–Ողորմա ինձ, տիրակա՛լ,– գետնին փռվելով տնքաց Օձի Լեզուն: –Խղճա դժբախտ Գրիմային, ով տվել է քեզ այն ամենը ինչ ունի, չխնայելով նույնիսկ սեփական առողջությունը: Մի՛ ուղարկիր ինձ, թող մնամ քեզ հետ: Ես կխնամեմ քեզ մինչև վերջ: Մի՛ վտարիր քո հավատարիմ Գրիմային:
–Կխղճամ,– պատասխանեց Թեոդենը: –Կխղճամ և չեմ վտարի քեզ: Ես իմ հեծյալների հետ գնում եմ պատերազմ: Դու կգաս ինձ հետ, և կռվելով իմ կողքին կապացուցես քո հավատարմությունը:
Օձի Լեզուն հուսահատ նայեց շուրջը կանգնածներին ծուղակն ընկած և որսորդներով շրջապատված գազանի պես, ասես փնտրելով ամենաթույլ օղակը: Հանելով իր երկար, գունատ լեզուն, նա տենդագին լպստեց դողացող շրթունքները:
–Նման վճռականություն սպասելի էր Էորլի ժառանգից, ինչքան էլ որ ծեր լինի նա,– վերջապես ասաց նա: Բայց եթե թագավորի նոր բարեկամները սիրեին նրան, կխղճաին ծերունուն: Ես տեսնում եմ, որ ուշացել եմ, և հիմա տիրակալը նոր խորհրդատուներ ունի, որոնց, ինչպես երևում է, թագավորի մահը այնքան չի վշտացնի, ինչքան Գրիմային: Տեսնում եմ, տիրակա՛լ, քեզ հակառակը համոզել այևս չի ստացվի: Այդ դեպքում գոնե լսիր իմ վերջին խնդրանքը: Էդորասին կառավարիչ է պետք, հավատարիմ մի մարդ, ով ծանոթ է քո մտքերին և սրբորեն կատարում է քո հրամանները: Վստահի՛ր այդ գործը Գրիմային, քո հավատարիմ և փորձված խորհրդականին: Այդ դեպքում, մինչև քո վերադառնալը, դու հանգիստ կլինես քո ժողովրդի և քո գանձարանի համար: Իսկ ես անհամբեր կսպասեմ քո վերադարձին, որը, ավա՜ղ գրեթե անհույս է:
Էոմերը ծիծաղեց:
–Իսկ եթե քո այս խնդրանքն էլ մերժեն, այն ժամանակ ի՞նչ կանես հոգատար Օձի Լեզու: Ինչքա՞ն կնսեմանա, էլ ի՞նչ աշխատանք կհամաձայնես կատարել, միայն թե պատերազմ չգնաս: Բեռնակիր կլինե՞ս: Սնունդ պետք է տարվի լեռներ: Չնայած կասկածում եմ, որ քեզ ուտելիքի պարկ վստահեն: