Թոմը կռացավ, գլխարկը հանեց և երգելով մտավ մութ դամբարանը.
<poem>
Վառ արև է երկնքում, Խարսաքարն է հանգչում լուռ,
Թռի՛ռ, գնա ու մեռի՛ր Խլուտաշխարհում մութ ու կույր,
Մուժոտ լեռներից անդին ծածկվիր թանձր մշուշով,
Որ շիրիմները հավետ չծածկվեն սև փոշով:
Քնի՛ր, քանի աշխարհը կատաղի է ու անսեր
Ու գիշերվա մութից էլ այգաբացի մութն է սև:
</poem>
Սրտաճմլիկ ու երկարատև գոռոցը եղավ նրա երգի պատասխանը, փլվեցին գերեզմանոցի խորքի կամարները, և լռություն տիրեց:
— Հապա մի արագ դուրս արի գերեզմանի թացությունից,– կարգադրեց Թոմը: — Դեռ պետք է ընկերներիդ արևի տակ դուրս բերենք:
Նրանք դուրս հանեցին Մերիին, Փինին, հետո Սամին: Աչքի պոչով Ֆրոդոն հողակույտի մեջ տեսավ կտրված թաթը, որը խլվլում էր կիսասատկած սարդի նման: Թոմը վերադարձավ դատարկ դամբարանը, ու այդտեղից թնդյուն ու ոտնաձայն լսվեց: Դուրս եկավ մի կապ զենք և ոսկե ու արծաթե, պղնձե ու բրոնզե, գույնզգույն քարերով դրվագված հին իրեր ձեռքին, բարձրացավ կանաչ գերեզմանաթումբն ու ավարը թափեց արևավառ խոտերի վրա:
Նա լուռ կանգնեց գլխարկը ձեռքին պահած, նայելով Գերեզմանոցի ստորոտում անշարժ պառկած երեք հոբիթներին: Հետո աջ ձեռքը վերև բարձրացնելով, հնչեղ ու հրամայական ասաց.
<poem>
Խաբսաքարն է խոր քնել, դե, շլդիկնե՛ր, արթնացե՛ք,
Բոմբանդիլը եկել է ձեր հետևից, տաքացե՛ք,
Սև դարպասը բացվել է, հոգեառ ձեռքն էլ չկա,
Չար մշուշը քամու հետ չքացել է, էլ չի՛ գա:
</poem>
Եվ ի անասելի ուրախություն Ֆրոդոյի, երեքն էլ վեր կացան, ձգվեցին, աչքները տրորեցին ու ոտքի թռան: Նրանք զարմացած նայում էին Ֆրոդոյին ու Թոմին, որ ամբողջ հասակով կանգնել էին նրանց գլխավերևում ու նայում էին իրենց կեղտոտ-սպիտակ քրջերին ու ոսկե զարդերին:
— Էս ի՞նչ նորություններ են,— ուզում էր սկսել Մերին, թափահարելով թեք դրված թագով գլուխը: Հանկարծ նա սսկվեց ու աչքերը փակեց: — Այո, հիշում եմ, ինչ եղավ,— խուլ փսփսաց նա: —Գիշերը նրանք հյուսիսից վրա տվեցին, նրանց թիվ ու համար չկար: Նիզակը խրվեց իմ սիրտը,— նա կուրծքը բռնեց: — Դե չէ, սա ի՞նչ բան է,— գոռաց նա դժվարությամբ գլուխը բարձրացնելով: — Ոնց որ երազ լինի... Ուր էիր կորել, Ֆրոդո...
— Երևի ճանապարհից շեղվել եմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ավելի լավ է այդ մասին չհիշենք: Եղածն անցած է: Իսկ հիմա՝ ճանապարհ ընկնենք:
— Ի՞նչ ճանապարհ, տեր իմ,— բացականչեց Սամը,— ես ինչ է, տկլո՞ր եմ գնալու: — Նա գլխից գցեց թագը, գոտին, մատանիները, վրայից պոկեց սավանը և սկսեց խոտերի մեջ աչքերով փնտրել, ասես սպասելով ինչ-որ մոտիկ տեղ տեսնել իր հոբիթական հագուստը՝ բաճկոնը, տաբատը, թիկնոցը:
— Իզուր մի փնտրեք ձեր հագուստը, միևնույնն է, չեք գտնի,— ասաց Թոմը դամբանաբլուրից վայրկենապես ցած թռչելով և հոբիթների շուրջը պար գալով, ասես ոչինչ չէր եղել: