-Բայց ինչպե՞ս է նա կարողացել ձեռքերն ազատել,- հարցրեց Ջիմլին:
-Ինչը չգիտեմ չեմ կարող ասել,- պատասխանեց Արագորնը: -Չգիտեմ նաև այն, թե ինչու է օրքը նրան քարշ տվել այստեղ, հաստատ ոչ փրկելու նպատակով: Այնուամենայնիվ ամեն ինչ քիչ-քիչ բացահայտվում է: Ես վաղուց եմ ինքս ինձ հարց տալիս, թե ինչու օրքերը Բորոմիրին սպանելուց հետո Մերիին ու փինին ձեռք չեն տվել: Եվ հետո նրանք հանգիստ կարող էին հարձակվել մեր ճամբարի վրա, բայց նախնտրել են արագ հեռանալ: Գուցե նրանք որոշել են, որ գերեվարել են մատանու պահապանին և նրա ծառայի՞ն: Չնայած դժվար... դժվար թե տերերը այդպիսի կարևոր գաղտնիքը վստահեին նրանց: Օրքերը հուսալի արարածներ չեն: Կարծում եմ նրանց ուղղակի հրամայված է եղել ամեն գնով գերեվարել հոբիթներին և հասցնել տեղ կենդանի վիճակում: Դե, իսկ օրքերից մեկը որոշել է մարտից առաջ ծլկել թանկարժեք ավարի հետ միասին: Դավաճանության հոտ է գալիս, բայց դա նրանց արյան մեջ է, զարմանալու ոչինչ չկա: Հավանաբար ինչ որ մի հանդուգն օրք որոշել է միայնակ տիրել խոստացված պարգևներին, կամ գուցե այլ պլաններ է ունեցել...Ես այդպես եմ կարծում: Իհարկե կարելի է և այլ կերպ մեկնաբանել, բայց միևնույնն է մի բան հաստատ գիտենք. Մեր ընկերներից մեկին, կամ գուցե երկուսին, հաջողվել է փախչել: Մեր խնդիրն է գտնել նրանց և օգնել, ռոհանցիները կսպասեն: Մեր ընկերներից մեկը փախել է անտառ, պետք է մի կողմ դնել կասկածներն ու վախը և գտնել նրան: -Նույնիսկ չգիտեմ էլ ինչն է ինձ ավելի շատ վախեցնում. Ֆե՞նգորնը, թե ոտքով Ռոհան գնալը,- փնթփնթաց Ջմիլին: -Դե ուրեմն գնում ենք ատառ,- ասաց Արագորնը: Շուտով նոր, հազիվ նշմարելի հետքեր հայտնաբերվեցին Էնտվեյի ափին և անտառեզրին՝ վիթխարի ծառի հովանու տակ: Բայց հողը չոր էր և մի քանի հազիվ նշմարելի բծերով ոչինչ եզրակացնել հնարավոր չէր: -Այստեղ հոբիթներ են եղել, ծայրահեղ դեպքում մեկ հոբիթ. նա կանգ է առել, շրջվել է հետ նայել, ապա նորից շրջվել ու վազել անտառի խորքը,- ասաց Արագորնը: -Նշանակում է ստիպված ենք մտնել Ֆենգորնի թավուտները,- ասաց Ջիմլին: -Միայն թե ինչ որ հեչ սրտովս չի այս անտառը: Մեզ զգուշացրել են այնտեղ չմտնել: Լավ կլիներ հետքերը մեկ այլ տեղ տանեին: -Ինքան էլ որ ինձ վախեցնեն այս անտառի մասին ասույթներով, ես չեմ կարծում որ այն չարի կացարան է,- առարկեց Լեգոլասը: Նա թեքվեց առաջ և լայն բացված աչքերով նայելով դեպի անտառի կիսախավարը սկսեց լարված ականջ դնել: -Ոչ, այս անտառը չար չէ,- վստահ ասաց նա: -Եթե նույնսկ չարը բնակվում է նրա մեջ, ապա այստեղից բավականին հեռու: Ականջիս հազիվ լսելի արձագանք է հասնում հեռավոր մթին թավուտներից, որտեղ չար սրտով ծառեր են բնակվում: Բայց այստեղ չարություն չի զգացվում, միայն զգուշություն ու զայրույթ: -Դե, իմ վրա նրանք զայրանալու պատճառ չունեն,- ուրախացավ Ջիմլին: -Ես քո անտառին դեռ ոչ մի վնաս չեմ պատճառել: -Միայն ա՛յդ էր պակաս, որ վնաս պատճառեիր: Բայց իսկապես անտառը ինչ որ մեկից դաժանորեն վիրավորված է: Այնտեղ, խորքում, ինչ որ բան է հասունանում և շատ շուտով ժայթքելու է: Զգու՞մ եք լարավածությունը: Նույնիսկ շնչելն է դժվար: -Այո, իսկապես տոթ է,- համաձայնվեց թզուկը: -Այստեղ ավելի լուսավոր է, քան Չարքանտառում, բայց ինչ որ շատ հեղձուկ ու փոշոտ է օդը այստեղ, և ծառերն էլ բորբոսնած են: -Ֆենգորնը ծեր է, շատ ծեր է,- հոգոց հանեց էլֆը: