― Սա Ասպետության հայելին է։
― Ծանոթ է, ― պատասխանեց քահանան։ ― Մեջը սինյոր Ռեյնալդոս Մոնտալբանացին է թրև գալիս իր ընկերների և բարեկամների հետ, որոնք ավելի գող են, քան ինքը՝ Կակոն և Ֆրանսիայի տասներկու պերերը, իրենց ճշմարտապատում պատմաբան Տուրպինի հետ։ Ճշմարիտն ասած, ես նրանց կդատապարտեի ոչ ավել, մշտենջենական աքսորի, որովհետև նրանցից օգտվել էր իր գրվածքում հռչակավոր Մատեո Բոյարդոն, որից քրիստոնյա բանաստեղծ Լյուդովիկոս Արիոստոն փոխ է առել իր պոեմի հյուսվածքը։ Եթե այս վերջինս գտնվի մեր գրքերի մեջ, և մենք տեսնենք, որ նա ոչ թե իր մայրենի, այլ օտար լեզվով է խոսում, ես ոչ մի հարգանք չեմ տածի դեպի նա․ իսկ եթե նա իր լեզվով խոսելու լինի, ես նրան գլխիս վրա կդնեմ։<ref>Արևելյան վաղեմի սովորություն՝ Սուրբ Գիրքն կամ որևէ հրովարտակի հարգանք արտահայտելու ձև։</ref>
― Ես ունեմ իտալերենը, ― ասաց դալլաքը, ― միայն թե բան չեմ հասկանում։
― Ձեզ պետք էլ չէ հասկանալ, ― առարկեց քահանան, ― և մենք սիրով կներեինք նույնը սինյոր կապիտանին, <ref>Նկատի է առնվում Խերո՛նիմո դե Ուրտեան՝ Արիոստոյի իսպաներենի վատ թարգմանության հեղինակը։ (1556)։</ref> որովհետև նա հակառակ դեպքում չէր տարածի Իսպանիայում այդ գիրքը՝ այն կաստիլցի դարձնելով, մի բան, որ զրկում է նրան իր բազմաթիվ բնական հատկություններից։ Ասենք նույնն են անում նրանք, ովքեր փորձում են թարգմանել ոտանավորները, որովհետև թարգմանիչներն ինչքան էլ ջանասեր և հմուտ լինեն, նրանք երբեք չեն հասնի այն կատարյալ ձևին, ինչ ձևով նրանք առաջին անգամ ծնվել են։ Ուստի սրա, ինչպես և մնացած ֆրանսիական պատմության գրքերի նկատմամբ, որ գտնվելու լինեն այս գրադարանում, ես առաջարկում եմ այսպես վարվել՝ դարսել չորացած ջրհորի հատակին և այնտեղ պահել, մինչև որ ծանր ու բարակ խորհելուց հետո մենք կորոշենք թե ինչ անենք, բացառությամբ, սակայն, Բերնարդո դել Կարպիոյից, որ անշուշտ այստեղ նույնպես ապաստանած կլինի, մեկ էլ Ռոնսևալից։ Եթե սրանք իմ ձեռքն ընկնելու լինեն, ես իսկույն կհանձնեմ տնտեսուհուն, իսկ նա, առանց ներման նշույլի, կրակի գիրկը կնետի։
Դալլաքը համաձայնեց սրան և հայտարարեց, որ այս ամենը ճիշտ ու ճշմարիտ է, որովհետև նա գիտեր, որ քահանան այնքան բարի քրիստոնյա է և այնպիսի բարեկամ ճշմարտության, որ ոչ մի բան աշխարհիս երեսին նրան չի կարող հակառակը ասել տալ։ Ապա նա բաց արեց հետևյալ գիրքը՝ դա Օլիվացի Պալմերինն էր, որի կողքին կանգնած էր մի ուրիշը, որի վերնագիրն էր՝ Պալմերին Անգլիացի։ Տեսնելով սրանց՝ լիցենցիատն ասաց.