== Տասներեքերորդ գլուխ ==
Գրեթե մի ամբողջ ամիս ե անցել ահա, ինչ յես ձեռք չեմ տվել այս նոթերիս, վոր սկսել եմ թեև խառնիխուռն, բայց ուժեղ տպավորությունների տակ։ Աղետը, վորի մերձեցումը յես նախազգում եյի, իրոք վրա հասավ, բայց հարյուրապատիկ ավելի խիստ և անսպասելի, քան յես կարծում եյի։ Այդ ամենը տարորինակ, այլանդակ և անգամ վողբերգական եր, առնվազն իմ վերաբերմամբ։ Ինձ հետ քանի մի դեպքեր պատահեցին, վոր գրեթե հրաշքներ են։ Այդպես եմ յես գոնե նայում նրանց վրա մինչև հիմա ― թեև ուրիշ տեսակետով և մանավանդ դատելով ըստ այն ջրապտույտի, վորի մեջ յես այն պահին պտտվում եյի, նրանք միայն վոչ-սովորական եյին։ Սակայն ամենա հրաշք բանն ինձ համար ― իմ վերաբերմունքն եր այդ անցքերին։ Մինչև հիմա ինքս ինձ չեմ հասկանում։ Յեվ այդ ամենը թռավ-գնաց յերազի պես,― նույնիսկ իմ սերը, իսկ դա ուժեղ և ճշմարիտ սեր եր և․․․ ո՞ւր մնաց նա։ Ճիշտ եմ ասում, մեկ-մեկ անցնում ե հիմա իմ գլխովը՝ «յես այն միջոցին հո խելագար չեյի՞ և չեյի՞ նստած այդ վողջ ժամանակամիջոցին գժատանը, իսկ թերևս հիմա յե՞լ եմ նստած,― այնպես վոր այդ ամենը ինձ _թվացել ե_ և մինչև հիմա ել _թվում ե_․․․»։
Յես հավաքեցի իմ թերթիկներն ու վերստին կարդացի։ (Ո՞վ գիտե, գուցե նրա համար, վորպեսզի համոզվեմ, հո գժանոցում չե՞մ գրել), հիմա յես մեն-մենակ եմ։ Վրա յե հասնում աշունը, դեղնում տերևը։ Նստել եմ այս տխուր փոքրիկ քաղաքում (ո՜, ինչ տխուր են գերմանական փոքրիկ քաղաքները) և փոխանակ մտածելու գալիք քայլս, ապրում եմ անցած զգացողությունների ազդեցության տակ, թարմ հիշողությունների ազդեցության, այն փոթորկի ազդեցության տակ, վոր այն պահին ինձ այդ ջրապտույտի մեջն առավ և նորից դուրս շպրտեց ինչ֊վոր տեղ։ Յերբեմն ինձ թվում ե, վոր յես շարունակում եմ պտտվել այն փոթորկում և ահա, դարձյալ կսլանա այն հողմը, ճամբին կբռնի ինձ իր թևով, և յես կրկին դուրս կթռչեմ կարգից և չափի զգացմունքից և կպտտվեմ, կպտտվեմ, կպտտվեմ․․․
Ասենք՝ թերևս յես մի կերպ կանգ կառնեմ, կդադարեմ պտտվելուց, յեթե ինքս ինձ, ըստ կարելվույն, ճշգրիտ հաշիվ տամ այն ամենի մասին, ինչ-վոր այս ամսվա ընթացքում տեղի յե ունեցել։ Ինձ կրկին քաշում ե գրիչը․ ասենք՝ յերբեմն յերեկոները բնավ անելիք չեմ ունենում։ Տարորինակ ե. վորպեսզի վորևե զբաղմունք ունեցած լինեմ, յես տեղական քոսոտ գրադարանից ընթերցանության համար վերցնում եմ Պոլ-դը Կոկի վեպերը (գերմաներեն թարգմանությամբ) վոր յես գրեթե տանել չեմ կարող, բայց կարդում եմ և ինքս ինձնից զարմանում՝ կարծես յես վախենալիս լինեմ լուրջ գրքով կամ վորևե այլ լուրջ զբաղմունքով մոտիկ անցյալի հմայքը խորտակել։ Կարծես այնքան ե թանգագին այդ անճոռնի յերազը և նրա թողած բոլոր տպավորությունները, վոր յես վախենալիս լինեմ վորևե նոր բանով դիպչել, վորպեսզի նա ծխի պես չվերանա։ Թա՞նգ ե ինձ համար այդ ամենը, ի՞նչ ե։ Այո, իհարկե, թանգ ե։ Թերևս քառասուն տարուց հետո հիշելու, լինեմ։
Այսպիսով, սկսում եմ գրել։ Ասենք՝ այդ ամենը հիմա կարելի յե կարճառոտ պատմել՝ տպավորություններն այլևս այն չեն․․․
Նախ, տատի հետ վերջացրած լինելու համար ասեմ, վոր հետևյալ որը նա իր վողջ ունեցած֊չունեցածը տանուլ տվեց։ Այդպես ել պիտի լիներ․ ով վոր նրա նմաններից մի անգամ այդ ճամրի վրա ընկնի, նա ասես ձյունալեռից սահնակով գլորվելիս լինի, գնալով ավելի արագ ու արագ։ Տատը խաղացել եր վողջ որը, մինչև ժամը ութը. յես նրա խաղին ներկա չեմ յեղել և գիտեմ միայն ուրիշի ասելով։
Պոտապիչր վոկսալում նրա մոտ կանգնած ե յեղել վողջ որը։ Պոլյաչիշկաները, վոր փոխարինելիս են յեղել իրար, տատի խաղր ղեկավարելու համար, այդ որը փոխվել են մի քանի անգամ։ Տատը նախ քշել ե յերեկվա պոլյաչոկին, վորի մազերից նա քաշել եր և վերցրել մյուսին, բայց մյուսը գրեթե ավելի վատն ե դուրս յեկել։ Քշելով դրան և նորից առաջինին վերցնելով,― վորը չեր գնացել և իր արտաքսման վողջ ընթացքում թրև ե գալիս յեղել այստեղ, տատի բազկաթոռի հետևում, յուրաքանչյուր րոպե գլուխը խցկելով նրա մոտ,― տատը վերջապես կատարյալ հուսահատության մեջ ե ըեկել։ Քշվաձ յերկրորդ պոլյաչոկն ել չի կամեցել վոչ մի դեպքում հեռանալ․ մեկը աջ կողմից ե տեղ բռնել, մյուսը՝ ձախ։ Նրանք անընդհատ վիճելիս են յեղել և իրար հայհոյելիս՝ վեր գալու գումարների և խաղի ընթացքի պատճառով, իրար, «լայդակ» և այլ լեհական սիրալիր խոսքեր ասելով, հետո նորից հաշտվել են, գցել փողը առանց վորևե կարգի. կարգադրել միանգամայն անկանոն։ Կռվելով՝ նրանցից յուրաքանչյուրը վեր ե յեկել իր կողմից, մեկը, որինակ՝ կարմրի վրա, իսկ մյուսը, այդ միջոցին՝ սևի։ Վերջացել ե նրանով, վոր նրանք վերջնականապես տատի գլուխը պտտացրել և շփոթեցրել են, այնպես վոր նա, վերջապես, գրեթե արտասուքն աչքերին, դիմել ե ծերուկ կրուպյորին, խնդրելով, վոր պաշտպանի իրեն և նրանց հեռացնի։ Նրանց, իրոք, իսկույն հեռացրել են, չնայած նրանց աղաղակին և բողոքին՝ նրանք յերկուսն ել միաբերան բղավել և ապացուցել են, վոր տատը նրանց պարտ ե, վոր նա նրանց ինչ-վոր բանում խաբել ե, վարվել ե նրանց հետ անպատվաբեր և ստոր։ Խեղճ Պոտապիչը պատմում եր այս ամենը արտասուքն աչքերին այն իսկ յերեկոյան, տանուլ տալուց հետո, և գանգատվում եր, վոր՝ նրանք լցնում եյին գրպանները փողով, վոր նա ինքը տեսել ե թե ինչ անխիղճ կերպով նրանք գողանում և յուրաքանչյուր րոպե իրենց գրպանն եյին կոխում։ Կխնդրի, որինակ, տատից, իր աշխատանքի համար հինդ ֆրիդրիխսդոր և իսկույն կսկսի վեր գալ ռուլեթի խաղում, տատի խաղի հետ միասին։ Տատը կտանի, իսկ նա գոռում ե, թե իր վեր յեկածով ե տարել, իսկ տատը ― տանուլ ե տվել։ Յերբ վոր նրանց դուրս եյին անում, Պոտապիչը մոտենում և տեղեկացնում ե, թե նրանց գրպանները լի յեն վոսկով։ Տատը իսկույն խնդրում ե կրուպյորին կարգադրել և ինչքան ել յերկու պոլյաչոկները գոռում-գոչում եյին (ինչ-պես թևերից բռնած յերկու աքաղաղներ), բայց յեկավ վոստիկանությունը և իսկույն նրանց գրպանները պարպվեցին հոգուտ տատի։ Տատը, մինչև վերջնական տանուլ տալը, այդ վողջ որը՝ հեղինակություն եր վայելում կրուպյորների և վոկսալի բոլոր իշխանությունների աչքում։ Կամաց-կամաց նրա համբավը տարածվեց վողջ քաղաքում։ Ջրերի բոլոր հաճախորդները, բոլոր ազգերից, սովորական և ամենաազնվազարմ մարդիկ, հավաքվում եյինք վոր տեսնեն, «une vieille russe, tombée en enfance», վոր արդեն «միքանի միլիոն» ե տանուլ տվել։
Բայց տատը շատ, շատ քիչ բան շահեց յերկու պոլյաչոկներից ազատվելուց։ Նրանց փոխարեն, նրան ի սպաս, յերրորդ լեհը յեկավ, վոր արդեն բոլորովին մաքուր ռուսերեն եր խոսում, հագնված եր ջենտլմենի պես, թեև, այնուհանդերձ, լաքեյի նմանության եր տալիս, ուներ մեձ-մեծ բեխեր և գոռոզ տեսք։ Նա ել եր «պանի կրունկը» համբուրում և «փռվում պանի կրունկների տակ», բայց շրջապատողների նկատմամբ իրեն անպատկառ եր պահում, բռնակալաբար կարգադրում եր, մի խոսքով, սկզբից ևեթ իրեն վոչ թե սպասավորի պես եր պահում, այլ տատի տիրոջ պես։ Յուրաքանչյուր րոպե, ամեն վեր գալուց, նա դիմում եր տատին և սարսափելի յերդումներ ուտում, վոր նա ամենագոռոզ պանն ե և տատի փողերից և վոչ մի կոպեկ չի վերցնի։ Նա այնքան հաճախ եր կրկնում այդ յերդումները, վոր տատը վերջնականապես վախեցավ։ Բայց վորովհետև այդ պանը, իրոք, սկզբում կարծես լավացրեց տատի խաղը և սկսեց տանել, ուստի տատն ինքն ել չեր կարող այլևս նրանից հրաժարվել։ Մի ժամ անց, նախընթաց յերկու պոլյաչիշկաներն ել, վոր դուրս եյին բերված վոկսալից, նորից յերևան յեկան տատի բազկաթոռի հետևում, նորից առաջարկելով իրենց ծառայությունը, անգամ դես֊դեն ուղարկելու համար։ Պոտապիչը յերդվում եր, վոր «գոռոզ պանը» նրանց աչքով եր անում և նույնիսկ ինչ-վոր բաներ եր կոխում նրանց ձեռքը։ Վորովհետև տատը չեր ճաշել ե գրեթե չեր իջել բազկաթոռից, ապա իրոք պոլյաչոկներից մեկը պետք յեկավ. գնաց կողքի ճաշարանը և մի թաս բուլյոն բերեց, ապա և՝ թեյ։ Ասենք նրանք յերկուսով եյին վազում։ Թայց որվա վերջում, յերբ բոլորը տեսան, վոր տատը իր վերջին թղթադրամն ե տանուլ տալիս, նրա բազկաթոռի հետևում արդեն մոտ յոթ պոլյաչոկ եր կանգնած, վորոնք առաջ անտես և անլսելի եյին։ Իսկ յերբ վոր տատը իր վերջին դրամները տանուլ տվեց, ապա նրանք բոլորը վոչ միայն չեյին հնազանդում տատին, այլև բանի տեղ չեյին դնում, ուղղակի նրա գլխովը խցկվում եյին սեղանին, իրենք վերցնում եյին փողը, իրենք կարգադրում և վեր գալիս, վիճում և ճչում, խոսակցելով գոռոզ պանի հետ՝ վորպես յեղբոր տղի հետ, իսկ գոռոզ պանը քիչ եր մնացել, վոր տատի գոյության մասին մոռանար։ Անգամ այն պահին, յերբ տատը ամեն ինչ տանուլ տալուց հետո, յերեկոյան ժամը ութին հյուրանոց եր վերադառնում, այդ պահին ել յերեք թե չորս պոլյաչոկ դարձյալ նրանից ձեռք չեյին քաշում, վազ եյին տալիս նրա բազկաթոռի կողքերից, աղաղակելով բոլոր ուժով և արագ֊արագ խոսելով հավատացնելով, վոր տատը նրանց ինչ-որ բանում խաբել ե և ինչ֊վոր պետք ե տա նրանց։ Այսպես նրանք հասան մինչև հյուրանոց, վորտեղից նրանց վերջապես հրելով հեռացրին։
Պոտապիչի հաշվով տատն այդ որն ընդամենր տանուլ ե տվել մինչև իննսուն հազար ռուբլի, բացի յերեկվա տանուլ տված փողից։ Իր բոլոր արժեթղթերը ― հինգ տոկոսային, ներքին փոխառության, բոլոր ակցիաները, վոր ունեցել եր հետը ― նա փոխանակել ե մեկը մյուսի հետևից։ Յես զարմացա, թե յոթ կամ ութ Ժամ նա ինչպե՞ս ե բազկաթոռի վրա նստած մնացել և գրեթե առանց հեռանալու սեղանից, բայց Պոտապիչը պաամեց, վոր մի յերեք անգամ նա սկսել ե սաստիկ տանել, իսկ նորից հուսով տարված, նա այլևս չի կարողացել հեռանալ։ Ասենք, խաղացողները գիտեն, թե ինչպես մարդ կարող ե գրեթե քսանչորս ժամ միևնույն տեղում նստած մնալ թուղթ խաղալիս, առանց աչքը աջ և ձախ կողմից հեռացնելու։
Մինչդեռ այդ ամբողջ որը մեր հյուրանոցում ել տեղի եյին ունենում վճռական բաներ։ Դեռևս առավոտյան, մինչև ժամը տասնմեկը, յերբ տատը դեռ տանն եր, մերոնք, այսինքն՝ գեներալը և Դե-Գրիյեն, վճռել եյին վերջին քայլն անելու։ Տեղեկանալով, վոր տատը գնալու մասին չի ել մտածում, այլ, ընդհակառակը, նորից վոկսալ ե գնում, նրանց վողջ կոնկլավը (բացի Պոլինայից) գալիս ե տատի մոտ, վոր նրա հետ խոսի վերջնական և անգամ _սրտաբաց_ կերպով։ Գեներալը, դողդոջ և սրտամեռ՝ նրա համար սարսափելի հետևանքների հանդեպ, նույն իսկ չափն անցավ․ ― կես ժամ աղաչելուց-պաղատելուց հետո և անգամ անկեղծորեն ամեն ինչ խոստովանելով, այսինքն՝ իր պարտքերը, իր կիրքը m-lle Blanche-ի նկատմամբ (նա բոլորովին գլուխը կորցրել եր), գեներալը հանկարծ ահեղ յեղանակով, նույնիսկ բղավելով և վոտները գետնին խփելով աղաղակում եր, թե տատը խայտառակում ե իրեն և իր ցեղը, վողջ քաղաքում սկանդալ ե դառել և, վերջապես․․․ վերջապես․ «դուք խայտառակում եք ռուս անունը, տիկին, և դրա դեմ գոյություն ունի վոստիկանություն»։ Տատը վերջապես նրան դուրս արեց փայտով (իսկական փայտով)։ Այդ առավոտ գեներալն ու Դե-Գրիյեն մի յերկու անգամ ել խորհրդակցեցին, նրանց հատկապես զբաղեցնում եր՝ չե՞ր կարելի արդյոք վորևե կերպ, իրոք, վոստիկանության ուժը գործադրել։ Ահա մի թշվառ, բայց պատվելի պառավ կորցրել ե խելքը, տանուլ ե տալիս վերջին փողերը և այլն։ Մի խոսքով՝ չե՞ր կարելի արդյոք վորևե հսկողություն հաստատել կամ արգելք դնել․․․ բայց Դե-Գրիյեն միայն թոթվում եր ուսերը և ծիծաղում գեներալի յերեսին, վոր այլևս ինչ ասես դուրս եր տալիս, և առանձնասենյակում վազվզում հետ ու առաջ։ Վերջապես Դե-Գրիյեն ձեռքով հուսահատական նշան արեց և չքացավ։ Յերեկոյան իմացվեց, վոր նա բոլորովին դուրս եր յեկել հյուրանոցից, նախապես շատ վճռական և խորհրդավոր խոսակցություն ունենալուց հետո m-lle Blanche-ի հետ։ Գալով m-lle Blanche-ին, նա առավոտյանից իսկ ամենավերջնական միջոցների յեր դիմել․ նա միանգամայն վանել եր գեներալին և նույնիսկ ներս չեր թողնում իր մոտ։ Յերբ վոր գեներալը նրա հետևից վազ տվեց վոկսալ և հանդիպեց նրան թևանցուկ փոքրիկ իշխանի հետ գնալիս, վոչ նա, վոչ m-me veuve Cominges-ը չճանաչեցին նրան։ Փոքրիկ իշխանն ել նրան չբարևեց։ Այդ ամբողջ որը m-lle Blanche-ը փորձում և մշակում եր իշխանին, վորպեսզի վերջինս, վերջապես, վճռականորեն արտահայտվի։ Բայց ավաղ։ Նա չարաչար սխալվեց իր հաշիվների մեջ իշխանի նկատմամբ։ Այս փոքրիկ աղետը տեղի ունեցավ արդեն յերեկոյան․ հանկարծ բացվեց, վոր իշխանը մերկ ե բազեյի պես և ինքն ե նրա վրա հույս դրել, վոր նրանից մուրհակով փող պարտք վերցնի և ռուլեթ խաղա։ Blanche-ը նրան զայրույթով դուրս արեց և փակվեց իր համարում։
Առավոտյան, նույն որը, յես գնացի միստեր Աստլեյի մոտ, կամ ավելի ճիշտ ասած, ամբողջ առավոտը վորոնում եյի միստեր Աստլեյին, բայց վոչ մի կերպ չեյի կարողանում նրան գտնել։ Վոչ տանը, վոչ վոկսալում կամ պուրակում չկար նա։ Այս անգամ նա իր հյուրանոցում չեր ճաշում։ Հինգերորդ ժամն եր, վոր յես հանկարծ տեսա նրան ― յերկաթուղու կայարանից ուղղակի d’Angleterre գնալիս։ Նա շտապում եր և շատ մտահոգ եր, թեև դժվար ե նրա դեմքի վրա նկատել հոգս կամ այլ խռովություն։ Նա սիրալիր մեկնեց ինձ ձեռքը, իր սովորական բացականչությունով՝ «ա՜», բայց առանց կանգ առնելու և շարունակելով ուղին արագ քայլերով։ Յես ընկա նրա հետևից, սակայն նա մի տեսակ այնպես կարողացավ պատասխաններ տալ, վոր յես ժամանակ ել չունեցա վոչ մի բանի մասին հարցնել նրանից։ Համ ել, չգիտեմ ինչու, սաստիկ քաշվում եյի Պոլինայի մասին խոսք բաց անել. իսկ նա ինքը նրա մասին մի բառ անգամ չհարցրեց։ Յես նրան պատմեցի տատի մասին. նա ուշի-ուշով և լուրջ լսեց և թոթվեց ուսերը։
— Նա ունեցած-չունեցածը տանուլ կտա,― նկատեցի յես։
— Ո՜, այո,― պատասխանեց նա,― չե՞ վոր նա առավոտվանից գնաց խաղալու, յերբ վոր յես մեկնում եյի, ուստի յես հաստատ գիտեյի, վոր տանուլ ե տալու։ Յեթե յես ժամանակ ունեցա, յես կանցնեմ վոկսալ նայելու, վորովհետև դա հետաքրքրաշարժ ե...
— Ո՞ւր եյիք գնացել,― գոչեցի յես, զարմանքով, վոր մինչև հիմա չեյի հարցրել։
— Գնացել եյի Ֆրանկֆուրտ։
— Գործո՞վ։
— Այո, գործով։
Դե ել ի՞նչ հարցնեյի։ Ասենք, յես դեռևս գնում եյի նրա կողքով, բայց նա հանկարծ շուռ տվեց դեպի «Des quatre saisons» հյուրանոցը, վոր ճամբին եր։ Գլխով ինձ հրաժեշտ տվեց և անհայտացավ։ Վերադառնալով տուն, յես կամաց-կամաց գլխի ընկա, վոր յեթե յես յերկու ժամ ել նրա հետ խոսելու լինեյի, դարձյալ վոչնչից վոչինչ չեյի իմանա, վորովհետև․․․ յես նրանից հարցնելիք չունեյի։ Այո, իհարկե, այդպես եր։ Յես վոչ մի կերպ հիմա չեյի կարող ձևակերպել հարցս։
Այդ ամբողջ որը Պոլինան մեկ յերեխաների և դայակի հետ ման եր գալիս պուրակում, մեկ տանն եր նստած լինում։ Նա վաղուց արդեն խուսափում եր գեներալից և նրա հետ գրեթե չեր խոսում, առնվազն, վորևե լուրջ բանից։ Սակայն, գիտենալով, թե գեներալն այսոր ինչ վիճակի մեջ ե, յես խորհեցի, վոր նա չեր կարող չհանդիպել Պոլինային, այսինքն՝ նրանց միջև չեր կարող վորևե կարևոր ընտանեկան բացատրություն չլինել։ Սակայն յերբ վոր յես, վերադառնալով հյուրանոց միստեր Աստլեյի հետ ունեցածս խոսակցությունից հետո, հանդիպեցի Պոլինային յերեխաների հետ, նրա դեմքին ամենաանխախտ խաղաղություն եր արտացոլում, կարծես ընտանեկան բոլոր փոթորիկները միայն նրան չեյին դիպել։ Ի պատասխան իմ բարևին, նա ինձ գլխով պատասխանեց։ Յես մտա սենյակս բոլորովին չարացած։
Իհարկե, յես խուսափում եյի նրա հետ խոսելուց և Վուրմելհելմերի հետ ունեցածս դեպքից հետո նրա հետ մեկտեղ վոչ մի անգամ չեյի յեղել։ Համ ել յես մասամբ թաշախուստ եյի ծախում և կոտրատվում․ բայց ինչքան ավելի յեր ժամանակ անցնում, այնքան ավելի յեր մեջս զայրույթ յեռում։ Յեթե նա անգամ ինձ մազաչափ ել չեր սիրում, այնուամենայնիվ չեր կարելի այդպես վոտնակոխ անել իմ զգացմունքը և իմ սիրո խոստովանություններն ընդունել այդպիսի արհամարհանքով։ Չե՞ վոր նա գիտե, վոր յես իսկապես նրան սիրում եմ. չե՞ վոր նա ինքն եր թույլ տալիս, վոր յես նրա հետ այդպես խոսեմ։ Ճիշտ ե, դա շատ տարորինակ սկսվեց մեր մեջ։ Վորոշ ժամանակ, վաղուց արդեն, մի յերկու ամիս առաջ, յես սկսեցի նկատել, վոր նա ուզում ե ինձ իր բարեկամը դարձնի, հավատարմատարը, և նույնիսկ մասամբ փորձում ել ե։ Բայց այդ բանն այն ժամանակ, չգիտեմ ինչու, գլուխ չեկավ․ և ահա դրա փոխարեն, մնացին այժմյան տարորինակ հարաբերությունները․ դրանից ե, վոր յես նրա հետ այդպես եյի խոսում։ Իսկ յեթե նա զզվում ե իմ սիրուց, ինչո՞ւ ապա ուղղակի չի արգելում ինձ խոսել դրանից։
Ինձ չեն արգելում. նույնիսկ յերբեմն նա ինքն ե ինձ այդպես խոսեցնում և․․․ և, իհարկե, ծաղրելու համար եր անում։ Յես հաստատ գիտեմ, յես այդ անվրեպ նկատել եմ ― նրան դուր եր գալիս, վոր ինձ լսելուց և ցավ պատճառելու չափ գրգռելուց հետո հանկարծ շշմեցնի ինձ ամենամեծ արհամարհանքի և անուշադրության վորևե արարքով։ Յեվ նա գիտե, վոր յես առանց նրան ապրել չեմ կարող։ Բարոնի հետ ունեցածս պատմությունից հետո ահա արդեն յերեք որ ե անցել, իսկ յես այլևս չեմ կարող տանել մեր _անջատումը_։ Յերբ վոր յես նրան հիմա հանդիպեցի վոկսալի մոտ, սիրտս այնպես բաբախեց, վոր յես գունաթափվեցի։ Բայց ախր նա ել առանց ինձ ապրել չի կարողանա։ Յես նրան պետք եմ և մի՞թե, մի՞թե լոկ վորպես ծաղրածու Բալակիրևը։
Նա ունի գաղտնիք ― դա պարզ ե։ Նրա խոսակցությունը տատի հետ սաստիկ ծակեց իմ սիրտը։ Յես չե՞ վոր հազար անգամ առիթ եմ տվել, վոր ինձ հետ սրտաբաց լինի և նա հո գիտե, վոր յեսք իրոք պատրաստ եմ նրա համար գլուխս թաղելու։ Բայց նա միշտ խուսափում եր, քիչ ե մնում ասեմ արհամարհանքով, կամ փոխանակ կյանքս զոհելու, վոր յես առաջարկում եյի նրան ― նա պահանջում եր ինձնից այնպիսի արարքներ, ինչպես այն անգամ բարոնի հետ։ Մի՞թե դա վրդովեցուցիչ չե։ Մի՞թե արար-աշխարհը նրա համար այդ ֆրանսիացու մեջ ե։ Իսկ միստեր Աստլե՞յը։ Բայց գործն այստեղ միանգամայն անհասկանալի յեր դառնում, մինչդեռ, տե՜ր իմ, վորքա՞ն եյի յես տանջվում։
Գալով տուն, կատաղությունից յես գրիչը ձեռքս առա և գրեցի նրան հետևյալը։
«Պոլինա Ալեքսանդրովնա, յես պարզ տեսնում եմ՝ վրա յե հասնում վերջավորությունը, վոր ձեզ ել ե դիպչելու, իհարկե։ Վերջին անգամ կրկնում եմ՝ հարկավո՞ր ե թե չե ձեզ իմ գլուխը։ Թե հարկավոր լինի, գեթ _վորևե_ բանի ― թող ձերը լինի, իսկ յես առայժմ իմ սենյակում եմ, գոնե որվա մեծ մասը, և վոչ մի տեղ չեմ մեկնի։ Պետք լինի ― գրեցեք կամ զանգահարեցեք»։
Յես փակցրի և ուղարկեցի այս տոմսը կորիդորի լաքեյի միջոցով, հրամայելով անմիջապես նրա ձեռքը հանձնել։ Յես պատասխանի չեյի սպասում, բայց յերեք րոպեյից հետո լաքեյը յեկավ՝ հաղորդելով, վոր «հրամայեց բարևել»։
Յոթերորդ ժամին ինձ կանչեցին գեներալի մոտ։
Նա առանձնասենյակում եր, հագնված, ասես տեղ գնալու վրա յեր։ Գլխարկն ու ձեռնափայտը դիվանի վրա եյին։ Մտնելիս ինձ թվաց, վոր նա կանգնած ե սենյակի մեջտեղում, վոտները չռած, գլուխը քաշ արած և ինչ-վոր ինքն իրեն բարձրաձայն խոսում եր։ Բայց հենց վոր նա ինձ տեսավ ― իսկույն բղավելով վրա տվեց վրաս, այնպես վոր յես ակամա հետ֊հետ գնացի և ուզում եյի դուրս վազել։ Բայց նա բռնեց իմ ձեռներից և քաշ տվեց դեպի բազմոցը. նա ինքը նստեց բազմոցի վրա, ինձ նստացրեց իր դեմ բազկաթոռի վրա և ձեռներս բաց չթողնելով, դողդոջ շրթունքներով, արտասուքն աչքերին, վոր շողում եյին նրա արտևանունքների վրա, աղերսագին ձայնով ասաց.
— Ալեքսեյ Իվանովիչ, փրկեցեք, փրկեցեք, խնայեցեք։
Յես յերկար ժամանակ չեյի կարողանում բան հասկանալ․ նա շարունակ խոսում ու խոսում եր և անընդհատ կրկնում՝ «խնայեցե՜ք, խնայեցե՜ք»։ Վերջապես, յես գլխի ընկա, վոր նա ինձնից խորհուրդի նման բան ե սպասում. կամ, ավելի լավ կլինի ասել, բոլորից լքված, թախիծի և մտատանջության մեջ, նա մտաբերեց ինձ և կանչեց, վորպեսզի գեթ խոսի, խոսի, խոսի։
Նա խելագարվել եր, առնվազն ծայր աստիճան կորցրել եր իրեն։ Նա ծալում եր ձեռները և պատրաստ եր ծունկ չոքելու ին առջև, վորպեսզի (ի՞նչ կկարծեք) ― վորպեսզի յես իսկույն գնամ m-lle Blanche-ի մոտ և խնդրեմ, խղճահարեմ նրան վերադառնալ իր մոտ և իրեն մարդու գնալ։
— Ներեցեք, գեներալ, գոչեցի յես,― m-lle Blanche-ը գուցե և մինչև որս ինձ չի նկատել։ Յես ի՞նչ կարող եմ անել։
Սակայն հակաճառելն ապարդյուն եր․ նա չեր հասկանում, թե ի՞եչ են ասում իրեն։ Խոսք եր բաց անում նաև տատից, բայց սարսափելի կցկտուր. նա դեռևս գլխից չեր հանել վոստիկանության հետևից ուղարկելու միտքը։
— Մեզանում, մեզանում,― սկսեց նա, հանկարծակի կատաղությունից փրփրած,― մի խոսքով, մեզանում, կարգին պետության մեջ, վորտեղ իշխանություն կա, այդպիսի պառավների վրա իսկույն խնամակալություն կհաստատեյին։ Այո՛, մեծապատիվ պարոն, այո՛,― շարունակեց նա հանկարծ նկատողություն անելու յեղանակով, վեր թռչելով տեղից և անց ու դարձ անելով սենյակում․― դուք այդ դեռ չգիտեյիք, մեծարգո պարոն,― դարձավ նա ինչ֊վոր յերևակայական պարոնին անկյունում,― ահա կիմանաք․․․ այո․․․ մեզանում այդպիսի պառավների հախիցը, հախիցն են գալիս․․․ Օ՜, սատանան տանի՜։
Նա դարձյալ բազմոցի վրա ընկավ, իսկ մի րոպեյից հետո հեծկլտալով, շնչակտուր շտապում եր պատմել ինձ, վոր m-lle Blanche-ը հենց այն պատճառով չի ուզում իր հետ ամուսնանալ, վոր հեռագրի փոխարեն տատը յեկավ և վոր հիմա պարզ ե արդեն, վոր ինքը ժառանգություն չի ստանա։ Նրան թվում եր, վոր այդ ամենից յես դեռ բան չգիտեմ։ Յես խոսք բաց արի Դե֊Գրիեյից, նա ձեռքով հուսահատական նշան արեց՝ գնա՜ց։ Իմ ամբողջ գույքս նրա մոտ գրավ ե դրած, յես մերկ եմ, վորպես բազե։ Այն փողերը, վոր դուք բերիք․․․ այն փողը ― յես չգիտեմ, թե ինչքան եր, կարծեմ, մի յոթ հարյուր ֆրանկ ե մնացել և բավական ե, ահա և ամենը, իսկ հետո՞ ― չգիտեմ, չգիտեմ․․․
— Ապա ինչպե՞ս պիտի վճարեք հյուրանոցին,― գոչեցի յես յերկյուղով,― և հետո՞ ինչ։
Նա մտազբաղ նայեց, բայց, կարծեմ, բան չհասկացավ և նույնիսկ գուցե և ասածս չլսեց։ Յես փորձեցի խոսք բաց անել Պոլինա Ալեքսանդրովնայից, յերեխաներից. նա շտապ-շտապ պատասխանում եր՝ այո, այո, բայց իսկույն սկսում եր խոսել իշխանից, այն մասին, թե հիմա Blanche-ը կմեկնի նրա հետ և այնժամ․․․ այնժամ ապա յե՞ս ինչ անեմ, Ալեքսեյ Իվանովիչ,― դառնում եր նա ինձ հանկարծ,― յերդվում եմ աստծով։ Ապա յե՞ս ինչ անեմ,― ասացեք, չե՞ վոր դա ապերախտություն ե։ Չէ՞ վոր դա ապերախտություն ե։
Վերջապես նա հորդառատ արցունքներով լաց յեղավ։
Այդ տեսակ մարդու հետ բան չեր կարելի անել․ նրան մենակ թողնելն ել վտանգավոր եր․ նրան կարող եր մի բան պատահել։ Ասենք՝ յես մի կերպ նրանից ազատվեցի, բայց հասկացրի դայակին, վոր նա շուտ֊շուտ մտնի մոտը, բացի այդ կորիդորի լաքեյի հետ ել խոսեցի, վորր շատ խելքը գլխին տղա յե․ սա ել, իր հերթին, խոստացավ ինձ՝ մտիկ տալ։
Հենց վոր յես թողի գեներալին, յեկավ մոտս Պոտապիչը՝ թե տատը կանչում ե։ Ժամը ութն եր և նա նոր եր վերադարձել վոկսալից վերջնական տանուլ տալուց հետո։ Յես գնացի տատի մոտ՝ պառավը նստած եր բազկաթոռի վրա, բոլորովին տանջված և ըստ յերևույթին հիվանդ։ Մարֆան նրան մի թաս թեյ եր մատուցում, վոր գրեթե զոռով ստիպեցին խմել։ Տատի ձայնն ել, խոսելու յեղանակն ել, խիստ փոխվել եյին։
— Բարև, բարեկամ, Ալեքսեյ Իվանովիչ,― ասաց նա դանդաղ և ծանր թեքելով գլուխը,― ներեցեք, վոր մեկ ել անհանգիստ արի, ներեցեք ծերուկիս։ Յես, հայր իմ, ունեցած-չունեցածս այնտեղ թողի, գրեթե հարյուր հազար։ Արդարացի եյիր դու, վոր յերեկ հետս չեկար։ Հիմա յես առանց փող եմ մնացել, գրոշ չունեմ։ Հապաղել չեմ ուզում և վոչ մի րոպե, ժամը իննը և կիսին կերթամ։ Մարդ ուղարկեցի քո անգլիացու մոտ, Աստլեյ ե, ինչ ե, և մեկ շաբաթով նրանից ուզում եմ յերեք հազար ֆրանկ վերցնել։ Համոզիր դու նրան, վորպեսզի նա վատ բան չմտածի և չմերժի։ Յես դեռևս, հայր իմ, բավական հարուստ եմ։ Յես յերեք գյուղ ունեմ և յերկու տուն։ Փող ել կգտնվի, բոլորը հո հետս չե՞մ առել։ Նրա համար եմ յես այդ ասում, վոր նրա մեջ կասկած չծագի... Ա՜, ահա և նա։ Լավ մարդը յերևում ե։
Միստեր Աստլեյը տատի առաջին իսկ կանչին շտապել եր գալ։ Առանց մտածելու և յերկար խոսելու նա իսկույն համարեց յերեք հագար ֆրանկ մուրհակի փոխարեն, վոր տատը ստորագրեց։ Գործն ավարտելով, նա մնաս բարով ասաց և շտապ դուրս յեկավ։
— Հիմա գնա դու ել, Ալեքսեյ Իվանովիչ։ Մի ժամից քիչ ավել ե մնացել ― ուզում եմ պառկել, վոսկորներս ցավում են։ Ներողամիտ յեղիր ծեր հիմարիս նկատմամբ։ Հիմա յերիտասարդներին այլևս թեթևամտության համար չեմ մեղադրի, այն դժբախտին ել, ձեր գեներալին, ե՜, մեղք կլիներ, վոր յես հիմա մեղադրեյի։ Փող յես նրան այնուամենայնիվ չեմ տա, վորովհետև, իմ կարծիքով, նա շատ-շատ հիմար ե, միայն թե յես ել, ծեր հիմարս, նրանից խելոք չեմ։ Ճշմարիտ վոր աստված ծերության հասակում ել կպատժի գոռոզությունը։ Դե, մնաս բարով, Մարֆուշա, վեր բարձրացրու ինձ։
Բայց յես ուզում եյի տատին ճանապարհ գցել։ Բացի այդ յես ինչ֊վոր սպասողական վիճակի մեջ եյի, յես շարունակ սպասում եյի, վոր ահա հիմա մի բան կպատահի։ Համբերությունս չեր պատում սենյակումս նստելու։ Դուրս եյի գալիս կորիդոր, անգամ դուրս յեկա մի րոպե շրջելու ծառուղում։ Իմ նամակը նրան պարզ ու կտրուկ եր, իսկ այժմյան աղետը ― հարկավ, արդեն վերջնական։ Հյուրանոցում յես լսեցի Դե-Գրիյեյի մեկնելու լուրը։ Վերջապես, յեթե նա ինձ մերժի ել վորպես բարեկամի, թերևս իբրև ծառայի չմերժի։ Պետքական եմ հո յես նրան՝ գեթ դես ու դեն ուղարկվելու համար․ պետքական կլինեմ, ինէպե՞ս կարող ե այլ կերպ լինել։
Գնացքի մեկնելու ժամանակ յես վազեցի կայարան և տատին վագոն նստեցրի։ Նրանք բոլորը միասին նստեցին հատուկ ընտանեկան վագոն։ «Շնորհակալ եմ քեզնից, քո անշահախնդիր կարեկցության համար,― ասաց նա հրաժեշտ տա լիս,― Պրասկովյային ել կասես այն, ինչ յես երեկ նրան ասացի. յես նրան կսպասեմ»։
Յես գնացի տուն։ Գեներալի համարի մոտով անցնելիս յես հանդիպեցի դայակին և տեղեկացա գեներալից։- Ե՜հ, վոչինչ,― պատասխանեց նա տխուր։ Բայց յես ներս մտա և առանձնասենյակի դռան շեմքին կանգ առա՝ սաստիկ զարմացած։ M-lle Blanche-ը և գեներալը ինչ֊վոր բանի վրա հրհռում եյին, veuve Cominges-ն ել այստեղ նստած եր բազմոցի վրա։ Գեներալը, ըստ յերևույթին խելահեղ ուրախ՝ թոթովում եր ամեն տեսակ անմտություններ և քրքջում նյարդային տևական ծիծաղով, վորից նրա վողջ դեմքը ծածկվում եր անթիվ կնճիռներով և աչքերը թագնվում եյին ինչ-վոր տեղ։ Հետո հենց իրենից, Blanche-ից իմացա, վոր վռնդելով իշխանին և տեղեկանալով գեներալի սգի մասին, միտք ե արել միխթարել նրան և մի րոպեյով մտել ե մոտը։ Բայց չի իմացել խեղճ գեներալը, վոր այդ րոպեյին նրա բախտը վճռված եր և Blanche-ը արդեն պատրաստություն եր տեսնում, վորպեսզի վաղն ևեթ, առաջին իսկ առավոտյան գնացքով սլանա Փարիզ։
Կանգ առած գեներալի առանձնասենյակի շեմքին՝ յես հետ մտածեցի մտնել և աննկատ դուրս յեկա։ Բարձրանալով իմ սենյակը և բանալով դուռը, յես կիսախավարում հանկարծ ինչ-վոր կերպարանք նկատեցի, վոր նստած եր աթոռի վրա, անկյունում, լուսամուտի մոտ։ Նա վեր չկացավ իմ ներս մտնելիս։ Յես արագ մոտեցա և շունչս կտրվեց ― դա Պոլինան եր։
== Տասնչորսերորդ գլուխ ==