-Իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ, ձեր լռությունը ձեր օգտին չէր գնահատի,- գլուխն օրօրեց ծերունին: -Բարեբախտաբար ես արդեն որոշ բաներ գիտեմ: Դուք գնում եք երկու երիտասարդ հոբիթների հետքերով, այդպես չէ՞: Պետք չէ այնպես ինձ վրա նայել, ասես առաջին անգամ եք այդ բառը լսում: Լսե՛լ եք և շա՛տ եք լսել, ես էլ եմ լսել: Այսպես ուրեմն, երեկ չէ առաջին օրը նրանք բարձրացել են այստեղ և անսպասելի հանդիպում են ունեցել ինչ որ մեկի հետ: Դա ձեզ կհանգստացնի՞: Երևի ուզում եք իմանալ նաև, թե ու՞ր են նրանց տարել: Դե լավ, գուցե ես կարողանամ որոշ լուրեր հաղորդել ձեզ այդ մասին: Բայց ինչու՞ ենք մենք կանգնած: Ինչպես արդեն հասկացաք, առայժմ շտապելու տեղ չունեք, այնպես որ եկեք նստենք և հանգիստ զրուցենք:
Ծերունին շրջվեց և գնաց դեպի ժայռի ստորոտում տակ թափված քարերի կույտը: Եվ անմիջապես, ասես կախարդանքը ցրվեց, երեքն էլ ուշքի եկան և վերստացան շարժվելու ունակությունը: Ջիմլին հափշտակեց տապարը, Արագորնը մերկացրեց սուրը, Լեգոլասը գետնից բարձրացրեց աղեղը: Ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ծերունին նստեց ցածր և հարթ քարին: Մոխրագույն թիկնոցի ծայրերը բացվեցին, և բոլորը հստակ տեսան, որ անծանոթը ոտից գլուխ սպիտակ է հագած:
-Սարումա՛ն,- բղավեց Ջիմլին և տապարը ձեռքին առաջ նետվեց: -Պատասխանի՛ր, որտե՞ղ ես թաքցրել մեր ընկերներին: Ի՞նչ ես արել նրանց: Անմիջապես պատասխանի՛ր, թե չէ գլխարկիդ վրա այնպիսի մեծության անցք կբացեմ, որ նույնիսկ հրաշագործը չի կարողանա շտկել:
–Դու իսկական նեղության ընկեր ես, իսկ ես քո հավերժական բեռը,– ասացի ես նրան:
–Բեռ էիր մի ժամանակ,–ասաց նա,– բայց ոչ հիմա: Ասես կարապի փետուր լինես իմ ճիրաններում: Արևի ճառագայթներն են անցնում են քո միջով: Ես թերևս էլ քեզ պետք չեմ. եթե նույնիսկ բացեմ իմ ճիրանները դու չես ընկնի, քամին կվերցնի քեզ իր գիրկն ու կտանի:
–Ոչ, բաց մի թող ինձ,– խնդրեցի ես զգալով իմ մեջ վերադարձող կյանքի շունչը: –Ավելի լավ է տար ինձ Լոթլորիեն:
-Տիրուհի –Տիրուհի Գալադրիելը այդպես էլ ինձ հրամայել է,– պատասխանեց նա:
Այդպես էլ ես հասա Քարաս Գալադհոն: Պարզվեց, որ դուք վերջերս եք այնտեղից հեռացել: Եվ ես մնացի այնտեղ, այդ հավերժ երիտասարդ երկրում, որտեղ ժամանակը բուժում է և չի ծերացնում: Կամաց-կամաց ես կազդուրվեցի և զգեստավորվեցի սպիտակ հանդերձանքով: Մինչ այնտեղից հեռանալը շատ խորհուրդներ տվեցի, և ինքս էլ շատ խորհուրդներ առա, և եկա այստեղ գաղտնի ու անհայտ արահետներով: Ես ձեզ ուղերձ եմ բերել: Ահա թե ինչ են ինձ խնդրել փոխանցել Արագորնին.
Որտե՞ղ են հիմա դունադանցիները, Էլեսա՛ր,
Ինչո՞ւ են թափառում քո ազգակիցները հեռուներում անհուրընկալ:
Մոտենում է ժամը, և կորուսյալներն ի հայտ կգան
Մոխրագույն ջոկատը կգա հյուսիսից և դունադանցիները կկանգնեն պաշտպան:
Բայց մութ է քեզ համար ընտրված ճանապարհը,
Ծով տանող ճամփան հսկում են մեռյալները:
Իսկ Լեգոլասին տիրուհին փոխանցել է ահա թե ինչ.
Լեգոլա՛ս, Կանա՛չ տերև անտառում ծնված,
Ապրել ես երկար, բայց զգուշացիր, եթե հանկարծ
Ճայի ճիչ լսես արևաշող ծովի ափերին,
Թող հանգիստ գտնի սիրտդ անտառում, ոչ ավելին:
Գենդալֆը լռեց և փակեց աչքերը:
–Փաստորեն նա ինձ ոչինչ չի՞ փոխանցել,– գլուխը կախեց Ջիմլին:
–Մութ են նրա խոսքերը,– ասաց Լեգոլասը,– ես չկարողացա հասկանալ նրանց նշանակությունը:
–Ինձ համար դա մխիթարանք չի,– փնթփնթաց Ջիմլին:
–Եվ ի՞նչ ես դու ուզում,– հարցրեց Լեգոլասը: –Գուցե ուզում ես իմանալ, թե ինչ մա՞հ է քեզ սպասվում:
–Այո՛, եթե բացի դրանից նա ուրիշ ոչինչ չունի փոխանցելու:
–Այդ ինչի՞ մասին եք խոսում,– աչքերը բացելով հարցրեց Գենդալֆը: –Այո, ես կարծես հասկանում եմ նրա բառերի նշանակությունը: Ներիր Ջիմլի, ես ուղղակի խորհում էի դրանց իմաստի շուրջ: Քեզ էլ է նա ինչ որ բան փոխանցել, միայն թե այնտեղ ոչ հանելուկ կա, ոչ էլ մռայլ մտքեր: Ահա թե ինչ է նա փոխանցել քեզ.
«Փոխանցիր իմ ողջույնը Ջիմլիին, Գլոյնի որդուն: Որտեղ էլ դու լինես, իմ վարսերի պահապան, իմ մտքերը քեզ հետ են: Բայց մի մոռացիր նայել ծառին, նախքան կհասցնես հարվածդ»:
–Երջանիկ ժամանակ դու վերադարձար մեզ մոտ Գե՛նդալֆ,– բացականչեց թզուկը և ոտքի ցատկելով սկսեց տապարը թափահարելով ինչ որ երգ երգել թզուկների լեզվով: –Սրբազան է այսուհետ Գենդալֆի գլուխը, բայց հաջորդ անգամ ես չեմ վրիպի և իմ հարվածը անողոք կլինի:
-Հաջորդ անգամին քիչ է մնացել սպասել,– խոստացավ Գենդալֆը և վեր կացավ: –Խոսակցությունների ժամանակն ավարտվեց բարեկամներս: Ճանապարհ ընկնելու ժամանակն է:
Նա կրկին ուսերին գցեց մոխրագույն թիկնոցը և աստիճաններով իջավ ներքև: Մյուսները հետևեցին նրան: Նրանք արագորեն իջան լանջից, հասան էնտվեյի ափը և ափի երկայնքով դուրս եկան անտառեզր: Մինչև հարթավայր ոչ ոք ոչինչ չխոսեց: Ձիերն առաջվա պես չէին երևում:
–Մեր ձիերը այդպես էլ չվերադարձան,– հոգոց հանեց Լեգոլասը: –Ստիպված ենք ոտքով գնալ:
–Ոչ, ես ժամանակ չունեմ ոտքով քայլելու,– ասաց Գենդալֆը: