Եկավ գիշերը և հարթավայրը թաղվեց մթության մեջ: Վերջապես թագավորը կանգ առնելու հրաման տվեց: Արդեն հինգ ժամ էր անցել, ինչ նրանք դուրս էին եկել Էդորասից, և հետևում շատ լիգեր էին մնացել, բայց զորքը դեռևս ճանապարհի կեսն էր անցել: Ռոհանցիները լայն շրջանով ճամբար խփեցին բաց երկնքի տակ, աստղերի և լուսնի գունատ լույսի ներքո: Խարույկներ որոշեցին չվառել. վտանգը մոտ էր և ամեն ինչ սպասելի էր: Ճամբարը բոլոր կողմերից շրջապատվեց ժամապահ հեծյալներով, և հետախույզներ ուղարկվեցին առաջ: Բայց գիշերային ճնշող ժամերը անցան խաղաղ և հնչեցին առավոտն ազդարարող եղջերափողերը: Մեկ ժամ էլ չէր անցել, երբ զորքը շարժվեց առաջ:
Երկինքն առաջվա պես մաքուր էր, բայց օդը լցվել էր ծանրությամբ: Տարվա այս եղանակի համար, ինչ -որ, չափից ավելի տոթ էր: Ծագող արևը թույլ լուսավորում էր վաղորդյան մեգի միջով, բայց հորիզոնում դեռ փոթորկվում էր խավարը: Թվում էր, թե արևելքից փոթորիկ է մոտենում: Հեռվում, հյուսիս արևելքից դեպի Մշուշապատ Լեռների ստորոտն էր գալարվում թանձր մառախուղը:
Գենդալֆը շրջվեց դեպի կողք-կողքի ընթացող Լեգոլասն ու Էոմերը:
— Ինձ էլֆական աչքեր են պետք Լեգոլաս: Ապա մի նայիր այնտեղ, դու մեկ լիգի վրա տարբերում ես իրարից ճնճղուկին և դեղձանիկին: Ի՞նչ է կատարվում Իզենգարդի պարիսպների տակ:
— Մինչև Իզենգարդ դեռ շատ լիգեր կան,— պատասխանեց Լեգոլասը ձեռքով աչքերին հովար անելով: — Շրջապատող լանջերը պատված են խիտ մշուշով, որի մեջ ինչ -որ բան է շարժվում, բայց թե ինչ է դա, անհասկանալի է: Տարօրինակ մշուշ է: Թեպետ, դա ոչ մշուշ է, ոչ էլ ծուխ, ավելի շատ թանձր ստվեր է հիշեցնում, որի ծագումն ինձ անհայտ է: Այնպիսի զգացողություն է, ասես այդ ստվերը տարածում է ինչ -որ մեկը, կամ ինչ -որ մի բան... կարելի է մտածել, որ հովիտը շրջապատվել է անծայրածիր անտառի կիսախավարով: Բայց ստվերը տեղում կանգնած չի մնում, այլ լանջերն ի վար դանդաղ սողում է ներքև գետի երկայնքով...
— Իսկ մեզ կրնկակոխ հետապնդում է մորդորյան փոթորիկը,— ասաց Գենդալֆը: — Գիշերը ծանր է լինելու:
Տոթը գնալով ծանրանում էր: Կեսօրին սև ամպերը հասան զորքին: Երկինքը սրընթաց պատվեց մռայլ վարագույրով, և շուտով զորքի առջևում կուրացուցիչ լուսարձակեց նրա փոթորկվող ծայրը: Արևի արնակարմիր սկավառակը, խորտակվելով խտացող մշուշում, իր վերջին շողերով լուսավորեց Եռագագաթ Թրայհիրնի զառիվայր լանջերը՝ մուգ ոսկեգույն ցոլքով անդրադառնալով նիզակների և զրահների վրա: Այդ երեք գագաթները խոսում էին այն մասին, որ զորքը մոտեցել է Սպիտակ Լեռների վերջին՝ ամենահյուսիսային գագաթներին: Մայրամուտն արդեն վերջանում էր, երբ հորիզոնում մի փոքրիկ սև կետ երևաց. ինչ -որ հեծյալ էր շտապում զորքին ընդառաջ: Առաջապահ ջոկատը կանգ առավ:
Երբ հեծյալը մոտեցավ, երևաց, որ նա մի հոգնած ռազմիկ է, ջարդված սաղավարտով և ճեղքված վահանով: Նա դանդաղ իջավ ձիուց և շունչը տեղը բերելով խռպոտ ձայնով խոսեց.
–Առաջնորդիր զորքիդ Հելմյան Իջվածք, Թեոդե՛ն,– վերադառնալով գոչեց նա: –Չմոտենաս գետանցումին և երկար չմնաս հարթավայրում: Ես պետք է կարճ ժամանակով լքեմ քեզ: Լուսաչը հուսախաբ չի անի, ինձ շտապ գործեր են սպասում: –Նա շրջվեց դեպի Արագորնն ու էոմերը: –Պահպանե՛ք թագավորին: կհանդիպենք Հորնբուրգի դարպասների մոտ: Հաջողությու՜ն:
Նա ինչ -որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ ինչպես աղեղից բաց թողնված նետը. առկայծեց արծաթե ցոլքը, փչեց քամին, և նա անհետացավ տեսողությունից: Թագավորի նժույգը՝ Սպիտակաբաշը, ծառս եղավ և խռպոտ խրխնջաց, պատրաստ հետևելու Լուսաչին, բայց ո՞վ կարող էր հասնել Լուսաչի հետևից, բացի արագաթև թռչունից:
–Եվ ինչպե՞ս դա հասկանալ,– Գայմային հարցրեց թագավորի թիկնապահներից մեկը:
–Գենդալֆ Մոխրագույնը ինչ -որ տեղ է շտապում,– պատասխանեց Գայման: –Նա միշտ էլ անսպասելի է հայտնվում և անսպասելի էլ անհետանում:
–Օձի Լեզուն անմիջապես կբացատրեր նրա անհետացման պատճառը, եթե այստեղ լիներ,– ասաց թիկնապահը:
Լքելով գետանցում տանող ճանապարհը, զորքը շրջվեց և արշավեց դեպի հարավ: Սկսվեց գիշերը, բայց ռոհանցիները կանգ չառան: Լեռները մոտենում էին: Թրայհիրնի եռաժանին թաղվել էր խավարի մեջ, և միայն երկինքն էր աղոտ լուսավորված նրա գագաթների հետևում: Առջևում՝ Վեսթֆոլդյան Հովտի մյուս ծայրում, լայնարձակ կանաչ մարգագետինը խորանալով լեռների մեջ վերջանում էր նեղ կիրճով: Տեղի բնակիչները այդ կիրճն անվանում էին Հելմյան Իջվածք՝ ի պատիվ հնագույն դյուցազնի, որը մի ժամանակ այդտեղ թշնամիներից ապաստան էր գտել: Նեղ, խորը կիրճը բարձրանում էր վեր՝ խրվելով Թրայհիրնի լանջը և վերջանում հզոր, քարքարոտ ժայռերի պատով, որի ծերպերում բույն էին դրել ագռավները: Կիրճի բերանին՝ Հելմյան դարպասների դիմաց, վեր էր խոյանում մի ժայռ, որը քարե հնագույն պարսպով միանում էր լեռնաշղթայի հյուսիսային զառիվայր լանջին: Ժայռի գլխին հզոր աշտարակ էր կառուցված՝ շրջապատված անառիկ պատերով: Պատմում էին, որ այդ բերդը հին ժամանակներում առասպելական հսկաների օգնությամբ կառուցել են անդրծովյան դյուցազունները: Ամրոցը կոչվում էր Հորնբուրգ(եղջերափող+ամրոց), քանզի բավական էր կիրճում փչեր եղջերափողը, և արձագանքը հարյուրապատիկ անգամ թնդում էր կիրճով մեկ ու թվում էր, թե հիմա լեռնային քարանձավներից դուրս կսլանա հնագույն ժամանակներից մոռացված զորքը... Կիրճի մուտքը փակում էր դեպի հարավ ձգվող և լեռնաշղթայի հարավային լանջին միացող քարե պարիսպը: Պարսպի միջով քարե խողովակ էր գցված, որի միջով դեպի հովիտ էր հոսում Հելմյան գետակը և բաժանելով կանաչ մարգագետինը երկու մասի, վազում էր դեպի Հելմյան հողապատնեշը, իսկ այնտեղից իջնում էր ներքև՝ դեպի Վեստֆոլդյան հովիտը: Հենց այդ կիրճում էլ թաքնվել էին Վեսթֆոլդի՝ ռոհանի սահմանամերձ գավառի տիրակալ Էրքենբրանդի, վերջին ռազմիկները: Երբ փոթորկաբեր ամպերը սկսեցին մոտենալ, այդ իմաստուն ռազմիկը թարմացրեց ամրոցի պատերը, և Հորնբուրգը կրկին հզոր ու անառիկ բերդ դարձավ:
Ռոհանցիները դեռ չէին հասել կիրճի բերանին, երբ նրանց ականջներին հասան ինչ -որ ճչոցներ, որոնց հաջորդեց եղջերափողի ձայնը: Հետախույզները տագնապ էին բարձրացրել: Մթության մեջ լսվեց նետերի սուլոցը: Հետախուզներից մեկը հասնելով զորքին կանգնեցրեց ձիուն և զեկուցեց թագավորին, որ տափաստանում թափառում են գայլերին հեծած օրքերը, իսկ օրքերի և վայրի լեռնեցիների հսկայական զորքը անցել է գետանցումը և ըստ երևույթին շարժվում է դեպի Հելմյան Իջվածք:
–Նահանջի ժամանակ մեր ռազմիկներից շատերն են այնտեղ զոհվել,– ասաց նա: –Մենք տեսանք նրանց դիակները: Բացի այդ հարթավայրում ցրված բազմաթիվ ջոկատներ կան, որոնց ոչ ոք չի առաջնորդում: Էրքենբրանդից դեռևս նորություն չկա: Ամենայն հավանականությամբ նա զոհվել է, իսկ եթե ոչ, ապա Հորնբուրգի դարպասներին էլ դժվար հասնի:
–Վախենում եմ լուրը, որ թագավորն ինքն է առաջնորդում զորքին, շուտով կհասնի Սարումանին, կամ նրան, ով առաջնորդում է նրա հրոսակներին,– նկատեց Էոմերը:
Թիկունքում որոտը աստիճանաբար բարձրանում էր: Քամին հեռվից ինչ -որ անհասկանալի, խռպոտ երգեցողության ձայներ էր բերում: Կիրճով բավականին վեր բարձրանալով հեծյալները կանգ առան և շրջվեցին հետ: Ներքևում առկայծում էին անթիվ-անհամար ջահերի մանր կրակները: Ջահերի մի մասը անկանոն ցրված էր հարթավայրով մեկ, ասես հարթավայրը հանկարծակի պատված լիներ կարմիր ծաղիկներով, մյուս մասը ոլորապտույտ գալարներով սողում էր դեպի վեր: Երբեմն մշուշում այստեղ-այնտեղ ինչ -որ բան էր բռնկվում:
–Մեծ զորք է մեզ կրնկակոխ հետևում,– ասաց Արագորնը:
Լսվեց ամպրոպի որոտը, և սկսվեց տեղատարափ անձրևը: Մեկ այլ անձրև՝ այս անգամ արդեն նետերի, փլվեց պարիսպներին: Նետերը զրնգալով խփվելով քարերին անդրադառնում էին և կայծեր արձակում, բայց նրանցից մի քանիսը հասան իրենց նշանակետին: Այդպես սկսվեց Հելմյան Կիրճի գրոհը, բայց ամրոցը չընդունեց մարտահրավերը և պատասխան ոչ մի նետ չարձակեց: Հարձակվողները շփոթվելով պարիսպների և քարերի ահեղ լռությունից տատանվեցին: Բայց կայծակները իրար հետևից ճեղքում էին խավարի վարագույրը, և օրքերը առույգանալով ոռնացին, նիզակներն ու յաթաղաները թափահարեցին ու նետերի տարափ տեղացին պարսպի վրա կանգնած ռազմիկների վրա: Ռոհանցիները զարմացած նայում էին չարագույժ սև փոթորկից ալեկոծվող հովտին, որտեղ, ասես ցորենի արտում քամու պեռթկումից, տարուբերվում էին պողպատյա մահաբեր ցողունները: Հնչեցին պղնձե շեփորները, և օրքերն անցան հարձակման: Մի մասը հեղեղեցին պարիսպը, իսկ մյուսները՝ ամենաբարձրահասակները, Դունլենդի վայրի լեռնեցիների հետ նետվեցին դեպի Հորնբուրգի դարպասը: Փայլատակեց կայծակը, և նրանց սաղավարտներին ու վահաններին մի պահ երևաց մահացու գունատ ճերմակ ձեռքը: Թշնամիներն արագորեն հաղթահարեցին թեքությունը և հասան դարպասին:
Այս անգամ ամրոցը պատասխանեց: Նետերի տարափ և քարերի կարկուտ տեղաց հարձակվողների գլխին: Թշնամիների շարքերը ցնցվեցին և ցաքուցրիվ եղան, բայց անմիջապես հավաքվելով նորից հարձակվեցին դարպասի վրա, հետո նորից ցրվեցին, նորից հարձակվեցին, և հարձակվողների սև ալիքը մակընթացության ալիքի պես ամեն անգամ համառորեն ավելի էր բարձրանում: Կրկին հնչեցին շեփորները, և դունլենդցիները վայրի մռնչյունով անցան հարձակման: Նրանք հսկայական վահանները գլխավերևում պահած, պաշտպանվելով նետերից ու քարերից, երկու երկաթապատ գերան էին քարշ տալիս դարպասի մոտ, իսկ օրք նետաձիգները թաքնվելով նրանց թիկունքում պարիսպների վրա նետերի անձրև էին տեղում: Այս անգամ թշնամու ջոկատը վստահորեն հասավ դարպասին, և բաբանները խլացուցիչ որոտով հարվածեցին դարպասաճաղերին: Եթե պարսպի գլխից նետված քարերը հասնում էին իրենց նշանակետին, և թշնամիներից ինչ -որ մեկն ընկնում էր, ապա նրա տեղն անմիջապես զբաղեցնում էին երկու նորերը և հզոր բաբանները կրկին թափ հավաքելով ավելի ուժեղ էին հարվածում դարպասին:
Էոմերն ու Արագորնը կանգնած էին պարսպի վրա: Թշնամիների ռազմատենչ բղավոցների և բաբանների խուլ հարվածների ձայնը հասնում էր նրանց ականջներին: Երբ հերթական կայծակը լուսավորեց տարածքը, նրանք հասկացան որ դարպասին մեծ վտանգ է սպառնում:
–Բոլորն արդեն ապահով տեղում են, Արագո՛րն,– կանչեց նա: –Բարձրացիր դարպասի մոտ:
Արագորնը շրջվեց ու վազեց վերև, բայց հոգնածությունից ոտքերը չենթարկվեցին, նա սայթաքեց: Օրքերը ուրախ ոռնոցով թաթերն առաջ պարզած նետվեցին նրա հետևից: Ամենաառաջինը մեռած ընկավ աստիճաններին. Լեգոլասի վերջին նետը մխրճվեց նրա կոկորդը: Մյուսները ցատկեցին նրա դիակի վրայով և շարունակեցին վեր բարձրանալ, բայց վերևից ինչ -որ մեկը վիթխարի քար գլորեց, որը սրբեց տարավ բոլոր օրքերին: Դարպասը շառաչյունով փակվեց Արագորնի հետևից:
–Վատ են գործերը, բարեկամներս,– ճակատի քրտինքը մաքրելով ասաց նա:
–Ամեն դեպքում մեզանից երկար կդիմանան: Այնտեղ բավականաչափ պարեն կա, և օդն էլ թարմ է. ժայռերի մեջ օդանցքներ կան փորված: Եթե մուտքը լավ հսկեն, ոչ ոք չի կարողանա թափանցել ներս, այնպես որ կարող ես հանգիստ լինել, նրանք երկար կդիմանան:
–Օրքերին Օրթհանքում ինչ -որ կախարդական զենքով են զինել,– ասաց Արագորնը,– կործանիչ կրակով, որը ոչնչացնում է իր ճանապարհին ամեն ինչ: Նրանք այդ կրակի օգնությամբ գրավեցին պարիսպը, այլապես մենք պարիսպը նրանց չէինք հանձնի: Եթե նույնիսկ թշնամիները չկարողանան թափանցել քարանձավներ, նրանք կպայթեցնեն մուտքերը և բոլորին կփակեն ներսում... Մի խոսքով ոչինչ չենք կարող անել, մեզ մնում է միայն մտածել ամրոցի պաշտպանության մասին:
–Շունչս կտրվում է այս բանտում,– հոգոց հանեց թագավորը: –Եթե ես կարողանայի նժույգին հեծած, նիզակը ձեռքիս, դուրս գալ բաց դաշտ՝ հետևիցս տանելով իմ ռազմիկներին, գուցե նորից զգայի ճակատամարտի բերկրանքը և փառավոր վերջաբանի արժանանայի: Իսկ այստեղ ես անզոր եմ:
–Ժամանակից շուտ Գենդալֆի խորհուրդների մասին մի դատիր, տիրակա՛լ,– առարկեց Արագորնը:
Վերջը մոտ է,– ասաց Թեոդենը: –Բայց ես չեմ ուզում մնալ այստեղ և սպասել մահվան, ինչպես ծուղակն ընկած ծեր փորսուղը: Սպիտակաբաշը, Խասուֆելը և իմ թիկնազորի մյուս նժույգները բակում մեզ են սպասում: Լուսադեմին ես կհրամայեմ կփչել Հելմի մեծ եղջերափողը և կարշավեմ թշնամուն ընդառաջ: Դու կարշավե՞ս ինձ հետ, Արաթհորնի որդի: Գուցե դեռ մեզ հաջողվի ճեղքել նրանց պաշտպանությունը և դուրս գալ պաշարումից, իսկ եթե ոչ, կզոհվենք մարտում և կարժանանանք երգի, եթե իհարկե մինչ այդժամ կմնա ինչ -որ մեկը, որ երգի մեր մասին...
–Ես կարշավեմ քեզ հետ, Թագավոր,– պատասխանեց Արագորնը:
–Իջիր պատի վրայից թե չէ կնետահարե՛նք,– գոռացին ի պատասխան: –Բանակցողի՛ս նայեք: Ասելիք չունե՛ս, ուղղակի ժամանակ ես ձգում, կորի՛ր:
–Եվ այնուամենայնիվ ես ձեզ ինչ -որ բան կասեմ,– հանգիստ ասաց Արագորնը: –Մինչև հիմա դեռ ոչ մեկին չի հաջողվել գրոհով վերցնել այս բերդը: Հեռացեք: Եթե ոչ, գթության չսպասեք: Ձեզանից ոչ մեկը այստեղից ողջ չի հեռանալու, նույնիսկ սուրհանդակ չի մնալու, որ պատմի թե ինչ կատարվեց: Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ է ձեզ սպասվում:
Այնպես վստահ և տիրական էր խոսում Արագորնը, միայնակ կանգնած ջարդված դարպասի գլխին, թշնամու անհամար հրոսակներին դեմ հանդիման, որ լեռնեցիներից շատերը զգուշավոր նայեցին ձորի ուղղությամբ, իսկ մյուսները հայացքները հառեցին երկինք: Բայց օրքերը միայն չարությամբ հռհռացին, և պատի վրա նետերի ու տեգերի տարափ տեղացին: Սակայն Արագորնն արդեն իջել էր պատից:
Խլացուցիչ դղրդյուն լսվեց, և կրակի լեզուներ խոյացան երկինք: Դարպասի կամարը, որի վրա քիչ առաջ կանգնած էր Արագորնը, փլուզվեց, և փոշու թանձր ամպը պարուրեց տարածքը: Պայթյունի ալիքից պաշտպանական ամրությունը ցրիվ եկավ այս ու այն կողմ: Արագորնը նետվեց ամրոց՝ թագավորի մոտ:
Օրքերը ուրախացած ոռնացին՝ պատրաստվելով պատի վրա առաջացած բացվածքից ներխուժել ամրոցի բակը, բայց հանկարծ նրանց թիկունքից խուլ աղմուկ լսվեց՝ նման մոտեցող փոթորկի ձայնի: Թշնամու զորքը ուշադրությամբ ականջ դնելով քարացավ: Վերջին շարքերից հարյուրավոր ձայներ գոռացին, որ լուսաբացն իր հետ իսկապես ինչ -որ տարօրինակ բան է բերում: Եվ այդ պահին աշտարակի գլխից անսպասելի ու սարսափազդու հնչեց Հելմի մեծ եղջերափողը:
Թշնամիները երերացին: Օրքերից շատերը փլվեցին գետնին և թաթերով փակեցին ականջները: Կիրճը պատասխանեց հզոր արձագանքով. ասես անտեսանելի փողհարները յուրաքանչյուր ժայռի և քարափի գլխից ընդունում էին մարտակոչը: Ամրոցի պաշտպանները ուրախ զարմանքով բարձրացրեցին գլուխները և ականջ դրեցին անվերջանալի արձագանքին: Եղջերափողի կանչը բազմապատկվում ու բազմապատկվում էր տարածվելով շրջակա լեռներում, և նրան պատասխանում էին նորանոր եղջերափողերի ձայներ՝ հնչեղ ու ահարկու: