Changes

Սպիտակ ժանիք

Ավելացվել է 21 920 բայտ, 19:07, 8 Փետրվարի 2015
/* Գլուխ II։ Ազատազրկություն */
== Գլուխ II։ Ազատազրկություն ==
Ամեն մի օրը մի նոր բան էր բերում Սպիտակ Ժանիքին։ Քանի դեռ մայրը կապված էր ցցին, նա վազվզում էր ամբողջ ավանում, հետազոտում, ուսումնասիրում էր, փորձ կուտակում։ Նա արագ ծանոթացավ մարդկային արարածների սովորույթներին, սակայն այդպես մոտիկից ծանոթանալը արհամարհանք չառաջացրեց նրանց հանդեպ։ Որքան ավելի էր նա ճանաչում մարդկանց, այնքան ավելի էր համոզվում նրանց հզոր լինելուն։ Մարդը հոգեկան ցավ է զգում այն ժամանակ, երբ նրա աստվածներին տապալում են և խորտակում են իր իսկ ձեռքով կառուցված տաճարները, բայց գայլին ու վայրի շանը ծանոթ չէ այդ ցավը։ Ի հակադրություն մարդուն, որի աստվածները բնավ իրականություն չդարձող անուրջի թեթև ծուխ են, բարությամբ և ուժով օժտված ուրվականներ, նրա _եսի_ թռիչքն են դեպի ոգու թագավորությունը, ի հակադրություն մարդուն գայլն ու վայրի շունը՝ տաքանալով մարդու վառած խարույկի մոտ, տեսնում են, որ իրենց աստվածները միս ու արյուն ունեն, շոշափելի են, որոշակի տեղ են գրավում տարածության մեջ և հասնում են իրենց նպատակներին, արդարացնում են իրենց դերը կյանքում՝ ենթարկվելով ժամանակի օրենքին։ Այդպիսի աստվածներին հեշտ է հավատալ, և ոչ մի բան չի կարող խախտել այդ հավատը։ Այդպիսի աստծուց չես կարող ազատվել։ Ահա կանգնած է նա ամբողջ հասակով, մահակը ձեռքին՝ ամենակարող, ցասումնալի ու բարի։ Նրա ներքին գաղտնիքն ու զորությունը պարուրված է մարմնով, որից արյուն է հոսում, երբ պատառոտում են, և որի համը բնավ էլ վատ չէ որևէ ուրիշ մսից։ Այդպես էլ եղավ Սպիտակ ժանիքին։ Մարդկային արարածները թվում էին նրան աստվածներ, աներկբա և ամենահաս աստվածներ։ Եվ նա հնազանդվեց նրանց այնպես, ինչպես հնազանդվեց նրա մայրը՝ Կիչին, հենց որ լսեց իր անունը նրանց բերանից։ Սպիտակ Ժանիքը ճանապարհ էր տալիս նրանց։ Երբ սրանք կանչում էին իրեն, մոտենում էր, երբ քշում էին, շտապ փախչում էր, երբ սպառնում էին, կպչում էր գետնին, որովհետև նրանց ամեն մի շարժման տակ կար ուժ, որը երևան էր գալիս բռունցքի ու մահակի, օդում թռչող քարերի և մտրակի այրող հարվածների միջոցով։  Սպիտակ Ժանիքը պատկանում էր մարդկանց, ինչպես բոլոր շներն էին պատկանում։ Նրա արարքները կախված էին նրանց հրամաններից։ Նրանք ազատ կարող էին հաշմել իր մարմինը, տրորել կամ խնայել։ Այս դասը արագ ըմբռնեց Սպիտակ Ժանիքը, բայց հեշտ չյուրացրեց դա, որովհետև նրա խառնվածքում շատ բան ըմբոստանում էր այն ամենի դեմ, ինչին հարկ էր լինում բախվել ամեն մի քայլափոխին։ եվ այդ ամենով հանդերձ, իր համար էլ աննկատելի ձևով, Սպիտակ Ժանիքն սկսում էր հասու լինել նոր կյանքի հրապույրին, թեև դրան վարժվելը և՛ դժվար էր, և՛ անախորժ։ Նա իր ճակատագիրը հանձնեց ուրիշի և վերացրեց իրենից ամենայն պատասխանատվություն սեփական գոյության համար։ Հենց միայն դա եղավ նրա վարձատրությունը, որովհետև ուրիշին հենվելը միշտ էլ ավելի հեշտ է, քան մենակ կանգնելը։ Բայց այդ ամենը միանգամից չեղավ. մի օրվա մեջ կարելի չէ անձնատուր լինել մարդուն և՛ հոգով, և՛ մարմնով։ Սպիտակ Ժանիքը չէր կարող հրաժարվել նախնիների ժառանգությունից, չէր կարող մոռանալ Հյուսիսի խուլ վայրերը։ Լինում էին օրեր, երբ նա մոտենում էր անտառի եզրին, կանգնում այնտեղ և ունկնդրում իրեն հեռուն քաշող կանչերին։ Եվ վերադառնում էր այդպիսի զբոսանքներից անհանգիստ, տագնապահար, ողբագին ու կամացուկ վնգստալով. պառկում էր Կիչիի կողքին և իր արագաշարժ, հետազոտող լեզվով լիզում նրա դունչը։ Սպիտակ Ժանիքը շուտ ուսումնասիրեց հնդկական ավանի կյանքը։ Նա իմացավ, որ մեծահասակ շները անարդար ու ագահ են միս և ձուկ բաժանելու ժամերին։ Համոզվեց, որ տղամարդիկ արդարամիտ են, երեխաները խստասիրտ, իսկ կանայք բարի, և ավելի շուտ նրանցից, քան թե ուրիշներից, կարելի է ստանալ մի կտոր միս կամ ոսկոր։ Իսկ շատ լակոտների մայրերի հետ ունեցած երկու թե երեք ընդհարումից հետո Սպիտակ Ժանիքը հասկացավ, որ ավելի լավ է գործ չունենալ այդ ջադուների հետ. որքան հեռու մնաս դրանցից, այնքան ավելի հանգիստ կլինես։ Սակայն ամենից ավելի թունավորում էր նրա կյանքր Լիփ-Լիփը։ Սա նրանից ավելի մեծ էր և ուժեղ։ Սպիտակ Ժանիքը չէր խուսափում նրա հետ կռվելուց, բայց միշտ էլ պարտություն էր կրում։ Այդպիսի հակառակորդը նրա ուժերից վեր էր։ Լիփ-Լիփը իր զոհին հետապնդում էր ամենուրեք։ Բավական էր, որ Սպիտակ Ժանիքը հեռանա մորից, և այդ կռվարարը իսկույն տնկվում էր այնտեղ, կրնկակոխ հետապնդում նրան, մռնչում, կպչում նրանից, և եթե մոտակայքում մարդ չէր լինում, կռվի էր բռնվում։ Այդ ընդհարումները շատ մեծ հաճույք էին պատճառում Լիփ֊Լիփին, որովհետև սա միշտ էլ հաղթող էր դուրս գալիս։ Բայց այն, ինչ Լիփ֊Լիփի համար մեծագույն հաճույք էր կյանքում, Սպիտակ ժանիքին միայն տառապանք էր պատճառում։ Այնուամենայնիվ այնքան էլ հեշտ չէր ահաբեկել Սպիտակ Ժանիքին։ Նա իրար հետևից պարտություն էր կրում, բայց չէր խոնարհվում։ Եվ այնուամենայնիվ այդ մշտական թշնամությունն սկսում էր անդրադառնալ նրա վրա։ Նա դարձավ չար ու մռայլ։ Մոլեգնությունը հատուկ էր նրան որպես գայլի, իսկ անվերջանալի հետապնդումները էլ ավելի դաժանացնում էին նրան։ Այն, ինչ բարի էր նրա մեջ, ուրախ և պատանեկան, չէր կարողանում ելք գտնել։ Նա երբեք չէր խաղում ու կայտառություն չէր անում հասակակիցների հետ. Լիփ-Լիփը թույլ չէր տալիս։ Բավական էր, որ Սպիտակ ժանիքը երևա լակոտների մեջ, և Լիփ-Լիփը սլանում էր նրա մոտ, կռիվ գցում և վերջ ի վերջո քշում հեռու։ Շուտով այն ամենը, ինչ լակոտային էր Սպիտակ ժանիքի մեջ, անհետացավ, և նա սկսեց իր տարիքից ավելի մեծ թվալ։ Զրկված լինելով խաղերի մեջ իր եռանդը վատնելու հնարավորությունից՝ նա ամփոփվեց ինքն իր մեջ և սկսեց զարգանալ մտավորապես։ Նրա մեջ երևան եկավ խորամանկություն, իսկ որևէ արարք մտմտալու համար բավականաչափ ժամանակ ուներ։ Եվ որովհետև խանգարում էին նրան մսի ու ձկան իր բաժինն ստանալ շների ընդհանուր սնուցման ժամանակ, նա էլ դարձավ ճարպիկ գող։ Հարկ եղավ անձամբ հոգ տանել իրեն, և Սպիտակ Ժանիքն այնքան վարպետորեն կարողանում էր իր ուտելիքը ճարել, որ դարձավ կանանց իսկական պատուհասը։ Նա ման էր գալիս ամբողջ ավանում, գիտեր, թե որտեղ ինչ է տեղի ունենում, ամեն ինչ տեսնում էր ու լսում, հարմարվում էր հանգամանքներին և ամեն կերպ խուսափում իր երդվյալ թշնամուն հանդիպելուց։ Ավանում ապրելու դեռ առաջին օրերին Սպիտակ ժանիքը մի չար կատակ խաղաց Լիփ֊Լիփի գլխին և ճաշակեց վրեժխնդրության քաղցրությունը։ Նա հրապուրեց նրան ու տարավ ուղիղ վայրագ Կիչիի երախը մոտավորապես այն նույն եղանակով, որով սա էր մի ժամանակ հրապուրում շներին մարդկային հանգրվաններից ու տանում գայլերի մոտ ուտվելու։ Լիփ֊Լիփից փրկվելիս Սպիտակ Ժանիքը փախչում էր ոչ թե շիփ֊շիտակ, այլ սկսում էր պտույտ գալ վիգվամների միջև։ Լավ էր նա վազում, իր տարիքի ուզած լակոտից և նույնիսկ Լիփ֊Լիփից ավելի արագ։ Բայց այդ անգամ նա առանձնապես չէր շտապում և թողնում էր, որ իր հակառակորդը ընդամենը մի ոստյունի չափ հեռու լինի իրենից։ Հետապնդումից և զոհի մոտիկությունից բորբոքված Լիփ-Լիփը հրաժարվեց ամեն տեսակ զգուշությունից և մոռացավ, թե որտեղ է գտնվում։ Եվ երբ հիշեց, արդեն ուշ էր։ Ամբողջ թափով շրջանցելով վիգվամը՝ նա խոյացավ ուղիղ իր ցցի մոտ պառկած Կիչիի վրա։ Լիփ-Լիփը սարսափից ոռնաց։ Կիչին թեև կապված էր, սակայն նրա ճանկից ազատվելը այնքան էլ հեշտ չեղավ։ Գայլը ցած գլորեց նրան, որպեսզի չկարողանա փախչել, և ատամները կոխեց նրա մարմնի մեջ։ Վերջապես պոկվելով գայլից ու ընկնելով մի կողմ՝ Լիփ-Լիփը դժվարությամբ վեր կացավ, ամբողջովին գզգզված, և՛ մարմնապես, և՛ բարոյապես ծեծված։ Մորթին ծվեն֊ծվեն կախված էր այն տեղերից, որոնք ընկել էին Կիչիի ատամների տակ։ Նա բացեց երախն ու սկսեց լակոտային երկարաձիգ, սրտակեղեք ոռնոց արձակել։ Սակայն Սպիտակ ժանիքը չթողեց, որ նա մի կարգին ոռնա։ Նա նետվեց իր թշնամու վրա ու հափռեց նրա հետևի ոտքը։ Ո՜ւր էր կորել լակոտի երբեմնի ռազմաշունչ ոգին։ Լիփ֊Լիփը փախուստի դիմեց, իսկ նրա զոհը կրնկակոխ հետապնդեց նրան այնքան ժամանակ, մինչև որ իրեն տանջողը հասավ իր վիգվամին։ Այդտեղ Լիփ֊Լիփին ազատելու շտապեցին կանայք, իսկ Սպիտակ ժանիքը, որ դարձել էր մի կատաղած դև, նահանջեց միայն իր վրա տեղացող քարակարկուտից փրկվելու համար։ Եկավ մի օր, երբ Գորշ Ջրշունը հանեց Կիչիի կապը՝ որոշելով, որ հիմա այլևս չի փախչի նա։ Սպիտակ Ժանիքը ցնծության մեջ էր՝ մորը ազատ տեսնելով։ Նա ուրախությամբ սկսեց նրա հետ ման գալ ավանում, և քանի դեռ Կիչին մոտ էր, Լիփ-Լիփը Սպիտակ Ժանիքից պատկառելի հեռավորության վրա էր պահում իրեն։ Սպիտակ Ժանիքը նույնիսկ փշաքաղվում էր ու մարտական տեսքով մոտենում նրան, բայց Լիփ֊Լիփը չէր ընդունում մարտակոչը։ Հիմար չէր նա և որոշել էր վրեժը լուծելու համար սպասել մինչև այն ժամանակ, երբ մենակ հանդիպի Սպիտակ Ժանիքին։ Այդ նույն օրը Կիչին ու Սպիտակ Ժանիքը հասան մինչև անտառի եզրը՝ ավանից քիչ հեռու։ Սպիտակ ժանիքը աստիճանաբար, քայլ առ քայլ այնտեղ էր տանում մորը, և երբ սա կանգ առավ անտառի մոտ, գորշուկը փորձեց ավելի հեռու տանել նրան։ Գետակը, որջը և հանդարտ անտառը ձգում էին Սպիտակ Ժանիքին, և նա կուզենար, որ մայրը գա իր հետ։ Ուստի և վազեց մի քանի քայլ, կանգ առավ ու նայեց նրան։ Մայրը կանգնել էր ու չէր շարժվում։ Սպիտակ Ժանիքը պաղատագին վնգստաց և սկսեց խաղալով վազվզել թփերի մեջ, հետո վերադարձավ, լիզեց մոր դունչն ու նորից վազեց։ Բայց մայրը շարունակեց մնալ տեղում։ Սպիտակ Ժանիքը նայում էր նրան, և թվում էր, թե հանկարծ համառությունն ու անհամբերությունը տոգորեցին գորշուկին, ապա դանդաղորեն էլ փարատվեցին, երբ Կիչին շրջելով գլուխը՝ նայեց ավանին։ Հեռաստանը կանչում էր Սպիտակ Ժանիքին։ Մայրն էլ էր լսում այդ կանչը։ Բայց ավելի որոշակի էր նա լսում կրակի ու մարդու կանչը, որին բոլոր գազաններից արձագանքում է միայն գայլը, գայլը և վայրի շունը, որովհետև դրանք եղբայրներ են։ Կիչին շրջվեց և դանդաղորեն, սնգսնգալով վազեց ետ։ Ավանը պահում էր նրան իր իշխանության տակ ամեն տեսակ կապանքից ավելի ուժգին։ Անհայտ ու խորհրդավոր ուղիներով աստվածները տիրապետել էին գայլին ու բաց չէին թողնում։ Սպիտակ Ժանիքը նստեց կեչու ստվերի տակ ու սկսեց կամացուկ նվալ։ Սոճու հոտ էր գալիս, անտառի նուրբ բույրերը լցրել էին օդը և հիշեցնում էին Սպիտակ Ժանիքին նախ֊  < < 96 - 97 էջեր > >   վեց ու մնաց պառկած վնգստալով ու սպասելով, թե երբ Գորշ Ջրշունը կհայտնի իր կամքը։ Գորշ Ջրշունը ցանկացավ, որ Սպիտակ Ժանիքը դուրս գա մակույկից, ուստի և նրան շպրտեց ափ այնպես, որ սա ամբողջ թափով կողքը դիպցրեց գետնին։ Ամբողջ մարմնով դողալով՝ Սպիտակ Ժանիքը վեր կացավ ու նվաց։ Լիփ֊Լիփը, որ գետափից հետևում էր ամբողջ իրադարձությանը, նետվեց նրա վրա, ցած գցեց և ատամները խրեց նրա մարմնի մեջ։ Գորշուկը շատ անօգնական էր ու չէր կարող պաշտպանվել, և հավանաբար վատ լիներ նրա վերջը, եթե Գորշ Ջրշունը ուժգին մի քացի չտար Լիփ֊Լիփին. այդ հարվածից, սա վեր թռավ օդ ու շրմփաց գետին՝ Սպիտակ Ժանիքից հեռու։ Այսպես էր ահա մարդկային արդարադատությունը, և Սպիտակ Ժանիքը չնայած վախին ու ցավին՝ չէր կարող երախտագիտություն չզգալ մարդու հանդեպ։ Նա հլու֊հնազանդ գնաց Գորշ Ջրշունի հետևից ամբողջ ավանի միջով՝ դեպի նրա վիգվամը։ Եվ այդ օրվանից այլևս չմոռացավ Սպիտակ Ժանիքը, որ աստվածները պատժելու իրավունքը վերապահում են իրենց, իսկ իրենց ենթակա կենդանիներին զրկում են այդ իրավունքից։ Այդ գիշեր, երբ ավանում ամեն ինչ լռեց, Սպիտակ ժանիքը մտաբերեց մորը ու տխրեց։ Բայց այնպես բարձրաձայն էր նա թախծում, որ արթնացրեց Գորշ Ջրշունին, և սա դնգստեց նրան։ Դրանից հետո գորշուկը աստվածների ներկայությամբ լռելյայն էր թախծում և իր վշտին ազատություն էր տալիս միայն այն ժամանակ, երբ միայնակ մոտենում էր անտառին։ Այդ օրերին Սպիտակ Ժանիքը կարող էր անսալ անցյալի ձայնին, որ կանչում էր նրան դեպի անձավն ու գետակը, բայց մոր հիշատակը պահում էր նրան տեղում։ Գուցե և նա վերադառնա ավան, ինչպես մարդիկ են վերադառնում որսից հետո։ Եվ Սպիտակ Ժանիքը մնաց ազատազրկության մեջ՝ սպասելով Կիչիին։ Ստրկական կյանքը այնքան էլ չէր ճնշում Սպիտակ Ժանիքին։ Այդտեղ շատ բան հետաքրքրում էր նրան։ Ավանում իրար էին հաջորդում դեպքերը։ Վախճան չունեին այն արարքները, որ կատարում էին աստվածները, իսկ Սպիտակ ժանիքը միշտ էլ խիստ հետաքրքրասեր էր։ Բացի դրանից, նա սովորեց հաշտ ապրել Գորշ Ջրշունի հետ։ Սպիտակ Ժանիքից պահանջվում էր հնազանդություն, անառարկելի հնազանդություն, իսկ դա յուրացնելուց հետո նա այլևս չէր զայրացնում մարդկանց ու խուսափում էր ծեծից։ Երբեմն էլ նույնիսկ պատահում էր, որ Գորշ Ջրշունը ինքն էր մի կտոր միս շպրտում Սպիտակ Ժանիքին, և երբ սա ուտում էր, չէր թողնում մյուս շները մոտենան նրան։ Եվ այդ կտորը գին չուներ. հենց միայն դա ավելի թանկ էր, քան կանանց ձեռքից ստացած տասնյակ կտորները։ Գորշ Ջրշունը երբեք չէր շոյել կամ գուրգուրել Սպիտակ Ժանիքին։ Եվ գուցե նրա ծանր բռունցքը, գուցե և արդարադատությունն ու հզորությոլնր, կամ այս բոլորը միասին ազդում էին Սպիտակ ժանիքի վրա, այնուամենայնիվ նրա մեջ սկիզբ էր առնում կապվածությունն այդ մռայլ տիրոջ հետ։ Ինչ֊որ դավաճանական ուժեր աննկատելի կերպով կապկպում էին Սպիտակ Ժանիքին ազատազրկության կապերով և գործում էին նույնքան անսխալ, ինչպես մահակը կամ բռունցքի հարվածը։ Բնազդը, որ վաղուց է գայլերին մղում դեպի մարդու խարույկը, արագ է զարգանում։ Դա զարգանում էր նաև Սպիտակ Ժանիքի մեջ։ Ու թեև նրա այժմյան կյանքը լի էր վշտերով, այնուամենայնիվ ավանը հետզհետե ավելի սիրելի էր դառնում։ Բայց նա ինքը մտքովն էլ չէր անցկացնում այդ։ Նա միայն Կիչիի կարոտն էր քաշում, հույս ուներ, որ նա կվերադառնա, և անհագորեն ձգտում էր նախկին ազատ կյանքին։ 
== Գլուխ III։ Մեկուսացածը ==
Վստահելի
1318
edits