Ֆրոդոյի վայրեջքն ավելի երկար տևեց: Նա պարանը փաթաթեց մարմնի շուրջը, ստուգեց, ամուր է արդյոք այն կապված կոճղից, կարճացրեց՝ եթե ինչ-որ բան լինի, կկախվի օդում, ոչ թե կծեփվի գետնին, և սկսեց իջնել: Նա չէր ուզում ռիսկի դիմել և աշխատում էր օգտագործել ամեն մի ելուստ՝ ի տարբերություն Սեմի, Ֆրոդոն այնքան էլ չէր վստահում այդ բարակ մոխրագույն լարին: Սակայն երկու անգամ, միևնույնն է, ստիպված եղավ վստահել. ժայռը բոլորովին հարթ էր, և նույնիսկ նրա հոբիթական ճարպիկ մատները ճեղք անգամ չգտան կառչելու համար: Բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, և շուտով Ֆրոդոն արդեն կանգնած էր Սեմի կողքին:
— Ուռա՛,— թեթևացած բացականչեց նա,— իջա՛նք վերջապես: Մնաս բարո՜վ, Էմին Մուիլ: Լավ, բա հետո՞: Էհ, այ կտեսնես, մենք դեռ կարոտով ենք հիշելու այս քարերը, երբ ոտքերի ոտքներիս տակ սկսի ճողփալ:
Սեմը չպատասխանեց. նա նայում էր քարափին, որտեղից իջել էին:
— Լավ է, որ պարանն էնտեղ կախված չմնաց,— ասաց նա: — Բարդ խնդրի առջև կանգնեցրինք էդ լպրծունին, դե թող հիմա մտածի, թե ուր ենք կորել: Տեսնենք ոնց է իր լպրծուն թաթերով թռչկոտելու ելուստից ելուստ:
Նրանք հեռացան քարափի ստորոտից և սկսեցին իջնել կտրուկ զառիթափով՝ շրջանցելով ժայռաբեկորները և առաջանալով քիչ առաջ տեղացած հեղեղից լպրծուն քարերի վրայով: Սակայն դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ ճանապարհը փակեց մի նոր ճեղք: Այն այնքան էլ լայն չէր, բայց մթության մեջ վրայով թռչել չարժեր: Խորքում խոխոջում էր առվակը: Ձախ կողմում ճեղքը շրջադարձ էր կատարում դեպի հյուսիս, և նորից գնում դեպի լեռները՝ փակելով ճանապարհը: Մինչև առավոտ ճանապարհը շարունակելն իմաստ չուներ:
— Չգնա՞նք ժայռերի երկայնքով դեպի հարավ,— առաջարկեց Սեմը: — Գուցե ինչ-որ չոր որջ կամ քարանձավ գտնենք:
— Գնանք,— համաձայնեց Ֆրոդոն: — Ես հոգնել եմ և այլևս ուժ չունեմ թափառել այս քարերի մեջ, թեպետ հապաղել էլ չեմ ուզում: Էհ, գոնե արահետ գտնեինք՝ մինչև ուժերս սպառվելը կգնայի ու կգնայի...
Էմին Մուիլի քարքարոտ ստորոտով գնալը նույնքան դժվար դուրս եկավ, որքան վերևում: Սեմն այդպես էլ ոչ որջ գտավ, որտեղ կարելի էր հանգստանալ, ոչ էլ քարանձավ՝ միայն լերկ քարե պատ, իսկ գլխին մռայլ ժայռեր՝ մեկը մյուսից բարձր և ուղղաձիգ: Վերջապես, բոլորովին ուժասպառ, հոբիթները տեղավորվեցին քարափից ոչ հեռու մի վիթխարի քարի մոտ: Նստեցին կողք կողքի, տաքանալու համար սեղմվեցին միմյանց, և քունը կամաց-կամաց սկսեց հաղթահարել նրանց՝ պայքարելու ուժ չկար: Գլխավերևում լողում էր պայծառ լուսինը, որի սպիտակավուն լույսի ներքո փայլում էին սառը, խոժոռ ժայռերը: մոխրագույն կիսախավարում քարերի լաբիրինթոսը սև ստվերներ էր տարածում:
— Լավ,— ասաց Ֆրոդոն, վեր կենալով ու ավելի պինդ փաթաթվելով թիկնուցի մեջ,— վերցրու իմ ծածկոցը ու քնիր, իսկ ես կմնամ պահակ: Կթափառեմ մի քիչ...
Հանկարծ նա քարացավ և, կռանալով՝ բռնեց Սեմի ձեռքը:
— Այն ի՞նչ է,— շշնջաց նա,— նայի՛ր, այնտե՛ղ, քարափի՛ն:
Սեմը նայեց նշված ուղղությամբ ու ցածր սուլեց.
— Բարև ձեզ,— ասաց նա,— չհասցրեցինք ձանձրանալ, կրկին հայտնվեց: Ախր դա Գո՛լլումն է: Ես էլ, հիմարս, մտածում էի, վե՛րջ խաբեցինք, էլ չի իջնի: Չէ, դուք մենակ նայեք դրան. սարդը քեզ օրինակ:
Ուղղաձիգ և, ինչպես թվում էր գունատ լուսնի լույսի տակ, գրեթե հարթ պատի վրայով, բարակ վերջույթները քարի վրա տարածած, ինչ-որ փոքրիկ, սև ստվեր էր սողում: Երևում է այդ արարածի ճկուն, կառչուն մատները պատի վրա ինչ-որ ճեղքեր ու ելուստներ էին գտնում, որոնք հոբիթները նույնիսկ չէին տեսնում, ինչ մնաց կառչեին դրանցից, բայց հեռվից թվում էր, թե արարածը սողում է միջատների պես՝ կպչուն ոտքերի օգնությամբ: Արարածը շարժվում էր գլխիվայր, և ասես հոտոտում էր ճանապարհը: Ժամանակ առ ժամանակ նա գլուխը դանդաղ բարձրանում էր և պտտում աջ ու ձախ, իսկ աչքերը գունատ կրակով առկայծում էին մթության մեջ: Երբեմն արարածը խեթ-խեթ նայում էր լուսնին և անմիջապես կկոցում աչքերը:
— Կարծում եք, տեսնու՞մ է մեզ,— շշնջաց Սեմը:
— Չգիտեմ,— ցածր պատասխանեց Ֆրոդոն,— բայց կարծում եմ, որ ոչ: Էլֆական թինոցները մթության մեջ նույնիսկ բարեկամների աչքից են քողարկում: Ես՝ օրինակ, ստվերում երկու քայլի վրա քեզ չեմ տեսնում: Բացի այդ լսել եմ, որ նա լույս չի սիրում՝ ո՛չ լուսնի, ո՛չ արևի:
— Բա ինչո՞ւ է էդ դեպքում հենց էս կողմ սողում:
— Կամա՛ց, Սե՛մ,— շշնջաց Ֆրոդոն: — Գուցե նա մեր հո՞տն է առել: