–Ամրոցն անվանվում է Էդորաս,– ասաց Գենդալֆը,– իսկ ոսկե ապարանքը Մեդուսելդ: Այնտեղ ապրում է Թեոդենը, Թենգելի որդին, ռոհանցիների թագավորը: Լավ է, որ լուսաբացին հասանք այստեղ: Էդորաս տանող ճանապարհն ազատ է բայց այնուամենայնիվ զգույշ եղեք: Ռոհանի սահմաններում պատերազմ է ընթանում, և ինչ էլ որ մեզ հեռվից թվա՝ Ռոհիրրիմները քնած չեն: Խորհուրդ եմ տալիս շրջահայաց լինել: Ձեզ գոռոզ չպահեք և ոչ մի դեպքում զենք չհանեք, հարկավոր է, որ մեզ ինքնակամ թողնեն Թեոդենի մոտ:
Պարզկա և ջինջ առավոտ էր, և թռչունները երգում էին գլխավերևում, երբ Ճանապարհորդները մոտեցան գետին: Այն լեռներից հարթավայր իջնելով լայն ոլորան էր գծում և ճանապարհը հատելով գնում էր դեպի արևելք՝ միանալու ափերը եղեգներով ծածկված Էնտվեյին: Շուրջն ամեն ինչ կանաչ էր: Գետի կանաչապատ ափերը և ափամերձ խոնավ մարգագետինները բնակեցված էին ուռենիներովուռիներով: Այս հարավային երկրում նրանց ճյուղերի ծայրերը արդեն գարնանային կարմրություն էին ստացել: Ըստ երևույթին գետը անցնում էին ծանծաղուտով, դատելով ձիերի սմբակների հետքերով ծածկված ափերից: Ճանապարհորդներն անցան գետի մյուս ափը և դուրս եկան դեպի բլուրը տանող լայն ճանապարհը: Քիչ անց ճանապարհը մտավ քարերով պատնեշված բլրի ստորոտը, և սկսեց գնալ կանաչապատ գերեզմանաթմբերի կողքով: Նրանց , որոնց արևմտյան լանջերը ասես ձյուապատ լինեին. խոտը ծածկված էր փոքրիկ աստղիկներ հիշեցնող մանր, սպիտակ ծաղիկներով:
–Տեսեք ինչ պայծառ աչքեր ունի այս խոտը,– ասաց Գենդալֆը ձեռքով ծաղիկները ցույց տալով: –Նրանց Հավերժահուշ են ասում, կամ այստեղի լեզվով Սիմբելմինե: Այդ Այս ծաղիկները մշտադալար են, բայց աճում են միայն գերեզմանաթմբերին: Այստեղ հավերժական քնով քնած են Թեոդենի արժանահիշատակ նախնիները:
–Յոթ գերեզմանաթումբ ձախից և իննը աջից,– հաշվեց Արագորնը: