Ճակատամարտում հաղթում է նա, ով նման է 1000 ժեն բարձրությունից դեպի անդունդը գահավիժող կուտակված ջրին։ Այդ է ձևը։
== Գլուխ հինգերորդ։ Հզորություն ==
(Շի)
Սուն Ցըզին ասաց. սովորաբար խոշոր ուժերի ղեկավարումը հիմնված է այն նույն սկզբունքի վրա, ինչ փոքր ուժերի ղեկավարումը։ Էությունը միայն ստորաբաժանումների և քանակի մեջ է։
Մեծ ուժերով մարտը վարելու սկզբունքը նույնն է, երբ մարտը վարում են փոքր ուժերով։ Էությունը միայն ձևի և անվան մեջ է։ Այն, ինչը զորքը դարձնում է անպարտելի, հակառակորդի հետ մշտապես հանդիպելիս, կանոնավոր մարտը և հմուտ զորաշարժն է։
Զորքի հարվածը պետք է լինի այնպիսին, ինչպես նետված ջրաղացքարը հարվածում է ձվին։ Դա լեփ-լեցունությունն ու դատարկությունն է։
Ընդհանրապես հակառակորդի հետ մարտը սկսում են կանոնավոր մարտով, իսկ հաղթում են զորաշարժով։ Ուստի նա, ով լավ է օգտագործում զորաշարժը անսահման է, ինչպես երկինքն ու երկիրը, անսպառ է, ինչպես գետերի հոսանքն ու հեղեղը։ Ավարտվում և սկսվում է արևի և լուսնի նման մահանում և կրկին ծնվում է, ինչպես տարվա չորս եղանակները։ Ձայներանգներն առնվազն հինգն են, սակայն այդ ձայներանգների զուգակցումը ստեղծում է մեղեդիներ, որոնք կարելի է անընդհատ լսել, գույներն առնվազն հինգն են, սակայն այդ գույների զուգակցումը ստեղծում է բազմաթիվ գուներանգներ, որոնք տեսնելն իսկ անհնար է, համերն առնվազն հինգն են, սակայն այդ հինգ համերն ստեղծում են բազմաթիվ համային հատկություններ, որոնք բոլորը հնարավոր չէ զգալ։ Մարտական հզորությունը կախված է կանոնավոր մարտից և զորաշարժից, սակայն կանոնավոր մարտի և զորաշարժի զուգակցումը կարելի է ստեղծել անվերջ։ Զորաշարժը և կանոնավոր մարտը ծնունդ են տալիս մեկը մյուսին, շրջապտույտի նման, որը վերջ չունի։ Ո՞վ կարող է սպառել դրանք մինչև վերջ։
Այն, որ ջրի բուռն հեղեղը իր հոսանքով տանում է նաև քարեր, նշանակում է հզորություն։ Այն, որ գիշատիչ թոչունը սրընթաց խոցում է իր զոհին նախանշված հարված է։ Ուստի, լավ կռվողի հզորությունը սրընթաց է, իսկ ծրագրավորումը՝ կարճ։ Հզորությունը նման է ձգված աղեղալարին, իսկ ծրագրավորված հարվածը նման է արձակված նետի։
Ամեն ինչ խառնվել և խճճվել է, անկանոն մարտ է ընթանում, սակայն անկարգության մեջ չեն կարող ընկնել, խառնաշփոթության և քաոսի մեջ չեն կարող ընկնել, չնայած ձևը խախտված է, միևնույնն է, պարտություն չեն կարող կրել։
Անկարգությունը ծնվում է կարգ ու կանոնից, վախկոտությունը ծնվում է քաջությունից, թուլությունը ծնվում է ուժից։ Կարգ ու կանոնը և անկարգությունը ստեղծվում են թվով, քաջությունն ու վախկոտությունը ստեղծվում են հզորությամբ, ուժն ու թուլությունը առաջանումեն ձևով։
Այդ է պատճառը, որ նա, ով հմտորեն շարժում է հակառակորդին ձևի ցուցադրմամբ, հակառակորդն անպայման հետևում է դրան, երբ հակառակորդին մի ինչ-որ բան են տալիս, նա անպատճառ վերցնում է, շահով նրան ստիպում են շարժվել, իսկ դիմավորում են դարանով։
Ահա թե ինչու լավ կռվողները փնտրում են հզորություն և ամեն ինչ մարդկանցից չեն պահանջում։ Ուստի կարողանալով ընտրել մարդկանց, նրանց նշանակում է հզորությանը համապատասխան։
Երբ մարդկանց նշանակում են իրենց հզորությանը համապատասխան, նրանք մարտի են գնում գլորվող ծառերի ու քարերի նման։ Հարթ տեղանքում քարերի ու ծառերի հատկությունն է ընկած լինել առանց շարժվելու, երբ տեղը թեք է, ապա նրանք գլորվում են։ Ուստի մարտում վարպետորեն օգտագործված մարդկանց հզորությունը նման է կլոր քարի, որը բաց է թողնված 1000 ժեն բարձրություն ունեցող լեռից։ Դա է հզորությունը։
== Գլուխ վեցերորդ։ Լեփ-լեցունություն և դատարկություն ==
(Սյույ, Շի)
Սուն Ցըզին ասաց. սովորաբար նա, ով մարտադաշտ առաջինն է գալիս և սպասում հակառակորդին, նա մարտին նախապատրաստված է, ով ուշացավ մարտադաշտ գալ և ընթացքից մարտի մեջ մտավ, նա արդեն հոգնած է։ Ուստի նա, ով որ լավ է մարտնչում, ղեկավարում է հակառակորդին և թույլ չի տալիս հակառակորդին ղեկավարել իրեն։
Ով կարողանում է հակառակորդին ստիպել (իր կամքով) գալ, նա նրան շահով է գայթակղեցնում, ով կարողանում է հակառակորդին թույլ չտալ գալ, նա նրան (թշնամուն) կասեցնում է վնասով։ Ուստի հակառակորդի թարմ ուժերը կարելի է հոգնեցնել, կուշտին կարելի է ստիպել քաղց զգալ, պինդ կառչածին էլ կարելի է տեղաշարժել։
Առաջ շարժվել այնտեղ, որտեղ նա (հակառակորդը) անպայման կնախաձեռնի ուղղվել, առաջանալ այնտեղ, ուր նա բացարձակապես ինձ չի սպասում։ Ով 1000 լին անցնում է առանց հոգնելու, նա անցնում է այն վայրերով, որտեղ մարդիկ չկան։
Հարձակվել և անպայման գրավել՝ նշանակում է հարձակվել չպաշտպանվողի վրա, պաշտպանվել և անպայման պահել՝ նշանակում է այնպես պաշտպանվել, որ նա (հակառակորդը) չկարողանա հարձակվել։
Ուստի, ով կարողանում է հարձակվել, հակառակորդը չգիտի, թե որտեղ պաշտպանվի, ով լավ է պաշտպանվում, հակառակորդը չգիտի, թե որտեղ հարձակվի։ Օ՜, նրբագույն արվեստ։ Նույնիսկ բառերով այն չես արտահայտի։ Ուստի կարելի է դառնալ հակառակորդի ճակատագրի կառավարողը։
Առաջ շարժվել անարգել, նշանակում է հարվածը հասցնել հակառակորդին դատարկության մեջ։ Նահանջել առանց հանդիպելու՝ նշանակում է արագությունն այնպիսին է, որ ի վիճակի չեն հասնել։
Ուստի, երբ ցանկանում եմ մարտի բռնվել, չնայած հակառակորդը թաքնվում է բարձր պարիսպների հետևում, շրջապատված խորը խրամներով, այնուամենայնիվ նա կկռվի ինձ հետ, որովհետև հարձակման ժամանակ նա անպայման պետք է պաշտպանվի։ Երբ ես չեմ ուզում մարտի բռնվել, հենց որ ես տեղ գրավեմ և սկսեմ պաշտպանվել, հակառակորդը չի կարող ինձ հետ կռվել, որովհետև ես նրան շեղում եմ այդ վայրից։
Հետևաբար, հակառակորդին ցույց տալով ձևը, ինքս այն չեմ ունենա, ես կպահպանեմ իմ ամբողջականությունը, իսկ հակառակորդը մասերի կբաժանվի։ Իմ ամբողջականությունը կկազմի միավոր, հակառակորդը բաժանվելով մասերի, կկազմի տասը միավոր։ Այդ ժամանակ ես, օգտագործելով բոլոր տասն էլ, կհարձակվեմ հակառակորդի միավորի վրա, մենք շատ կլինենք, իսկ հակառակորդը՝ քիչ։ Ով կարողանում է զանգվածով հարվածել (թվով) քչերին, որոնք կռվում են ինձ հետ, նրան դյուրին է հաղթել։
Արա այնպես, որ հակառակորդը չիմանա, թե որ վայրում նա պետք է կռվի։ Երբ վայրերը, որտեղ հակառակորդը պետք է պատրաստ լինի, շատ են, ապա նրանք, ովքեր կռվելու են ինձ հետ, քիչ են։
Ուստի, նախապատրաստվելով առջևում, նրա մոտ քիչ ուժեր կլինեն ետևում, նախապատրաստվելով աջում, նրա մոտ քիչ ուժեր կլինեն ձախում։ Եթե չես կարող պատրաստ չլինել (եթե ցանկանում ես պատրաստ լինել), ապա պետք է բավականաչափ ուժեր ունենաս։ Սակայն ուժեր ունի նա, ով պատրաստ է ամենուր, շատ ուժեր ունի նա, ով հարկադրում է ուրիշին պատրաստ լինել ամենուր։
Հետևաբար, երբ գիտես ճակատամարտի վայրը և ճակատամարտի օրը, ապա գտնվելով 1000 լիից հեռու, դու կկարողանաս կռվել։ Երբ չգիտես ճակատամարտի վայրը, չգիտես նաև ճակատամարտի օրը, ապա ձախ թևով չես կարող օգնել աջին, աջ թևով չես կարող օգնել ձախին, առջևում գտնվողները չեն կարող օգնել ետևիններին, առավել ևս դա վերաբերում է նրանց, ովքեր գտնվում են մի քանի տասնյակ լի հեոավորության վրա և նրանց, ովքեր գտնվում են ավելի մոտ մի քանի լի հեռավորության վրա։
Չնայած ես ասում եմ, որ յուժեններն ավելի շատ զորք ունեն, սակայն հայտնի չէ՝ նրանք կհաղթե՞ն, թե՞ պարտություն կկրեն։ Ուստի ասված է. «Հաղթանակը կարելի է ստեղծել»։ Թող հակառակորդի մոտ շատ զորք լինի, սակայն կարելի է նրան թույլ չտալ մարտի մեջ մտնել։
Հետևաբար, գնահատելով հակառակորդին, անհրաժեշտ է իմանալ նրա պլանն իր բոլոր արժանիքներով և թերություններով։ Այնպես արա, որպեսզի իմանաս նրա հանգիստը ղեկավարող սկզբունքները, ցույց տուր նրան որևէ ձև և կիմանաս նրա կյանքի ու մահվան տեղը, բախվելով հակառակորդի հետ, կիմանաս, թե որտեղ նա ունի առատություն և որտեղ՝ պակաս։
Ուստի սեփական զորքին տրվող ձևի ծայրահեղ սահմանը՝ այնպես անել, որպեսզի ձև չլինի։ Երբ ձև չկա, ապա նույնիսկ իմաստունը չի կարող որևէ բանից գլուխ հանել։
Օգտվելով այդ ձևից, հաղթանակը դրվում է զանգվածների վրա, սակայն զանգվածն այդ մասին չի կարող իմանալ։ Բոլոր մարդիկ գիտեն այն ձևը, որից օգտվելով ես հաղթել եմ, սակայն չգիտեն այն ձևը, որից օգտվելով ես կազմակերպել եմ հաղթանակը։ Ուստի մարտում տարած հաղթանակը հնարավոր չէ կրկնել միևնույն տեսքով, այն համապատասխանում է ձևերի անվերջ տեսակներին։
Զորքի ձևը նման է ջրին, ջուրը բարձունքի վրա չի մնում և ձգտում է դատարկությանը։ Ջուրը հաստատում է իր հոսքը կախված տեղանքից, զորքը հաստատում է հաղթանակը՝ կախված հակառակորդից։
Ուստի զորքը չունի մշտական հզորություն, ջուրը չունի մշտական ձև։ Ով կարողանում է հակառակորդից կախված օգտվել փոփոխություններից և փոխակերպումներից ու նրանց հիման վրա հասնում է հաղթանակի, նա կոչվում է Աստվածություն։
Հետևաբար, բնության հինգ ուժերի մեջ չկան մշտապես հաղթողներ։ Տարվա չորս եղանակների մեջ չկա մշտապես սահմանվածը։ Արևն ունի կարճատևություն և երկարատևություն, լուսինն ունի կյանք և մահ։
== Գլուխ յոթերորդ։ Պայքարը պատերազմում ==
(Ցյունչժեն)
Սուն Ցըզին ասաց. սովորաբար պատերազմի կանոնները հետևյալն են` զորավարը թագավորից ստանալով կարգադրություն, հավաքում է զորքը, կենտրոնացնում է ուժերը և ռազմարշավի ելնելով հակառակորդի հետ շփման մեջ է մտնում։ Չկան այնպիսի դժվարություններ, ինչպիսին պայքարն է պատերազմում։
Պայքարի դժվարությունն այն է, որպեսզի շրջանցիկ ճանապարհը վերածի ուղիղի, աղետը վերածի օգուտի։ Ուստի, նախրնտրելով շրջանցիկ ճանապարհ, հրապուրիր հակառակորդին օգուտով։ Հակառակորդից ավելի ուշ դուրս գալով, հասիր նրանից շուտ։ Ով գիտի այս, նա օգտագործում է ուղիղ և շրջանցիկ ճանապարհները։
Հետևաբար, պայքարը պատերազմում հանգեցնում է օգուտի, պայքարը պատերազմում ստեղծում է նաև դժվարություններ։ Եթե պայքարել միայն օգուտի համար, ողջ զորքը ոտքի հանելով, ապա որոշված նպատակին չես հասնի։ Եթե պայքարել շահի համար՝ շարժունակ բանակ ուղարկելով, ապա հարկադրված կզոհես գումակը։ Ուստի, երբ պայքարում են շահի համար 100 լիից հեռու, հանելով սպառազինությունը, առանց հանգստի օր ու գիշեր սլանալով, կրկնապատկելով երթուղիները և միավորելով անցումները, ապա գերի են ընկնում բոլոր երեք բանակների հրամանատարները։ Դիմացկուններն առաջ են անցնում, թույլերր քարշ են գալիս ետևում, և ողջ զորքից նպատակին է հասնում մեկ տասներորդը։ Երբ պայքարում են շահի համար հիսուն լիից հեռու, ապա կկորցնեն առաջավոր բանակի հրամանատարին, և ողջ զորքից (միայն) կեսն է հասնում նպատակին։ Երբ պայքարում են շահի համար երեսուն լիից հեռու, ապա նպատակին հասնում է երկու երրորդը։
Ուստի, երբ չունի գումակ, նա (բանակը) կործանվում է, եթե չկա պարեն և (անասնա)կեր, այն (բանակը) կործանվում է, եթե չկա պաշարը այն (բանակը) կործանվում է։
Հետևաբար, ով չգիտի իշխանների դիտավորությունները, նա չի կարող նրանց հետ դաշինք կնքել։ Ով չգիտի տեղանքի լեռների ու անտառների, զառիթափերի և ուղղաբերձ դարափների, ճահճուտների ու ճահիճների բնույթր, նա չի կարող ղեկավարել զորքը։ Ով չի օգտագործում տեղական ուղեկցորդներին, նա չի կարող օգտվել տեղանքի առավելություններից։
Ուստի, ով վարում է պատերազմը, շարժվում է խաբելու ուղիով, շարժվում է հանուն օգուտի, փոխում է դրությունը բաժանելով և կենտրոնացնելով։
Հետևաբար նա (զորավարը) սրընթաց է քամու նման, հանգիստ է անտառի նման և խժռում է կրակի նման, (իսկ) նրա շարժումները նման են ամպրոպի հարվածին։
Գյուղերը թալանելու համար զորքը մասերի բաժանիր, տարածքը գրավելիս տիրիր շահավետ կետերին։
Նախքան առաջ շարժվելդ, ամեն ինչ ծանր ու թեթև արա։ Ով վաղօրոք գիտի ուղիղ և շրջանցիկ ճանապարհների սկզբունքները նա հաղթում է։ Դրանք են պատերազմում պայքարի օրենքները։
«Զորքերի ղեկավարումր» գրքում ասված է. «Ձայնով արտասանած բառն այնքան էլ հեռու չեն լսում, ուստի մտցրեցին կոչնազանգը (գոնգը) և թմբուկները, երբ նայում և այնքան էլ հեռու չեն տեսնում, այդ պատճառով մտցրեցին դրոշակներն ու դրոշները»։ Չէ որ ով օգտագործում է կոչնազանգերն ու թմբուկները, դրոշներն ու դրոշակները՝ նա միավորում է իր ռազմիկների աչքերն ու ականջները։ Եթե բոլոր ռազմիկները նպատակադրվում են մեկ ուղղության վրա, ապա քաջը միայնակության մեջ առաջ չի շարժվում, վախկոտներին միայնակ թույլ չեն տալիս ետ գնալ։ Դա է մարդկանց զանգվածների ղեկավարման օրենքը։
Հետևաբար, գիշերային մարտի ժամանակ շատ կրակ և թմբուկներ, (իսկ) ցերեկային մարտում շատ դրոշակներ են օգտագործում։ Այդ նույն միջոցով մոլորության մեջ են գցում հակառակորդի աչքերն ու ականջները։
Այդ պատճաոով ողջ զորքից կարելի է խլել ոգին, զորքերի հրամանատարից խլել սիրտը։ Ուստի առավոտյան հոգով քաջ են, ցերեկը հոգով ծուլանում են, (իսկ) գիշերը մտածում են ճամբար վերադառնալու մասին։ Հետևաբար, ով որ պատերազմը վարպետորեն է վարում, խուսափում է հակառակորդից, երբ նա հոգով քաջ է և հարվածը հասցնում է այն ժամանակ, երբ նա ծուլացել կամ էլ մտածում է ճամբար վերադառնալու մասին։ Դա է ոգու ղեկավարումը։
Գտնվելով կարգ ու կանոնի վիճակում, սպասում են հակառակորդի շրջանում անկարգությունների, գտնվելով հանգստության վիճակում, սպասում են հուզումների հակառակորդի շրջանում։ Դա է ղեկավարումը սրտով։
Մոտիկ գտնվելով, սպասում են հեռու գտնվողներին, հանգստանալով, սպասում են հոգնածներին, լինելով կուշտ, սպասում են սովածներին։ Դա է ուժի կաոավարումը։
Ձեռնպահ մնա հակառակորդի վրա հարձակումից, երբ նրա դրոշակները կարգին են, մի հարձակվիր հակառակորդի ճամբարի վրա, երբ նա պահպանում է մարտակարգը։ Դա է փոփոխությունների ղեկավարումը։
Հետևաբար, պատերազմի վարման կանոնն այսպիսին է՝ մի հարձակվիր բարձունքի վրա գտնվող հակառակորդի վրա, մի հակազդիր բարձունքից իջնող հակառակորդին, մի հետապնդիր շինծու փախչողին, մի հարձակվիր քաջ զինվորների վրա, մի գայթակղվիր ռազմական խայծով, մի կանգնեցրու տուն վերադարձող հակառակորդին, անպայման մի կողմը բաց թող, ճնշում մի գործադրիր հակառակորդի վրա, երբ նա անելանելի վիճակում է գտնվում։ Դա է պատերազմի վարման կանոնը։
== Գլուխ ութերորդ։ Ինը փոփոխություններ ==
(Ցզյուբյան)
Սուն Ցըզին ասաց. սովորաբար պատերազմի վարման կանոնները հետևյալն են՝ զորավարը տիրակալից հրաման ստանալով, հավաքում է զորքը և կենտրոնացնում է ուժերը։
Դժվարանցանելի տեղանքում ճամբար մի խփիր, մեծ ճանապարհների հատման վայրում դաշինքներ կնքիր, անապատային տեղանքում մի հապաղիր, շրջապատման վայրում մտածիր, մահվան տեղանքում կռվիր։
Կան ճանապարհներ, որոնցով չեն գնում, կան զորքեր, որոնց վրա չեն հարձակվում, կան ամրոցներ, որոնք չեն գրոհում, կան տեղանքներ, որոնց համար չեն կռվում, լինում են տիրակալի հրամաններ, որոնք չեն կատարվում։
Հետևաբար, զորավարը, որը հասկանում է «ինը փոփոխությունների» էության շահը, գիտի, թե ինչպես վարի պատերազմը։ Զորավարը, որը չի հասկանում «ինը փոփոխությունների» էության շահը, նույնիսկ գիտենալով տեղանքի ձևը, չի կարող օգտագործել նրա օգուտը։ Զորքերի ղեկավարման ժամանակ, եթե չգիտես «ինը փոփոխությունների» արվեստը, չես կարող տիրապետել մարդկանց ղեկավարման արվեստին, նույնիսկ եթե գիտես «հինգ օգուտը»։
Ուստի խելացի զորավարի գործողությունների կշռադատվածությունն այն է, որ նա պարտադիր կերպով միավորի օգուտն ու վնասը։ Երբ օգուտի հետ միավորում են վնասը, ապա գործը կարելի է իրականացնել, երբ վնասի հետ միավորվում են օգուտը՝ ապա աղետը կարելի է վերացնել։ Հետևաբար իշխաններին հնազանդեցնում են վնասով, իշխաններին հարկադրում են ծառայել գործով, իշխաններին հարկադրում են ինչ-որ տեղ շարժվել շահից դրդված։
Ուստի պատերազմի վարման կանոնները պահանջում են հույսը չդնել այն բանի վրա, թե հակառակորդը չի գա, այլ հիմնվել նրան դիմավորելու մեր պատրաստվածության վրա, չհուսալ, թե նա չի հարձակվի, այլ հիմնվել այն բանի վրա, որ մենք անհնարին կդարձնենք նրա հարձակումը։
Հետևաբար, զորավարի մոտ կան հինգ վտանգավոր սխալներ՝ երբ նա ձգտում է անպայման մահանալ նա կարող է սպանվել, երբ նա ձգտում է անպայման կենդանի մնալ՝ նա կարող է գերի ընկնել, երբ նա շուտ է զայրանում՝ նրան կարող են արհամարհել, երբ նա պատվի նկատմամբ զգայուն է՝ նրան կարող են խայտառակել, երբ նա սիրում է մարդկանց՝ նրա համար կարող են անհանգստություններ ստեղծել։ Այս բոլոր վտանգները զորավարի թերություններն են, (և) աղետ են պատերազմի ժամանակ։ Ջախջախում են զորքին, սպանում են զորավարին անպայման այս հինգ վտանգներով։ Չի կարելի այդ չիմանալ։