Շուշի քաղաքի բնակչության զբաղմունքների եւ նրա տնտեսության պատկերը 1852 թվականին, ինչպես տեսնում ենք, շատ ցայտուն է ստացվում։ Շուշին XIX դարի կեսերին ներծկայանում է մեզ որպես տիպիկ միջնադարյան քաղաք, որտեղ հին արտոնյալ դասակարգերի՝ խաների, բեկերի, ազնվականների ւե հոգեւորականների կողքին լայն զարգացում է ստացել արհեստավորական, տնայնագործական արտադրությունը՝ խոշոր արդյունաբերական ֆաբրիկա—գործարանային արտադրության համարյա լրիվ բացակայության պայմաններում, եւ առեւտուրը, որ ստեղծել է հարուստ վաճառականների ուժեղ խումբ եւ մեծ քանակությամբ մանր առեւտրականներ։ Խոշոր առեւտուրը ստացել է արտաքին առեւտրի բնույթ, Ռուսաստանի (Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի եւ այլ քաղաքների), Անդրկովկասի (Թիֆլիսի) եւ արտասահմանյան շուկաների (Թավրիզի, Պոլսի, Լայպցիգի) հետ։
Շուշու վաճառականները, որոնք լայն առեւտուր են անում արտաքին շուկաներում, ընդհանրապես շատ քիչ են արտահանում այն նյութերից, ինչ արտադրում էր Շուշի քաղաքը կամ Ղարաբաղը, այլ առեւտրի մեջ միջնորդի դեր են խաղում, կուտակելով ավելի եւ ավելի միջոցներ, որոնք շատ չնչին չափով են հատկացվում քաղաքի կամ գավառի արտադրության լայնացման գործին։
1852 թ․ վերաբերյալ տվյալները միանգամայն հաստատում են Մ․ Թաղիադյանի ասածները Շուշում առեւտրական կապիտալի զարգացման մասին, որ վերաբերում են XIX դարի 20֊ական թվականներին, թեեւ Թաղիադյանը գուցե եւ քիչ չափազանցնում է Շուշու խոշոր հայ վաճառականների կապիտալի գումարները, հաշվելով այն միլիոններով։ Շուշու վաճառականների կուտակած կապիտալը XIX դարի 20֊ական թվականներից մինչեւ նույն դարի հիսնական թվականները հազիվ պակասած լինի եւ միլիոններից հասած մի քանի հարյուր հազարների, այսինքն այն թվերի, որ բերում է Կոնտորովիչը, այլ ընդհակառակը, պետք է ավելացած լինի եւ, որ գլխավորն է, խոշոր առեւտրականների քանակը, անշուշտ, մինչեւ XIX դարի կեսերը պետք է ավելացած լինի շնորհիվ այն բարենպաստ պայմանների, որ ստեղծված էին չունեւոր բնակչության շահագործման համար ցարական ինքնակալության լծի տակ։ Ազգաբնակչության առեւտրական եւ արհեստավորական խավերի մեջ սոցիալական հակասությունները նույնպես աճել էին, մինչդեռ քաղաքի արհեստավորները, ինչպես եւ մանր վաճառականները, ավելի եւ ավելի քայքայվում էին, խոշոր առեւտրականները գնալով ավելի էին ուժեղանում, իրենց ձեռքը հավաքելով քաղաքը կառավարելու սանձերը եւ նրա կուլտուրական հիմնարկները։
Դ) Շուշու տնտեսությունը եւ հասարակական կյանքը XIX դարի երկրորդ կեսին
XIX դարի երկրորդ կեսին Շուշին շարունակում էր մնալ Անդրկովկասի ամենախոշոր քաղաքներից մեկը, 80֊ական թվականներին իր բնակչությամբ զիջելով միայն Թիֆլիսին եւ Բաքվին։ Շուշին նույնիսկ ավելի բնակիչներ ուներ, քան իր նահանգական կենտրոնը՝ Գանձակը (Ելիզավետպոլը)։
Շուշու բնակչության զգալի աճին զուգահեռ XIX դարի երկրորդ կեսին անկասկած տեղի է ունենում նաեւ նրա տնտեսության աճը։ Ծավալվում են շինարարական աշխատանքները, կառուցվում են նոր ու բարեկեցիկ բնակելի շենքեր, աճում է քաղաքային տնտեսությունը, անց է կացվում կոյուղի։ Գնալով ընդարձակվում են քաղաքի առեւտրական կապերը։ Շուշուց խճուղի է անցկացվում մինչեւ Եվլախ երկաթուղային կայարանը, հաղորդակցության նոր ճանապարհներով կապվում է Զանգեզուրի, Նախիջեւանի եւ Ղափանի հետ։ Շուշու վրայով քարավանային ճանապարհ է անցնում, որով քաղաք են տեղափոխվում Նախիջեւանի աղը եւ Ղափանի պղինձը, քաղաքում ստեղծվում են բազմաթիվ խանութներ եւ առեւտրական տներ։
Ինչպես երեւում է Բաքվի արքունական պալատի գործից, քաղաքի առեւտրի ընդհանուր ստուգման մատյանի համաձայն (սկսված է 1877 թվականի դեկտեմբերի 3֊ից եւ վերջացրած 1880 թ․ ապրիլի 12֊ին), Շուշի առաջին մասում (հայկական թաղամասում) կա 371 առեւտրական եւ արդյունաբերական ձեռնարկություն, իսկ երկրորդ մասում (մահմեդական) 581 ձեռնարկություն, միասին վերցրած 952 առեւտրական եւ արդյունաբերական ձեռնարկություններ<ref>Архив Министерства внутренних дел, отдел исторический, фонд 43, опись 43—1, единица хранения 309 մահմեդական (երկրորդ) թաղամասում ձեռնարկությունների թիվը ավելի է ստացվում, որովհետեւ հայկական թաղամասում մենք հանդիպում ենք միայն մի մահմեդական ազգանունի (№
336, բաղնիքի տեր), իսկ քաղաքի երկրորդ մասում ձեռնարկատերերի մեջ կան բազմաթիվ հայկական ազգանուններ (№№ 514, 520, 523, 524, 533, 576, 578, 579, 580 եւ ուրիշներ)։</ref>։
Բացի դրանից, Շուշի գավառի Ջրաբերդ (Челябюрт) տեղամասի համար (челябюртский участок Шушинского уезда) բերված են գործատերերի 28 անուն֊ազգանունը եւ նրանց ձեռնարկությունների բնույթը։
Այս գործը, ինչպես եւ Բաքվի արքունական պալատի մի այլ գործ, որ վերաբերվում է Շուշու գավառին եւ սկսված է 1876 թվականի դեկտեմբերի 15֊ին եւ վերջացված 1877 թ․ հունվարի 24֊ին՝ ուղղված Շուշու գավառապետի կողմից Բաքվի արքունական պալատը<ref>См. Архив Министерства внутр. дел Азерб. ССР, отдел исторический, фонд 43, отдел I, № 273․ Գործում Շուշում 970 ձեռնարկության անուն է բերված, տրված է ձեռնարկությունների տերերի անուն, ազգանունները, համարյա բոլոր անունների մոտ գրված է «շուշեցի» եւ «Շուշու բնակիչ»։ Բայց հարց է ծագում, թե արդյոք բոլոր ձեռնարկությունները գտնվում են քաղաքում, թե նաեւ Շուշու գավառում։</ref>, որոշ պատկերացում է տալիս այն մասին, թե Շուշի քաղաքում որքան առեւտրական եւ արդյունաբերական (ավելի շուտ արհեստավորական) ձեռնարկություններ կան, մատնանշելով նրանց տերերի անուն֊ազգանունները եւ ձեռնարկությունների բնույթը։ Քաղաքի ձեռնարկությունների ցուցակը քիչ թե շատ լրիվ է, ինչ վերաբերում է քաղաքից դուրս գտնվող ձեռնարկություններին, ապա նրանց ցուցակը թերի է։ 1877—80 թվականներին վերաբերվող ցուցակներում խոսվում է միայն Շուշի գավառի Ջրաբերդ տեղամասի վերաբերյալ, իսկ մյուս տեղամասի նկատմամբ ոչինչ չի ասվում։
Համենայն դեպս՝ մի բան պարզ է, որ 1880 թվականին Շուշի քաղաքում կան մոտ 950 առեւտրական եւ արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ 1876—77 թվականներին՝ դրանցից մի քիչ ավելի։ Ճիշտ է, այս ձեռնարկությունները արհեստավորական֊տնայնագործական են, իսկ առեւտրական ձեռնարկությունների մեջ շատերը՝ մանր խանութներ, բայց առեւտրական ձեռնարկությունների տերերի մեջ կային նաեւ խոշոր մանուֆակտուրիստներ, գալանտերիայի առեւտրականներ, այլեւս չեմ խոսում այն մասին, որ կային նաեւ գործարանատերեր եւ ֆաբրիկանտներ։
Շուշին XIX դարում առեւտրական բազմաթիվ կապերով կապված էր Ռուսաստանի եւ արտասահմանյան շուկաների հետ։ Առեւտրական եւ արհեստավորական ձեռնարկությունների շարքերը ձգված էին Շուշու հիմնական մագիստրալ գծով՝ Երեւանյան փողոցով դեպի ցած, սկսած Վերին դարբասից (զորանոցից) փոստի մոտով դեպի Չերքիզենց խանութները, Թոփխանան, Ղափանը, Ղազանչեցոց եւ Ագուլյաց եկեղեցիները, այնուհետ դեպի քաղաքի մահմեդական մասը՝ Շեյթանբազարը, իսկ այդ շարքերի առանձին ճյուղերը անցնում էին դեպի հայկական թեմական դպրոցը, գնում ցաթ, անցնում Շուշու քաղաքային դպրոցի մոտով եւ նորից մտնում մահմեդական թաղամասը։ Առեւտրական եւ արհեստավորական 952 ձեռնարկությունները Շուշի քաղաքի համար, անշուշտ, մեծ թիվ է նույնիսկ, եթե նրանց մեջ գերակշռում էին մանր ձեռնարկությունները։ Դրանք աշխատում էին ոչ միայն քաղաքի համար, ապրանքները եւ արհեստավորների արտադրանքը գնում էին Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղի գյուղացիները, ներառյալ եւ Ղարաբաղի քոչվոր անասնապահները, որովհետեւ ամբողջ Ղարաբաղում չկար մի այլ քաղաք, որը ավելի մեծ արտադրություն կամ վաճառելու ապրանքներ ունենար եւ կարողանար բավարարել Ղարաբաղի բնակչության սպառողական պահանջները, քան Շուշին։ Բացի դրանից, հաշվի առնենք եւ այն հանգամանքը, որ Շուշու ձեռնարկությունների ապրանքները վաճառվում էին նաեւ Ղարաբաղի սահմաններից դուրս (Զանգեզուրում, Ղափանում եւ այլուր) եւ նույնիսկ արտասահմանյան շուկաներում։ Ղարաբաղի գյուղերում նույնպես բացվում էին մանուֆակտուրա վաճառող խանութներ, մանավանդ կենտրոնական գյուղերում, որտեղով անցնում էին քոչի ճանապարհները (Աղդամում, Բարդայում, Խաչենում (Առաջաձորում), Աղջաբադիում եւ շատ այլ կետերում)։ Այդ վաճառական ձեռնարկությունները բացողը կամ նրանց ապրանքներ մատակարարողը հաճախ շուշեցի առեւտրականներ էին։
Միաժամանակ Շուշին դառնում է համեմատաբար խոշոր արդյունաբերական արտադրության, մանավանդ մետաքսագործության կենտրոն։ Ճիշտ է, մետաքսի թել քաշող եւ ոլորող գործարանները մեծ մասամբ տեղավորվում էին ոչ թե բուն Շուշի քաղաքում, այլ Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերում (Խնձորեստանում, Կրկժանում, Քարին տակ գյուղում, Դաշբուլաղում, Սղնախում, Չանախչիում, Ղշլաղում եւ այլ գյուղերում)<ref>Հայ գյուղացիության թշվառ վիճակը, բանվորական ուժի էժան, համարյա ձրի օգտագործումը, բանվորական ուժի շահագործման նկատմամբ պետական վերահսկողության բացակայությունը, գյուղերում վառելափայտի ավելի էժան լինելը, քան թե Շուշի քաղաքում, եւ ջրի առատությունը գավառում, որ անհրաժեշտ էր մետաքսամանվածքային արդյունաբերության համար, այս բոլորը մետաքսի արդյունաբերությունը քաշում էր դեպի գյուէեր եւ ոչ թե Շուշի քաղաքը։</ref>։ Մետաքսագործական արդյունաբերական ձեռնարկությունների տերերը մեծ մասամբ շուշեցի կապիտալիստներն էին (Հարունովները, Ներսեսովները, Տեր֊Գրիգորյանները, Տեր֊Մկրտչյանները եւ այլն), ձեռնարկությունների վարչության կենտրոնները գտնվում էին Շուշում։ Մեզ հաջողվել է ձեռք բերել 1915 թ․ Շուշու գավառում եղած մետաքսի թել մանող եւ թել ոլորող գործարանների պաշտոնական ցուցակը, որ կազմված եւ ստորագրված է այդ գործարանների ավագ տեսուչների կողմից, որտեղ կան մանրամասն տեղեկություններ 22 այդպիսի գործարանների մասին, սկսած 1915 թւ հունվարի մեկից մինչեւ 1916թ․ հունվարի մեկը<ref>Архив министерства внутр. дел Азерб. ССР, отд. исторический, фонд 875, опись 1֊ая, един. хранение 1, сведение о шелко-материальных и шелкокрутильных заводах в Шушинском уезде в 1915 г. (с 1 янв. 1915 г. по 1 янв. 1916 г.) по данным старшего фабричного инспектора Елисаветпольской губернии.</ref>։ Նրանց արտադրանքն ուղարկվում էր Շուշի, Մոսկվա, Վարշավա, Մարսել։
Մեր հիշատակած փաստաթղթի տվյալները վերաբերում են 1915 թվականին Լեռնային Ղարաբաղի մետաքսամանվածքային եւ մետաքսակարժային գործարաններին, բայց երբ ի նկատի ենք առնում, թե երբ են հիմնվել այդ գործարանները, պարզվում է, որ նրանցից մոտավորապես կեսը հիմնադրված է XIX դարի 80֊ական թվականներին, հետեւապես այդ մասին տված տեղեկությունները իրավունք են տալիս դատելու, որ սխալ չի լինի այդ տվյալները վերագրել XIX դարի վերջին տարիներին, այսինքն մեզ հետաքրքրող ժամանակաշրջանին եւ համարել, որ մետաքսի գործարանները Լեռնային Ղարաբաղում արդեն ամուր հիմքերի վրա էին դրված։
Մեր ասածները հաստատվում են 1893 թ․ «Կովկասյան օրացույցում» տպագրված լրացուցիչ տվյալների շնորհիվ եւ անմիջապես վերաբերում են բնութագրվող ժամանակաշրջանին<ref>Кавказский календарь на 1883 г.</ref>։ Աղյուսակ №2 տեղեկություն է տալիս, թե որքան ֆաբրիկա եւ գործարան կա Գանձակում, Նուխում, Շուշում ու Շուշու գավառում, որքան բանվորներ են այնտեղ աշխատում եւ ինչ գումարի արտադրանք են տալիս։
Աղյուսակ №2

Քաղաքներ

Ֆաբրիկաների եւ գործարանների քանակը

Բանվորների քանակը

Արտադրանքի գումարը

Գանձակում

102

220

40960 ռ․

Նուխում

230

1839

526314 ռ․

Շուշում

11

32

10000 ռ․

Շուշի գավառում

74

862

330115 ռ․

Իհարկե, շատ դժվար է երաշխավորել այս թվերի ճիշտ լինելը։ Սակայն այստեղ հաստատվում է մի բան․ Շուշին XIX դարի վերջում հեռու էր ֆաբրիկա֊գործարանային կենտրոն լինելուց, փաստորեն նա առեւտրական եւ արհեստավորական արտադրության կենտրոն էր։ Բերված փաստերի հիման վրա դժվար է ասել, թե ինչպիսի ձեռնարկություններ են Շուշու գավառի 74 ֆաբրիկա֊գործարանները, բայց կասկածից դուրս է, որ նրանց զգալի քանակը մետաքս մանելու եւ ոլորելու գործարաններ են։ Այդ մասին վկայում է նաեւ Նուխու գերակշռող տեղը աղյուսակում ձեռնարկությունների, բանվորների քանակի եւ արտադրանքի գումարի նկատմամբ։ Չէ որ Անդրկովկասում XIX դարի երկրորդ կեսին մետաքսագործությունը նշանավոր տեղ էր գրավում, իսկ Նուխին այդ ժամանակ նրա արտադրության ամենանշանավոր կենտրոններից մեկն էր համարվում։
Շուշում նշանավոր էր նաեւ գորգերի արտադրությունը։ Բրոկհաուզ եւ Եֆրոնի հանրագիտական բառարանում Շուշու մասին մենք կարդում ենք․ «Շուշին Կովկասում գորգագործության ամենախոշոր կենտրոնն է, որի արտադրությունը սպառվում է նահանգի սահմաններից դուրս շատ հեռու եւ հասնում է Մոսկվա եւ Պետերբուրգ։ Գորգերի արտադրությունը տնայնագործական է։ Գորգագործությամբ զբաղվում են հայերը եւ մանավանդ թաթարները (կանայք)։ Կան մի քանի մետաքս մանող գործարաններ։ Մետաքսի եւ գորգերի աշխույժ առեւտուր է գնում, որը համարյա բացառապես գտնվում է տեղի հայերի ձեռքին»<ref>Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, 1904, книга 79, тем 40, стр. 25.</ref>։
Եթե Բրոկհաուզ եւ Եֆրոնի հանրագիտական բառարանի ասածները, որոշ վերապահությամբ, վերագրենք XIX դարի վերջին, մենք այն ժամանակվա Շուշին կարող ենք համարել Անդրկովկասի խոշոր առեւտրական կենտրոններից մեկը, որտեղ համեմատաբար թույլ էր զարգացած ֆաբրիկա֊գործարանային արտադրությունը։ Նույնիսկ գորգագործությունը, որով ըստ Բրոկհաուզի եւ Եֆրոնի բառարանի, Շուշին համարվում է Անդրկովկասի ամենախոշոր կենտրոնը, եւ նույնպես տնայնագործական բնույթ է կրում։
Առհասարակ XIX դարի վերջին Շուշին չի կորցրել միջնադարյան քաղաքի իր բնույթը։ Բնակչության արհեստավորական խավերը դեռեւս շարունակում են պահպանել համքարային կազմակերպության գծերը։ Քաղաքից դուրս կազմակերպվող համքարական տոներն ու զբոսանքները դեռեւս շարունակվում են, գոյատեւում է արհեստավորների բաժանումն ըստ համքարությունների, մնում են միսկյարների, ատաղձագործների, կոշկակարների եւ այլ համաքարությունները։ Համքարության ներսում մնում են վարպետները, են
<references />