Բեդսի.— Այստեղ կան շատ տներ ու փոքրիկ պարտեզներ։ Մի քանի ֆերմերներ հայտարարում են, թե cots — «a great nuisance here, because they bring the poor» (cot-երը մեծ չարիք են, որովհետև նրանք հրապուրում են աղքատներին)։ Մի ջենտլմեն հայտարարում է. «Աղքատները դրանցից ամենևին չեն շահում, եթե 500 cots շինեն, դրանք այնպես կխլխլեն, ինչպես բուլկին, և իսկապես, որքան ավելի շատ cots են շինվում, այնքան ավելի են պահանջվում նրանք»,— հետևապես, նրա կարծիքով, տներն արտադրում են տնվորներ, որոնք, հասկանալի է, ճնշում են գործադրում «բնակարանաբաշխման միջոցների» վրա։ Դրան ի պատասխան դ-ր Հանտերը հայտարարում է. «Բայց չէ՞ որ այդ աղքատները պետք է որևէ տեղից գան, և որովհետև Բեդսիում ոչ մի այնպիսի բան չկա, որն առանձնապես հրապուրի նրանց այստեղ, ինչպես, օրին., բարեգործությունը, ապա նրանց այստեղ է քշում այն, ինչ նրանց դուրս է մղում մի է՛լ ավելի անհարմար տեղից։ Եթե ամեն մեկը կարողանար իր աշխատավայրի մոտակայքում մի cot ու մի փոքրիկ կտոր հող ճարել, ապա նա, անկասկած, այդ տեղը կգերադասեր Բեդսիից, որտեղ նա իր մի պատառ հողի համար կրկնապատիկ թանկ է վճարում, քան ֆերմերը»։
Մշտական արտագաղթը դեպի քաղաքները, «ավելորդ» բնակչության մշտական ստեղծումը գյուղում՝ շնորհիվ ֆերմաների համակենտրոնացման, դաշտերն արոտավայր դարձնելու, մեքենաների կիրառման և այլն, և գյուղական բնակչության մշտական վտարումը կոտտեջները քանդելու հետևանքով՝ ձեռք-ձեռքի են ընթանում։ Որքան ավելի նոսր է տվյալ շրջանի բնակչությունը այնքան ավելի մեծ է նրա «հարաբերական գերբնակչությունը», այնքան ավելի մեծ է նրա ճնշումը վաստակի միջոցների վրա, այնքան ավելի մեծ է գյուղական բնակչության բացարձակ ավելցուկը նրա բնակարանավորման միջոցների համեմատությամբ, և, հետևաբար, գյուղերում այնքան ավելի մեծ է տեղական գերբնակչությունն ու մարդկանց կուտակվածությունը, որը մշտական վարակի սպառնալիք է պարունակում։ Ցաքուցրիվ փոքրիկ գյուղերում ու ավաններում մարդկանց մասսաների կուտակումը համապատասխանում է մարդկանց բռնի վտարմանը հողային տարածություններից։ Գյուղական բանվորների անընդհատ «ավելորդացումը», չնայած նրանց թվի նվազելուն, որին ուղեկցում է նրանց արդյունքի մասսայի ավելացումը,— պաուպերիզմի օրրանն է։ Նրանց սպառնացող պաուպերիզմը նրանց վտարման դրդապատճառ է ծառայում և գլխավոր աղբյուրն է նրանց բնակարանային կարիքի, որը վերջնականապես ընկճում է դիմադրելու ընդունակությունը և նրանց դարձնում է հողատերերի<ref>«Hind-ի [հողագործական բատրակի] վաղեմի զբաղմունքը նույնիսկ նրա գրությանն արժանապատվություն է տալիս։ Նա ստրուկ չէ, այլ հասարակական կարգի զինվոր և արժանի է այն բանին, որ լենդլորդը նրան ապահովի ամուսնացած մարդուն վայել բնակարանով, որովհետև լենդլորդը նույնպիսի պարտադիր աշխատանք է պահանջում նրանից, ինչպիսին երկիրը պահանջում է զինվորից։ Նա, ինչպես և զինվորը, չի ստանում իր աշխատանքի շուկայական գինը։ Զինվորի պես նրան էլ վերցնում են երիտասարդ հասակում, երբ նա տգետ է, ծանոթ միայն իր արհեստին ու իր վայրին։ Վաղաժամ ամուսնություններն ու նստակեցության վերաբերյալ զանազան օրենքների ներգործությունը նրա համար նույնն են, ինչ որ զորակոչն ու զինվորական֊-քրեական օրենսգիրքը զինվորի համար» (դ-ր Հանտերը «Public Health. 7th Report 1864». London 1865, էջ 132)։ Երբեմն որևէ, որպես բացառություն, փափկասիրտ լենդլորդ տխուր խորհրդածության է անձնատուր լինում, տեսնելով այն ամայությունը, որ հենց ինքն է ստեղծել։ «Շատ ցավալի բան է իր կալվածքներում մեն-մենակ լինելը,— ասում էր Լեստերի կոմսը, երբ նրան շնորհավորում էին Հոլկհեմի կառուցումն ավարտվելու առթիվ։ — Ես նայում եմ շուրջս և ոչ մի տուն չեմ տեսնում, բացի իմ սեփական տնից։ Ես հսկաների աշտարակի հսկան եմ և լափել եմ իմ բոլոր հարևաններին»։</ref> ու ֆերմերների իսկական ստրուկներ, այնպես որ աշխատավարձի մինիմումը նրանց համար դառնում է բնական օրենք։ Մյուս կողմից, չնայած իր մշտական «հարաբերական գերբնակչությանը», գյուղը միևնույն ժամանակ թերաբնակված է։ Այս երևան է գալիս ոչ միայն որպես տեղական երևույթ այնպիսի կետերում, որտեղից անչափ արագ է չվում բնակչությունը դեպի քաղաքները, հանքերը, երկաթուղային կառուցումները և այլն,— այդ երևան է գալիս ամենուրեք՝ ինչպես հնձի ժամանակ, այնպես էլ գարնանն ու ամռանը այն բազմաթիվ մոմենտներում, երբ անգլիական շատ խնամքով կատարվող և ինտենսիվ հողագործությունը լրացուցիչ ձեռքերի կարիք է զգում։ Գյուղական բանվորները միշտ չափազանց շատ են լինում հողագործության միջին պահանգների համար ու միշտ չափազանց քիչ նրա բացառիկ կամ ժամանակավոր պահանջների համարի<ref>Վերջին տասնամյակներում նույնպիսի երևույթ է նկատվում նաև Ֆրանսիայում, որչափով այնտեղ կապիտալիստական արտադրությունը տիրանում է հողագործությանը և «ավելորդացած» հողագործական բնակչությունը քշում է քաղաքները։ Այստեղ ևս նկատվում է բնակարանային ու այլ պայմանների վատթարացում «ավելորդների» գոյացման բուն իսկ ակունքում։ Պարցելարային սիստեմի ստեղծած... յուրահատուկ «prolétariat fonclier»foncier»-ի [«հողային պրոլետարիատի»] մասին տե՛ս, ի միջի այլոց, Colins-ի «L’Économie Politique» աշխատությունը, որ մատնանշեցինք առաջ, և Karl Marx: «Der Achtzehnte Brumaire des Louis Bonaparte», New York 1852, էջ 56 և հաջ. [«Լուի Բոնապարտի բրյումերի տասնութը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 405 և հաջ.]։ 1846 թվականի Ֆրանսիայի քաղաքային բնակչությունը կազմում էր 24,42%, գյուղականը 75,58%։ 1861 թվականին քաղաքայինը՝ 28,86%, գյուղականը՝ 71,14%։ Վերջին հինգ տարում գյուղական բնակչության տոկոսային բաժնի նվազումն է՛լ ավելի զգալի է։ Արդեն 1846 թվականին Պյեր Դյուպոնը երգում է իր «Ouvriers»-ում.
<poem>