
― Համարարի սարի փեշերին բոլոր զրահներով ու զենքերով իրար դեմ շարված Իրանի և Թուրանի բանակների բախման երրորդ օրը, ամեն օր մի մեծ թուրանցի ռազմիկ սպանող խորհրդավոր իրանցի ռազմիկի ինքնությունը պարզելու համար, թուրանցիները տաղանդավոր Շենզիլին են բերում ռազմի դաշտ,– սկսեցի ես իմ պատմությունը։– Երբ Շենզիլը խորհրդավոր ռազմիկին ձեռնոց նետեց, մյուսներն էլ ընդունեցին. երկու կողմի զրահները ցերեկվա լույսի տակ փայլեցին, շունչը պահած բանակի աչքի առաջ երկու հսկաների զրահապատ ձիերն այնպիսի արագությամբ բախվեցին, որ զրահներից թափվող կայծերն այրեցին ձիերի մաշկը։ Բախումը երկար տևեց։ Թուրանցին նետ արձակեց, իրանցին իր թուրն ու ձին շատ լավ օգտագործեց և, ի վերջո, խորհրդավոր թուրանցի Շենգիլին գցեց ձիուց՝ բռնելով կենդանու պոչից։ Երբ Շենգիլը ցանկացավ փախչել, նրա ետևից հասնելով՝ թիկունքից զրահներով փաթաթվեց, բռնեց կոկորդից։ Թուրանցին, ում հետաքրքրում էր, թե ով է այդ խորհրդավոր ռազմիկը, պարտությունն ընդունելուց հետո օրեր շարունակ հուսահատությամբ նույն հարց էր տալիս.
― Ո՞վ ես դու։
― Քեզ համար իմ անունը մահ է,– ասաց խորհրդավոր ռազմիկը։
Ո՞վ էր նա։
― Լեգենդար Ռոստամն էր,– ասաց Քելեբեքը՝ երեխայական ուրախությամբ։
Համբուրեցի նրա վիզը։
― Մենք բոլորս դավաճանեցինք վարպետ Օսմանին,― ասացի ես։– Այժմ, քանի դեռ նա մեզ չի պատժել, պետք է գտնենք Զեյթինին, մեր ներսի թույնը թափելով՝ պետք է ճիշտ համաձայնության գանք, որպեսզի նկարչության հավերժական թշնամիների ու մեզ անհապաղ տանջողներին հանձնել ցանկացողների դեմ կարողանանք վստահ կանգնել։ Գուցեև այնտեղ՝ Զեյթինի լքված թեքքեն հասնելիս հասկանանք, որ անխիղճ մարդասպանը մեզնից մեկը չէ։
Խեղճ Քելեբեքը ոչինչ ասաց, որքան տաղանդավոր, համառ և ոտքերի վրա ամուր կանգնած լինի, չնայած նախանձին՝ միմյանց փնտրող բոլոր նկարիչների պես իրականում դժոխք գնալուց և այս աշխարհում միայնակ մնալուց էր սարսափում։
Ֆեներքափըի ճանապարհին տարօրինակ կանաչադեղնավուն լույս երևաց երկնքում, բայց դա լուսնի լույսը չէր։ Միայն այդ լույսի պատճառով գիշերները սոճիների, գմբեթների, քարե պատերի, փայտե տների և հրդեհի փլատակների ստեղծած այդ մշտական Ստամբուլի տեսարանը թշնամու ամրոցի տպավորություն էր թողնում։ Գագաթը բարձրանալիս տեսանք Բեյազիդ մզկիթի ետևի մի շինության հրդեհը։ Մթության մեջ մեզ նման դեպի պարիսպները գնացող կիսով չափ լի ալյուրի պարկերով եզան սայլերին հանդիպելուն պես երկու արծաթադրամ տվեցինք և նստեցինք։ Քարայի մոտ նկարներ կային, զգույշ նստեց։ Պառկելով՝ հրդեհի լուսավորած ցածր ամպերին էի հետևում, երբ սաղավարտիս վրա անձրևի առաջին կաթիլն ընկավ։ Երկար ճամփորդությունից հետո կեսգիշերին առանց այդ էլ լքված երևացող թաղամասում լքված թեքքեն գտնելու համար բոլոր շներին ոտքի հանեցինք։ Մի քանի քարե տներում մեր պատճառով վառվող լամպերի լույսերը տեսանք, մեր ծեծած չորրորդ դուռը միայն բացվեց, և լամպի լույսի տակ մեզ ուրվական տեսածի պես նայող գլխարկով մարդն առանց քիթը դռնից հանելու՝ նկարագրեց լքված թեքքեի տեղը, բայց հաճույքով ավելացրեց, որ վատ ջիներից, հրեշներից և ուրվականներից կստանանք մեր դասը։
Թեքքեի այգում նեխած տերևների հոտից և անձրևից բացի հպարտ սոճիների խաղաղությունը դիմավորեց մեզ. նախ թեքքեի պատերի փայտե ծածկերին, հետո էլ փոքրիկ պատուհանի անցքի փականներին նայելով՝ լամպի լույսի տակ նամազ անող կամ էլ մեզ համար ձևական նամազ անող մեկի սարսափելի ստվերը տեսա։
== 57. Իմ անունը Զեյթին է ==
Նամազն ընդհատելով՝ անմիջապես ոտքի կանգնելով նրանց առաջ դուռ բացելը ճի՞շտ էր, թե՞ իմ աղոթքն անելու համար նրանց անձրևի տակ պետք է սպասեցնեի։ Հասկանալով, որ ինձ հետևում են, առանց ինձ մատնելու՝ նամազս ավարտին հասցրի։ Դուռը բացելով և իմ առաջ մերոնց՝ Քելեբեքին, Լեյլեքին, Քարային տեսնելով՝ ուրախության ճիչ արձակեցի։ Քելեբեքին էլ նույն ոգևորությամբ փաթաթվեցի։
― Ինչեր եկան մեր գլխին, ինչե՜ր,– ասացի ես՝ գլուխս թաղելով նրա ուսի մեջ։– Մեզնից ի՞նչ են ուզում։ Ինչո՞ւ են սպանում մեզ։
Նրանց մեջ ամբողջ նկարչական կյանքիս ընթացքում նկարիչներից յուրաքանչյուրի մոտ ժամանակ առ ժամանակ նկատածս անհանգստություն կար, խմբից առանձնանալ անհրաժեշտություն։ Թեքքեում անգամ իրարից չէին բաժանվում։
― Մի՛ վախեցեք,– ասացի ես։– Այստեղ կարող եք թաքնվել որքան ուզում եք։
― Մենք վախենում ենք, որ նա, ումից պետք է վախենանք, մեզնից մեկն է,– ասաց Քարան։
― Այդ մասին մտածելիս ես էլ եմ վախենում,― ասացի ես։– Որովհետև ես էլ եմ այդ մասին լսել։ Բոսթանջըբաշըի մարդկանցից նկարիչների խմբին բամբասանքներ էին հասել, ասում են, որ Զարիֆ էֆենդուն և լուսահոգի Էնիշթեին արդեն այդ անթաքույց գրքի համար սպանողը մեզնից մեկն է։
Քարան հարցրեց, թե Էնիշթեի գրքի համար քանի նկար եմ արել։
― Առաջինը սատանան էր։ Աքքոյունլու արվեստանոցներում հին վարպետների կողմից շատ անգամ պատկերված ստորգետնյա սատանա էի նկարել նրա համար։ Մեդդահն էլ էր ինձ պես մտածում, նրա համար էլ երկու դերվիշ էի նկարել։ Ես եմ քո փեսայի գրքի համար առաջարկել այն, նրան ստիպեցի ընդունել, որ օսմանյան երկրում այս դերվիշներն էլ տեղ ունեն։
― Միայն դա՞,– հարցրեց Քարան։
Երբ Քարան այդպես հարցրեց, աշակերտի գողությունը հայտնաբերածի պես հպարտորեն գնաց դեպի դուռը, դրսից, անձրևից դեռ չթրջված մի կապոց թուղթ վերցնելով՝ ձագերին վիրավոր թռչուն բերող մայր կատվի պես մեր՝ երեք նկարչի առջև դրեց։
Դեռ բերելիս ճանաչել էի դրանք, սրճարանից այս գիշեր իմ փրկած նկարներն էին։ Չհարցրի, թե ինչպես են մտել իմ տուն և դրանք վերցրել։ Բայց Քելեբեքի ու Լեյլեքի հետ լուսահոգի մեդդահի համար մեր արած նկարները հնազանդորեն մեկ առ մեկ ցույց տվեցին։ Այսպիսով, մի ձի, գեղեցիկ ձի մնաց անկյունում՝ վիզը թեքած։ Հավատացեք, անգամ չգիտեի, որ այդպիսի ձիու նկար կա։
― Այս ձին դու չե՞ս նկարել– ասաց Քարան՝ ցուցափայտով ուսուցչի պես։
― Ոչ,– ասացի ես։
― Փեսայիս գրքի նկարը։
― Այդ ձին էլ ես չեմ նկարել։
― Քո ոճից հասկանալի է, որ դու ես նկարել,― ասաց նա։― Բացի այդ, վարպետ Օսմանն է հասկացել։
― Ես ոճ չունեմ,– ասացի ես։–– Չեմ ասում այժմ փչող քամու դեմ հպարտանալու համար։ Իմ անմեղությունն ապացուցելու համար էլ չեմ ասում, որովհետև ոճ ունենալն ինձ համար մարդասպան լինելուց էլ վատ է։
― Դու ինչ֊որ բանով տարբերվում ես հին վարպետներից և մյուսներից,– ասաց Քարան։
Ժպտացի։ Ձեր, կարծում եմ՝ ձեր բոլորի իմացածը սկսեց պատմել։ Մեր սուլթանի և գանձապետի՝ միասին մարդասպանությունները կանգնեցնելու համար լուծում փնտրելը, վարպետ Օսմանին տրված երեք օրը, «ծառայի ոճը», ձիերի ռունգերը և ամենամեծ հրաշք Էնդերունի գանձարան մտնելով՝ այդ անհասանելի գրքերին իսկապես նայելու պատմությունը համակ ուշադրությամբ լսեցի։ Մեր բոլորի կյանքում կան պահեր, երբ մարդիկ հասկանում են՝ այնպիսի բան է կատարվում, որ կյանքում երբեք չեն մոռանա․ տխուր անձրև էր գալիս։ Քելեբեքը կարծես տխրելով անձրևի համար՝ բռնել էր դաշույնը։ Լեյլեքը, ում զրահի մեջքը ալյուրից լրիվ ճերմակել էր, լամպը ձեռքին՝ խիզախորեն խորանում էր թեքքեի մեջ։ Թեքքեի պատերին ուրվականների պես ստվեր գցող վարպետ նկարիչներն իմ եղբայրներն էին, և որքան էի սիրում նրանց։ Ինձ երջանիկ էի զգում նկարիչ լինելու համար։
― Վարպետ Օսմանի հետ կողք կողքի նստելով՝ օրեր շարունակ հին վարպետների հրաշքներին նայելն ինչպիսի երջանկություն է, գիտե՞ք,― հարցրի Քարային։– Քեզ համբուրե՞լ է, շոյե՞լ է գեղեցիկ դեմքդ։ Ձեռքդ բռնե՞լ է, հիացե՞լ է քո տաղանդով, գիտելիքով։
― Վարպետ Օսմանը հին վարպետների հրաշքների մեջ ցույց տվեց քո ոճը,– ասաց Քարան։
― Նա սովորեցրել է, որ ոճը նկարիչն իր ցանկությամբ չի ընտրում. այն նկարչի անցյալի, մոռացված հիշողությունների թաքուն թերությունն է։ Մի ժամանակ մեզ մոռացվող և հին վարպետներից չբաժանելու համար թաքցվող այդ գաղտնի թերությունների, թուլությունների, ամոթի, ֆրանսիացի վարպետների ոճերի՝ ամբողջ աշխարհով մեկ տարածվելու մասին չէր խոսում։ Այժմ «սեփական յուրահատկություն», «ոճ» ասելով՝ իրեն գովաբանելով է հանդես գալիս։ Դրանից հետո թերություններով հպարտացող հիմարների պատճառով աշխարհն ավելի գունավոր, բայց իհարկե ավելի հիմար և, իհարկե, շատ ավելի թերի կլինի։
Իր ասածներին հպարտորեն հավատալը ցույց էր տալիս, որ Քարան այս նոր հիմարներից մեկն է։
― Վարպետ Օսմանը կարողացա՞վ պարզաբանել, թե ինչու եմ մեր սուլթանի գրքերի համար տարիներ շարունակ հարյուրավոր ձիերի ռունգերն ուղիղ գծել,― հարցրի ես։
― Մանկությունից ի վեր ձեզ տված սիրո և ծեծի պատճառով, և՛ ձեր հայրը, և՛ ձեր սիրելին լինելու պատճառով ինքն էլ չի հասկանում, որ բոլորիդ իրեն ու միմյանց է նմանեցնում։ Նա ցանկանում էր, որ ոչ թե դուք, այլ օսմանյան արվեստանոցը ոճ ունենա։ Դուք էլ ձեր ներսից եկող թերությունները, կաղապարից դուրս բաները, տարբերությունները նրա՝ ձեր հիացմունքն առաջացրած ստվերի պատճառով մոռանում եք։ Երբ որ դու վարպետ Օսմանի աչքից հեռու այլ գրքերի, այլ էջերի համար նկարեցիր, այդ ժամանակ այդ գրքերի մեջ տարիներ շարունակ գտնվող ձի նկարեցիր։
