Իր նեղլիկ սենյակում Մարտինը քնում էր, սովորում, գրում, մտածում, տնտեսությամբ զբաղվում։ Սանդուղքին նայող միակ պատուհանի առաջ դրած էր մի խոհանոցային սեղան, որը ծառայում էր միաժամանակ և՛ իբրև գրասեղան, և՛ գրադարակ, և՛ գրամեքենայի սեղանիկ։ Հետևի պատին կպած մահճակալը գրավում էր սենյակի երկու երրորդը։ Սեղանի կողքին դրված էր զգեստի փոքրիկ պահարան, որը ինչպես երևում է, պատրաստել էին՝ ավելի շուտ եկամուտ ստանալու, քան գործածողի հարմարության համար․ նրա վրայի բարակ դրվագաթերթը բոլորովին կորացած էր։ Այդ պահարանը դրված էր մի անկյունում, իսկ մյուս անկյունում խոհանոցն էր՝ օճառի մի արկղ, որի վրա կար մի նավթավառ, իսկ մեջը պահվում էին ամանեղեն և խոհանոցային առարկաներ․ պատի վրա՝ դարակ մթերքի համար, դրա կողքին ջրի մի դույլ, սենյակում ջրի ծորակ չկար, և Մարտինը ստիպված էր խոհանոց գնալ ջրի համար։ Մարտինը մահճակալից վերև կախել էր հեծանիվը։ Սկզբում նա փորձեց պահել դա ներքևում, բայց երեխաները անմիջապես փչացրին կաուչուկի դողը, և հարկ եղավ անվտանգության համար հեծանիվը բերել սենյակ և առաստաղից կախել։
Պաստի Պատի փոքր պահարանում կախված էր զգեստ և դարսված էին այն գրքերը, որոնք արդեն չէին տեղավորվում ո՛չ սեղանի վրա, ո՛չ էլ սեղանի տակ։ Մարտինը սովորություն ուներ անել նոթագրություններ, որոնք այնքան շատ էին դիզվել, որ ստիպված եղավ ամբողջ սենյակի երկայնքով թոկեր կապել և նրանց վրա կախել տետրակները՝ չորացող սպիտակեղենի նման։ Այդ պատճառով սենյակում շարժվելը բավական դժվարացավ։ Նա չէր կարող դուռը բանալ, մինչև որ նախօրոք պահարանի դուռր չփակեր, և ընդհակառակը։ Սենյակում ուղիղ գծով անցնելու ճամփա չկար։ Դռնից մինչև մահճակալը հասնելու համար հարկ էր լինում բարդ զիգզագ ճամփա կտրել, մթության մեջ Մարտինը շարունակ կպչում էր ինչ-որ բանի։ Բարեհաջող անցնելով մուտքի դռնով և պահարանի դռնակի առաջով՝ կարիք էր լինում միանգամից ծռվել դեպի աջ, որպեսզի խոհանոցին չկպչի, հետո դառնալ դեպի ձախ՝ շրջանցելով մահճակալը, ընդսմին ուղղությունից ամենափոքր թեքումի հետևանքով կարող էր ընդհարվել սեղանի հետ։ Այդ մանյովրը վերջացնելուց հետո կարելի էր մտնել մի ջրանցք, որի մի ափը սեղանն էր, իսկ մյուսը՝ մահճակալը։ Բայց երբ միակ աթոռը դրված էր լինում իր տեղում՝ սեղանի առաջ, ջրանցքը դառնում էր անանցանելի։ Երբ աթոռը գործածության մեջ չէր, դրված էր լինում մահճակալին. բայց Մարտինը հաճախ կերակուր էր եփում նստած, որովհետև մինչև ջրի եփ գալը կամ մսի տապակվելը, նրան հաջողվում էր կարդալ երկու-երեք էջ։ Խոհանոցին հատկացված անկյունն այնքան փոքր էր, որ Մարտինը կարող էր, առանց աթոռից վեր կենալու, ձեռքով վերցնել ամեն անհրաժեշտ բան։ Կերակուրը եփել նստած՝ մինչև անգամ ավելի հարմար էր, իսկ երբ Մարտինը կանգնում էր, շարունակ խափանում էր լույսը։
Մարտինը գիտեր շատ կերակուրներ, որոնք միաժամանակ և՛ սննդարար էին, և՛ էժան, իսկ նրա հզոր ստամոքսը մարսում էր ամեն բան։ Նրա հիմնական սնունդը բաղկացած էր սիսեռի ապուրից, կարտոֆիլից և դարչնագույն բակլայից՝ մեքսիկական եղանակով պատրաստված։ Օրական առնվազն մի անգամ նրա սեղանին լինում էր խաշած բրինձ՝ այնպես, ինչպես չէր կարող պատրաստել ոչ մի ամերիկացի տանտիկին։ Յուղի փոխարեն Մարտինն ուտում էր հաց ու եփած չիր, որը թարմ մրգից ավելի էժան էր։ Երբեմն նա այլազանություն էր մուծում իր ճաշի մեջ մի կտոր մսով կամ ոսկորներից պատրաստած ապուրով։ Օրական երկու անգամ նա սուրճ էր խմում առանց սերուցքի կամ կաթի, իսկ երեկոյան թեյ էր խմում և այդ երկու ըմպելիքներն էլ նա պատրաստում էր հիանալի։