Դոն Կիխոտը հարցրեց նրա անունը, որովհետև նա ապագայի համար կամենում էր գիտենալ՝ ինչ տիկնոջ է պարտական այսպիսի մեծ ողորմածության համար, որպեսզի ժամանակ անց նրա հետ կիսի պատիվները, որոնց նա հույս ուներ հասնելու իր բազկի զորությամբ։ Տիկինը խորին խոնարհությամբ պատասխանեց, որ իր անունը Լա Տոլոսա է, որ ծնվել է Տոլեդոյում, հայրը կոշկակար է, որ ապրում է Սանչո Բրենայի շուկայում և որ որտեղ էլ ինքը լինի, միշտ պատրաստ կլինի ծառայելու և համարելու դոն Կիխոտին իր տերը։ Դոն Կիխոտը խնդրեց նրան, եթե սիրում է իրեն, ողորմածություն շնորհի իրեն՝ այսուհետև իր անվանը ավելացնի դոն և կոչվի դոն Տոլոստա։ Աղջիկը համաձայնեց։ Ապա մյուս տիկինը կապեց խթանը, սրա հետ էլ նույն խոսակցությունը տեղի ունեցավ, ինչպես և առաջինի հետ, որ նրան գոտեպնդեց թրով։ Դոն Կիխոտը հարցրեց, թե ինչ է նրա անունը և նա պատասխանեց, որ իր անունը Լա Մոլիներա է և ինքը Անտեկերզի ազնիվ ջրաղացպանի աղջիկն է։ Սրանից էլ դոն Կիխոտը խնդրեց, ավելացնել իր անվանը դոն և կոչվել դոն Մոլիներա։ Միաժամանակ նա շատ և շատ շնորհակալ եղավ և առաջարկեց իր ծառայությունը։ Երբ որ այս չտեսնված ծեսերը կատարված էին այսպիսի արագությամբ, դոն Կիխոտը աճապարեց ձի հեծնելու՝ այնքան անհամբեր էր նա արկածախնդրությանը։ Նա թամքեց Ռոսինանտին, թռավ վրան և, գրկելով պանդոկապետին, շնորհակալություն հայտնեց կարգելու համար այնպիսի արտասովոր խոսքերով, որ ամենևին հնար չկա վերարտադրելու։ Իսկ պանդոկապանը, ուրախացած, որ նա գնում է, պատասխանեց նրա խոսքերին ավելի կարճ, բայց ոչ պակաս հռետորական ֆրազներով, օթևանի համար բան չվերցրեց և բաց թողեց, որ գնա բարով։
==Գլուխ IV==
Այն մասին, թե ինչ պատահեց մեր ասպետին պանդոկից դուրս գալուց հետո
Լույսը բացվում էր արդեն, որ դոն Կիխոտը դուրս եկավ պանդոկից և այնքան գոհ, այնքան հպարտ, ուրախությունից այնքան հուզված՝ ասպետ կարգված լինելու համար, որ նրա ձիու կողերն էլ էին զգում ուրախությունը։ Սակայն մտաբերելով պանդոկապանի խորհուրդները անհրաժեշտ պաշարի մասին, որ մարդ պիտի հետը վերցրած լինի, մանավանդ փող ու շապիկները, ― նա վճռեց տուն դառնալ, որ ամեն ինչի պատրաստություն տեսնի և զինակիր գտնի․ այն էլ ասենք, որ նա աչք ուներ իր հարևանի՝ աղքատ և մեծ ընտանիքի տեր մի գյուղացու վրա, որը շատ պիտանի էր թափառական ասպետի զինակրի պաշտոնի համար։ Այս մտքերով նա շուռ տվեց Ռոսինանտին գլուխը դեպի գյուղ, և վերջինս, ասես իր տիրոջ միտքն ըմբռնելով, այնպիսի պատրաստակամությամբ և այնքան թեթև վազ տվեց, որ թվում էր թե նրա սմբակները չեն դիպչում գետնին։ Հազիվ էր դոն Կիխոտը մի քանի քայլ արել, որ նրան թվաց, թե աջ կողմում գտնվող անտառի թավուտից թույլ և աղեխարշ հեծեծանք է լսում։ Եվ լսեց թե չէ, նա ասաց․
― Շնորհակալ եմ երկնքից ինձ առաքած ողորմության համար։ Ահա դեպքը բերում է ինձ կատարելու ասպետի պարտականությունը և իմ ազնիվ որոշման պտուղը քաղելու՝ անտարակույս իմ օգնության և պաշտպանության կարոտ որևէ տղամարդ կամ կին է հեծեծում։
Եվ Ռոսինանտի գլուխը շուռ տալով՝ նա փութաց դեպի այն կողմը, որտեղից հեծեծանքի ձայն էր գալիս։ Հենց որ նա մտավ անտառը, նրա աչքին երևաց կաղնուց կապած տասնհինգ տարեկան տղա, որ մինչև գոտետեղին մերկ էր։ Հեծողն էլ հենց սա էր և ոչ առանց պատճառի, որովհետև մի բռի գյուղացի նրան անխնա ծեծում էր կաշվե գոտիով, յուրաքանչյուր հարվածի հետ խրատ ու խորհուրդ տալով։
― Աչքդ բաց պահիր, ― ասում էր նա, ― իսկ բերանդ՝ փակ։
― Այլևս երբեք չեմ անի, վարպետ, ― պատասխանում էր տղան, ― երդվում եմ տիրոջ չարչարանքով, որ այլևս երբեք չեմ անի։ Խոսք եմ տալիս ձեզ, որ այսուհետև ավելի լավ կհետևեմ հոտին։
Տեսնելով այս պատկերը՝ դոն Կիխոտը բացականչեց ցասկոտ ձայնով․
― Անարժան ասպետ, ամոթ է հարձակվելը նրանց վրա, որոնք ի վիճակի չեն պաշտպանվելու, հեծե՛ք ձին, վերցրե՛ք նիզակը (գյուղացու նիզակը հենված էր նույն կաղնուն, որից կապված էր նրա մադիանը), և ես կապացուցեմ ձեր վարմունքի ողջ ստորությունը։
Տեսնելով իր գլխի վերև ինչ֊որ կերպարանք, որի վրա զանազան զենքեր են կախված և որը քիչ է մնում նիզակը խրի իր փորը՝ գյուղացին վճռեց, որ հասել է իր վախճանը, ուստի ահ ու դողով պատասխանեց․
― Սինյոր ասպետ, տղան, որին ես պատժում եմ, իմ ծառան է, որ այստեղից ոչ հեռու արածեցնում է իմ ոչխարներին։ Նա այնքան բերանբացն է, որ ամեն օր մեկական ոչխարս կորչում է։ Ես նրան պատժում եմ անփութության և չարամտության համար, իսկ նա պնդում է, որ ես այդ չարությունից դրդված եմ անում, որ իր ռոճիկը կտրեմ։ Աստված վկա, նա ստում է։
― «Ստո՜ւմ է»։ Եվ դու այդ իմ ներկայությամբ ես ասում, ստոր և կոպիտ մարդ, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Երդվում եմ մեզ լուսավորող արևով, որ իսկույն նիզակով կծակեմ քեզ։ Անմիջապես վճարիր նրան և մի՛ խոսիր, թե չէ երդվում եմ երկնավոր հորով՝ մեկ հարվածիցս շունչդ կփչես և տեղն ու տեղը կսատկես։ Իսկույն ևեթ արձակիր նրան։
Գյուղացին գլուխը քաշ արեց և առանց մի բառ արտասանելու արձակեց տղին, իսկ դոն Կիխոտը հարցրեց տղայից, թե տերն իրեն ինքան է պարտ։ Տղան պատասխանեց, թե ինը ամսվան ռոճիկը, հաշվելով ամսական յոթ ռեալ։ Դոն Կիխոտը հաշվեց ― դուրս եկավ վաթսուներեք ռեալ ― և հրամայեց, որ գյուղացին իսկույն քսակը հանի կամ պատրաստվի մահվան։ Ահաբեկված գյուղացին երդվեց իրեն սպառնացող կործանումով և վերհիշեց իր նախընթաց երդումը (թեև նա իսկի չէր էլ երդվել), որ իր պարտքը բնավ այդքան մեծ չէ, որ պետք է հաշվի առնել և այդ գումարից հանել երեք զույգ կոշիկի արժեքը, որ մաշել է ծառան և երկու անգամ արյուն առնելու վճարը, որ արված է եղել նրա հիվանդության պահին և նստել է մեկ ռեալ։
― Ենթադրենք, թե այդպես է,― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն ծեծելով նրան անմեղ տեղը, դուք լրիվ ստացել եք թե՛ կոշիկների, թե՛ արյուն առնելու համար, որովհետև եթե նա ճղել է կոշիկի կաշին, որ դուք գնել եք նրա համար, դուք նրա սեփական կաշին եք ճղել։ Եթե դալլաքը արյուն է առել նրա հիվանդության միջոցին, դուք առողջի արյունն եք առնում։ Կնշանակի՝ տեղը դուրս է եկել։
― Ցավն այն է, սինյոր ասպետ, որ մոտս ձեռաց փող չունեմ։ Թող Անդրեսը հետս գա տուն, և ես կվճարեմ մինչև վերջին ռեալը։
― Ես նրա հետ գնամ տո՞ւն, ― բացականչեց տղան։ ― Երբե՛ք, սինյոր, Աստված ինձ պահի։ Չեմ էլ մտածի գնալու մասին։ Չէ՞որ նրա հետ մենակ մնանք թե չէ, նա իմ կաշիս կքերթի, ինչպես սուրբ Բարդուղիմեոսինը։
― Նա այդ չի անի, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Բավական է, որ ես նրան հրամայեմ, նա իմ պատիվը կպահի։ Թող միայն նա երդվի ասպետական ուխտով, որին պատկանում է, և ես նրան բաց կթողնեմ և կերաշխավորեմ, որ նա քեզ կվճարի։
― Խորհեցեք, ձերդ ողորմածություն, սինյոր, թե դուք ի՜նչ եք ասում, ― ասաց տղան։ ― Իմ տերը բնավ ասպետ չէ և ոչ մի ասպետական ուխտի մեջ չի գրված։ Նա Խուան Հալդուդոն է, Կինտանար գյուղի հարուստներից։
― Դա կարևոր չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Հալդուդոն էլ կարող է ասպետ լինել, առավել ևս, որ մեզնից ամեն մեկը իր գործերի զավական է։
― Դա, իհարկե, ճիշտ է, ― ասաց Անդրեսը, ― միայն թե այդ ի՞նչ գործերի զավակ է իմ տերը, եթե հրաժարվում է վճարել աշխատանքի և ծառայության համար։
― Ես չեմ հրաժարվում, Անդրես բալիկ, ― ընդհատեց նրան գյուղացին, ― հաճեցեք միայն հետո գալ, և ես երդվում եմ բոլոր ասպետական ուխտերով, որ գոյություն ունեն աշխարհիս երեսին, կվճարեմ ձեզ, ինչպես արդեն ասացի, մինչև վերջին ռեալը, այն նոր֊նոր դրամներով։
― Թույլատրում եմ ձեզ և ոչ նորերով, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ես միանգամայն բավարարված կլինեմ, եթե դուք սովորական ռեալներով վճարելու լինեք։ Ձեր երդումը պահեք, հա՜, թե չէ, ես իմ հերթին երդվում եմ, որ կվերադառնամ, կգտնեմ ձեզ և կպատժեմ։ Դուք կարող եք թաք կենալ մողեսի պես, միևնույն է, դարձյալ ես ձեզ կգտնեմ։ Իսկ եթե հաճեիք իմանալ, թե ով է ձեզ այդ հրամայում, ապա իմացած եղեք՝ (հիմա դուք ավելի եռանդուն կկատարեք ձեր խոստումը), ես՝ արի դոն Կիխոտ Լամանչեցին եմ, անարգանք ու անարդարություն պատճառողների վրիժառուն։ Տերը ձեզ հետ, և մի՛ք մոռանա ձեր խոստումն ու երդումը, թե չէ խոստացածս պատիժը վրա կհասնի։
Այս խոսքերը բերնին՝ նա խթանեց Ռոստինանտին և արագ֊արագ հեռացավ։ Գյուղացին նրան աչքերով ճամփա գցեց և համոզվելով, որ ասպետն անհետացավ անտառի թավուտում և այլևս չի երևում, նա դարձավ իր ծառային և ասաց․
― Աբա մոտեցիր, Անդրես բալիկ, ես ուզում եմ վճարել քեզ պարտքս, ինչպես հրամայեց այն անարգանք պատճառողների վրիժառուն։
― Խոսք եմ տալիս ձեզ, ― պատասխանեց Անդրեսը, ― որ ձերդ ողորմածությունը շատ լավ կանի, եթե կատարի այն բարի ասպետի հրամանը։ Աստված նրան հազար տարի կյանք տա իր արիության և արդար դատաստանի համար։ Երդվում եմ սուրբ Ռոկեի անվամբ, որ եթե դուք ինձ վճարելու չլինեք, նա իսկույն կվերադառնա և ձեր հախիցը կգա, ինչպես որ խոստացավ։
― Ես էլ եմ երդվում, ― պատասխանեց գյուղացին, ― և որովհետև ես քեզ շա՜տ եմ սիրում, ապա իսկույն կավելացնեմ պարտքս, որպեսզի հատուցումն էլ ավել լինի։
Եվ բռնելով նրա թևից՝ նա տղին կրկին կապեց նույն կաղնուց և գանահարեց՝ հասցնելով տղին կիսամեռ վիճակի։
― Դե, հիմա, սինյոր Անդրես, ― ասաց գյուղացին, ― դուք կարող եք կանչել անարգանք պատճառողների վրիժառուին և դուք կտեսնեք, թե ձեզ համար նա ինչպե՜ս վրեժ կլուծի։ Ասենք՝ ինձ թվում է, որ ես այդ անարգանքը դեռ լրիվ չեմ հասցրել՝ շա՜տ եմ ուզում ձեր կաշին կենդանի֊կենդանի մաշկած լինել, ինչպես դուք ինքներդ դրանից երկյուղ էիք կրում։
Վերջ ի վերջո գյուղացին այնուհանդերձ արձակեց տղին և թույլ տվեց, որ նա գնա իր դատավորին որոնի, որպեսզի վերջինս ի կատար ածի իր արտասանած դատավճիռը։ Անդրեսը հուսահատ գնաց, երդվելով որ կգտնի արի դոն Կիխոտ Լամանչեցուն և մանրամասն կպատմի նրան եղելությունը, և տերը հարկադրված կլինի հարյուրապատիկը վճարել։ Բոլոր այս սպառնալիքներով հանդերձ նա գնաց արտասվաթոր, մինչդեռ իր տերը մնաց կանգնած և լիաթոք ծիծաղում էր․ ահա՜ թե ինչպես արի դոն Կիխոտը պատժեց անարգողին։
Նույն այդ միջոցին մեր ասպետին թվում էր, որ նա գեղեցիկ և վեհ սկիզբ է դրել իր ասպետական սխրագործություններին։ Միանգամայն բավարարված տեղի ունեցածով և ծայր աստիճան գոհ ինքն իրենով՝ նա շարունակում էր գնալ դեպի իր գյուղը, կիսձայն ասելով․
― Օ՜, գեղեցիկ Դուլսինեա Տոբոսցի, ճշմարտապես դու կարող ես քեզ բոլոր աշխարհիս երեսին ապրող կանանցից երջանկագույնը համարել, օ՜, գեղեցիկդ գեղեցիկներից։ Որովհետև բախտը տվել է քեզ հրամայել, որպես ստրուկի, որ հլու է քո կամքին և քո ցանկություններին, այնպիսի մի խիզախ և հռչակավոր ասպետի, որպիսին ցույց տվեց ինքն իրեն և ցույց է տալու դոն Կիխոտ Լամանչեցին։ Արար աշխարհը գիտի, որ նա երեկ կարգվեց ասպետ, իսկ այսօր արդեն այնպիսի անարգանքի և անարդարության համար վրեժ առավ, որ դեռևս չի հնարել չարամտությունը և չի կատարել խստասրտությունը, որովհետև նա այսօր խլեց պատվազուրկ չարագործի ձեռքից խարազանը, որ առանց որևէ պատճառի գանակոծում էր թույլ պատանուն։
Այս խոսքերի վրա նա հասավ այն տեղը, որտեղ ճամփան բաժանվում էր չորս ճյուղի և նա իսկույն մտաբերեց, որ թափառական ասպետները սովորաբար կանգ են առնելիս եղել ճամփաբաժաններին և խորհելիս, թե որ ճամփով ընթանան։ Որպեսզի նրանց օրինակին հետևած լինի, նա՛ էլ պահ մի կանգ առավ, սկսեց խորհել դրության մասին, բաց թողեց Ռոստինանտի սանձը, և ենթարկեց իր կամքը քնձռոտ ձիու կամքին, որ հավատարիմ մնալով իր սկզբնական մտադրության, բռնեց գոմը տանող ճամփան։ Մի երկու մղոն կտրելուց հետո դոն Կիխոտը նկատեց մարդկանց մի մեծ խումբ։ Դրանք, ինչպես հետո պարզվեց, Տոլեդոցի վաճառականներ էին, որ անցնում էին Մուրսիա մետաքս գնելու նպատակով։ Վեց հոգի էին և գնում էին գլխներին հովանոց բռնած, ուղեկցությամբ չորս ձիավոր ծառաների և երեք ջորեպան֊տղաների, որ ոտով էին գնում։ Հազիվ էր նրանց նշմարել դոն Կիխոտը, իսկույն նրան թվաց, թե նրան նոր արկած է սպասում։ Եվ կամենալով ամեն բանում, ինչ չափով որ դա հնարավոր էր թվում, հետևած լինի սովորություններին, որոնց մասին նա կարդացել էր վեպերում, նա վճռեց, որ տեղին կլինի այստեղ ի կատար ածել իր խորհած մեկ ծրագիրը։ Ուստի հպարտ ու խիզախ տեսքով նա ոտներն ամրացրեց ասպանդակների մեջ, ավելի ամուր բռնեց նիզակը, կուրծքը ծածկեց վահանով և, կանգ առնելով ճամփի մեջտեղում, սպասեց, որ թափառական ասպետները մոտենան (որովհետև վաճառականներին նա համարում էր թափառական ասպետներ)։ Եվ հենց որ նրանք մոտեցան այնչափ, որ կարող էին նրան տեսնել և լսել նրա ձայնը, նա բարձր ձայնով և հպարտ֊հպարտ ասաց․
― Ոչ ոք ձեզնից մի քայլ առաջ չի անի, եթե չխոստովանի, որ ամբողջ աշխարհում ավելի գեղեցիկ աղջիկ չկա, քան Լամանչի կայսրուհին, աննման Դուլսինեա Տոբոսցին։
Լսելով այս խոսքերը և տեսնելով խոսողի տարօրինակ կերպարանքը՝ վաճառականները կանգ առան։ Անծանոթի խոսքերից էլ, կերպարանքից էլ նրանք իսկույն կռահեցին, որ սա խելագար է։ Սակայն նրանք կամեցան իմանալ, թե ինչու է նա պահանջում նրանցից այդպիսի խոստովանություն և նրանցից մեկը՝ կատակ սիրող ու սրամիտ, պատասխանեց․
― Սինյոր ասպետ, մենք չգիտենք, թե ո՛վ է այդ բարի տիրուհին, որի մասին դուք խոսում եք, մենք ամենայն սիրով և առանց որևէ հարկանդրանքի կճանաչենք և կկատարենք ձեր պահանջը։
― Եթե ձեզ ցույց տամ, ― ասաց դոն Կիխոտը, ― դուք ճանաչեք այնքան ակներև մի ճշմարտություն, ապա ի՞նչ կլինի ձեր արժանիքը։ Ես հենց պահանջում եմ ձեզնից, որպեսզի դուք առանց նրան տեսնելու հավատաք, ճանաչեք, հաստատեք, երդվեք և պաշտպանեք այդ ճշմարտությունը։ Հակառակ դեպքում ես ձեզ մարտի եմ կանչում անճոռնի՛ և ժպի՛րհ մարդուկներ։ Դուրս եկեք կամ մեկ֊մեկ, ինչպես պահանջում է ասպետական օրենքը, կամ բոլորդ միասին, ըստ ձեր կոչման մարդկանց վատ սովորության․ ես սպասում եմ ձեզ և պատրաստ եմ ըստ արժանվույն դիմավորել ձեզ, հավատացած լինելով, որ կատարելապես արդարացի եմ։
― Սինյոր ասպետ, ― պատասխանեց վաճառականը, ― բոլոր այս արքայորդիների՝ իմ ուղեկիցների անունից աղաչում եմ ձերդ ողորմածությանը, որպեսզի մենք մեր հոգու վրա մեղք վերցրած չլինենք, ճանաչելով մի բան, որ մենք երբեք չենք տեսել և որի մասին երբեք չենք լսել, նամանավանդ որ դրանով մենք մեծ վնաս հասցրած կլինենք Ալկաբրիայի և Էստրեմագուրայի կայսրուհիներին և թագուհիներին․ ցույց տվեք այդ կնոջ որևէ պատկերը, անգամ եթե այդ պատկերը ցորենի հատիկից մեծ չլինի՝ չէ՞ որ ասվում է, թե բրդի փոքրիկ մի կտորից ճանաչվում է ոչխարը։ Այդ մեզ միանգամայն կհանգստացնի ու կհամոզի, ձերդ ողորմածությունն էլ բավարարված կլինի՝ ստանալով ցանկացածը։ Մենք հիմա իսկ այնքան հակամետ ենք համաձայնելու ձեզ, որ եթե պատկերի վրա, որ դուք մեզ ցույց կտաք, երևա, թե ձեր տիկնոջ մեկ աչքը կույր է, իսկ մյուսից խրուկ ու ծծումբ է ծորում, միևնույն է, մենք ի հաճույս ձերդ ողորմածության, կճանաչենք ինչ արժանիքներ էլ դուք հաճեք։
― Ոչինչ էլ նրա աչքից չի ծորում, ստոր սրիկա, ― զայրույթով վառված գոչեց դոն Կիխոտը, ― լսո՞ւմ եք, այդ տեսակ բան չկա։ Թանկագին մուշկ ու համպարի հոտ է բուրում նրանից, և նա բնավ մի աչքով կույր չէ, ոչ էլ կուզ, այլ վայելչակազմ՝ որպես Գուադարամայի իլիկ։ Դուք կպատժվեք այն մեծագույն պղծության համար, որով վիրավորեցիք իմ տիրուհու աննման գեղեցկությունը։
Եվ, ասելով այս խոսքերը, նա նիզակը ճոճեց և կատաղի ու ցասումնալից հարձակվեց իր խոսակցի վրա այնպես, որ եթե վերջինիս բախտից Ռոսինանտը ճամփի կեսին չսայթաքեր և վայր չընկներ, ապա հանդուգն վաճառականի բանը բուրդ կլիներ։ Ռոսինանտը վայր ընկավ, և դոն Կիխոտը գլորվեց մի կողմ։ Չնայած իր թափած ճիգերին, նա ոչ մի կերպ չկարողացավ ոտի ելնել՝ նրան շատ էին խանգարում նիզակը, վահանը, խթանները, սաղավարտը և ծանր, հին զենք ու զրահը։ Ապարդյուն ճգնելով բարձրանալ, նա միաժամանակ շարունակում էր խոսել։
― Մի՛ք փախչի, վախկոտներ, անպիտաններ, սպասեցեք։ Իմ մեղքը չէ, որ ես վայր ընկա, իմ երիվարն է մեղավոր։
Ջորեպաններից մեկը, որ, ըստ երևույթին, հեզ բնավորության տեր չէր, լսելով, որ վայր ընկած ասպետը շարունակում է վիրավորանքներ թափել իրենց գլխին, չհամբերեց և վճռեց՝ ի պատասխան, նրա բուրդը գզել։ Նա մոտեցավ դոն Կիխոտին, խլեց նրա ձեռքից նիզակը, կտոր֊կտոր արեց և մի կտորով սկսեց հարվածել մեր ասպետին այնպես, որ չնայած նրա զրահին, ջարդեց նրան, ասես մի ջվալ ցորեն։ Վաճառականները գոռում էին, որ նա դադարի, այլևս չխփի, բայց ջորեպանը ոգևորվել էր և չէր ուզում խաղն ավարտել, մինչև որ չսպառեց իր ցասումի որղջ պաշարը։ Նիզակի կտորները, մեկը մյուսի ետևից վերցնելով նա կոտրում էր՝ հարվածելով գետնին փռված, թշվառական ասպետի մեջքին, որը չնայած կարկուտի պես տեղացող հարվածներին չէր լռում և շարունակում էր սպառնալ երկնքին, երկրին և նրանց, որոնց նա ավազակների տեղ էր դնում։
Վերջապես ջորեպանը հոգնեց, և վաճառականները շարունակեցին իրենց ճամփան։ Ամբողջ ճամփորդության ընթացքում նրանք ասում ու խոսում էին ծեծ կերած ասպետի մասին։ Դոն Կիխոտը տեսնելով, որ թշնամիները հեռացան, նորից վեր կենալու փորձ արեց։ Սակայն եթե առաջ նա ողջ ու առողջ չէր կարողանում ոտի կանգնել, ապա հիմա՝ ծեծված, կիսամեռ վիճակում, ինչպե՞ս ելներ։ Այնուհանդերձ, նա իրեն երջանիկ էր համարում, երևակայելով, որ հենց այդպիսի ձախորդություններ են պատահում թափառական ասպետներին, և որ ամբողջ մեղքը ձիունն է։ Միայն թե վեր կենալ նա չէր կարողանում, այնքան էին ցավում նրա ոսկորները։
==Գլուխ V==
Որ շարունակում է մեր ասպետի ձախորդությունների պատմութմունը։
Այսպիսով համոզվելով, որ իրոք ի վիճակի չի տեղից շարժվելու, մեր ասպետը որոշեց դիմել իր սովորական դեղին, այսինքն՝ մտաբերել որևէ դեպք վեպերից։ Եվ նրա խելահեղ երևակայությանը ներկայացավ Բալդովինոյի և մարկիզ Մանտուացու տեսարանը, երբ որ Կարլոտոն վիրավոր Բալդովինոյին թողեց լեռներում․ մի պատմություն, որ լավ ծանոթ է մանուկներին, անհայտ չէ պատանիներին և վայելում է ծերերի սերն ու վստահությունը, և չնայած այդ ամենին, ավելի ստույգ չէ, քան Մոհամմեդի հրաշագործությունները։ Դոն Կիխոտին թվաց, որ այդ պատմությունը շատ սազում է իր ցավալի վիճակին։ Եվ ահա նա սկսեց գլորվել գետնին և խորունկ զգացմունքով կրկնել թույլ ձայնով խոսքեր, որ երգի հեղինակը դրել է վիրավոր Անտառի Ասպետի շուրթերում․
Արի՛, ցավս բաժանիր,
Ո՜հ, իմ տիկին փափկասուն,
Մի՞թե ցավս չգիտես,
Կամ թե ինձ չես ափսոսում։
Շարունակելով այս երգը՝ նա հասավ հետևայլ տողերին․
Մանտուանի դու իշխան,
Ո՜հ իմ տեր ու հորեղբայր։
Բախտն այնպես էր տնօրինել, որ այն պահին, երբ նա հասավ այս տողերին, ճանապարհով պատահմամբ մի գյուղացի էր անցնում, միևնույն գյուղի բնակիչ, որտեղից որ մեր ասպետն էր։ Նա վերադառնում էր ջրաղացից, որտեղ ցորեն էր տարել և, գետնին պառկած մարդ տեսնելով, մոտեցավ ու հարցրեց, թե ո՞վ է նա, ի՞նչն է ցավում և ինչո՞ւ է նա այդքան աղիողորմ հառաչում։ Դոն Կիխոտը երևի կարծեց, թե իր առջև իր հորեղբայր մարկիզ Մանտուացին է և այդ պատճառով ոչ մի բառ չարտասանեց, այլ շարունակեց իր երգը, որ ասում էր նրա դժբախտությունների մասին և կայսրորդու սիրո մասին՝ դեպի իր կինը, մի խոսքով այն ամենը, որ այդ երգում երգվում է։
Այս բոլոր անմտություններից գյուղացին ապշեց։ Հանելով դոն Կիխոտի երեսկալը, որ ջարդվել էր փայտի հարվածներից, նա սրբեց նրա փոշոտ դեմքը և սրբելուց հետո իսկույն ճանաչեց նրան և ասաց․
― Սինյոր Կիխադա (որովհետև նա այդպես էր կոչվում, քանի խելքը տեղն էր և խաղաղ հիդալգոյից թափառական ասպետ չէր դառել), այդ ո՞վ է ձերդ ողորմածության բուրդը գզել։
― Սակայն դոն Կիխոտը, առանց պատասխանելու, շարունակում էր իր երգը։ Ապա թե բարի մարդը ջանասիրությամբ, որքան որ կարող էր, հանեց նրա կրծկալն ու մեջկալը, որպեսզի տեսնի՝ վիրավորված չի՞ նա արդյոք։ Սակայն ոչ վերք, ոչ արյուն երևաց։ Հետո նա բարձրացրեց նրան գետնից և մեծ դժվարությամբ նստեցրեց իր էշի վրա, որովհետև նրան թվում էր, թե հիվանդի համար էշով գնալն ավելի հանգիստ կլինի, քան ձիով։ Վերջապես նա հավաքեց զենքերը, անգամ նիզակի կտորները, այդ ամենը կապեց Ռոսինանտի թամքին, բռնեց ձիու և էշի սանձերն ու ուղևորվեց դեպի գյուղ, խորհելով խելագար խոսքերի մասին, որ արտասանում էր դոն Կիխոտը։ Սակայն դոն Կիխոտն էլ պակաս մտահոգված չէր գնում, այնքան ջարդված ու տրորված էր, որ հազիվ էր կարողանում փալանի վրա նստած մնալ։ Մերթ ընդ մերթ նա խորը հոգոց էր քաշում, որ ասես հասնում էին երկնքին իսկ։ Այդ մղեց գյուղացուն դարձյալ հարց տալու, թե նրա ինչն է ցավում։ Պետք է կարծել, որ ինքը դևն էր հիշեցնում դոն Կիխոտին զանազան պատմություններ, հար ու նման իր սեփական արկածներին․ որովհետև այդ վայրկյանին նա մոռացավ Բալդովինոյին և մտաբերեց, թե ինչպես Անտեկերայի կառավարիչ Ռոդրիգո դե Նարվա՛եսը բռնել էր մավր Աթինդարբ՛նեսին և բանտարկել իր սեփական դղյակում։ Ուստի երբ որ գյուղացին երկրորդ անգամ հարցրեց նրանից, թե ինչպե՞ս է նրա քեֆը և ի՞նչն է ցավում, նա պատասխանեց նույն բառերով և դարձվածքներով, ինչպես գերի Աբենսերա՛եսը պատասխանեց Ռոդրիգո դե Նարվա՛եսին Խորգե դե Մոնտեմայորի «Դիանայի» մեջ, որ մեր ասպետը կարդացել էր։ Եվ նա այնքան աջող գործադրեց իր նկատմամբ այդ տեղը, որ գյուղացին անմտությունների այդ կույտը լսելով, պատրաստ էր հոգին սատանին վաճառելու։ Ահա այստեղ նա գլխի ընկավ, որ իր հարևանը ցնդել է և շտապեց շուտ տուն հասնել, որովհետև դոն Կիխոտի երկար ու բարակ ճառերը նրան սաստիկ ձանձրացրել էին։ Իսկ դոն Կիխոտը ի վերջո հայտարարեց․
― Իմացած եղեք, ձերդ ողորմածություն, սինյոր դոն Ռոդրիգո դե Նարվաե՛ս, որ գեղեցկուհի Խարիֆան, որի մասին ես նոր ասում էի ձեզ, այժմ չքնաղ Դուլսինեա Տոբոսացին է, ի պատիվ որի ես կատարեցի, կատարում եմ և կատարելու եմ այնպիսի փառավոր սխրագործոըթյուններ, որ ոչ ոք աշխարհիս երեսին չի տեսել, չի տեսնում և չի տեսնի երբեք։
Գյուղացին դրան պատասխանեց․
― Ախր հասկացեք, ձերդ ողորմածություն, սինյոր, վա՛յ ինձ, մեղավորիս, որ ես բնավ դոն Ռոդրիգո Նարվաե՛սը չեմ, ոչ էլ մարկիզ Մանտուացին, այլ Պեդրո Ալոնսոն՝ ձեր համագյուղացին, իսկ ձեր ողորմածությունը Բալդովինոն չէ, ոչ էլ Աբինդարբաե՛սը, այլ պատվավոր հիդալգո սինոր Կիխադան։
― Ես ինքս գիտեմ, թե ով եմ, ― հակաճառեց դոն Կիխոտը, ― այն էլ գիտեմ, թե կարող եմ լինել ոչ միայն այդ ասպետներից մեկն ու մեկը, այլ Ֆրանսիայի տասներկու պերերից և Փառքի ինը այրերից յուրաքանչյուրը, որովհետև նրանց կատարած սխրագործությունները բոլորը միասին և ամեն մեկն առանձին չեն հավասարվի իմ սխրագործություններին։
Շարունակելով խոսակցել այս եղանակով՝ նրանք իրիկնադեմին հասան գյուղ։ Սակայն գյուղացին սպասեց, որ բոլորովին մթնի, որովհետև նա չէր կամենում, որ մեկն ու մեկը տեսնի մեր հիդալգոյին՝ ծեծված և հազիվ էշի վրա նստած։ Երբ որ նրա կարծիքով հարմար ժամանակ հասավ, նա ներս մտավ գյուղը և դիմեց դոն Կիխոտի տունը։ Այստեղ բոլորը շփոթմունքի մեջ էին։ Եկել էին երկու նրա մտերիմ բարեկամները՝ տեղական դալլաքն ու քահանան, և խոսում էին տնտեսուհու հետ, որ բարձրաձայն բացականչում էր․
― Ի՞նչ կասեք, ձերդ ողորմածություն, սինյոր լիցենտիատ Պերո Պերես (այդպես էր քահանայի անունը) իմ տիրոջ դժբախտության մասին։ Ահա՛, երեք օր է, ինչ անհետացան և՛ նա, և՛ նրա քնձռոտ ձին, և՛ վահանը, և՛ նիզակը, և՛ զրահները։ Ա՜խ, ես դժբախտ կին եմ։ Ես այսպես եմ կարծում, և դա նույնպիսի ճշմարտություն է, ինչպիսին է այն, որ մենք ծնվել ենք մեռնելու համար։ Այն անիծյալ ասպետական վեպերը, որ նա շարունակ կարդում էր, նրան խելագարեցրին։ Ես հիմա մտաբերում եմ, որ նա քանիցս խոսելով ինձ հետ, ասում էր, որ ինքն ուզում է թափառական ասպետ դառնալ և գնալ զանազան երկրներ արկածներ որոնելու համար։ Սատանան և Բարրաբասը տանեն բոլոր այդ գրքերը, որ կործանեցի Լամանչի ամենաբանական գլուխը։
Նույնն էր ասում նաև դոն Կիխոտի քրոջ աղջիկը, որ դեռ ավելացնում էր․
― Գիտե՞ք, սինյոր վարպետ Նիկոլաս (այդպես էր դալլաքի անունը), հաճախ իմ սինյոր քեռին տարվում էր այդ անիծյալ վեպերի ընթերցանությամբ երկու օր, երկու գիշեր առանց դադարի։ Վերջը նա գցում էր գիրքը, բռնում սուրը և սկսում ծակել պատերը։ Իսկ երբ որ բոլորովին ուժասպառ էր լինում, հայտարարում էր, որ չորս հսկա է սպանել, որոնցից յուրաքանչյուրի հասակը չորս անգամ բարձր է աշտարակից։ Հոգնությունից նա քրտնաթոր էր լինում, իսկ ինքը պնդում էր, որ արյուն է հոսում իր վերքերից, որ նա ստացել է մարտի ժամանակ։ Ապա թե նա խմում էր մի մեծ փարչ սառը ջուր, թարմանում, հանգստանում, և հայտարարում, որ դա ջուր չէր, այլ թանկագին խմիչք, որ բերել է իր բարեկամը և մեծ կախարդ, իմաստուն Էսկիֆեն։ Սակայն այս ամենի մեղքն իմն է, որովհետև ես գլխի չընկա իմ սինյոր քեռու խելագարության մասին նախօրոք հաղորդել ձեր ողորմածություններին․ դուք վերջ կդնեիք, նախքան նա հասավ այս վիճակին, եթե այրեիք բոլոր այս աստվածահակառակ գրքերը (իսկ նա դրանցից շատ ունի), որ արժանի են խառույկի ոչ պակաս, քան հերձվածային գրությունները։
― Ես նույն կարծիքի եմ, ― վրա բերեց քահանան, ― խոսք եմ տալիս ձեզ, որ վաղն իսկ մենք աուտոդաֆեի կենթարկենք և կմատնենք կրակի, որպեսզի այլևս նրանց ընթերցողներին չհրեն դեպի այնպիսի գործեր, որ, երևի, կատարում է հիմա իմ խեղճ բարեկամը։
Դոն Կիխոտն իր ուղեկցի հետ լսեց այս բոլոր խոսակցությունը, և գյուղացու համար բոլորովին պարզվեց իր հարևանի ցավը։ Ուստի նա բարձրաձայն աղաղակեց․
― Բաց արեք, տիրուհի, ժամանել են ծանր վիրավորված սինյոր Բալդովինը և սինյոր մարկիզ Մանտուացին, նույն ինքը՝ սինյոր մավր Աբինդարրաե՛սը, որին, գերի վարած, բերում է արի Ռոդրիգո դե Նարվաե՛սը՝ Անտեկերի կառավարիչը։
Բոլորը դուրս վազեցին ձայնի վրա։ Տղամարդիկ ճանաչեցին իրենց բարեկամին, կանայք ― մեկը՝ իր տիրոջը, մյուսը՝ իր քեռուն, և բոլորը վրա տվին, որ գրկեն, մինչդեռ դոն Կիխոտը մնացել էր նստած էշի վրա, որովհետև ոչ մի կերպ չէր կարողանում իջնել։ Նա ասաց․
― Բոլորդ էլ համբերեցեք, իմ երիվարի երեսից ես ծանր վիրավորված եմ։ Ինձ տարեք դրեք անկողնի մեջ և, եթե հնարավոր է, կանչեցեք իմաստուն Ուրգանդային, որպեսզի նա կապի ու բուժի իմ վերքերը։
― Ի՜նչ դժբախտություն, տեսա՞ք, ― բացականչեց տնտեսուհին։ ― Սիրտս ճիշտ էր ասում, թե մեր սինյորի որ ոտն է կաղում։ Համեցեք, ձեր գալուստը բարի, ձերդ ողորմածություն, մենք կկարողանանք ձեզ բժշկել և առանց այդ Ուրգանդայի։ Մի անգամ էլ, հազար անգամ էլ անիծվեն այն ասպետական գրքերը, ահա՛ թե նրանք ձերդ ողորմածությանը որտեղ հասցրին։
Ապա նրանք դոն Կիխոտին տարան֊դրեցին անկողին և ուզում էին կապել նրա վերքերը, սակայն ոչ մի վերք չկար։ Նա բացատրեց, որ պարզապես ցավել է, որովհետև իր երիվար Ռոսինանտի հետ գլորվել է գետին մարտի ամենաթեժ պահին տասը հսկաների դեմ․ ավելի հանդուգն և կատաղի էակներ, նրա ասելով, աշխարհս չի ստեղծել։
― Պա֊պա֊պա, ― ընդհատեց քահանան, ― մեզանում հսկաներ են երևան եկել։ Երդվում եմ Մադոննայով, վաղն ևեթ, արևը դեռ մայր չմտած, նրանք բոլորը այրված կլինեն։
Եվ նրանք սկսեցին դոն Կիխոտին հարց ու փորձ անել, սակայն նա չուզեց նրանց բան պատմել, միայն խնդրեց, որ իրեն ուտելու բան տան և հանգիստ թողնեն, որովհետև ամենից շատ ուտելու և քնելու կարիք ունի։ Նրա ցանկությունը կատարեցին, ապա թե քահանան մանրամասն հարց ու փորձ արեց գյուղացուց, թե նա ինչպես գտավ դոն Կիխոտին։ Գյուղացին պատմեց և կրկնեց բոլոր անմտությունները, որ մեր ասպետն ասում էր թե՛ գետնին պառկած, թե՛ էշով գնալիս։ Այս տեղեկություններից հետո մեր լիցենցիատի մեջ առավել ևս ամրցավ իր ծրագիրն ի կատար ածելու ցանկությունը։ Նա այդպես էլ արեց՝ հետևյալ օրը նա անցավ իր բարեկամի՝ դալլաք վարպետ Նիկոլասի ետևից և նրանք երկուսով գնացին դոն Կիխոտի տունը։