Չգիտեմ՝ քանի ամիս արդյոք անց կացրի ես լեռներում։ Այստեղ ես հանդիպեցի մի հովվի, որ ապրում էր ամենաամայի կիրճերից մեկում։ Նա ինձ իր մոտ առավ աշխատանքի և ամբողջ այս ժամանակը ես ծառայեցի որպես հովվի օգնական, աշխատելով ամբողջ ցերեկը բաց երկնքի տակ անց կացնել, որպեսզի կարողանամ ծածկել մազերս, որ հիմա այնպես անսպասելի մատնեցին ինձ։ Սակայն բոլոր իմ աշխատանքն ու ուժերիս լարումը ապարդյուն անցան, որովհետև տերս վերջապես իմացավ, որ ես տղամարդ չեմ և նրա սրտում ծագեցին նույն վատ մտքերը, ինչ որ իմ ծառայի մեջ։ Այնինչ բախտը միշտ էլ ցավի հետ դարման չի ուղարկում, և այս անգամ ես չկարողացա նրան նետել անդունդը, ինչպես արի իմ ծառային, որ նա, չափելով նրա խորությունը, մեղմացներ իր կրքի կրակը։ Ուստի ես նախընտրեցի փախչել և նորից թաքնվել այս ժայռերի մեջ՝ առանց փորձելու խոսքերով կամ ուժով պաշտպանվելու։ Եվ ահա այդ պահից ես թափառում եմ լեռներում և որոնում մի տեղ, որտեղ կարողանայի անարգել գանգատվել երկնքին իմ դառը բախտից և նրանից հնար ու միջոց խնդրել կա՛մ թեթևացնելու վիճակս, կա՛մ թե միանգամայն հրաժեշտ տալ կյանքիս այս անապատում, այնպես որ անգամ հիշատակը չմնա թշվառիս մասին, որ անմեղ տեղը արժանացել է, որպեսզի վրան խոսեն ու փսփսան իր հայրենի հողում և օտար երկրներում։
==Գլուխ XXIX==
Որ զրուցում է սրամիտ խորամանկության և եղանակի մասին, որոնց միջոցով մեր սիրահարված կաբալյերոն ազատվեց ինքն իր վրա դրած խիստ ապաշխարանքից
Ահա, սինյորներ, իմ ողբերգության ճշմարտապատում պատմությունը։ Վճռեցեք և դատեցեք ինքներդ՝ ունե՞մ բավականաչափ պատճառներ, որպեսզի իմ ախ ու վախը, որ դուք լսեցիք, խոսքերս, որոնց անսացիք և արցունքս, որ թափվում էին իմ աչքերից, ― ավելի ևս առատ լինեն։ Եվ, խորհելով իմ ցավի բնույթի մասին, դուք կտեսնեք, որ այստեղ ապարդյուն են խորհուրդները, որովհետև բուժումն անհնար է։ Մեկ բան եմ խնդրում ձեզնից (և դուք հեշտությամբ կարող եք և պետք է որ կատարեք), ― խորհուրդ տվեք, թե ո՞ւր հեռանամ, որ ինձ չհետապնդեն ահ ու սարսափը, թե ինձ վրա կհասնեն նրանք, ովքեր ինձ որոնում են։ Որովհետև թեև ես գիտեմ, որ ծնողներս այնքան են սիրում ինձ, որ ես կարող եմ չկասկածել, որ նրանք ինձ ուրախությամբ կընդունեն, սակայն ամոթ է պատում ինձ այն մտքից, որ ես նրանց առջև կհանդիսանամ ոչ այն, ինչ որ նրանք կկամենային, և ես գերադասում եմ ընդմիշտ ծածկվել նրանցից։ Ես ուժ չեմ ունենալու կարդալու նրանց աչքերում, թե նրանք համարում են, որ ես կորցրել եմ պատիվս, որ ես խոստացել եմ պահպանել։
Այդ ասելուց հետո նա լռեց։ Նրա այտերը շիկնեցին, մի բան, որ պարզապես վկայում էր, թե նրա հոգին դյուրազգաց ու ամոթխած էր։ Իսկ ունկնդիրներն իրենց հոգում զգացին և՛ վիշտ, և՛ զարմանք նրա դժբախտ վիճակի հանդեպ։ Քահանան կամեցավ նրան մխիթարել և հանգստացնել, բայց Կարդենիոն առաջինը խոսեց և ասաց․
― Ուրեմն, սինյորա, դուք չքնաղ Դորոթե՞ան եք, հարուստ Կլենարդոյի միակ դուստրը։
Դորոթեան զարմացավ, լսելով իր հոր անունը և տեսնելով այն արտասանողի խղճուկ հագուստը (մենք արդեն ասել էինք, որ Կարդենիոն շատ աղքատիկ հանդերձ ուներ) հարցրեց․
― Իսկ ո՞վ եք դուք, եղբայր, և որտեղի՞ց գիտեք իմ հոր անունը։ Եթե ես չեմ սխալվում, ամբողջ իմ պատմության ընթացքում ես այդ անունը չտվի։
― Ես այն դժբախտն եմ, ― պատասխանեց Կարդենիոն, ― որին, ինչպես դուք ասացիք, Լյուսինդան իր ամուսինը կոչեց։ Ես չարաղետ Կարդենիոն եմ։ Ձեզ վիրավորողի ոճրագործությունը ինձ էլ այս օրը գցեց, ինչպես հիմա տեսնում եք՝ պատառոտած հագուստով, գրեթե մերկ, զուրկ մարդկային ցավակցությունից և, որ ամենավատթարն է, զուրկ բանականությունից, ― ավա՜ղ, բացի այն հազվադեպ վայրկյաններից, երբ երկինքը վերադարձնում է ինձ բանականությունս։ Այո՛, Դորոթեա, ես ներկա էի Ֆերնանդոյի երդմնազանցությանը, ես լսեցի, թե ինչպես Լյուսինդան պատասխանեց «այո», խոստացավ նրա կինը դառնալ։ Սակայն իմ ուժը չպատեց մնալու, որ տեսնեմ, թե ինչով է վերջանալու նրա ուշագնացությունը և իմանալու, թե նրա կրծքին գտնված տոմսը ինչ բովանդակություն ունի։ Հոգիս չկարողացավ տանել բախտի այդքան հարվածները, համբերությունս լքեց ինձ, և ես թողի նրա տունը և, հանձնարարելով իմ տիրոջը հանձնել Լյուսինդային իմ նամակը, հեռացա այս խուլ վայրը, որտեղ մտադիր էի վերջ տալու կյանքիս, որ ես այն պահից ի վեր ատեցի որպես ոխերիմ թշնամուս։ Սակայն բախտս չհաճեց խլել նրան և խլեց միայն բանականությունս ― թերևս նրա համար, որ պահպանի ինձ այս երջանիկ հանդիպումի համար ձեզ հետ։ Եթե ձեր խոսքերը ճշմարիտ են, ― իսկ ես հաստատ հավատում եմ, որ այդպես է, ― ապա միգուցե բախտը ավելի լավ վերջավորություն է պատրաստում մեր փորձություններին, քան մենք ենք ենթադրում։ Չէ՞ որ եթե Լյուսինդան, ինչպես ամենքի առջև հայտարարեց, չի կարող մարդու գնալ դոն Ֆերնանդոյին, որովհետև պատկանում է ինձ, իսկ դոն Ֆերնանդոն չի կարող ամուսնանալ Լյուսինդայի հետ, որովհետև նա կապված է ձեզ հետ, ապա չե՞նք կարող մենք արդյոք հուսալ, թե երկինքը մեզ կվերադարձնի այն, ինչ որ մերն է, ― որովհետև մեզ պատկանը դեռևս մերն է և ոչ ոք մեզնից չի խլել և չի զրկել մեզ։ Եվ քանի որ մենք այդպիսի մխիթարություն ունենք, որ հեռավոր հույսի ծնունդ չէ և անմիտ ցնորքների վրա չէ հիմնված, ապա խնդրում եմ, սինյորա, ձեր ազնիվ մտքում ուրիշ վճիռ ընդունեցեք և լավագույն բախտ հուսացեք։ Ես էլ նույնը կանեմ։ Ես ձեզ ազնվականի և քրիստոնյայի խոսք եմ տալիս, որ չեմ լքի ձեզ, մինչև որ դուք դոն Ֆերնանդոյի գրկում չլինեք։ Իսկ եթե ինձ չհաջողվի հորդորներով համոզել նրան կատարելու իր պարտականությունը, ես կօգտագործեմ իմ ազնվական կոչումս և ամենայն իրավամբ կկանչեմ ձեզ վիրավորողին մարտի, արժամապես իր վիրավորանքը մոռացած (որոնց համար թող նրան երկինքը պատժի), այստեղ՝ երկրի վրա, վրեժ լուծեմ ձեզ հասցրած վիրավորանքի համար։
Որքան ավելի էր խոսում Կարդենիոն, այնքան ավելի էր զարմանում Դորոթեան։ Չիմանալով՝ ինչպես շնորհակալ լինի նրա այնքան մեծահոգի առաջարկների համար, նա ընկավ նրա ոտքերը՝ կամենալով գրկել։ Սակայն Կարդենիոն թույլ չտվեց, իսկ լիցենցիատը պատասխանեց երկուսի փոխարեն։ Հավանություն տալով Կարդենիոյի գեղեցիկ ճառին՝ նա սկսեց թախանձել, համոզել նրանց՝ իրեն հետ միասին իր գյուղը երթալու։ Այնտեղ նրանք ամեն կարևոր ինչ կվերցնեն և ապա կորոշեն, թե ինչպես գտնեն դոն Ֆերնանդոյին, ինչպես վերադարձնեն Դորոթեային իր ծնողներին և ընդհանրապես բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռք կառնեն։ Կարդենիոն և Դորոթեան շնորհակալ եղան և ընդունեցին իրենց առաջարկված ծառայությունը։ Դալլաքը, որ կենտրոնացած լուռ էր ամբողջ այս տեսարանի ընթացքում, վերջապես նույնպես խոսեց և նույն պատրաստակամությամբ, ինչպես և քահանան, առաջարկեց ամեն տեսակ օգնություն իր կողմից։ Դրա հետ միասին նա պատմեց, թե ինչն է իրեն այս վայրերը բերողը, հաղորդեց դոն Կիխոտի արտասովոր խելագարության մասին և որ իրենք սպասում են նրա զինակրի գալստյան, որ գնացել է իր տիրոջը որոնելու։ Այստեղ Կարդենիոն երազի պես մտաբերեց իր կռիվը դոն Կիխոտի հետ և պատմեց ներկա եղողներին։ Նա միայն չկարողացավ կռվի պատճառը բացատրել։ Այդ վայրկյանին նրանք առան Սանչո Պանսայի ձայնը, որը, չգտնելով նրանց այնտեղ, որտեղ թողել էր, բարձրաձայն աղաղակում էր։ Նրանք գնացին նրան ընդառաջ և նրանց հարցին դոն Կիխոտի մասին Սանչո Պանսան պատասխանեց, թե գտել է նրան մերկ, մեկ շապիկ հագին, թույլ, դեղնած, սովամահ վիճակում իր տիրուհի Դուլսինեայից հառաչելիս։ Երբ որ Սանչոն նրան հայտնեց, թե իրեն Դուլսինեան է ուղարկել հրամանով, որ թողնի այդ վայրերը և գնա Տոբոսո, որտեղ ինքը սպասում է, դոն Կիխոտը պատասխանեց, թե վճռել է նրա չքնաղագեղ աչքերին չերևալ նախքան կատարած չի լինի սխրագործություններ, որ արժանի լինեն ողորմածության։ Եթե այդպես շարունակվի, ― ավելացրեց Սանչո Պանսան, ― ապա դոն Կիխոտին վտանգ է սպառնում ոչ միայն կայսր չդառնալ, մի բան, որ նա մտադիր է դառնալ, այլ անգամ, վատթարագույն դեպքում արքեպիսկոպոս։ Ուստի չափազանց անհրաժեշտ է որևէ միջոց գտնել նրան այնտեղից հանելու։
Լիցենցիատը դրան պատասխանեց, թե նա կարող է անհոգ լինել, թե իրենք նրան այնտեղից դուրս կբերեն, անգամ հակառակ նրա կամքին։ Եվ նա իսկույն պատմեց Կարդենիոյին և Դորոթեային, թե իրենք ինչ են հնարել դոն Կիխոտին դուրս բերելու նպատակով կամ, առնվազն, տուն վերադարձնելու համար։ Ապա թե Դորոթեան հայտարարեց, որ ինքը դալլաքից առավել լավ կարող է ներկայացնել վիրավորված աղջիկ, և դա ավելի ճշմարտանման դուրս կգա, որովհետև ինքը կնոջ հանդեձ ունի։ Թող որ միայն իրեն այդ դերը հանձնեն, ինքն արդեն կարող կլինի խաղալ, որովհետև շատ ասպետական վեպեր է կարդացել և գիտե, թե ինչ լեզվով են խոսում զրկված աղջիկները՝ խնդրելով թափառական ասպետների պաշտպանությունը։
― Որ այդպես է, ― ասաց քահանան, ― այլևս մնում է գործի անցնել։ Բախտը պարզապես նպաստում է մեզ, որովհետև ձեզ երկուսիդ համար բաց անելով փրկության դուռը, միաժամանակ օգնություն է հասցնում նաև մեր կարիքին։
Դորոթեան իսկույն կապոցից հանեց նուրբ ու թանկագին կտորից կարած զգեստ և վերնարկ՝ գեղեցիկ կանաչագույն կերպասից, իսկ տուփից՝ մանյակ և այլ թանկագին իրեր և վայրկենապես զուգվեց՝ որպես հարուստ և ազնվազարմ տիկին։ Այդ իրեղենները և մի քանի այլ բաներ նա վերցրած է եղել հետը տնից համենայն դեպս, սակայն մինչ այդ առիթ չէր ներկայացել։ Բոլորին չափազանց դուր եկավ նրա նրբությունն ու հրապույրը, և բոլորը հայտարարեցին, որ դոն Ֆերնանդոն վատ ճաշակի տեր մարդ է, քանի որ կարողացել է լքել նման գեղեցկություն։ Առանձնապես հիացած էր նրանով Սանչո Պանսան, որովհետև նա իր օրում դեռ չէր տեսել այդպիսի չքնաղ արարած։ Ուստի մեծ ավյունով ու հետաքրքրությամբ սկսեց քահանայից հարց ու փորփ անել, թե ով է այդ չքնաղ տիկինը և ինչ է որոնում նա այս խուլ վայրերում։
― Այս չքնաղ տիկինը, Սանչո, եղբայր, ― պատասխաանեց քահանան, ― ոչ այլ ոք է, քան եթե իշխանուհի֊ժառանգը Միկոմիկոն մեծ թագավորության, հոր կողմից ուղիղ գծով, իսկ ձեր տիրոջն է որոնում, որպեսզի նրա ողորմածությունը խնդրած լինի։ Նա պետք է խնդրի պաշտպանել իրեն չար հսկայից, որը իրեն վնաս ու վիրավորանք է հասցրել։ Նրան հասել է բարի ասպետի համբավը, ձեր տիրոջ համբավը և նա Գվինեայից եկել է, որ նրան տեսնի։
― Երջանիկ որոնում ու երջանիկ գյուտ, ― ասաց դրան Սանչո Պանսան, ― իսկ ավելի լավ դուրս կգա, եթե իմ տիրոջը հաջողվի վիրավորանքի վրեժը լուծել և արմատախիլ անել չաքրիքը, սպանելով զազիր հսկային, որի մասին ասաց ձերդ ողորմածությունը։ Իմ տերն անշուշտ, նրան կսպանի, հենց որ հանդիպի նրան, եթե, ասենք, դա ուրվական չէ, որովհետև ուրվականների վրա նա ոչ մի իշխանություն չունի։ Սակայն մեկ բան եմ ուզում խնդրել ձերդ ողորմածությունից, սինյոր լիցենցիատ՝ ես շատ եմ վախենում, որ իմ տիրոջ խելքին փչի արքեպիսկոպոս դառնալ, ուստի, ձերդ ողորմածություն, խորհուրդ տվեք նրան, որ իսկույն ևեթ ամուսնանա այս իշխանուհու հետ։ Այն ժամանակ ոչ ոք այլևս չի կարողանա նրան արքեպիսկոպոս ձեռնադրել և նա դյուրությամբ իր համար թագավորություն կնվաճի, իսկ այն ժամանակ բոլոր իմ ցանկությունները կկատարվեն։ Ես ամեն ինչ արդեն խորհել եմ և վճռել, որ ինձ համար շատ անհարմար կլինի, եթե իմ տերը արքեպիսկոպոս դառնա, որովհետև եկեղեցու համար ես անօգուտ մարդ եմ։ Չէ՞ որ ես ամուսնացած եմ, ունեմ կին ու երեխաներ և եթե ես հիմա խնդիր հարուցանեի ամուսնությանս լուծման համար, որպեսզի որևէ եկեղեցական սինեկուրա ստանամ, գործը անվերջ կձգձգվի։ Կնշանակի, սինյոր, կարևորն այն է, որ իմ տերը շուտով ամուսնանա այս սինյորայի հետ, ―ես դեռ նրա ողորմածության անունը չգիտեմ, ուստի և իր անունը չեմ տալիս։
― Նրա անունը, ― պատասխանեց քահանան, ― իշխանուհի Միկոմիկոնա է, որովհետև քանի որ նրա թագավորությունը Միկոմիկոն է կոչվում, ապա պարզ է, որ ինքն էլ այդպես պիտի կոչվի։
― Անտարակույս, ― ասաց Սանչոն։ ― Ես շատերին եմ պատահել, որ իրենց անուն֊ազգանունը իրենց ծննդավայրի անունն են դրել, օրինակ՝ Պեդրո դե Ալկալա՛, Խուան դե Ո՛ւբեդա, Դիեգո դե Վալյադոլի՛դ և երևի, այնտեղ՝ Գվինեայում էլ այդպիսի սովորույթ կա՝ թագուհիները կոչվում են իրենց թագավորության անունով։
― Անշուշտ այդպես է, ― ասաց քահանան։ ― Գալով ձեր տիրոջ ամուսնության, ես ձեռիցս եկածը կանեմ։
Սանչոն նույնչափ բավարարված էր, որչափ քահանան հիացած էր նրա պարզամտությունից՝ տեսնելով, որ նրա երևակայությունն էլ է լիքը նույնպիսի ցնդաբանություններով, ինչպես և իր տիրոջինը, որ, անտարակույս, հաստատ հավատացած էր, թե կայսր է դառնալու։
Մինչ այս, մինչ այն, Դորոթեան նստեց քահանայի ջորու վրա, դալլաքը կպցրեց ծնոտին եզան պոչից շինած մորուքը և նրանք խնդրեցին Սանչոյից, որ իրենց ճանապարհ գցի այնտեղ, որտեղ գտնվում է դոն Կիխոտը, պատվիրելով, որ չասի տիրոջը, թե ճանաչում է լիցենցիատին ու դալլաքին։ Իբրև թե, այդ դեպքում միայն նրա տերը կարող է կայսր դառնալ։ Քահանան ու Կարդենիոն որոշեցին չմիանալ նրանց, Կարդենիոն զգուշանալով, թե միգուցե դոն Կիխոտը մտաբերի իրենց միջև եղած կռիվը, իսկ քահանան, որովհետև առայժմ ավելորդ էր համարում։ Քահանան ու Կարդենիոն նրանց ճանապարհ դրին, իսկ իրենք էլ նրանց ետևից, որոշ հեռավորության վրա, հետևեցին ոտով։ Քահանան շարունակում էր խրատել Դորոթեային, թե ինչ պիտի անի, սակայն Դորոթեան խնդրեց, որ նա անհանգիստ չլինի, խոստանալով ճիշտ այնպես վարվել, ինչպես պահանջում ու նկարագրում են ասպետական վեպերը։ Հազիվ երեք քառորդ մղոն անցած լինեին նրանք, որ ժայռերի լաբիրինթոսում տեսան մեր ասպետին, արդեն շորերը հագին, բայց դեռևս չսպառազինված։ Հենց որ Դորոթեան նկատեց նրան և Սանչոյից տեղեկացավ, որ հենց դոն Կիխոտն է, որ կա, ճիպոտով խփեց իր ջորուն։ Միրուքավոր դալլաը նրանից ետ չէր մնում։ Երբ որ նրանք հասան դոն Կիխոտին, զինակիրը վայր թռավ ջորուց և մոտեցավ Դորոթեային, որ նրան ձեռքերով բռնի, բայց նա ինքը ճարպկորեն վայր թռավ ջորուց և իսկույն ծունկ չոքեց դոն Կիխոտի առջև։ Թեև ասպետը փորձում էր նրան բարձրացնել, բայց նա առանց վեր կենալու, սկսեց խոսել այսպես․
― Ես վեր չեմ կենա, ո՜ քաջ ու հզոր ասպետ, մինչև որ ձեր բարությունն ու սիրալիրությունը չերջանկացնեն ինձ շնորհով, որ ձեր անձին փառք ու պատիվ կբերի, իսկ ինձ, աշխարհիս ամենաանմխիթար և անարգված կույսիս՝ մեծ օգուտ։ Եվ եթե ձեր հզոր բազկի առաքինությունը համապատասխանում է ձեր անմահ փառքի ձայնին, ապա դուք պարտավոր եք օգնելու զրկվածիս, որ հեռավոր երկրներից եկել եմ, մղված ձեր հռչակավոր անվան փայլից, խնդրելու ձեզնից իմ ցավերիս բուժում։
― Ոչ մի խոսքով չեմ պատասխանի ձեզ, չքնաղ սինյորա, ― ասաց դոն Կիխոտը, ― և չեմ էլ լսի ձեր դժբախտությունների մասին, մինչև որ դուք վեր չկենաք։
― Եվ վեր չեմ կենա, սինյոր, ― պատասխանեց վշտացած աղջիկը, ― եթե ձեր վեհանձնությունը չխոստանա ինձ խնդրածս շնորհել։
― Տալիս եմ և խոստանում, ― ասաց դոն Կիխոտը, ― եթե միայն այդ վնաս տալու չլինի իմ թագավորին, ոչ էլ իմ հայրենիքին և ոչ նրան, ով որ իմ սրտի բանալիքի և ազատությանս տերն է։
― Այդ նրանց վնաս չի տա, ― պատասխանեց դժբախտ աղջիկը։
Այդ միջոցին մոտեցավ Սանչո Պանսան և դոն Կիխոտի ականջին շշնջաց․
― Ձերդ ողորմածությունը լիովին կարող է խոստանալ այդ շնորհը, որովհետև դա մի չնչին բան է, պետք է ինչ որ հսկա սպանել։ Իսկ այդ խնդրող աղջիկը ազնիվ իշխանուհի Միկոմիկոնան է՝ Եթովպիայի և Միկոմիկոնի մեծ թագավորության թագուհին։
― Ով էլ որ լինում է՝ լինի, ― ասաց դոն Կիխոտը, ― ես կանեմ այն, ինչ որ հրամայում է իմ պարտականությունը և թելադրում իմ խիղճը՝ համաձայն իմ ասպետական ուխտի օրենքներին։
Եվ, դառնալով աղջկան, ավելացրեց․
― Վե՛ր կացեք, չքնաղ սինյորա, ես խոստանում եմ շնորհը, որ դուք ինձնից բարեհաճում եք խնդրել։
― Ես խնդրում եմ ձեզնից, մեծահոգի ասպետ, ― ասաց աղջիկը, ― որ ձերդ ողորմածությունը իսկույն ևեթ ուղևորվի ինձ հետ այնտեղ, որտեղ ես ձեզ կտանեմ և որ դուք ինձ խոստանաք ոչ մի ձեռնարկ ու արկած չընձեռնեք, մինչև որ չլուծեք վրեժը դավաճանից, որ զավթել է իմ թագավորությունը՝ հակառակ աստվածային և մարդկային բոլոր օրենքներին։
― Կրկնում եմ, որ խոստանում եմ ձեզ այդ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ուստի, սինյորա, դուք հիմիկվանից կարող եք ձեզ ճնշող թախիծը թոթափել և վերադարձնել ուժ ու ամրություն ձեր թուլացած հույսերին։ Որովհետև Աստծո օգնությամբ և իմ սրի միջոցով դուք շուտով կտեսնեք ձեզ ձեր թագավորության մեջ, ձեր հին ու մեծ պետութայն գահի վրա, դավաճանների ջիգրու և ի ցավ նրանց, որ խիզախել են վեճի առարկա դարձնել։ Ուրեմն շուտով ի գործ, որովհետև, ինչպես ասում են, հապաղումը վտանգ է բերում։
Վիրավորված աղջիկը համառորեն փորձում էր համբուրել դոն Կիխոտի ձեռքը, սակայն վերջինս, ամեն կողմից քաղաքավարի և պարկեշտ կավալեր լինելով, թույլ չտվեց այդ։ Ընդհակառակը, նա բարձրացրեց աղջկան և մեծ քաղաքավարությամբ ու պարկեշտությամբ գրկեց նրան, ապա հրամայեց, որ Սանչոն ամրացնի Ռոսինանտի փորկապները և անհապաղ բերի իր բոլոր զենք ու զրահը։ Սանչոն վերցրեց ծառի վրա ավարի պես կախ արած զրահները և, ձիու փորկապներն ամրացնելով, վայրկենապես սպառազինեց իր տիրոջը։ Վերջինս զինվելուց հետո ասաց․
― Դե գնանք, հանուն Աստծո, այս բարձր սինյորային ի պաշտպանություն։
Դալլաքը դեռ մնացել էր չոքած, ամեն կերպ աշխատելով զսպել ծիծաղը և ձեռքով պահելով միրուքը, ― որովհետև եթե միրուքը վայր ընկնելու լիներ, հնարավոր է, որ նրանց բոլոր ծրագիրները խորտակվեին։ Իսկ երբ որ նա տեսավ, որ խնդրված շնորհը խոստացված է և դոն Կիխոտը տաք֊տաք շտապում է գործի անցնել, նա վեր կացավ և բռնելով իր տիրուհու մյուս ձեռքից, դոն Կիխոտի հետ միասին օգնեց, որ նստի ջորու վրա։ Ապա մեր ասպետը թռավ Ռոսինանտի վրա, իսկ դալլաքը հեծավ իր ջորին։ Մենակ Սանչոն մնաց առանց գրաստի և դարձյալ մտաբերեց իր գորշ էշի կորուստը, որ հիմա այնքան պակասում էր։ Սակայն նա հեշտությամբ հաշտվեց, որովհետև նրան թվում էր, որ իր տերը լավ ճանապարհի վրա էր և ուր որ է կայսր է դառնալու։ Նա բնավ չէր կասկածում, որ դոն Կիխոտը կամուսնանա իշխանուհու հետ և կդառնա առնվազն Միկոմիկոնի թագավորը։ Նրան միայն այն էր ցավ պատճառում, որ այդ թագավորությունը նեգրերի աշխարհում է գտնվում և որ իր տիրոջ բոլոր ապագա հպատակները սևամորթ են լինելու։ Ասենք, այստեղ էլ նրա երևակայությունը ելք հուշեց։ «Ի՞նչ վատ բան կլինի որ, ― դատում էր նա ինքն իրեն, ― իմ հպատակները նեգրեր լինեն։ Կասես թե դժվար մի բան է նրանց բառնալ նավերն ու Իսպանիա տանել։ Այստեղ ես կարող եմ նրանց վաճառել, ինձ նաղդ փող կվճարեն, իսկ գոյացած գումարով ես որևէ տիտղոս կամ պաշտոն կգնեմ և անկարիք կապրեմ կյանքիս մնացորդը։ Խելք ու շնորհք հո ունեմ, նման առիթ ձեռիցս չգցեմ։ Երեսուն կամ տասը հազար հպատակ ծախելը ի՞նչ մի մեծ բան է ո՜ր։ Աստված վկա, ես ձեռաց կսաղացնեմ, մեծ ու փոքր միասին, և շատ էլ նեգրեր են ― ես նրանց սպիտակ ու դեղին կդարձնեմ։<ref>Այսինքն՝ «կդարձնեմ սպիտակ ու դեղին դրամներ»։</ref> Հիմարի մեկին հո չե՞ն ռաստ եկել»։ Եվ նա այնքան հուզված ու ուրախացած էր այդ խոհերից, որ ոտով գնալու անախորժությունը մոռանում էր։
Քահանան և Կարդենիոն դիտում էին բոլոր իրադարձությունները մացառների արանքից, գլուխ ջարդելով, թե ինչ հնարեն, որ միանան նրանց։ Վերջապես քահանան, սաստիկ խորամանկ լինելով, հնարը գտավ։ Մոտը եղած տուփից մկրատը հանեց և ձեռաց Կարդենիոյի միրուքը խուզեց, ապա գցեց նրա վրա իր գորշ վերնարկը և կոճակներով կոճկվող սև օձիքը, իսկ ինքը մնաց միայն կապան ու վարտիքը հագին։ Կարդենիոն այնպես կերպարանափոխվեց, որ եթե հայելու մեջ նայելու լիներ, ինքն իրեն չէր ճանաչի։ Մինչև որ նրանք շորեր էին փոխում, ձիավորները նրանց առաջը տվին, բայց նրանց հաջողվեց ավելի շուտ բանուկ ճանապարհը ելնել, որովհետև ժայռերն ու մացառուտները այդ վայրերում թույլ չէին տալիս ձիավորներին նույնքան արագ շարժվելու, որքան ոտով գնացողներին։ Այսպիսով նրանք կիրճերից դուրս եկան և առաջ գնացին հարթավայրով, իսկ երբ որ հեռվից երևան եկան դոն Կիխոտն ու նրա ուղեկիցները, քահանան սկսեց նրանց զննել հայացքով, նշաններով ցույց տալով, թե նա ճանաչում է նրանց և, պահ մի այդ անելուց հետո, գրկաբաց վազեց նրանց ընդառաջ։
― Բարի հանդիպում, ― գոչեց նա, ― ո՜վ ասպետության տիպար, իմ բարի հայրենակից, դոն Կիխոտ Լամանչեցի, ազնվության ծաղիկ ու սեր, զրկվածների պատվար ու օթևան, թափառական ասպետների էություն։
Այս ասելով նա սեղմում էր իր կրծքին դոն Կիխոտի ձախ ոտը։ Սա է՛լ, զարմացած նրա խոսքերից և վարմունքից, զննող հայացքով սկսեց նայել նրան և վերջապես ճանաչեց, ապա թե, սաստիկ շվարած այդ հանդիպումից, ուժ գործադրեց, որ իջնի ձիուց, բայց քահանան նրան ետ պահեց։ Ապա դոն Կիխոտն ասաց․
― Թողեք իջնեմ, ձերդ ողորմածություն, պարոն լիցենցիատ։ Վայել չէ, որ ես ձիով գնամ, մինչդեռ այնքան մի պատվելի անձ, ինչ ձեր ողորմությունն է, ոտով գնա։
― Ոչ մի դեպքում թույլ չեմ տա, ― պատասխանեց քահանան, ― թող ձերդ մեծությունը ձիու վրա մնա, որովհետև ձի հեծած դուք գործեր ու սխրագործություններ եք կատարում, որոնցից ավելի փառավորները մեր դարը չի տեսել, իսկ ես՝ անարժան սպասավորս, կբավականանամ, եթե ձերդ ողորմածության ուղեկիցներից մեկն ու մեկը ինձ իր թարքին դնի և կթվա ինձ, թե ես ասպետի պես ռաչ կամ վագերաձի եմ հեծել, որ պատկանելիս է եղել հռչակավոր մավր Մուսարակին, որ մինչև օրս հմայված քնած է մեծ Կոմպլյուտային մերձ Սուլե՛մա մեծ բլուրի մեջ։<ref>Սուլեմի բլուր (այսինքն՝ Սողոմոնի), ընկած է Ալկալա դե Էնարես (Սերվանտեսի հայրենիք) փոքրիկ քաղաքից հարավ֊արևմուտք․ նույնացվում է Կոմպլուտի հետ, որը հիշատակվում է Պտղոմեոսի մոտ։</ref>
― Այդ իմ միտքը չեկավ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բայց ես հավատացած եմ, որ սինյորա պրինցուհին, սիրելով ինձ, կհրամայի իր զինակրին, եթե կենդանու ուժը պատելու լինի։
― Ինձ թվում է, թե կպատի, ― պատասխանեց պրինցուհին, ― և ես կարծում եմ, որ կարիք չկա, որ հրամայեմ, որովհետև իմ զինակիրն այնքան պարկեշտ ու քաղաքավարի է, որ ինքն էլ թույլ չի տա հոգևոր անձին ոտով գնալու, եթե կարող է ձիով գնալ։
― Միանգամայն արդարացի է, ― պատասխանեց դալլաքը։
Եվ արագ իջնելով, նա առաջարկեց քահանային թամբի վրա նստել, մի բան, որ նա արավ առանց ստիպելու, որ իրեն երկար խնդրեն։ Սակայն դժբախտաբար ջորին վարձով էր վերցած, հետևաբար բանի պետք չէր, ուստի երբ որ դալլաքը ոզւոմ էր նստել քահանայի թարքին, ջորին բարձրացրեց հետին ոտները և երկու անգամ օդի մեջ աքացի տվեց։ Լավ էր, որ վարպետ Նիկոլասի գլխին կամ կրծքին չդիպավ, թե չէ դալլաքը անշուշտ դոն Կիխոտի ետևից գնալուց ձեռք կքաշեր։ Բայց էլի՛ այդ աքացիներն այնպես ազդեցին նրա վրա, որ նա գետնին փռվեց, մոռանալով իր միրուքը, որ իսկույն վայր ընկավ։ Նկատելով այդ բանը, նա ավելի լավ բան չխորհեց, քան երկու ձեռքով երեսը ծածկելը և գոռալը, թե նրա բոլոր ատամները ջարդվել ընկել են։ Դոն Կիխոտը, տեսնելով, որ միրուքի մի խուրձ առանց ծնոտի և արյան վայր ընկած զինակրից ոչ հեռու ընկած է, ասաց․
― Երդվում եմ Աստուծով, ահա՛ մեծ հրաշք։ Ջորին պոկեց և զատեց նրա միրուքը, ասես թե դանակով կտրեց։
Տեսնելով, որ կացությունը վտանգավոր է և որ իր օյինը կարող է բացվել, քահանան իսկույն վազ տվեց և վերցրեց միրուքը, մոտենալով վարպետ Նիկոլասին, որ շարունակում էր պառկած տնքալ։ Նա դալլաքի գլուխը դրեց իր կրծքին և, ինչ֊որ բաներ մրթմրթալով միրուքը կպցրեց, իսկ ներկա եղողներին հայտարարեց, որ կապքի խոսքեր արտասանեց հատուկ միրուքը կպցնելու համար և որ բոլորը կհամոզվեն, որ դա այդպես է։ Վարպետ Նիկոլասի միրուքը կպցնելուց հետո քահանան հեռացավ և զինակիրը վեր կացավ ողջ ու ոռողջ, միրուքը տեղը, առաջվա պես։ Դոն Կիխոտը չափազանց զարմացած մնաց և խնդրեց քահանայից, որ տեղը եկած ժամանակին այդ կապքի խոսքերն իրեն հաղորդի, հավատացած լինելով, որ նրա ուժը տարածվում է ոչ միայն միրուք կպցնելու, ― որովհետև եթե մեկն ու մեկի միրուքը պոկվում է, ապա նրա այտերի վրա պետք է որ վերք մնա։ Իսկ քանի որ այդ կապքի խոսքերն ամեն ինչ բուժում են, ապա ուրեմն նրանք միայն միրուքի համար չեն օգտակար։
― Միանգամայն արդարացի է, ― պատասխանեց քահանան և խոստացավ առաջին իսկ հարմար առիթով հաղորդել կապքի խոսքերը։
Ապա նրանք որոշեցին, որ քահանան կնստի ջորու վրա և նրանք երեքով փոխեփոխ կգնան ջորով, մինչև որ հասնեն երկու մղոն հեռավորության վրա գտնվող իջևանը։ Երբ որ երեքն էլ նստեցին ջորիների վրա, այն է՝ դոն Կիխոտը, իշխանուհին և քահանան, իսկ երեքը՝ Կարդենիոն, դալլաքը և Սանչո Պանսան, առաջ ընթացան ոտով, դոն Կիխոտն ասաց Դորոթեային․
― Ձերդ բարձրություն, տիրուհի, առաջնորդեցեք ինձ, ուր որ կամենաք։
Սակայն մինչև որ աղջիկը պատասխան կտար, խոսեց լիցենցիատը․
― Ձերդ պայծառությունը մեզ ո՞ւր կհաճի տանել։ Երևի Միկոմիկոն թագավորությունը։ Պետք է որ այդպես լինի կամ թե չէ ես թագավորություններից բան չեմ հասկանում։
Դորոթեան, որ հասկացել էր, թե բանն ինչումն է, իոկույն գլխի ընկավ, որ պետք է դրական պատասխան տա, ուստի և ասաց․
― Այո՛, տեր իմ, իմ ուղին դեպի այդ թագավորությունն է։
― Որ այդպես է, ― շարունակեց քահանան, ― ապա մենք պիտի անցնենք մեր գյուղից, իսկ այնտեղից ձերդ ողորմածությունը կերթա Կարտախենա, որտեղ բարեհաջող պարագաներում և ուղեկից քամի լինելու դեպքում դուք կարող կլինեք նավ նստել։ Եվ եթե ծովում փոթորիկ չլինի, դուք ինը տարվա ընթացքում կհասնեք Մեոնեական մեծ լճին,<ref>Մեոտիկական լիչ ― Ազովի ծով։ «Մեոտիկական» ― meon բառից՝ երեխա, որը միզում է։</ref> իսկ այնտեղից հազիվ հարյուր օրից քիչ ավելի ճամփա լինի մինչև ձեր բարձրության թագավորությունը։
― Ձերդ ողորմածությունը սխալվում է, ― պատասխանեց Դորոթեան, ― երկու տարի էլ չի անցել, ինչ ես դուրս եմ եկել տնից և ամբողջ ճանապարհիս ընթացքում եղանակը միշտ նպաստավոր չի եղել։ Այնուամենայնիվ, ես տեղ հասա և տեսա նրան, որին այնքան փափագում էի տեսնել ― սինյոր դոն Կիխոտին, Լամանչեցուն, որի հռչակը, հազիվ ոտ կոխեցի Իսպանիայի ափը, հասավ իմ ականջին և ստիպեց ինձ որոնել֊գտնել նրան, որպեսզի դիմեմ նրա վեհանձնությանը և հանձնեմ իմ արդար գործը նրա անհաղթ բազկի ուժին։
― Բավ է գովաբանել, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը, ― որովհետև ես ամեն տեսակ շողոքորթության թշնամի եմ և, անգամ ընդունելով, որ ձեր խոսքերը շողոքորթություն չեն, այնուհանդերձ, նրանք վիրավորում են իմ ամոթխած լսողությունը։ Միայն կասեմ ձեզ, սինյորա, որ իմ առաքինությունը, ինչ տեսակ էլ լինի, քանի որ ես նրա տերն եմ, ամբողջապես ձեր տրամադրության ներքո է, և ձեզ համար ես պատրաստ եմ զոհել կյանքս։ Սակայն դրա ժամանակը դեռ գալու է, իսկ հիմա պատմեցեք ինձ, սինյոր լիցենցիատ, ինչպես է եղել, որ այս վայրերն եք ընկել մեն֊մենակ, իրերից թեթև և առանց ծառաների։ Այդ ամենն ինձ սաստիկ զարմացնում է։
― Կպատասխանեմ ձեզ կարճառոտ, ― պատասխանեց քահանան։ ― Թող ձերդ ողորմածության հայտնի լինի, տերդ դոն Կիխոտ, որ ես, իմ բարեկամ դալլաքի՝ վարպետ Նիկոլասի հետ, ուղևորվում էինք Սևիլյա, որոշ գումար փող ստանալու նպատակով, որ ուղարկել էր ինձ իմ ազգականներից մեկը, որ շատ տարիներ առաջ գաղթել է Հնդկաստան։ Եվ փոքրիկ գումար էլ չէ՝ վաթսուն հազար լիակշիռ պեսո<ref>Պեսո ― արծաթի մի ունցիան։</ref> ― չնչին բան չէ։ Եվ ահա, երբ որ մենք երեկ անցնում էինք այս կողմերով, մեզ վրա հարձակվեցին չորս ավազակներ և ամեն ինչ մեզնից խլեցին, անգամ միրուքներս, այնպես որ դալլաքը հարկադրված էր արհեստականը կպցնել։ Իսկ այս երիտասարդին, մեր ուղեկցին (ավելացրեց նա, ցույց տալով Կարդենիոյին), թողին մորեմերկ։ Սակայն ամենազարմանալին այն է, որ շրջակա բնակիչների ասելով, մեր կողոպտիչները ոչ այլ ոք են եղել, քան տաժանակիր աշխատանքի դատապարտվածներ, որ ազատ են թողնված այստեղից ոչ հեռու։ Եվ ասում են, թե այդ արել է ինչ֊որ քաջ մարդ՝ հակառակ կոմիսարի և պահակների դիմադրության։ Անտարակույս դա կամ խելագար է եղել կամ այնպիսիս մի անպիտան մեկը, ինչպես որ նրանք են կամ թե չէ անհոգի և անխիղճ մի մարդ։ Չէ՞ որ նա բաց է թողել գայլին՝ գառների, աղվեսին՝ հավերին կամ թե չէ ճանճին՝ մեղրի վրա։ Երևի թե նա խորհել է վիրավորել արդարադատությունը և իր օրինավոր տիրոջ՝ թագավորի դեմ ըմբոստանալ, քանի որ խախտել է նրա իմաստուն հրամանը։ Կրկնում եմ, նա խորհել է թիանավերը զրկել հենարանից, իրարանցում գցել Սանտա Հերմանդադում, որ քանի տարի է, ինչ հանգստանում է։ Մի խոսքով խորհել է կատարել մի գործ, որից նրա հոգին կորստյան կենթարկվի, ասենք մարմինն էլ չի փրկվի։
Սանչոն կարողացել էր պատմել քահանային և դալլաքին տաժանակիր աշխատանքի դատապարտվածների հետ տեղի ունեցած արկածը, որից իր տերը դուրս էր եկել փառքով, այդ պատճառով էլ քահանան դիտմամբ այդքան գունեղ նկարագրում էր, որ տեսներ, թե դոն Կիխոտը դրան ինչպես կվերաբերվի։ Սա էլ ամեն խոսքի վրա կերպարանափախվում էր, բայց սիրտ չէր անում խոստովանել, թե այդ փառավոր խմբի ազատողը ոչ այլ ոք է եղել, քան եթե ինքը։
― Ահա՝ թե ովքեր են մեր կողոպտիչները, ― ավելացրեց քահանան, ― թող ողորմածն Աստված ների նրան, ում միջոցով նրանք խուսափեցին արժանի պատժից։