Այնուհետև, որպեսզի ձեզ ցույց տաք աշխարհիկ գիտությունների գիտակ մարդ և մեծ տիեզերագետ, ջանացեք, որ ձեր պատմվածքում հիշատակվի Տախո գետը ― և ահա ևս մի հրաշալի ծանոթագրություն․ Տախո գետն իր հորջորջումն ստացել է Իսպանիայի թագավորներից մեկի անունից, նա իր սկիզբն առնում է այսինչ տեղում և հանգչում է ծով օվկիանոսում, համբուրելով փառապանծ Լիսաբոն քաղաքի պատերը․ ենթադրում են, որ նրանում կա ոսկու ավազ, և այլն։ Եթե առիթ ունենաք գողեր նկարագրելու, ես ձեզ կհաղորդեմ Կակի<ref>Գործող անձ հնադարյան դիցաբանությունից, Հերակկեսի եզների հափշտակողը։</ref> պատմություը, որն անգիր գիտեմ, եթե անառակ կանանց՝ եպիսկոպոս Մոնդոնյեդցին<ref>Անտոնիո դե Գևարա ― Մոնդոնյեդի եպիսկոպոս, Կառլոս V֊ի պատմագիրը, իր «Epistolas familiares» (հրատ․1603) գրվածքներում պատմում է հին ժամանակների կուրտիզանուհիների մասին։</ref> ձեզ կտրամադրի իր Լամիաներին, Լարիսաներին և Ֆլորաներին և նրան վկայակոչելը ձեզ կարժանացնի ընդհանուրի հարգանքին։ Եթե պատահի, որ խոսեք դաժան կանանց մասին՝ Օվիդիոսը ձեզ կառաջարկի իր Մեդեային․ եթե կախարդուհիների և վհկուհիների մասին՝ Հոմերոսը ձեզ կցուցի Կալիպսոյին, իսկ Վերգիլիոսը՝ Ցիրցեային․ եթե խիզախ զորավարների մասին՝ Հուլիոս Կեսարը ձեզ կառաջարկի ինքն իրեն իր Նոթերում, իսկ Պլուտարքոսը կտա ձեզ մի հզոր Ալեքսանդր։ Սիրո մասին խոսեք․ տոսկանական լեզվի հատիկաչափ գիտելիք ունենալով կգտնեք Լևոն Հրեային,<ref>Լեոն Էբրիո (գրող XV-XVI դարերում) ― իսպանական հրեա, որ վերաբնակվել է Իտալիայում։ Այն ժամանակներում մեծ ժողովրդականություն ստացած «Դիալոգներ սիրո մասին» գրվածքի (1535) հեղինակ։</ref> որը կդատարկի ձեզ համար մի լիքը չափ։ Իսկ եթե ձեզ հաճելի չէ շրջագայել օտար երկրներում, ապա ձեր տանն էլ կճարվի Ֆոնսեկայի երկը Աստվածային սիրո մասին,<ref>Ավգուստինյան աբեղա Քրիստոբալ Ֆոնսեկայի «Del amor de Dios» քննախոսությունը, որը հրատարակվել է 1594 թվականին։</ref> որում ամփոփված է այն ամենը, ինչ կարող է գրված լինել այդ մասին․ ո՛չ դուք, ո՛չ ամենանուրբ գիտակը չի ցանկանա ավելին։ Եվ այսպես, աշխատեցեք միայն ձեր պատմվածքի մեջ հիշատակել այդ անուններն ու շոշափել իմ թված երկերը, իսկ դիտողություններ և ծանոթագրություններ կազմելը ես վերցնում եմ ինձ վրա և երդվում եմ ձեզ, կլցնեմ ձեր գրքի բոլոր լուսանցքները և առնվազը չորս թերթ կգրեմ նրա վերջում։
Այժմ անցնենք զանազան հեղինակների ցուցակին, որ բերվում է ուրիշ գրքերում և պակասում է ձերին։ Սրա միջոցը շատ հասարակ է․ ձեզ միայն հարկավոր է գտնել մի գիրք, որտեղ թված լինեն բոլոր հեղինակները А֊ից մինչև Z, <ref>Ըստ երևույթին դա բանավեճի մի ելույթ է, Լոպե դե Վեգայի դեմ, որն իր «El Isidro» պոեմին միացրել էր իր կողմից այդ աշխատության մեջ օգտագործված 277 հեղինակների ցանկը։</ref> ինչպես արտահայտվում եք դուք, և այդ այբբենական ցանկը կզետեղեք ձեր գրքում․ և թեկուզ պարզից պարզ լինի խաբեությունը, ոչ մի դժբախտություն չի պատահի, որովհետև դուք ոչ մի կարիք չունեք փոխառություն անելու այդ հեղինակներից, իսկ գուցե և գտնվեն այնպիսի պարզամիտներ, որոնք կհավատան, թե ձեր անկեղծ և անխարդախ պատմվածքի մեջ այդ բոլոր երկերն օգտագործել եք։ Եվ եթե նույնիսկ հեղինակների երկար ցուցակը ձեզ ուրիշ բանի պետք չգա, համենայն դեպս նա միանգամից ձեր գրքին կտա նշանակալիություն, ― առավել ևս, որ ոչ ոք չի ստուգի, թե հետևե՞լ եք արդյոք այդ հեղինակներին, թե չեք հետևել, քանի որ դա ոչ ոքի հոգը չէ։ Բայց կասեմ ավելին․ եթե ես ճիշտ եմ հասկանում, ձեր պատմվածքն ամենևին կարիք չունի պաճուճանքի, որը, ձեր ասելով պակասում է նրան, որովհետև դա մերկացումն է ասպետական վեպերի, որոնց մասին երբեք չի հիշատակել Արիստոտելը, ոչինչ չի ասել սուրբ Բարսեղը, և ոչ մի պատկերացում չուներ Ցիցերոնը։ Նրա մտացածին անհեթեթությունները ոչ մի ընդհանուր բան չունեին ճշմարտության ստույգ պահանջների և աստղագիտության դիտողությունների հետ․ երկրաչափական չափումները նույնքան քիչ էական են նրա համար, որքան և փաստարկների ժխտումը, որոնցից օգտվում են ճարտասանները․ նա գործ չունի քարոզ կարդալու, խառնելով մարդկային գործերը աստվածային գործերի հետ, ― իսկ այդպիսի խառնումից պետք է զգուշանա ամեն մի խելացի քրիստոնյա։ Միակ բանը, որից պետք է օգտվեք ձեր երկում, դա նմանողությունն է, որովհետև որքան կատարյալ լինի նմանողությունը, այնքան ավելի լավ կլինի պատմվածքը։ Եվ քանի որ ձեր երկն ուղղված է սոսկ այն բանին, որպեսզի ոչնչացվի այն ազդեցությունն ու նշանակությունը, որ ունեն ասպետական վեպերը չլուսավորված ժողովուրդի մեջ, ապա կարիք չունեք աղերսելու փիլիսոփաներից ասացվածներ, սուրբ գրքից՝ խրատներ, պոետներից՝ հեքիաթներ, ճարտասաններից՝ ճառեր և սրբերից՝ հրաշքներ․ աշխատեցեք միայն, որ ձեր խոսքերը լինեն հասկանալի, արտահայտիչ, պատշաճ, լավ տեղադրված, և որպեսզի ձեր խոսքը հոսի կարկաչուն և գեղակառույց հաջորդականությամբ, թող ամենուրեք, ուր դա մատչելի ու հնարավոր է, դրսևորվի ձեր դիտավորությունը․ ձեր մտքերը շարադրեցեք հասկանալի, առանց շփոթելու և մթագնելու դրանք․ հոգ տարեք նաև այն մասին, որ ձեր պատմվածքն ընթերցելիս մելամաղձոտը ծիծաղի, զվարճասերն ավելի զվարթանա, պարզամիտը չձանձրանա, խելոքը հիանա ձեր հնարամտությամբ, որպեսզի լուրջ մարդը չարհամարհի այն, իսկ ողջամիտը չմերժի իր գովեստը։ Մի խոսքով, աչքից բաց մի թողեք ձեր նպատակը՝ քանդել այն երերուն հսկա շենքը ասպետական երկերի, որոնք շատերն ատում, բայց ավելի շատ մարդիկ էլ գովերգում են․ և եթե հասնեք դրան, դուք արդեն շատ բանի հասած կլինեք։
Խորին լրջությամբ ես ունկնդրեցի բարեկամիս ասածը և հիշողությանս մեջ այնպես տպավորվեցին նրա խոսքերը, որ առանց առարկելու ընդունեցի նրանց իրավացիությունը և որոշեցի նրանցից կազմել իմ նախաբանը։ Կարդալով այն, սիրելի ընթերցող, դու կտեսնես, թե որքան խելացի է իմ բարեկամը, և ինչպես բախտս բանեց, որ դժվար րոպեիս գտա մի այդպիսի խորհրդատու․ իսկ բացի այդ, դու թեթևություն կզգաս, տեսնելով, որ նշանավոր դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը քեզ առաջարկում եմ առանց գունազարդման և երկարաբանությունների, իսկ Մոնտեյլի շրջակայքի բոլոր բնակիչները մինչև այժմ էլ ասում են, որ այդպիսի ողջախոհ սիրահար և խիզախ ասպետ վաղուց ի վեր չի եղել իրենց կողմերում։ Ես չեմ ուզում չափազանցնել իմ ծառայությունները, ծանոթացնելով քեզ մի այդպիսի աչքի ընկնող ու հարգելի ասպետի հետ։ Բայց կուզենայի, որ շնորհակալություն հայտնեիր ինձ նրա հռչակավոր զինակրի՝ Սանչո Պանսայի հետ ծանոթացնելուս համար, որովհետև, ես կարծում եմ, որ միայն նրա մեջ կենտրոնացած են զինակիրների բոլոր արժանիքները, որոնց նկարագրությունը ցրված է տխմար ասպետական վեպերի անկարգ կույտի մեջ։ Եվ սրանով Աստված քեզ ողջություն տա, ինձ էլ չմոռանա։ Vale: