Էովինը երկար ժամանակ ապարանքի մուտքի մոտ անշարժ կանգնած հետևում էր նիզակների ծայրերից անդրադարձող ոսկեգույն ցոլքերին:
=== Գլուխ յոթերորդ. Հելմյան իջվածք Կիրճ ===
Երբ հեծյալները հեռանում էին Էդորասից, արևը արդեն թեքվել էր դեպի արևմուտք և շողում էր ուղիղ նրանց աչքերին, լցնելով ռոհանյան հարթավայրը ոսկեգույն մշուշով: Ճանապարհը մեկ բարձրանալով, մեկ իջնելով ձգվում էր Սպիտակ Լեռների ստորոտի երկայնքով, երբեմն անցնելով արագնթաց լեռնային գետակների ծանծաղուտներով: Աջակողմյան հեռվում սկսեցին երևալ մայրամուտի շողերով լուսավորված Մշուշապատ լեռները: Իրիկնանում էր:
–Ինձ էլֆական աչքեր են պետք Լեգոլաս: Ապա մի նայիր այնտեղ, դու մեկ լիգի վրա ճնճղուկին և դեղձանիկին կտարբերես իրարից: Ի՞նչ է կատարվում Իզենգարդի պարիսպների տակ:
–Մինչև Իզենգարդ դեռ շատ լիգեր կան,– պատասխանեց Լեգոլասը ձեռքով աչքերին հովար անելով: –Շրջապատող լանջերը պատված են խիտ մշուշով, որի մեջ ինչ որ բան է շարժվում, բայց թե ինչ է դա, անհասկանալի է: Տարօրինակ մշուշ է: Բայց դա ոչ մշուշ է, ոչ ծուխ, ավելի շատ թանձր ստվեր է հիշեցնում, որի ծագումը անհայտ է: Այնպիսի զգացողություն է, ասես այդ ստվերը տարածում է ինչ որ մեկը, կամ ինչ որ մի բան...կարելի է մտածել, որ հովիտը շրջապատել է անծայրածիր անտառի կիսախավարը: Բայց ստվերը տեղում կանգնած չի, այն շարժվում է, գետի երկայնքով իջնելով լանջերից... –Իսկ նրանց կրնկակոխ հետապնդում է մորդորյան փոթորիկը,– ասաց Գենդալֆը: –Գիշերը ծանր է լինելու: Տոթը գնալով ուժեղանում էր: Կեսօրին սև ամպերը հասան զորքին. երկինքը սրընթաց պատվում էր մռայլ վարագույրով, և շուտով առջևում արդեն կուրացուցիչ լուսարձակում էր նրա փոթորկվող ծայրը: Արևի արնակարմիր սկավառակը խորտակվելով մռայլ մշուշում, իր վերջին շողերով լուսավորեց Եռագագատ Թրիգիրնի զառիվայր լանջերը՝ մուգ ոսկեգույն ցոլքով անդրադառնալով նիզակների և զրահների վրայից: Այդ երեք գագաթները խոսում էին այն մասին, որ զորքը մոտեցել է Սպիտակ Լեռների վերջին՝ ամենահյուսիսային գագաթներին: Մայրամուտն արդեն վերջանում էր, երբ հորիզոնում մի փոքրիկ, սև կետ երևաց. ինչ որ հեծյալ էր շտապում զորքին ընդառաջ: Առջևից ընթացող ջոկատը կանգ առավ: Երբ հեծյալը մոտեցավ, երևաց, որ նա մի հոգնած ռազմիկ է՝ ջարդված սաղավարտով և ճեղքված վահանով: Նա դանդաղ իջավ ձիուց և շունչը տեղը բերելով խռպոտ ձայնով խոսեց. –Էոմերը ձեզ հե՞տ է: Վերջապե՛ս: Բայց դու ուշացել ես, Էոմե՛ր, և դուք չափազանց քիչ եք: Այն ժամանակվանից, ինչ Թեոդրեդն ընկավ, հաջողությունը թիկունք է դարձրել մեզ: Երեկ մեզ ստիպեցին նահանջել Իզենի այս ափը, և մենք մեծ կորուստներ կրեցինք: Շատերը զոհվեցին անցումի վրա: Գիշերը թշնամին համալրվեց մեծաքանակ թարմ ուժերով, երևի Իզենգարդում ոչ մի զինվոր չի մնացել: Որպես հավելում Սարումանը մեր դեմ զինել է նաև վայրի լեռնեցիներին և Դունլենդի գետամերձ հովվական ցեղերին: Թշնամին ավելի շատ քանակով է հաղթանակ տանում, քան ուժով: Նրանք գրոհով վերցրեցին պաշտպանիչ պատը: Վեսթֆոլդցի Էրքենբրանդը հավաքեց ում կարողացավ և փակվեց Հելմյան կիրճի ամրոցում, մնացածները ցրվեցին հարթավայրով մեկ: Որտե՞ղ է Էոմերը: Ասացեք նրան, որ հույս չկա, թող վերադառնա Էորաս, քանի դեռ Իզենգարդի գայլերը այստեղ չեն հասել: Մինչ այդ պահը Թեոդենը լռում էր, թաքնվելով իր թիկնապահների թիկունքում, բայց երբ հեծյալը վերջացրեց խոսքը, նա առաջ եկավ: –Ապա մի մոտիկ արի, Քեո՛րլ,– ասաց նա: –Ես այստեղ եմ, ոչ թե Էդորասում, և ինչպես տեսնում ես զորքը ես եմ ղեկավարում: Էորլինգների վերջին զորքն է դուրս եկել արշավի, և առանց ճակատամարտի մենք հետ չենք դառնա: Ռամիկի դեմքը զարմանքից և ուրախությունից լուսավորվեց: