Կամաց֊կամաց, զորով֊գեժով գնալով, ― որովհետև դոն Կիխոտի ծնոտների անդադրում ցավերը թույլ չէին տալիս արագացնելու ընթացքը, Սանչոն, որպեսզի իր տիրոջը մի բանով ցրած լինի, որոշեց նրա հետ զրույց սկսել և շատ ուրիշ բաների թվում, նա արտահայտվեց մի բանի մասին, որի մասին մենք կիմանանք հետևյալ գլխից։
==Գլուխ XIX==
Սանչո Պանսայի և նրա տիրոջ խելացի խոսակցության և դրան հաջորդած մեռած մարմնի արկածի մասին, ինչպես և այլ նշանավոր անցք ու դեպքերի մասին
Թվում է ինձ, սինյոր, բոլոր այս աղետները, որ թափվում են մեզ վրա վերջին ժամանակս ― պատիժ է, որովհետև ձերդ ողորմածությունը խախտել է ասպետական օրենքը և չի կատարել իր երդումը՝ սուփրի վրա հաց չուտել, թագուհու հետ չզվարճանալ և շատ ուրիշ բան, որ դուք խոսք եք տվել չանել, մինչև որ Մալանդրինի սաղավարտը ձեռք չբերեք կամ գուցե այդ մավրին ուրիշ տեսակ են կոչում, էլ չեմ հիշում։
― Դու չես սխալվում, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ճիշտն ասած, այդ երդումը բոլորովին դուրս էր թռել գլխիցս։ Այդ քիչ է, կարող ես հավատացած լինել՝ վերմակի վրա քեզ վեր֊վեր թռցնելը հենց այն պատճառով պատահեց քեզ, որ դու ինձ ժամանակին այդ չհիցեցրիր։ Բայց ես կհարթեմ իմ հանցանքը, որովհետև ասպետական կանոններում նախատեսնված են ամեն մեղքի քավության հնարները։
― Ես խոմ ոչ մի երդում չեմ կերել, ― բացականչեց Սանչոն։
― Կարևոր չէ՝ երդվել ես, թե չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Ա՛յն էլ բավական է, որ իմ կարծիքով քեզ կարելի է մեղսակից համարել։ Ինչ էլ լինի, պետք է փորձել մեր սխալն ուղղել։
― Քանի որ այդպես է, ― ասաց Սանչոն, ― ապա աշխատեցեք, ձերդ ողորմածություն, գոնե այդ չմոռանալ, ինչպես մոռացաք ձեր երդումը, թե չէ, ով գիտի, տեսիլները մեկ էլ կցանկանան գլխիս օյին բերել և ձեր ողորմածության գլխին, երբ նրանք տեսնելու լինեն, ձեր համառությունը։
Այս և սրա նման խոսակցություններ էին անում նրանք և նախքան գիշերելու օթևան գտան ու հասան, ճամփին վրա հասավ գիշերը։ Իսկ ավելի վատն այն էր, որ նրանց սկսել էր կեղեքել քաղցը, որովհետև պայուսակի հետ նրանք կորցրել էին իրենց ուտելու պաշարը։ Եվ, այստեղ, ի լրումն ամենի, նրանց պատահեց ամենաիսկական, բնավ ոչ մտացածին արկած։ Թեև գիշերը բավական մութն էր, նրանք առաջ էին շարժվում, որովհետև Սանչոն վճռել էր, որ քանի որ սա բանուկ ճանպարհ է, նրանք մեկ֊երկու մղոնից պետք է որ իջևանի հանդիպեն։ Եվ ահա, այն միջոցին, երբ նրանք երկուսով ― սոված զինակիրը և նրա տերը, որ նմանապես հակառակ չէր մի բան ուտելու ― այսպես թափառում էին միասին մթության մեջ, հանկարծ ճամփին նրանք տեսան բազմաթիվ կրակներ, որ շարժվում էին ընդառաջ և նման էին մոլորված աստղերի։ Նրանց տեսնելուց Սանչոն սարսափահար եղավ, ասենք՝ դոն Կիխոտի տրամադրությունն էլ փչացավ։ Մեկը քաշեց էշի սանձը, մյուսը՝ ձիու և երկուսն էլ կանգ առան, ուշի֊ուշով մտիկ տալով, թե դա ինչ կարող է լինել։ Նրանք նկատեցին, որ կրակներն իրենց կողմն են շարժվում և քանի մոտենում, այնքան մեծանում են։ Այդ տեսնելով Սանչոն դողաց, ինչպես սնդիկից թունավորված մարդ, ասենք դոն Կիխոտի մազերն էլ բիզ֊բիզ կանգնեցին։ Մեր ասպետը մի փոքր հուզված ասաց․
― Անտարակույս, Սանչո, սա մեր մեծագույն և վտանգավոր արկածներից մեկն է, որի միջոցին ես պետք է հայտնաբերեմ իմ ողջ ուժն ու արիությունը։
― Կորա՜, ― բացականչեց Սանչոն։ ― Եթե սրանք էլ տեսիլներ են, ― իսկ նման է, որ այդպես է, ― որտեղի՞ց կողեր գտնեմ, որ նոր քոթակին դիմանամ։
― Եթե անգամ ամենաիսկական տեսիլներ էլ լինեն, ― հայտարարեց դոն Կիխոտը, ― ես նրանց թույլ չեմ տա, որ քո շորի մեկ թելին ձեռք տան։ Եթե անցյալ անգամ նրանք քեզ քալագի մեջ գցեցին, ապա միմիայն այն պատճառով, որ ես չկարողացա ցանկապատից բակն անցնել։ Բայց հիմա մենք բաց դաշտում ենք, և այստեղ տեղ կա թուր քաշելու։
― Իսկ եթե նրանք դարձյալ ձեզ հմայե՞ն ու մեխե՞ն ձեր տեղում, ինչպես այն անգամ, ― ասաց Սանչոն, ― ի՞նչ օգուտ, որ բաց դաշտում ենք։
― Համենայն դեպս, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― խնդրում եմ, մի՛ վհատիր։ Դու հիմա գործով կտեսնես, թե ինչ արիության տեր եմ ես։
― Կաշխատեմ Աստծու օգնությամբ քաջանալ, ― պատասխանեց Սանչոն։
Ճանապարհից մի քիչ ծռելով, նրանք նորից սկսեցին պրպտող հայացքով զննել, փորձելով ջոկել, թե ինչ կրակներ են նրանց վրա շարժվում և շուտով նշմարեցին լայնարձակ վերարկուներ հագին բազմաթիվ կերպարանքներ։ Այս ահավոր տեսարանը Սանչոյին հալից գցեց, նրա ատամները զարկվում էին իրար, ասես տենդի մեջ լիներ։ Բայց նրա դողը ավելի սաստկացավ և ատամներն ավելի ուժեղ սկսեցին զարկվել, երբ որ նրանք ամեն ինչ տեսան։ Նրանց հայացքի առջև ներկայացան մոտ քսան ձիավոր՝ ճերմակ, լայնարձակ վերարկուներով, որ գալիս էին, վառ ջահերը ձեռներին, հուղարկավորական սայլի առջևից, որի հետևից ևս վեց նման ձիավոր էր հետևում, որոնք մինչև իրենց ջորիների սմբակները սուգ էին կապել։ Որ դրանք ջորիներ էին, այլ ոչ թե ձիեր, իսկույն երևում էր նրանց հանգիստ քայլվածքից։<ref>Առջևից գնում էին սպիտակազգեստ հոգևորականները, իսկ հետևից՝ հանգուցյալի ազգականներն ու բարեկամները, որոնք սև էին հագել։</ref> Լայնարձակ վերարկուներով ձիավորները դանդաղ շարժվում էին առաջ, քթի տակ ինչ֊որ մրթմրթալով կամացուկ ու լալագին ձայնով։ Այսպիսի արտասովոր մի տեսարան, այսքան ուշ ժամին և այսպիսի մի ամայի վայրում, կարող էր խռովեցնել ում ասես, ոչ միայն Սանչոյին։ Ավա՜ղ, ինչո՞ւ նույնը չպատահեց դոն Կիխոտին։ Այն իսկ պահին, երբ Սանչոն վերջնականապես ընկել էր հոգով, բոլորովին հակառակը կատարվեց նրա տիրոջ մեջ, որի երևակայությանը կենդանագրվեց մեկն այն արկածներից, որ նկարագրված են նրա վեպերում։
Նրան թվաց, թե հուղարկավորական սայլը սգի կառք է, որի վրա տանում են ինչ֊որ մեռած կամ ծանր վիրավորված մի ասպետ և որ հենց ինքը՝ դոն Կիխոտը, պետք է որ նրա վրեժը լուծի։ Ուստի, առանց երկար խորհելու, նա ճոճեց իր նիզակը, ամրացավ թամբի վրա և, վեհ կերպարանք ընդունելով, ղոչաղ տեսքով դուրս եկավ ճամփի մեջտեղը, որտեղից պիտի անցնեին լայնարձակ վերարկուներով ձիավորները։ Եվ երբ որ նրանք բոլորովին մոտեցել էին, նա բարձրաձայն գոչեց․
― Կանգ առեք, ասպետներ, կամ ով էլ լինեք, և իսկույն ասացեք ինձ, թե ովքե՞ր եք դուք, ո՞ւր եք գնում, ո՞ւսկից եք գալիս և ո՞ւմ եք տանում սայլի վրա։ Որովհետև ըստ ամենայնի երևում է, որ դուք ինչ֊որ ոճրագործության մեղապարտներն եք կամ զոհերը։ Ուստի ես պետք է իմանամ, թե բանն ինչ է, որպեսզի կամ պատժեմ ձեզ ձեր արածի համար, կամ վրեժ լուծեմ ձեզ հասցրած վիրավորանքի համար։
― Մենք շտապում ենք, ― ասաց լայնարձակ վերարկու հագածներից մեկը, ― իսկ մինչև իջևանը դեռ հեռու է։ Ուստի մենք ժամանակ չունենք քեզ երկար ու բարակ բացատրություններ տալու։
Եվ, խթանելով ջորուն, նա կամեցավ կողքից անցնի։ Դոն Կիխոտը, այդպիսի պատասխանից սաստիկ վիրավորված, բռնեց ջորու սանձը ու ասաց․
― Կանգ առեք, համբակներ, և պատասխանեցեք իմ հարցերին։ Հակառակ դեպքում ես ձեզ բոլորիդ մարտի եմ կանչում։
Ջորին վախկոտ էր, և երբ որ նրա սանձը բռնեցին, նա այնպես խրտնեց, որ հետի ոտների վրա կանգնեց և վրան նստածին գետին գցեց։ Կողքից գնացող ծառան, տեսնելով, որ տերը վայր ընկավ, սկսեց հայհոյել դոն Կիխոտին։ Այն ժամանակ առանց այն էլ կատաղած դոն Կիխոտը իսկույն նշան բռնեց նիզակով և վրա տվեց սև հագած մարդկանցից մեկի վրա, որ սաստիկ ջարդ կրելով գետին գլորվեց։ Ապա դոն Կիխոտը հարձակվեց մյուսների վրա և պետք էր տեսնել, թե ինչ արագությամբ էր նրանց հախիցը գալիս։ Թվում էր, թե Ռոսինանտը թև էր առել ― այնպես թեթև և հպարտ սուրում էր ետ ու առաջ։ Լայնարձակ վերարկուներով ձիավորները բոլորն էլ երկչոտ և անզեն մարդիկ էին, ուստի և մի ակնթարթում, առանց պայքարի, նրանք թողին ճամփան և փախան դաշտի զանազան կողմերը՝ վառ ջահերը ձեռներին։ Նրանք նման էին ուրիշի շորեր հագած մարդկանց դիմակահանդեսում, որոնք զվարճանում են բարեկենդանի գիշերներին։ Իսկ սևազդեցիկների ոտները փաթաթվել էր իրենց լայնարձակ վերարկուների փեշերին, ուստի նրանք չէին կարող արագ շարժվել, մի բան, որ դոն Կիխոտին թույլ տվեց առանց առանձին դժվարության փառավոր ջարդ ու բուրդ անել նրանց բոլորին և ստիպել, որ կամա֊ակամա կռվի դաշտը իրեն զիջեն։ Եվ իսկ որ նրանց թվում էր, թե դա մարդ չէ, այլ սատանա, որ հանդես է եկել դժոխքից, որպեսզի սայլի վրա դրած դին գողանա։
― Նայելով այս ամենին, Սանչոն միայն զարմանում էր իր տիրոջ խիզախությունից և խորհում՝ « երևի թե իրոք իր տերն այնպես խիզախ ու զորեղ է, ինչպես որ ասում էր»։ Ջորուց վայր ընկածի մոտ, գետնին, մի վառ ջահ կար, որի լույսից դոն Կիխոտը նկատեց պառկածին։ Մոտենալով նրան, նա իր նիզակի սուր ծայրը դրեց նրա դեմքին և հրամայեց, որ անձնատուր լինի՝ սպառնալով, որ կսպանի նրան։ Սա պատասխանեց․
― Ես ավելի քան անձնատուր եմ եղել, որովհետև ջարդել եմ ոտս և չեմ կարող տեղիցս շարժվել։ Աղաչում եմ, ձերդ ողորմածություն, եթե դուք բարի քրիստոնյա եք, ինձ մի՛ք սպանի, որովհետև ես լիցենտիատ եմ և արդեն իսկ հոգևոր կոչում եմ ընդունել։
― Բայց ի՞նչ սատանա ստիպեղ ձեզ, ― բացականչեց դոն Կիխոտը, ― հոգևոր անձիդ, խառնվել այս պատմության մեջ։
― Ո՞վ խառնեց ինձ նրա մեջ, ― հարցրեց տապալվածը, ― իմ չար բախտը։
― Ավելի վատթար կլինի ձեր բախտը, ― ասաց դոն Կիխոտը, ― եթե դուք կարգին չպատասխանեք այն հարցին, որ ես սկզբից ևեթ տվի։
― Սիրով կբավարարեմ ձերդ ողորմածությանը, ― պատասխանեց լիցենցիատը։ ― Ուրեմն, թույլ տվեք զեկուցեմ ձերդ ողորմածությանը, որ թեև ես հիմա ինքս ինձ լիցենցիատ անվանեցի, ես իրոք ընդամենը բակալավր եմ Ալանսո Լոպես անունով, ծնված Ալկոբենդասում։ Ես գալիս էի Բաես քաղաքից, այն տասնմեկ քահանաների հետ, որ ջահերը ձեռին փախան և մենք ուղևորվեցինք Սեդովիա, ուղեկցելով այս սայլի վրայի մարմինը մի ազնվականի, որ մեռել էր Բաեսում։ Նա սկզբից այնտեղ թաղված է եղել, իսկ հիմա մենք նրա աճյունը փոխադրում ենք նրա տոհմական դամբարանը, Սեդովիա, որտեղ նա ծնվել է։
― Ո՞վ է նրան սպանել, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Աստված, փտած ջերմախտի օգնությամբ, որ նրան գերեզման տարավ։
― Եթե այդպես է, ― ասաց դոն Կիխոտը, ― ապա Աստված ինձ ազատել է այդ մարդու վրեժը լուծելուց, որովհետև նրա մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ։ Քանի որ նա մեռել է, մնում է ինձ, նրան մահ ուղարկողի կամքով, ձեռքերս խփեմ ծնկներիս, ինչպես եթե այդ ինձ պատահեր։ Պետք է ասեմ, ձերդ արժանապատվություն, որ ես լամանչեցի ասպետ եմ, դոն Կիխոտ անունով, իմ զբաղմունքն ու կոչումն է՝ թափառել աշխարհովս մեկ՝ արկածի հետևից ընկած, ամենուրեք արդար դատաստան անելով և պատժելով չարագործությունը։
― Էլ չգիտեմ, ― ասաց բակալավրը, ― ինչպես եք արդար դատաստան կտրում, միայն թե իմ ոտը դուք այնպես շտկեցիք, որ մինչև իմ կյանքի վերջը տեղը չի ընկնի և ձեր բարի գործը ես երբեք չեմ մոռանա։ Այս արկածը իսկ որ ինձ համար չարաբաստիկ եղավ։
― Միշտ էլ մեր ուզածի պես դուրս չի գալիս, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ցավն այն է, սինյոր բակալավր, որ ձեր խելքին փչել է մեծ ճամփա ելնել գիշերը, ինչ֊որ փարաջաներով, վառ ջահերով, սգազդեցիկ, անհասկանալի մրթմրթոցով, ասես այն աշխարհից ելածներ լինեք։ Բնական է, որ ես չէի կարող չհարձակվել ձեզ վրա, իմ պարտականությունը կատարած լինելու համար։ Ես այդ կանեի, անգամ եթե դուրս գար, որ դուք ուղղակի սատանի հրոսակներ եք, ինչպես մինչև վերջին վայրկյանը դուք ինձ ներկայանում էիք։
― Երևի ճակատագիրս է եղել այդ, ― ասաց բակալավրը։ ― Սակայն, սինյոր թափառական ասպետ, քանի որ դուք ինձ այդպիսի դժբախտություն եք պատճառել, գոնե հիմա, խնդրում եմ, օգնեցեք, որ ջորու տակից դուրս գամ, որովհետև ասպանդակի մեջ մնացած ոտս ճզմել է փալանով։
― Ա՜յ խնեթ, ― գոչեց դոն Կիխոտը, ― ինչո՞ւ ապա առաջ դուք ինձ այդ չասացիք։
Նա իսկույն կանչեց Սանչոյին։ Սակայն սա ստիպեց իրեն երկար սպասել, զբաղված լինելով մի ջորու բեռ քակելով, որ ամեն տեսակ ուտելիքներով շատ բեռնված լինելով, այս բարի մարդկանց հետևից էր գալիս։ Իր վերարկուն պարկ դարձնելով և մեջը դնելով այնքան բարիք, ինչքան կարողացավ վերցնել և մեջը տեղավորել, Սանչոն այդ ամենը գցեց էշի բեռը և միայն դրանից հետո եկավ իր տիրոջ կանչի վրա։ Նա օգնեց նրան սինյոր բակալավրին ջորու տակից հանելու և ապա, խեղճին փալանի վրա նստացնելով, ձեռքը տվեց ջահը, ապա թե դոն Կիխոտը նրան առաջարկեց, որ գնա հասնի իր ուղեկիցներին և հայտնի նրանց, որ ինքը ներողություն է խնդրում հասցրած ակամա վիրավորանքների համար, որ նա հարկադրված էր հասցնելու։ Իսկ Սանչոն դրան ավելացրեց․
― Եթե այդ սինյորները ցանկանալու լինեն իմանալ, թե ով է այն քաջարին, որ այնքան ճարպիկ նրանց հախիցը եկավ, ― ասացեք նրանց, ձերդ ողորմածություն, որ հռչակավոր դոն Կիխոտն է, Տխուր Պատկերի Ասպետ կոչեցյալը։
Երբ որ բակալավրը շարժվեց, դոն Կիխոտը հարցրեց Սանոյից, թե ինչո՞ւ նրա խելքին հանկարծ փչեց իրեն Տխուր Պատկերի Ասպետ անվանել։
― Իսկույն բացատրեմ ձեզ, ― պատասխանեց Սանչոն։ ― Ջահի լույսի տակ մի վայրկյան ձեզ տեսա թե չէ, այն ջահի, որ այն դժբախտը հիմա տանում է, իսկույն ինձ թվաց, որ ձեր տեսքը, ճիշտն ասած, այնքան թշվառ է, որքան առաջ երբեք ես չէի տեսել։ Երևի դա նրանից է, որ ձեզ սաստիկ հոգնեցրեց ճակատամարտը, գուցե և ատամների կորստից։
― Պատճառը բնավ այդ չէ, ― ասաց դոն Կիխոտը, ― այլ ամենից շուտ այն, որ այն իմաստությունը, որին վիճակված է գրելու իմ սխրագործությունների պատմությունը, երևի, հարմար է դատել, որ ես ինձ համար որևէ մականուն ընտրեմ, ինչպես անցած ժամանակների բոլոր ասպետները՝ մեկը կոչվելիս է եղել Բոցավառ Թրի Ասպետ, մյուսը՝ Միապոզ, սա՝ Կույսերի ասպետ, նա՝ Ֆյունիի կամ Թևավոր Արծվի կսմ թե չէ Մահվան Ասպետ, և այդ անուններով նրանք հայտնի դարձան երկրագնդի վրա։ Այ, ես կարծում եմ, որ այդ իմաստունն է ներշնչել քեզ ինձ Տխուր Պատկերի Ասպետ կոչել։ Այսուհետև ես ընդունում եմ այդ անունը և, որպեսզի ընդմիշտ մնա, առաջին իսկ հնարավորության դեպքում կհրամյեմ, որ վահանիս վրա մի վշտալից դեմք նկարեն։
― Կարիք չկա դրա վրա ժամանակ ու փող ծախսելու, ― ասաց Սանչոն։ ― Բավական է, որ դուք բաց անեք ձեր երեսը և ցույց տաք բոլոր ցանկացողներին, և ամեն մեկը, առանց վահանի վրա որևէ նկարի, իսկույն ևեթ ձեզ Տխուր Պատկերի Ասպետ կկոչի, կարող եք վստահ լինել։ Հավատացնում եմ ձեզ, սինյոր, ― առակն անխոտելի է, ― քաղցն ու ջարդված ատամները այնպես են պճնել ձեր դեմքը, որ կրկնում եմ, դուք կարող եք միանգամայն առանց վշտատեսիլ նկարի յոլա գնալ։
Դոն Կիխոտը ժպտաց Սանչոյի այս սիրալիրության վրա, այնուամենայնիվ, վճռեց ընդունել նոր մականունն ու զարդարել տալ իր վահանը մտածած պատկերով։
― Թվում է ինձ, Սանչո, ― նկատեց դոն Կիխոտը, ― որ ես ենթակա եմ բանադրանքի նրա համար, որ քահանայի վրա ձեռք բարձրացրի՝ juxta illud: Su guis suadenie diabolo etc.,<ref>«Բացի դրանից՝ եթե մեկը սատանայի սադրանքով և այլն»՝ Տրիդենտյան եկեղեցական ժողովի որոշումներից մեկի տեքստն է։</ref> թեև, ճիշտն ասած, ես նրա վրա ոչ թե ձեռքս, այլ այս նիզակը բարձրացրի։ Եվ բացի այդ, ես կարծում էի, որ հարձակվում եմ ոչ թե քահանաների և հոգևորականների վրա, որոնց ես սաստիկ պատվում ու հարգում եմ, որպես բարի կաթոլիկ, այլ ինչ֊որ հրեշների վրա, ա՛յն աշխարհից ելածների վրա։ Սակայն եթե իսկապես այդպես էլ լիներ, ապա ես շատ լավ հիշում եմ Սիդ Ռուի Դիասի դեպքը, երբ որ նա ջարդեց նորին սրբազանության պապի ներկայությամբ մի թագավորական դեսպանի աթոռը։ Պապը դրա համար բանադրեց նրան։ Այնուհանդերձ, փառապանծ Ռոդրիգո դե Վիլվարն այն օրը վարվեց որպես արժամավոր և ազնիվ ասպետ։
Լսելով այդ բակալավրը հեռացավ,<ref>Այստեղ Սերվանտեսը ինչ֊որ անհարթություն է երևան բերում, բակալավրն արդեն մեկնել էր նախքան դոն Կիխոտի և Սանչոյի վերջին բառարկությունը։</ref> ինչպես մենք արդեն ասացինք, առանց մի խոսք ասելու, իսկ դոն Կիխոտը կամեցավ ստուգել, իրա՞վ, որ սայլի վրա մարդկային մարմին է դրած։ Սանչոն, սակայն, նրան հետ կասեցրեց։
― Սինյոր, ― ասաց նա, ― այս վտանգավոր արկածը ձերդ ողորմածության համար ավելի երջանիկ վախճան ունեցավ, քան բոլոր նախընթացները։ Բայց ձեր հաղթած և փախուստի ենթարկված մարդիկ կարող են թերևս, գլխի ընկնել, որ նրանց ընդամենը մի հատիկ մարդ է հաղթել։ Եվ հիմա, ամոթահար ու չար, նրանք դեռ ընդունակ կլինեն, գուցե վերադառնալու ու ձեր բուրդը գզելու։ Իմ էշը կանոնավոր վիճակում է, լեռները մոտ են, քաղցն իրեն զգալ է տալիս, ― ավելի լավ չէ՞ միթե արագ֊արագ հեռանանք այստեղից։ Մեռածին, ինչպես ասվում է, գերեզման, իսկ ապրողին՝ հաց։
Եվ բռնելով էշի սանձը՝ նա առաջարկեց իր տիրոջը հետևել իրեն և վերջինս, գիտակցելով, որ Սանչոն արդարացի է, ճամփա ընկավ առանց որևէ առարկության։ Երկու բլուր անցնելուց հետո, նրանք շուտով դուրս եկան մի ընդարձակ, ամեն կողմից փակ դաշտ, որտեղ երկուսով էլ իջան։ Սանչոն վերցրեց իր էշի բեռը, ապա թե, մեկնվելով կանաչ խոտի վրա, ասպետն ու զինակիրը՝ ի հաստատումն կանոնի, որ լավագույն խոհարարը քաղցն է, իսկույն նախաճաշեցին, ճաշեցին, ընթրեցին, լցնելով իրենց ստամոքսը բազմաթիվ սառը խորտիկներով, որ եկեղեցական սինյորները (հազվադեպ իրենց մասին մոռացող) տանում էին իրենց հետևից, ջորու վրա։ Սակայն այստեղ նոր դժբախտություն հանդես եկավ, վատթարագույնը Սանչոյի համար, այսինքն՝ նրանք ոչ միայն գինի, այլ անգամ ջուր չունեին, որ կոկորդները թրջեն։ Այստեղ ծարավից պապակվող Սանչոն, նկատելով, որ դաշտը ծածկված է կարճ, թարմ խոտով, ասաց, ― իսկ թե ինչ, մենք կիմանանք հետևյալ գլխից։