–Իսկ մեզ ի՞նչ քո լուսաբացը: Մենք Ուրուկ հա՛յ ենք, մենք կռվում ենք և ցերեկը, և գիշերը, մեզ ոչ արևն է վախեցնում, ոչ էլ ամպրոպը: Մենք եկել ենք սպանելու, և կարևոր չէ արևն է երկնքում կախված, թե լուսինը: Ինչի՞դ է պետք լուսաբացը:
–Չես կարող իմանալ, թե ինչ կբերի նոր օրն իր հետ,– պատասխանեց Արագորնը: –Ավելի լավ է քանի շուտ է հեռացեք այստեղից, թե չէ մեկ էլ տեսար ճակատագիրը թիկունք դարձրեց ձեզերես թեքեց ձեզանից:
–Իջիր պատի վրայից թե չէ կնետահարե՛նք,– գոռացին ի պատասխան: –Բանակցողի՛ս նայեք: Ասելիք չունես, ուղղակի ժամանակ ես ձգում, կորի՛ր:
–Եվ այնուամենայնիվ ես ձեզ ինչ որ բան կասեմ,– հանգիստ ասաց Արագորնը: –Մինչև հիմա դեռ ոչ մեկին չի հաջողվել գրոհով վերցնել այս բերդը: Հեռացեք: Եթե ոչ, գթության չսպասեք: Ձեզանից ոչ մեկը այստեղից ողջ չի հեռանալու, նույնիսկ սուրհանդակ չի մնալու, որ պատմի թե ինչ կատարվեց: Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե ինչ է ձեզ սպասվում: