}}
[[Կատեգորիա:Արձակ]]
{{Անավարտ}}
[[Պատկեր:the-game-title.png|250px|thumb|right|«Խաղը» վիպակի տիտղոսաթերթը]]
== Գլուխ III ==
Ջենեվևան հագավ Ջոյի մաշիկները և, բարձրաձայն ծիծաղելով, ձգեց ոտքերը, իսկ Լոթին, նույնպես ուրախ քրքջալով, կռացավ, որպեսզի ծալի Ջենեվևայի տաբաթի փողքերը։
Լոթին՝ Ջոյի քույրը, տեղյակ էր նրանց գաղտնիքին. նա էր համոզել մորը՝ հարևանի մոտ գնալու, և այժմ ամբողջ տունը իրենց տրամադրության տակ էր։ Աղջիկներն իջան խոհանոց, որտեղ նրանց սպասում էր Ջոն։ Ջենեվևային տեսնելով նա վեր թռավ տեղից, և դեմքը փայլեց սիրով ու երջանկությամբ։
― Շուտ արա, Լոթի, փեշերը հավաքիր, հարկավոր է շտապել։ Այդպես լավ կլինի։ Միայն տաբաթի ծայրերը կերևան, վերարկուն ամեն ինչ կծածկի։ Քրիսի վերարկուն եմ վերցրել։ Հիանալի տղա է։ Համա թե ճարպիկն է, հա՜։ Պստիկ է, բայց ճստիկ է,— շարունակեց Ջոն՝ վերարկուն Ջենեվևային հագցնելով։ Վերարկուն հասավ մինչև աղջկա կրունկները, բայց, ընդհանուր առմամբ, այնքան լավ էր նստում, ասես նրա վրայով էր կարած։
Ջոն նրա գլխին դրեց կեպին և վերարկուի օձիքը բարձրացրեց։ Օձիքը այնպես լայն էր, որ հասավ մինչև գլխարկի եզրերը ու ծածկեց աղջկա մազերը։ Իսկ երբ Ջոն կոճկեց վերարկուն, օձիքի ծայրերը ծածկեցին Ջենեվևայի այտերը, բերանը, կզակը, և ուշադիր զննելուց հետո միայն կարելի էր տեսնել հովարի ստվերի տակ ծածկված աչքերն ու հազիվ սպիտակին տվող քիթը։ Նա քայլեց սենյակում. քայլելիս էլ վերարկուի տակից միայն տաբաթի ծայրերն էին երևում։
― Բռնցքամարտի մի սիրահար է, որը ոչ մի խաղ բաց չի թողնում։ Հարբուխ է ընկել ու տաք է հագնվել, որպեսզի ավելի չվատանա,— ասաց Ջոն և ծիծաղեց՝ իր արածով հիացած։— Իսկ դու փող ունե՞ս։ Ես տասն եմ դնում վեցի դիմաց։ Ուզո՞ւմ ես ինքդ էլ գրազ գալ։
― Իսկ ո՞ւմ հասար,— հարցրեց Ջենեվևան։
― Դե, իհարկե, Պոնթայի,— ձայնի մեջ ինչ֊որ վիրավորանք, ասաց Լոթին, հասկացնելով, որ այդ մասին ոչ մի կասկած լինել չի կարող։
― Լավ,― կարճ ասաց Ջենեվևան։— Բայց ախր ես դրանից ոչինչ չեմ հասկանում։
Լոթին չպատասխանեց, բայց դեմքից երևաց, որ Ջենեվևայի այդ խոսքերից ավելի վիրավորվեց, Ջոն նայեց ժամացույցին և հայտնեց, որ գնալու ժամանակն է։ Լոթին գրկեց եղբորն ու ամուր համբուրեց շրթունքները, հետո Ջենեվևայի հետ համբուրվեց։ Ջոն գրկեց քրոջ իրանը, և սա մինչև նախասրահը ուղեկցեց նրանց։
― Ի՞նչ է նշանակում տասը վեցի դեմ,— հարցրեց Ջենեվևան, երբ արդեն փողոցում էին. նրանց քայլերի ձայնը խուլ արձագանքում էր ցուրտ օդի մեջ։
― Դա նշանակում է, որ ես ֆավորիտն եմ, — պատասխանեց Ջոն։— Հանդիսատեսներից ոմանք գրազ են գալիս տասը դոլլար, որ ես կհաղթեմ, իսկ ուրիշները վեց դոլլար են դնում, որ ես կպարտվեմ։
― Բայց եթե դու ֆավորիտ ես, և բոլորը հավատացած են, որ մրցությունը կշահես, էլ ինչո՞ւ են քո դեմ գրազ գալիս։
― Որովհետև մրցություն է,— ծիծաղեց Ջոն։— Կարծիքները տարբեր են լինում։ Բացի դրանից, մարդիկ միշտ էլ հույս են դնում շեշտակի հարվածի, անակնկալ հաջողության վրա։ Քի՞չ է պատահում, ինչ է,— լուրջ ավելացրեց նա։
Ջենեվևան ահից կուչ եկավ, հետո սեղմվեց Ջոյին, ասես կամենում էր պաշտպանել նրան սպառնացող վտանգից, բայց տղան ուրախ ծիծաղեց։
― Համբերի՛ր, համբերի՛ր, ինքդ կտեսնես։ Միայն թե հիմիկվանից մի՛ վախենա։ Առաջին ռաունդները կատաղի կլինեն․ դա Պոնթայի ուժեղ կողմն է։ Նա շատ համառ է, պարզապես մարդ չէ, այլ մրրիկ, հարվածներ է, որ տեղում է և հակառակորդին հաղթում է առաջին ռաունդում։ Այդ ձևով նա նոկաուտ է արել շատ բռնցքամարտիկների, որոնք իրենից բարձր կարգ ունեին։ Իմ գործը պետք է լինի՝ դիմանալ նրա գրոհներին, ուրիշ ոչինչ։ Իսկ հետո նա կթուլանա։ Ահա այդ ժամանակ էլ ես կսկսեմ գրոհել։ Լավ որ հետևես, կհասկանաս երբ եմ սկսում։ Նա ինձանից չի ազատվի։
Նրանք մոտեցան մութ փողոցի անկյունում գտնվող շենքին. այդտեղ, դատելով ցուցանակից, տեղավորված պետք է լիներ սպորտային ակումբը, այնինչ, իրականում, տեղական ոստիկանության հսկողության տակ այնտեղ միայն բռնցքամարտի մրցումներ էին տեղի ունենում։ Ջոն շքամուտքից ներս մտավ։ Նրան հետևեց Ջենեվևան։
― Միայն ձեռքերդ գրպաններիցդ չհանես,— զգուշացրեց Ջոն,— ամեն ինչ լավ կանցնի։ Ընդամենը մի քանի րոպե։
― Սրան ես եմ բերել հետս,— ասաց Ջոն դռնապանին, որ զրուցում էր ոստիկանի հետ։
Ե՛վ դռնապանը, և՛ ոստիկանը բարեկամաբար գլխով արեցին, առանց ուշադրություն դարձնելու նրա ուղեկցին։
― Տեսար, որ գլխի չընկան, և ոչ ոք էլ գլխի չի ընկնի,— շշնջաց Ջոն, երբ բարձրանում էին երկրորդ հարկ։— Իսկ հակառակ դեպքում, եթե մեկնումեկը գլխի ընկնի, միևնույն է, իմ խաթեր ձայն չի հանի։ Համ էլ ի՞նչ պիտի իմանան, թե ում եմ բերել հետս։ Այստեղ, ա՛յ, այստեղ։
Ջոն բացեց դուռը, և նրանք մի նեղ, անձուկ սենյակ մտան, որը ըստ երևույթին դրասենյակն էր։ Ջենեվևային նստեցնելով մի փոշոտ ու ջարդված աթոռի, Ջոն դուրս գնաց։ Մի քանի րոպե անց վերադարձավ՝ երկար խալաթով ու պարուսինե մաշիկներով։ Ջենեվևան ահից դողալով փարվեց տղային։ Ջոն քնքշորեն գրկեց նրան։
― Մի՛ վախենա, Ջենեվևա,— սրտապնդեց նա։— Ես ամեն ինչ դասավորել եմ։ Ոչ ոք չի իմանա։
― Ես քեզ համար եմ վախենում, Ջո,— շշնջաց աղջիկը։— Միևնույն է, թե ինչ կպատահի ինձ։ Ես քեզ համար եմ վախենում։
― Ուրեմն միևնո՞ւյն է, թե քեզ ինչ կպատահի։ Իսկ ես կարծում էի, թե հենց դա է քեզ անհանգստացնում։
Նա զարմանքով նայեց աղջկան՝ շշմած կանացի հոգու վեհության այդ նոր, պայծառ վկայությունից, թեև Ջենեվևան շատ անգամ էր հիացրել նրան իր զգացմունքների նրբությամբ ու խորությամբ։ Մի պահ տղայի լեզուն կապվեց, չէր կարողանում խոսել, իսկ հետո հուզմունքից կմկմաց.
― Ի՞նձ համար ես վախենում։ Ուրեմն քեզ համար միևնո՞ւյն է, թե ինչ կմտածեն քո մասին։ Ինձնից բացի ոչ մի բանի մասին չե՞ս մտահոգվում, ո՞չ մի բանի։
Դռան ուժգին թակոցը և «Է՛յ, ո՞ւր ես կորել» ահեղ կանչը Ջոյին վերադարձրին դեպի իրականություն։
― Դե շուտ, Ջենեվևա, մի անգամ էլ համբուրիր ինձ,— շշնջաց նա հուզված։— Այսօր իմ վերջին ելույթն է, և ես այնպես պիտի կռվեմ, ինչպես դեռ երբեք չեմ կռվել։ Չէ՞ որ դու պիտի տեսնես ինձ ռինգում։
Մի րոպե անց, իր շրթունքներին դեռևս զգալով Ջոյի շրթունքների ջերմ հպումը, Ջենեվևան հայտնվեց իրար հրհրող ջահելների մի խմբի մեջ, թվում էր, թե ոչ ոք չնկատեց աղջկան։ Նրանցից ոմանք առանց բաճկոնի էին, թևքերը քշտած վերնաշապիկներով։ Ջենեվևային իրենց մեջ առած՝ նրանք հետնամուտքից հանգիստ սրահ մտան և եզրային անցումով դանդաղ առաջ գնացին։
Ցախատուն հիշեցնող կիսախավար հանդիսասրահը լիքն էր։ Ծխախոտի ծխի թանձր քուլաների մեջ հազիվ աղոտ կերպով ջոկվում էին մարդիկ ու առարկաները։ Ջենեվևային թվաց, թե հիմա շնչահեղձ կլինի։ Դահլիճը խուլ աղմկում էր տղամարդկանց ձայներից, որոնց մեջ առանձնանում էին աֆիշներ ու սոդայաջուր վաճառող տղաների սուր, ականջ ծակող ձայները։ Ինչ֊որ մեկը գրազ առաջարկեց Ջո Ֆլեմինգի օգտին՝ տասը վեցի դեմ։ Առաջարկողի ձայնը միապաղաղ էր, անհույս։ Եվ Ջենեվևան հպարտությամբ մտածեց․ այդ էր պակաս, ո՞վ համարձակվի Ջոյի դեմ գրազ գալ։
Բայց Ջոյի նկատմամբ ունեցած հպարտությունը չէր միայն, որ հուզում էր աղջկան։ Նրա երևակայությունն ավելի բորբոքվեց, երբ մտավ այդ որջը, որտեղ կանանց մուտքը արգելված էր։ Ի՞նչը կարող էր ավելի հրապուրիչ լինել, քան այս արկածը։ Ամեն ինչ այստեղ անծանոթ էր իրեն, խորհրրդավոր ու սարսափելի։ Բացի դրանից, կյանքում առաջին անգամ էր համարձակվում այդպիսի հանդուգն քայլ կատարել, առաջին անգամ էր խախտում պարկեշտության նեղ սահմանները, որ հաստատվել էին ամենաանողոք դատավորների կողմից՝ բանվորական թաղամասերի քեռիների օրենքով։ Ջենեվևան սարսափեց իր համար, թեև մի րոպե առաջ մտածում էր միայն Ջոյի մասին։
Աղջիկը չնկատեց, թե ինչպես հասավ դահլիճի մյուս ծայրը և, մի քանի աստիճան բարձրանալով, հայտնվեց փոքրիկ մի սենյակում, որը նույնպես լիքը լցված էր տղամարդկանցով։ Ջենեվևան մտածեց, որ դրանք, այսպես թե այնպես, ինչ-որ կապ ունեն Խաղի հետ։ Այդտեղ Ջոն բաժանվեց նրանից։ Աղջիկը դեռ չէր հասցրել վախենալ իր հետագա ճակատագրի համար, երբ նրան ուղեկցողներից մեկը կոպտորեն ասաց. «Է՛յ, դո՛ւ, արի իմ հետևից»։ Նրա հետևից զոռով մի կերպ առաջ խցկվելով Ջենեվևան նկատեց, որ մի թիկնապահ էլ հետևից է գալիս։
Նրանք դուրս եկան բեմի նման մի տեղ, ուր հանդիսականները նստած էին երեք շարքով, այդտեղ Ջենեվևան առաջին անգամ նայեց ռինգի կողմը։ Նա կանգնած էր մրցահարթակի բարձրությանր հավասար և այնքան մոտ, որ կարող էր ձեռքը երկարել ու բռնել հարթակի շուրջը ձգվող ճոպանները։ Հատակը ծածկված էր բրեզենտով։ Ռինգի հետևում և երկու կողմերում, Ջենեվևան, ասես մշուշի միջից, տեսավ լիքը լցված դահլիճը։
Սենյակը, որտեղից նա դուրս եկավ, կպած էր ռինգի անկյուններից մեկին։ Իր ուղեկիցների հետ անցնելով շարքերի միջով՝ նա մտավ նույնպիսի նեղ մի սենյակ, որը գտնվում էր ռինգի դիմացի անկյան մոտ։
— Այստեղ հանգիստ նստիր և սպասիր, մինչև կգամ քո հետևից,— ասաց երիտասարդը՝ ցույց տալով պատի մեջ բացված անցքը։
== Գլուխ IV ==
Ջենեվևան աչքերը մոտեցրեց անցքին և ուղիղ իր առջև տեսավ ռինգը, որ երևում էր, ինչպես ափի մեջ։ Նա հանդիսասրահի մի մասը միայն չէր տեսնում։ Մրցահարթակի վրա պայծառորեն վառվում էին գազի լամպերը։ Առաջին շարքում, որտեղից քիչ առաջ նա անցավ, նստած էին մարդիկ, որոնք մատիտներ ու ծոցատետրեր ունեին ձեռքներին։ Ջենեվևան հասկացավ, որ դրանք տեղական թերթի թղթակիցներն են։ Նրանցից մեկը ծամոն էր ծամում։ Մյուս երկու շարքերը զբաղեցրել էին մոտակա հրշեջ խմբի ծառայողները և մի քանի ոստիկաններ։ Առաջին շարքի միջին մասում, երկու թղթակիցների միջև, նստած էր երիտասարդ ոստիկանապետը։ Ջենեվևան ռինգի մյուս կողմում, հանդիսատեսների մեջ, զարմանքով ճանաչեց միստր Քլաուզենին։ Սպիտակ ու շառագունած դեմքով, այտամորուսներով նա հանդիսավոր նստել էր հենց ռինգի մոտ, առաջին շարքում։ Մի քանի նստարան այն կողմ, միևնույն շարքում նա տեսավ Սիլվերստայնի հուզմունքից կարմրած, կնճռոտ դեմքը։
Հասարակության թույլ ծափահարությունների տակ մի քանի երիտասարդներ, առանց բաճկոնների, դույլերը, շշերն ու սրբիչները ձեռքներին, անցան ճոպանի տակից և մրցահարթակով գնացին դեպի Ջենեվևայի կողքի անկյունը։ Նրանցից մեկը, որ հագել էր հաստ, սպիտակ սվիտեր և պարուսինե մաշիկներ, նստեց աթոռին և մեջքով հենվեց ճոպանին։ Երիտասարդների մյուս խումբը զբաղեցրեց ուղղակի Ջենեվևայի առջևի անկյունը։ Լսվեցին միահամուռ ծափահարություններ, և ուշադիր նայելով՝ նա ճանաչեց Ջոյին, որ նստած էր նույն խալաթով․ տղայի շագանակագույն գանգուրները ընդամենը մեկ մետր էին հեռու աղջկանից։
Փարթամ մազերով ու օսլայած բարձր օձիքով, սև կոստյում հագած մի երիտասարդ դուրս եկավ ռինգ և բարձրացրեց ձեռքը։
― Հարգելի հասարակությունից խնդրում ենք չծխել,— ասաց նա։
Նրա խնդիրքը դիմավորվեց սուլոցներով ու փնթփնթոցներով։ Ջենեվևան զայրույթով նկատեց, որ բոլորն էլ շատ հանգիստ շարունակում են ծխել։ Միստր Քլաուզենը լսեց տնօրենի նախազգուշացումը և, ձեռքում պահած վառվող լուցկին, կարծես թե ոչինչ էլ չէր եղել, կպցրեց սիգարը, Ջենեվևան սուր ատելությամբ լցվեց նրա նկատմամբ։ Այդպիսի ծխի մեջ ինչպե՞ս կարող է կռվել իր Ջոն։ Նույնիսկ ինքը շնչել չի կարողանում, իսկ չէ՞ որ ինքը նստել է հենց այնպես, առանց շարժվելու։
Տնօրենը մոտեցավ Ջոյին։ Նա ոտքի ելավ։ Խալաթը ցած սահեց, և Ջոն մերկ, միայն պարուսինե մաշիկներով ու սպիտակ վարտիքով անցավ ռինգի կենտրոնը։ Ջենեվևան գլուխը կախեց։ Նա մենակ էր, ոչ ոք չէր կարող տեսնել իրեն, բայց, այնուամենայնիվ, իր սիրեցյալին մերկ տեսնելով, այրող ամոթից ամբողջովին կարմրատակեց։ Բայց անմիջապես էլ նորից նայեց, թեև խիղճը տանջում էր նրան. ախր նրան այդպես նայելը հանցանք է։ Ե՛վ նրան համակող հուղմունքը, և՛ կրքերի բռնկումը, որ նրան մղում էին դեպի Ջոն, ինչ խոսք, հանցանք էր։ Բայց թե քաղցր հանցանք էր։ Եվ, մոռանալով հասարակության կողմից ընդունված բարոյական օրենքները, նա աչքը չէր հեռացնում իր սիրեցյալից։ Նախնադարյան բնազդը, առաջին մեղսագործությունը, ամբողջ հզոր բնությունը տիրաբար իրենցն էին պահանջում։ Թվաց, թե լսվեց անցած հազարամյակների բոլոր մայրերի մեղմ ձայնը և առաջին ճիչը այն մանուկների, որոնք դատապարտված են ծնվելու։ Բայց այդ բոլորը նա չէր հասկանում, դիտեր միայն, որ ինքը մեղավոր է և, գլուխը հպարտորեն բարձրացնելով, մի հանդուգն որոշում ընդունեց՝ դեն նետել իր բոլոր կապանքները և մինչև վերջ խմել մեղքի գավաթը։
Նա երբեք չէր մտածել հագուստի տակ ծածկված մարդկային մարմնի մասին։ Նրա պատկերացմամբ մարդկային մարմինը միայն ձեռքեր էին ու դեմք։ Մարդուն զգեստավորած քաղաքակրթության զավակը լինելով՝ նա երբեք առանց հագուստի չէր պատկերացնում մարդուն։ Մարդկային ցեղը նրա համար զգեստավորված երկոտանիների ցեղ էր՝ մերկ դեմքով, մերկ ձեռքերով ու գլխին բուսած մազերով։ Հենց որ նա մտածում էր Ջոյի մասին, անմիջապես նրա առջև հառնում էր իր սիրեցյալի կերպարը, գանգրահեր մի պատանի՝ նուրբ, աղջկական շառագույնով, կապույտ աչքերով և, իհարկե, հագնված։ Իսկ հիմա, իր աստվածային գեղեցկությամբ, գրեթե մերկ, նա կանգնած է կուրացուցիչ լույսի տակ։ Եվ Ջենեվևան անսպասելիորեն մտածեց, որ ինքը աստծուն միշտ պատկերացրել է որպես մերկ, ամպերով ծածկված մի էակ։ Իր սիրածին ամենաբարձրյալի հետ համեմատելու միտքը սրբապղծություն, հերետիկոսություն թվաց, և նա վախեցավ, կարծես մի ծանր մեղք էր գործել։
Ջենեվևայի ճաշակը դաստիարակվել էր գեղանկարիչների գործերով, բայց գեղեցիկի բնածին զգացումը ասում էր նրան, որ իր առջև կանգնած է գեղեցկության ճշմարիտ հրաշքը։ Աղջկան միշտ էլ դուր էր եկել Ջոյի արտաքինը, թայց այդ արտաքինը նրա պատկերացման մեջ անխզելիորեն կապված է եղել հագուստի հետ։ Եվ Ջենեվևային թվում էր, թե Ջոն այդքան հրապուրիչ է այն պատճառով, որ լավ է հագնվում։ Նա երազում էլ չէր տեսել, թե այդպիսի կատարյալ գեղեցկություն կարող է թաքնված լինել հագուստի տակ։ Այդ հայտնադործությունը շշմեցրեց նրան։ Ջոյի մաշկը սպիտակ էր, ինչպես կնոջ մաշկը, և անհամեմատ ավելի հարթ, թավշյա, գրեթե առանց բուսականության։ Այդքանը միայն նկատեց Ջենեվևան, իսկ մնացածը՝ նուրբ գծերը, մկանների ներդաշնակությունը, լավ զարգացած մարմինը, միայն ակամա հեհտաքրքրեցին նրան։ Ջոյի ամբողջ կերպարանքը մաքրություն ու հմայք էր շնչում։
Ժպիտից փայլող նրա դեմքը, որ ասես նրբատաշ մի քանդակ լիներ, ավելի պատանեկան էր թվում, քան երբևէ։
Ջոն ժպտում էր, որովհետև տնօրենը ձեռքը դրեց նրա ուսին և դեմքով դեպի հասարակությունը դարձնելով, ասաց.
― Ներկայացնում եմ. Ջո Ֆլեմինգ, Արևմտյան Օքլենդի գեղեցկությունն ու պարծանքը։
Հասարակությունը մոլուցքով ծափահարեց։ Հնչեցին աղմկալից ճիչեր, հիացական բացականչություններ։
— Ջո՜ն։ Մեր Ջո՜ն,— լսվեցին դահլիճի բոլոր կողմերից։
Ջոն վերադարձավ իր անկյունը։ Առաջին անդամ Ջենեվևային թվաց, թե Ջոն բոլորովին նման չէ բռնցքամարտիկի։ Աչքերն այնքա՜ն հեզ էին. ո՛չ հայացքի, ո՛չ բերանի արտահայտության մեջ կատաղի, գազանային ոչ մի բան չկար. մարմինը չափազանց քնքուշ էր, մաշկը նուրբ, հարթ, իսկ դեմքը բոլորովին մանկական էր՝ բարի ու ոգեշունչ։ Ջենեվևայի անսովոր աչքերը չնկատեցին տղայի հզոր կրծքավանդակը, լայն ռունգները, խոր շնչառությունը, թավշյա մաշկի տակից թմբիկների նման բարձրացած մկանները։ Նա չնկատեց գաղտնարաններում թաքնված այն բոլոր ուժերը, որոնք ստեղծված էին կործանելու համար։ Ջոն նրան թվում էր ճենապակե մի արձանիկ, որին հարկավոր էր խնամքով, սիրով վերաբերվել, որովհետև մի կոպիտ հպումից կարող էր ընկնել ու փշուր֊փշուր լինել։
Ջոն Պոնթան նույնպես եկավ ռինգի կենտրոն այն բանից հետո, երբ երկու մարտավկաները դժվարությամբ նրա հագից հանեցին սպիտակ սվիտերը։ Նրան նայելով Ջենեվևան սարսափից ցնցվեց։ Ա՛յ, սա բռնցքամարտի՜կ է. իսկական գազան. նեղ, կապկի ճակատով, խոժոռ, բրդոտ հոնքերի տակ թաքնված մանր աչքերով, տափակ քթով, հաստաշուրթ, անբարեհամբույր բերանով։ Ջենեվևան սարսափով էր նայում նրա քառակուսի ծնոտին, եղան վզի նման հաստ վզին, ուղիղ, կարճ խուզած կոշտ մազերին, որ վայրի խոզի մազ էին հիշեցնում։ Ահա թե որտեղ է կոպտությունն ու դաժանությունը, կատաղի, վայրի բարբարոսությունը։ Մաշկը թուխ էր, գրեթե սև, կուրծքը և ուսերը ծածկված էին շան մազերի պես խիտ, խուճուճ մազերով։ Լայն կուրծք, հզոր ոտքեր, չափից դուրս ուռած մկաններ, այդ ամենի մեջ գեղեցկության ու ներդաշնակության նշույլ անգամ չկար։ Նա կարծես ամբողջովին թմբիկներից, ուռուցքներից ու ելունդներից կազմված լիներ, ֆիզիկական ուժերի առատությունից նա կորցրել էր մարդկային կերպարանքը։
― Ջոն Պոնթա, Վեստ֊բեյ սպորտային ակումբից,― ներկայացրեց տնօրենը։
Հասարակությունը սառը դիմավորեց նրան։ Պարզ երևում էր, որ հանդիսականների համակրանքը Ջոյի կողմն էր։
― Մի լավ ջարդիր, հում-հում կե՛ր նրան, Պոնթա, կե՛ր,― լռության մեջ լսվեց մեկի ձայնը։
Դահլիճի բոլոր ծայրերից լսվեցին հեգնանքի բացականչություններ ու արհամարհական դիտողություններ։ Պոնթան չարությամբ կրճտացրեց ատամները և, շուռ գալով, գնաց իր անկյունը։ Նա չէր էլ կարող ջերմ ընդունելության հույս ունենալ հասարակությունից, որը բնազդորեն անբարյացակամություն ցուցաբերեց իր նկատմամբ։ Նրանում շատ չէին աչքի զարնում նախապատմական վայրենության գծերը։ Դա բոլոր տեսակի հոգեկան կարողություններից զուրկ, մտածելու անընդունակ մի կենդանի էր, վտանգավոր մի հրեշ, ահ ու սարսափ ներշնչող, այնպես, ինչպես ահ են ներշնչում վագրը կամ օձը, որոնց տեղը երկաթե վանդակն է և ոչ թե ազատությունը։
Եվ Պոնթան հասկացավ, որ հանդիսատեսներն իրեն դեմ են, որսորդներով շրջապատված հալածվող գազանի նման նա դանդաղ, ատելությամբ լի հայացքով նայեց իր թշնամիների դեմքերին։ Այդ հայացքից փոքրիկ Սիլվերստայնը, որ հիացմունքով բարձրաձայն Ջոյի անունն էր արտասանում, կծկվեց, ջղաձգվեց, ասես այրեցին կրակի մեջ, և բառերր մնացին կոկորդում։ Ջենեվևան նկատեց այդ բանը։ Եվ երբ Պոնթայի հայացքը հանդիպեց իր հայացքին, ինքն էլ երեսը շրջեց ու ամբողջովին կծկվեց։ Հետևյալ ակնթարթին Պոնթայի հայացքը կանգ առավ Ջոյի վրա։ Ջենեվևային թվաց, թե Պոնթան իզուր է իր մեջ ատելություն բորբոքում։ Ջոն իր հակառակորդին նայեց ջինջ, մանկական հայացքով, բայց դեմքը խստացավ։
Տնօրենը էլի մի երիտասարդի բերեց ռինգի կենտրոնը, որը նույնպես առանց բաճկոնի էր, սիրալիր ու բարեհոգի դեմքով։
― Ներկայացնում եմ. Էդդի Ջոնս, այսօրվա մրցության դատավորը։
― Էդդին, մեր Եդդին,— բացականչեցին հանդիսականները և միահամուռ ծափահարությամբ դիմավորեցին դատավորին, որը, ինչպես նկատեց Ջենեվևան, ըստ երևույթին, նույնպես սիրված էր հասարակությունից։
Հակառակորդները իրենց մարտավկաների օգնությամբ հագան ձեռնոցները։ Պոնթայի մարտավկաներից մեկր գնաց Ջոյի անկյունը և հագնելուց առաջ ստուգեց նրա ձեռնոցները։ Դատավորի նշանով ախոյանները ռինգ դուրս եկան, նրանց հետևեցին մարտավկաները։ Ջոն ու Պոնթան հայտնվեցին դեմ-դիմաց, իսկ նրանց միջև կանգնեց դատավորը։ Մարտավկաները կանգնեցին՝ ձեռքները մեկը մյուսի ուսին դրած և վզերը երկարացրած։ Դատավորն ինչ-որ բան էր ասում, և բոլորը ուշադիր լսում էին։ Հետո խումբը ցրվեց, և նորից առաջ եկավ տնօրենը։
― Ջո Ֆլեմինգի քաշը հարյուր քսանութ ֆունտ է,— հայտարարեց նա,— իսկ Ջոն Պոնթայինը՝ հարյուր քառասուն։ Պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հակառակորդները ոտքի վրա կլինեն։ Հակառակորդները կլինչից դուրս գալու ժամանակ պետք է զգուշություն պահպանեն։ Հասարակությանը հիշեցնում ենք, որ պայքարը կշարունակվի մինչև վերջնական արդյունքը։ Մեր ակումբը մրցության մեջ ոչ ոքի արդյունք չի ճանաչում։
Տնօրենը կռանալով անցավ ճոպանի տակով և ցած թռավ հարթակից։ Մարտավկաները նույնպես հեռացան իրենց անկյուններից՝ տանելով աթոռներն ու դույլերը։ Ռինգում մնացին միայն երկու հակառակորդներն ու դատավորը։ Հնչեց գոնգի հարվածը։ Հակառակորդներն արագ անցան ռինգի կենտրոնը։ Մի ակնթարթում նրանց աջ ձեռքերը մոտեցան, և նրանք արագ իրար ձեռք սեղմեցին։ Եվ անմիջապես էլ Պոնթան աջ ու ձախ սկսեց կատաղի հարվածներ տեղալ։ Ջոն կռացավ ու ետ ցատկեց։ Պոնթան պարսատիկից նետված քարի նման նորից սլացավ Ջոյի վրա։
Մարտն սկսվեց։ Ջենեվևան, ձեռքը կրծքին սեղմած, տագնապահար հետևում էր նրանց։ Կատաղի ու անընդմեջ հարվածների կարկուտը, որ տեղում էր Պոնթան, սարսափեցրեց նրան։ Աղջկան թվում էր, թե Պոնթան խեղանդամ կդարձնի Ջոյին։ Որոշ ժամանակ նա չէր տեսնում Ջոյի դեմքը, որ ծածկված էր արագ-արագ փայլփլող ձեռնոցների հետևում, բայց լսում էր խուլ հարվածների ձայնը և ամեն անգամ սարսափից սրտախառնուք էր զգում։ Նա չգիտեր, որ պարզապես բռնցքամարտիկի ձեռնոցն է խփվում մյուսի ձեռնոցին կամ ուսին, առանց վնաս պատճառելու։
Հանկարծ մարտի պատկերը փոխվեց, հակառակորդները ամուր գրկեցին միմյանց, ոչ մեկը, ոչ էլ մյուսը չէր հարվածում։ Ջենեվևան գլխի ընկավ, որ հենց դա էլ «կլինչն» է, որի մասին ասել էր Ջոն։ Պոնթան ջանում էր դուրս պրծնել։ Ջոն չէր թողնում։ Դատավորը բղավեց՝ «Անջատվել»։ Ջոն կամեցավ ետ քաշվել, բայց Պոնթային հաջողվեց ձեռքը ազատել, և Ջոն հարվածից խուսափելու համար նորից գրկեց նրան։ Բայց այս անգամ նրա ձեռնոցը սեղմվել էր Պոնթայի բերանին ու կզակին, և երբ դատավորը երկրորդ անգամ գոչեց «Անջատվել», Ջոն գլուխը մի կողմ թեքեց հակառակորդից ու ետ թռավ։
Մի քանի կարճ պահեր եղան, երբ Ջենեվևային ոչինչ չէր խանգարում իր սիրեցյալին տեսնելու։ Ջոյի ձախ ոտքը թեթևակի առաջ էր դրված, իրանն ու ծնկները փոքր֊ինչ ծալված էին, գլուխը ուսերի մեջ քաշած։ Նա ձեռքերով ծածկել էր դեմքը պատրաստ և պաշտպանվելու, և հարձակվելու։ Նրա բոլոր մկանները լարված էին, և Ջենեվևան տեսնում էր, թե ինչպես ամեն անգամ շարժվելիս, դրանք կենդանի էակների նման ոլորվում էին, կծիկ դառնում ու գալարվում նրա սպիտակ մաշկի տակ։
Պոնթան նորից հարձակվեց, և Ջոյի դրությունը վատացավ․ նա ավելի կռացավ, ասես ամբողջովին կուչ եկավ և, ուսերը, արմունկներն ու ձեռքերը դեմ դնելով, համառորեն ընդունեց հարվածները, որոնք կարկուտի նման թափվում էին նրա վրա, և Ջենեվևային թվում էր, թե նա այլևս չի կարող կենդանի դուրս պրծնել։ Բայց Ջոն կանգնել էր հարվածների տակ՝ ձեռնոցներով կամ ուսերով պաշտպանվելով, և քամուց օրորվող ծառի նման մեկ ետ էր թեքվում, մեկ՝ առաջ։ Լսելով բուռն ծափահարությունները և «Կեցցե՛ս, Ջո։ Դիմացի՛ր» բացականչությունները, նկատելով, թե ինչպես Սիլվերստայնը իրեն կորցրած քիչ է մնում վեր թռչի նստած տեղից, Ջենեվևան հասկացավ, թե ինչ է կատարվում․ ոչ միայն մահ չի սպառնում Ջոյին, այլ, ընդհակառակը, նա շատ լավ է դիմանում։ Բայց Պոնթան չէր նահանջում, և նրա հարվածների կատաղի փոթորիկը Ջենեվևայի տեսողությունից հաճախ էր ծածկում իր սիրեցյալին։
== Գլուխ V ==
Գոնգը հնչեց։ Ջենեվևային թվում էր, թե մարտը մոտ կես ժամ է տևել, այնինչ, Ջոյի պատմածներից նա գիտեր, որ ընդամենը երեք րոպե է անցել։ Ջոյի մարտավկաները ճոպանի տակով թռան մրցահարթակ և Ջոյին արագ տարան իր անկյունը, որտեղ կարող էր վայելել մեկ րոպեի երջանիկ հանգիստը։ Նրանցից մեկը պպզեց Ջոյի առջև և բռնելով նրա ծնկներից, սկսեց ամբողջ ուժով շփել սրունքները։ Ջոն նստել էր աթոռին՝ գլուխը ետ թեքած, ձեռքերը ճոպանի վրա գցած, և ամբողջ կրծքով խոր շնչում էր։ Բերանը լայն բաց էր արել, և երկու մարտավկաները սրբիչով հով էին անում, մեկ ուրիշը սրբում էր դեմքն ու կուրծքը և ինչ-որ բան շշնջում ականջին։
Դեռ չէր վերջացել այդ գործողությունը, որ ընդամենը մի քանի վայրկյան տևեց, երբ գոնգը նորից հնչեց։ Մարտավկաները դույլերն ու սրբիչներն առած, սուրացին ճոպանի տակով, իսկ Ջոն ու Պոնթան արդեն մրցահարթակի կենտրոնում էին։
Ջենեվևան երբեք չէր մտածել, թե րոպեն կարող է այդքան կարճ տևել, նույնիսկ նրա մտքով անցավ, որ դիտմամբ կրճատեցին ժամանակը, և մի պահ վատ բան կասկածեց, ինքն էլ չիմանալով թե ինչ։
Պոնթան գրոհեց նույնպիսի կատաղությամբ, ինչպես առաջին ռաունդում՝ հարվածելով աջ ու ձախ, և չնայած որ Ջոն հաջողությամբ ետ էր մղում հարվածները, բայց, այնուամենայնիվ, չկարողացավ դիմանալ և մի քանի քայլ նահանջեց, որպեսզի հավասարակշռությունը չկորցնի, նա ակամա մի ձեռքը վեր պարզեց և գլուխը փոքր֊ինչ բարձրացրեց։ Պոնթան՝ վագրի նման ցատկեց նրա վրա՝ նշան բռնելով հակառակորդի անպաշտպան կզակին։ Բայց Ջոն մի շարժում արեց, կարծես սուզվում էր ջրի մեջ, և Պոնթայի բռունցքը անցավ նրա ծոծրակի վրայով։ Հազիվ էր Ջոն ուղղվել, Պոնթան ձախով այնպիսի մի շեշտակի հարված իջեցրեց, որը Ջոյին պետք է շպրտեր ճոպանից այն կողմ։ Բայց Ջոն նորից վայրկյանի ինչ֊որ չնչին մասում կանխեց հակառակորդին և կարողացավ մի կողմ ցատկել։ Պոնթայի բռունցքը սահեց նրա թիակի վրայով և կախվեց օդում։ Պոնթան հարվածը կրկնեց աջից, բայց Ջոն նորից խույս տվեց ու բարեհաջող կերպով կլինչ մտավ։
Ջենեվևան թեթևացած շունչ քաշեց. նա ամբողջ մարմնում թուլություն զգաց, քիչ էր մնում ուշագնաց լիներ։ Հասարակությունը հիացած ծափահարում էր։ Սիլվերստայնը կանգնել էր և խելագարի նման գոռում էր ու ձեռքերը թափահարում։ Նույնիսկ միստր Քլաուզենն իր հիացմունքն արտահայտեց՝ ամբողջ ուժով ինչ-որ բան բղավելով հարևանի ականջին։
Բայց ահա հակառակորդները դուրս եկան կլինչից, և մարտը վերսկսվեց։ Ջոն ձեռքերով ծածկեց դեմքը, նահանջեց, սահեց հարթակի վրայով, խուսափեց հարվածներից՝ դիմանալով հակառակորդի շեշտակի, բուռն գրոհներին։ Նա ինքը հազվադեպ էր հարվածում, որովհետև Պոնթան սրատես աչքեր ուներ և պաշտպանվում էր նույնպիսի հաջողությամբ, ինչպիսի հաջողությամբ հարձակվում էր։ Պոնթայի դիվային ուժը կոտրելու ոչ մի շանս չուներ Ջոն, բոլոր հույսերը նա կապել էր այն բանի հետ, որ Պոնթան վերջ ի վերջո ուժասպառ կլինի։ Ջենեվևային զարմացնում էր այն, որ իր սիրեցյալը պաշտպանվում է միայն. նա նույնիսկ բարկացավ. Ջոն պետք է վրեժ լուծի այդ գազանից, որը այնպես կատաղորեն գրոհում է իր վրա։ Բայց հենց այդ միջոցին, երբ աղջիկը պատրաստ էր զայրանալու, Ջոն որսաց հարմար պահը և ուժգին հարվածեց Պոնթայի ծնոտին։ Լարվածը կործանիչ էր։ Պոնթայի գլուխը ետ ընկավ, և արյունը ցայտեց շրթունքներից։ Հանդիսատեսները խլացնող ճիչերով ողջունեցին Ջոյի հաջողությունը։ Պոնթան, կատաղությունից իրեն կորցրած, նետվեց դեպի Ջոն։ Նրա բոլոր նախկին հարձակումները ոչինչ էին այս կատաղի փոթորկի համեմատությամբ։ Ջոն այլևս չէր փորձում հարվածին հարվածով պատասխանել, նա գործ դրեց իր բոլոր ուժերը, որպեսզի կարողանա դիմանալ փոթորկին, և, ետ մղելով գրոհներն ու խուսափելով հարվածներից, հազիվ կարողացավ մի փոքր հանգիստ ու փրկություն գտնել կլինչում։
Բայց կլինչում էլ իսկական հանգիստ ու ապահովություն չկար, պետք էր աչալրջորեն հետևել հակառակորդին։ Իսկ կլինչից դուրս գալու ժամանակ ավելի մեծ վտանգ էր թաքնըված։ Ջենեվևան նույնիսկ թեթևակի ժպտաց, տեսնելով, թե Ջոն ինչպես է ամուր սեղմվում Պոնթային։ Սկզբում նա չհասկացավ, թե ինչի համար էր դա, մինչև որ Պոնթան, նախքան Ջոն կհասցներ սեղմվել իրեն, մի հարված հասցրեց ներքևից վերև, և նրա բռունցքը անցավ Ջոյի կզակի մոտով։ Հաջորդ կլինչին, երբ Ջենեվևան արդեն ազատ շունչ քաշեց, մտածելով, որ Ջոն ապահով է, Պոնթան Ջոյի ուսի վրայով ձգվելով, աջ ձեռքը բարձրացրեց և բռունցքը թափով էջեցրեց նրա գոտկատեղին։ Հանդիսատեսները հառաչեցին իրենց սիրած բռնցքամարտիկի համար, իսկ Ջոն արմունկները սեղմեց հակառակորդին, որպեսզի կանխի երկրորդ հարվածը։
Նորից գոնգը հնչեց, և մեկ րոպե տևող հանգստից հետո մարտը վերսկսվեց։ Ջոն դեռ չէր հասցրել իր անկյունից դուրս գալ, որ Պոնթան մրցահարթակի մյուս ծայրից սլացավ նրա վրա։ Ջոյի սպիտակ մաշկի վրա, գոտկատեղին ստացած հարվածից վառ կարմիր մի խալ էր գոյացել. խալը մեծ էր, Պոնթայի ձեռնոցի մեծությամբ, և Ջենեվևան տխրությամբ նայում էր այդ բոսորագույն հետքին՝ ուժ չունենալով հայացքը կտրել նրանից։ Արդեն հաջորդ կլինչում Պոնթան իր մահացու հարվածը կրկնեց Ջոյի երիկամների շրջանում։ Դրանից հետո Ջոն զգույշ էր, և ձեռնոցը Պոնթայի կզակին սեղմելով ու նրա գլուխը ետ թեքելով, նրան միշտ հաջողվում էր խույս տալ հարվածներից։ Բայց նախքան ռաունդը վերջանալը Պոնթան երրորդ անգամ կրկնեց իր հնարքը, և ամեն անգամ հարվածը կպչում էր միևնույն խոցելի տեղին։
Անցավ մեկրոպեանոց ընդմիջումը և էլի մեկ ռաունդ, որը հակառակորդներից ոչ մեկին առավելություն չբերեց։ Հինգերորդ ռաունդի սկզբում Ջոն, անկյունում սեղմված, ձևացրեց, թե կլինչի է գնում, բայց վերջին ակնթարթին, երբ Պոնթան պատրաստվում էր փաթաթվել նրան, մի փոքր թեքվեց և հարվածեց Պոնթայի անպաշտպան տեղին՝ սրտի գդալին․ կայծակնային արագությամբ չորս անդամ իրար հետևից հարվածեց աջ ու ձախ։
Ըստ երևույթին հարվածները կործանիչ էին, որովհետև Պոնթան ետ-ետ գնաց, թևերը անզոր կախվեցին, ուսերը ցած իջան, թվաց, թե նա ուր որ է կծալվի ու փուլ կգա։ Տեսնելով, որ հակառակորդը բացվել է, Ջոն առանց դադար տալու, հարվածեց նրա շրթունքներին, հետո ձեռքը թափով վրա բերեց ծնոտին հարվածելու նպատակով, բայց վրիպեց, հարվածը կպավ այտին, և Պոնթան մի կողմ թռավ։
Հասարակությունը մոլեգնեց։ Բոլորը ոտքի ելան, ծափահարում էին, աղմկում. «Վե՛րջ Պոնթային, վե՛րջ», լսեց Ջենեվևան, ու նրան թվաց, որ հիմա կգա ցանկալի վերջը։ Նա էլ իրեն կորցրել էր․ նրա սովորական հեզությունից ու բարեսրտությունից հետք անգամ չէր մնացել, նա ցնծում էր իր սիրեցյալի հասցրած յուրաքանչյուր հարվածից։
Սակայն Պոնթայի ուժերը դեռևս հեռու էին սպառվելուց։ Հիմա արդեն ոչ թե նա էր հարձակվում Ջոյի վրա, այլ Ջոն էր վագրի նման հալածում նրան։ Նա մի անդամ էլ նշան բռնեց Պոնթայի կզակին, Բայց սա կարողացավ շտկվել ու խույս տալ հարվածից։ Ջոյի բռունցքը կախվեց օդում։ Եվ այնքան մեծ էր իներցիայի ուժը, որ Ջոն, կիսաշրջան գծելով, մի կողմ թռավ։ Պոնթան մի ակնթարթում ձախով հարվածեց հակառակորդի անպաշտպան պարանոցին։ Ջոյի ձեռքերը անզոր կախվեցին, նա օրորվեց և փռվեց մեջքի վրա։ Դատավորը կռացավ և, աջ ձեռքի շարժումով, բարձրաձայն սկսեց հաշվել վայրկյանները։
Մեռելային լռություն իջավ դահլիճի վրա։ Պոնթան շրջվել էր դեպի հասարակությունը՝ սպասելով, որ հավանության կարժանանա, բայց ոչ ոք չխախտեց գերեզմանային լռությունը։ Զայրույթով լցվեց Պոնթան։ Դա անարդարություն էր․ բավական էր, որ իր հակառակորդը հարվածեր կամ խույս տար հարվածից, ամբողջ դահլիճը ծափահարում էր, իսկ ինքը՝ Պոնթան, որ հենց սկզբից ակտիվ մարտ է մղել, մի հատիկ ծափի էլ չի արժանանում։
Պոնթայի աչքերր փայլեցին չարությամբ, և, կուչ գալով, նա թռավ իր տապալած թշնամու մոտ։ Կռանալով նրա վրա և բարձրացնելով աջ ձեռքը՝ նա սպասեց այն պահին, երբ Ջոն կսկսեր վեր կենալ տեղից, որպեսզի նորից հարվածեր։ Դատավորը աջ ձեռքի շարժումով շարունակեց հաշվելը, ձախով ետ հրեց Պոնթային։ Սա փորձեց մյուս կողմից մոտենալ, բայց դատավորը գնաց նրա հետևից և մի կողմ հրեց ու թույլ չտվեց մոտենալ հատակին փռված Ջոյին։
― Չո՛րս, հի՛նդ, վե՛ց,— հաշվում էր դատավորր։ Ջոն շրջվեց և փորձեց ծնկի ելնել։ Ձեռքերով հատակին հենվելով՝ նա ծալեց նախ՝ մի ոտքը, ապա՝ սկսեց ձգել մյուսը։
― Հաշի՛վը։ Սպասիր հաշվին,— լսվեցին դահլիճից։
― Մի՛ շտապիր։ Սպասիր հաշվին,— նախազգուշացնող ձայնով բղավում էր ռինգի կողքին կանգնած Ջոյի մարտավկան։ Ջենեվևան արագ նայեց նրան, երիտասարդի դեմքը շատ գունատ էր. նա բնազդորեն շարժում էր շրթունքները՝ դատավորի հետ միասին վայրկյանները հաշվելով։
Իններորդ վայրկյանը լրացավ, դատավորը վերջին անգամ ետ հրեց Պոնթային, և Ջոն ոտքի ելավ՝ պատրաստ պաշտպանվելու։ Նա թույլ էր, բայց հանգիստ էր, շա՜տ հանգիստ։
Պոնթան զարհուրելի ուժով նետվեց նրա վրա և մեկը մյուսի հետևից երկու հարված իջեցրեց դիմացից ու ներքևից վերև։ Ջոն երկու հարվածն էլ ետ մղեց, խույս տվեց երրորդից, մի կողմ շարժվեց, որպեսզի խուսափի չորրորդից, բայց Պոնթան հարվածների մի նոր կարկուտով նրան քշեց դեպի անկյունը։ Պարզ էր, որ Ջոն թուլացել էր, ծնկները ծալվում էին, հազիվ էր ոտքի վրա մնում։ Պոնթան նրան սեղմեց ճոպանին. այլևս նահանջելու տեղ չկար։ Մի պահ շունչ առնելով Պոնթան ձևացրեց, թե հարվածելու է ձախից, և ամբողջ թափով հարվածեց աջից։ Բայց Ջոն մտավ կլինչ, և դա փրկեց նրան։
Պոնթան կատաղած պոկվեց նրանից. նա կամենում էր հաշիվները մաքրել հակառակորդի հետ, որին արդեն պարտված էր համարում, բայց Ջոն կառչեց նրան ու բաց չէր թողնում։ Պոնթային հաջողվեց մի փոքր ազատվել նրանից, բայց Ջոն նորից փաթաթվեց նրան։
― Անջատվե՛լ,— հրամայեց դատավորը։ Ջոն ավելի ամուր սեղմեց հակառակորդին։
― Ստիպեցե՛ք նրան։ Գրողը տանի, ինչո՞ւ նրան ետ չեք քաշում,— շնչակտուր բղավեց Պոնթան դատավորին։ Սա նորից հրամայեց անջատվել։ Բայց Ջոն չենթարկվեց, լավ գիտակցելով, որ դրանով խաղի կանոնների դեմ չի մեղանչում։ Յուրաքանչյուր ակնթարթ նրա ուժերը վերականգնվում էին, միտքը պայծառանում էր, աչքերի առջևից մշուշը ցրվում։ Ռաունդը նոր էր սկսվել, և ինչպես էլ որ լիներ, հարկավոր էր երեք րոպե դիմանալ։
Դատավորը մի ձեռքով բռնեց Ջոյի ուսից, մյուսով Պոնթայի և, խցկվելով երկուսի մեջտեղը, զոռով ստիպեց անջատվել։ Ջոյից պոկվելով՝ Պոնթան ցատկեց դեպի նա, ինչպես գիշատիչ գազանն է ցատկում իր որսի վրա։ Բայց Ջոն պաշտպանվեց, ետ մղեց հարվածը և նորից կլինչ մտավ։ Նորից Պոնթան ջանաց պոկվել նրանից, նորից Ջոն բաց չթողեց, և դատավորը անջատեց նրանց։ Եվ, հարվածներից խուսափելով, Ջոն նորից մտավ կլինչ։
Ջենեվևան հասկանում էր, որ քանի դեռ Ջոն կլինչում է, ապահով է։ Եթե այդպես է, դատավորն էլ ինչո՞ւ է անջատում նրանց։ Դա տմարդություն է։ Երբ Էդդի Ջոնսը հրամայեց անջատվել, Ջենեվևան ատելությամբ նայեց նրա կլոր, բարեհամբույր դեմքին և, տեղից վեր կենալով, այնպես ջղաձգորեն սեղմեց բռունցքները, որ եղունգները խրվեցին ափերի մեջ։ Ամբողջ ռաունդում, երկար ու տանջալից երեք րոպեների ընթացքում, հակառակորղները հենց միայն այն էին անում, որ գրկում էին մեկը մյուսին և դատավորի հրամանով անջատվում։ Ոչ մի անգամ Պոնթային չհաջողվեց վերջին, վճռական հարվածը հասցնել։ Բացահայտ թուլացած և գրեթե պարտված հակառակորդի առաջ իր անզորությունն զգալով՝ նա կատաղությունից խելքը թռցրել էր։ Բավական էր մի հարված, միայն մի հարված, և նա չէր կարողանում այդ վերջին հարվածը հասցնել։ Փորձն ու սառնասրտությունը Ջոյին փրկեցին պարտությունից։ Հազիվ ոտքի վրա մնալով՝ մշուշված գիտակցությամբ, նա ամբողջ ուժով կառչել էր Պոնթայից ու բաց չթողեց այնքան ժամանակ, մինչև որ զգաց ուժերի նոր հորդումը իր երակներում։ Երբ Պոնթան մոլեգնած փորձեց Ջոյին բարձրացնել ու շպրտել գետին, դահլիճից լսվեց Սիլվերստայնի ականջ ծակող ձայնը․
― Քիչ է մնում, որ նրան կծես։
Այնպիսի լռություն էր դահլիճում, որ բոլորը լսեցին այդ խայթող խոսքերը։ Լարվածությունը թուլացավ, և հանդիսատեսները, որ քիչ առաջ ծանր տագնապ էին ապրում իրենց սիրելի բռնցքամարտիկի համար, ծիծաղից թուլացան։ Հռհռացին բարձրաձայն, անզուսպ, հիստերիկ ճիչերով։ Սիլվերստայնի կատակից նույնիսկ Ջենեվևան ծիծաղեց, և Ջոյի համար ունեցած նրա վախը մի քիչ ցրվեց։ Նա իրեն վատ էր զգում․ այն ամենը, ինչ տեղի էր ունենում ռինգում, սարսափով էր համակել նրան։
― Կծի՛ր նրան։ Կծի ր,— բղավում էհն դահլիճից։— Կծի՛ր նրա ականջը։ Լսո՞ւմ ես, Պոնթա։ Թե չէ ուրիշ կերպ նրա հախից չես կարող գալ։ Կե՛ր նրան։ Կե՛ր։ Էլ ինչի՞ ես սպասում ։
Ծաղրուծանակի տարափի տակ Պոնթան ինքն իրեն սկսեց կորցնել։ Ինչքան շատ էր կատաղում, այնքան վատ էր կռվում։ Նա հևում էր, փնչում, տնքում, իզուր վատնում էր ուժերը, դիմացկունությունն ու առողջ դատողությունը դավաճանում էին նրան, և նա զուր տեղը փորձում էր դրանց փոխարեն մի դիվային հարված տալ։
Պոնթան այլևս ոչ մի բանի մասին չէր մտածում, նրան համակել էր թշնամուն ոչնչացնելու կույր ծարավը. կլինչում նա այնպես թափահարեց Ջոյին, ասես առնետ բռնած տերյեր լիներ, և կատաղորեն ջանաց դուրս պրծնել, ազատել ձեռքերը։ Իսկ Ջոն հանգիստ բռնել էր նրան ու բաց չէր թողնում։ Դատավորը անձնազոհ կերպով ու ազնվորեն ջանում էր նրանց անջատել միմյանցից։ Դա դժվար խնդիր էր․ քրտինքը հեղեղի նման թափվում էր նրանից։ Նա ստիպված էր գործի դնել իր բոլոր ուժերը, որպեսզի անջատեր հակառակորդներին, ու նոր էր նրանց անջատել իրարից, երբ Ջոն նորից կլինչ մտավ, և ամեն ինչ պետք էր նորից սկսել։ Պոնթան իզուր էր փորձում ազատվել Ջոյի կպչուն ձեռքերից։ Նա չէր կարողանում պահանջվող հեռավորության վրա մնալ հակառակորդից․ հարվածելու համար նա պետք է մոտենար Ջոյին, բայց ամեն անգամ Ջոն խառնում էր նրա հաշիվները և փակում կլինչի օղակի մեջ։
Նայելով իր դիմաց, նեղ զուգասենյակի պատի մեջ փորված խոռոչից, Ջենեվևան նույնպես իր հույսերի մեջ խաբված զգաց իրեն։ Այդ անողոք, մահացու կռվում ինքը հետաքրքրվող կողմ էր։ Բայց չէ՞ որ հակառակորդներից մեկը իր սիրեցյալն է, իր Ջոն։ Հանդիսականների համար ամեն բան պարզ է, հասկանալի, իսկ իր համար՝ ոչ։ Այդ դաժան Խաղի գաղտնիքը չպարզվեց աղջկա համար, Ջենեվևան չըմբռնեց նրա հմայքը։ Ընդհակառակը, այդ Խաղը նրա համար ավելի անլուծելի մի հանելուկ դարձավ, նա չէր կարողանում հասկանալ, թե դա ի՞նչ իշխանություն ուներ մարդկանց վրա։ Ջոն ի՞նչ հրապուրիչ բան կարող էր գտնել այդ կոպիտ, լարված, ուռած մկանների, այդ դաժան ընդհարման, տանջալի ցավ պատճառող այդ կատաղի հարվածների մեջ։ Մի՞թե դա ավելի լավ է, քան այն, ինչ ինքը կարող է տալ նրան. հանգիստ, բավականություն, պայծառ ու խաղաղ ուրախություն։ Նրա սրտին ու մտքին տիրելու համար ինքը ավելի շռայլ, ավելի թանկարժեք նվեր է առաջարկում, քան կարող է խոստանալ Խաղը։ Բայց նա հմայված է երկուսով էլ՝ և՛ իրենով, և՛ ռինգով. աղջկան սեղմում է կրծքին, բայց չի էլ նայում նրան. ականջ է դնում ռինգի գայթակղիչ ձայնին, որի խորհըրդավոր հրապույրը անհասկանալի էր Ջենեվևայի համար։
Գոնգը հնչեց։ Ռաունդը ավարտվեց կլինչով՝ Պոնթայի անկյունում։ Ջահել, գունատ մարտավկան անմիջապես թռավ մրցահարթակ և բռնելով Ջոյի ձեռքից, վազքով նրան տարավ իր անկյունը։ Բոլոր մարտավկաները տենդորեն սկսեցին շփել նրա ոտքերը, փորը, ցած քաշեցին վարտիքը, որպեսզի կարողանա ավելի խոր շնչել։ Ջենեվևան առաջին անգամ տեսավ, թե ինչպես են շնչում փորով, և մտածեց, որ ինքը ոչ մի անգամ այդպես խոր, այդպես ընդհատ-ընդհատ չի շնչել, նույնիսկ այն ժամանակ, երբ պատահել է, որ վազել է տրամվային հասնելու համար։ Հետո նա մի սուր, ծակող հոտ զգաց. Ջոյի քթին անուշադրի սպիրտով ներծծված սպունգ դրեցին, և նա ներշնչեց այդ հոտը, որպեսզի գլուխը թարմանա, հանգստանա։ Նա ողողեց բերանն ու կոկորդը, մի փոքրիկ շերտ կիտրոն ծծեց, և այդ ամբողջ ժամանակ մարտավկաները դիվահարի նման հովհարում էին նրան երեսսրբիչներով, թթվածին էին մղում թոքերը, որպեսզի առաջիկա մարտում մաքուր ու թարմ արյուն հոսի նրա երակներում։ Նրա այրվող մարմինը շփեցին թաց սպունգով, շշով ջուր շաղ տվեցին գլխին։
== Գլուխ VI ==
Գոնգը ազդարարեց վեցերորդ ռաունդի սկիզբը, և հակառակորդները դուրս եկան իրենց անկյուններից։ Նրանց մաշկի վրա դեռևս փայլփլում էին ջրի կաթիլները։ Պոնթան այնպես սրընթաց առաջ նետվեց, որ նրանք ոչ թե ռինգի կենտրոնում հանդիպեցին իրար, այլ Ջոյի անկյունի մոտ։ Պոնթան կամենում էր վերջ տալ հակառակորդին, քանի դեռ նա ուշքի չէր եկել, բայց Ջոն դիմացավ փորձությանը։ Նա նորից լի էր ուժերով, և յուրաքանչյուր վայրկյան նրա ուժերն ավելանում էին։ Նա ետ մղեց հակառակորդի առաջին բուռն գրոհը, ապա ինքը այնպիսի մի հարված հասցրեց, որ Պոնթան ետ թռավ։ Ջոն մի շարժում արեց, ասես կամենում էր հասնել բռնել նրան, բայց հրաժարվեց այդ մտադրությունից և հանգիստ կերպով ընդունեց Պոնթայի պատասխան հարվածների մրրիկը։
Մարտն ընթացավ այնպես, ինչպես սկզբում. Ջոն պաշտպանվում էր, Պոնթան՝ հարձակվում։ Բայց Պոնթան դժգոհ էր. նա դրության տերը չէր զգում իրեն, ինչքան էլ որ կատաղի լինեին նրա գրոհները, հակառակորդը ուզած պահին կարողանում էր պատասխան հարված հասցնել։ Ջոն խնայում էր ուժերը․ Պոնթայի տասը հարվածին նա պատասխանում էր մեկով, բայց նրա հարվածները գրեթե միշտ հասնում էին նպատակին։ Պոնթան ուժեղ էր հարձակվելիս, սակայն չէր կարողանում հաղթել, իսկ Ջոյի հազվադեպ, բայց վարպետ հարվածները ասում էին այն մասին, որ նա վտանգավոր հակառակորդ է։ Պոնթան հասկացավ այդ բանը և ավելի զուսպ դարձավ։ Նա այլևս սիրտ չէր անում խելացնորի նման նետվել Ջոյի վրա, ինչպես անում էր առաջին ռաունդում, այլ ջանում էր մի հարվածով ոչնչացնել նրան։
Մարտի պատկերը փոխվեց։ Հանդիսականներն անմիջապես նկատեցին փոփոխությունը, նույնիսկ Ջենեվևան հասկացավ այդ բանը, երբ սկսվեց իններորդ ռաունդը։ Ջոն անցավ հարձակման։ Այժմ կլինչում ոչ թե Պոնթան, այլ Ջոն էր մահացու հարվածներ հասցնում հակառակորդի գոտկատեղին, Նա թեև կլինչում մի անգամ էր հարվածում, բայց հարվածում էր ահավոր ուժով և՝ յուրաքանչյուր կլինչում։ Դուրս դալով կլինչից՝ նա կամ ներքևից հարվածում էր Պոնթայի սրտի գդալին, կամ կողքից խփում էր ծնոտին, կամ ուղղակի բերանին։ Բայց հենց որ Պոնթան մտադրվում էր հարվածների մրրիկ տեղալ, նա հեռանում էր հակառակորդից և պաշտպանվում։
Այդպես էլի երկու ռաունդ անցավ, հետո դարձյալ մեկ ռաունդ․ գնալով Պոնթայի ուժերը նվազում էին, թեև շատ դանդաղ։ Հիմա Ջոյի խնդիրն այն էր, որպեսզի ուժասպառ անի հակառակորդին. ուժասպառ անել ոչ թե մեկ, ոչ էլ տասը հարվածով, այլ հարված հարվածի հետևից հասցնել, հարվածել անդադար, անվերջ, մինչև Պոնթայի վիթխարի ուժերը սպառվեին։ Ջոն նրան հանգիստ չէր տալիս, քայլ առ քայլ նեղում էր նրան, և լսվում էր, թե ինչպես առաջ դրված ձախ ոտքր թխկթխկում էր կոշտ բրեզենտին։ Հետո վագրի ոստյունով նա նետվեց հակառակորդի վրա, մի քանի հարված հասցրրեց և կայծակնային արագությամբ էլ ետ թռավ ու նորից շարժվեց դեպի Պոնթան։
Երբ Պոնթան էլ իր հերթին հարձակման անցավ, Ջոն խնամքով պաշտպանվեց, իսկ հետո նորից վստահորեն գրոհեց հակառակորդի վրա՝ առաջ դրված ձախ ոտքով թխկթխկացնելով բրեզենտը։
Պոնթան դանդաղ, բայց անընդհատ թուլանում էր։ Ոչ ոք այլևս չէր կասկածում մրցության վախճանին։
― Ջո՛ն։ Մեր Ջո՛ն,— բացականչում էին հանդիսականները՝ իրենց սերն ու հիացմունքն արտահայտելով երիտասարդ բռնցքամարտիկի նկատմամբ։
― Ամոթ էլ է, որ գրազը տանի,— ծաղրեցին հասարակության միջից։
― Դե ինչո՞ւ դու նրան կուլ չես տալիս, Պոնթա։ Հապա մի կուլ տուր նրան։
Երբ հերթական ռաունդը ավարտվեց, Պոնթայի մարտավկաները կրկնապատկված եռանդով գործի անցան։ Պոնթայի դիվային ուժի ու դիմացկունության մասին ունեցած նրանց հավատը խախտվեց։ Ջենեվևան հետևում էր նրանց տենդային աշխատանքին և միաժամանակ լսում էր ջահել, գունատ մարտավկայի խորհուրդները, որ տալիս էր Ջոյին։
― Մի՛ շտապիր,— ասում էր նա։— Պոնթան, ճիշտ է, հալից ընկել է, բայց դու մի շտապիր։ Ես գիտեմ նրան, մինչև վերջին րոպեն էլ նա պատրաստ է հարվածելու։ Ես տեսել եմ, թե ինչպես ջարդեցին նրան, թվում էր թե վերջը եկավ, բայց նա պահել էր իր վերջին հարվածը։ Հիշում եմ, Միքի Սալլիվենը բոլորովին հալից գցել էր նրան. վեց անգամ իրար հետեից նոկդաուն արեց, իսկ հետո բացվեց։ Պոնթան հարվածեց նրա ծնոտին, և երկու րոպե հետո միայն Միրին աչքերը բաց արեց ու հարցրեց, թե ի՞նչ է պատահել։ Այնպես որ հետևիր նրան և զգույշ եղիր, քեզ շատ զոռ մի տա։ Ես քեզ համար գրազ եմ եկել, բայց դեռ համոզված չեմ, թե փողը գրպանումս է։
Պոնթայի վրա ջուր լցրին։ Երբ գոնգը հնչեց, Պոնթայի մարտավկաներից մեկր շշով ջուրը շուռ ավեց նրա գլխին։ Պոնթան գնաց ռինգի կենտրոնը, իսկ մարտավկան հետևեց նրան՝ շիշը նրա գլխին բռնած։ Դատավորր բղավեց մարտավկայի վրա. սա փախավ ռինգից և ճանապարհին շիշը վայր գցեց։ Շիշը ջուր շաղ տալով գլորվեց, և դատավորը ոտքի հարվածով շպրտեց ճոպանի մյուս կողմը։
Ամբողջ մարտի ընթացքում Ջենեվևան ոչ մի անգամ չտեսավ Ջոյի այն արտահայտությունը, որ փայլում էր նրա դեմքին առավոտյան, կահույքի խանութում, երբ խոսում էր բռնցքամարտի մասին։ Մի քանի ռաունդներում նրա դեմքը բոլորովին պատանեկան էր, գրեթե մանկական։ Այն պահերից հետո, երբ Պոնթան ամենածանր հարվածներ էր հասցընում, նրա դեմքր դարձավ գորշ, մռայլ, իսկ ավելի ուշ, երբ նա հուսահատ կառչել էր հակառակորդին, որպեսզի ժամանակ շահեր, նրա դեմքը թվաց տխուր ու թախծոտ։ Բայց հիմա նա այլևս երկյուղ չուներ հակառակորդից․ նախաձեռնությունը խլել էր արդեն։ Եվ այդ ժամանակ Ջենեվևան նրա դեմքին տեսավ իսկական բռնցքամարտիկին։ Տեսավ ու ցնցվեց։ Ինչքա՜ն նա հեռու էր իրենից։ Ջենեվևան մտածում էր, թե ճանաչում է նրան, շատ լավ է ճանաչում, որ նա իր իշխանության տակ է, բայց այդ դեմքը, որ կարծես պողպատից ձուլված լիներ, պողպատի պես ամուր այդ շրթունքները և այդ աչքերը, որ լուսավորում էին պողպատի փայլով, օտար էին թվում։ «Ինչպես պատժող հրեշտակի անկիրք ու անարտահայտիչ դեմք, որի ճակատին դրոշմված է աստծո պատվիրանը»,— անցավ Ջենեվևայի մտքով։
Պոնթան փորձեց գործել այնպես, ինչպես առաջին ռաունդում, բայց ծնոտին հասցրած հարվածով Ջոն կանգնեցրեց նրան։ Համառ ու անդրդվելի, ոչ մի վայրկյան հանգիստ չտալով հակառակորդին, Ջոն հալածում էր նրան։ Տասներեքերորդ ռաունդի վերջում Ջոն կործանիչ գրոհով Պոնթային իր անկյունը քշեց։ Պոնթան պաշտպանվեց, բայց Ջոյի ուժեղ հարվածից ընկավ ծնկների վրա։ Տասներորդ վայրկյանում Պոնթան վեր կացավ և փորձեց փաթաթվել Ջոյին, բայց Ջոն նրան դիմավորեց սրտի գդալին հասցրած չորս հարվածներով, և երբ գոնգը հնչեց, Պոնթան շնչասպառ փռվեց իր մարտավկաների ձեռքերի վրա։
Ջոն ամբողջ ռինգով մեկ վազեց դեպի իր անկյունը։
― Ա՛յ, հիմա ես ցույց կտամ,— ասաց նա իր մարատվկային։
― Այո՛, դու նրան լավ նեղն ես լծել,— պատասխանեց մարտավկան։— Հիմա միայն պատահականությունը կարող է նրան օգնել, բայց, այնուամենայնիվ, զգույշ եղիր։
Ջոն առաջ թեքվեց, մի փոքր ծալեց ծունկը և, վազողի դիրք ընդունած, անշարժացավ, սպասելով մարտը սկսելու սուլիչին։ Հենց որ գոնգը հնչեց, նա երկու ոստյունով հայտնրվեց Պոնթայի անկյունի մոտ, որը նոր միայն վեր կացավ աթոռից՝ իր մարտավկաներով շրջապատված։ Եվ այդտեղ, մարտավկաների մեջ, Ջոն աջից հասցրած հարվածով նրան գետին տապալեց։ Հենց որ Պոնթան դուրս եկավ դույլերի, աթոռների ու մարտավկաների քաոսից, Ջոն երկրորդ անգամ նրան վայր գցեց։ Եվ դարձյալ մի անգամ Պոնթան փռվեց գետնին, նախքան իր անկյունից դուրս կգար։
Եվ հենց այդտեղ էլ Ջոն փոխակերպվեց կատաղի մրրկի։ Ջենեվևան հիշեց նրա խոսքերը. «Լավ հետևիր, կհասկանաս, թե երբ կսկսեմ գրոհը»։ Հանդիսականները նույնպես հասկացան այդ բանը։ Ամբողջ դահլիճը ոտքի էր ելել, ամեն կողմից մոլեգին ճիչեր էին լսվում։ Ամբոխի արյան ծարավի ոռնոցները լսելով Ջենեվևան մտածեց, որ հավանաբար, ճիշտ այդպես են ոռնում քաղցած գայլերը։ Հիմա, երբ նա այլևս չէր կասկածում իր սիրեցյալի հաղթանակին, հոգու խորքում խղճաց Պոնթային։
Զուր տեղը Պոնթան փորձում էր պաշտպանվել, ետ մղել հարվածները, խույս տալ, մտնել կլինչ, Ջոն չէր խնայում նրան, մի նոկդաունին հետևում էր մյուսը։ Պոնթան ընկավ մեջքի վրա, ապա կողքի, հարվածներ էր ստանում և՛ կլինչում, և՛ կլինչից դուրս գալիս, զորեղ, մահացու հարվածներ, որոնցից նրա ուղեղը մշուշապատվել էր, մկանները՝ թուլացել։ Ջոն նրան քշում էր անկյունը և նորից դուրս բերում այնտեղից, շպրտում ճոպանի վրա, սպասում էր, մինչև նա շտկվի, և նորից էր շպրտում։ Պոնթան հարվածում էր օդում, բռունցքները թափով իջեցնում էր դատարկ տարածության մեջ։ Մարդկային ոչ մի բան չէր մնացել նրանում, դա մի վայրենի գազան էր, կատաղած, մռնչացող, հալածված գազան։ Նա ընկավ ծնկների վրա, և իսկույն օրորովելով վեր կացավ, չսպասելով տասներորդ վայրկյանին, բայց Ջոն մի նոր հարվածով նրան շպրտեց ճոպանի վրա։
Պոնթան ամբողջովին ծեծված, ջարդված, տանջված, հազիվ ոտքի վրա մնալով, բերանը բացուխուփ անելով, հևալով ու խռխռալով, սառը ապակյա հայացքով պտտվում էր ռինգում՝ դեռևս փորձելով հարվածել հակառակորդին։ Նա ծիծաղելի էր և միևնույն ժամանակ մեծ՝ իրեն պարտված չճանաչելու, մինչև վերջ կռվելու իր համառ ձգտման մեջ։
Եվ հանկարծ Ջոն սայթաքեց թաց բրեզենտի վրա։ Պոնթայի արյունով լցված աչքերը նկատեցին այդ բանը, և նա հասկացավ, որ դեռ հույս կա։ Նույն ակնթարթին, ուժերի մնացորդը հավաքելով, նա ներքևից կայծակնային, շեշտակի մի հարված հասցրեց Ջոյի ծնոտին։ Ջոն փռվեց մեջքի վրա։ Ջենեվևան տեսավ, թե ինչպես ընկնելիս նրա մարմինը թուլացավ, և մի խուլ թրխկոց լսեց, երբ նրա ծոծրակը կպավ բրեզենտով ծածկված հատակին։
Մի ակնթարթում աղմուկն ու ճիչերը դադարեցին հանդիսասրահում։ Դատավորը կռանալով դետնին տարածված մարմնի վրա, վայրկյաններն էր հաշվում։ Պոնթան մի քանի երերուն քայլ արեց ու փլվեց ծնկների վրա։ Նա դժվարությամբ բարձրացավ և, դառնալով դեպի դահլիճը, այրող ատելությամբ լի հայացքով նայեց հանդիսականներին։ Ոտքերը դողում էին, ծնկները ծալվում, շունչը խռխռոցով էր դուրս գալիս կրծքից։ Նա երերաց, ետ ու առաջ օրորվեց և, որպեսզի չընկնի, ափլփելով բռնեց ճոպանը ու կախվեց նրանից բոլորովին հալից ընկած, գլուխը կախ գցած և ինքնատիրապետումը կորցրած։ Դատավորը հաշվեց վերջացրեց ճակատագրական տասը վայրկյանները և վեր բարձրացրեց Պոնթայի ձեռքը. դա նշանակում էր, որ նա է հաղթել։
Դահլիճից ոչ մի արձագանք չեղավ, և Պոնթան զեռունի նման սողաց ճոպանի տակով, որտեղ նրան խլեցին մարտավկաները ու ձեռքերի վրա դուրս տարան դահլիճից։ Ջոն առաջվա նման պառկած էր անշարժ։ Մարտավկաները բարձրացրին նրան, տարան իր անկյունը և նստեցրին աթոռին։ Հասարակության շատ հետաքրքրասերներ սկսեցին բարձրանալ մրցահարթակ, բայց արդեն այնտեղ հայտնված ոստիկանները կոպտորեն հեռացրին նրանց։
Ջենեվևան այդ ամենը տեսնում էր պատի անցքից։ Նա շատ էլ հուզված չէր։ Նրա սիրեցյալը պարտվել էր. Ջոյի համար դա մեծ հուսախաբություն էր, և Ջենեվևան կարեկցում էր նրան, այդքանը միայն։ Գուցե և այդպես ավելի լավ էր։ Խաղը դավաճանորեն խաբեց նրան. ուրեմն Ջոն միայն ու միայն պետք է պատկաներ իրեն։
Նա Ջոյից լսել էր, թե ինչ բան է նոկաուտը, երբեմն պատահում է, որ նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկը երկար ժամանակ ուշքի չի գալիս։ Եվ միայն այն ժամանակ, երբ լսեց, որ մարտավկաները բժիշկ են պահանջում, նրա սիրտը կծկվեց ահից։
Մարտավկաները Ջոյին տարան ռինգից։ Նրանք անցան ճոպանի մոտով, և Ջենեվևան արդեն չէր կարող տեսնել նրանց։ Հետո դուռը կրնկի վրա բացվեց, և սենյակ մտան մի քանի տղամարդիկ։ Նրանք Ջոյին ներս տարան ու պառկեցրին փոշոտ հատակին. մարտավկաներից մեկը բռնել էր նրա գլուխը։ Ինչպես երևում էր, ոչ ոք չզարմացավ Ջենեվևային այդտեղ տեսնելով։ Աղջիկը մոտեցավ Ջոյին ու ծունկ չոքեց նրա մոտ։ Ջոյի կոպերը փակ էին, բերանը կիսաբաց էր։ Ջենեվևան բռնեց նրա ձեռքը և բարձրացրեց։ Ձեռքը շատ ծանր էր ու այնպես անկյանք, որ Ջենեվևան սարսափեց. նա հայացքը վեր բարձրացրեց և նայեց շուրջը կանգնած մարտավկաներին ու մյուս տղամարդկանց։ Թվում էր, թե բոլոր մարդիկ ինչ-որ բանից վախեցած են։ Միայն մեկը վախեցած չէր, նա հայհոյում էր կիսաձայն՝ գազազած, անողոք։ Հետո Ջենեվևան նայեց շուրջը և տեսավ, որ կողքին կանգնած է Սիլվերստայնը․ նա նույնպես վախեցած էր երևում։ Սիլվերստայնը ձեռքը քնքշորեն դրեց Ջենեվևայի ուսին ու սեղմեց կարեկցանքով։
Դրանից աղջիկը ավելի սարսափեց։ Մտքերը խառնվեցին։ Ինչ-որ մեկը ներս մտավ։ Բոլորը ճամփա տվեցին նրան։ Ներս եկողը բարկացած ասաց.
― Հեռացե՛ք։ Բոլորդ հեռացե՛ք։ Սենյակը մաքրեցեք։
Մի քանիսը լուռ հնազանդվեցին։
― Դուք ո՞վ եք,— խիստ դիմեց նա Ջենեվևային։— Գրողը տանի, սա աղջիկ է։
― Ոչինչ, թող մնա, նրա հարսնացուն է,— ասաց մի երիտասարդ. Ջենեվևան ճանաչեց իր ուղեկցին։
― Իսկ դո՞ւք,— ջղայնացած հարցրեց Սիլվերստայնին։
― Ես սրա հետ եմ եկել,— համառորեն պատասխանեց ծերունին։
― Սա նրա տանտերն է,— բացատրեց երիտասարդը։— Ես ասացի ախր, ամեն ինչ կարգին է․․․
Բժիշկը դժգոհ փնթփնթաց և ծունկ չոքեց, հետո շփեց Ջոյի թաց գլուխը, նորից փնթփնթաց ու ոտքի ելավ։
― Ես այստեղ անելիք չունեմ,— ասաց նա,— ուղարկեցեք շտապ օգնության հետևից։
Այն ամենը, ինչ եղավ դրանից հետո, ծանր երազ էր թվում Ջենեվևային։ Հավանաբար ինքը ուշագնաց էր եղել, թե չէ ինչո՞ւ էր Սիլվերստայնը մի թևով գրկել իրեն ու պահում էր։ Մարդկային դեմքերի փոխարեն նա իր շուրջը տեսավ անորոշ, լողացող կետեր, ինչ֊որ կցկտուր խոսքեր հասան ականջին, նրան ուղեկցող երիտասարդը խոսում էր թղթակիցների մասին։
― Քո անունր կընկնի լրագրերի մեջ,— լսեց նա Սիլվերստայնի ձայնր, որ ասես հեռվից էր գալիս, և, մի ակնթարթում սթափվելով, դժկամ օրորեց գլուխը։
Նոր դեմքեր հայտնվեցին։ Ջոյին դրեցին պատգարակի վրա։ Սիլվերստայնը կոճկեց Ջենեվևայի հագի տղամարդու վերարկուն և բարձրացրեց լայն օձիքը։ Աղջիկը դեմքին զգաց գիշերային սառնությունը և իր գլխավերևում պայծառ ու սառը աստղեր տեսավ։ Նրան խցկեցին ինչ֊որ տեղ, և նա նստեց։ Կողքին նստեց Սիլվերստայնը։ Ջոն էլ այդտեղ էր. նա պառկած էր պատգարակի վրա, մերկ, վերմակով ծածկված։ Էլի մի մարդ կար այդտեղ կապույտ համազգեստով, նա կարեկցանքով ինչ֊որ բան էր ասում Ջենեվևային, բայց սա չէր հասկանում նրա խոսքերը։ Չխկչխկացին ձիերի սմբակները, և նրան ինչ֊որ տեղ տարան գիշերվա խավարում։
Հետո նորից լույս եղավ, էլի ձայներ լսվեցին ու յոդաֆորմի հոտ փչեց։ «Պետք է որ հիվանդանոց լինի,— մտածեց նա,— ահա վիրահատման սեղանր, բժիշկները»։ Նրանք զննեցին Ջոյին։ Նրանցից մեկը՝ մուգ աչքերով ու սև մորուքով մի բժիշկ, որ օտարերկրացու էր նմանվում, շտկվեց ու ասաց մյուսին․
― Կենդանության ոչ մի նշույլ չկա։ Գանգի ամբողջ հետևի մասը վնասված է։
Ջենեվևայի շրթունքները տաքությունից չորացել էին։ Տանջող ջղաձգումները սեղմում էին կոկորդը։ Բայց ինչո՞ւ լաց չի լինում։ Պետք է լաց լինի, ախր։ Նա գիտեր, որ այդպես է պետք։ Ա՛յ, Լոթին կանգնել է նեղ մահճակալի մյուս կողմում (դա նրա ծանր երազի շարունակությունն էր) և լալիս է։ Մեկը ինչ֊որ բան ասաց կոմային վիճակի, մահացու վախճանի մասին։ Դա ասաց ոչ թե այն սև մորուքով բժիշկը, այլ մյուսը։ Բայց նրա համար միևնույն էր, թե ով էր ասողը։ Ժամը քանի՞սն է հիմա։ Կարծես իբրև պատասխան նրա համր հարցին՝ դրսում սպիտակին տվեց այգաբացի աղոտ լույսը։
― Այսօր մեր հարսանիքը պետք է լիներ,— ասաց նա Լոթիին։
― Լռի՛ր։ Լռի՛ր,— հեծկլտաց Ջոյի քույրը և, ձեռքերով դեմքը ծածկելով, հոնգուր֊հոնգուր լաց եղավ։
Այդպիսով վե՛րջ ամեն ինչին. և՛ գորգերին, և՛ կահույքին, և հարմար բնակարանին, վե՛րջ աստղալից երկնքի տակ եղած ժամադրություններին ու զբոսանքներին, սիրելու և սիրված լինելու երջանկությանը։ Ի՜նչ հրեշավոր բան է այդ Խաղը, որ նա չի կարողանում ըմբռնել, հասկանալ։ Աղջիկը սարսափով մտածեց Խաղի՝ տղամարդկանց հոգիների վրա ունեցած իշխանության մասին, նրա չար կատակների ու դավաճանության, անըմբռնելի հրապուրանքի մասին, որ թաքնված է այդ վտանգավոր, դաժան ու մոլեգին Խաղի մեջ։ Այդ Խաղի պատճառով աչնքան խղճուկ է կնոջ ճակատագիրը. կինը չի կարող լցնել տղամարդու ամբողջ կյանքը, տղամարդու համար նա միայն զվարճալիք է, փութանցիկ մի ուրախություն։ Նա կնոջը նվիրում է միայն ուշադրություն ու քնքուշ խնամք, սրտի պոռթկումներ ու երջանիկ րոպեներ, իսկ իրեն կախարդող այդ հրեշին տալիս է իր գիշերն ու ցերեկը, բոլոր ձգտումները, մտքի ու մկանների աշխատանքը, ամենահամառ ջանքերն ու ամենածանր զոհաբերությունը, իր կյանքի ամբողջ կորովն ու գործելու կամքը։
Սիլվերստայնն օգնեց նրան վեր կենալու։ Աղջիկը չդիմադրեց. երազից դեռ չէր սթափվել։ Ծերունին բռնեց նրա թևից ու տարավ դեպի դուռը։
― Ինչո՞ւ չես համբուրում նրան,— ճչաց Լոթին և նրա մուգ, թախծոտ աչքերում բռնկվեց նախատինքի զայրույթը։
Ջենեվևան հնազանդ խոնարհվեց Ջոյի անշունչ դիակի վրա և շրթունքները հպեց նրա դեռևս տաք շրթունքներին։ Դուռը բացվեց, և նա անցավ մյուս սենյակը։ Այնտեղ կանգնած էր միսիս Սիլվերստայնը, որ բարկացած հայացքով նայեց նրան։ Երբ նա Ջենեվևային տեսավ տղամարդու հագուստով, աչքերում վրեժխնդրության կրակներ վառվեցին։
Սիլվերստայնը աղերսանքով նայեց իր ահեղ կնոջը, բայց սա ազատություն տվեց իր զայրույթի պոռթկմանը։
― Դե, ես քեզ ի՞նչ էի ասում։ Ի՞նչ։ Հիմա իմ ասածը եղա՞վ, թե՞ չէ. բռնցքամարտի՜կ էր ուզում։ Ա՛յ հիմա բոլոր լրագրերում կգրեն քո մասին։ Տեսել են ռինգում, տղամարդու հագուստով։ Ա՛խ դու, անամոթ։ Ա՜խ դու, անպետք, ա՜խ դու․․․
Բայց նրա ձայնը խզվեց, արցունքները հոսեցին աչքերից, և, հաստլիկ թևերը տարածելով, անշնորհք ու ծիծաղելի, ամբողջովին փայլելով մայրական սուրբ սիրով, նա մոտեցավ անխոս կանգնած Ջենեվևային ու սեղմեց կրծքին։ Իր մեծ, ծանր ձեռքով շոյելով Ջենեվևայի ուսը, մեղմ ետ ու առաջ օրորվելով՝ նա կերկերուն ու անորոշ ինչ-որ փաղաքշական խոսքեր շշնջաց աղջկան։