–Է՛րքենբրանդ,– գոռացին հեծյալները,– Է՛րքենբրանդ:
–Տեսե՛ք, Սպիտակ Ձիավո՛րը,– բացականչեց Արագորնը,– Գենդալֆը մեզ հե՛տ է կրկին:
–Միթրանդի՛ր, Միթրանդի՛ր,– Արագորնին միացավ Լեգոլասը: –Այ սա իսկապես կախարդա՜նք է: Արա՛գ, ես ուզում եմ տեսնել այդ անտառը, քանի դեռ կախարդանքը չի ցրվել:
Իզենգարդի հրոսակները ոռնալով ու ղժժալով գալարվում էին երկու կրակի արանքում: Աշտարակից կրկին հնչեց եղջերափողի ձայնը և թագավորի հեծելազորը անցնելով հողապատնեշի անցումը քառատրոփ արշավով սլացավ հարձակման: Բլուրների լանջերից հեղեղի պես ցած էին գահավիժում Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդի ռազմիկները, իսկ առջևից՝ ինչպես թեթևոտն եղնիկը, սմբակներով հազիվ դիպչելով գետնին լանջի վրայով թռչում էր Լուսաչը: Սպիտակ Ձիավորի ահեղ տեսքից թշնամիները վերջնականապես խելագարվեցին: Լեռնեցիները գլուխները կորցրած բերանքսիվայր փռվեցին գետնին, օրքերը ղժժալով ցած գցեցին նիզակներն ու դաշույնները և իրար գլուխ ջարդելով փախուստի դիմեցին: Անհամար զորքը աչքի առաջ ցրվում էր, ինչպես քամուց քշվող սև ծխի ամպը: Սարսափից խելագարված օրքերը փրկություն որոնելով թաքնվեցին ծառերի տակ՝ մռայլ անտառի խավարում, բայց այնտեղից դուրս գալ այլևս ոչ մեկին չհաջողվեց:
=== Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ ===