— Շարժվեցի՛նք,— գոչեց Լեգոլասը:
Այդպես սկսվեց հետապնդման երրորդ օրը: Քայլում ու վազում էին նրանք առանց դադարի, մեկ ամպերի արանքից ընկնող արևի շողերի ներքո, մեկ ամպերի ստվերում, և ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճանապարհորդների էլֆական թիկնոցները, լուծվելով կանաչա-մոխրագույն խոտերում, թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից և, երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից, և այն էլ մոտիկից: Քանի ու քանի անգամ իրենց սրտի խորքում ճանապարհորդները շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու մեկ էլ լեմբասի համար, որն ուտում էին առանց կանգ առնելու՝ քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով նրա թարմացնող ու կենարար ուժը:
Ամբողջ օրը հետքը ուղիղ գծով, առանց ոլորանների, տանում էր դեպի հյուսիս արևմուտք: Երեկոյան մոտ ձգվեցին երկար, անտառազուրկ լանջերը, որոնք ալիք ալիք հեռանալով վերածվում էին կարճ, սապատավոր բլուրների: Օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ գրեթե կորչում. հողն այստեղ գնալով պնդանում էր, իսկ բուսականություն գրեթե չկար: Հեռվում՝ ձախ կողմում, կանաչ գորգի վրա արծաթին էր տալիս ոլորապտույտ Էնտուոշը: Տարածքը ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր, որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել՝ ոչ մարդու, ոչ էլ գազանի: Սակայն ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ, Էրեդ Նիմրիսի՝ Սպիտակ Լեռների, անտառապատ ստորոտում, որը թաքնված էր մշուշում և այստեղից չէր երևում: Բայց չէ՞ որ առաջներում ռոհանցիները իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում. հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում: Այժմ այս հողերը դատարկ էին ու ամայի:
— Ես կգամ Էդորաս հենց կարողանամ,— խոստացավ Արագորնը:
— Բայց ինչու՞ ոչ հիմա: Այս տագնապալի օրերին Էլենդիլի փորձառու հետնորդի հայտնվելը մեր ժողովրդին մեծ հույս ու տոկունություն կհաղորդեր: Արևմտյան դաշտերում հիմա ճակատամարտ է ընթանում և, և վախենում եմ՝ եմ, որ մերոնք չդիմանան: Ես առանց Թեոդենի թույլտվության իմ ջոկատով հյուսիս եմ արշավել և արքունիքը հիմա անպաշտպան է մնացել: Բայց ես չէի կարող այլ կերպ վարվել. հետախույզները լուր բերեցին, որ երեք օր առաջ օրքերի մի մեծ ջոկատ է իջել Արևելյան Պատով, իսկ նրանց վահաններին Սարումանի զինանշանն է: Փաստորեն Սարումանը դաշի՞նք է կնքել սև տիրակալի հետ: Դա ամենասարսափելին էր իմ կարծիքով: Այդ հրեշավոր լուրն իմանալով, ես իմ ջոկատը հավաքեցի ու ճանապարհ ընկա: Երկու օր առաջ, մայրամուտին, Ֆենգորնի անտառեզրին հասանք օրքերի հետևից: Մենք շրջապատեցինք նրանց և երեկ առավոտյան հարձակվեցինք: Այդ մարտում ես տասնհինգ ռազմիկ կորցրի և տասներկու ձի: Օրքերն ավելի շատ էին, քան մենք կարծում էինք: Արևելքից նրանց օգնություն էր եկել՝ դատելով հետքերից: Ամենավերջում անտառից ևս մի ջոկատ օգնության եկավ մեր թշնամիներին: Իսկական հսկաներ էին՝ կրկին Սպիտակ Ձեռքի զինանշանով, կատաղի և ուժեղ: Բայց մենք նրանց էլ ոչնչացրինք, չնայած շատ երկար ժամանակ պահանջվեց: Մենք պետք ենք թե՛ հարավում, և թե՛ արևմուտքում: Չե՞ք ուզում միանալ մեզ: Մենք ձեզ ձիեր կտանք: Սրիդ համար էլ աշխատանք կճարվի: Թզուկի տապարն ու էլֆի աղեղն էլ իրենց համար գործ կգտնեն, եթե նրանք ներեն ինձ ոսկե անտառի տիրուհու մասին ասած խոսքերս: Ես ուղղակի կրկնում եմ այն՝ ինչ խոսում են մեր կողմերում: Ուրախ կլինեմ, եթե այդպես չլինի:
— Քո խոսքերը բարի են,— ասաց Արագորնը,— Շնորհակալություն: Իմ սիրտը նույնպես ձգտում է դուրս գալ նախանշված ճանապարհից և գալ քո ետևից, բայց ես չեմ կարող թողնել մեր ընկերներին բախտի քմահաճույքին, քանի դեռ հույս կա, որ նրանք կգտնվեն: