Changes

Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ

Ավելացվել է 18 755 բայտ, 07:49, 24 Փետրվարի 2015
/* I: Սրբահայր Զոսիման և իր հյուրերը */
=== I: Սրբահայր Զոսիման և իր հյուրերը ===
 
Երբ Ալյոշան տագնապած ու վշտալի սրտով մտավ սրբահոր խուցը, գրեթե ապշահար կանգ առավ հանկարծ, վախենում էր, որ նրան կգտնի մահամերձ և գուցե արդեն ուշակորույս հիվանդի վիճակում, բայց տեսավ, որ նա նստած է բազկաթոռին, թեև տկարությունից ուժասպառ, բայց առույգ ու զվարթ դեմքով, հյուրերով շրջապատված և նրանց հետ խաղաղ ու պայծառ խոսակցությամբ զբաղված։ Սակայն նա Ալյոշայի գալուց ընդամենը քառորդ ժամ առաջ էր անկողնից վերկացել. հյուրերն արդեն նախօրոք հավաքվել էին նրա խուցի մեջ և սպասել նրա զարթնելուն, անսալով հայր Պաիսիի հաստատ հավաստիացման, թե «ուսուցիչը պիտի վերկենա անտարակույս, որպեսզի մեկ անգամ ևս խոսակցի իր սրտի սիրեցյալների հետ, ինչպես ինքն ասաց և ինքը խոստացավ դեռ առավոտյան»։ Հայր Պաիսին անպայմանորեն հավատում էր այդ խոստման, ինչպես և վախճանվող սրբահոր յուրաքանչյուր խոսքին, և այնքան էր հավատում, որ եթե բոլորովին ուշակորույս ու նույնիսկ անշնչացած տեսներ նրան, բայց ստացած լիներ նրա խոստումը, թե մեկ անգամ ևս պիտի վերկենա և հրաժեշտ տա իրեն, ապա թերևս բուն իսկ մահվան էլ հավատք չընծայեր, այլ սպասեր շարունակ, որ մահացյալը զարթնի և կատարի խոստացվածը։ Իսկ սրբահայր Զոսիման հաստատապես ասել էր նրան առավոտյան, երբ քուն էր մտնում. «Չեմ մահանա, մինչև որ մեկ անգամ ևս արբենամ ձեզ հետ զրուցելով, սիրեցյալք իմ սրտի, նայեմ ձեր քաղցր երեսներին, կրկին անգամ զեղեմ իմ հոգին ձեր առաջ»։ Սրբահոր այս գուցե վերջին զրույցի համար հավաքված վանականները նրա անձնվիրագույն ու վաղեմի բարեկամներն էին։ Չորս հոգի էին նրանք. աբեղաներ հայր Իոսիֆն ու հայր Պաիսին, աբեղա հայը Միխայիլը, որ մենաստանի ավագն էր՝ տակավին ոչ շատ ծեր մարդ, ամենևին ոչ այնքան գիտնական, ծագումով խոնարհ, բայց ոգով ամուր, անսասանորեն ու պարզորեն հավատացյալ, արտաքուստ խստաշունչ, բայց սիրտը խորունկ խանդաղատանքով տոգորված, թեև ակնհայտորեն քողարկում էր իր խանդաղատանքը՝ մինչև իսկ մի տեսակ ամաչելու աստիճան։ Չորրորդ հյուրը, եղբայր Անֆիմը, բոլորովին արդեն ծերուկ մի վանական էր, չքավորադույն գյուղացիների դասից, համարյա թե նույնիսկ կիսագրագետ. հեզաբարո և լռակյաց էր նա, շատ հազվադեպ էր խոսում որևէ մեկի հետ, ամենախոնարհն էր խոնարհագույնների մեջ և ուներ երևույթը մի մարդու, որ կարծես հավիտենապես վախեցել է վիթխարի և ահավոր, իր խելքից վեր մի բանից։ Սրբահայր Զոսիման շատ էր սիրում այս կարծես երկյուղահար մարդուն և միշտ էլ արտասովոր հարգանքով էր վերաբերվել նրան, թեև գուցե իր ամբողջ կյանքում ուրիշ ոչ ոքի հետ այնքան քիչ խոսք չէր փոխանակել, որքան նրա հետ, հակառակ որ Ժամանակին երկար տարիներ նրա հետ միասին թափառել էր Ռուսաց ամբողջ սրբազան աշխարհում։ Շատ վաղուց էր այդ, քառասուն տարի առաջ, երբ սրբահայր Զոսիման նոր էր սկսել իր վանական սխրանքը Կոստրոմայի աղքատ, ոչ հանրածանոթ մի վանքում, և երբ, շատ չանցած, գնացել էր ուղեկցելու հայր Անֆիմին, որ ելել էր ուխտագնացության՝ նվիրատվություններ հանգանակելու հօգուտ իրենց փոքր ու աղքատ վանքի։
 
Բոլորը՝ տանտերն ու իր հյուրերը հավաքվել էին սրբահոր ննջասենյակում, որ, ինչպես ասել ենք արդեն, շատ փոքր էր, այնպես որ չորս վանականները (բացի հոտնկայս մնացած նորընծա Պորֆիրիից) հազիվ էին տեղավորվել սրբահոր բազկաթոռի շուրջ առաջին սենյակից բերված աթոռների վրա։ Մութն իջնում էր արդեն, սենյակը լուսավորվում էր կանթեղներով ու սրբապատկերների առաջ վառվող մեղրամոմերով։ Տեսնելով Ալյոշային, որ ներս մտնելուց հետո շփոթվել ու կանգնել էր դռան մոտ, սրբահայրն ուրախ ժպտաց նրան ու ձեռքը մեկնեց.
 
— Ողջույն, մեղմաբարո որդյակ, ողջույն, քաղցրիկդ իմ, ահա դու ևս եկար։ Ու գիտեի, որ կհասնես։
 
Ալյոշան մոտեցավ նրան, մինչև գետին խոնարհվեց նրա առաջ ու արտասվեց։ Մի բան հորդում էր նրա սրտից, թրթռում էր հոգին, ուզում էր հեկեկալ։
 
— Ի՞նչ է, համբերիր, դեռ մի՛ սգար,— ժպտաց սրբահայրը, իր աջ ձեռքը դնելով նրա գլխին,— տեսնում ես, նստած զրուցում եմ, թերևս քսան տարի ապրեմ տակավին, ինչպես մաղթեց ինձ երեկ այն բարի, սիրելի կինը, որ եկել էր Վիշեգորյեից՝ իր փոքրիկ Լիզավետային գրկած։ Հիշյա՛, տե՛ր, և ողորմյա մորն ու մանկիկն Լիզավետային,— խաչակնքեց սրբահայրը։― Պորֆիրի, նրա ընծան տարա՞ր իմ ասած տեղը։
 
Նա հիշեց այն վաթսուն կոպեկը, որ զվարթ ուխտավորուհին նվիրաբերել էր երեկ, որպեսզի սրբահայրը տա «ինձնից աղքատ մեկին»։ Այդպիսի նվիրատվությունները կատարվում են որպես ապաշխարանք, որին մարդիկ, ինչ-ինչ պատճառներով, կամավորաբար ենթարկում են իրենց անձը, և այդ դրամն անպայման սեփական աշխատանքով է վաստակված լինում։ Սրբահայրը երեկ իրիկուն Պորֆիրիին ուղարկել էր մի այրի կնոջ մոտ, որի տունը դեռ վերջերս այրվել էր, և որ, երեխաների տեր լինելով, հրդեհից հետո սկսել էր ողորմություն մուրալով ապրել։ Պորֆիրին շտապեց տեղեկացնել, որ գործն արդեն կատարված է, և որ նպաստը տվել է «անծանոթ բարերարուհու» կողմից, ինչպես պատվիրված էր իրեն։
 
— Վեր կաց, սիրելի որդյակ,— շարունակեց սրբահայրը, դառնալով Ալյոշային,— թող, որ նայեմ քեզ։ Եղա՞ր յուրայիններիդ մոտ ու տեսա՞ր եղբորդ։
 
Ալյոշային տարօրինակ թվաց, որ նա այդպես հաստատ ու որոշակի հարցնում է իր եղբայրներից միայն մեկի մասին, բայց ո՞ր մեկի։ Ուրեմն գուցե ա՛յդ եղբոր համար էր ուղարկել իրեն թե՛ երեկ, թե՛ այսօր։
 
— Եղբայրներիցս մեկին տեսա,— պատասխանեց Ալյոշան։
 
— Հարցնում եմ անդրանի՛կ եղբորդ մասին, որի առաջ մինչև գետին խոնարհվեցի երեկ։
 
— Նրան երեկ միայն տեսա, իսկ այսօր ոչ մի կերպ չկարողացա գտնել,— ասաց Ալյոշան։
 
— Աճապարիր գտնել, վաղը նորից գնա և աճապարիր, ամեն ինչ թող և աճապարիր։ Գուցե տակավին հասցնես մի ահավոր բան կանխել։ Երեկ ես խոնարհվեցի նրա ապագա մեծ տառապանքին։
 
Նա հանկարծ լռեց և կարծես մտածմունքի մեջ ընկավ։ Տարօրինակ էին խոսքերը։ Հայր Իոսիֆը, որ երեկ վկա էր եղել սրբահոր այդ երկրպագության, մի հայացք փոխանակեց հայր Պաիսիի հետ։ Ալյոշան չկարողացավ համբերել։
 
— Հայր և ուսուցի՛չ,— ասաց նա արտակարգորեն հուզված,— չափազանց մթին են ձեր խոսքերը... Ինչպիսի՞ տառապանք է սպասում նրան։
 
— Զսպիր հետաքրքրությունը քո։ Երեկ զարհուրելի մի բան երևաց աչքիս... կարծես նրա հայացքը ամբողջ նրա ճակատագիրն արտահայտեց երեկ։ Այդպիսի մի հայացք եկավ նրա աչքերի մեջ... այնպես որ վայրկենապես սարսափ զգացի իմ սրտում, տեսնելով, թե ի՜նչ բան է պատրաստում այդ մարդն իր գլխին։ Իմ կյանքում մեկ կամ երկու անգամ ոմանց դեմքին նույնպիսի արտահայտություն եմ տեսել... այդ մարդկանց ամբողջ ճակատագիրը ցույց տվող մի արտահայտություն, և նրանց ճակատագիրը, ավա՜ղ, ի կատար ածվեց։ Քեզ նրա մոտ ուղարկեցի, Ալեքսեյ, որովհետև մտածեցի, որ քո եղբայրական դեմքը կօգնի նրան։ Բայց ամեն ինչ հաստուծո է և նրա ձեռքն են մեր ճակատագրերը բոլոր։ «Եթե ցորենի հատիկը երկիր ընկնելով չմեռնի, ինքը միայն կմնա. իսկ եթե մեռնի, բազում արդյունք կբերի»։ Հիշի՛ր այս։ Իսկ քեզ, Ալեքսեյ, բազմիցս իմ կյանքում օրհնել եմ մտովին քո դեմքի համար, իմացի՛ր այս,— ասաց սրբահայրը մեղմ ժպիտով։— Քո մասին մտածում եմ այսպես. պիտի ելնես արտաքս այս պատերից, բայց աշխարհիկ կյանքում պիտի ապրես որպես վանական։ Հակառակորդներ շատ պիտի ունենաս, բայց և քո ոսոխներն իսկ պիտի սիրեն քեզ։ Շատ դժբախտություններ պիտի բերի քեզ կյանքը, բայց դրանցո՜վ է, որ դու երջանիկ պիտի լինես ու կյա՛նքը պիտի օրհնես, ուրիշներին ևս պիտի ստիպես օրհնել այն — և այս վերջինն է ամենեն կարևորը։ Ահա թե ինչպիսինն ես դու։ Հայրե՛ր և ուսուցիչնե՛ր իմ,— գորովագին ժպտալով դիմեց նա իր հյուրերին,— մինչ այս օրս երբեք չեմ ասել ձեզ և ոչ իսկ նրան, թե ինչու այնքան սիրելի է իմ հոգուն դեմքն այս պատանյակի։ Այժմ ասեմ ահա. նրա դեմքն ինձ համար հիշեցում ու մարգարեություն է մի տեսակ։ Իմ կյանքի արշալույսին, երբ տակավին մանուկ էի ես, ունեի ավագ մի եղբայր, որ իմ աչքերի առաջ մեռավ դեռ պատանի՝ ընդամենը տասնյոթ տարեկան։ Եվ այնուհետև, անցնելով իմ կյանքի ուղին, համոզվեցի աստիճանաբար, որ այդ իմ եղբայրն ի վերուստ հայտնված ուղեցույց ու նախանշան էր իմ ճակատագրում, որովհետև եթե չհայտնվեր նա կյանքիս մեջ, եթե չլիներ նա ամենևին, ապա թե գուցե, այդպես եմ կարծում, վանական կարգ չընդունեի երբեք և չընտրեի թանկագին այս ուղին։ Այդ առաջին հայտնությունն իմ մանկության օրերին եղավ, և ահա արդեն իմ ճամփու վերջալույսին նրա կրկնությունն է կարծես հայտնվել ինձ ակներևորեն։ Հրաշալի է սա, հայրեր և ուսուցիչներ. ոչ այնքան շատ, այլ փոքր ինչ նման լինելով նրան դեմքով, Ալեքսեյն իմ աչքին այնքա՜ն նման երևաց նրան հոգեպես, որ այս պատանյակին բազմիցս նկատել եմ որպես ուղղակի ա՛յն պատանյակը՝ որպես եղբայրն իմ, որ խորհրդավոր կերպով եկել է ինձ մոտ իմ ճամփու ավարտին՝ վասն հիշեցման ու ներհայեցման. այնպես որ ինքս իսկ զարմացել եմ իմ վրա և այդպիսի տարօրինակ իմ երազանքի վրա։ Լսո՞ւմ ես այս, Պորֆիրի,— դարձավ սրբահայրն իրեն սպասարկող նորընծային։— Բազմիցս կարծես դառնություն եմ տեսել քո դեմքին վասն այնորիկ, որ Ալեքսեյին սիրում եմ ավելի, քան քեզ։ Այժմ գիտես, թե ինչու էր այդպես, բայց ես սիրում եմ քեզ, գիտցի՛ր այդ, և վշտացել եմ բազմիցս, որ դառնանում ես դու։ Իսկ ձեզ, հյուրեր իմ սիրեցյալ, ուզում եմ պատմել այն պատանյակի՝ իմ եղբոր մասին, որովհետև իմ կյանքում չի եղել ավելի թանկագին, ավելի մարգարեական ու սրտահույզ երևույթ, քան այդ։ Խանդաղատանքով լի է սիրտն իմ այս րոպեիս, և դիտում եմ ամբողջ կյանքն իմ անցյալ, որպես թե վերստին ապրեի զայն լիովին...
 
Այստեղ պետք է նկատեմ, որ սրբահոր այս վերջին զրույցը՝ կյանքի վերջին օրն իրեն այցելած հյուրերի հետ ունեցած, մասամբ պահպանվել է գրավոր։ Գրի է առել Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովը, սրբահոր մահից որոշ ժամանակ հետո, հիշողությամբ։ Բայց ամբողջ գրվածքն այդ օրվա զրո՞ւյցն է լոկ, թե՞ նա իր գրառման մեջ բաներ է ավելացրել նաև իր ուսուցչի հետ ունեցած նախկին զրույցներից՝ այդ արդեն չեմ կարող որոշել, մանավանդ որ այս գրառման մեջ սրբահոր ամբողջ խոսքն ընթանում է մի տեսակ առանց ընդմիջման, կարծես թե նա, դիմելով իր բարեկամներին, իր կյանքը պատմել է վիպելու ձևով, այնինչ, ըստ հետագա տեղեկությունների, անտարակուսելի է, որ մի քիչ այլ կերպ է տեղի ունեցել իրականում, որովհետև այդ երեկո զրույցն ընդհանուր է եղել. ու թեև հյուրերը քիչ են ընդհատել տանտիրոջը, բայց այնուամենայնիվ իրենք էլ խոսել են, մասնակցել զրույցին, գուցե նույնիսկ իրենց կողմից պատմել են մի որևէ բան։ Բացի այդ, սրբահայրը չէր կարող այդպիսի անընդմեջ շարունակականությամբ պատմել, որովհետև մերթ ընդ մերթ շնչահեղձ էր լինում, ձայնը կտրվում էր, և նույնիսկ պառկում էր հանգստանալու իր անկողնի վրա, թեև չէր քնում։ Հյուրերն էլ չէին հեռանում իրենց տեղերից։ Մեկ կամ երկու անգամ զրույցն ընդհատվել է ավետարանի ընթերցմամբ, կարդացել է հայր Պաիսին։ Ուշագրավ է նաև այն, որ նրանցից ոչ ոք այդուհանդերձ չի ենթադրել, թե այդ նույն գիշերն իսկ կմահանա սրբահայրը, մանավանդ որ իր կյանքի այդ վերջին երեկոյին, ցերեկվա խորունկ քնից հետո, նա կարծես հանկարծ նոր ուժ էր գտել իր մեջ, և այդ ուժը զորավիգ էր եղել նրան բարեկամների հետ ունեցած այդ երկար զրույցի ընթացքում։ Դա կարծես գորովագին սիրո վերջին ալիքն էր, որ վերակենդանացման անհավատալի մի շունչ էր տվել նրան, բայց միայն կարճ ժամանակով, որովհետև նրա կյանքը դադարեց հանկարծ...
 
Բայց այդ մասին՝ հետո։ Իսկ այժմ ուզում եմ հայտնել, որ նախընտրեցի չվերարտադրել զրույցի բոլոր մանրամասնությունները, այլ լոկ սահմանափակվել սրբահոր այն պատմածով, որ շարադրված է Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի ձեռագրում։ Դա ավելի կարճ կլինի և ոչ այնքան հոգնեցուցիչ, թեև անշուշտ, կրկնում եմ, Ալյոշան շատ բան վերցրել է նաև նախկին զրույցներից և ի մի բերել այստեղ։
=== II։ Էջերի տեր հանգուցյալ սքեմազգյաց աբեղա սրբահայր Զոսիմայի վարքից՝ կազմվածյուր սեփական խոսքերից, երկասիրությամբ Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի: Կենսագրական տեղեկություններ ===
Վստահելի
1318
edits