— Այո, կասկած չի կարող լինել,— հաստատեց Արագորնը: — Այժմ մենք գիտենք, թե ինչպես էին հաղորդակցվում Իզենգարդն ու Մորդորը: Մի գաղտնիք պակասեց:
— Տարօրինակ զորություն ունեն մեր թշնամիները, բայց նրանց թուլությունները ևս տարօրինակ են,— ասաց Թեոդենը: Իզուր չէին հնում ասում. «չարը խժռում է ինքն իրեն»:
— Շատ հաճախ այդպես էլ լինում է,— հաստատեց Գենդալֆը: — Բայց այս անգամ մեր բախտը աներևակայելի բերեց: Հոբիթի արարքը, ըստ երևույթին, փրկեց ինձ հրեշավոր սխալից: Ախր ես արդեն ուզում էի ինքս փորձարկել քարը, ստուգել, թե այն ինչի է ընդունակ: Եթե ես անեի դա՝ ստիպված կլինեի մրցակցել մեծագույն կախարդի մոգության դեմ, իսկ ես դեռ պատրաստ չեմ նման փորձության, և կարող է պատահել, որ այն առհասարակ ինձ համար չէ: Եթե նույնիսկ ուժերս բավականացնեին, և ես չնկնեի նրա իշխանության տակ, միևնույնն է, նա կտեսներ ինձ, իսկ դա մեզ համար մահին հավասար է՝ քանի դեռ ժամանակը չի եկել բացեիբաց մարտնչելու:
— իմ կարծիքով ժամանակն արդեն եկել է,— ասաց Արագորնը:
— Դեռ ոչ,— առարկեց Գենդալֆը: — Քանի դեռ թշնամին շփոթմունքի մեջ է, մենք պետք է օգտվենք դրանից: Նա հիմա կարծում է, որ քարը Օրթհանքում է. իսկ ինչու՞ ոչ: Այսինքն, այտեղ է բանտարկված նաև հոբիթը, և Սարումանը, նրան տանջելու համար, ստիպել է նայել կախարդական քարին: Նա տեսել է հոբիթին և լսել նրա ձայնը, և հիմա անհամբեր սպասում է, թե երբ պատանդին կտեղափոխեն Սև Ամրոց: Քանի դեռ սխալմունքը չի բացահայտվել, պետք է օգտագործել այդ ժամանակը: Մենք առանց այդ էլ երկար հանգստացանք, հարկավոր է շտապել: Իզենգարդի շրջակայքում երկար մնալ չի կարելի: Ես կարշավեմ առաջ և ինձ հետ կվերցնեմ Փերեգրին Տուկին: Դա նրա համար ավելի օգտակար կլինի, քան անքուն պառկելն ու մտածելը:
— Ինձ հետ կմնան Էոմերը և տասը թիկնապահներ,— որոշեց թագավորը: — Այգաբացին առաջ կշարժվենք: Մյուսները Թող Արագորնի հետ սլանան առաջ:
— Քո կամքն է, տիրակալ,— ասաց Գենդալֆը,— բայց գնացեք լեռներ, Հելմյան Իջվածք:
Այդ պահին նրանց ծածկեց հսկայական ստվերը, և լուսինը հանկարծ հանգավ: Թիկնապահները ճչալով փռվեցին գետնին՝ ձեռքերով ծածկելով գլուխները: