— Հույսին՝ հնարավոր է, բայց ջանքերին՝ ո՛չ,— արձագանքեց Արագորնը: —Հետ չենք դառնա, դա հաստատ: Բայց ինչքա՜ն եմ ես հոգնել... — Նա շրջվեց դեպի հետ, որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց.
— Այստեղ ինչ -որ տարօրինակ բան է կատարվում: Չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Եվ այս գունատ լուսնին նույնպես չեմ հավատում: Աստղերը հազիվ են առկայծում, և ինչ-որ աննախադեպ հոգնածություն է վրաս իջել: Հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ-որ մեկն օգնում է մեր թշնամիներին՝ ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ-որ անտեսանելի արգելքներ տարածում: Ճիշտն ասած, ոտքերս այնքան չեն ծանրացելել, որքան սիրտս:
— Իրոք այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Ես զգացել եմ այդ ծանրությունը դեռ այն ժամանակ, երբ Էմին Մուիլի լանջերից իջանք հարթավայր: — Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք՝ դեպի Ռոհանի մթին դաշտերը: — Թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր հետևում չէ, այլ առջևում,— ասաց նա: