Այդպես երգեց Գենդալֆը և հանկարծ, ասես ինչ որ կախարդանքով, կերպարանափոխվեց: Նա դեն նետեց հին թիկնոցը, ուղղվեց, գավազանով խփեց հատակին և հստակ, սառը ձայնով գոչեց.
–Իմաստունը խուսափում է խոսել այն մասին, ինչը չգիտի, Գրի՛մա, Գա՛լմոդի որդի: Դու վերածվել ես անուղեղ ճիճուի, օձի՛, որ ֆշշացնում է տեղի և անտեղի: Դե լռի՛ր և թաքցրո՛ւ փտած լեզուդ: Ես նրա դրա համար չեմ անցել կրակի և մահվան միջով, որ արդարանամ ինչ որ ստոր, քծնող ծառայի առաջ:
Նա բարձրացրեց գավազանը և լսվեց ամպրոպի որոտը: Պատուհաններից ընկնող արևի լույսը խավարեց, դահլիճն ընկղմվեց թանձր խավարի մեջ: Օջախի կրակը արագորեն հանգավ և միայն մի կույտ ածուխներ մնացին: Ամեն ինչ թաղվեց մթության մեջ՝ բացի Գենդալֆի բարձրահասակ, ճերմակ ուրվագծից, որ կանգնած էր օջախի մոտ, բոսորագույն ածուխների լույսի ներքո:
Թեոդենը ծանրացած նստեց նստարանին. ասես ծերունական թուլությունը պայքարելով Գենդալֆի կամքի հետ հաղթանակ տարավ:
–Ավաղ,– ասաց նա,–չարագույժ օրեր բաժին ընկան ինձ կյանքիս մայրամուտին: Ես էլ հույս ունեի կյանքիս վերջին տարիներն ապրել խաղաղության մեջ, որին արժանացել եմ: Ավա՛ղ քաջարի Բորոմիրին: Ջահելները զոհվում են հերոսի մահով, իսկ ծերերը անիմաստ ձգում են իրենց օրերը և ավելի ծերանում: Եվ նա հոգնած ձեռքերը դրեց ծնկներին: –Ձեռքերդ կվերականգնեն իրենց երբեմնի ուժը, երբ կրկին սեղմեն թրիդ բռնակը,– ասաց Գենդալֆը: Թեոդենը վեր կացավ տեղից և նրա ձեռքը սահեց դեպի ազդրը. բայց թուր չկար այնտեղ: –Որտե՞ղ է պահել Գրիման իմ թուրը,– քթի տակ փնթփնթաց նա: –Վերցրու սա՛, տիրակա՛լ,– լսվեց ինչ որ մեկի բարձր ձայնը: –Նա միշտ էլ հավատարմորեն ծառայել է քեզ: Երկու ռազմիկ անաղմուկ մոտեցել էին նրանց և կանգնել մի քանի քայլ այն կողմ: Նրանցից մեկը Էոմերն էր, առանց սաղավարտի և զրահի: Նա ծնկի իջած բռնել էր առանց պատյանի թրի շեղբից, և բռնակը մեկնել Թեոդենին: –Ի՞նչ է սա նշանակում,– խստորեն հարցրեց թագավորը, շրջվելով դեպի Էոմերը: Երկու ռազմիկներն էլ զարմանքից քարացան, ասես չճանաչելով իրենց թագավորին: Նրանց առջև կանգնած էր ալեհեր մազերով, բայց վեհ և փառահեղ մի տղամարդ: Ու՞ր էր կորել այն կորացած ծերունին, որին վերջին ժամանակներս նրանք տեսել էին միայն ձեռնափայտին հենված, կծկված նստած իր գահին: –Դա իմ մեղքն է տիրակալ,– դողալով խոսեց Գայման: –Իմ հասկացողությամբ դու ներեցիր և ազատ արձակեցիր Էոմերին, և ես այնքան ուրախացա, որ երևի սխալ թույլ տվեցի: Ես որոշեցի, որ նա կրկին Ռոհանի երրորդ զորավարն է, և պետք է կատարել նրա խնդրանքը ու վերադարձնել թուրը: –Ես թուրը խնդրել եմ միայն նրա համար, որ դնեմ քո ոտքերի տակ, տիրակա՛լ,– գոչեց Էոմերը: Լռություն տիրեց: