— Ավաղ,— ասաց Ֆրոդոն,— ես հենց այդպիսին էլ հիշում եմ Բորոմիրին: Ոսկե գոտին նրան նվիրել էր տիրուհի Գալադրիելը: Այս մոխրագույն թիկնոցներն էլ է նա է նվիրել: Ահա և ամրակալը, որը նույնպես Լորիենից է:
Նա Ֆարամիրին ցույց տվեց պարանոցի մոտ ամրացված արծաթա-կանաչավուն ամրակալը: Ֆարամիրը ուշադիր զննեց այն:
— Գեղեցիկ ամրակալ է,— ասաց նա: — Այո, այն պատրաստված է նույն վարպետությամբ, ինչ որ գոտին: Նշանակում է ձեր ճանապարհն անցել է Լորիենո՞վ: Հնում այդ երկրամասն անվանվում էր Լաուրելինդորենան, բայց ահա արդեն շատ սերունդներ այնտեղ ոչ մի մարդ ոտք չի դրել: — Ֆարամիրի ձայնը փափկեց, և նա նոր զարմանքով նայեց Ֆրոդոյին: — Դե ինչ, այժմ շատ բան արդեն հասկանալի է, ինչը սկզբում տարօրինակ էր թվում: Էլի ինչ-որ բան չե՞ս պատմի: Քանզի ցավալի է մտածել, որ Բորոմիրը զոհվել է մենակ՝ գտնվելով հայրենի հողին այդքան մոտ:
— Ոչինչով չեմ կարող սփոփել քեզ,— ասաց Ֆրոդոն,— բայց քո պատմությունն ինձ անհանգստացրեց: Երևի վատ նշան է: Քեզ տեսիլք է այցելել` չար ճակատագրի ուրվականը անցյալի, իսկ գուցեև ապագայի: Իսկ գուցե դա պարզապես թշնամական խաբուսիկ կախարդա՞նք է: Մեռյալ Ճահաիճներում ես փառապանծ ռազմիկների պատկերներ տեսա ջրի տակ, սակայն դա, երևի, թշնամու չար կախարդանքն էր:
— Ոչ, թշնամին այստեղ կապ չունի,— առարկեց Ֆարամիրը: — Նրա կախարդանքից սիրտդ լցնում է զզվանքով, իսկ ես զգացի միայն վիշտ ու կարեկցանք:
— Բայց ինչպե՞ս կարող էր նման բան կատարվել իրականում,— հարցրեց Ֆրոդոն: — Ոչ մի նավակ չի կարող անվնաս անցնել Թոլ Բրանդիրի ջրվեժը: Բացի այդ, Բորոմիրը մտադիր էր հայրենիք վերադառնալ Էնտուոշ գետով և ռոհանյան հարթավայրով: Արդյոք հնարավո՞ր է, որ մակույկն անցնի փրփրուն ջրվեժի հորձանուով և չսուզվի, այլ միայն լցվի ջրով:
— Չգիտեմ,— ասաց Ֆարամիրը: — Իսկ դա ի՞նչ նավակ է, որտեղի՞ց է:
— Լորիենից,— պատասխանեց Ֆրոդոն: — Այդպիսի երեք նավակներով մենք իջանք Անդուինի հոսանքն ի վար մինչև ջրվեժը: Դրանք նույնպես էլֆական են:
— Դուք եղել եք Թաքնված երկրում,— ասաց Ֆարամիրը,— բայց, ինձ թվում է, այդպես էլ չեք հասկացել, թե որքան հզոր է այդ երկրի կախարդանքը: Նրանք, ովքեր տեսել են Ոսկե Անտառի թովիչ տիրուհուն, չպետք է զարմանան, եթե հետևանքներ լինեն: Մահկանացուների համար վտանգավոր է լքել մեր իրական աշխարհը. վերադարձից հետո նրանք այլևս այն չեն լինի, ինչ որ առաջ էին: Այդպես է ասվում ասույթներում:
Բորոմիր, օ՛ Բորոմիր,— բացականչեց նա,— ի՞նչ է ասել քեզ տիրուհին, որի նկատմամբ մահն իշխանություն չունի: Ի՞նչ է տեսել նա քո աչքերում, ի՞նչ է արթնացրել քո սրտում, ինչու՞ ես գնացել Լաուրելինդորենան, ինչու՞ չես վերադարձել քո ճանապարհով՝ սլանալով ռոհանյան նժույգին հեծած, որ վաղ առավոտյան ոտք դնես հայրենի շեմ: