Բանակից գալով՝ Հարութի առաջին գործը հոր շիրիմին քար քաշելը եղավ։ Հետո ամուսնացավ։ Թե՞ ամուսնացավ, հետո քար քաշեց․․․ Ըստ երեւույթին այդ երկու գործը տարավ զուգահեռ․ մեկը մյուսին չխանգարող, ավելին՝ իրար լրացնող բաներ էին։
Հազար ռուբլով կամ պիտի քար քաշեց քաշես հանգուցյալիդ վրա, կամ հարսանիք անես՝ թեթեւ, եւ Հարութը հարսանիք չարավ։ Պատճառը, սակայն, շինգումարտակում վաստակած հազարի քչությունը չէր սոսկ․ ամուսնության կարգով ընթացքը խնամախոսությունից մինչեւ հարսանիք կտեւեր երկար, գուցեեւ տարի տեւեր, այնինչ ժամանակ արդեն չկար, բանակի տարիների տեղը հարկավոր էր հանել։
Տապանագիրը ստորագրեց՝ որդիներից։ Երկմտանք չունեցավ։ Եղբորից նեղացած էր գերեզմանը անքար թողնելու համար, բայց գիտեր՝ նեղսրտությունը օրերինն է, գիրը՝ դարերինը։