― Բայց կամ մեկ ուրիշ առած ևս, ― պատասխանեց Կամիլան, ― ինչ որ էժան է նստում, ավելի քիչ էլ գնահատվում է։
― Դա չի կարելի կիրարկել քո նկատմամբ, ― ասաց Լեոնելան, ― սերը, ըստ ավանդության, երբեմն թռչում է, երբեմն ոտով գնում, ոմանց հետ վազում է, ոմանց հետ քայլում։ Ոմանց սառեցնում է, ոմանց այրում, ոմանց վերք է հասցնում, ոմանց սպանում։ Սիրո փափագը ծնվում է վայրկյանապես և վայրկյանաբար բավարարվում։ Առավոտյան սերը պաշարում է բերդը, որ երեկոյան դեմ հարկադրված է լինում անձնատուր լինելու, որովհետև չկա այն ուժը, որ կարողանա դիմադրել նրան։ Ինչի՞ց ես դու զարմանում և ինչից վախենում, քանի որ միևնույն բանը պատահել է Լոտարիոյին, որին սերը ընտրած է եղել որպես ձեր անկման գործիք Անսելմոյի բացակայության միջոցին, որովհետև նա կարող էր վերադառնալ և այն ժամանակ սիրո գործը կմնար անկատար։ Սերը պատահմունքից ավելի լավ օգնական չունի և նա օգտվում է իր բոլոր գործերում, մանավանդ սկզբում։ Այդ ես լավ գիտեմ, ավելի փորփով, քան ուրիշների ասելով և երբևիցե կպատմեմ քեզ այդ ամենը։ Չէ՞ որ ես էլ, տիրուհի, միս ու արյուն եմ։ Ասենք, ես չէի ասի, սինյորա Կամիլա, որ դու շատ արագ հնազանդեցիր և անձնատուր եղար՝ չէ՞ որ նախապես նրա հայացքում, հառաչանքում, խոսքերում, խոստումներում և նվերներում դու տեսար նրա ողջ հոգին և համոզվեցիր, որ նրա բոլոր հատկությունները նրան արժանի են դարձնում սիրո։ Իսկ եթե այդպես է, ի՞նչ կարիք կա ունայն տարակուսանքների և դառնաշունչ խոհերի։ Նա գոհ ու երջանիկ է, որ կապված է քեզ հետ սիրո կապանքով և միամիտ մնա, որ նա քեզ նույնքան է գնահատում, որքան որ դու՝ նրան։ Նա ոչ միայն ունի չորս S֊ը, որ պետք է ունենա յուրաքանչյուր կատարյալ սիրահար, այլ մի ամբողջ այբուբեն։ Թե չես հավատում, ես իսկույն քեզ անգիր ասեմ։ Որքան որ ես հասկանում եմ, նա ինձ թվում է՝ agradecido, bueno, caballero, dadiuoso, enamprado, firme, gallardo, honrado, ilustre, leal, mozo, noble, onesto, principal, guantioso, rico (երախտագետ, բարի, ասպետ, առատաձեռն, սիրահարված, անփոփոխ, գեղեցիկ, պատկառելի, հռչակավոր, հավատարիմ, ջահել, ազնիվ, պատվով, ականավոր, պերճ, հարուստ)․ ապա գալիս են չորս T֊երը,<ref>Չորս Տ֊ը ― zelador (նախանձախնդիրը) ― Տ֊ով սկսվող չորս բառ (sabio, solo, solicito, secreto ― խելոք, ամուրի, անձնվեր, գաղտնապահ)։ Այնուհետև թվարկում է սիրահարի հատկությունները, որոնցից յուրաքանչյուրի անունը սկսվում է նույն տառով՝ այբենական կարգով (ս֊ով առանձին բառ չկա, որովհետև այդ տառն ունեցել է նույն գծագիրը, ինչ որ և v֊ն)։ X տառը կոչված է կոշտ, որովհետև Սերվանտեսի ժամանակներում այդ տառով նշվող հնչյունը արտասանվել է հայոց «շ»֊ի նման նման․ այդտեղ բերվող այբուբենի մեջ y Y սկսվող բառ չկա,որովհետև դրանով նշվող հնչյունը, որի զորությամբ էլ այդ երկու տառերը գործածության մեջ սովորաբար համընկել են իրար։ Նմանօրինակ «սիրային այբբենարաններ» այդ դարաշրջանում շատ տարածված են եղել Իսպանիայում։ </ref> որ արդեն ասացի, հետո՝ lacito (լռակյաց), verdadero (ճշմարտախոս)։ X֊ը կոպիտ տառ է, չի հաշվվում և y֊ը Y֊ը շաղկապ է, մնում է z֊ը՝ քո պատվի zelador (նախանձախնդիրը)։
Կամիլան շատ ծիծաղեց Լեոնելայի այբուբենի վրա և տեսավ, որ սիրային գործերում ավելի բան գիտե, քան ասում է։ Սպասուհին խոստովանեց, որ ինքը սիրային կապ ունի մի երիտասարդի հետ՝ լավ ընտանիքից, նույն քաղաքից։ Կամիլան, շփոթված այս խոստովանությունից, այն հետևանքից, որ դա կարող է ունենալ իր բարի համբավի նկատմամբ, կամեցավ առնվազն իմանալ, թե որտեղ են նրանք միասին լինում և նրանց միջև մաքուր սիրուց բացի չկա՞ արդյոք այլ բան։ Սակայն Լեոնելան սակավ ամոթխածությամբ և շատ լիրբ կերպով խոստովանեց, որ իր սիրահարը երջանիկ է։ Տիրուհիների մեղքերը զրկում են սպասուհիներին ամոթից։ Երբ որ նրանք տեսնում են, որ իրենց հրամայողները սխալ քայլ են անում, նրանք այլևս հոգ չեն տանում սայթաքելուց, ոչ էլ նրանից, որ կիմացվի։ Կամիլան ճարահատյալ խնդրեց Լեոնելայից, որ նրա գործերը չպատմի իր սիրահարին և իր սեփական գաղտնիքն էլ խստիվ պահպանի, որ չլինի թե որևէ կերպ Անսելմոն կամ Լոտարիոն իմանան։ Լեոնելան խոստացավ, սակայն այնքան վատ կատարեց իր խոստումը, որ իսկույն արդարացավ Կամիլայի երկյուղը՝ արատավորված տեսնելու իր բարի համբավը։