― Լուսահոգի հայրս հորից շատ ավելի խելացի էր,– ասացի ես։– Արվեստանոցում ոչ միայն վարպետ Օսմանի, այլև մյուս խիստ ու նյարդային վարպետների ծեծերից, գլխավոր վարպետի՝ մեզ մի բան բացատրելիս քանոնով հասցրած հարվածներից հետո, երբ տանն արտասվում էի և ասում, թե այլևս չեմ վերադառնա, ինձ ասաց, որ աշխարհում երկու տեսակի մարդիկ կան. առաջինը՝ մանկության տարիներին կերած ծեծից ընկճվողները։ Նրանք միշտ ընկճված են մնում, ասում էր լուսահոգի մայրս, որովհետև ծեծը սպանում է նրանց միջի սատանային։ Բացի այդ, այս ծեծերից իրենց առանց իրենց ներսի սատանային սպանելու, նրան վախեցնելով՝ դաստիարակող բախտավոր մարդիկ կան։ Նրանք էլ երբեք չեն մոռանում իրենց մանկության տարիների այդ վատ հուշը, բայց մայրս ասել էր, որ սա ոչ մեկին չասեմ, սատանայի հետ ապրելը սովորելու համար խորամանկ լինելը, անհայտն իմանալը, ընկերանալը, թշնամուն ճանաչելը, թիկունքում նյութվող դավերը ճիշտ ժամանակին զգալը և, ես ավելացնեմ՝ նկարելը բոլորից լավ են կարողանում։ Վարպետ Օսմանը մի ծառի ճյուղերը ներդաշնակորեն չնկարելուս համար ինձ այնպես ապտակեց, որ երբ դառն արցունք էի թափում, աչքիս առաջ մի անտառ երևաց։ Էջի ամենավերջի թերությունը չես տեսնում ասելով՝ բռունցքներով զայրացած խփում էր գլխիս, հետո անմիջապես հայելին ձեռքն էր վերցնում, որպեսզի ազատվեմ սովորությունիցս, էջի վրա փայտի կտոր էր դնում, այտը հենելով իմ այտին՝ հայելու մեջ էջի վրա հանկարծակի երևացող թերություններն ինձ մեկ առ մեկ այնպիսի սիրով էր ցույց տալիս, որ ես ոչ սերը, ոչ էլ մարմնի ջերմությունը երբեք չմոռացա։ Բոլորի առաջ ինձ կշտամբելով՝ թևիս քանոնով խփելու համար վիրավորված ինքնասիրությամբ արտասվածս գիշերվա առավոտյան այնպիսի սիրով էր համբուրում թևերս, որ անկեղծ հավատում էի՝ մի օր լեգենդար նկարիչ եմ դառնալու։ Այդ ձին ես չեմ նկարել։
― Փեսայիս սպանած անիծյալի գողացած վերջին նկարը մենք (Լեյլեքին նկատի ուներ) թեքքեում ենք փնտրելու։ Դու այդ վերջին նկարը տեսե՞լ ես։
― Ո՛չ մեր սուլթանի, ո՛չ էլ հին վարպետներին կապված նկարիչների, ո՛չ էլ կրոնին նվիրված մուսուլմանի համար ընդունելի բան չէր,― ասացի ես և լռեցի։
Այս խոսքս ավելի բացեց նրա ախորժակը։ Լեյլեքի հետ սկսեցին թեքքեն տակնուվրա անելով փնտրել։
Մի քանի անգամ միայն գործը հեշտացնելու համար գնացի նրանց մոտ։ Քանդվող առաստաղով դերվիշական սենյակներից մեկում հատակի փոսը ցույց տվեցի, որպեսզի և չընկնեն, և եթե ուզում են, խուզարկեն։ Երեսուն տարի առաջ թեքքեի ճամփորդները Բեքթաշիներին միանալով՝ հեռացան, ինչից հետո Բաբայից մնացած փոքրիկ սենյակի հսկայական բանալին ինձ հասավ։ Այն սենյակը, ուր հաճույքով մտան, տեսնելով, որ մի պատը չկա, որ անձրևն ուղիղներս է լցվում, անգամ չխուզարկեցին։ Ինձ դուր եկավ, որ Քելեբեքը նրանց չմիացավ, բայց զգում էի՝ եթե ինձ մեղադրելու համար մի ապացույց գտնվի, նա էլ կմիանա այդ երկուսին։ Վախենալով, որ վարպետ Օսմանը մեզ տանջողներին կհանձնի՝ Քարան ասաց, որ պետք է միմյանց աջակցենք, գանձապետի առաջ այս ուժով դուրս գանք։ Այդ պատճառով էին Քարան և Լեյլեքը մտերմացել։ Քարայի համար շարժիչ ուժ էր ոչ միայն փեսայի մարդասպանին գտնելով՝ գեղեցկուհի Շեքուրեին իսկական հարսանեկան նվեր անելը, այլ օսմանյան նկարիչներին դնել եվրոպական վարպետների ճանապարհին, և այսպիսով Էնիշթեի գիրքը մեր սուլթանից ստացած գումարով ֆրանսիացի վարպետներին կրկնօրինակությամբ (սա հայհոյանքից էլ ծիծաղելի էր) ավարտին հասցնել։ Իհարկե, հասկանում էի, որ այս դավերի արդյունքում գլխավոր նկարիչ դառնալը երազող (որովհետև բոլորը ենթադրում էին, որ վարպետ Օսմանը Քելեբեքին է ընտրելու), պաշտոնի համար ամեն ինչի պատրաստ Լեյլեքը մեզնից, անգամ վարպետ Օսմանից է ցանկանում ազատվել։ Մի պահ մտքերս խառնվեցին։ Անձրևի ձայնը լսելով՝ երկար մտածեցի։ Հետո ձիով անցնող սուլթանին և գլխավոր վեզիրին բազմության միջից դուրս եկած, խնդրագիրր տալ փորձող մեկի պես, բայց խոր ներշնչանքով մոտեցա Լեյլեքին ու Քարային։ Մութ միջանցքով, լայն դռնով նրանց անցկացնելով՝ մի ժամանակ խոհանոց եղած մի սարսափելի տեղ տարա։ Հարցրի՝ փլատակների մեջ մի բան գտե՞լ են, թե ոչ. իհարկե, չէին գտել։ Մի ժամանակ օտարների և աղքատների համար կերակուր պատրաստելիս օգտագործվող կաթսաներից, ամանեղենից, փուքսերից անգամ ոչ մի հետք չէր մնացել։ Սարդոստայններով, փոշով, ցեխով, շան, կատվի կղանքով ու փլատակներով ծածկված այս սարսափելի տեղը մաքրել անգամ չէի փորձել։ Ներսում ինչպես միշտ ուժեղ քամին պտտվելով՝ թուլացնում էր լամպի լույսը, մեր ստվերների գույներն էլ մգանում էին ու բացվում։
― Փնտրեցիք, բայց չգտաք իմ գաղտնի գանձարանը,– ասացի ես։ Երեսուն տարի առաջվա թոնրի փլատակների մեջ ձեռքով սովորության համաձայն մաքրեցի մոխիրները և ի հայտ եկած թոնրի երկաթե կափարիչը պոչից բռնելով՝ ճռռոցով բացեցի։ Լամպի լույսը պահեցի թոնրի փոքրիկ մուտքի մոտ։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Քարայից շուտ Լեյլեքը հարձակվեց ներսի կաշվե պարկերի վրա։ Հենց այդտեղ թոնրի մեջ կբացեր դրանք, բայց քանի որ ես մեծ սենյակ վերադարձա, Քարան էլ այստեղ մենակ մնալուց վախենալով՝ հետևեց ինձ, Լեյլեքն էլ բարակ, երկար ոտքերով միացավ մեզ։ Երբ տեսան, որ պարկից բրդե մաքուր գուլպաներս, գոտիս, կարմիր վարտիքս, ամենակոկիկ շապիկս, մետաքսե վերնաշապիկս, ածելիս, սանրս և այլ իրերս են դուրս գալիս, մի պահ չիմացան՝ ինչ անել։ Քարայի բացած մյուս ծանր պարկից հիսուներեք վենետիկյան ոսկի, վերջին տարիներին արվեստանոցից գողացածս ոսկե թերթերը, բոլորից թաքցրած նկարչական օրինակներով տետրս և էջերի միջից գողացված ոսկե թերթերը, անշնորհք նկարները, որոնց մի մասն ինձ էր պատկանում, մյուս մասը՝ այստեղից-այնտեղից էի հավաքել, սիրելի մորիցս որպես հուշ մնացած ագաթե մատանին և նրա մի բուռ ճերմակ մազը, ամենագեղեցիկ մատիտներս ու վրձիններս մեկ առ մեկ դուրս եկան։
― Եթե, ինչպես կարծում եք, մարդասպան լինեի,– ասացի հիմար հպարտությամբ,– իմ գաղտնի գանձարանից ոչ թե սրանք, այլ այդ վերջին նկարը դուրս կգար։
― Ինչո՞ւ սրանք դուրս եկան,― հարցրեց Լեյլեքը։
― Բոսթանջըբաշըի մարդիկ տունս խուզարկելիս, քո տան պես, ամբողջ կյանքում հավաքածս այս ոսկիներից երկուսն անամոթաբար իրենց գրպանը դրեցին։ Այդ ստոր մարդասպանի պատճառով մտածեցի, որ մեզ կրկին կխուզարկեն, և իրավացի էի։ Եթե այդ վերջին նկարն ինձ մոտ լիներ, այստեղ կլիներ։
Այս վերջին նախադասությունը սխալ էր, բայց զգում էի, որ հանգստացան, չէին վախենում, որ թեքքեի մի մութ անկյունում իրենց կոկորդը կկտրեմ։ Դուք էլ հավատացիք ինձ։
Բայց այս անգամ ես էի անհանգստացել, մանկության տարիներից ի վեր իմ ճանաչած նկարիչ ընկերներիս՝ երկար ժամանակ ժլատորեն գումար հավաքելս, ոսկի վերցնելով՝ թաքցնելս, ավելին՝ անշնորհք նկարներիս և մատյաններիս մասին իմանալով՝ դրանք տեսնելը չէր ինձ այսքան անհանգստացնողը։ Իրականում զղջում էի, որ այս ամենն իմ նկարիչ ընկերներին խուճապի պահին ցույց տվեցի։ Միայն այսպիսի կյանք վարողի գաղտնիքը կարող է այսքան հանգիստ բացահայտվել։
― Միևնույն է,– ասաց Քարան երկար ժամանակ անց,– եթե վարպետ Օսմանն առանց որևէ բան ասելու, առանց որևէ մեկին ցույց տալու մեզ անտարբեր հանձնի Բոսթանջըբաշըին, որոշենք, թե տանջանքների ժամանակ ինչ ենք ասելու։
Զգում էի, որ ոչ մի բանի մասին չենք մտածում, որ հոգնած ենք։ Լեյլեքը և Քելեբեքը լամպի թույլ լույսի տակ իմ մատյանի անշնորհք նկարներին էին նայում։ Ասես ոչնչի վրա ուշադրություն չէին դարձնում, անգամ սարսափեցնող երջանիկ էին։ Մի էջի նայելու համար, որը շատ լավ կարող էի ենթադրել, թե որն էր, ուժգին ցանկությամբ տեղիցս վեր կացա, երկուսի ետևում կանգնելով՝ իմ արած անշնորհք նկարին հեռուներում մնացած երջանիկ հուշի պես ոգևորությամբ ու լուռ նայեցի։ Քարան էլ էր միացել մեզ։ Այդ նկարին միասին, չորսով նայելը չգիտեմ ինչու՝ ինձ հանգստացնում էր։
― Կույրն ու տեսնողը կարո՞ղ են համեմատվել,– ասաց Լեյլեքը երկար ժամանակ անց։
Եթե մեր տեսածն անգամ անշնորհքություն լինի, Աստծու՝ մեզ շնորհած տեսնելու հաճույքը վեհ է։ Բայց Լեյլեքը այսպիսի բաներ չէր հասկանում, Ղուրան չէր կարդում։ Ղուրանի այս հայաթի՝ հերաթցի վարպետներից հաճախակի օգտագործվելու մասին գիտեի։ Մեծ վարպետներն այս խոսքն օգտագործում էին նկարելը՝ մեր կրոնի համաձայն արգելված լինելու, նկարիչների՝ մեծ դատաստանի օրը դժոխք ուղարկվելու սպառնալիքներ հնչեցրած թշնամիների դեմ։ Բայց մինչև այդ կախարդական պահը Քելեբեքի բերանից կարծես ինքն իրեն թռչող այս բառն ընդհանրապես չէի լսել։
― Կուզեի մի նկար անել, որի համաձայն՝ տեսնողն ու կույրը հավասար են։
― Տեսնողն ու կույրն ովքե՞ր են,– միամիտ ասաց Քարան։
― Տեսնողն ու կույրը չեն կարող հավասար լինել, դա նշանակում է «Վե մա յեսթեվի՛լ ամա վե՛լ բասիրու»,― ասաց Քելեբեքը և շարունակեց,― մութն ու լույսն էլ չեն կարող հավասար լինել։ Ստվերն ու մարդը չեն կարող հավասար լինել։ Եվ ապրողներն ու մահացածներն էլ չեն կարող հավասար լինել։
Մի պահ Զարիֆ էֆենդու, Էնիշթեի և այս երեկո սպանված մեր մեդդահ եղբոր ճակատագրից սարսափեցի։
Մյուսներն էլ ինձ պես վախեցե՞լ էին։ Երկար ժամանակ ոչ ոք տեղից չշարժվեց։ Լեյլեքը դեռ ձեռքին պահում էր իմ բաց տետրը, բայց չնայած նայում էր իմ նկարած անշնորհքություններին, կարծես չէր տեսնում։
― Ես էլ ուզում էի մեծ դատաստանի օրը նկարել,– ասաց Լեյլեքը։― Մահացածների կենդանանալը, մեղավորների և անմեղների՝ իրարից անջատվելը։ Բայց մեր Ղուրանն ինչո՞ւ չենք կարողանում նկարել։
Մեր երիտասարդ տարիքում արվեստանոցի նույն սենյակում աշխատելիս, ճիշտ ինչպես ծեր վարպետներն էին անում՝ աչքերը հանգստացնելու համար երբեմն մեր գլուխներս աշխատանքային տախտակներից, գրքի տախտակներից բարձրացնում և ահա այսպես սկսում էինք խոսել միտքը եկած լրիվ այլ թեմայից։
Այն ժամանակ էլ մեր խելքին փչած բաներից խոսելիս իրար չէինք նայում, այժմ մեր առաջ բացած դրել էինք տետրը, բայց չէինք նայում։ Որովհետև մեր աչքերը հանգստացնելու համար բաց պատուհանից դուրս էինք նայում։ Աշակերտության երջանիկ օրերի մի գեղեցկություն հիշելու ոգևորության, թե Ղուրանը երկար ժամանակ չկարդալու, այդ պահին անկեղծորեն զգացածս զղջման պատճառով, թե սրճարանում երեկոյան տեսածս մարդասպանության սարսափից, չգիտեմ, երբ հերթը հասավ ինձ, շփոթվեցի, սիրտս վտանգի ենթարկվածի պես արագ էր բախում և քանի որ մտքիս այլ բան չէր գալիս, այսպես ասացի.
― Բաքարաեսուրահի վերջում այս իմաստն ունեցող հայաթներ կան, ես ամենաշատը դրանք եմ ցանկանում նկարել. Աստված իմ, մեզ մեր մոռացածների և սխալների համար մի՛ դատիր։ Աստվա՛ծ իմ, մի՛ տուր դժվարություններ, որ մեր ուժերից վեր են։ Մեզ, մեր մեղքերը ներիր և մեղա՛։ Գթա՛ մեզ, տեր Աստված։
Մի պահ ձայնս կտրվեց և անսպասելի ամաչեցի թափվող արցունքներիցս։ Գուցե աշակերտության տարիներին մեզ պաշտպանելու, մեր զգացմուքայնությունը ցույց տալու համար միշտ պատրաստ ծաղրից վախենալուս պատճառով։
Կարծում էի՝ արցունքներս անմիջապես կդադարեն, բայց ինձ չկարողացա գսպել ու հեծկլտալով լաց եղա։ Արտասվելիս զգում էի, որ մյուսներից յուրաքանչյուրը եղբայրության, ընկճվածության ու տխրության զգացմունքով է պարուրվել։
Մեր սուլթանի արվեստանոցում արդեն եվրոպական ոճով կնկարեն, ոճերը և գրքերը, որոնց մեր ամբողջ կյանքն ենք նվիրել, աստիճանաբար կմոռացվեն, իրականում ամեն ինչ կավարտվի, և եթե էրզրումցիները մեզ չճնշեն, մեր սուլթանի տանջանքների հետևանքով հաշմանդամ կդառնանք... Բայց արտասվելիս սեփական հեծկլտոցներիս ու հոգոցներիս արանքում ինչպես շարունակում էի լսել անձրևի տխուր ձայնը, այնպես էլ, մյուս կողմից, զգում էի, որ իրականում իմ տխրության պատճառը դրանք չեն։ Մյուսները որքանո՞վ էին նկատում դա։ Ե՛վ անկեղծ արտասվում էի, և՛ կեղծ արտասվելուս համար որոշակիորեն մեղավոր էի զգում ինձ։
Քելեբեքը մոտեցավ ինձ, ձեռքը դրեց ուսիս, շոյեց գլուխս, համբուրեց այտս, գեղեցիկ բառեր ասաց։ Այս ընկերությունը ստիպեց ինձ ավելի անկեղծ ու մեղավոր արտասվել։ Չէի կարողանում նայել նրա երեսին, բայց չգիտեմ ինչու՝ նրա արտասվելն էլ սխալ մեկնաբանեցի։ Միասին նստեցինք։ Հիշեցինք, թե ինչպես նույն տարում որպես աշակերտ եկանք արվեստանոց, մեր մայրերից հեռանալով՝ այլ կյանք սկսելու տարօրինակ տխրությունը, դեռ առաջին օրվանից մեր ստացած ծեծի ցավը, գանձապետից եկած առաջին նվերների ուրախությունը, վազելով տուն վերադառնալու մեր օրերն ահա այսպես հիշեցինք։ Սկզբում միայն նա էր պատմում, ես տխուր լսում էի, բայց հետո ընկերական զրույցին Լեյլեքը, իսկ ավելի ուշ՝ մեր աշակերտության առաջին տարիներին մի պահ արվեստանոց մտնող-ելնող Քարայի միանալուն պես մոռացա, որ քիչ առաջ լալիս էի, և սկսեցի նրանց հետ ծիծաղել ու պատմել։
Հիշեցինք, թե ինչպես էին ձմեռվա առավոտները աշակերտները, վաղ արթնանալով, արվեստանոցի ամենամեծ վառարանը վառում, տաք ջրով հատակը մաքրում։ Թե ինչպես ամբողջ օրը մի ծառի տերևը միայն նկարելու ներշնչանքից էլ զուրկ ու զգուշավոր մի լուսահոգի հին «վարպետ»՝ տեսնելով, որ այդ տերևի փոխարեն բաց պատուհանից երևացող գարնան ծառերի կանաչ տերևներին ենք կրկին նայում՝ ասում էր՝ «այնտեղ մի՛ նայեք, այստեղ նայեք», մեզ առանց ծեծելու՝ հարյուրերորդ անգամ կշտամբում էր։ Չափազանց շատ աշխատելու պատճառով շեղաչք դառնալով՝ տուն ուղարկվող նիհար աշակերտի՝ կապոցը ձեռքին դեպի դուռը քայլելիս ամբողջ արվեստանոցում լսվող լացի ձայնը հիշեցինք։ Հետո աչքիս առաջ կենդանացավ մի էջ, որի վրա երեք նկարիչ վեց ամիս աշխատել Էին (Շիրվանի ճանապարհին՝ Քընըք գետի ափին սովահար օսմանյան բանակի՝ Էրեշը գրավելուն պես հաց ուտելը)։ Հիշեցի՝ ինչպես հաճույքով հետևեցինք, թե ճաքած թուջե թանաքամանից մահացու կարմիրն ինչպես ծանր թափվեց նկարի վրա (որովհետև դա ընդհանրապես մեր մեղքը չէր)։ Իր հաղթանակներին, ուժին, հարստությանը վայել՝ ճիշտ մեր սուլթանի որսորդական տան պես իր տան առաստաղը զարդարել ցանկացող յոթանասուն տարեկան փաշայի ամենագեղեցիկ կնոջը՝ չերքեզ հանըմին մեր երեքի սիրահարվելուց նրբությամբ, հարգանքով խոսեցինք։ Ձմեռվա առավոտները, որպեսզի թղթերը գոլորշուց չփափկեին, կիսաբաց դռան շեմին ոսպով սուպ ուտելու հաճույքից էլ կարոտով խոսեցինք։ Մեր վարպետի ճնշման տակ աշակերտության համար հեռու տեղ գնալով՝ արվեստանոցի ընկերներից և վարպետներից հեռանալու տխրությունից էլ խոսեցինք։ Մի պահ աչքերիս առաջ իմ սիրելի Քելեբեքի՝ տասնվեց տարեկան հասակում այդ ամենաքաղցր վիճակը հիշեցի, երբ մի ամառային օր բաց պատուհանից արևը լուսավորում էր նրա մեղրագույն թևերը, ձեռքի ծովախեցու կնիքն արագ պտտելով՝ թուղթն էր փայլեցնում։ Մտասուզված այս գործն անելիս մի պահ կանգ էր առնում, թղթի մի թերությանն աչքերը մոտեցնելով՝ ուշադիր ուսումնասիրում էր, մի քանի տարբեր շարժումով այդ կետը մշակելուց հետո կրկին նախկին վիճակին էր վերադառնում, ձեռքն արագ վերևներքև անելիս երազանքների գիրկն ընկնելով՝ պատուհանից դուրս էր նայում։ Այն, ինչ երբեք չեմ մոռանա, ավելի ուշ, երբ ես դեռ պատուհանից դուրս էի նայում, բոլորը աչքերը հառեցին իմ աչքերի մեջ։ Այդ հայացքը միայն մի իմաստ ուներ, որը գիտեին բոլոր նկարիչները. եթե չերազես, ժամանակն ընդհանրապես չի անցնի։
== 58. Ինձ մարդասպան կկոչեն ==
Ինձ մոռացել եք, չէ՞։ Գոնե ձեզնից չթաքցնեմ, որ այստեղ եմ։ Որովհետև իմ մեջ աստիճանաբար բարձրացող ձայնով խոսելն ինձ համար անհրաժեշտություն է։ Երբեմն ինձ վրա շատ եմ ճնշում գործադրում և կարծում եմ, որ ձայնս ինձ կմատնի։ Երբեմն հանձնվում եմ, այդ պահին հավանաբար իմ ինքնությունը ցույց տվող այնպիսի բառեր եմ ասում, որ նկատում եք։ Ձեռքերս դողում են, ճակատիս քրտինքի կաթիլներ են հայտնվում, և անմիջապես հասկանում եմ, որ սրանք էլ են նոր նշաններ։ Մինչդեռ այստեղ շատ երջանիկ եմ։ Իմ նկարիչ եղբայրների հետ նստած միմյանց մխիթարելով քսանհինգ տարվա հիշողություններս հիշելիս ոչ թե թշնամանքը, այլ նկարչության գեղեցկություններն ու հաճույքն էի հիշում։ Աշխարհի մոտալուտ կործանման զգացողությամբ նստելով, թաց աչքերով իրար նայելով՝ հինգ գեղեցիկ օրերը հիշելու մեջ հարեմի կանանց հատուկ մի բան էլ կար։
Այս համեմատությունը Թեմուրի որդիների պատմությունը գրելիս Շիրազի, Հերաթի հին վարպետների պատմությունները պատմող Քիրմանցի Էբու Սաիդից եմ վերցրել։ Հարյուր հիսուն տարի առաջ Քարաքոյունլու կառավարիչ Ջիհան շահը իրար հետ պատերազմող Թեմուրի ցեղից խաների, շահերի փոքրիկ բանակների և նրանց երկրները պարտության մատնելով, ավիրելով, հաղթանակած թուրքմեն բանակների հետ ամբողջ Իրանն անցնելով՝ գալիս է Արևելք, ամենավերջում Թեմուրի որդի շահ Րուհի թոռանը Իբրահիմին Էսթերբադում հաղթելով՝ Գուգանը գրավում է և բանակը շարժում դեպի Հերաթի ամրոց։ Համաձայն քիրմանցի պատմիչի՝ ոչ միայն Իրան, այլև Հնդկաստանից մինչև Բյուզանդիա՝ աշխարհի կեսը կես դար կառավարող Թեմուրի ցեղի անպարտ ուժի վրա իջած մեծ հարվածն այնպիսի սարսափ ու ավերածություններ էր առաջացրել, որ շրջափակման մեջ ընկած Հերաթի ամրոցում խառնաշփոթ էր։ Պատմիչ Էբու Սաիդն այժմ տարօրինակ հաճույքով գրում էր, որ ամրոցներն անցել են Քարաքոյունլու Ջիհան շահի ձեռքը, Թեմուրի ցեղից բոլորին դաժանորեն սպանել են, շահերը, արքայազնները հարեմներում կանանց ընտրելով՝ սեփական հարեմ են տանում, նկարիչներին իրարից բաժանելով՝ մեծ մասին սեփական վարպետների մոտ կրկին որպես աշակերտ են անխղճորեն տալիս, ապա պատմում է ամրոցի աշտարակներում թշնամուն նետել փորձող շահի և զինվորների մասին, արվեստանոցում գրիչների ուներկերի միջև, պաշարման մեջ ընկած, արդեն վաղուց հայտնի սարսափելի վախճանին սպասող նկարիչների մասին, մեկ առ մեկ տալիս է նրանց անունները և ասում, որ ամբողջ աշխարհը նրանց ճանաչում էր, բայց հիմա բոլոր մոռացված նկարիչները հարեմի կանանց պես միմյանց փաթաթավելով արտասվելուց, հին գեղեցիկ օրերը հիշելուց բացի ուրիշ ոչինչ չեն անում։
Մենք էլ հարեմի տխուր կանանց պես հիշեցինք, որ հնում սուլթանը մեզ ավելի անկեղծ սեր էր ցուցաբերում, տոն օրերին մեզ նախշազարդ, գունավոր տուփ, հայելի և ամաններ, ջայլամի նախշած ձվեր, կտրտած թղթերից պատրաստած աշխատանքներ, զվարճալի թղթապանակներ, խաղաքարտեր ու գրքերն ընդունելուց հետո մորթե շապիկներ, փողով լի քսակներ էր տալիս։ Այդ օրերի աշխատասեր, տառապած և քչով բավարարվող ծեր նկարիչները հիմա ո՞ւր են։ Որպեսզի չնախանձեն և հայտնի չդառնա, որ դրսում աշխատանք են անում, անհանգստությունից իրենց տներում չէին փակվում, ամեն օր գնում էին արվեստանոց։
Ո՞ւր են ամբողջ կյանքը նկարներին, պալատի պատերի նուրբ զարդանախշերին, իրարից միայն երկար նայելու դեպքում տարբերվող սոճիների տերևներին և էջի դատարկ մասերին, յոթ տերևանի տափաստանային խոտերին համեստորեն նվիրված ծեր նկարիչները։ Երբ Աստված մեկին միայն ընդունակություն ու տաղանդ շնորհեց, ոմանց էլ միայն համբերություն ու հույս տվեց, ո՞ւր են դա իմաստ և արդարություն կոչող, երբեք չնախանձող միջակ վարպետները ո՞ւր են։ Սապատավոր և անընդհատ ժպտացող, երազկոտ ու հարբած, տանը մնացած աղջկան մեզ հետ ամուսնացնել փորձող այդ հետաքրքրասեր վարպետներին հիշելով՝ աշակերտության և վարպետության առաջին տարիների արվեստանոցի մոռացված մանրամասները փորձեցինք կենդանացնել։
Մի քանոնագիր ունեինք, որ քանոնով աջ կողմի թուղթը գծելիս լեզվով ձախ այտն էր լպստում, ձախ էջը գծելիս՝ աջ այտը։ Շատ ներկ օգտագործելիս «վայ, համբերություն, համբերություն, համբերություն» ասելով՝ փոքր քրքջոցներով ինքն իրեն ծիծաղող երիտասարդ, խոշորամարմին նկարիչ կար։ Յոթանասուն տարեկան գրիչ վարպետ կար, որ ներքնահարկի կազմարարի աշակերտների հետ ժամերով խոսում էր ու պնդում, որ եթե կարմիր թանաքը մարդու ճակատին քսես, հետք չի մնա։ Մի ջղային վարպետ կար, որ ներկի թանձրությունը տեսնելու համար իր ձեռքի բոլոր եղունգներին էր քսում, աշակերտներից մեկին, անգամ ցանկացած մեկին պատահական կանգնեցնելով՝ նրանց եղունգներին ներկ էր քսում։ Գրելուց առաջացած ոսկե փոշին մաքրելու համար օգտագործվող ճագարի մազերի պես մորուքը շոյելով մեզ ծիծաղեցնող գեր նկարիչ կար, դե, ո՞ւր են նրանք։ Տարիներ շարունակ օգտագործվելով՝ աշակերտների մարմնի մի մասը համարվող, ապա դեն նետված գրակալները, տախտակները, աշակերտների՝ որպես թուր օգտագործելով փչացրած թղթի երկար մկրատները, գրատախտակները, որոնց վրա, չխառնելու համար, մեծ վարպետների հրամանով մեր անուններն էինք գրել, չինական թանաքի հրաշալի հոտը, լռության մեջ լսվող սուրճի բաժակների չխչխկոցները, մեր մոխրագույն կատուն, որի ձագերի ականջների ու ծոծրակի մազերից ամեն ամառ տարբեր տեսակի վրձիններ էին սարքում, առատորեն բաժանվող շերտ-շերտ հնդկական թղթերը, մեծ սխալ գործելիս (որպեսզի ամբողջ արվեստանոցը դաս առնի) գլխավոր նկարչի թույլտվությամբ օգտագործվող պողպատե պոչով խրատ տալու սրիչը և այս սխալների արարողությունները հիմա ո՞ւր են։ Խոսեցինք, որ մեր սուլթանի՝ վարպետ նկարիչներին տանն աշխատելու իրավունք տալը մեկ այլ սխալ էր։ Վաղ սկսված ձմռան երեկոներին լամպի ու մոմի լույսի տակ աչքերի ցավով աշխատելուց հետո պալատական խոհանոցից եկող ընտիր տաք հալվա վերցնելու մասին խոսեցինք։ Դողէրոցքով հիվանդ, թուղթ, մատիտ վերցնել չկարողացող ծեր ու մոռացկոտ գրիչ վարպետի՝ ամիսը մեկ արվեստանոց այցելության ժամանակ բերած՝ դստեր՝ մեզ՝ աշակերտներիս համար կարմրացրած քաղցրավենիքը արտասվալից ժպիտով հիշեցինք։ Վարպետ Օսմանից առաջ գլխավոր նկարիչ մեծ վարպետ Քարա Մեմիի հուղարկավորությունից հետո օրերով դատարկ մնացած սենյակը հանձնելուց հետո ներքնակի տակից (որը լուսահոգի վարպետր ցերեկները փռում էր հատակին) դուրս եկած թղթապանակի թղթերի մեջ տեսած նրա հիանալի էջերի մասին խոսեցինք։
Խոսեցինք, որ եթե Քարա Մեմիի պես, մենք էլ մի բանով հպարտանայինք, կկրկնօրինակեինք այն, երբեմն հանելով՝ կնայեինք այդ էջերին։ Խոսեցինք այն մասին, որ «Հյուներնամեի» համար նկարված պալատի վերևում երկինքը ոսկեջրով էր ներկվել այդ պատճառով ոսկին ինքնաբերաբար այլ, ինչպես պետք է լինի ճիշտ նկարի մեջ, գույնից, գմբեթների, աշտարակների և սոճիների միջև աշխարհի վերջը հիշեցնող տեսարան էր ստացվել։
Երբ մեր մարգարեն՝ ուսերին մեկական հրեշտակ՝ երկինք էր բարձրանում, թևատակից բռնեց մեր սուլթանին։ Սուլթանի՝ իրեն տարօրինակ զգալը, խուտուտ առնելն այնքան լուրջ գույներով էր պատկերվել, որ փոքր երեխաներն անգամ այդ սուրբ տեսարանին նայելով՝ նախ հավատով սարսափում, հետո իրենք էլ ասես խուտուտ զգալով՝ հարգանքով ծիծաղում էին։ Ես պատմեցի նախկին գլխավոր վեզիր փաշայի՝ սար բարձրացած ապստամբներին ճնշելիս կտրած գլուխներին՝ իմ նկարած էջի անկյունում նրբորեն և հարգանքով շարելով՝ կտրված վզերին կարմիր ներկ քսելու՝ մահվան առաջ խոժոռված հոնքերը, կյանքի իմաստը հարցնող տխուր շրթունքները, հուսահատ վերջին շունչը քաշող քթերը և կյանքի առաջ փակված աչքերը մեկ առ մեկ խնամքով և ֆրանսիացի դիմանկարչի պես ոչ թե սովորական մահացածի գլխի, այլ մյուսներից տարբերվող դեմքի պես ճաշակով նկարելու, այսպիսով՝ նկարին սարսափելի խորհրդավոր ոճ հաղորդելու մասին։ Ամենասիրածս սիրո և պատերազմի տեսարաններին ամենահիանալի գեղեցկուհիներին և հուզող նրբություններն ահա այս ճանապարհով հիշելով՝ նրանցից անմոռանալի և անհասանելի հուշերի պես կարոտով խոսեցինք։ Մեր աչքերի առջևով աստղալից գիշերներում սիրահարների հանդիպած դատարկ և խորհրդավոր այգիներ անցան, գարնանային ծառեր, հեքիաթային թռչուններ, կանգ առած ժամանակ... Մեր մղձավանջների պես մոտիկ ու սարսափելի, կանանց մասնակցությամբ պատերազմներ երևակայեցինք, երկու կես եղած ռազմիկներ, արյունոտ զրահների մեջ ձիեր, միմյանց դաշունահարող գեղեցիկ, ծեր մարդիկ, տեղի ունեցողին պատուհանից հետևող փոքրիկ բերանով, փոքրիկ ձեռքերով, շեղաչք, խոնարհ կանայք տեսանք... Հպարտ և գոհ գեղեցիկ տղաներին, գեղեցիկ շահերի և խաների հետ նրանց վաղուց փլված պետությունը և պալատները հիշեցինք։ Ճիշտ այդ շահերի հարեմում արտասվող կանանց պես մենք էլ հասկանում էինք, որ կյանքից հեռանում ենք, բայց նրանց պես լեգենդա՞ր էինք դառնում։ Մահից էլ սարսափելի՝ մոռացվելու սարսափի ստվերից չվախենալու համար միմյանց հարցրինք մեր ամենասիրած մահվան տեսարանների մասին։
Դեհհակի՝ սատանայից խաբվելով՝ հոր սպանությունը հիշեցինք անմիջապես։ «Շահնամեի» սկզբում պատմվող այդ լեգենդը պետք չէր բացատրել, քանի որ մի ժամանակ աշխարհը դեռ նոր էր ստեղծվել, ամեն ինչ այնքա՜ն պարզ էր։
Եթե կաթ ես ուզում, պետք է այծ կթես, եթե ձի, պետք է հեծնես ու գնաս, վատությունը, մտածմունքը, սատանան կգա, քեզ հորդ սպանության, գեղեցկության մասին կպատմի։ Դեհհակի՝ արաբ հայր Մերդասին սպանելը գեղեցիկ էր և այն պատճառով, որ անհիմն էր, և որովհետև սպանության գիշերը հիանալի պալատի այգում ոսկե աստղերը, սոճիները և գույնզգույն գարնանային ծաղիկները լույս էին արձակում։ Լեգենդար Ռոստամի՝ թշնամու բանակը ղեկավարող որդի Սոհրաբի հետ երեք օր միմյանց խեղդելուց հետո առանց որդի ունենալս իմանալու՝ նրան սպանելու մասին հիշեցինք հետո։ Հետո բռունցքներով կուրծքը ծվատող, տարիներ առաջ Սոհրաբի մորը տված թևնոցից որդի ունենալը հասկացող Ռոստամի արցունքախեղդ իրեն մեղադրելիս բոլորիս հուզող մի բան կար։ Ի՞նչ։
Նաձրևը թեքքեի տանիքին դեռ տխուր կաթկթում էր, ես ետուառաջ էի քայլում, երբ այսպես ասացի.
― Կամ մեր հայրը՝ մեր վարպետ Օսմանը, մեզ դավաճանաբար կսպանի, կամ էլ մենք՝ դավաճանաբար՝ նրան։
Որովհետև իմ ասածը ճիշտ էր, սարսափեցինք ու լռեցինք։ Ետուառաջ քայլելիս ամեն ինչ հին վիճակին վերադարձնելու անհանգստությամբ այսպես էի ասում ինքս ինձ. «Աֆրասյաբի՝ Սիավուշին սպանելու մասին պատմեմ, որ փոխենք թեման»։ Բայց դա այնպիսի դավաճանություն է, որ չեմ վախենում։ Պատմիր Խոսրովի սպանության մասին։ Լա՛վ, բայց Ֆիրդուսու «Շահնամեում» պատմածի՞, թե՞ Նիզամիի՝ «Խոսրով և Շիրինում» պատմածի պես։ «Շահնամեում» տխրեցնողն այն է, որ երբ մարդասպանը մտնում է սենյակ, Խոսրովը արտասվելով հասկանում է, թե ով է եկողը։ Որպես վերջին ճիգ կողքին նստած որդուն ասում է՝ ես նամազ անեմ, գնա ինձ ջուր, օճառ, մաքուր հագուստ ու գորգ բեր, նրան ճանապարհում է, բայց միամիտ որդին չի հասկանում, որ իրեն օգնության համար են ուղարկում, այլ իսկապես հրամայածները բերելու է գնում։ Խոսրովի հետ սենյակում մենակ մնալուն պես մարդասպանի առաջին գործը դուռը ներսից փակելն է լինում։ «Շահնամեի» այս վերջին տեսարանում բանսարկուների գտած մարդասպանին Ֆիրդուսին զզվանքով է նկարագրում, վատ հոտով, մազոտ, հաստ փորով։
Ետուառաջ քայլելիս գլուխս լի էր բառերով, բայց ասես երազում՝ ձայնս չէի կարողանում բարձրացնել։
Ինչպես երազում՝ մյուսների շշնջոցները, իմ մասին թշնամաբար խոսելն այդ ժամանակ զգացի։
Հանկարծ երեքով հարձակվեցին վրաս։ Ոտքերս այնքան արագ կտրվեցին գետնից, որ չորսս միասին ընկանք հատակին։ Հատակին իրար հետ կռվեցինք, սկսեցինք իրար խեղդել, բայց երկար չտևեց։ Ես մեջքիս ընկած՝ մնացի տակը, նրանք էլ բարձրացան վրաս։
Մեկը նստեց ծնկներիս։ Մյուսը՝ աջ ձեռքիս։ Քարան ծնկները սեղմեց ուսերիս, հետույքով նստեց փորիս ու կրծքիս միջև։ Այս վիճակում ընդհանրապես չէի կարողանում շարժվել։ Բոլորս զարմացած էինք, շնչակտուր։ Սա հիշեցի, լուսահոգի հորեղբայրս ինձնից երկու տարով մեծ զզվելի որդի ուներ, հուսով եմ՝ քարավանի վրա հարձակվելիս նրան բռնել ու արդեն վաղուց գլուխը կտրել են։ Այդ նախանձը իրենից ավելի գիտակ, ավելի խելացի և նրբանկատ լինելս զգալով՝ մի պատրվակով սկսեց կռվել, եթե չէր ստացվում, ասում էր՝ կոխ բռնենք, ինձ արագ տապալելով՝ ծնկները նույն կերպ սեղմելով ուսերիս՝ աչքերն աչքերիս էր հառում, ինչպես Քարան է հիմա անում, շրթունքների միջև թուքը պտտեցնում էր, այն աստիճանաբար մեծանում էր ու կախվում աչքերիս վրա, երբ զզվանքով մտածում էի, որ կթափվի վրաս, գլուխս փորձում էի թեքել, և նա դրանից շատ էր զվարճանում։ Քարան ասաց, որ ոչինչ չթաքցնեմ։ Ո՞ւր է վերջին նկարը։ Խոստովանիր։
Երկու բանի համար էի խեղդող տխրություն ու զայրույթ զգում, ավելի շուտ չէի նկատել, որ նրանց միջև նախօրոք պայմանավորվածություն չի եղել և զուր այդքան խոսել էի, ու նրանց նախանձը զգալով՝ ավելի շուտ այստեղից չփախչելուս համար։
Քարան ասաց, որ եթե վերջին նկարը չտամ, կոկորդս կկտրի։ Ծիծաղելի է։ Շրթունքներս այնքան ամուր էի սեղմել, ասես եթե բացեի, ճշմարտությունը կփախչեր։ Ոչինչ չի մնում անելու՝ մյուս կողմից էլ մտածում էի ես։ Իրար հետ կպայմանավորվեին, ինձ որպես մարդասպան գանձապետին կհանձնեին ու կազատվեին այս գործից։ Իմ միակ հույսն այն էր, որ վարպետ Օսմանն ուրիշ մեկին, ուրիշ կետ ցույց կտար, բայց նրա մասին Քարայի ասածները ճի՞շտ էին։ Կարո՞ղ էին այստեղ ինձ սպանել, հետո ինձ մեղադրել։
Դաշույնը սեղմեցին կոկորդիս։ Դաշույնը սո՞ւր էր։ Մի ապտակ հասցրին։ Դա ինձ ուժ տվեց։ Ամբողջ կյանքում ակնհայտորեն ամենալավ ներկը քսած, ամենագեղեցիկ գիծը նկարած, ամենագեղեցիկ նկարն արած աշակերտի՝ իմ հանդեպ աշակերտության տարիներից ի վեր զգացած նախանձն արդեն չէին թաքցնում։ Նրանց սիրում էի ինձ այսքան նախանձելու համար։
ժպտացի իմ սիրելի եղբայրներին։
Մեկը, չեմ ուզում իմանաք, թե նրանցից որն արեց այս խայտառակությունը. երկար ժամանակ կարոտած սիրելիին համբուրելու պես ինձ կրքոտ համբուրեց։ Մյուսները լամպի լույսի տակ նայում էին։ Ես էլ իմ սիրելի եղբոր համբույրին պատասխանեցի։ Քանի որ ամեն ինչ ավարտին է մոտենում, թող բոլորն իմանան, որ ամենագեղեցիկ նկարը ես եմ նկարում։ Գտեք իմ նկարները, նայեք։
Համբույրին պատասխանելս կարծես նրան շատ էր զայրացրել, սկսեց ծեծել ինձ։ Բայց մյուսները բռնեցին նրան։ Անորոշության մեջ Էին։ Քարային զայրացրեց այն, որ սկսեցին իրար հրել։ Կարծես ոչ թե ինձ վրա էին զայրանում, այլ այն ուղղության վրա, որով գնում էր իրենց կյանքը, այդ պատճառով իրենց վրեժը ցանկանում էին ամբողջ աշխարհից ու բոլորից առնել։
Քարան գոտու միջից ինչ-որ բան հանեց, սուր ծայրով երկար ասեղ։ Մոտեցրեց աչքիս, այնպիսի շարժում արեց, ասես աչքս է խրելու։
― Վարպետաց վարպետ մեծ Բեհզադն ութսուն տարի առաջ, երբ Հերաթն ընկնում էր, հասկացավ, որ ամեն ինչ ավարտվում է, և որպեսզի ոչ ոք չստիպի իրեն այլ կերպ նկարել, պատվով իրեն կուրացրեց,― ասաց նա։– Այս ասեղն աչքը խրելուց հետո Աստծու հիանալի մթությունը դանդաղ իջավ սիրելի ծառայի՝ այդ տաղանդավոր նկարչի աչքերին։ Արդեն կույր ու գինովցած Բեհզադի հետ Հերաթից Թավրիզ անցած այս ասեղը շահ Թահմասփի՝ մեր սուլթանի հորը որպես նվեր ուղարկած այդ լեգենդար «Շահնամեի» հետ հասավ այստեղ։ Վարպետ Օսմանը նախ չկարողացավ հասկանալ, թե դա ինչու է ուղարկվել։ Բայց այս դաժան նվերի թաքուն վատ ցանկությունն ու իրավացի տրամաբանությունն էլ տեսավ այսօր։ Տեսնելով, որ մեր սուլթանը ցանկանում է իր դիմանկարը եվրոպացի վարպետների ոճով արվի, և որ իր սեփական սիրելի երեխաները՝ դուք, նրան դավաճանել եք, վարպետ Օսմանը երեկ գիշեր գանձարանում ճիշտ Բեհզադի պես այս ասեղը խրեց աչքը։ Հիմա արվեստանոցը, որին իր ամբողջ կյանքն էր նվիրել, փլուզման տանող քեզ՝ անիծյալիդ, եթե կուրացնեմ, ի՞նչ կլինի։
― Ինձ կուրացնես էլ, չկուրացնես էլ, արդեն այստեղ հանգիստ չենք կարողանա ապրել,― ասացի ես։–– Վարպետ Օսմանն իսկապես կկուրանա կամ կմահանա, իսկ մենք եվրոպական ազդեցության տակ, ինչպես ցանկանում ենք, մեր բոլոր թերություններով և էությամբ նկարելով, եթե ունենանք մեր ոճը, մեզ կնմանվենք, բայց մենք չենք լինի։ Եթե ասենք ոչ, հին վարպետների պես ենք նկարելու, միայն նրանց պես կնկարենք, մենք կլինենք, բայց անգամ վարպետ Օսմանին թիկունք դարձրած սուլթանը մեր փոխարեն ուրիշներին կգտնի։ Մեզ արդեն ոչ ոք չի էլ նայի, միայն կխղճան։ Սրճարանի վրա հարձակվելն էլ այս ամենին կավելանա, որովհետև այս իրադարձության կեսը քարոզիչ էֆենդուն վատաբանած մեզ՝ նկարիչներիս վրա են բարդելու, իհարկե։
Որքան էլ փորձեցի բացատրել, որ իրար դեմ թշնամանալը ոչ մի օգուտ չի բերի, չստացվեց։ Նպատակ չունեին ինձ լսելու. անհանգիստ էին, հավատում էին, որ եթե մինչև առավոտ, անկախ նրանից՝ ճիշտ, թե սխալ, արագ որոշեն, թե ով է մեղավորը, ամեն ինչ կհարթվի, տառապանքների չեն ենթարկվի և արվեստանոցում էլ ամեն ինչ նախկինի պես կլինի։
Բայց միևնույն է՝ Քարայի սպառնալիքները մյուս երկուսին դուր չէին գալիս։ Իսկ եթե պարզվի, որ ուրիշ մեկն է մեղավոր, ինձ իզուր կուրացնելը մեր սուլթանի ականջի՞ն հասնի։ Քարայի՝ վարպետ Օսմանի հետ մտերմությունը և դրա մասին բացահայտ խոսելն էլ էր նրանց վախեցնում։ Քարայի ուղեղը մթագնած զայրույթով անընդհատ աչքիս առաջ պահած ասեղը փորձեցին հեռացնել։ Երբ ասեղը վերցնում էին, Քարան մի պահ տագնապեց, թե մենք երեքս ինչ-որ պայմանավորվածություն ունենք։ Հրմշտոց եղավ։ Աչքերիս առաջ ասեղով պայքարից փախչելու համար միայն ծնոտս բարձրացնելով՝ կարողանում էի գլուխս ետ նետել։
Հետո ամեն բան այնքան արագ եղավ, առաջին պահին անգամ չհասկացա, թե ինչ է կատարվում, աջ աչքիս մեջ սուր, բայց թեթև ցավ զգացի, մի պահ ճակատս թմրեց։ Հետո ամեն ինչ նախկին վիճակին վերադարձավ, բայց վախեցել էի։ Լամպը հեռացրել էին, բայց պարզ տեսա, թե ինչպես է ասեղը համառորեն մտնում ձախ աչքս։ Մեկը Քարայի ձեռքից ասեղը խլեց, այս անգամ ավելի ուշադիր ու բծախնդիր էր։ Հասկանալով, որ ասեղը մտնում է աչքիս մեջ, չշարժվեցի, նույն այրոցը զգացի։ Ճակատիս թմրածությունը կարծես տարածվեց ամբողջ գլխիս վրա, երբ ասեղը աչքիցս հանեցին, անցավ։ Հիմա մեկ աչքերիս էին նայում, մեկ ասեղի ծայրին։ Կարծես վստահ չէին այդ ամենին։ Երբ հասկացան, թե ինչ է կատարվում, հրմշտոցը դադարեց, թևերիս ծանրությունը թեթևացավ։
Ոռնալու պես սկսեցի բղավել։ Ոչ թե ցավից, այլ իմ գլխին եկածի սարսափը գիտակցելուց։
Չգիտեմ՝ որքան բղավեցի։ Սկզբում զգացի, որ բղավոցս ոչ միայն ինձ, նրանց էլ հանգստացրեց։ Իմ ձայնը մեզ միացնում էր իրար։ Սակայն բղավոցս երկարելուն պես տեսա, որ սկսեցին անհանգստանալ։ Դեռ ցավ չէի զգում։ Սակայն չէի կարողանում մոռանալ, որ երկու աչքիս մեջ էլ մտել է այդ ասեղը։ Բայց դեռ չէի կուրացել։ Ինձ սարսափով ու տխրությամբ հետևելը և թեքքեի առաստաղին անորոշ գողացող ստվերները դեռ կարողանում էի տեսնել, փա՜ռք Աստծու։ Դա ինձ և՛ ուրախացնում էր, և՛ անհանգստացնում։
― Բա՛ց թողեք,– գոռացի։― Թողեք տեսնեմ ամեն ինչ, խնդրում եմ։
― Անմիջապես պատմիր,― ասաց Քարան։– Զարիֆ էֆենդուն ինչպե՞ս հանդիպեցիր այդ գիշեր։ Այդ դեպքում կթողնենք քեզ։
― Սրճարանից տուն էի վերադառնում, խեղճ Զարիֆ էֆենդուն տեսա։ Անհանգիստ էր, շատ հոգնած էր երևում։ Սկզբում խղճացի։ Բայց հիմա բաց թողեք ինձ, հետո կպատմեմ։ Աչքերիս առաջ սևանում է։
― Անմիջապես չի սևանում,― հոգնած ասաց Քարան։– Վարպետ Օսմանը կտրված ռունգերով ձիուն գտել է ասեղից վնասված աչքերով, հավատա՛ ինձ։
― Խեղճ Զարիֆ էֆենդին ասաց, որ ուզում է ինձ հետ խոսել, միայն ինձ է վստահում։
Բայց այդ պահին ոչ թե նրան, այլ ինձ էի խղճում։
― Մինչև արյունը աչքերի մեջ լցվելը եթե պատմես, առավոտյան աշխարհը վերջին անգամ ուզածիդ չափ կարող ես տեսնել,– ասաց Քարան։– Տես, անձրևը դադարում է։
― Նրան ասացի՝ վերադառնանք սրճարան, բայց ասաց, որ այդ վայրը չի սիրում, անմիջապես հասկացա, որ վախենում է։ Մեր աշակերտության տարիներից ի վեր, քսանհինգ տարի միասին նկարելուց հետո առաջին անգամ զգացի, որ Զարիֆ էֆենդին մեզնից բաժանվում է։ Վերջին ութ-ինը տարին, ամուսնանալուց ի վեր նրան տեսնում էի արվեստանոցում, բայց նույնիսկ չգիտեի, թե ինչ է անում... Ինձ ասաց, որ տեսել է վերջին նկարը։ Ասաց, որ այնտեղ մեծ մեղք կա։ Այնպիսի բան, որի մեղքից ոչ ոք չի կարող ազատվել։ Այդ պատճառով ասում էր, որ բոլորս դժոխքում ենք այրվելու։ Անհանգիստ էր, վախեցած, իր կամքից անկախ մեծ մեղք գործածի պես ընկճված էր։
― Ո՞րն է մեծ մեղքը։
Այդ մասին նրան հարցնելուն պես աչքերն այնպես զարմանքով բացեց, ասես ցանկանում էր ասել՝ չգիտե՞ս։ Այդ ժամանակ մտածեցի, որ մեր աշակերտության տարիների ընկերը մեզ պես ծերացել է։ Ասաց, որ խեղճ Էնիշթեն վերջին նկարում հեռապատկերի ոճն է անամոթաբար օգտագործել։ Այդ նկարում, ինչպես եվրոպացիներն են անում, ոչ թե Աստծու ցանկությամբ, այլ մեր աչքերին երևալու պես է պատկերվել։ Սա մեծ մեղք է։ Իսլամի խալիֆ մեր սուլթանին շան մեծությամբ նկարելը երկրորդ մեղքն է։ Երրորդ մեղքը նույն մեծությամբ սատանա նկարելն է, բացի այդ, նրան այդքան անկեղծ նկարելը։ Բայց ամենամեծ անշնորհքությունը, իհարկե, ծաղրն է նկարչության հանդեպ։ Մի անգամ օգտագործելով եվրոպական ոճը՝ մեր սուլթանի նկարի հսկայական դեմքը բոլոր մանրամասներով էր նկարել։ Ինչպես անում են հեթանոսները... Կամ էլ հեթանոսների սովորություններից չազատվող քրիստոնյաները, եկեղեցու պատերին նկարներ են կախում, երկրպագում են «դիմանկարներին»։ Զարիֆ էֆենդին Էնիշթեից սովորած այս խոսքը շատ լավ գիտեր և հավատացել էր, որ դիմանկարն ամենամեծ մեղքն է, իրավացիորեն հավատացել էր, որ դիմանկարը մուսուլմանական նկարչության ավարտն է նշանակում։ Ասելով, որ մեր քարոզիչ էֆենդուն և մեր կրոնն են ծաղրում այնտեղ, չէր ուզում սրճարան գնալ, այդ պատճառով այս ամենն ինձ փողոցում, քայլելիս պատմեց։ Երբեմն կանգ էր առնում և կարծես օգնության կարիք զգալով՝ հարցնում էր. ճիշտ է այս ամենը, ոչ մի ելք չկա՞, դժոխքում այրվելո՞ւ ենք։ Զղջման պահեր էր ապրում, բայց մի պահ զգացի, որ նրան ընդհանրապես չեմ հավատում։ Կեղծավոր մարդ էր, որ ցույց էր տալիս, թե տառապում է։
― Ինչպե՞ս հասկացար։
― Զարիֆ էֆենդուն մանկությունից գիտեմ։ Շատ ուղղամիտ, բայց անձայն ու անգույն է. իր գրությունների պես։ Կարծես իմ առաջ կանգնած մարդն ավելի հիմար, ավելի միամիտ էր, բայց մակերեսային։
― Նա էլ էր էրզրումցիների հետ նստում-վեր կենում,– ասաց Քարան։
― Ոչ մի մուսուլման «ակամա մեղք գործեցի» ասելով չի կարող այդքան տառապել,― ասացի ես։– Լավ մուսուլմանը գիտի, որ Ալլահն արդար է և տրամաբանող և իր ծառայի նպատակները հաշվի է առնում։ Ակամա խոզի միս ուտելու համար դժոխք գնալուն միայն հիմար անգրագետներն են հավատում։ Իրական մուսուլմանը գիտի, որ դժոխքը ոչ թե իրեն, այլ ուրիշներին վախեցնելուն է ծառայում։ Զարիֆ էֆենդին ահա դա էր անում, ցանկանում էր ինձ վախեցնել։ Քո փեսան էր սովորեցրել, դա էլ այդ պահին հասկացա։ Հիմա անկեղծ ասացեք, նկարիչ եղբայրներ, աչքերս արյունով լցվո՞ւմ են, սպիտակուցների գույնր փոխվո՞ւմ է։
Լամպերը բերելով՝ մոտեցրին դեմքիս, աչքերիս մեջ բժշկի ուշադրությամբ ու սիրովնայեցին։
― Կարծես ոչինչ չի եղել։
Աշխարհում ամենավերջին տեսածս բանը աչքերիս մեջ նայող այս երե՞քն էին լինելու։ Մինչև կյանքիս վերջն այդ պահերը երբեք չէի մոռանա, հասկանում էի, չնայած զղջալուն՝ այս ամենը պատմում էի նաև այն պատճառով, որ հույս ունեի.
― Քո փեսան Զարիֆ էֆենդուն սովորեցրել է արգելված բան անել։ Վերջին նկարը փակել էր, այդ նկարի մեկական անկյունը բացել էր յուրաքանչյուրիս առաջ, պատվիրել էր այնտեղ նկարել, բայց ամբողջական նկարը թաքցրել էր... նկարին խորհրդավոր ու գաղտնի գործի ոճ տալով՝ մեղքի վախ ներշնչեց մեզ։ Մենք էլ ոչ թե կյանքում նկարազարդ գիրք չտեսած էրզրումցիների, այլ նրա պատճառով վարակվեցինք վախով ու մեղքի տագնապով։ Մինչդեռ մաքուր խիղճ ունեցող նկարչին ի՞նչը կարող է վախեցնել։
― Մաքուր խղճով նկարիչն արդեն վախենալու շատ բան ունի,― գիտունիկի պես ասաց Քարան։– Այո, նկարելու դեմ ոչ ոք ոչինչ չի ասում, բայց նկարը դեմ է մեր կրոնին։ Իրանցի նկարիչների նկարները, անգամ հերաթցի ամենամեծ վարպետների հրաշքներն ի վերջո որպես նկարի անկյունների զարդարանք են ընդունվում։ Ասելով, որ գրիչը գրության գեղեցկությունը, հրաշքն է ներկայացնում, ոչ ոք նրա դեմ ոչինչ չի ասում։ Քանի՞ հոգի է տեսնում մեր նկարները։ Բայց ֆրանսիացի վարպետների ոճն օգտագործելով՝ մեր արած նկարը կամ էլ մանրամասնը դադարում է մանրանկարչություն լինելուց և դառնում է նկար։ Ահա սա է արգելում Ղուրանը, և սա ընդհանրապես դուր չի գալիս մեր մարգարեին։ Մեր սուլթանն էլ, փեսաս էլ դա շատ լավ գիտեին։ Այդ պատճառով սպանվեց փեսաս։
― Փեսադ սպանվեց, որովհետև վախենում էր,– ասացի ես։– Քեզ պես նա էլ էր սկսել պնդել, որ իր արած նկարչությունը կրոնին, Ղուրանին չի հակասում... Կրոնին հակասող բան գտնելն էլ այն էր, ինչ էրզրումցիներն էին փնտրում։ Զարիֆ էֆենդին ու քո փեսան նման էին իրար։
― Եվ երկուսին էլ դու ես սպանել, չէ՞,– ասաց Քարան։
Մի պահ կարծեցի, թե կխփի, և այդ պահին անմիջապես հասկացա, որ գեղեցիկ Շեքուրեի նոր ամուսինը փեսայի սպանությունից ընդհանրապես դժգոհ չէր։ Չէր խփելու, եթե խփի էլ, միևնույն է։
― Իրականում մեր սուլթանի ուզած գիրքը ֆրանսիացի նկարիչների ազդեցության տակ պատրաստելով,– ասացի ես համառորեն,– փեսադ բոլորին ձեռնոց էր նետում, մեղքի սարսափի մեջ էր գցում բոլորին։ Հպարտորեն մեծամտանալու համար։ Ճամփորդությունների ժամանակ տեսած եվրոպացի վարպետների նկարների հանդեպ ստրուկի պես հիացմունք էր զգացել, բոլորիս օրերով պատմած բաներին (քեզ էլ է պատմել այդ պերսպեկտիվի և դիմանկարները հիմարությունները) մինչև վերջ հավատացել էր։ Եթե ինձ մնա, կասեմ, որ մեր կազմած գրքում ոչ վնասակար, ոչ էլ կրոնին հակասող բան կար... Քանի որ նա էլ գիտեր դա, իրեն թվում էր, թե վտանգավոր գիրք է պատրաստում և դա նրան շատ էր դուր գալիս... Սուլթանի հատուկ թույլտվությամբ այսպիսի վտանգավոր բան անելը ֆրանսիացի վարպետների նկարների հանդեպ հիացմունքի չափ կարևոր էր նրա համար։ Եթե պատից կախելու նկար անենք, մեղք կգործենք, այո։ Բայց այդ գրքի համար մեր նկարածներից ոչ մեկում կրոնին հակասող ինչ-որ բան, անհավատություն, անգամ արգելքի վախ չզգացի ես։ Դուք զգացի՞ք։
Արդեն վատ էի տեսնում, բայց, փառք Աստծու, այնքան լավ էի տեսնում, որ հասկացա՝ հարցս նրանց ստիպեց տատանվել։
― Չեք կարողանում որոշում կայացնել, չէ՞,– հաճույքով ասացի ես։– Մեր նկարներում եթե անգամ մտածեք, որ մեղքի որոշակի միտք, անհավատության ստվեր կա, երբեք չեք կարող ընդունել ու բարձրաձայնել։ Որովհետև դա կնշանակի ասել, որ ձեզ մեղադրող էրզրումցի թշնամիները և մեդրեսեի աշակերտներն իրավացի են։ Մյուս կողմից՝ հավատով չեք կարող ասել, որ լրիվ անմեղ եք, որովհետև դա նշանակում է գաղտնի, խորհրդավոր, արգելված բաներ անելու գլխապտույտ առաջացնող հպարտությունից, գոռոզ ինքնագովասանքից հրաժարվել։ Գիտե՞ք՝ ինչպես հասկացա, որ ես էլ ուժ և իշխանություն ունեմ։ Երբ խեղճ Զարիֆ էֆենդուն կեսգիշերին այս թեքքեն բերեցի։ Նրան այստեղ բերեցի, որովհետև փողոցում քայլելիս մրսել էր։ Իրականում ինձ դուր էր գալիս, որ նա տեսնում է իմ՝ անհավատ Քալենդերիական մնացորդ, դրանից էլ ավելի վատ լինելը։ Կարծեցի, որ արվամոլություն, թմրամոլություն, թափառաշրջիկություն և ամեն տեսակի խայտառակություն անող, ցրված աղանդի վերջին ճամփորդ լինելս տեսնելուն պես խեղճ Զարիֆ էֆենդին ինձնից վախենալով՝ ինձ ավելի էր հարգելու և գուցե վախից բերանը փակելու էր։ Իհարկե, ճիշտ հակառակը եղավ։ Քանի որ այս վայրն ընդհանրապես չհավանեց, մեր մանկության հիմար ընկերն անմիջապես փեսայից սովորած մեղադրանքները ներկայացրեց։ Այսպիսով, սկզբում «օգնիր ինձ, համոզիր, որ դժոխք չենք ընկնելու, որ այս գիշեր կարողանամ հանգիստ քնել» ասող մանկության մեր ընկերը սպառնալից սկսեց ասել. «Սրա վերջը վատ է լինելու»։ Ասում էր, որ վերջին նկարում մեր սուլթանի հրամաններից շատ ենք հեռացել, որ մեր սուլթանը դա չի ների, բամբասանքներն էրզրումցի քարոզիչ հոջայի ականջին են հասնելու։ Գրեթե անհնար դարձավ նրան համոզելը, որ ամեն ինչ հիանալի է։ Հասկացա, որ հավատում է՝ Էնիշթեի հիմարությունները կրոնն են հայհոյում, սատանային բարի են ցույց տալիս, այդ վախերը չափազանցնելով՝ էրզրումցի քարոզչին ականջ դնող այդ բոլոր հիմար ընկեթներին է պատմել, հասկացա, որ նրանք էլ են այս հերյուրանքներին հավատում։ Գիտեք, որ մեր սուլթանի հետաքրքրությանն արժանանալու պատճառով ոչ միայն բոլոր արհեստավորները, այլև բոլոր համքարություններն են մեզ նախանձում։ Հիմա բոլորը միասին և հաճույքով ասելու էին՝ ՆԿԱՐԻՉնԵՐՆ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ։ Բացի այդ, Էնիշթեի և Զարիֆ էֆենդու համագործակցության պատճառով այս հերյուրանքը ճշմարտացի էր երևալու։ Ասում եմ հերյուրանք, որովհետև իմ Զարիֆ եղբոր՝ գրքի և վերջին նկարի մասին ասածներին ընդհանրապես չեմ հավատում։ Դեռ այդ ժամանակ ես քո լուսահոգի փեսային պաշտպանում էի։ Անգամ տեղին էի համարում, որ մեր սուլթանը նրան վարպետ Օսմանից ավելի է ուշադրություն դարձնում, եվրոպացի վարպետների և նրանց նկարների մասին ինձ երկար պատմածներին, եթե անգամ ոչ նրա չափ, միևնույն է, հավատում եմ։ Անկեղծ մտածում եմ, որ մենք՝ օսմանցի նկարիչներս, սատանայի հետ ոչ մի համաձայնության չգալով՝ եվրոպական ոճն այստեղից֊այնտեղից մեր սրտի ուզածի և ճամփորդությունների ժամանակ մեր տեսածի չափ գեղեցիկ կարող ենք ընդունել, և դրանք էլ մեր գլխին փորձանք չեն բերի։ Կյանքը հեշտ էր, և քո լուսահոգի փեսան ինձ համար վարպետ Օսմանից հետո այս նոր կյանքում նոր հայր էր։
― Սպասիր,– ասաց Քարան,― նախ պատմիր, թե ինչպես սպանեցիր Զարիֆին։
― Դա,– ասացի ես՝ հասկանալով, որ չեմ կարող օգտագործել սպանություն բառը,– դա ոչ միայն մեզ փրկելու, այլև ամբողջ արվեստանոցի բարօրության համար արեցի։ Զարիֆ էֆենդին հասկացել էր, որ իր ձեռքին սպառնալիքի զենք կա։ Այդ ստորի խղճուկ լինելը ցույց տալու համար Աստծուն աղոթեցի և աղաչեցի։ Աստված իմ աղոթքներն ընդունելով՝ ցույց տվեց նրա ստորությունը, փող առաջարկեցի։ Այդ ոսկիները հիշեցի, բայց Ալլահի ներշնչանքով սուտ հորինեցի։ Ասացի, որ ոսկիները ոչ թե այստեղ են՝ թեքքեում, այլ այնտեղ, ուր թաքցրել եմ։ Դուրս եկանք թեքքեից։ Դատարկ փողոցներում, հեռավոր թաղամասերում, առանց իմանալու, թե ուր եմ գնում, աննպատակ քայլեցինք։ Չգիտեի, թե ինչ եմ անելու և շատ էի վախենում։ Մեր աննպատակ ու կոնկրետ ուղղություն չունեցող զբոսանքի վերջում մի անգամ մեր անցած փողոցով նորից անցնելով՝ մեր խելացի Զարիֆ էֆենդի եղբայրը սկսեց կասկածել։ Բայց Ալլահը մեր առաջ հրդեհված տան փլատակներ ու անմիջապես նրա կողքին գտնվող մութ ջրհոր բերեց։
Այս կետում հասկանալով, որ շարունակությունը չեմ կարողանալու պատմել, ասացի նրանց.
― Եթե դուք էլ իմ փոխարեն լինեիք, մյուս բոլոր նկարիչների բարօրության մասին կմտածեիք և նույն կերպ կվարվեիք,― ասացի ես խիզախորեն։
Լսելով, որ ինձ իրավացի են համարում, ցանկացա արտասվել, ուզում էի ասել, որ դա իմ չվաստակած սիրուց հուզվելու պատճառով էր, բայց ոչ։ Կարծես նրան սպանելով՝ ջրհորի մեջ նետելիս մարմնի՝ ջրի մեջ ընկնելու ձայնը կրկին լսելու մասին ցանկացա ասել նրանց, բայց ոչ։ Ասելու էի, թե մարդասպան դառնալուց առաջ որքան երջանիկ էի, բոլորի նման էի, բայց ոչ։ Մանկության տարիներին մեր աղքատ թաղամասով անցնող մի կույր մարդու էի հիշել, կեղտոտ հագուստների միջից ավելի կեղտոտ պողպատե աման հանեց և թաղամասի աղբյուրի մոտ հեռվից նայող մեզ՝ երեխաներիս ասաց. «Երեխաներ, ձեզնից ո՞ր մեկը այս կույր հորեղբոր բաժակն աղբյուրից ջուր կլցնի»։ Քանի որ ոչ ոք չմոտեցավ, ասաց. «Բարություն արեք, որդիս, բարությո՛ւն»։ Բիբերի գույնը թափվել էր և աչքերի սպիտակուցների հետ նույն գույնը ստացել։ Բայց կույր հորեղբորը նմանվելու անհանգստությամբ արագորեն ու հաճույքով պատմեցի, թե Էնիշթե էֆենդու վրա ինչպես եմ ձեռք բարձրացրել։ Ոչ լրիվ ճիշտ ասացի, ոչ էլ սուտ, երկուսի միջև սիրտս չճզմող մի ոսկե միջին գտնելուն պես հասկացա, որ այնտեղ Էնիշթե էֆենդուն սպանելու համար չէի գնացել. նրան սպանելը նախօրոք չէի ծրագրել, նշանակում է՝ եթե վատ նպատակ չեմ ունեցել, դժոխք չեմ գնա։ Այդ պահին հասկացան, որ փորձում եմ ինձ գովել և արդարացնել։
― Զարիֆ էֆենդուն Ալլահի հրեշտակներին հանձնելուց հետո,― ասացի ես մտածկոտ ձայնով,― լուսահոգու ասածներն ինձ հանգիստ չեն տալիս։ Վերջին նկարի համար ձեռքերս արյունոտելը այդ նկարն իմ աչքում ավելի կարևոր էին դարձրել։ Նա արդեն մեզնից ոչ մեկին տուն չէր կանչում․ նկարը տեսնելու համար գնացի փեսայիդ տուն։ Նկարը ցույց չտվեց, բացի այդ, իրեն այնպես էր պահում, ասես ամեն ինչ հրաշալի է։ Ոչ մի նկար, ոչինչ չի կարող այնքան խորհրդավոր լինել, հանուն որի կարելի լիներ մարդ սպանել։ Որպեսզի ինձ այդքան չստորացնի, ինձ կարևորություն տա, Զարիֆ էֆենդուն սպանելով՝ ջրհորը նետելս խոստովանեցի։ Ինձ լուրջ ընդունեց, բայց շարունակեց ստորացնել։ Որդուն ստորացնող հայր չի կարող լինել։ Մեծ վարպետ Օսմանը մեզ վրա շատ էր զայրանում, շատ էր ծեծում, բայց երբեք չէր ստորացնում։ Նրան դավաճանելով՝ սխալ ենք գործել, եղբայրներ։
Մահվան մահճում վերջին խոսքերս լսելու պես աչքերիս մեջ համակ ուշադրությամբ նայող եղբայրներիս ժպտացի։ Ինչպես մահացող եղբայրն է զգում, ես էլ աստիճանաբար տեսա, թե ինչպես է նրանց պատկերը մշուշվում ու հեռանում։
― Փեսայիդ երկու պատճառով սպանեցի, մեծ վարպետ Օսմանին ստիպել էր ֆրանսիացի նկարիչ Սեբաստիանոյին կապիկի պես կրկնօրինակել։ Եվ որովհետև թուլություն ցուցաբերելով՝ նրան հարցրի՝ ես ոճ ունե՞մ։
― Ի՞նչ ասաց։
― Ասաց, որ ունեմ, բայց նրա համար դա ոչ թե ծաղր էր, այլ, իհարկե, գովաբանություն։ Ամոթով հիշում եմ, որ մտածեցի՝ ինձ համար է՞լ դա գովաբանություն է, թե՞ ոչ. և ոճը որպես անշնորհքություն, անամոթություն էի տեսնում, և ինձ կասկածն էր կրծում։ Չէի ուզում ոճ ունենալ, բայց սատանան հրահրում էր, և ես հետաքրքրված էի։
― Բոլորը թաքուն ոճ են ուզում ունենալ,– ասաց Քարան գիտունիկի ձայնով։– Բոլորն էլ մեր սուլթանի պես ցանկանում են դիմանկար ունենալ։
― Դա անհաղթահարելի հիվանդություն է,– ասացի ես,― Այդ հիվանդությունը տարածվելուն պես մեզնից ոչ ոք չի կարողանա դիմակայել եվրոպացի վարպետների ոճին։
Բայց ոչ ոք չէր լսում ինձ. Քարան շահի աղջկան ժամանակից շուտ իր սերը խոստովանելու համար տասներկու տարի Չինաստան արտաքսված դժբախտ Թուրքմեն բեյի պատմությունն էր անում։ Տասներկու տարի իր երազած սիրելիի դիմանկարը չունենալու պատճառով էլ չինացի գեղեցկուհիների շրջապատում մոռանում է իր սիրելիի դեմքը, սիրո տառապանքը Աստծու տված խոր տառապանքի է վերածվում։ Բայց բոլորս էլ գիտեինք, որ սա իր պատմությունն է։
― Փեսայիդ շնորհիվ արդեն բոլորս սովորեցինք այդ «դիմանկար» բառը,– ասացի ես։― Մի օր կսովորենք մեր կյանքն առանց վախենալու, կյանքի պես պատմել ինշալլահ։
― Բոլոր պատմությունները բոլորի պատմություններն են,― ասաց Քարան,― այլ ոչ թե մի մարդու պատմություն։
― Ամբողջ նկարչությունն էլ Ալլահի նկարչությունն է,– լրացրի ես հերաթցի բանաստեղծ Հաթիֆիի երկտողերը։– Բայց ֆրանսիացի վարպետների ոճերը որքան տարածվեն, այնքան բոլորը պատմություններն իրենց պատմության պես պատմելն առանձնահատուկ շնորհ են համարելու։
― Սատանայի ուզածն էլ դա է։
― Բաց թողեք ինձ արդեն,– բղավեցի ամբողջ ուժով։– Թողեք՝ վերջին անգամ տեսնեմ աշխարհը։
Տեսնելով, որ սարսափեցին, ինձ վստահ զգացի։
Սկզբում Քարան իրեն հավաքեց.
― Վերջին նկարը հանելո՞ւ ես։
Քարային այնպես նայեցի, որ հասկացավ՝ հանելու եմ։ Ինձ բաց թողեց։ Սիրտս սկսեց արագ բաբախել։ Վաղուց եք հասկացել այսպես կոչված թաքցրածս էությունը։ Հերաթցի հին վարպետների պես մի՛ զարմացեք իմ պահվածքի վրա։ Նրանք իրենց ստորագրությունները թաքցնում էին ոչ թե որպեսզի մարդիկ չիմանան իրենց ինքնությունը, այլ որովհետև իրենց վարպետների և կանոնների հանդեպ հարգանք էին տածում։ Ձեռքիս լամպ՝ թեքքեի մութ սենյակների արանքում իմ սեփական դժգույն ստվերին հետևելով՝ հուզված քայլում էի։ Մթության վարագույրը սկսել էր կախվել աչքերիս վրա՞, թե՞ այդ սենյակներն ու միջանցքներն էին այսքան մութ։ Կուրանալուց առաջ դեռ որքա՞ն ժամանակ, օր, շաբաթ ունեի։ Ստվերս ու ես կանգնեցինք, խոհանոցի ուրվականների մեջ, փոշոտ պահարանի մաքուր անկյունից թղթերը վերցնելով՝ արագ վերադարձանք։ Քարան զգուշավոր էր, հետևեց ինձ, բայց դաշույնը չէր վերցրել։ Կուրանալուց առաջ դաշույնը վերցնելով՝ նրան է՞լ էի ուզում կուրացնել։
― Ուրախ եմ, որ կուրանալուց առաջ մի անգամ էլ եմ տեսնում սա,– հպարտ ասացի ես։– Ուզում եմ, որ դուք էլ տեսնեք, նայեք։
Այսպիսով, Էնիշթեի սպանության օրը նրա տնից վերցրածս վերջին նկարը լամպի լույսի տակ նրանց ցույց տվեցի։ Երկու էջի մեծությամբ նկարին հառած հետաքրքրությամբ ու վախով լի հայացքներին հետևեցի նախևառաջ։ Նրանց հետ նկարին նայելիս մի քիչ դողում էի։ Կամ աչքերս ասեղով ծակելու, կամ էլ հիացմունքի պատճառով ջերմությունս բարձրացել էր։ Վերջին տարում այս երկու էջի տարբեր անկյուններում բոլորիս նկարած ծառի, ձիու, սատանայի, մահվան, շան, կնոջ նկարները էնիշթեն իր անփորձ, բայց նոր ոճի համաձայն մեծ ու փոքր այնպես էր տեղադրել, որ լուսահոգի Զարիֆ էֆենդու գրությանն ու շրջանակներին նայելիս ասես ոչ թե գրքի էջին էինք նայում, այլ պատուհանից ամբողջ աշխարհն էինք տեսնում։ Այդ աշխարհի կենտրոնում, ուր պետք է մեր սուլթանի դիմանկարը լիներ, ես էի։ Մի պահ բոլորս հպարտությամբ նայեցինք։ Օրերով նկարելով, ջնջելով, հայելուն նայելով, տառապալից աշխատելով՝ ինձ շատ քիչ նմանեցնելու պատճառով մի քիչ ձանձրանում էի, բայց նաև հուզված էի, որովհետև նկարը, էջը, ինձ ոչ միայն ամբողջ աշխարհի կենտրոնում էր ցույց տալիս, այլև անբացատրելի սատանայական պատճառով ինձ ավելի խոր ու խորհրդավոր էր դարձնում։ Ցանկանում էի, որ նկարիչ եղբայրներս այս ոգևորությունս տեսնեն, հասկանան, ինձ հետ կիսեն։ Ե՛վ սուլթանի կամ թագավորի պես ամեն ինչի կենտրոնում էի, և՛ ես ես էի։ Այս վիճակն ինձ և հպարտություն, և ամոթ էր ներշնչում։ Այս երկու զգացմունքն ինձ հանգստացնում էին, բայց նկարի նոր վիճակից գլխապտույտ առաջացնող հաճույք էի զգում։ Բայց որպեսզի այդ հաճույքն ամբողջական լիներ, եվրոպացի նկարիչների տաղանդով իմ դեմքը, հագուստը բոլոր կնճիռները, ստվերները, պզուկներն ու կորյակները, իմ մորուքից մինչև կտորի գործվածքը ամեն ինչ, բոլոր գույները ամենափոքր մանրամասնով ամբողջական և անթերի պետք է լինեին։
Իսկ նկարին նայող հին ընկերներիս դեմքին վախի և զարմանքի հետ խառնված մեզ բոլորիս կրծող այդ անդիմադրելի զգացումը՝ նախանձն էի տեսնում։ Մինչև վերջ մեղքի մեջ խրված մեկի հանդեպ զգացած զայրույթի ու զզվանքի զգացումի հետ մեկտեղ վախենալով՝ նաև նախանձում էին։
― Այստեղ լամպի լույսի տակ գիշերներն այս նկարին նայելիս առաջին անգամ զգացի, որ Ալլահն ինձ լքել է և իմ մենակության ժամանակ միայն սատանան է ինձ հետ ընկերանում,– ասացի ես։― Իսկապես եթե աշխարհի կենտրոնում լինեի (նկարին ամեն անգամ նայելիս շատ էի ուզում դա), չնայած իմ շրջապատի սիրած բոլոր բաներին, անգամ գեղեցիկ Շեքուրեին նման կին ու դերվիշ ընկերներ ունենալուս, չնայած նկարի մեջ գերակշռող գեղեցկությանը՝ ավելի միայնակ էի զգալու ինձ։ Չէի վախենում իմ ինքնությունից և յուրահատկությունից, ուրիշների՝ ինձ երկրպագելուց, ընդհակառակը՝ դա էի ցանկանում։
― Այսինքն՝ չե՞ս զղջում,– ասաց Լեյլեքը ուրբաթ օրվա քարոզից նոր ելած մարդու ոճով։
― Ոչ թե երկու մարդու սպանելու, այլ այսպիսի նկար անելու համար եմ ինձ սատանա զգում։ Կարծում եմ՝ այդ երկուսին այս նկարն անելու համար եմ սպանել։ Բայց նոր իրավիճակի միայնությունր նաև վախեցնում էր ինձ։ Առանց նրանց տաղանդն ունենալու՝ ֆրանսիացի վարպետներին կրկնօրինակող նկարիչ լինելն ավելի ստորացնող է։ Ուզում եմ փախչել այս վիճակից։ Իրականում երկուսին էլ՝ որպեսզի արվեստանոցում ամեն ինչ նախկինի պես լինի, դուք էլ եք հասկանում, որ այդ պատճառով եմ սպանել, իհարկե, Աստված էլ է հասկացել։
― Բայց սա բոլորիս համար ավելի մեծ խնդիրներ է ստեղծելու,― ասաց իմ սիրելի Քելեբեքը։
Դեռ նկարին նայող հիմար Քարայի ձեռքը մի պահ բռնեցի, ամբողջ ուժով եղունգներս նրա մաշկի մեջ խրելով՝ զայրույթով սեղմեցի ու դաստակը ծալեցի։ Թույլ բռնած դաշույնն ընկավ ձեռքից։ Արագ վերցրի հատակից։
― Բացի այդ, ինձ տանջահարողին հանձնելով՝ ձեր խնդիրներից արդեն չեք կարող ազատվել,– ասացի ես։ Դաշույնի ծայրն այնպես մոտեցրի Քարայի աչքին, ասես աչքն էի խրելու։– Տուր ասեղը։
Ամուր ձեռքով հանեց տվեց, դրեցի գոտուս մեջ։ Աչքերս հառեցի գառան պես նայող աչքերի մեջ։
― Խղճում եմ գեղեցկուհի Շեքուրեին, որովհետև ի վերջո քեզ հետ ամուսնանալուց բացի ուրիշ ճանապարհ չուներ,– ասացի։― Ձեզ փորձանքից փրկելու համար եթե ստիպված չլինեի Զարիֆ էֆենդուն սպանել, ինձ հետ կամուսնանար ու երջանիկ կլիներ։ Հոր՝ մեզ բոլորիս պատմած եվրոպացի վարպետների հեքիաթներն ու ընդունակությունները միշտ ամենալավը ես եմ հասկացել։ Դրա համար ուշադիր լսեք այս վերջին ասածներս, այստեղ տաղանդով ու պատվով ապրել ցանկացող մեզ՝ վարպետ նկարիչներիս համար արդեն տեղ չկա, ես դա հասկացել եմ։ Եթե լուսահոգի Էնիշթեի և սուլթանի ուզածի պես եվրոպացի վարպետներին կրկնօրինակենք, ոչ միայն Զարիֆ էֆենդու և էրզրումցիների նմանները, այլև մեր ներսի վախկոտը մեզ կբռնի, մինչև վերջ չենք կարողանա գնալ։ Եթե սատանայի հետ համաձայնության գալով, մինչև վերջ գնալով, ամբողջ անցյալին դավաճանելով՝ մի ոճի և ֆրանսիական ոճի միջոցով փորձենք ինքնություն ձեռք բերել, այսպիսի նկար անելու համար իմ տաղանդը և գիտելիքները չեն բավականացնի, սա չենք կարողանա անել։ Իմ նկարից երևում է, որ այն ամբողջովին ինձ նման չէ, որ եվրոպացի վարպետների տաղանդից հարյուրամյակներ շարունակ սովորելու բան ունենք (չնայած վաղուց բոլորս ակամա ամեն բան սովորել ենք)։ Էնիշթե էֆենդու գիրքն էլ եթե ավարտից հետո նրանց ուղարկվեր, վենետիկցի վարպետ նկարիչները մեզ վրա կծիծաղեին, նրանց ծիծաղն էլ կփոխանցվեր վենետիկցի դոժին, այդքանը։ Կասեին, որ օսմանցին արդեն օսմանցի չէ, արդեն չէին վախենա մեզնից։ Եթե հին վարպետների ճանապարհով գնանք, որքա՜ն լավ կլինի։ Բայց մեր սուլթանն էլ, Շեքուրեի դիմանկարը չլինելու պատճառով տխրող Քարա էֆենդին էլ, ոչ ոք չէր ուզում դա։ Այստեղ նստեք ու եվրոպական ոճը հարյուրամյակներ շարունակ կրկնօրինակեք այդ դեպքում։ Ձեր կրկնօրինակումները գոռոզաբար ստորագրեք։ Հերաթցի հին վարպետներն աշխարհը Ալլահի տեսածի պես նկարել փորձելիս իրենց ինքնությունը թաքցնելու համար չէին ստորագրում։ Իսկ դուք ստորագրելու եք, որ թաքցնեք այն, որովհետև ինքնություն չունեք։ Բայց ելք էլ կա, գուցե ձեր դուռն էլ է մեկ առ մեկ թակել, բայց ինձնից թաքցնում եք. հնդիկ սուլթան Էքբերը բաժանելով ոսկին և իր սերը՝ աշխարհի ամենատաղանդավոր նկարիչներին հավաքեց իր շուրջը։ Արդեն պարզ դարձավ, որ այստեղ ոչ թե Ստամբուլում, այլ Ագրայի արվեստանոցում իսլամի հազարերորդ տարելիցի առթիվ կազմված գիրքն են նվիրելու։
― Մեզ պես գոռոզանալու համար նկարիչը պետք է նախևառաջ մարդասպա՞ն լինի,― հարցրեց Լեյլեքը։
― Ամենատաղանդավորն ու ընդունակը լինելը բավական է,– ասացի ես՝ առանց նրան ուշադրություն դարձնելու։
Հեռվում մի հպարտ աքլոր երկու անգամ ծուղրուղու կանչեց։ Իմ կապոցները, ոսկիները հավաքեցի, իմ օրինակների տետրերը, նկարները դրեցի թղթապանակի մեջ։ Սուր ծայրն ուղղեցի Քարայի կոկորդին, անգամ մտածում էի, որ նրանց կարող եմ մեկ առ մեկ սպանել, բայց աշակերտության տարիներից ի վեր մանկության ընկերներիս, անգամ աչքս ասեղ խրած Լեյլեքին շատ էի սիրում։ Ոտքի կանգնած սիրելի Քելեբեքին իմ բղավոցով վախեցնելով՝ ստիպեցի նստել։ Վստահ լինելով, որ կարող եմ ողջ առողջ դուրս գալ թեքքեից՝ շտապեցի։ Դռնից դուրս գալիս անհամբեր ասացի վաղուց մտածածս այդ լուրջ խոսքը.
― Ստամբուլից հեռանալս Իբնի Շաքիրի՝ մոնղոլական հարձակման ժամանակ Բւսղդադից հեռանալուն է նմանվելու,― ասացի։
― Այդ դեպքում ոչ թե Արևելք, այլ Արևմուտք պետք է գնաս,– ասաց նախանձ Լեյլեքը։
― Արևելքն էլ, Արևմուտքն էլ Ալլահինն են,– ասացի ես արաբերեն, ինչպես լուսահոգի Էնիշթեն էր ասում։
― Բայց Արևելքն արևելքում է, Արևմուտքն էլ՝ արևմուտքում,― ասաց Քարան։
― Նկարիչը չպետք է գոռոզանա,– ասաց Քելեբեքը։– Արևելքի և Արևմուտքի մասին մտածելու փոխարեն պետք է միայն նկարի այնպես, ինչպես սիրտն է թելադրում։
― Շատ ճիշտ խոսք է,– ասացի սիրելի Քելեբեքին։– Ուզում եմ քեզ համբուրել։
Բայց դեռ երկու քայլ չէի արել, երբ Քարան հմտորեն նետվեց ինձ վրա։ Մի ձեռքիս հագուստներիս ու ոսկով լի կապոցը, իսկ թևիս տակ նկարներով թղթապանակն էր։ Ավելի շատ նրանց էի ցանկանում պաշտպանել, քան ինձ։ Դաշույնով հարձակվեցի վրան։ Բայց նրա բախտն էլ չբերեց, ոտքը դրեց գրակալի վրա և մի պահ կորցնելով հավասարակշռությունը՝ թևս բռնելու փոխարեն կարծես կախվեց թևիցս։ Ամբողջ ուժով ոտքերով հարվածելով՝ մատները կծելով՝ նրան ցած գցեցի։ Մահվան սարսափից ոռնաց։ Նույն ձեռքին, այս անգամ ցավեցնելով, ոտքս դրեցի և մյուս երկուսի դեմ պահելով դաշույնը՝ բղավեցի.
― Նստեք ձեր տեղերում։
Նստեցին։ Դաշույնի ծայրը, լեգենդում Քեյ-քաուսի արածի պես Քարայի քիթը մտցրի։ Երբ սկսեց արյուն գալ, աղաչող աչքերից դառն արցունքներ թափվեցին։
― Այսպես,– ասացի ես։– Կուրանալո՞ւ եմ։
― Լեգենդի համաձայն՝ արյունը ոմանց աչքի մեջ թափվում է, ոմանց աչքի մեջ՝ ոչ։ Ալլահը եթե գոհ է քո նկարչությունից, քեզ իր մոտ առնելու համար սեփական հիանալի մթությունն է պարգևելու քեզ։ Այդ դեպքում ոչ թե այս խղճուկ աշխարհը, այլ նրա տեսած հիանալի տեսարանները կտեսնես։ Իսկ եթե դժգոհ է, կշարունակես տեսնել ինչպես այժմ։
― Ես իրականում Հնդկաստանում եմ զբաղվելու նկարչությամբ,― ասացի։– Դեռ այնպիսի նկար չեմ արել, որի համար Ալլահը կարող է ինձ քննադատել։
― Շատ մի երազիր, որ կկարողանաս փախչել եվրոպական ոճից,― ասաց Քարան։– Գիտե՞ք, որ Էքբեր խանը բոլոր նկարիչներին խրախուսում էր նկարների տակ ստորագրել։ Պորտուգալացի ճիզվիտ քահանաները եվրոպական նկարչությունն ու ոճերը վաղուց տարածել են այնտեղ։ Դրանք արդեն ամենուր են։
― Միշտ կա մի բան, որ միամիտը կանի, և մի տեղ, ուր կկարողանա փախչել,― ասացի ես։
― Այո, կուրանալ և գոյություն չունեցող երկրներ փախչել,― ասաց Լեյլեքը։
― Ինչո՞ւ ես ուզում միամիտ լինել,– ասաց Քարան։– Մեզ պես եղիր և մնա այստեղ։
― Ամբողջ կյանքում սեփական ոճն ունենալու համար ֆրանսիացիներին եք կրկնօրինակելու,― ասացի ես։– Ֆրանսիացիներին կրկնօրինակելու պատճառով էլ երբեք սեփական ոճ չեք ունենա։
― Ուրիշ ոչինչ չենք կարող անել,– անամոթաբար ասաց Քարան։
Ոչ թե նկարչությունը, այլ, իհարկե, գեղեցկուհի Շեքուրեն էր նրա միակ երջանկությունը։ Արյունոտ ծայրով դաշույնր հեռացնելով Քարայի արնահոսող քթից՝ գլուխ կտրելու պատրաստվող դահճի թրի պես բարձրացրի։
― Եթե ցանկանամ, հենց հիմա գլուխդ կթռցնեմ,― հայտարարեցի այն, ինչ բացահայտ էր։― Բայց Շեքուրեի երեխաների և նրա երջանկության համար քեզ ներում կշնորհեմ։ Նրա հետ լա՛վ վարվիր, կենդանու և անգրագետի պես մի՛ վարվիր։ Խոստացի՛ր։
― Խոստանում եմ,– ասաց նա։
― Քեզ Շեքուրեին եմ հանձնում,― ասացի ես։
Բայց թևս բերանիցս ելածի ճիշտ հակառակն արեց։ Ամբողջ ուժով դաշույնն իջեցրի Քարայի գլխին։ Վերջին պահին և՛ նրա շարժվելու պատճառով, և՛ հարվածի ուղղությունը փոխելու համար դաշույնը ոչ թե նրա վզին, այլ ուսին իջավ։ Ես էլ սարսափած նայեցի իմ թևի ակամա շարժումիս։ Մարմնի մեջ խրվող դաշույնը ներկվեց մուգ կարմիրով։ Ե՛վ վախեցա իմ արածից, և՛ ամաչեցի։ Բայց գիտեի, որ եթե շատ շուտով, գուցե արաբական ծովերում, նավի մեջ կուրանամ, վրեժի համար իմ նկարիչ ընկերներից ոչ մեկին կողքիս չեմ գտնի։ Լեյլեքը, որ իրավացիորեն վախենում էր, որ հերթն իրեն է հասել, փախավ ներս՝ մութ սենյակ։ Լամպը ձեռքիս՝ ստվերիս հետ գնացի նրա ետևից, բայց վախենալով՝ վերադարձա։ Ամենավերջին գործս Քելեբեքի հետ համբուրվելով՝ նրան, հրաժեշտ տալն էր։
Քանի որ արնահեղություն էր տեղի ունեցել, չկարողացա իմ ուզածի պես անկեղծ համբուրել։ Տեսավ, որ աչքերիցս արցունքներ են հոսում։ Քարայի ոռնոցների կտրվելուց հետո մահվան լռության մեջ դուրս եկա թեքքեից։ Թաց ու ցեխոտ այգուց և մութ թաղամասից փախչելով՝ հեռացա։ Ինձ Էքբեր խանի արվեստանոց տանող նավն առավոտյան էզանից հետո ճանապարհ էր ընկնելու, այդ ժամին վերջին անգամ Քադըրգայի նավամատույցից փոքրիկ նավակ էր գնալու դեպի նավը։ Վազելիս աչքերիցս արցունքներ թափվեցին։
Աքսարայով գողի պես անցնելիս հորիզոնում տեսա օրվա առաջին լույսերը։ Նեղ փողոցների, նեղ անցումների, պատերի արանքից իմ առաջ ելած առաջին թաղամասի աղբյուրի մոտ մի քարե տուն կար, ուր գիշերել էի քսանհինգ տարի առաջ, երբ առաջին անգամ Ստամբուլ եկա։ Այնտեղ՝ բակի բաց դռան արանքից նայելիս հիշեցի՝ քսանհինգ տարի առաջ այս հեռու բարեկամն ինձ առատաձեռն ու բարեսրտորեն հյուրընկալել էր, իսկ ես նրա գցած անկողնու մեջ գիշերը տակս էի արել։ Տեսա ջրհորը, ուր կեսգիշերին տասնմեկ տարեկանի մեղքի զգացումով ցանկացել էի նետվել։ Մինչև Բեյազիդ հասնելը տեսա այն ժամագործի արհեստանոցը, ուր բազմիցս եկել էի ժամացույցիս փչացած մեխանիզմը նորոգելու, ապակեգործի խանութը, ուր նախշազարդելով՝ քաղաքակիրթ գնորդներին դատարկ բյուրեղյա լամպեր, օշարակի բաժակներ ու շշեր էի վաճառում, բաղնիքը, ուր մի շրջան շատ էի գալիս, որովհետև և՛ էժան էր, և՛ շատ մարդ չէր լինում, բոլորն ինձ արցունքներով հրաժեշտ տվեցին։
Տակնուվրա եղած սրճարանում էլ ոչ ոք չկար, գեղեցկուհի Շեքուրեն գուցե այս պահին մահամերձ ամուսնու հետ այն տանն է, որտեղ ամբողջ սրտով ցանկանում եմ, որ երջանիկ լինի։ Արնահեղությանը հետևած օրերին փողոցում քայլելիս ինձ թշնամաբար նայող Ստամբուլի բոլոր շներին, մութ ծառերին, կույր պատուհաններին, սև խողովակներին, առավոտվա նամազի համար վազող աշխատասեր ու դժբախտ վաղ արթնացած մարդկանց և նրանց ուրվականներին մարդասպանություններս խոստովանելուց հետո իմ կյանքի քաղաքն ինձ արդեն ընկերաբար էր նայում։ Բեյազիդի մզկիթի մոտով անցնելուց հետո մի բլրից հետևեցի նեղուցին, հորիզոնը լուսավորվում էր, բայց ջրերը դեռ սև էին։ Երկու ձկնորսական նավակ, առագաստներր կապած բեռնատար նավեր, մի մոռացված ռազմանավ, ընդհանրապես չերևացող ալիքներին ծանր-ծանր օրորվելով՝ ինձ ասացին. «Մի՛ գնա, մի՛ գնա»։ Ասեղի պատճառո՞վ էի արտասվում։ «Հնդկաստանում տաղանդիդ հրաշքներով ապրելիք հիանալի կյանքդ պատկերացրու»,– ասացի ինձ։
Ճանապարհից դուրս եկա, վազելով անցա երկու ցեխոտ այգի և կանաչի մեջ թաղված մի հին քարե տուն մտա։
Այն տունն էր, ուր աշակերտությանս տարիներին ամեն երեքշաբթի գալիս էի՝ վարպետ Օսմանից երկու քայլ ետ՝ նրա պայուսակը, թղթապանակը, գրչատուփը և գրատախտակը կրելու համար։ Այնտեղ ոչինչ չէր փոխվել, բայց այգու և փողոցի նոճիներն այնպես էին հասակ գցել, որ տան ու փողոցի մեջ սուլթան Սուլեյմանի ժամանակից մնացած շքեղությունը, իշխանությունը և հարստությունն էր ներծծվել։ Նավամատույց տանող ճանապարհին մոտ լինելու համար սատանային ականջ դրեցի և քսանհինգ տարի անցկացրածս արվեստանոցի շենքի կամարները վերջին անգամ տեսնելու հաճույքին տրվեցի։ Այդպես՝ երբ աշակերտ էի, երեքշաբթի օրերին վարպետ Օսմանի ետևից քայլելով՝ իմ անցած ճանապարհին ընկած խենթացնող լորենու հոտ ունեցող Օքչուլար փողոցով, թոնրատան առջևով, ուր իմ վարպետը մսով կարկանդակ էր գնում, զառիթափից, ուր սերկևիլի ծառեր և շագանակենիներ էին աճում և որտեղ մուրացկաններն էին շարվում, նոր շուկայի փակ դռների մոտով, վարսավիրի մոտով, ում իմ վարպետն ամեն առավոտ ողջունում էր, դատարկ այգու մոտով, ուր ամռանը աճպարարները գալով վրաններ Էին դնում, վատ հոտ ունեցող մեկհոգանոց սենյակների և բորբոսահոտ բյուգանդական կամարների տակով, Իբրահիմ փաշայի պալատի և սյուների արանքով, որոնց վրա հարյուրավոր անգամներ օձեր, միշտ տարբերվող նոճիներ եմ նկարել, ձիարշավարանի մոտով, շագանակենու և թթենու տակով, որոնց սաղարթներում առավոտյան ճնճղուկներն ու կաչաղակներն էին ծլվլում։ Արվեստանոցի ծանր դուռը փակ էր։ Ոչ դռան մոտ, ոչ էլ վերևի կամարաձև պատշգամբում ոչ ոք չկար։ Միայն մի պահ անհանգստությամբ կարողացա նայել այն փոքրիկ պատուհանի կողպեքներին, որոնց միջով աշակերտության տարիներին ձանձրույթից պայթելիս ծառերին էինք նայում։ Ինչ-որ մեկը կանչեց ինձ։ Ականջ ծակող բարակ ու սուր ձայն ուներ։ Ասաց, որ իմ սուտակե պոչով արյունոտ դաշույնն իրենն է, իր զարմիկ Շևքեթը մորը միանալով՝ գողացել է տնից։ Դա էլ ապացուցում է, որ գիշերը տան վրա հարձակվելով՝ Շեքուրեին փախցրած Քարայի մարդկանցից մեկն եմ։ Այդ գիտունիկ, սուր ձայնով, զայրացած մարդը գիտեր նաև, որ Քարայի նկարիչ ընկերները արվեստանոց են գալու։ Տարօրինակ կարմիր գույնով փայլող երկար թուր ու չգիտես ինչու՝ ինձնից պահանջած հաշիվներ և նույնքան էլ պատմելիք պատմություն ուներ։ Գուցե ասեի, որ սխալ է տեղի ունեցել, բայց տեսա, թե որքան զայրացած է։ Նաև դեմքի արտահայտությունից հասկացա, որ ինձ ցանկանում է ատելությամբ սպանել։ Քայլ արեց դեպի ինձ։
― Կանգնի՛ր,– կուզեի ասել ես։
Նա արդեն արել էր քայլը։ Իսկ ես անգամ չկարողանալով դաշույնս ուղղել նրան՝ միայն կարողացա իմ կապոցով ձեռքս վեր բարձրացնել։ Կապոցս օդ թռավ։ Կարմիր թուրը նախ ծայրից ծայր կոկորդս կտրեց, հետո պոկեց գլուխս։ Երբ դաշույնը հիմարի պես թափահարեցի ու վզիցս շատրվանի պես արյուն հոսելուց հետո գետնին տապալվեցի, հասկացա, որ գլուխս լքել է մարմինս։ Ինքն իրեն շարժվող խեղճ ոտքերս ճիշտ մահից առաջ թպրտացող խեղճ ձիու պես իզուր թպրտացին։
Գլուխս ընկավ ցեխի մեջ, այդ պատճառով ո՛չ կարողացա ինձ սպանողին տեսնել, ո՛չ էլ ոսկով ու նկարներով կապոցս, որ դեռ ցանկանում էի ամուր բռնել։ Նրանք ծոծրակիս ուղղությամբ արդեն դեպի անհասանելի ծով ու Քադըրգայի նավահանգիստ իջնող զառիթափի կողմում էին մնացել։ Գլուխս նրանց և աշխարհի մնացած մասն այլևս չէր տեսնելու։ Նրանց մոռացա և մտածեցի այն, ինչ գլուխս էր ցանկանում։ Թրով գլխիս կտրվելուց առաջ սրա մասին էի մտածել. նավը Քադըրգայով է անցնելու, գլխումս արագ շարժվելու հրամանը գործեց, դա էլ մորս՝ ինձ փոքր ժամանակ՝ «արագացրու» խոսքին միացավ։ Մայրի՛կ, վիզս ցավում է, ու ոչինչ չի շարժվում։ Ուրեմն մահը սա է։ Բայց չգիտեի, որ դեռ չեմ մահացել։ Ծակ բիբերս չէին շարժվում, բայց բաց աչքերով շատ լավ էի կարողանում տեսնել։
Այժմ միտքս զբաղված էր միայն նրանով, ինչ տեսնում էի վերևից։ Ճանապարհի թեթև զառիթափը բարձրանում էր վերև։ Արվեստանոցի պատը և կամարը, տանիքը, երկինքը։ Բարձրանում էի վեր։ Կարծես այդ տեսածս պահը երկարեց, երկարեց, և հասկացա, որ տեսնելն այժմ հիշելու պես մի բան է դարձել։ Այդ ժամանակ նկարին ժամերով նայելու պես իմ զգացածը հիշեցի․ եթե շատ նայես, իրական ժամանակը կվերածվի նկարի ժամանակի։
Այժմ բոլոր ժամանակները մեկն էին։ Կարծես ոչ ոք ինձ չէր տեսնելու, և իմ մտքերի թոշնելուց հետո ցեխերի մեջ ընկած գլուխս տարիներ շարունակ այս տխուր զառիթափին, քարե պատերին ու հեռվում անհասանելի թթենուն և շագանակենուն էր նայելու։ Այս անավարտ սպասումը հանկարծ այնպիսի ցավ պատճառեց և այնքան ձանձրալի թվաց, որ ցանկացա դուրս գալ այդ ժամանակից։