==== դ) Խորհրդավոր այցելուն ====
Նա արդեն վաղուց էր ծառայում մեր քաղաքում, ակնառու պաշտոն ուներ, բոլորի կողմից հարգված մարդ էր, հարուստ, հռչակված էր իր բարեգործությամբ, զգալիորեն մեծ գումարներ էր նվիրաբերել անկելանոցին ու որբանոցին և, բացի այդ, բազում այլ բարերարություններ էր կատարել գաղտնորեն, առանց հրապարակման, և այդ բոլորը հայտնի դարձան նրա մահից հետո։ Մոտ հիսուն տարեկան էր, գրեթե խստաբարո էր արտաքուստ, և սակավախոս. ընդամենը տասը տարի առաջ էր ամուսնացել, ու դեռ երիտասարդ իր կինը երեք զավակ էր պարգևել իրեն։ Արդ ուրեմն, հաջորդ իրիկուն նստած էի իմ տանը, երբ հանկարծ դուռը բացվեց ու այդ նույն պարոնը ներս մտավ։
Պետք է նշեմ, որ այն ժամանակ իմ նախկին բնակարանում չէի ապրում, այլ հրաժարական տալուց անմիջապես հետո սենյակ էի վարձել մի պառավ ու այրի տիկնոջ տանը և փոխադրվել էի այնտեղ, նրա ծառաներն էլ ինձ սպասարկում էին, որովհետև այս նոր բնակարանը տեղափոխվել էի պարզ այն պատճառով, որ հենց մենամարտի օրը, տուն վերադառնալուց հետո, Աֆանասիին ետ էի ուղարկել իր վաշտը. նրա հետ իմ վերջին հանդիպումից հետո ամաչում էի երեսին նայել... Հոգեպես անպատրաստ աշխարհիկ մարդն ա՜յն աստիճան ատակ է ամաչելու նույնիսկ իր որևէ արդարագույն արարքից։
«Ես,— ասաց ինձ ներս մտած պարոնը,— արդեն մի քանի օր է, ինչ մեծ հետաքրքրությամբ լսում եմ ձեզ տարբեր տներում, և վերջապես ցանկացա անձամբ ծանոթանալ, որպեսզի ավելի մանրամասն խոսեմ ձեզ հետ։ Կարո՞ղ եք, մեծահարգ տիար, այդպիսի մի մեծ ծառայություն մատուցել ինձ»։— «Կարող եմ,— ասացի,— մեծագույն հաճույքով, և հատուկ պատիվ կսեպեմ ինձ համար»։ Այդպես ասացի, բայց գրեթե վախեցել էի՝ այնքա՜ն էր ապշեցրել ինձ նրա այցելությունն առաջին րոպեին։ Որովհետև թեպետ լսում էին ինձ մարդիկ և հետաքրքրություն ցուցաբերում, բայց դեռ ոչ ոք այդպիսի ներհուն ու խստաշունչ լրջությամբ չէր մոտեցել ինձ։ Ու տակավին՝ այս մարդն անձամբ եկել էր իմ բնակարանը։ Նստեց։ «Նկարագրի մեծ ուժ եմ տեսնում ձեր մեջ,— շարունակեց նա,— որովհետև չեք վախեցել ճշմարտության ծառայել այնպիսի մի հարցում, ուր ձեր ճշմարտության համար ընդհանուր արհամարհանքի արժանանալու վտանգն էր սպառնում ձեզ»։— «Գուցե խիստ չափազանցյալ է ձեր գովեստը»,— ասացի նրան։ «Ոչ, չափազանցչալ չէ,— պատասխանեց,— հավատացեք, որ այդպիսի արարք գործելը շատ ավելի դժվար է, քան կարծում եք դուք։ Ճիշտն ասելով, այդ է միայն, որ մեծապես զարմացրել է ինձ,— շարունակեց նա,— և այդ հարցով է, որ եկել եմ ձեզ մոտ։ Եթե չեք խորշում իմ այս գուցե անպատշաճ հետաքրքրությունից, նկարագրեցեք խնդրեմ, թե հատկապես ի՞նչ էիք զգում այն րոպեին, երբ մենամարտի պատնեշի վրա վճռեցիք ներումն խնդրել, եթե, անշուշտ, հիշում եք ձեր զգացածը։ Թեթևամտություն մի՛ համարեք հարցս. ընդհակառակն, այսպիսի մի հարց տալով ձեզ՝ ունեմ իմ թաքուն շարժառիթը, որ հավանաբար կպարզեմ հետագայում, եթե կամոքն աստուծո մտերիմներ դառնանք»։
Երբ նա խոսում էր, ես շարունակ նայում էի ուղղակի նրա երեսին և հանկարծ բացարձակ վստահություն ունեցա նրա նկատմամբ, ու բացի այդ նաև արտասովոր մի հետաքրքրություն իմ կողմից էլ, որովհետև զգացի, թե նա յուրահատուկ մի գաղտնիք ունի իր հոգում։
— Հարցնում եք, թե հատկապես ինչ էի զգում այն րոպեին, երբ ներումն էի խնդրում հակառակորդից,— պատասխանեցի,— բայց ավելի լավ կլինի, որ բուն սկզբից պատմեմ ձեզ այն, ինչ ոչ ոքի չեմ պատմել տակավին։— Ու պատմեցի ամեն ինչ, որ տեղի էր ունեցել Աֆանասիի և իմ միջև, և թե ինչպես խոնարհվել էի նրա առաջ մինչև գետին։— Այս բանից,— եզրակացրի,— ինքներդ կարող եք տեսնել, թե մենամարտի ժամանակ ավելի հեշտ էր ինձ համար այդ արարքը, որովհետև դեռ տանն էի սկսել, և մի անգամ որ ոտք էի դրել այդ ուղին, այնուհետև ամեն ինչ ընթացավ բնականորեն, ոչ միայն դժվար չէր, այլե նույնիսկ բերկրալի էր ու հրճվագին։
Լսում էր նա և այնպիսի լա՜վ մի հայացքով նայում էր ինձ։ «Չափազանց հետաքրքրական է այդ ամբողջը,— ասաց,— ես կրկին ու կրկին կգամ ձեզ մոտ»։ Եվ այդ օրից սկսյալ գրեթե ամեն իրիկուն գալիս էր նա։ Ու մենք շատ մտերիմ բարեկամներ կլինեինք, եթե նա իր մասին ևս պատմեր ինձ։ Բայց իր մասին գրեթե ոչ մի բառ չէր ասում, այլ շարունակ ինձ հարցեր էր տալիս՝ իմ մասին։ Հակառակ այդ բանին, ես շատ սիրեցի նրան և կատարյալ վստահությամբ արտահայտեցի զգացմունքներն իմ բոլոր, որովհետև մտածեցի՝ ի՞նչ պետք ունեմ նրա գաղտնիքներին, առանց այն էլ տեսնում եմ, որ առաքինի է մարդը։ Առավել ևս՝ այնքան լուրջ մարդ լինելով, և ինձնից շատ ավելի տարեց, գալիս է ինձ նման մի պատանու մոտ և չի արհամարհում ինձ։ Ու բազում օգտակար բաներ սովորեցի նրանից, որովհետև բարձր մտքի տեր մարդ էր։ «Թե կյանքը դրախտ է,— ասաց նա հանկարծ,— վաղուց արդեն մտածում եմ այդ մասին», և անսպասելիորեն ավելացրեց. «Հենց միայն դրա՛ մասին եմ մտածում»։ Նայում ինձ ու ժպտում էր։ «Ես ավելի եմ համոզված այդ բանին, քան դուք,— ասաց նա,— հետո կիմանաք, թե ինչու»։ Լսում էի և մտածում. «Հավանաբար ուզում է մի բան հայտնել ինձ»։— «Դրախտը պահված է մեզնից յուրաքանչյուրի մեջ,— ասաց նա,— ահա իմ մեջ էլ պահված է հիմա, և եթե ուզեմ, վաղն ևեթ դրախտն իսկապես կբացվի ինձ համար, ու կբացվի ընդմիշտ՝ մինչև ավարտը կյանքիս»։ Տեսնում էի՝ հուզված է խոսում և խորհրդավոր կերպով նայում է ինձ, կարծես ինձ հարց է տալիս։ «Իսկ թե յուրաքանչյուր մարդ մեղավոր է բոլորի և ամեն ինչի համար, անկախ իր սեփական մեղքերից,— շարունակեց նա,— դուք կատարելապես ճիշտ եք դատում այդ մասին, և զարմանալի է, թե ինչպես կարող էիք մեկեն ընդգրկել այդ գաղափարն իր ամբողջ լիությամբ։ Ու ճշմարիտ է արդարև, որ եթե մարդիկ հասկանան այդ գաղափարը, երկնային թագավորությունն արդեն երազանք չի լինի նրանց համար, այլ կդառնա իրականություն»։— «Բայց ե՞րբ,— բացականչեցի ես վշտագին,— ե՞րբ պիտի կատարվի այդ, և պիտի կատարվի՞ արդյոք երբևիցե։ Սոսկ երազանք չէ՞ արդյոք այդ բանը»։― «Բայց ահա դուք էլ չեք հավատում,— ասաց նա,— քարոզում եք և ինքներդ չեք հավատում։ Իմացեք ուրեմն, որ այս երազանքը, ինչպես ասում եք, պիտի կատարվի անտարակույս, հավատացե՛ք դրան, բայց պիտի կատարվի ոչ այժմ, որովհետև յուբաքանչյուր լինելություն իր օրենքն ունի։ Այս լինելությունը հոգեկան է, հոգեբանական։ Աշխարհը վերափոխելու և նորակերտելու համար՝ պետք է, որ մարդիկ իրե՛նք հոգեպես շրջադարձ կատարեն դեպի մի այլ ճանապարհ։ Մինչև որ իսկապես եղբայր չդառնաս ամեն մի մարդու, եղբայրություն չի տիրի աշխարհում։ Մարդիկ երբեք չեն կարողանա որևէ գիտական ու որևէ օգտապաշտ մոտեցումով անվնասորեն բաժանել իրար միջև իրենց սեփականութլունը և իրավունքներն իրենց։ Միշտ յուրաքանչլուր ոք քիչ պիտի համարի իր բաժինը, և միշտ պիտի տրտնջան, նախանձեն ու պիտի ոչնչացնեն իրար։ Հարցնում եք, թե երբ է կատարվելու այդ։ Կատարվելու է, բայց նախ պետք է բոլորվի մարդկային մեկուսացման շրջանը»։— «Ի՞նչ մեկուսացման»,— հարցրի ես։ «Ճիշտ այն մեկուսացման, որ այժմ իշխում է ամենուրեք, և հատկապես մեր դարաշրջանում, բայց որ լրիվ չի բոլորվել տակավին, չի հասել վերջնաժամը դրա։ Քանզի յուրաքանչյուր ոք այժմ ձգտում է առավելագույնս սահմանազատել իր անձը, ուզում է ինքն իր մեջ զգալ լիությունը կյանքի, մինչդեռ նրա բոլոր ջանքերի արգասիքը լինում է ոչ թե կյանքի լիություն, այլ լիակատար անձնասպանություն, որովհետև իր սեփական էությունը լիովին ինքնորոշելու փոխարեն ընկնում է կատարյալ մեկուսացման մեջ։ Քանզի մեր դարաշրջանում մարդկությունը բաժանվել է միավորների, ամեն ոք մեկուսանում է իր պատյանի մեջ, ամեն ոք հեռու է պահում իրեն մյուսներից, թաքնվում է և իր ունեցածն ևս թաքցնում, ու հետևանքը լինում է այն, որ մարդիկ վանում են նրան, և ինքն ևս մարդկանց վանում է իրենից։ Հարստություն է դիզում մեկուսի և մտածում՝ որքա՜ն ուժեղ եմ հիմա և որքան ապահովված, սակայն չգիտե անմիտ արարածը, որ ինչքան ավելի է կուտակում, այնքան ավելի սուզվում է անձնակործան անզորության մեջ։ Քանզի սովորություն է դարձրել հույս դնել լոկ իր անձի վրա և ամբողջությունից անջատվել է որպես միավոր, իր հոգին վարժեցրել է չհավատալու մարդկային իրարօգնության, մարդկանց և առհասարակ մարդկության, ու միայն դողում է այն վախից, թե կկորցնի իր փողերը և իր ձեռք բերած իրավունքները։ Մարդկային միտքն այժմ ամենուրեք սկսում է ծիծաղելիորեն չհասկանալ, թե ճշմարիտ ապահովությունը պետք է փնտրել ո՛չ թե մարդու մեկուսի ջանքերի, այլ մարդկային համընդհանուր հավաքականության մեջ։ Բայց անպայման պիտի հասնի նաև վերջնաժամն այս ահավոր մեկուսացման, և բոլորը միանգամից պիտի հասկանան, թե որքա՜ն անբնականորեն տարանջատվում էին իրարից։ Այդպիսին պիտի լինի այլևս ժամանակի շունչը, և պիտի զարմանան, թե այնքան երկար նստել էին խավարի մեջ ու չէին տեսնում լույսը։ Եվ հայնժամ պիտի երևա հերկինս նշան որդվո մարդո... Բայց մինչ այդ պետք է այնուամենայնիվ պահպանել դրոշը, և եթե ոչինչ էլ չլինի, գոնե այս կամ այն եզակի մարդը պետք է հանկարծ օրինակ ցույց տա՝ հոգին դուրս բերի մեկուսացումից ու մարդկանց միջև եղբայրասիրական հարաբերման սխրանք կատարի, թեկուզ նույնիսկ աստուծո խենթ համարեն իրեն։ Այդպես է պետք, որպեսզի չմեռնի մեծ գաղափարը...»։
Ահա այսպիսի կաթոգին ու բերկրառիթ խոսակցությամբ էին անցնում մեր երեկոներն իրար ետևից։ Ես նույնիսկ դադարեցի հասարակության հետ շփվելուց և շատ հազվադեպ էի հյուր գնում. բացի այդ, սկսում էր անցնել նաև այն զգայացունց նորությունը, որ օրվա հերոս էր դարձրել ինձ։ Այս բանն ասում եմ ոչ իբրև մեղադրանք, որովհետև շարունակում էին սիրել ինձ և զվարթ վերաբերմունք ցուցաբերել. բայց պետք է խոստովանել այնուամենայնիվ, որ նորությունը հիրավի բավական զորեղ մի տիրակալ է հասարակության մեջ։ Վերջապես սկսեցի հիացմունքով նայել իմ խորհրդավոր այցելուին, որովհետև ոչ միայն իմացական վայելք էի ստանում նրա խելքից, այլև նախազգում էի, որ նա միշտ որոշ մտադրություն է փայփայում իր մեջ և պատրաստվում է գուցե մի մեծ սխրանքի։ Թերևս նրան հաճո էր և այն, որ ես արտաքուստ հետաքրքրություն չէի ցուցաբերում նրա գաղտնիքի նկատմամբ, հարցուփորձ չէի անում ոչ ուղղակիորեն, ոչ կողմնակի ակնարկներով։ Բայց վերջապես նկատեցի, որ արդեն ինքը ևս սկսել է կարծես վառվել՝ ինձ մի բան հայտնելու ցանկությամբ։ Համենայն դեպս դա շատ ակներև էր դարձել մոտավորապես մեկ ամիս հետո այն օրից, երբ նա սկսեց այցելել ինձ։ «Գիտե՞ք, որ քաղաքում շատ են հետաքրքրվում մեր երկուսով,— ասաց ինձ մի անգամ,— և զարմանում են, որ ես այսքան հաճախակի գալիս եմ ձեզ մոտ։ Բայց թող զարմանան, որովհետև շուտով ամեն ինչ կպազվի»։ Երբեմն հանկարծ արտակարգ մի հուզմունք էր տիրում նրան, և այդպիսի դեպքերում գրեթե միշտ ելնում ու գնում էր։ Իսկ երբեմն էլ երկար ու թափանցող մի հայացք էր սևեռում ինձ, և ես մտածում էի՝ «Ա՛յ հիմա մի բան կասի», բայց նա հանկարծ շեղում էր հայացքը և սկսում ծանոթ ու սովորական մի բանից խոսել։ Սկսեց նաև հաճախակի գանգատվել գլխացավից։ Եվ ահա մի անգամ, նույնիսկ բոլորովին անսպասելիորեն, տեսա, որ նա, երկար ու հրայրքով խոսելուց հետո, հանկարծ գունատվեց, դեմքն այլայլվեց կատարելապես, իսկ աչքերը խիստ սևեռուն նայում էին ինձ։
— Ի՞նչ պատահեց ձեզ,— ասացի,— գուցե վա՞տ եք զգում։
Իսկ նա հենց նոր գանգատվել էր գլխացավից։
— Ես... գիտե՞ք ինչ... ես... մարդ եմ սպանել։
Ասաց ու ժպտաց, իսկ դեմքը կավճի նման սպիտակ էր։ «Ինչո՞ւ է այդպես ժպտում»,— այս միտքը հանկարծ ծակեց սիրտն իմ, երբ դեռ ոչ մի բան չէի հասկացել։ Ես ինքս գունատվեցի։
— Ի՞նչ եք ասում,— գոռացի։
― Տեսնո՞ւմ եք,— պատասխանեց նույն գունատ ժպիտով,― որքան թանկ նստեց ինձ առաջին խոսքն ասելը։ Հիմա ասել եմ արդեն և, կարծում եմ, դա սկիզբն էր ճանապարհի։ Կընթանամ, այս ուղիով։
Երկար ժամանակ չէի հավատում նրան, և մեկ անգամից չէ, որ հավատացի, այլ միայն այն բանից հետո, երբ երեք օր շարունակ եկավ ինձ մոտ և ամեն ինչ պատմեց մանրամասնորեն։ Խելագար էի համարում նրան, բայց վերջ ի վերջո համոզվեցի ասածին հայտնապես՝ մեծագույն վիշտ ու զարմանք ապրելով։ Նա մի մեծ ու սարսափելի ոճիր էր գործել. տասնչորս տարի առաջ սպանել էր մի հարուստ, երիտասարդ ու գեղեցիկ տիկնոջ, որ այրի կալվածատիրուհի է եղել և մեր քաղաքում էլ սեփական տուն է ունեցել։ Մեծ սեր զգալով տիկնոջ նկատմամբ, բացատրում է իր սերը և սկսում համոզել նրան, որ ամուսնանա իր հետ։ Բայց այրի տիկինն արդեն իր սիրտը տվել էր ուրիշին՝ ազնվատոհմ ու բարձրաստիճան մի զինվորականի, որ այդ ժամանակ ռազմի դաշտում էր գտնվում, և որի մոտալուտ վերադարձին էր սպասում տիկինը։ Ուստի մերժում է առաջարկը և խնդրում, որ նա չայցելի իրեն։ Ու նա դադարում է այցելել, բայց, տեղյակ լինելով տիկնոջ տան ներքին դասավորութլան, մի գիշեր այգու կողմի տանիքից գաղտագողի մտնում է սիրեցյալ կնոջ մոտ՝ մեծագույն հանդգնությամբ դիմագրավելով հայտնաբերվելու վտանգը։ Սակայն, ինչպես պատահում է շատ հաճախ, արտասովոր հանդգնությամբ կատարված ոճիրներն ավելի հաջող ելք են ունենում։ Լուսանցույցից մտնելով տան ձեղնահարկը, այնտեղից էլ սանդուղքով իջնում է ներքև՝ բնակելի սենյակները, գիտենալով, որ սանդուղքի ստորոտին գտնվող դուռը երբեմն կողպված չէր լինում՝ ծառաների անփութության պատճառով։ Այս դեպքում ևս այդ անփութության վրա է դնում հույսը, ճիշտ այդպես էլ պատահում է։ Մուտք գործելով բնակելի հարկաբաժինը, մթան մեջ գտնում է տիկնոջ ննջասենյակը, ուր կանթեղ էր վառվում։ Եվ կարծես դիտմամբ՝ տիկնոջ երկու աղախիններն առանց իրավունք առնելու գնացել էին դրկից տունը, նույն փողոցի վրա՝ անվանակոչության խնջույքի։ Իսկ մնացլալ ծառաներն ու սպասուհիները քնել էին ներքնահարակում՝ ծառայանոցում ու խոհանոցում։ Երբ տեսնում է քնած կնոջ, կիրքն է բոցավառվում նրա մեջ, իսկ ապա վրեժխնդիր խանդի զայրույթն է բորբոքում հոգին նրա, ու խելակորույս, հարբածի նման մոտենում է և դանակը խրում ուղղակի կնոջ սիրտը, այնպես որ զոհը ճիչ անգամ չի արձակում։ Հետո դժոխային և ամենաոճրական հաշվենկատությամբ սարքում է այնպես, որ ծառաների վրա ընկնի կասկածը. առանց խորշելու առնում է դրամապանակը նրա, բարձի տակից հանում է բանալիները և բացում զարդասեղանը, մի քանի իր վերցնում այնտեղից, ճիշտ այնպես, ինչպես կաներ տգետ ծառան, այսինքն արժեթղթերը թողնում է և միայն փողերն է առնում, առնում է մի քանի խոշոր ոսկյա իրեր, իսկ փոքր, բայց տասնապատիկ ավելի թանկարժեք բաներին ուշադրություն չի դարձնում։ Բան ինչ վերցնում է նաև որպես հիշատակ, սակայն այդ մասին՝ հետո։ Կատարելով սույն զարհուրելի արարքը, նույն ճանապարհով դուրս է գնում։
Ոչ հաջորդ օրը, երբ տագնապ է հարուցվում, ոչ էլ հետագայում որևէ ժամանակ` ոչ ոքի մտքով անգամ չի անցնում, ոչ ոք չի կասկածում, թե նա է բուն չարագործը։ Ու հիրավի, ոչ ոք չգիտեր նրա սիրո մասին, վասնզի միշտ լռակյաց ու ինքնամփոփ է եղել բնավորությամբ ու չի ունեցել նաև մի բարեկամ, որին իր սիրտը բացած լիներ։ Սպանված տիկնոջ ծանոթն էին համարում նրան պարզապես, ու նույնիսկ ոչ այնքան մոտիկ ծանոթը, որովհետև վերջին երկու շաբաթվա ընթացքում չէր այցելում տիկնոջ տունը։ Անմիջապես կասկածում են Պյոտր անունով մի ճորտ ծառայի, և բոլոր հանգամանքները ճիշտ այնպես են զուգադիպում, որ հաստատվում է կասկածն այդ, քանի որ ծառան գիտեր, թե իր տիրուհին մտադիր է զինվոր ուղարկել իրեն՝ ի հաշիվ տիրապատկան գյուղացիներից պահանջվող նորակոչիկի, և հանգուցյալը չէր թաքցնում իր մտադրությունը, նկատի ունենալով, որ Պյոտրը միայնակ մարդ է ու նաև վատ վարքի տեր։ Լսել էին, թե ինչպես նա գինետանը, հարբած վիճակում, զայրալից սպառնացել էր սպանել իր տիրուհուն։ Տիկնոջ մահից երկու օր առաջ նա փախել էր և ապրում էր քաղաքում՝ հայտնի չէ որտեղ։ Իսկ սպանության հաջորդ օրը նրան գտնում են քաղաքից դուրս տանող ճանապարհի վրա՝ սաստիկ հարբած, գրպանում՝ դանակ, ու դեռ ավելին՝ աջ ձեռքի ափն էլ չգիտես ինչու արյունոտ։ Պնդում է, թե քթից է արյուն եկել, բայց չեն հավատում նրան։ Իսկ աղախինները խոստովանում են, որ իրենք խնջույքի էին գնացել, և թե շքամուտքի դուռը կողպված չի եղել մինչև իրենց վերադարձը։ Եվ ուրիշ բազմաթիվ նման նշաններ են երևան գալիս, հաստատելով անմեղ ծառայի վրա ընկնող կասկածը։ Ձերբակալում են նրան և սկսում դատավարությունը, բայց ձերբակալությունից մեկ շաբաթ հետո ջերմախտով է բռնվում նա և հիվանդանոցում մահանում է ուշակորույս։ Ու գործն ավարտում են այդպիսով, թողնում աստուծո կամքին, և բոլորը՝ թե՛ դատավորները, թեշ իշխանությունը, թե՛ ամբողջ հասարակությունը մնում են այն համոզման, թե ոճիրը գործել է ոչ այլ ոք, քան այդ մահացած ծառան։ Իսկ այնուհետև սկսվում է պատիժը։
Խորհրդավոր իմ հյուրը, իսկ այժմ արդեն բարեկամն իմ, պատմեց, թե սկզբում նույնիսկ բոլորովին չէր տանջվում խղճի խայթից։ Տառապում էր երկար ժամանակ, բայց ոչ թե դրանից, այլ պարզապես մորմոքելով, որ սպանեց սիրեցյալ կնոջ, որ չկա այլևս կինն այդ, և որ, սպանելով նրան, սերն իր սպանեց, մինչդեռ իր արյան մեջ մնում էր տակավին հուրը տենչանքի։ Սակայն թափված անմեղ արյան մասին, մարդ սպանած լինելու մասին հազիվ թե մտածում էր այն ժամանակ։ Անտանելի էր թվում այն միտքը, թե զոհը կարող էր ուրիշի կինը դառնալ, ուստի երկար ժամանակ համոզված էր խղճի մտոք, թե այլ կերպ չէր կարող վարվել։ Սկզբում նրան որոշ չափով տանջում էր ձերբակալությունը ծառայի, սակայն բանտարկյալի վերահաս հիվանդությունը և ապա մահը հանգստացնում են նրան, որովհետև, ամենայն հավանականությամբ (այդպես էր դատում նա այն ժամանակ), ծառան մահացել էր ոչ թե ձերբակալության կամ վախի հետևանքով, այլ պաղառության, որ ձեռք էր բերել փախուստի օրերին, երբ ամբողջ գիշերը, սաստիկ հարբած, թավալվում էր խոնավ գետնի վրա։ Իսկ գողացյալ իրերն ու դրամը սակավ էին խռովում նրան, որովհետև (դատում էր նմանապես) գողությունը կատարված է ոչ թե շահատենչությամբ, այլ կասկածներն ուրիշ կողմ շեղելու համար։ Աննշան մի գումար էր կազմում գոզացյալը, և շուտով այդ գումարն ամբողջությամբ, նույնիսկ շատ ավելին, նվիրաբերում է մեր քաղաքում հաստատված անկելանոցին։ Դիտմամբ է անում այդ՝ հանգստացնելու համար իր խիղճը գողության վերաբերյալ, և ուշագրավ է այն, որ իսկապես խաղաղվում է մի որոշ ու նույնիսկ երկար ժամանակ. այս բանը ինքն է ասել ինձ։ Այնուհետև՝ նվիրվում է պաշտոնեական բուռն գործունեության, կամավորաբար ստանձնում է դժվարին ու հոգսաշատ մի հանձնարարություն, որ երկու տարի զբաղեցնում է նրան, և ուժեղ նկարագրի տեր լինելով՝ գրեթե մոռանում է կատարվածը. իսկ երբ հիշում է մերթ ընդ մերթ, աշխատում է բնավ չմտածել այդ մասին։ Նվիրվում է նաև բարեգործության, բազում հաստատություններ հիմնադրում և բազում նվիրատվություններ է անում մեր քաղաքում, երկու մայրաքաղաքներում ևս անում է նման գործեր, Մոսկվայում և Պետերբուրգում ընտրվում է տեղական բարեգործական ընկերությունների անդամ։ Բայց ի վերջո սկսում է այնուամենայնիվ մտատանջվել, և իր ուժերից վեր է լինում տանջանքն այդ։ Նույն միջոցին համակրում է մի գեղեցիկ ու խելամիտ օրիորդի և շուտով ամուսնանում նրա հետ, հուսալով, որ ամուսնությամբ կփարատի տրտմությունն իր ներանձնական, իսկ մի նոր կյանք սկսելով ու եռանդագին կատարելով իր պարտքը կնոջ ու զավակների նկատմամբ՝ բոլորովին կթոթափի հիշատակներն իր անցյալի։ Բայց տեղի է ունենում ճիշտ հակառակն այդ ակնկալության։ Ամուսնության դեռ առաջին ամսին մի անդադրում միտք սկսում է խռովել նրան. «Ահա կինս սիրում է ինձ, բայց եթե հանկարծ իմանա՞ր»։ Երբ կինը հղանում է իր առաջին երեխան և հայտնում այդ մասին, նա տագնապում է հանկարծ, «Կյանք եմ տալիս, բայց ինքս եմ կյանք խլել»։ Երեխաներ են աշխարհ գալիս. «Ինչպե՞ս հանդգնեմ սիրել, ուսուցանել ու դաստիարակել նրանց, ինչպե՞ս նրանց հետ խոսեմ առաքինության մասին. արյուն եմ թափել»։ Սքանչելի զավակներ են դառնում, ուզում է գգվել նրանց, «Բայց ես չեմ կարող նայել նրանց անմեղ, պայծառ դեմքերին, անարժան եմ դրան»։ Վերջապես ահեղ ու դառնագին հաճախանքով սկսում է հալածել նրան սպանված զոհի արյունը, երիտասարդ ու խորտակված կյանքը նրա, հատուցում աղաղակող արյունը նրա։ Սկսում է սարսափելի երագներ տեսնել։ Բայց հոգեպես տոկուն մարդ լինելով, երկար ժամանակ դիմանում է տանջանքին, «Ամեն ինչ կքավեմ այս իմ թաքուն տառապանքով»։ Բայց ունայն էր այդ հույսը ևս. հետզհետե ավելի ուժգին է դառնում տառապանքը։ Հասարակության մեջ սկսում են հարգել նրան իր կատարած բարեգործությունների համար, թեև բոլորը վախենում են նրա խիստ ու մռայլ բնավորությունից, սակայն որքան ավելի են հարգում, այնքան ավելի անտանելի է դառնում վիճակը նրա։ Խոստովանեց ինձ, որ մտածել է անձնասպան լինել։ Բայց դրա փոխարեն մի այլ ցանկություն սկսում է հաճախել նրան, մի ցանկություն, որ սկզբում անկարելի ու ցնորական էր համարում, բայց որ ի վերջո այնպիսի արմատներ է արձակում նրա սրտի մեջ, որ անհնարին էր պոկել։ Երազում էր այսպես. վեր կենալ, կանգնել բազմության առաջ ու հայտարարել բոլորին, որ ինքը մարդ է սպանել։ Երեք տարի անձնատուր է լինում այդ երազին, որ այլազան ձևերով հաճախում էր նրան շարունակ։ Վերջապես սկսում է հաստատորեն հավատալ ամբողջ սրտով, որ եթե հրապարակով հայտնի իր կատարած ոճիրը, անպայմանորեն կբուժի իր հոգին և կխաղաղվի առընդմիշտ։ Սակայն այդպես հավատալուց հետո սարսափով է լցվում սիրտը, որովհետև ինչպե՞ս կարող էր իրագործել։ Եվ ահա հանկարծ՝ իմ մենամարտի այդ դեպքը։
— Հետևելով ձեզ, տվեցի այժմ որոշումս։
Ես նայեցի նրան։
— Բայց մի՞թե,— բացականչեցի ձեռքերս զարկելով իրար,— այսպիսի փոքր դեպքը կարող էր նման մի վճռականության ծնունդ տալ ձեր մեջ։
— Երեք տարի է, ինչ ծնվում էր իմ վճռականությունը,— պատասխանեց,— իսկ ձեր դեպքը մղիչ ուժ եղավ միայն։ Ձեզ նայելով, հանդիմանեցի ինքս ինձ ու նախանձեցի ձեզ,— ասաց նա նույնիսկ խստությամբ։
— Բայց ձեզ չեն էլ հավատա,— նկատեցի ես,— տասնչորս տարի է անցել։
— Ապացույցներ ունեմ, մեծ ապացույցներ։ Կներկայացնեմ։
Ու ես արտասվեցի հայնժամ, համբուրեցի նրան։
— Մի հարց կա, մի հարց, ա՛յդ լուծեցեք,— ասաց նա ինձ (կարծես թե ամեն ինչ ինձնից էր կախված այլևս),-— կի՜նս, զավակնե՜րս։ Կինս կարող է մեռնել վշտից, իսկ զավակներս թեև չեն կորցնի ազնվականության կոչումն ու կալվածները, բայց կալանավորի զավակներ կդառնան, և ընդմիշտ։ Իսկ իմ մասին ի՞նչ հիշատակ եմ թողնելու նրանց սրտերում, ի՜նչ հիշատակ։
Ես լուռ էի մնում։
— Եվ բաժանվե՞լ նրանցից, թողնե՞լ նրանց ընդմիշտ։ Այո, ընդմիշտ, ընդմի՜շտ։
Լուռ նստած՝ աղոթք էի մրմնջում։ Վեր կացա ի վերջո, սարսափ պատեց ինձ։
— Ի՞նչ անեմ ուրեմն։
Նա ինձ էր նայում։
— Գնացեք,— ասացի,— խոստօվանեցեք մարդկանց։ Ամեն ինչ կանցնի, ճշմարտությունը միայն կմնա։ Երեխաները մեծանալուց հետո կհասկանան, թե որքան վեհանձնություն կար ձեր այս վսեմ արարքի մեջ։
Այդ օրը նա կարծես իրոք վճռականությամբ լի հեռացավ ինձնից։ Բայց և այնպես, ավելի քան երկու շաբաթ գալիս էր ինձ մոտ այնուհետև, ամեն իրիկուն, պատրաստվում էր շարունակ, չէր կարողանում վճռել տակավին։ Տանջեց նա սիրտն իմ։ Մերթ գալիս էր հաստատակամ և ասում էր խանդաղատալից.
— Գիտեմ, որ դրախտն է բացվելու ինձ համար, իսկույն բացվելու է դրախտը, երբ խոստովանեմ հրապարակով։ Տասնչորս տարի դժոխքի մեջ էի։ Չարչարվել եմ ուզում։ Կընդունեմ չարչարանքն իմ ուսերին և կսկսեմ ապրել։ Անիրավութլամբ կարող ես աշխարհն անցնել, բայց ետ դառնալ չես կարող։ Այժմ ոչ միայն իմ մերձավորին, այլև իմ զավակներին սիրել չեմ համարձակվում։ Աստվա՜ծ իմ, թերևս իրոք հասկանան զավակներս, թե ի՛նչ արժեց ինձ չարչարանքն իմ, ու չդատապարտե՜ն ինձ։ Աստված ոչ թե ուժի, այլ ճշմարտության մեջ է։
— Բոլորը կհասկանան սխրագործությունը ձեր,— ասում էի նրան,— եթե ոչ անմիջապես, գեթ հետագայում կհասկանան, որովհետև ճշմարտության ծառայած պիտի լինեք, գերագույն, աներկրային ճշմարտության...
Եվ գնում էր կարծես մխիթարված, սակայն հաջորդ օրը հանկարծ գալիս էր նորից՝ չարացած, գունատ, և ասում էր հեգնանքով.
— Ամեն անգամ որ գալիս եմ ձեզ մոտ, այնպիսի մի հետաքրքրությամբ եք նայում ինձ, ալսինքն թե՝ «Ինչ է, դեռ չե՞ս խոստովանել»։ Սպասեցեք, շատ մի արհամարհեք։ Այնքան էլ հեշտ բան չէ այդ անելը, որքան կարծում եք։ Գուցե և բնավ չանեմ։ Այդ դեպքում չե՞ք գնա ինձ մատնելու, հա՞։
Իսկ ես ոչ միայն չէի նայում նրան անխոհեմ հետաքրքրությամբ, այլև երբեմն վախենում էի նույնիսկ հայացքս բարձրացնել նրա վրա։ Տանջվել էի հիվանդ զգալու չափ, և հոգիս լի էր արտասուքով։ Մինչև իսկ քունս կորցրի գիշերային։
— Հիմա կնոջս մոտից եմ գալիս,— շարունակեց նա։— Հասկանո՞ւմ եք արդյոք, թե ինչ բան է մարդուս կինը։ Երբ դուրս էի գալիս, երեխաները գոռացին իմ ետևից. «Ցտեսությո՜ւն, հայրիկ, շուտ եկեք, որ «հանդես մանկականը» կարդանք միասին»։ Ո՜չ, դուք չե՛ք հասկանում այս բանը։ Ուրիշի ցավից մարդու խելքը չի շատանա։
Աչքերը փայլատակում էին, շրթունքները դողդողում։ Հանկարծ բռունցքով հարվածեց սեղանին, այնպես որ իրերը սեղանից վեր թռան. այնքա՜ն հեզահամբույր մարդ՝ առաջին անգամն էր, որ նման բան էր անում։
— Բայց պե՞տք է որ,— բացականչեց,— կարիք կա՞ որ։ Չէ որ ոչ ոք չի դատապարտվել, ոչ ոքի տաժանավայր չեն աքսորել իմ երեսից, ծառան հիվանդությունից մեռավ։ Իսկ հեղված արյան համար ես պատժվել եմ իմ տանջանքներով։ Ու չեն էլ հավատա ինձ ամենևին, իմ ոչ մի ապացույցին չեն հավատա։ Ի՞նչ կարիք կա խոստովանելու, ի՞նչ կարիք կա։ Թափված արյան համար պատրաստ եմ դեռ իմ ամբողջ կյանքում տառապելու, միայն թե հարված չհասցնեմ իմ կնոջն ու երեխաներին։ Արդա՞ր կլինի արդյոք կործանել նրանց ինձ հետ։ Չե՞նք սխալվում արդյոք։ Ո՞րն է ճշմարտությունը այստեղ։ Եվ մարդիկ կհասկանա՞ն արդյոք այդ ճշմարտությունը, կգնահատե՞ն, կհարգե՞ն արդյոք։
«Աստվա՜ծ իմ,— ասացի իմ մտքում,— մարդկանց հարգանքի մասին է մտածում այսպիսի րոպեին»։ Եվ այնքան խղճացի նրան այդ պահին, որ կարծես ինքս պատրաստ էի բախտակից լինելու նրան, միայն թե թեթևացնեի վիճակը։ Տեսնում էի՝ մոլեգնահար էր կարծես։ Սոսկում զգացի, երբ արդեն ոչ միայն մտքով, այլև հոգվույս կենդանի էությամբ հասկացա, թե ինչ արժեր այդպիսի վճիռ ընդունելը։
— Դե՜հ, վճռեցե՛ք իմ ճակատագիրը,— բացականչեց նա կրկին։
— Գնացե՛ք ու խոստովանեցե՛ք,— շշնջացի ես նրան։ Ձայնս կարվում էր, բայց շշնջացի հաստատակամորեն։ Ու վերցրի սեղանից նոր կտակարանը, ռսւսերեն աշխարհաբար թարգմանությամբ, ցույց տվեցի նրան ավետարանն ըստ Հովհաննու գլ. ԺԲ, հմր. 24.
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը երկիր ընկնելով չմեռնի, ինքը միայն կմնա. իսկ եթե մեռնի, բազում արդյունք կբերի»։ Դեռ նոր, նրա գալուց առաջ ընթերցել էի այդ համարը։
Կարդաց նա։
— Ճիշտ է,— ասաց, բայց ժպտաց դառնագին։— Այո, սոսկում տվող բաների ես հանդիպում այս գրքերի մեջ,— ասաց մի փոքր լռելուց հետո։— Բայց հեշտ է մարդու աչքը կոխել սրանք։ Եվ ո՞վ է գրել այս բաները, միթե մարդի՞կ։
— Սուրբ ոգին է գրել,— ասացի։
— Ձեզ համար հեշտ է շաղակրատելը,— ժպտաց նա նորից, բայց արդեն ատելությամբ համարյա։
Ես նորից վերցրի գիրքր, մի ուրիշ տեղ բացեցի և ցույց տվեցի նրան թուղթն «Առ եբրայեցիս», գլ. Ժ, հմր. 31։ Կարդաց.
«Սարսափելի է ընկնել կենդանի աստուծո ձեռքը»։
Կարդաց և ուղղակի դեն նետեց գիրքը։ Նույնիսկ սարսռաց ամբողջ մարմնով։
— Ահավոր բան է,— ասաց,— խոսք չկա, տեղին ընտրեցիք։— Վերկացավ աթոռից։— Դե՜հ,— ասաց,— ցտեսություն, գուցե չգամ այլևս... դրախտում կտեսնվենք։ Ուրեմն արդեն տասնչորս տարի է, ինչ «ընկել եմ կենդանի աստուծո ձեռքը», ահա թե ինչպես է կոչվում ուրեմն այդ տասնչորս տարին։ Վաղը կաղաչեմ այդ ձեռքին, որ ինձ ազատ արձակի...
Ուզում էի գրկել ու համբուրել նրան, բայց չհամարձակվեցի. այլայլված էր դեմքը, ծանր էր հայացքը։ Գնաց։ «Տե՜ր աստված,— մտածեցի,— ինչպիսի՜ փորձության է գնում մարդը»։ Ծնրադրեցի իսկույն սրբապատկերի առաջ և արտասվեցի նրա համար, աղաչելով ամենասուրբ աստվածածնին անմիջահաս բարեխոսին և օգնականին մեր։ Կես ժամ էր՝ աղոթքի էի կանգնել արտասվալից, և արդեն ուշ գիշեր էր, տասներկուքի մոտ։ Հանկարծ, տեսնում եմ, դուռը բացվեց ու նա կրկին ներս մտավ։ Ապշեցի։
— Ո՞ւր էիք գնացել,— հարցրի։
— Կարծեմ մի բան... մի բան եմ մոռացել,— ասաց,— կարծեմ թաշկինակս... է՜հ, թեկուզ ոչինչ չեմ մոռացել, թողե՛ք նստեմ մի քիչ...
Նստեց աթոռին։ Ես գլխին կանգնած մնացի։
— Դուք էլ նստեցեք,— ասաց։
Նստեցի։ Մոտ երկու րոպե նստած մնացինք, նա սևեռուն նայում էր ինձ և հանկարծ ժպտաց, հիշեցի ժպիտն այդ։ Ապա վերկացավ, գրկեց ինձ ուժգին և համբուրեց...
— Հիշի՛ր,— ասաց,— հիշի՛ր այս իմ երկրորդ անգամ գալը՝ քեզ մոտ։ Լսո՞ւմ ես, հիշի՜ր այս պահը։
Առաջին անգամն էր, որ ինձ «դու» ասաց։ Ու գնաց։ «Վաղը»,— մտածեցի ես։
Եվ այդպես էլ եղավ։ Ու ես չգիտեի այդ իրիկուն, որ հաջորդ օրը ծննդյան օրն էր նրա։ Վերջին օրերը տնից դուրս չէի եկել, ուստի և առիթ չէի ունեցել որևէ մեկից իմանալու այդ մասին։ Իսկ ամեն տարի այդ օրը մեծ ընդունելություն էր կատարվում նրա տանը, ամբողջ քաղաքն էր հավաքվում։ Այդ անգամ ևս հավաքվել էին։ Եվ ահա, ճաշկերույթից հետո, նա ելնում ու կանգնում է հյուրասրահի մեջտեղը, մի թուղթ ձեռքին՝ կատարյալ մի զեկուցագիր, իր պաշտոնապետին ուղղված։ Ու քանի որ պաշտոնապետն անձամբ ներկա էր երեկույթին, նրա և բոլորի առաջ բարձրաձայն կարդում է թուղթն այդ, ուր լիովին նկարագրված էր ամբողջ ոճրագործությունը՝ բոլոր մանրամասներով։ «Որպես ճիվաղի՝ արտաքսում եմ ինքս ինձ մարդկանց միջավայրից, աստված ինձ այցելեց,— ավարտում է նա թուղթը,— տառապել եմ ուզում»։։ Ապա իսկույն հանում ու սեղանի վրա է դնում բոլոր այն իրերը, որ պահել էր տասնչորս տարի, և որոնք, իր կարծիքով, պիտի իր գործած ոճիրն ապացուցեին— սպանված կնոջ ոսկեղեն զարդերը, որ գողացել էր՝ կասկածն իր անձից հեռացնելու մտքով, նրա վզից հանած մեդալիոնն ու խաչը, ընդ որում մեդալիոնի մեջ նրա փեսացուի դիմանկարը կար, նրա ծոցատետրը և վերջապես երկու նամակ, մեկը փեսացուի նամակն էր, որով վերջինս հայտնում էր իր մոտալուտ գալստյան մասին, իսկ մյուսն այդ նամակի պատասխանն էր, որ կինն սկսել էր գրել ու չէր ավարտել, թողել էր սեղանի վրա, որպեսզի հաջորդ օրն ուղարկի փոստատուն։ Այդ երկու նամակները վերցրել ու տարել էր իր հետ, ինչո՞ւ։ Ինչո՞ւ պահել էր դրանք տասնչորս տարի, փոխանակ ոչնչացնելու որպես հանցանշաններ։ Արդ ուրեմն, ահա թե ինչ է տեղի ունեցել, զարմանք ու սարսափ է պատել բոլորին, ոչ ոք չի ուզեցել հավատալ, ու թեև բոլորը լսել են ծայրահեղ հետաքրքրությամբ, բայց որպես հիվանդ մարդու զառանցանք, իսկ մի քանի օր հետո բոլոր տներում արդեն վերջնականապես որոշեցին ու վճռեցին, թե խելագարվել է դժբախտ մարդը։ Իշխանություններն ու դատարանը չէին կարող ընթացք չտալ գործին, բայց նրանք ևս սկսեցին ու կես թողեցին. թեև ներկայացված իրերն ու նամակները ստիպում էին մտածել, բայց այստեղ նույնպես եկան այն որոշման, որ եթե նույնիսկ պարզվեր իսկությունն այդ փաստանշանների, այնուամենայնիվ չէր կարելի վճռականորեն մեղադրանք առաջադրել լոկ այդ փաստանշանների հիման վրա։ Եվ վերջապես նա կարող էր բոլոր իրերը նախօրոք ստացած լինել հանգուցյալից, որպես ծանոթ ու վստահյալ անձ։ Հետագայում սակայն լսեցի, թե իրերի վավերականությունն ստուգել են սպանյալի բազմաթիվ ծանոթների ու հարազատների միջոցով, և թե տարակույս չի եղել այլևս այդ մասին։ Բայց այդ գործին դարձյալ վիճակված էր անավարտ մնալ։ Հինգ օր հետո բոլորն իմացան, որ տառապյալը հիվանդացել է և երկյուղ են կրում նրա կյանքի համար։ Ի՞նչ էր նրա հիվանդությունը՝ բացատրել չեմ կարող, ասում էին, թե սրտի բաբախյունն է խանգարվել, բայց հայտնի դարձավ, որ բժշկական խորհուրդը, նրա կնոջ պնդմամբ, հավաստագրել է նաև հոգեկան վիճակը և եզրակացրել, թե խելագարությունն առկա է արդեն։ Ես ոչինչ չհայտնեցի, թեպետ ամեն կողմից հարցուփորձ էին անում, բայց երբ ցանկացա այցելել նրան, երկար ժամանակ մերժում էին ինձ, մանավանդ նրա կինը։ «Դո՛ւք եք նրա հիվանդության պատճառը,— ասաց ինձ,- առաջ էլ մռայլ էր, իսկ վերջին տարին բոլորն էլ նկատում էին, որ արտասովոր հուզմունքի մեջ է և տարօրինակ բաներ է անում, մեկ էլ ահա դուք խորտակեցիք նրան, դուք էիք քարոզներ կարդում գլխին, մի ամբողջ ամիս ձեր տնից դուրս չէր գալիս»։ Եվ ի՞նչ, ոչ միայն նրա կինը, այլև ամբողջ քաղաքը թափվեց իմ գլխին և ինձ մեղադրեցին. «Ձեր երեսից է ամեն ինչ»,— ասում էին։ Ես լուռ էի մնում, և ուրախ էր սիրտն իմ արդարև, վասնզի տեսա աներկբայելի ողորմածությունն աստուծո՝ ինքն իր դեմ ելած և ինքն իրեն պատժած մարդու նկատմամբ։ Իսկ նրա խելագարությանը չէի կարող հավատալ անշուշտ։ Վերջապես ինձ ևս թույլատրեցին այցելել նրան, ինքն էր անպայմանորեն պահանջել այդ, որպեսզի հրաժեշտ տա ինձ։ Ներս մտա ու տեսա արդարև, որ հաշվված էին ոչ միայն օրերը, այլև ժամերը նրա։ Տկար էր, դեղնած, դողում էին ձեռքերը, շնչահեղձ էր լինում, բայց հայացքը գորովալից էր և ուրախ։
— Կատարվե՜ց,— ասաց նա ինձ,— վաղուց ծարավի եմ քեզ տեսնելու, ինչո՞ւ չէիր գալիս։
Ես չհայտնեցի նրան, թե ինձ թույլ չէին տալիս այցելել իրեն։
— Աստված գթաց ինձ և կանչում է իր մոտ։ Գիտեմ, որ մահանում եմ, բայց ուրախություն եմ զգում և խաղաղություն՝ առաջին անգամ այնքան տարիներից հետո։ Երբ կատարեցի այն, ինչ հարկավոր էր, իսկույն ևեթ դրախտն զգացի իմ հոգում։ Այժմ արդեն համարձակվում եմ սիրել իմ զավակներին և համբուրել նրանց։ Չեն հավատում ինձ. ոչ ոք չհավատաց, ոչ կինս, ոչ դատավորները։ Եվ զավակներս էլ երբեք չեն հավատա։ Դրա մեջ աստուծո ոզորմությունն եմ տեսնում իմ զավակների նկատմամբ։ Կմեռնեմ, և անունն իմ անբիծ կմնա նրանց համար։ Իսկ այժմ նախազգում եմ մերձավորությունն աստուծո, հրճվում է սիրտն իմ՝ ասես դրախտի մեջ... պարտականությունն իմ կատարեցի...
Չէր կարողանում խոսել, շունչը կտրվում էր, ջերմորեն սեղմում էր ձեռքս, կաթոգին նայում էր ինձ։ Սակայն երկար չխոսեցինք, կինն անընդհատ գալիս էր ու աչքը մեր վրա պահում։ Բայց և այնպես նա առիթ գտավ շշնջալու ինձ.
— Իսկ հիշո՞ւմ ես, թե ինչպես այն օրը երկրորդ անգամ եկա քեզ մոտ, կեսգիշերին։ Ու դեռ պատվիրեցի էլ, որ միտքդ պահես։ Գիտե՞ս ինչու էի եկել։ Եկել էի քեզ սպանելու։
Ուղղակի ցնցվեցի,
— Դուրս ելա քո տնից ու խավարի մեջ թափառեցի փողոցներով, պայքարելով ինքս իմ դեմ։ Եվ հանկարծ ատեցի քեզ այն աստիճան, որ սիրտս հազիվ դիմացավ։ «Հիմա նա միակն է, որ կապել է իմ հոգին,— մտածեցի,— և դատավորն է իմ, չեմ կարող արդեն հրաժարվել վաղվա իմ պատժից, որովհետև նա ամեն ինչ գիտե»։ Եվ ոչ թե վախենում էի, որ կմատնես ինձ (մտքովս իսկ չէր անցնում այդ բանը), այլ մտածում էի. «Ինչպես պետք է նայեմ նրա երեսին, եթե չխոստովանեմ հանցանքս»։ Ու թեկուզ դու աշխարհի մյուս ծայրին լինեիր, բայց կենդանի, միևնույն է՝ անտանելի էր այն միտքը, որ դու ապրում ես, ամեն ինչ գիտես ու մեղադրում ես ինձ։ Ատեցի քեզ, որպես թե դու լինեիր պատճառն ամեն ինչի, դու լինեիր մեղավոր ամեն ինչի համար։ Ու վերադարձա քեզ մոտ այնժամ, հիշում էի, թե քո սեղանի վրա դաշույն կար։ Նստեցի ու խնդրեցի, որ դու ևս նստես, ու մտածեցի մի ամբոզջ րոպե։ եթե սպանեի քեզ, միևնույն է՝ կկործանվեի ա՛յդ սպանության հետևանքով, թեկուզ և խոստովանած չլինեի նախորդ ոճիրը։ Բայց այդ մասին բնավ չէի մտածում և չէի էլ ուզում մտածել այդ պահին։ Քե՛զ էի ատում միայն և ամբողջ էությամբ ուզում էի վրեժս լուծել քեզնից՝ ամեն ինչի համար։ Բայց տերն իմ աստված հաղթեց իմ սրտում սատանային։ Իմացիր սակայն, որ դու երբեք այնքան մոտ չէիր եղել մահվան։
Մի շաբաթ հետո նա մեռավ։ Ամբողջ քաղաքը մինչև գերեզման հուղարկավորեց ննջեցյալին։ Ավագերեցը սրտառուչ ճառ արտասանեց։ Ողբում էին այն սոսկալի հիվանդության համար, որ ընդհատեց կյանքի օրերը նրա։ Բայց նրան թաղելուց հետո ամբողջ քաղաքն ընդվզեց իմ դեմ, նույնիսկ դադարեցին ինձ հյուր ընդունել։ Ճիշտ է, ոմանք, սկզբում սակավաթիվ, բայց հետո ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, սկսեցին հավատալ, որ ճշմարիտ է խոստովանությունը նրա, և սկսեցին խիստ հաճախակի այցելել ինձ, հարցուփորձ անել մեծ հետաքրքրությամբ ու խնդությամբ, քանզի մարդիկ սիրում են տեսնել անկումն ու նշավակությունն արդարակյաց մարդու։ Բայց ես լուռ մնացի և շուտով հեռացա քաղաքից առընդմիշտ, իսկ հինգ ամիս հետո, շնորհոք տյառն աստուծո, կանգնեցի հաստատուն ու բարեզարդ ուղու վրա, օրհնելով մատն աներևույթ, որ այնքան հստակորեն ցույց տվեց ինձ այս ուղին։ Իսկ աստուծո բազմաչարչար ծառա Միխայիլին օր ավուր հիշատակում եմ իմ աղոթքներում մինչև այսօր։
=== III: Ծաղկաքաղ՝ սրբահայր Զոսիմայի զրուցատրություններից ու հորդորներից ===