{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXIXXXVIII|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXX}}
Դա դժնդակ ամառ էր Մարտինի համար։ Խմբագիրներն ու հրատարակիչները գնացել էին հանգստանալու, և առհասարակ երեք շաբաթից վերադարձվող գրվածքներն այժմ խմբագրատներում ընկած էին մնում երեք ամսով։ Միակ մխիթարությունն այն էր, որ փոստանիշների վրա կարիք չէր լինում դրամ ծախսել։ Միայն թալանող ամսաթերթերն էին ապրում գործունյա կյանքով։ Եվ Մարտինը դրանց ուղարկեց իր բոլոր վաղ շրջանի գրվածքները, «Մարգարիտ որսացողները», «Նավաստու մասնագիտությունը», «Կրիաների որսը», «Հյուսիս-արևելյան պասսատ»։ Այդ ակնարկներից ոչ մեկի համար նրան չվճարեցին։ Ճիշտ է, վեցամսյա նամակագրությունից հետո մարտինը մի անվտանգ ածելի ստացավ «Կրիաների որսը» գրվածքի համար, իսկ «Ակրոպոլը» նրան խոստացավ հինգ դոլլար և հինգ օրինակ տարեկան բաժանորդագրություն «Հյուսիս-արևելյան պասսատի» համար, բայց կատարեց իր խոստման միայն երկրորդ մասը։