― Եվ աշխարհիս երեսին կյանքդ փափուկ կլինի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև հոր ու մորից հետո պետք է պատվել տերերին, ասես նրանք ծնողներ լինեն։
==Գլուխ XXI==
Որ զրուցում է մեծ արկածի մասին և Մամբրինի թանկագին սաղավարտի նվաճման մասին, ինչպես և այլ անցք ու դեպքերի մասին, որ պատահեցին մեր անհաղթ ասպետին
Անձրևը մաղեց և Սանչոն տրամադիր էր պատսպարվելու մահուդի գործարանի ծածկի տակ։ Սակայն իր զինակրի ծաղրից հետո դոն Կիխոտն այնպես էր ատել այդ գործարանը, որ ոչ մի դեպքում չէր ուզում այնտեղ մտնել։ Ուստի նա ծռեց դեպի աջ և դուրս եկավ ճամփան, որ նման էր այն ճամփին, որով նրանք նախօրյակին ընթանում էին։ Շուտով դոն Կիխոտը հեռվում մի ձիավոր տեսավ, որի գլխին ինչ֊որ առարկա կար, որ փայլում էր ոսկու պես։ Հազիվ էր նկատել նրան, որ նա դիմեց Սանչոյին և ասաց․
― Ինձ թվում է, Սանչո, որ յուրաքանչյուր առածի մեջ ճշմարտություն կա, որովհետև այդ բոլոր ասույթները դուրս են բերված փորձից, որ բոլոր գիտությունների մայրն է։ Առանձնապես արդարացի է առածը, որ ասում է՝ մի դուռ փակվեց, մյուսը բացվեց։ Ասելս այն է, որ երեկ բախտը փակեց մեր առջև մեր որոնած արկածի դուռը և խաբեց մեզ մահուդի գործարանով, իսկ այսօր լայն բաց է անում մի ուրիշ դուռ, որ տանում է դեպի մի այլ և ավելի հաստատ արկած։ Եթե ինձ չհաջողվի մտնել այս դռնով, ես ինքս կլինեմ մեղավոր և այլևս անկարելի կլինի արդարանալ մուրճի ձայների անծանոթությամբ և գիշերվա խավարով։ Ասելս այն է, որ եթե չեմ սխալվում, մեր դիմաց մարդ է գալիս, որի գլխին Մամբրինի սաղավարտն է դրած, հենց այն սաղավարտը, որ ես երդվել եմ ձեռք բերել։
― Մտածեցեք, ձերդ ողորմածություն, թե ի՞նչ եք ասում, ― պատասխանեց Սանչոն, ― և ավելի՝ թե ի՜նչ եք անում։ Սա էլ երկրորդ մահուդի գործարանը դուրս չգա և վերջնականապես չկործանի մեզ։
― Սատանան քեզ տանի, ― գոչեց դոն Կիխոտը, ― ի՞նչ առնչություն կա սաղավարտի և մահուդի գործարանի միջև։
― Ես ի՞նչ իմանամ, ― պատասխանեց Սանչոն, ― սակայն եթե ես առաջվա պես կարողանայի ազատ խոսել, ապա, անշուշտ, այնպիսի փաստեր կբերեի, որ ձեզ համոզեին, թե դուք սխալ եք։
― Ինչպե՞ս կարող եմ ես սխալվել, վախկոտ դավաճան, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Դե, ասա, մի՞թե դու չես տեսնում, որ մեր դիմաց գորշ ձի հեծած ձիավոր է գալիս, գլխին՝ ոսկե սաղավարտ։
― Տեսնում ու նկատում եմ, ― պատասխանեց Սանչոն, ― որ ինչ֊որ մարդ է գալիս էշ նստած։ Նրա էշն էլ, իմի պես, գորշագույն է և մարդու գլխին ինչ֊որ փայլուն բան կա։
― Հենց այդ էլ Մամբրինի սաղավարտն է, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Մի կողմ քաշվիր և թող ինձ նրա հետ երես առ երես, և դու կտեսնես, թե ինչպես առանց ավելորդ խոսքերի և ժամանակ կորցնելու ես կկատարեմ այս սխրագործությունը և սաղավարտը, որ ես այնքան փափագում էի ունենալ, իմ ձեռքը կընկնի։
― Մի կողմ քաշվելն ինձ համար դժվար չէ, ― պատասխանեց Սանչոն, ― միայն թե կրկնում եմ տա Աստված, որ սա խնկածաղիկ դուրս գա և ոչ մահուդ գործելու մուրճ։
― Ասացի ձեզ, եղբայր, որ դուք չհանդգնեք և ոչ մի խոսքով հիշեցնելու այն մուրճերը, ― ընդհատեց դոն Կիխոտը, ― թե չէ, գետինը մտնեմ․․․ չեմ ուզում վերջացրած լինեմ խոսքս, ― ես հոգիդ կհանեմ։
Սանչոն լռեց, վախենալով, որ տերը կարող է կատարել իր երդումը, որ թռավ նրա շուրթերից, թեթև փետուրի պես։
Իսկ հիմա պետք է պատմենք, թե այդ ինչ սաղավարտ, ձի ու ձիավոր էր, որ նկատել էր դոն Կիխոտը։ Այս շրջանում երկու գյուղ կար և նրանցից մեկն այնքան փոքր էր, որ ո՛չ դեղատուն ուներ, ո՛չ դալլաք, իսկ մյուսը, որ հարևան էր, ուներ և՛ այս, և՛ այն։ Եվ ահա մեծ գյուղի դալլաքը սպասարկում էր նաև փոքրիկ գյուղը, որտեղ հենց այդ ժամանակ մի գյուղացի ածիլվելու կարիք ունեցավ, իսկ մի ուրիշը, հիվանդը, արյուն պիտի առնել տար։ Դրա համար էլ գնում էր դալլաքը և հետը պղնձե աման էր տանում։ Իսկ որովհետև բախտը բերեց, որ ճամփին անձրև եկավ, ապա նա, չկամենալով թրջել գլխարկը (երևի նորն էր), դրել էր գլխին ամանը, որ այնքան լավ մաքրված էր, որ նրա փայլը կես մղոն հեռավորությունից երևում էր։ Գնում էր գորշ էշով, ինչպես ճիշտ նկատել էր Սանչոն, ― իսկ դոն Կիխոտի աչքին իսկույն երևացին և՛ գորշ ձին, և՛ ասպետը, և՛ ոսկե սաղավարտը, որովհետև ինչ որ նրա աչքին երևում էր, նա իսկույն հարմարեցնում էր իր ասպետական ցնդաբանություններին և անմիտ երևակայությանը։ Տեսնելով, որ խեղճ մարդը բոլորովին մոտ է, դոն Կիխոտը, անհրաժեշտ չհամարելով նրա հետ խոսակցության բռնվելը, սաստիկ արագությամբ, որին ընդունակ էր Ռոսինանտը, նիզակը ճոճելով վրա տվեց՝ մտադրված լինելով ծակել նրան։ Մոտենալով նրան՝ մեր ասպետը, ձին չպահելով, գոռաց․
― Պաշտպանվի՛ր, թշվառ արարած, կամ թե կամովին տուր ինձ այն, ինչ որ ամենայն իրավամբ ինձ պիտի պատկանի։
Տեսնելով, որ անսպասելի կերպով ինչ֊որ տեսիլ հարձակվում է իր վրա, դալլաքը, հարվածից պրծնելու համար, ավելի լավ բան չգտավ, քան էշից գետնին թրմփալ։ Հազիվ էր դիպել գետնին, որ եղջերուի ճարպկությամբ ոտի կանգնեց և այնպիսի արագությամբ փախուստ տվեց դաշտում, որ քամին էլ նրան չէր հասնի։ Որովհետև ամանը գետնին ընկած էր, դոն Կիխոտը բավականացավ դրանով և ասաց, որ հեթանոսը խոհեմ վարվեց, հետևելով կղբի օրինակին, որը որսորդի վրա հասնելու միջոցին պոկում է իրենից և ատամներով կրծում֊կտրում այն, ինչի համար, ինչպես հուշում է նրան բնազդը, իրեն հետապնդում են։ Դոն Կիխոտը հրամայեց, որ Սանչոն վերցնի սաղավարտը և վերջինս իր ձեռքն առնելով ասաց․
― Լագանը, Աստված վկա, վատը չէ՝ ութ ռեալ, մինչև վերջին գրոշը, պետք է վճարել սրա համար։
Ապա նա տվեց իր տիրոջը, որը իսկույն դրեց գլխին և սկսեց շուռ տալ ամեն կողմ, դիմակալ որոնելով։ Չգտնելով նա ասաց․
― Երևի հեթանոսի մոտ մնաց, որի չափսով առաջին անգամ կռած֊կոփած է եղել և որի գլուխը սաստիկ մեծէ եղել, իսկ ամենավատը այն է, որ այս սաղավարտի կեսը պակաս է։
Երբ որ Սանչոն լսեց, որ դալլաքի լագանը սաղավարտ է անվանվում, չկարողացավ իր ծիծաղը զսպել, բայց այստեղ նա հիշեց, թե ինչպես իր տերը նոր զայրացավ և իսկույն զսպեց իր ուրախությունը։
― Ինչի՞ համար ես ծիծաղում, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Ես ծիծաղում եմ, ― պատասխանեց Սանչոն, ― մտածելով, թե որքան մեծ պիտի եղած լիներ հեթանոսի գլուխը, որին պատկանում էր սաղավարտը։ Ախր, երկու կաթիլ ջրի պես նա նմանում է դալլաքի լագանի։
― Գիտե՞ս ինչ անցավ գլխովս, Սանչո։ Այս հռչակավոր կախարդական սաղավարտը, երևի, արտասովոր դիպվածով այնպիսի մարդու ձեռք է ընկել, որ նրան չի ճանաչել և չի կարողացել ըստ արժանվույն գնահատել, և ահա՛, տեսնելով, որ այս սաղավարտը զուտ ոսկուց է, առանց հասկանալու, թե ինչ է անում, կեսը հալել է, որ փող աշխատի, իսկ մյուս կիսից շինել է այն, ինչ որ քո խոսքերով քեզ դալլաքի լագան է թվում։ Էհ, մեկ բան է՝ ինչպես էլ լինի, ես հո գիտեմ, ինչ բան է և ինձ համար այդ կերպարանափոխությունը կարևորություն չունի։ Առաջին իսկ գյուղում, որտեղ դարբնոց կլինի, մենք նորից կռել կտանք և այն ժամանակ մարտի Աստծու համար դարբինների Աստծու սաղավարտը ոչ միայն առաջնություն չի ունենա սրա առջև, այլ չի էլ համեմատվի սրան։ Իսկ մինչ այդ ես նրան կկրեմ նույնիսկ այս ձևով, որովհետև դարձյալ մի բանը լավ է, քան ոչինչ, առավել ևս, որ նա ինձ լիովին կարող է պաշտպանել քարերի կարկուտից։
― Այո՛, իհարկե, ― պատասխանեց Սանչոն, ― եթե միայն թշնամիները քարը պարսերով նետելու չլինեն, ինչպես այն անգամ, երկու զորքերի բախման միջոցին, երբ որ նրանք ձեր ողորմածության ատամնրը ջարդեցին և կոտրեցին ամանը այն օրհնած խմիչքի, որից քիչ էր մնում բոլոր փորոտիքս դուրս թափեի։
― Ես այնքան էլ չեմ ցավում այդ կորուստից, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դու հո գիտես, Սանչո, որ ես նրա պատրաստելու եղանակը անգիր գիտեմ։
― Այո՛, հիշում եմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Բայց տեղնուտեղը գետինը մտնեմ, երբ կյանքումս գեթ մի անգամ պատրաստեմ և համը առնեմ։ Համ էլ չեմ կարծում, որ երբևիցե կարիք լինի, որովհետև ես կաշխատեմ իմ բոլոր հինգ զգայարանները լարել, որպեսզի երբեք ոչ ոքի չվիրավորեմ և ինքս էլ չվիրավորվեմ։ Գալով նրան, որ ինձ մեկ էլ վերմակի վրա վեր֊վեր թռցնեն, խոսք չեմ տալիս, այդպիսի դժբախտությունները դժվար թե կարելի լինի կանխել և, երբ որ նրանք պատահում են, բան չի մնում, բայց եթե գլուխը ուսերի մեջ խրել, շունչը կտրել, աչքերը խուփ անել և մատնվել բախտի և վերմակի կամքին։
― Դու վատ քրիստոնյա ես, Սանչո, ― պատասխանեց դրան դոն Կիխոտը, ― որովհետև երբեք չես մոռանում վիրավորանքը, որ քեզ մեկ անգամ հասցրած են լինում։ Իմացած եղիր, որ ազնիվ և մեծահոգի սրտերը մանր֊մունր բաների վրա ուշ չեն դարձնում։ Մի՞թե դու դրանից հետո կաղ դառար։ Թե՞ քո կողը կոտրեցին, կամ ջարդեցին գլուխդ։ Ինչո՞ւ ապա դու չես կարողանում մոռանալ այդ կատակը։ Չէ՞ որ վերջի վերջո դա կատակ ու զվարճություն էր և եթե ես այդ բանին այլ աչքով նայեի, ես, անշուշտ, կվերադառնայի այնտեղ և, քո վրեժն առնելով, այնպիսի ավերածություն կգործեի, ինչպիսին հույները չգործեցին Հեղինեին փախցնելու համար։ Ասենք, եթե Հեղինեն մեր ժամանակ ապրելու լիներ կամ իմ Դուլսինեան՝ Տրոյայի օրոք, ապա այդ հույնուհին այդքան դյուրին չէր հռչակվի իր գեղեցկությամբ։
Այստեղ նա գլուխը վեր բարձրացրեց և խորը հառաչեց։ Իսկ Սանչոն ասաց․
― Լավ, թող դա հանաք լինի, քանի որ մենք չենք կարող ինչպես հարկն է վրեժ լուծել ― թեև ես շատ լավ գիտեմ, թե իրականում դա ի՜նչ հանաք էր, ինչպես և այն, որ երբեք չի ջնջվի իմ հիշողությունից, ասենք՝ մեջքս էլ չի մոռանա։ Էհ, թողնենք, ավելի լավ է՝ ահա՛ թե ինչ ասեք ինձ՝ ի՞նչ անենք այս գորշ ձիուն,<ref>Բնագրում «այս Մարտինոյին» (Մամբրինի աղավաղված անունն է):</ref> որ շատ նմանում է գորշ էշի, որ անտեր է թողել այն ղոչաղը, որին ձերդ ողորմածությունը գետին տապալեց։ Դատելով նրանից, որ նա Վիլյադյեգոյից պակաս փախուստ չտվեց, դժվար թե նա իր անասունի հետևից գալու լինի։ Երդվում եմ միրուքովս, որ գորշը վատը չի՜։
― Իմ կանոններից դուրս է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― իմ հաղթահարված թշնամիներին թալանելը, ասենք՝ ասպետական սովորույթն էլ արգելում է խլել թշնամուց ձին և ստիպել նրան ոտով գնալ։ Եվ միայն այն դեպքում, եթե հաղթողը մարտի միջոցին իր ձին կորցնելու լինի, նրան թույլ է տրվում օգտվելու թշնամու ձիով, որպես օրինական ռազմի ավարով։ Ուստի, Սանչո, թող այդ ձիուն կամ էշին (ինչպես քեֆդ տա), որովհետև երբ որ նրա տերը տեսնի, թե մենք հեռացել ենք, նա կվերադառնա և կվերցնի նրան։
― Աստծուն է հայտնի, ― ասաց Սանչոն, ― թե ինչպես կկամենայի վերցնել նրան կամ առնվազն՝ փոխել իմի հետ՝ իմն ախր դրանից վատն է։ Շա՜տ ճնշող են ասպետական օրենքերը, քանի որ չեն թույլատրում փոխել էշը։ Էհ, թույլ տվեք իմանամ, սարքը կարելի՞ է փոխել։
― Այդ մասին ես հաստատ համոզված չեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Դա կասկածելի դեպք է, իսկ մինչև որ ես տեղեկանք քաղեմ, թույլ կտամ, որ փոխես, քանի որ դու ծայր աստիճան կարիք ունես։
― Ամենածայրահեղ, ― պատասխանեց Սանչոն, ― թե այդ սարքը ինձ համար պետք լիներ, ես այնքան կարիք չէի ունենա։ Եվ, իր տիրոջից թույլտվություն ստանալով, նա իսկույն mutatio capparum<ref>«Քղամիդների փոխանակություն» ― հռոմեական եկեղեցու զատկական հանդիսավոր արարողություն, երբ կարդինալներն ու պրելատները իրար հետ փոխանակում էին իրենց զգեստները։</ref> կատարեց, զարդարելով իր էշին այնպես, որ էշը ղալամով քաշած գեղեցիկ դառավ։ Ավարտելով այդ գործը, նրանք նախաճաշեցին, կերան գիշերային թափորից Սանչոյի վերցրած մթերքների մնացորդը և ջուր խմեցին մահուդի գործարանի մոտով հոսող առվից, դեպի որ կողմը նրանք գլուխներն անգամ շուռ չէին տալիս՝ այդպես էին նրանք ատելով ատել մահուդի գործարանը, որ գիշերն իրենց ահի մեջ գցեց։
Երբ որ վերջապես ցրվեց նրանց մելամաղձոտությունը և անցավ զայրույթը, մեկը հեծավ իր ձին, մյուսը նստեց էշը և առանց որոշ ճամփի (որովհետև գնալ, ուր որ աչքը տեսնի ― միանգամայն թափառական ասպետների սովորույթն է) շարժվեցին այն ուղղությամբ, որ ընտրեց Ռոսինանտը, որի կամքին հնազանդեց ոչ միայն իր տերը, այլև էշը, որ եղբայրաբար և բարեկամաբար միշտ նրան հետևում էր։ Վերջապես նրանց հաջողեց բանուկ ճամփա ելնել, որով նրանք պատահմամբ, առանց որոշ նպատակի շարունակեցին ուղին։ Եվ ահա՛, այդպես ճամբորդելով, Սանչոն ասաց իր տիրոջը․
― Ձերդ ողորմածություն, չէի՞ք հաճի արդյոք թույլ տալ ինձ մի քիչ խոսել ձեզ հետ։ Այն պահից, ինչ դուք իմ շուրթերի վրա դրել եք լռության այդ դաժան փորձությունը, փորումս թթվել են առնվազն չորս հարց, հիմա էլ հինգերորդն է պտտվում լեզվիս ծայրին, և ես չէի կամենա, որ նա էլ կորչի։
― Դե, ասա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միայն թե կարճ կապիր, շաղակրատությունը միշտ անախորժ է։
― Ես ուզում էի ասել, սինյոր, ― սկսեց Սանչոն, ― ահա՛ քանի օր է, ինչ ես մտածում եմ այն մասին, թե ինչ քիչ օգուտ ու շահ բերին մեզ այս թափառումները։ Ձերդ ողորմածությունը արկածներ է որոնում ճամփաբաժաններում և ամայի վայրերում, որտեղ ձեր բոլոր հաղթանակներն ու վտանգավոր սխրագործությունները, միևնույն է, ոչ ոք չի տեսնի և չի հիշի՝ այդպես էլ կմնան նրանք հավերժական մոռացության մեջ՝ թաղված ի մեծ վնաս թե՛ նրանց բարձր արժանիքների, թե՛ ձերդ ողորմածության բարի մտադրությունների։ Ուստի, թվում է ինձ, ավելի լավ կլիներ ― եթե միայն ձերդ ողորմածությունն այլ կերպ դատելու չլինի, ― եթե մենք որևէ կայսեր կամ այլ մեծ թագավորի, որ մեկն ու մեկի դեմ պատերազմ է մղում, ծառայության մտնեինք։ Ահա այստեղ ձերդ ողորմածությունը կարող կլիներ դրսևորել իր բոլոր արժանիքները ― մեծ ուժը և առավել ևս մեծ խելքը։ Իսկ երբ որ թագավորը, որին մենք ծառայելու լինենք, այդ տեսնի, իհարկե, մեզ երկուսիս կպարգևատրի, յուրաքանչյուրին ըստ իր ծառայությունների և, իհարկե, այնտեղ պատմաբան էլ կգտնվի, որ ձերդ ողորմածության բոլոր գործերը գրի առնի, որպեսզի նրանց հիշատակը հավետ մնա։ Իմ գործերի մասին ես չեմ խոսում, որովհետև նրանք բնավ զինակրի պաշտոնի սահմաններից չեն անցնի։ Թեև պետք է ձեզ ասեմ, որ եթե ասպետական մի այնպիսի սովորույթ լիներ, որ զինակիրների սխրագործություններն էլ գրի առնվեին, ապա, հանդգնում եմ հավատացնելու ձեզ, իմ գործերն էլ վերջին տեղը չէին գրավի։
― Դու վատ չես դատում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Բայց նախքան այդպիսի մի ծառայություն գտնելը, ասպետը պետք է, իբրև փորձություն, թափառի աշխարհիս երեսին և արկածներ որոնի, որպեսզի այդ գործում աչքի ընկնելուց հետո հռչակ ու փառք վայելի, այնպես որ այդ ասպետին նրա գործերով բոլորն էլ ճանաչեն։ Եվ ահա՛, հենց որ նա որևէ մեծ միապետի արքունիքը գալու լինի և մանուկները տեսնեն, որ նա ներս է մտնում դարպասը, իսկույն բոլորն էլ հավաքվեն, շրջապատեն նրան և սկսեն ճչալ՝ «Ահա Արևի Ասպետը կամ՝ Օձի Ասպետը», ― կոչելով նրան այն մականունով, որ նա իր մեծ գործերով հռչակել է։ «Ահա՛ նա», կասեն նրանք, «որ հաղթեց մենամարտության մեջ հզոր ու ահարկու հսկա Բրոկամբրունին, ահա նա, ով ցրեց սոսկալի կախարդանքը, որի իշխանության տակ Պարսկաստանի մեծ Մամելյուկը ամբողջ ինը տարի տառապեց»։ Այսպես, բերնեբերան, կտարածվի համբավը նրա փառավոր գործերի մասին։ Եվ ահա՛, մանուկների և նրա բոլոր ժողովրդի աղաղակների վրա այդ թագավորության արքան իր արքայական պալատի լուսամուտից դուրս կնայի և, տեսնելով մեր ասպետին, իսկույն կճանաչի նրան նրա զենք ու զրահից կամ վահանի նշանաբանից և անպատճառ կասի՝ «Հե՜յ, իմ արքունի ասպետներ, դո՛ւրս ելեք բոլորդ մեզ մոտ եկած ասպետության ծաղիկը դիմավորելու»։ Նրա հրամանով բոլորը կելնեն, իսկ ինքը կիջնի միչև սանդուղի կեսը, ամուր կգրկի հյուրին և ողջունելով կհամբուրի նրա դեմքը, ապա կբռնի նրա ձեռքն ու կտանի տիրուհի թագուհու սենյակը, և մեր ասպետը կտեսնի նրան՝ նստած աղջկա կողքին ― թագաժառանգուհու, որ ամենագեղեցիկ և հեզաբարո աղջիկներից մեկն է, որ կարելի է գտնել մինչև օրս աշխարհիս երեսին բոլոր հայտնաբերված երկրներում։ Եվ անհապաղ կպատահի, որ աղջիկը կնայի ասեպետին, ասպետն՝ աղջկան, և նրանց երկուսին էլ կթվա, որ իր առջև չնաշխարհիկ մի էակ է, երկնային, և անհայտ է, թե ինչպես և ինչու նրանք երկուսով էլ կընկնեն կխճճվեն սիրային անել ցանցում և իրենց սրտերում մեծ տագնապ կզգան, չեն իմանա՝ ինչ ասեն, որ բաց անեն իրար իրենց զգացմունքն ու տվայտանքը։ Ապա, իհարկե, ասպետին կտանեն պալատի շքեղ զարդարված մի սենյակ և այնտեղ հանելով նրա զրահները, նրա ուսերին կգցեն հարուստ ծիրանի։ Եվ եթե ապառազինված նա գեղեցիկ էր, ապա այս զգեստով նա ավելի գեղեցիկ կերևա։ Երբ որ կիջնի երեկոն, նա թագավորի, թագուհու և արքայաժառանգուհու հետ ընթրիքի կնստի և կնայի՝ առանց հայացքը պոկելու, թաքուն բոլոր ներկա եղողներից, աղջկան, և աղջիկն էլ նույնը կանի, նույն նախազգուշություններով, որովհետև ինչպես ես արդեն ասացի, աղջիկը շատ խելացի կլինի։ Իսկ երբ բոլորը վեր կենալու լինեն, հանկարծ դռնից ներս կմտնի անճոռնի փոքրիկ մի թզուկ, նրա հետևից չքնաղ մի տիկին՝ երկու հսկաների ուղեկցությամբ։ Տիկինը կառաջարկի որևէ հին իմաստունի հնարած մի փորձություն՝ ով որ խիզախի կատարել, աշխարհիս լավագույն ասպեը կհամարվի։
Իսկույն ևեթ թագավորը կառաջարկի իր բոլոր պալատականներին, որ փորձեն բախտը, բայց նրանք բոլորն էլ պարտություն կկրեն, և միայն մեր ասպետը դուրս կգա փորձությունից պատվով ու փառքով․ մի բան, որ սաստիկ կուրախացնի թագաժառանգուհուն, որ շատ գոհ և ուրախ կլինի, որ այդպիսի մի արժանավոր մարդու տվել ու նվիրել է իր զգացմունքը։ Իսկ այդ պատմության մեջ ամենաերևելի բանն այն է, որ այդ թագավորը կամ պրինցը, կամ ով էլ որ լինի, չարաչար պատերազմ է մղում մի ուրիշի դեմ, ոչ պակաս հզոր միապետի, և նրա մոտ հյուրընկալված ասպետը, մի քանի օր նրա արքունիքում անց կացնելուց հետո, նրանից թույլտվություն կխնդրի ծառայելու նրան պատերազմում։ Թագավորը նրան սիրով թույլ կտա, և ասպետը պարկեշտ կհամբուրի նրա ձեռքը՝ ցույց տված ողորմության համար։ Նույն գիշերը նա հրաժեշտ կտա իր տիկնոջ֊թագաժառանգուհուն պարտեզի ցանկապատի ճաղերի արանքից։ Թագաժառանգուհու ննջարանի լուսամուտը նայում է պարտեզին։ Այդ ցանկապատի ճաղերի արանքից նրանք առաջ էլ շատ անգամ զրուցել են և սպասուհու գիտությամբ և օգնությամբ, որին թագաժառանգուհին լիովին հավատ է ընծայում։ Նա հոգվոց կքաշի, աղջիկը ուշագնաց կլինի, սպասուհին ջուր կբերի և անհանգիստ կլինի, որովհետև առավոտը մոտ է և իր տիրուհու պատիվը կտուժի, եթե նրանց վրա հասնեն։ Վերջապես թագաժառնգուհին ուշքի կգա և ցանկապատի ճաղերի արանքով իր ճերմակ ձեռքը կպարզի ասպետին, իսկ սա կսկսի հազար անգամ համբուրել և թրջել արցունքով։ Նրանք կպայմանավորվեն, թե ինչպես իրար հաղորդեն, թե ինչ լավ ու վատ բան կպատահի, և թագաժառանգուհին կթախանձի, որ նա, ինչքան կարելի է, շուտ վերադառնա։ Նա երդումով կխոստանա և նորից կսկսի համբուրել նրա ձեռքը և կանջատվի նրանից այնքան սրտաշարժ կերպով, որ կթվա, թե նա բաժանվում է կյանքից։ Ապա նա կերթա իր սենյակը, կընկնի անկողնու վրա և անջատումի վշտից չի կարողանա քնել։ Լույսը չծագած նա վեր կկենա, կերթա հրաժեշտ տալու թագավորին, թագուհուն և թագաժառանգուհուն, և երբ որ առաջին երկուսին մնաք բարով կասի, նրան կհաղորդեն, որ տիրուհի արքայադուստրը իրեն վատ է զգում և չի կարող նրան ընդունել։ Ասպետը գլխի կընկնի, որ դրա պատճառը անջատումի վիշտն է։ Նրա սիրտը կտոր֊կտոր կլինի, և նա մեծ ճիգ գործ կդնի իր տվայտանքը պարզ չդրսևորելու համար։ Իսկ սպասուհի֊բարեկամը այդ ամենը տեսնում ու վազելով պատմում է իր տիրուհուն։ Սա՛ էլ նրան դիմավորում է արցունքն աչքերին և ասում է, թե ի՜նչ տաժանելի է, որ չգիտի, թե իր ասպետն ով է և թագավորական ցեղի՞ց է նա արդյոք, թե՞ ոչ։ Սպասուհին հավատացնում է նրան, որ միմիայն ազնվազարմ, թագավորական ցեղի մարդը կարող է այդքան քաղաքավարի, ազնիվ ու արի լինել, ինչքան այդ ասեպտը։ Վշտացած արքայադուստրը հանգստանում է և վճռում սփոփվել, որպեսզի ծնողների կասկածը չհարուցի, ուստի և երկու օրից դարձյալ մարդամեջ է դուրս գալիս։ Իսկ ասպետն արդեն գնացել է։ Նա մարտնչում է պատերազմի դաշտում, հաղթում է թագավորի թշնամիներին, նվաճում է բազմաթիվ քաղաքներ, բազմաթիվ մարտերից դուրս է գալիս հաղթական, վերադառնում է արքունիք, հանդիպում է պայմանավորված տեղում իր իշխանուհուն և համաձայնության գալիս նրա հետ, որ ինքը կխնդրի նրա ձեռքը, իբրև իր ծառայության պարգև։ Թագավորը չի համաձայնում կատարել նրա խնդիրքը, որովհետև չգիտե, թե ով է նա։ Սակայն չնայած դրան, փախցնելու կամ ուրիշ միջոցով ասպետն ամուսնանում է թագաժառանգուհու հետ, և թագավորը հետագայում այդ մեծ բախտավորություն է համարում իր համար, որովհետև իմանում է, որ այդ ասպետը հզոր թագավորի որդի է, իսկ թե ինչ թագավորության, ես չգիտեմ, որովհետև համարում եմ, որ քարտեզի վրա մեկ է, չի լինի։ Թագավորը մահանում է, թագաժառանգուհին ժառանգում է նրան և ահա, կարճ՝ ասպետը թագավոր է դառնում։ Այստեղ ահա հասնում է զինակրին և այդպիսի բարձր դիրք հասնելու նրան բոլոր օգնողներին պարգևներ շնորհելու ժամը։ Նա ամուսնացնում է զինակրին թագաժառանգուհու սպասուհու հետ, ավելի շուտ նրա հետ, որ նրանց սիրային գործերում միջնորդ է եղել, և սա՛ էլ հզոր մի դքսի աղջիկ է դուրս գալիս։
― Շիտակ՝ հենց այդ էլ պետք է ինձ, անկեղծ, ― բացականչեց Սանչոն։ ― Եվ ես հավատում եմ, որ ամեն ինչ հենց այդպես էլ կպատահի, բառ առ բառ, քանի որ ձերդ ողորմածությունը Տխուր Պատկերի Սսպետ է կոչվում։
― Կարող ես չկասկածել, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև թափառական ասպետներ բարձրանում և բարձրացել են թագավորական կամ կայսերական գահ այն միջոցով և այն աստիճաններով, որ ես քեզ պատմեցի։ Հիմա մեզ մնում է միայն, թե ինչ քրիստոնեական կամ հեթանոսական թագավոր է պատերազմ մղում և գեղեցիկ աղջիկ ունի։ Սակայն դրա մասին խորհելու ժամանակ մենք դեռ կունենանք, որովհետև, ինչպես ես քեզ ասացի, առաջ, քան արքունիք գնալը մենք պետք է ուրիշ տեղերում հռչակվենք։ Սակայն ինձ մի քանի բան պակասում է։ Որովհետև, եթե ենթադրելու էլ լինենք, որ պատերազմ մղող և գեղեցիկ աղջիկ ունեցող թագավոր կգտնվի և ենթադրենք, որ ես ողջ տիեզերքում անօրինակ հռչակ եմ հանել, ինչպե՞ս անենք, որ ես թագավորական ցեղից սերած լինեմ, կամ, գոնե կայսեր երրորդական եղբայրը լինեմ։ Չէ՞ որ թագավորը չի կամենա իր աղջկան ինձ մարդու տալու, նախքան չհամոզվի որ այդպես է, անգամ եթե իմ փառավոր սխրագործությունները ավելի արժանի լինեին։ Եվա ահա՛, ես վախենում եմ, որ այդ պակասության պատճառով ես կկորցնեմ իմ ձեռքի արիությամբ վաստակած պարգևները։ Ճիշտ է, ես սերում եմ հին ու հայտնի ազնվական ցեղից, հող ու կալվածի տեր եմ և վիրավորանքի համար կարող եմ հինգ հարյուր սուելդո<ref>Հին իսպանացիների օրենքների համաձայն (օրենքներ որոնք սկիզբ են առնում դեռևս գոթական թագավորների դարաշրջանից՝ VI-VIII դարերում) մեծազարմ ծագում ունեցող մարդը իրեն պատճառած ծանր վիրավորանքի համար կարող էլ պահանջել 500 սուելդո։</ref> պահանջել։ Անգամ հնարավոր է, որ այն իմաստունը, որ կգրի իմ պատմությունը, այնքան մանրամասն կհաստատի իմ ծննդաբանությունն ու ծագումը, որ ես դուրս կգամ հինգերորդ կամ վեցերորդ պորտում թագավորի թոռ։ Որովհետև, պետք է քեզ ասած, Սանչո, ազնվականությունն աշխարհիս երեսին երկու եղանակով է ձեռք բերվում, ոմանք իրենց ծագումը սկսում ու համարում են իշխաններից և միապետներից, որոնց տոհմը ժամանակի ընթացքում անկման է ենթարկվել և նեղացել, կործ պիրամիդի նման, ոմանք էլ ստոր ցեղից են ծագում, որի սերունդը բարձրանալով մեկ աստիճանից մյուսը, վերջապես ազնվական կալվածատերեր են դառնում։ Այսպիսով, նրանց տարբերությունն այն է, որ ոմանք դադարել են այն լինելուց, ինչ եղել են, իսկ մյուսները դառել են այն, ինչ երբեք չեն եղել։ Եվ շատ հնարավոր է, որ ստուգումից հետո դուրս կգա, որ իմ տոհմի սկիզբը մեծ ու փառավոր է եղել, և թագավորը, ով էլ նա լինի, իմ ապագա աները, դրանով միանգամայն բավարարված կլինի։ Իսկ եթե բավարարվելու չլինի, միևնույն է, թագաժառանգուհին ինձ այնքան սաստիկ կսիրի, որ հոր կամքին հակառակ և անգամ եթե նա ստույգ տեղյակ լինի, որ ես ջրկիրի որդի եմ, նա ինձ իր ամուսինն ու տերը կճանաչի։ Իսկ եթե ոչ, ինձ մի միջոց էլ կմնա՝ փախցնել նրան և տանել ուր որ խելքս փչի, և ժամանակը կամ մահը վերջ կտան նրա ծնողների ցասումին։
― Այստեղ շատ տեղին կլինի հիշել, ― ասաց Սանչոն, ― անխիղճ մարդկանց առածը՝ «Մի խնդրիր այն, ինչ որ կարող ես ուժով առնել», թեև այստեղ ավելի հարմար կգա մի ուրիշը՝ «Ավելի լավ է ցանկապատի վրայով թռչել֊անցնել, քան զուր տեղը գլուխ տալ»։ Ասելս այն է, որ եթե սինյոր թագավորը՝ ձերդ ողորմածության աները, չհամաձայնի տիրուհի թագաժառանգուհուն ձեզ մարդու տալ, ապա մեզ, ինչպես ձերդ ողորմածությունն է ասում, ուրիշ բան չի մնա, այլ եթե փախցնել նրան ու տանել ուրիշ տեղ։ Ցավն այն է միայն, որ մինչև դուք չհաշտվեք թագավորի հետ և խաղաղությամբ չտիրանաք թագավորությանը, խեղճ զինակրիս կմնա միայն ատամ սրել պարգև ստանալու։ Այն էլ կա, որ գուցե սպասուհի միջնորդը, որի հետ նա կամուսնանա, կգնա թագաժառանգուհու հետևից և նրա հետ նա տխուր ժամանակը մլուլ կանի, մինչև որ աստված նրան ուրիշ, ավելի լավ բան տա։ Որովհետև, թվում է ինձ, ասպետը կարող է այդ աղջկան տալ նրան ի կնություն անհապաղ կերպով։
― Իսկ ո՞վ կարող է խանգարել, ― ասաց դոն Կիխոտը։
― Որ այդպես է, ― պատասխանեց Սանչոն, ― մնում է, որ մենք մեզ պահ տանք տեր Աստծուն և հավատանք բախտին, իսկ բախտը մեզ ուղիղ ճամփով կտանի։
― Տերը թող կատարի իմ ցանկությունը և բավարարի քո կարիքը, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Իսկ ով որ ուզում է ոչնչություն լինել, թող ոնչություն մնա։
― Տա աստված, ― ասաց Սանչոն։ ― Ես հին քրիստոնյա եմ և կոմս դառնամ ինձ այդ էլ հերիք է։
― Ավելի քան հերիք է, ― ասաց դոն Կիխոտը։ ― Եթե դու հին քրիստոնյա էլ չլինեիր, այդ էլ կարևոր չէ։ Հենց որ ես թագավոր դառնամ, ես քեզ ազնվական կդարձնեմ ― և դու պարտավոր չես լինի դրա համար ո՛չ վճարել, ո՛չ ծառայել ինձ։ Իսկ որ կոմս դառնաս, ահա՛ դու արդեն ասպետ ես և թող մարդիկ ասեն՝ ինչ որ կամենան, իսկ ամեն մարդ ուզենա֊չուզենա, քեզ պարտավոր կլինի սինյոր անվանել։
― Ի՞նչ եք կարծում, ես խոզ չե՞մ կարող ունենալ, ― հարցրեց Սանչոն։
― Դու ուզում ես ասել տիտղոս և ոչ թե խոզ, ― նկատեց դոն Կիխոտը։
― Թող այդպես լինի, ― ասաց Սանչո Պանսան։ ― Կարծում եմ, որ կկարողանամ նրա հետ վարվել․ ես իմ կյանքում մի անգամ մի միաբանության պահապան եղած կամ և պահապանի շորն ինձ շատ սազում էր, այնպես որ բոլորն ասում էին, որ իմ արտաքին ունեցողը կարող է և միաբանության աբբահայր լինել։ Արի տես, թե ի՜նչ կդառնա, որ ես ուսերիս դուքսի վերնարկ գցեմ և զարդարվեմ ոսկով ու մարգարիտով, ինչպես օտարերկրացի կոմսերը։ Հավատացած եմ, որ հարյուր մղոնի հեռավորությունից կգան ինձ տեսնելու համար։
― Այո․ տեսքդ շատ լավ կլինի, ― ասաց դոն Կիխոտը, ― միայն թե պետք կլինի շուտ֊շուտ մորուքդ ածիլել, թե չէ շատ թավն է, մազը խճճված ու չսանրած և եթե առնվազն օրըմեջ ածելիով քերելու չլինես, ամեն ոք թնդանոթ ձգելու հեռավորությունից քո ծագումը կտեսնի։
― Դա մի մեծ բան չէ, ― պատասխանեց Սանչոն, ― մի դալլաք է ― կվարձեմ ու ռոճիկով կպահեմ մոտս։ Իսկ հարկավոր գա՝ կհրամայեմ, որ հետևիցս գա, ինչպես գոմապահները՝ աղաների հետևից։
― Իսկ դու որտեղի՞ց գիտես, որ աղաներին գոմապահներ են հետևում։
― Իսկույն կասեմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Մի քանի ամիս առաջ ես մեկ ամիս մայրաքաղաքում մնացի ու այտեղ մեկ սինյոր տեսա, որ շատ կարճահասակ էր,<ref>Այստեղ և շարունակության մեջ թարգմանության չենթարկվող բառախաղ է, grande նշանակում է և՛ «գրանդ», և՛ «բարձր, բարձրահասակ», դրան հակադրվում է pequeno ― փոքրիկ, ցածլիկ։</ref> թեև նրա մասին ասում էին, թե շատ հարուստ տղա է։ Նա շարունակ զբոսնում էր, իսկ նրա հետևից, որտեղ էլ գնալու լիներ, ձիով մի մարդ էր գնում ― ճիշտ և ճիշտ նրա պոչը լիներ։ Ես հարցրի, ինչո՞ւ այդ մարդը երբե՛ք չի հավասարվում նրան, այլ միշտ նրա հետևն է մնում։ Ինձ պատասխանեցին, թե ձիավոր մարդը նրա գոմապահն է, որ զբոսնում է և որ աղաներն այդպիսի սովորություն ունեն, որ իրենց մշտական ուղեկցեն գոմապահները։ Այն պահից ես այդ բանը այնպես լավ մտքումս պահեցի, որ այլևս երբեք չեմ մոռանա։
― Այո, դու արդարացի ես, ― ասաց դոն Կիխոտը, ― և դու կարող ես հետդ դալլաք ման ածել։ Սովորույթները միանգամից չեն գոյացել և միաժամանակ չեն հնարվել, ուստի միանգամայն հնարավոր է, որ դու առաջին կոմսը լինես, որ ման է գալիս իր դալլաքի ուղեկցությամբ։ Համ էլ միրուք վեր անողը ավելի վստահելի մարդ է, քան ձի թամքողը։
― Դալլաքի մասին ես ինքս կհոգամ, ― ասաց Սանչոն, ― իսկ դուք, ձերդ ողորմածություն, հոգացեք, որ թագավոր դառնաք, որպեսզի ինձ կոմս կարգեք։
― Ես այդ կանեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը և բարձրացնելով աչքերը, տեսավ այն, ինչի մասին կպատմենք հետևյալ գլխում։