=== Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք ===
Սեմին թվաց, թե իրեն երկու րոպե էլ չթողեցին քնել: Մնիչդեռ նա արթնացել էր երեք ժամ անց, և արևն արդեն վաղուց հատել էր կեսօրը: Ֆարամիրը վերադարձել էր՝ իր հետ բերելով շատ-շատ ռազմիկներ. բոլոր ողջ մնացածները հավաքվել էին բլրի լանջին՝ ընդհանուր հաշվով երկու կամ երեք հարյուր: Ռազմիկները նստել էին լայն կիսաշրջանով: Կենտրոնում նստած էր Ֆարամիրը, իսկ նրա դիմաց կանգնած էր Ֆրոդոն: Այդ ամենը տարօրինակ կերպով հիշեցնում էր գերու հարցաքննություն էր հիշեցնում:
Սեմն աննկատելի դուրս եկավ պտերի միջից ու տեղավորվեց կիսաշրջանի եզրին՝ այդտեղից ամեն ինչ լսվում էր ու երևում էր: Ականջները սրելով, նա սկսեց լարված նայել Ֆրոդոյին ու Ֆարամիրին՝ պատրաստ յուրաքանչյուր պահի շտապել տիրոջն օգնության: Դիմակն այլևս չէր ծածկում Ֆարամիրի խիստ ու տիրական դեմքը. նրա Ֆրոդոյին ուղղված մոխրագույն, պողպատյա աչքերը սուր էին, խորաթափանց ու մտախոհ:
Շուտով Սեմը հասկացավ, որ Ֆարամիրի համար կասկածելի են Ֆրոդոյի պատմության բացթողումները, որոնց պատճառով պարզ չէր, թե ինչ պատճառով է նա ջոկատի հետ դուրս եկել Ռիվենդելից, ինչու է բաժանվել Բորոմիրից և ուր է գնում այժմ: Իսկ ամենաշատը նա հետաքրքրվում էր Իսիլդուրի Անեծքով. նա անընդհատ խոսք էր բացում այդ մասին և երևում էր, որ հասկացել է, որ ամենակարևորը իրենից թաքցնում են:
— Գուցեև այդպես է,— ասաց նա,— Բայց նման մեծ պահանջները պետք է նաև ապացուցել: Եթե այդ Արագորնը ժամանի Մինաս Թիրիթ, նրանից անվիճարկելի ապացույցներ կպահանջեն: Մենք վեց օր առաջ ենք քաղաքը լքել, բայց դեռևս Մինաս Թիրիթ չի ժամանել ո՛չ նա, ո՛չ էլ ձեր ջոկատից մեկ ուրիշը:
— Բորոմիրն ընդունեց Արագորնի իրավունքները,— ասաց Ֆրոդոն: Նշանակում է, նա հիմնավոր պատճառներ ուներ: Եթե նա այստեղ լիներ, ապա կպատասխաներ քո բոլոր հարցերին: Մի քանի օր առաջ մենք բաժանվեցինք նրանից Ռաուրոսի մոտ, և նա պատրաստվում էր այնտեղից ուղիղ Մինաս Թիրիթ գնալ, այնպես որ, տուն վերադառնալով, դու ամեն ինչ կիմանաս: Բորոմիրին, ինչպես նաև ջոկատում բոլորին հայտնի էր իմ այնտեղ գտնվելու պատճառը, որովհետև այդ մասին Խորհրդում հայտարարեց Էլրոնդը, Իմլադրիսի տիրակալը: Էլրոնդի հանձնարարությունն է բերել ինձ այստեղ, բայց ես իրավունք չունեմ խոսել այդ մասին ոչ մեկի հետ, բացի ջոկատի անդամներից բացի որևէ մեկի : Կարող եմ միայն ասել, որ նրանք, ովքեր կռվում են թշնամու դեմ, չպետք է իմ ճանապարհին կանգնեն: Թեև Ֆրոդոյի սիրտը կրծում էր վախը, բայց նա խոսում էր արժանապատվորեն, և Սեմը մտքում հավանություն էր տալիս դրան: Սակայն Ֆարամիրը բավարարված չէր: — Այսպե՛ս,— ասաց նա: — Ուրեմն դու խորհուրդ ես տալիս ինձ չմիջամտել ուրիշների գործերի մեջ, վերադառնալ տուն և թողնել քեզ գնալ քո ուզած ուղղությա՞մբ: Բորոմիրը, իբր, կվերադառնա ու ամեն ինչ կբացատրի: Կվերադառնա՞, ասում ես: Դու Բորոմիրի ընկե՞րն ես եղել: Ֆրոդոն անմիջապես հիշեց, թե ինչպես Բորոմիրը հարձակվեց իր վրա և մի փոքր ուշացրեց պատասխանը: Ֆարամիրի հայացքը խստացավ: — Բորոմիրը ջոկատի արժանի անդամն էր, և մենք միասին շատ դժվարություններ ենք կրել,— վերջապես ասաց նա: — Այո նա իմ ընկերն էր, ամենայն դեպս իմ կողմից այդպես էր: Ֆարամիրը մռայլ ժպտաց. — Եվ դու կտխրե՞իր՝ իմանալով, որ նա զոհվել է: — Իհարկե կտխրեի,— հանկարծակիի եկած պատասխանեց Ֆրոդոն: Նա նայեց Ֆարամիրի աչքերին և շփոթվեց: — Զոհվե՞լ է: Ուզում ես ասել, որ նա մեռած է և դու այդ մասին ամենասկզբից էլ գիտե՞իր: Թե՞ պարզապես փորձում ես ինձ դատարկ խոսքերով: Ուզում ես խաբեությամբ ինձանից խո՞սք քաշել: — Ես նույնիսկ օրքից խաբեությամբ խոսք չեմ քաշի,— պատասխանեց Ֆարամիրը: — բայց ինչպե՞ս, ինչպե՞ս է նա զոհվել, որտեղի՞ց գիտես այդ մասին: Չէ՞ որ ինքդ ասացիր, որ մեր ջոկատից ոչ մեկը Մինաս Թիրիթ չի ժամանել: — Թե ինչպես է նա զոհվել, այդ մասին ես հույս ունեի իմանալ նրա ընկերոջից և ուղեկցից: — Բայց երբ մենք բաժանվեցինք, նա ողջ և առողջ էր: Եվ, որքանով որ ինձ հայտնի է, հիմա էլ է ողջ: Թեպետ, մահը այժմ դարանակալում է ամեն քայլափոխի: — Այո, ամեն քայլափոխի,— հաստատեց Ֆարամիրը: — Եվ ամենից վտանգավորը՝ դավաճանությունն է: Սեմը լսեց, լսեց՝ և այնպես բարկացավ, որ բոլորովին կորցրեց համբերությունը: Ֆարամիրի վերջին խոսքերը նրան հունից հանեցին. նա ցատկեց տեղից, վազեց կիսաշրջանի կենտրոնը և դիմեց տիրոջը. — Ներող եղեք, տեր իմ,— ասաց նա,— բայց ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Նա ոչ մի իրավունք չունի ձեզ հետէդպես խոսել: