Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 40 563 բայտ, 18:17, 16 Մայիսի 2015
/* Գլուխ XXXVI */
Ապա նա խնդրեց Դորոթեայից, որ պատմի, թե ինչպես է նա տնից այսքան հեռու տեղ ընկել։ Սա կարճառոտ ու վարպետորեն պատմեց, ինչ որ առաջ պատմել էր Կարդենիային։ Նրա պատմությունը շատ դուր եկավ դոն Ֆերնանդոյին և նրա ուղեկիցներին և նրանք ափսոսացին, որ այնքան կարճ էր՝ այնքան հաճելի պատմեց Դորոթեան իր աղետների մասին։ Իսկ երբ ավարտեց, դոն Ֆերնանդոն պատմեց, թե ինչ պատահեց քաղաքում, Լյուսինդայի ծոցում տոմս գտնելուց հետո, որի մեջ հայտնվում էր, որ պսակված է Կարդենիոյի հետ, ուստի և չի կարող նրա կինը դառնալ։ Նա կամեցավ սպանել նրան և, անշուշտ, կաներ էլ, եթե նրան ետ չկանգնեցնեին Լյուսինդայի ծնողները։ Վշտից ու զայրույթից նա գնաց քաղաքից, վրեժ հանելու մտադրությամբ, հենց որ դեպքը բերի։ Սակայն հետևյալ օրն իմացավ, որ Լյուսինդան անհայտացել է ծնողների տնից և ոչ ոք չգիտե, թե նա ուր է գնացել։ Վերջապես մի քանի ամիս հետո նրան լուր հասավ, որ Լյուսինդան վանք է քաշվել, որտեղ մտադիր է ապրելու մինչև մահը, եթե նրան թույլ չտրվի միանալու Կարդենիոյի հետ։ Հենց որ դոն Ֆերնանդոն իմացավ այդ բանը, նա օգնական վերցրեց երեք կաբալյերո և նրանց հետ ուղևորվեց վանք։ Լյուսինդայի հետ նա չտեսնվեց, որովհետև վախենում էր, որ, իմանալով իր գալստյան մասին, վանքում կխստացնեն հսկողությունը։ Եվ ահա, սպասելով, որ գա օրը, երբ դարպասը բաց լինի, նա իր ուղեկիցներից երկուսին թողեց որպես պահակ մուտքի մոտ, իսկ ինքը երրորդի ուղեկցությամբ գնաց գտնի Լյուսինդային։ Լյուսինդան վանքի բակում կանգնած է լինում, խոսակցելով մի կույսի հետ։ Նրանք բռնեցին նրան և ժամանակ չտալով, որ ուշքի գա, այնպիսի մի տեղ տարան, որտեղ կարելի էր պատրաստություն տեսնել ճամփի համար բոլոր կարևոր իրերի։ Այդ ամենը հաջողեց անել առանց որևէ արգելքի, որովհետև վանքը գտնվում էր դաշտում, հեռու քաղաքից։ Երբ որ Լյուսինդան համոզվեց, որ դոն Ֆերնանդոյի ձեռքն է ընկել, իսկույն ուշաթափվեց և, ուշքի գալով մնաց լուռ և միայն հառաչում ու լալիս էր։ Այդպես լուռ ու արտասվաթոր նրանք բերին հասցրին այս պանդոկը և թվում է հիմա, որ ինքը երկինքն է ընկել, որտեղ հաղթահարվում ու ավարտվում են բոլոր երկրային աղետները։
 
 
==Գլուխ XXXVII==
 
Որ պարունակում է Միկոմիկոնի թագաժառանգուհու պատմության շարունակությունը այլ զվարճալի արկածների հետ
 
 
Սանչոն ականջ էր դնում այս խոսակցություններին և հոգով վշտանում տեսնելով, որ չքանում ու ցնդում են տիտղոս ստանալու հույսերը։ Միկոմիկոնի չքնաղ իշխանուհին Դորոթեա դառավ, հսկան՝ դոն Ֆերնանդո, մինչդեռ իր տերը քնել է խոր քնով և չի էլ գուշակում, թե ինչ է պատահաել։ Դորոթեան չէր կարողանում հավատալ, որ այս երջանկությունը երազում չի տեսնում։ Նույնն էր կարծում նաև Կարդենիոն, ասենք՝ Լյուսինդան էլ այլ կերպ չէր պատկերում։ Դոն Ֆերնանդոն շնորհակալ էր երկնքից առաքված շնորհի համար և նրա համար, որ ինքը դուրս եկավ վերջապես խճճված լաբիրինթոսից, որտեղ ռիսկ էր անում կորցնել և՛ իր հոգին, և՛ իր բարի անունը։ Մի խոսքով՝ պանդոկում բոլոր գտնվողները ուրախանում ու զվարճանում էին, որ այս բարդ ու անհույս հանգամանքներն այսքան բախտավոր ելք ունեցան։ Քահանան, որպես խելահաս մարդ, աշխատում էր ամեն ինչ հաշտեցնել և յուրաքանչյուրին շնորհավորում էր ձեռք բերած հաջողության համար։ Սակայն ամենից շատ ուրախանում ու ցնծում էր պանդոկապանուհին, որովհետև Կարդենիոն ու քահանան խոստացել էին վճարել դոն Կիխոտի հասցրած բոլոր վնասները, տոկոսներն էլ վրան։ Սակայն Սանչոն, ինչպես արդեն վերև ասված էր, վշտացել, ցավում ու դարդ էր անում։ Մռայլ դեմքով նա ներս մտավ իր տիրոջ սենյակը, որը այդ պահին զարթնել էր, և ասաց․
 
― Դե, հիմա, ձերդ ողորմածություն, Տխուր Պատկերի սինյոր, դուք կարող եք քնել, որքան կամենաք և կարող եք հոգս չքաշել հսկա սպանելու և իշխանուհուն թագավորություն վերադարձնելու մասին՝ այդ գործը գլուխ է եկել֊պրծել։
 
― Ես էլ եմ այդ կարծիքին, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― քանի որ հսկայի հետ այնպիսի դաժան ճակատամարտ ունեցա, որպիսին ես, երևի, այլևս ոչ ոքի հետ չեմ ունենա։ Ես նրան մի հարված հասցրի ո՜ր գլուխը թռավ ու արյունը հոսեց, ինչպես գետի ջուր։
 
― Ավելի լավ է ասեք՝ ինչպես կարմիր գինի, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև ամոթ չլինի ասել, եթե ձերդ ողորմածությանն այդ հայտնի չէ, սպանված հսկան մի ծակված տիկ է եղել, իսկ արյունը՝ միջի վեց արրոբա կարմիր գինին, իսկ թռած գլուխը․․․ ձեր երևակայության արդյունքն է, սատանան տանի այդ ամենը։
 
― Ինչե՜ր ես ասում դու, խելառ, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Խելքդ տե՞ղն է։
 
― Ավելի լավ է վեր կենաք, ձերդ ողորմածություն, և տեսնեք, թե ինչեր եք արել և ինչքան ենք ստիպված լինելու վճարելու։ Այն ժամանակ դուք կտեսնեք, որ թագուհին մի սովորական տիկին է դառել, անունը՝ Դորոթեա և շատ բան է պատահել, որ, անշուշտ, ձեզ զարմանք կպատճառի։
 
― Ինձ ոչինչ զարմացնելու ընդունակ չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև արդեն անցյալ անգամ, որ մենք այստեղ իջևանեցինք, ես ասացի քեզ, անշուշտ, դու հիշելիս կլինես, որ այս տանը ամեն ինչ ենթարկված է հմայքի։ Զարմանալի չէ, որ հիմա էլ նույնը տեղի ունենա։
 
― Ես այդ ամենին կհավատայի, ― առարկեց Սանչոն, ― եթե վերմակն էլ, որի վրա ինձ վեր֊վեր էին թռցնում, նույնպես հմայված լիներ։ Սակայն ոչ, այն իսկական և իրական վերմակ էր։ Եվ ես հիշում եմ, որ նույն պանդոկպանը, որ հիմա էլ այստեղ է, բռնել էր նրա ծայրից և բոլոր ուժով ինձ վեր֊վեր էր թռցնում, այն էլ ծաղր ու ծանակ անելով ինձ։ Թեև ես ուսումնական մարդ չեմ, այնուհանդերձ կարծում եմ, թե քանի որ նրանց բոլորի երեսը ճանաչեցի, ուրեմն՝ այստեղ ոչ մի կախարդանք չկա և չի եղել, այլ պարզապես սաստիկ ծեծ է եղել և մեծ անախորժություն։
 
― Էհ, Աստված տա, ամեն ինչ կարգի կգա, ― ասաց դոն Կիխոտը, ― իսկ հիմա շորերս տուր հագնեմ։ Ես ուզում եմ գնամ֊տեսնեմ այդ բոլոր անցք ու դեպքերը և կերպարանափոխումները, որոնց մասին դու պատմում ես։
 
Սանչոն մատուցեց նրան զգեստը և, մինչև դոն Կիխոտը հագնում էր, քահանան պատմեց դոն Ֆերնանդոյին և մնացյալ ներկա եղողներին ասպետի խելագարության մասին և այն խորամանկության մասին, որին իրենք դիմել են, որպեսզի նրան դուրս կորզեն Պենյա Պոբրեյից, ուր նա քաշվել էր իր տիկնոջ երևակայական խստասրտությունից։ Նա նմանապես պատմեց գրեթե նրա բոլոր արկածները, որոնց մասին հաղորդել էր Սանչոն և բոլորը շատ զարմացան ու ծիծաղեցին, որովհետև գտան, որ (ինչպես և ամեն ոք նրանց փոխարեն կգտներ) դա խելագարության ամենատարօրինակ տեսակն է, որ երբևիցե վրա է հասել խանգարված խելքին։ Ապա քահանան հայտարարեց՝ քանի որ գործի երջանիկ ելքը թույլ չի տալիս սինյորա Դորոթեային շարունակել խաղալ իր դերը, ապա անհրաժեշտ է հնարել և հեյրուրել մի այլ միջոց դոն Կիխոտին տուն հասցնելու համար։ Կարդենիոն առաջարկեց շարունակել խաղը, ասելով, որ Լյուսինդան շատ լավ կփոխարինի Դորոթեային և կխաղա նրա դերը մինչև վերջ։
 
― Ոչ, ― ասաց դոն Ֆերնանդոն, ― կարիք չկա։ Ես կկամենայի, որ Դորոթեան շարունակեր թագուհի ներկայանալու և եթե այդ դժբախտ կաբալյերոյի ծննդավայրը այստեղից շատ հեռու չէ, ես ուրախ կլինեմ նպաստելու նրա բուժման։
 
― Երկու օրվա ճամփա է մնացել, ոչ ավել, ― ասաց քահանան։
 
― Եթե անգամ ավել լիներ, ― պատասխանեց դոն Ֆերնանդոն, ― ես հաճույքով կերթամ նման բարի գործի համար։
 
Այդ րոպեին երևան եկավ դոն Կիխոտը իր ամբողջ արդ ու զարդով, Մամբրինի ծռված սաղավարտը գլխին և վահանը ձեռքին, հենվելով իր փայտի կամ նիզակի վրա։ Դոն Ֆերնանդոն և բոլոր մնացյալները զարմացած մնացին նրա տարօրինակ տեսքից՝ չոր ու դեղնած դեմքից՝ կես արշին երկարությամբ, նրա դեսից֊դենից հավաքած զենքերից և արժանապատվությամբ լի կեցվածքից։ Բոլորը լռեցին և սպասում էին, թե ինչ կասի նա, իսկ նա, հանդիսավոր ու հանգիստ, դարձնելով իր հայացքը չքնաղ Դորոթեային, ասաց․
 
― Իմ զինակիրը, չքնաղ տիրուհի, զեկուցեց ինձ, որ ձերդ մեծությունը կործանվել է և ձեր անձնավուրությունն անհայտացել է, որովհետև թագուհուց ու ազնվազարմ տիրուհուց, որ դուք եղել եք առաջ, հիմա դուք հասարակ աղջիկ եք դառել։ Եթե դա տեղի է ունեցել ձեր հոր, գրբաց֊թագավորի կամքով, որ երկյուղ է կրում, թե ես ձեզ բավականաչափ և անհրաժեշտ օգնություն չեմ հասցնի, ապա իմացած եղեք, որ նա իր գիտության կեսին էլ չի հասել և ասպետական պատմություններից գլուխ չի հանում։ Եթե կարդացած ու ուսումնասիրած լիներ այնքան ուշադիր ու երկար, ինչպես ուսումնասիրել և կարդացել եմ ես, նա նրանց մեջ ամեն քայլափոխում կգտներ օրինակներ այն բանի, որ ուրիշ ասպետներ, ինձնից պակաս հռչակավոր, առավել դժվարին սխրագործություններ են կատարել։ Մեծ բան հո չի ինչ֊որ չնչին հսկա սպանելը, որքան էլ հանդուգն լինի նա։ Ընդամենը մի քանի ժամ առաջ ես հանդիպեցի նրան և․․․ սակայն ես գերադասում եմ լռել, որպեսզի չասեն, թե ես սուտ եմ ասում։ Սակայն ժամանակը, որի հանդեպ մեր գործերից և ոչ մեկը գաղտնի չի մնա, կբանա մեզ ամենը, երբ դուք ամենից քիչ այդ սպասելու լինեք։
 
― Դուք երկու տիկ եք հանդիպել և ոչ թե հսկայի, ― միջամտեց պանդոկպանը։
 
Սակայն դոն Ֆերնանդոն հրամայեց, որ նա լռի և ոչ մի դեպքում չընդահատի դոն Կիխոտի ճառը։ Վերջինս շարունակեց․
 
― Վերջ ի վերջո ի՞նչ ասեմ ես, ով ազնվազարմ և պսակազերծ տիրուհի։ Եթե ձեր հայրն է կատարել այդ այլակերպությունը հիշատակածս պատճառով, ապա չհավատաք։ Որովհետև աշխարհիս երեսին այնպիսի վտանգ չկա, որի միջով իմ սուրը ճամփա բաց արած չլինի։ Եվ ձեր թշնամու գլուխը գետնահար անելուց հետո ես շուտով ձեր գլխին կդնեմ ձեր երկրի թագը։
 
Դոն Կիխոտը լռեց, սպսելով իշխանուհու պատասխանին։ Իսկ վերջինս, իմացած լինելով, որ դոն Ֆերնանդոն վճռել է խաբեությունը շարունակել, որպեսզի դոն Կիխոտին տուն հասցրած լինի, պատասծանեց շատ լուրջ ու ծանրակշիռ․
 
― Ով էլ ձեզ ասած լինի, Տխուր Պատկերի Ասպետ, թե ես փոխել ու կորցրել եմ նախկին կոչումը, սուտ է ասել, որովհետև ես այսօր էլ նույնն եմ, ինչ որ երեկ եմ եղել։ Ճիշտ է, որոշ նպաստավոր դեպքեր մի քիչ փոփոխել են իմ դրությունը և բարվոքել ավելի, քան թե ես կարող էի հուսալ, այնուհանդերձ այդ պատճառով ես չեմ դադարել ա՛յն լինելուց, ինչ որ եղել եմ առաջ և չեմ թողել ինձնից անբաժան ա՛յն միտքը, որ պիտի օգտվեմ ձեր հզոր ու անհաղթ բազկի զորությունից։ Արդ, տեր իմ, հաճեցեք վերադարձնել պատիվը այն մարդուն, որ ինձ կյանք է տվել և հավատացեք, որ նա իմաստուն ու խելամիտ մարդ է, քանի որ իր գիտության շնորհիվ նա իմ աղետներին վերջ տալու այսքան հեշտ ու ճիշտ ուղի է գտել։ Ես հավատացած եմ, որ առանց ձեզ, տեր իմ, ես երբեք չէի հասնի այն երջանկության, որին տիրացել եմ հիմա։ Իմ խոսքերի ճշմարտությունը կարող է հաստատել այստեղ կանգնած բարի սինյորների մեծ մասը։ Մեզ մնում է, որ վաղը ճամփա ընկնենք, որովհետև այսօր մենք արդեն չենք կարողանա մեծ ճամփա կտրել։ Գալով գործի երջանիկ ավարտմանը, որ ես հուսով եմ, ես ապավինում եմ Աստծուն և ձեր արի սրտին։
 
Այդպես ասաց խելացի Դորոթեան։ Նրան լսելուց հետո դոն Կիխոտը մեծ դժկամությամբ դարձավ Սանչոյին և ասաց․
 
― Իմացած լինես, Սանչո բարեկամ, որ քեզ նման անպիտանը բովանդակ Իսպանիայում չի գտնվի։ Ասա, գող֊ավազակ, դու չէի՞ր նոր ինձ ասում, թե իշխանուհին կերպարանափոխվել, Դորոթեա անունով աղջիկ է դառել, թե իմ կտրած հսկայի գլուխը՝ երևակայություն է և այլ սարսաղ բաներ, որոնցից ես այնքան շփոթվեցի, որ իմ օրում երբեք չէր եղել։ Երդվում եմ․․․ (նա աչքերը վեր բարձրացրեց և սեղմեց ատամները), որ ես քեզ իսկույն կտոր֊կտոր կանեմ՝ բոլոր ստախոս զինակիրներին սաստելու համար, որ թափառական ասպետները ունենալու լինեն։
 
― Հանգստացեք, ձերդ ողորմածություն, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― շատ կարող է պատահել, որ ես տիրուհի Միկամիկոնայի կերպարանափոխության վերաբերյալ մի բան շփոթած լինեմ։ Գալով հսկայի գլխին, ավելի ճիշտ՝ ծակծկված տկերին և այն բանին, որ արյունը կարմիր գինի է եղել, ապա երդվում եմ Աստծով, որ ես չեմ սխալվում, որովհետև ծակծկված տկերը մինչև հիմա էլ ձերդ ողորմածության անկողնի գլխատեղի մոտ են, իսկ կարմիր գինին լճացել է։ Իսկ եթե չեք հավատում, համբերեցեք մինչև ձեր ճաշը եփեն, դուք կտեսնեք, թե սինյոր պանդոկպանը ինչ հաշիվ կներկայացնի իր վնասների համար։ Իսկ մնացած բաներում, եթե տիրուհի իշխանուհին նույնն է մնացել, ինչ որ եղել էր, ապա ես սրտանց ուրախ եմ, կնշանակի՝ ինձ էլ, ինչպես աշխարհի ամեն մի զավակի, իմ բաժինը կհասնի։
 
― Ահա թե ինչ կասեմ քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ներիր ինձ, բայց դու ախմախ ես և բավական է։
 
― Բավական է, ― կրկնեց դոն Ֆերնանդոն, ― այլևս դրանից չխոսենք։ Քանի որ տիրուհի իշխանուհին վճռեց, որ մենք վաղը ճամփա ընկնենք, քանի որ այսօր արդեն ուշ է, ապա թող այդպես լինի։ Ողջ գիշերը, մինչև լուսաբաց, մենք հաճելի զրույցով անց կկացնենք, իսկ վաղը մենք բոլորս կուղեկցենք դոն Կիխոտին, որովհետև մենք փափագում ենք նրա արի և անլուր սխրագործությունների վկաները լինել, որ նա մտադիր է կատարելու, ձեռնամուխ լինելով այդ մեծ ձեռնարկին։
 
― Ե՛ս պիտի ծառայեմ ձեզ և ուղեկցեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ես իսկապես երախտապարտ եմ ձեզ ինձ ցույց տված ողորմածության և իմ մասին ձեր բարձր կարծիքի համար, որ ես կաշխատեմ արդարացնել, անգամ կյանքի գնով և ավելի բարձր գնով, եթե դա հնարավոր է։
 
Դոն Կիխոտն ու դոն Ֆերնանդոն իրար էլի շատ սիրալիր խոսքեր ասացին և ծառայության առաջարկներ արին։ Այդ ամենին վերջ տվեց պանդոկում մի ճամփորդի երևան գալը, որի հագուստից երևում էր, որ մավրերի երկրից նոր եկած քրիստոնյա է։ Նրա հագին կապույտ մահուդից կապա կար, առանց օձիքի, թևերը՝ մինչև արմունկները և փեշերը՝ կարճ։ Նրա վարտիքը և գլխարկը նույն գույնի քաթանից էին։ Ոտներին դեղնագույն կոշիկներ կային, ուսից փոկ էր գցած, որից կախված էր մավրիտանական կեռ դաշյուն։ Նրա ետևից, էշի վրա մի կին էր գալիս, որ մավրուհու զգեստ ուներ։ Նրա դեմքը ծածկված էր չադրայով, քողով փաթաթած գլխին դիպակե գլխարկ էր դրած, նրա երկար ալմալաֆան<ref>Մանտիայի նման երկար զգեստ, արաբական նախշերով ասեղնագործած մետաքսե հաշիայով և արծաթե կամ ոսկե մեծ ճարմանդով՝ կրծքի վրա։ Հագնում էին ազնվատոհմ մավրուհիները (ավելի սակավ՝ մավրերը) սովորաբար գարնանը։</ref> հանսում էր մինչև ոտները։ Տղամարդը հաղթանդամ էր և ուներ հաճելի տեսք։ Նա մոտ քառասուն տարեկան էր, թուխ դեմքով, երկար բեղերով և նրբին մորուսով։ Մի խոսքով՝ պարզ էր, որ եթե նա լավ հագնված լիներ, ամենքը նրան ազնիվ ու ազնվական սինյորի տեղ կդնեին։ Ներս մտնելով, նա պահանջեց, որ իրեն սենյակ հատկացնեն և երբ որ ասացին, թե ազատ սենյակ չկա, նա, թվաց որ, սաստիկ վշտացավ։ Ապա, մոտենալով իր ուղեկցուհուն, որ արտաքուստ մավրուհի էր, բռնեց նրան և վայր բերեց էշից։ Լյուսինդան, Դորոթեան, պանդոկապանուհին, նրա աղջիկն ու Մարիտորնեսը, հետաքրքրվելով առանձնահատուկ և դեռևս չտեսնված զուգսերով, շրջապատեցին անծանոթ կնոջը։ Իսկ Դորոթեան, ինչպես միշտ սիրալիր, բարեհամբույր և վարվեցողություն գիտցող, տեսնելով, որ տիկինն ու իր ուղեկիցը վշտացել են օթևանելու տեղ չգտնելու պատճառով, ասաց․
 
― Հարմարությունների պակասությունների վրա ուշադրություն մի՛ դարձրեք, սինյորա, իջևաններում, սովորաբար, հարմարությունները սակավ են լինում։ Սակայն եթե դուք հաճելու լինեք մեզ հետ տեղավորվելու, ― ավելացրեց նա, ցույց տալով Լյուսինդային, ― ապա հավատացած եղեք, որ ձեր ողջ ճամփորդության ընթացքում հազիվ թե ավելի սիրալիր ընդունելություն գտնեք։
 
Չադրա գցած կինը դրան ոչինչ չպատասխանեց, միայն վեր կացավ և, ձեռները ծալած կրծքին, գլուխը խոնարհեց և խոր գլուխ տվեց, կամենալով ցույց տալ, որ շնորհակալ է առաջարկի համար։ Այդ լռությունից նրանք հետևցրին, որ նա անտարակույս մավրուհի է և քրիստոնեաբար խոսել չգիտե։ Այդ վայրկյանին մոտ եկավ գերին, որ մինչ այդ այլ բանով էր զբաղված ու տեսնելով, որ ամենքը շրջապատել են իր ուղեկցուհուն, իսկ սա, բոլոր խոսքերին լռությամբ է պատասխանում, ասաց․
 
― Չքնաղ տիկիններ, այս աղջիկը դժվարությամբ է հասկանում մեր լեզուն և միայն իր հայրենիքի լեզվով է խոսում։ Ահա թե ինչու նա չի պատասխանում և չի պատասխանել այն հարցերին, որ երևի դուք տվել եք։
 
― Մենք նրանից բան չենք հարցրել, ― ասաց Լյուսինդան, ― այլ պարզապես առաջարկել ենք, որ գիշերը մեր հասարակության մեջ անցկացնի սենյակում, որտեղ մենք ենք տեղավորվել։ Մենք նրան ամեն հարմարություն կընծայենք, որ ինքներս ունենք, որովհետև բարի ցանկությունը մղում է մեզ ծառայություն մատուցել օտարականներին, որ ունեն կարիք, մանավանդ կանանց։
 
― Իմ և նրա կողմից, տիրուհիդ իմ, համբուրում եմ ձեր ձեռքը, մեծապես գնահատելով, ինչպես այդ արժանի է, ձեր ցույց տված շնորհը։ Ձեր նման անձից, ինչպիսին դուք եք ներկայանում ինձ, և այսպիսի ծայրահեղ պարագաներում բխած շնորհը առանձնապես մեծ է։
 
― Ասացեք ինձ, սինյոր, ― հարցրեց Դորոթեան, ― այս տիրուհին քրիստոնյա՞ է, թե՞ մահմեդական։ Նրա լռությունն ու զուգսերը հարկադրում են մեզ կարծել նրա մասին այնպես, որ մեր սրտովը չէ։
 
― Իր զգեստն ու մարմինը մահմեդական են, իսկ հոգին՝ բոցավառ քրիստոնյա, որովհետև նա վառ ցանկությամբ է համակված այդպիսին դառնալու։
 
― Ուրեմն նա դեռևս մկրտված չէ՞, ― հացրեց Լյուսինդան։
 
― Մենք ժամանակ չենք ունեցել դրա համար, ― պատասխանեց գերին։ ― Այն պահից, ինչ նա լքեց իր հայրենի հողը՝ Ալժիրը, նա երբեք այնպիսի մահացու վտանգի ենթարկված չի եղել, որ մեզ հարկադրեր մեր մկրտությունը կատարելու նախքան նա բավականաչափ ծանոթանա բոլոր ծեսերին, որ ուսուցանում է մեզ մեր սուրբ մայր եկեղեցին։ Սակայն տերը կօգնի նրան շուտով մկրտություն ընդունելու շքեղությամբ, որ վայելում է նրա դիրքին։ Նա ավելի ազնվական է, քան կարելի է հետևցնել նրա և իմ հագուստից։
 
Այս խոսքերը բոլոր ներկա եղողներին սաստիկ ցանկություն ներշնչեցին իմանալու, թե գերին ու մավրուհին ովքեր են։ Սակայն այդ վայրկյանին ոչ ոք սիրտ չարեց հարց ու փորձ անելու, քանի որ բոլորն էլ տեսնում էին, որ նա ավելի կարոտ է հանգստյան, քան իր կյանքից պատմություններ անելու։ Դորոթեան բռնեց անծանոթ աղջկա ձեռքից, նստեցրեց իր կողքին և խնդրեց, որ երեսի քողը հանի։ Աղջիկը նայեց գերու վրա, ասես թե հարցնելիս լիներ ― ի՞նչ են ասում և ինքն ի՞նչ պիտի անի։ Գերին ասաց նրան արաբերեն, որ նրանք խնդրում են քողը հանել և նա պիտի այդ կատարի։ Աղջիկը վեր քաշեց քողը և ամենքը տեսան այնպիսի չքնաղ մի դեմք, որ Դորոթեային թվաց, թե Լյուսինդայից ավելի գեղեցիկ է, իսկ Լյուսինդային՝ ավելի գեղեցիկ քան Դորոթեան, իսկ բոլոր շրջապատողները հայտարարեցին, որ եթե մեկն ու մեկը կարող է հավասարվել այդ երկու գեղեցկուհիներին, ապա դա միմիայն մավրուհին է։ Ոմանք նույնիսկ գտան, որ որոշ կողմերով մավրուհին գերազանցում է։ Եվ որովհետև գեղեցկությունը ուժ ու ունակություն ունի սրտերի մեջ խաղաղություն մտցնելու և ազդելու կամքի վրա, ապա ամենքն իսկույն վառվեցին չքնաղ մավրուհուն ծառայելու և հաճոյանալու եռանդով։ Դոն Ֆերնանդոն հարցրեց գերուց աղջկա անունը։ Սա պատասխանեց՝ Լելա Զորադիա։ Մավրուհին, լսելով այդ անունը և հասկանալով, թե նրանք ինչ են հարցրել քրիստոնեական լեզվով, շտապ֊շտապ, անհանգիստ ու կայտառ բացականչեց․
 
― Ոչ, Զորադիա չէ, այլ Մարիամ, Մարիամ, ― կամենալով դրանով ասած լինել, որ իր անունը ոչ թե Զորադիա է, այլ Մարիամ։
 
Այդ խոսքերը այնքան կրքոտ արտասանված, շատերի սիրտը շարժեցին մինչև արցունք։ Առանձնապես զգացված էին կանայք, որոնք բնականից ավելի քնքուշ ու դյուրազգաց են։ Լյուսինդան սիրառատ գրկեց նրան և ասաց․
 
― Այո՛, այո՛, Մարիամ, Մարիամ։
 
Մավրուհին դրան պատասխանեց․
 
― Այո՛, այո՛, Մարիամ։ Զորաիդա Մականջե, ― ասել է թե «չի՛»։
 
Այնինչ վրա հասավ գիշերը և պանդոկապանը, դոն Ֆերնանդոյի ուղեկիցների հրամանով, հոգ տարավ և աշխատեց որքան կարելի է լավ ընթրիք պատրաստել։ Եվ երբ որ ժամանակը եկավ, բոլորը նստեցին երկար, վանական սեղանատան ճաշի սեղանի նման մի սեղանի շուրջը, որովհետև պանդոկում ոչ կլոր, ոչ էլ քառակուսի սեղան կար։ Սեղանի ճակատին նստեցրին դոն Կիխոտին, չնայած որ նա հրաժարվում էր։ Դոն Կիխոտը ցանկություն հայտնեց, որ Միկոմիկոնի տիրուհին նստի իր կողքին որպես իրեն հովանավորողի հետ։ Ապա տեղավորվեցին Լյուսինդան ու Զորաիդան, նրանց դեմուդեմ դոն Ֆերնանդոն ու Կարդենիոն, ապա՝ գերին և մնացյալ սինյորները, իսկ տիկինների կողքին՝ քահանան ու դալլաքը։ Այդպես նրանք ընթրում էին մեծ հաճույքով, որ ավելի շատացավ, երբ որ հասարակությունը տեսավ, թե դոն Կիխոտը դադարեց ուտելուց և, ներշնչված նույնքան առատ ոգևորությամբ, ինչպես այծարածների հետ ընթրելու միջոցին, սկսեց խոսել․
 
― Սինյորներ, ճշմարիտն ասած, եթե լավ ուշ դարձնելու լինեք, նրանք, ովքեր թափառական ասպետության ուխտին են նվիրվել, մեծամեծ և անլուր բաներ են տեսնում։ Երևակայեցեք, թե աշխարհիս երեսին ապրողներից մեկն ու մեկը ներս մտնի այս դղյակի դարպասով և տեսնի, թե ինչպես մենք հիմա նստած ենք, մի՞թե նա գլխի կընկնի և հավատ կընծայի, որ մենք այն մարդիկն ենք, ինչ որ իրոք կանք։ Ո՞վ կասի, որ այս տիրուհին, որ նստած է իմ կողքին, մեզ բոլորիս հայտնի մեծ թագուհին է, և որ ես այն Տխուր Պատկերի Ասպետն եմ, որի անունը գովաբանում է Փառքը։ Այո՛, հիմա այլևս անկարելի է կասկածել, որ ասպետի արվեստն ու արհեստը գերազանցում են բոլոր արվեստներն ու արհեստները, որ հնարել է մարդս և արժանի է առանձնակի ուշադրության, որովհետև կապված է մեծագույն վտանգների հետ։ Թող կորչեն իմ աչքերից այն մարդիկ, որ պնդում են, թե գիտությունները ռազմական գործից բարձր են, որովհետև ես նրանց կպատասխանեմ, ովքեր էլ նրանք լինեն, որ նրանք չգիտեն, թե ինչ են ասում։ Որովհետև փաստարկումը, որ նրանք սովորաբար բերում են և որի վրա նրանք առանձնապես պնդում են, այն է, թե հոգևոր աշխատանքը մարմնավորից վեհ է, իսկ ռազմական գործում լոկ մարմինն է մասնակցում, ասես թե մշակի արհեստի պես, ռազմական գործը, ուժից բացի, այլ բան չի պահանջում։ Ասել թե այն բանի մեջ, որ մենք, ռազմիկներս ռազմական արվեստ ենք կոչում, չեն մտնում նույնպես արի գործերը, որոնց կատարման համար մեծ ընդունակություններ են պահանջվում։ Եվ ասես թե ռազմիկի խելքը, որի պատասխանարվության վրա է բանակը կամ պաշարված քաղաքը, ավելի քիչ է աշխատում, քան մարմինը։ Եթե այդպես չէ, ապա ասացեք ինձ, կօգնե՞ն ձեզ արյդոք մարմնի ուժերը թշնամու մտադրությունները, նրա ծրագիրները, ռազմական խորամանկությունները և դավերն ըմբռնելու ու նախագուշակելու և ձեզ սպառնացող վտանգի առաջն առնելու համար։ Ախր, այդ ամենը խելքի բան է, և մարմինն այդ գործում բնավ մաս չունի։ Սակայն քանի որ ապացուցված է, որ ռազմական գործը կարոտ է ոգու նույնքան, որքան և գիտությունները,<ref>Այստեղ և այսուհետև բնագրում գործ է ածվում letras բառը, որ մոտավորապես նշանակում է բանասիրական, հումանիտար գիտություններ (նեռարյալ և իրավագիտությունը)։ Այսպիսով, letras֊ով կարող էին զբաղվել գրականագետները, լեզվաբանները, իրավաբանները, քաղաքացիական չինովնիկները և այլք, որի շնորհիվ էլ, նայած բնագրին, այդ արտահայտությունը մենք թարգմանում ենք տարբեր առումներով։</ref> ապա տեսնենք, թե ո՞րի խելքն է ավելի օգտակար գործ կատարում՝ գրագետի՞նը, թե՞ ռազմիկինը։ Մենք կարող ենք դատել այդ մասին նրանից, թե արդյոք նրանցից յուրաքանչյուրը ինչ նպատակի է ձգտում, որովհետև այն նպատակը պիտի ավելի կարևոր համարվի, որ ուղղված է ավելի ազնիվ նպատակի։ Գիտության խնդիրն ու նպատակը (ես, իհարկե, աստվածաբանական գիտության մասին չեմ խոսում, որի նպատակն է բարձրացնել մեր հոգիները առ երկինք, որովհետև այդ անսահման վերջնական նպատակին ոչ մի բան չի հավասարվի։ Ոչ, խոսքս աշխարհիկ գիտությունների մասին է), արդ, նրանց նպատակն է հաստատել արդարություն բարիքների բաշխման մեջ, յուրաքանչյուր ոքի տալ այն, ինչ նրան պատկանում է և աշխատել ու հոգ տանել, որ կատարվեն բարի օրենքները։ Նպատակը, անտարակույս, ազնիվ է, վեհ և արժանի մեծամեծ գովասանքի։ Այնուհանդերձ, այն նպատակը, որին ձգտում է ռազմական գործը, արժանի է ավելի մեծ գովասանքի, որովհետև այդ նպատակը խաղաղությունն է, գերագույն բարիքը, որ հասավ աշխարհին ու մարդկանց, հրեշտակների ավետիքն էր այն գիշերը, որ մեզ բոլորիս համար ցերերկ դարձավ։ Նրանք երգում էին երկրի վրա․ «Փառք ի բարձրունս Աստծու և խաղաղություն երկրին և բայրացակամություն մարդկանց»։ Եվ ողջույնը, որ երկրի և երկնքի լավագույն ուսուցիչը ուսուցանում էր իր սիրեցյալ աշակերտներին որևէ տուն մտնելիս ասելու ― դա՝ «խաղաղություն տանս այսմիկ»֊ն է։ Ապա քանիցս նա ասել է՝ «խաղաղություն զիմ տամ ձեզ, խաղաղություն զիմ թողում ձեզ, խաղաղություն ընդ ձեզ»։ Իրոք որ այդ թանկարժեքությունը և շնորհը, որ տվել ու թողել է նա իր ձեռքով, թանկարժեքություն է, առանց որի աշխարհիս երեսին բարիք չկա, չկա և երկնքում։ Այդ խաղաղությունն է պատերազմի իսկական նպատակը, իսկ եթե պատերազմի, կնշանակի՝ նաև ռազմիկների։ Արդ, ընդուելով այն ճշմարտությունը, որ խաղաղությունը պատերազմի նպատակն է և որ, հետևաբար, այդ նպատակը գիտության նպատակից վերադաս է, անցնենք հիմա գիտնականի և ռազմիկի մարմնեղեն դժվարություններին և տեսնենք, թե արդյոք որի՞նն է ավելի ծանր։
 
Այս տեսակ և այսպիսի չքնաղ ոճով շարունակեց դոն Կիխոտն իր ճառը, և նրա ունկնդիրներից և ոչ մեկը այն վայրկյանին չէր ասի, թե նա խելագար է։ Ընդհակառակը՝ նրա ունկնդիրների մեծ մասը կաբալյերոներ էին, որոնց ռազմական գործը մոտ էր, և նրանք մեծ հաճույքով էին լսում։ Իսկ նա շարունակում էր․
 
― Ահա՛, ասեմ, ուսանողի նեղությունը նախ և առաջ նրա չքավորությունն է (ես չեմ ուզում ասած լինեմ, թե նրանք բոլորն էլ չքավոր են, սակայն դիտմամբ ծայրահեղ դեպքն եմ վերցնում)։ Ասելով, որ նրանք չքավորություն են քաշում, ես, կարծեմ, կարող եմ նրանց աղետների խնդիրն այլևս չարծարծել, որովհետև չքավորը ոչ մի լավ բանի տեր չի լինի։ Նրանք ամեն տեսակ չքավորություն են քաշում՝ մերթ սով, մեկ սառնամանիք, մերթ մերկություն, մերթ այս ամենը միասին։ Այնուհանդերձ, չնայած չքավորության՝ նրանք սնվում են, թեև սովորականից ուշ լինի, թեև հարուստների սեղանի փշրանքներով լինի։ Բայց գիտնականների շրջանում դա մեծ չքավորություն է համարվում, և նրանք ասում են՝ «սպասի ետևից ընկնել»։<ref>Սովորություն, որի համաձայն վանքերում որոշ ժամին մուրացկաններին բաց էին թողնում սպասի մնացորդ և հացի կրծոններ։</ref> Բայց էլի բարի մարդիկ նրանց համար մանղալից կամ վառարանից ունենում են, որ թեև նրանց լիովին չի տաքացնում, սակայն դարձյալ մեղմում է ցուրտը։ Համ էլ գիշերները նրանք կտուրի տակ են քնում։ Էլ չեմ խոսում այլ մանր֊մունր բաներից։ Բոլորին հայտնի է, որ նրանք քիչ շապիկ են ունենում, ոտնամանն էլ այնքան առատ չի, որ շորը ոչ միշտ է լինում, իսկ եթե լինում էլ է, ապա ծայր աստիճան մաշված է լինում, և եթե բարի բախտը նրանց հյուրասիրություն է առաքում, նրանք ագահությամբ են վրա տալիս։ Ահա այդ՝ իմ նկարագրած ուղիով գիրթ ու դժվարին, մի տեղ՝ սայթաքելով, այլ տեղ՝ վայր ընկնելով, երրորդ տեղ՝ վեր կենալով՝ նորից վայր ընկնելու համար, ― նրանք հասնում են բաղձալի գիտական աստիճանի։ Իսկ այդ փխրուն ավազուտն, այդ Սցիլլան ու Խարիբդան տեսնելուց հետո նրանցից շատերը բարեհաճ բախտի թևերի վրա հասնում են բարձր պաշտոնների և ղեկավարում ու կառավարում աշխարհս։ Այդ ժամանակ նրանց քաղցը փոխանցում է կուշտության, մրսելը՝ հաճելի հովի, մերկությունը՝ շքեղ զգեստի, և ընկողմանում են նրանք ոչ թե խսիրի այլ հոլանդական քաթանի և դամասկոսյան մետաքսի վրա։ Ահա թե ինչ վարձատրություն է տրվում նրանց առաքինությանը։ Համադրեցեք ապա և համեմատեցեք նրանց դժվարությունները ռազմիկ֊զինվորի դժվարություններին, և նրանք զգալի պակաս կլինեն, ինչպես ես հիմա կապացուցեմ։
Ադմին, Վստահելի
1876
edits