===Մշակույթը===
Եթե Շուշին անցյալում, մասնավորապես XVIII եւ XIX դարերի ընթացքում հանսիդացելհանդիսացել է Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկը նրա քաղաքական ու տնտեսական կյանքում, ապա փոքր չի եղել նրա խաղացած դերը XIX դարի հայկական մշակույթի զարգացման մեջ։ Դեռեւս XIX դարի 20,ական թվականներին Շուշում հիմք է դրվում հայկական տպագրության գործը, որը շարունակվում է մինչեւ քաղաքի հայկական մասի կործանումը։ Շուշում XIX դարում բացվում են մի շարք ուսումնարաններ՝ ռուսերեն, հայերեն եւ ադրբեջաներեն լեզուներով, որոնք վերածվում են խոշոր մշակութային կենտրոնների՝ անդրկովկասյան չափանիշով։ ====Տպագրական գործը Շուշում==== Հայկական տպագրությունն սկիզբ է առել դեռեւս 1512 թվականին Վենետիկում, եւ առաջին մեկուկես տասնյակ տպարանները հիմնվում ու աշխատում էին արտասահմանում։ Անդրկովկասի առաջին հայկական տպարանը հիմնվում է Էջմիածնում 1771 թ․, այնուհետեւ հայկական տպարան հիմնում են Ռուսաստանում՝ Անդրկովկասից դուրս (Պետերբուրգում, Նոր Նախիջեւանում, Աստրախանում եւ Մոսկվայում), վերջապես 1823 թվականին հայկական տպարան հիմնվում է նաեւ Թիֆլիսում, որից հետո 1828 թվականին Շուշում։ Այսպիսով, Շուշում հիմնած տպարանը Անդրկովկասի հայկական տպարաններից երրորդն է՝ Էջմիածնի եւ Թիֆլիսի տպարաններից հետո։ 1822 թվականին մի խումբ բողոքական միսիոներներ (այսպես կոչված «Բազելի քարոզչական ընկերությունը») Պետերբուրգում ռուսական կառավարությունից թույլատրություն են ստանում Շուշում տարածելու իրենց քարոզչական գործունեությունը։ Այս ընկերությունը Ավգուստ Դիտրիխտի եւ Ֆելիցիան Չամբեզայի ղեկավարությամբ ժամանում է Շուշի 1823 թ․ եւ այստեղ սկսում ոչ միայն իրենց կրթական֊դաստիարակչական, այլեւ դավանաբանական եռանդուն աշխատանքները։ 1825 թվականին միսիոներները հայ աշակերտների համար բացում են դպրոց, ապա, Մոսկվայից բերել տալով հայերեն նորաձեւ տառեր եւ տպագրիչ, հիմնում են տպարան, որը սկսում է աշխատել 1828 թ․, 7—8 տարվա ընթացքում հրատարակելով հայերեն լեզվով մի շարք գրքեր ու գրքույկներ։ Չբավականանալով Շուշում կատարած հրատարակություններով, Բազելի քարոզչական ընկերությունը գրքերի մի մասը տպագրել է տալիս Մոսկվայում Լազարյան ճեմարանի տպարանում<ref>Տե՛ս <i>Լեո,</i> «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի», էջ 84 եւ հետ․, Թիֆլիս, 1914 թւ։ <i>Գարեգին Լեոնյան,</i> Հայ գիրքը եւ տպագրության արվեստը, Երեւան, 1946, էջ 231—233։</ref>։ Բազելի միսիոներական ընկերության գործունեությունը Շուշում սկզբում խանդավառությամբ եւ խրախուսանքով է ընդունվում Եփրեմ կաթողիկոսի կողմից, բայց Հովհաննես Կարբեցու ժամանակ այդ ընկերության գործունեության դեմ դիմադրություն է կազմակերպվում Էջմիածնում, որը տեղիք է տալիս խլրտումների եւ հարցը վերջանում է նրանով, որ Կովկասի գլխավոր կառավարիչ Ռոզենի դիմումով եւ Ռուսաստանի ներքին գործերի մինիստրի գրությամբ միսիոներների գործունեությանը Շուշում վերջ է տրվում։ Միսիոներները Շուշում (1836 թ․) վաճառում են իրենց ձեռնարկությունները, գույքերն ու հեռանում, տպարանն էլ անցնում է Ղարաբաղի թեմի վարչությանը։ Բազելի քարոզչական ընկերությունը իր ուշադրությունը կենտրոնացրել էր համարյա միայն հայերի վրա։ Այս ընկերությունը Շուշում եւ Մոսկվայում տպագրել է 11,679 օրինակ հայերեն, 728 օրինակ պարսկերեն, 147 օրինակ թուրքերեն եւ 100 օրինակ եբրայերեն գրքեր։ Ինչ վերաբերում է Շուշում հրատարակված հայերեն գրքերին, որոնց օրինակների հետ մենք ծանոթացել ենք Երեւանի հանրային եւ Մատենադարանի գրադարաններում, ստորեւ տալիս ենք այն համառոտ ցանկը։ Այս հրատարակությունները մեծ մասամբ կրոնական֊քարոզչական բնույթ են կրում, բայց կան նաեւ աշխարհիկ բովանդակությամբ գրքեր, բառարաններ, քերականական ձեռնարկներ։ 1․ Պատմություն Սուրբ Գրոց (թարգմանություն ռուսերենից)․ 44 էջ, Շուշի, 1828 թ․։ 2․ Ընթերցուածք ի Ս․ Գրոց հին կտակարանի (ի պիտոյ վարժարանաց)․ 28 էջ, Շուշի, 1829 թ․։ 3․ Հավաքումն Աստուածային վկայութեանց․ 184 էջ, Շուշի, 1829 թ․։ 4․ Պողոս Ներսիսեանց Ղարաբաղցի՝ Համառոտ հայկական քերականութիւն․ 30 էջ, Շուշի, 1829 թ․։ 5․ Հովսեփ Արցախեցի՝ Համառոտ բառագիրք ի գրաբարէ յաշխարհաբարն (ի պիտոյ համբակաց)․ 398 էջ, Շուշի, 1830 թ․։ 6․ Ժամանակի վերջն (թարգմանություն)․ 46էջ, Շուշի, 1832 թ․։ 7․ Աւետարանի ճշմարտութեան եւ զորութեան համար (թարգմանություն), Շուշի, 1833 թ․։ 8․․ Կիւրեղ Երուսաղեմցի՝ Ճառ վասն տասն հրամանաց հավատոց․ 46 էջ, Շուշի, 1833 թ․։ 9․ Ճանապարհորդութիւն առ բարեպաշտ կեանս (թարգմանություն)․ 150 էջ, Շուշի, 1833 թ․։ 10․ Քարոզ աւագ ուրբաթ օրին համար։ Շուշի, 1833 թ․։ 11․ Մեղքը խաղ անելու բան չէ (թարգմանություն), 14 էջ, Շուշի, 1833 թ․։ 12․ Չամչեան Միքայել՝ Քերականութիւն հայկազեան լեզուի, 328 էջ, Շուշի, 1833 թ․։ 13․ Վարդապետութիւն Քրիստոսի խաչին համար, 77 էջ, Շուշի, 1833 թ․։ Ինչպես երեւում է մեր ներկայացրած ցուցակից, վերջիններիս մի մասը փոքրիկ գրքույկներ են, բայց նրանց մեջ կան եւ այնպիսիները, որոնք 150֊ից մինչեւ 400 էջը են հասնում։ Գրքերի մի մասը թարգմանություններ են, բայց կան եւ ինքնուրույն աշխատություններ։ Մի շարք հրատարակություններ կատարված են դասավանդմանը ծառայեցնելու նպատակով (ցուցակում՝ № 2, 4, 5, 12)։ Արժեքավոր աշխատություն է Հովսեփ Արցախեցու գրաբարից աշխարհաբար կազմած բառարանը։ Չափազանց բնորոշ է այն հանգամանքը, որ Բազելի քարոզչական ընկերությունն առաջին անգամ գործածության է հանում աշխարհաբար լեզուն․ 1834 թվականին այդ ընկերությունը Մոսկվայում լույս է ընծայում աշխարհաբար լեզվով իրենց թարգմանած ավետարանը։ Ինչպես ասացինք, Բազելի քարոզչական ընկերության գործունեությունը եւ հրատարակչական աշխատանքները Շուշում սկզբնական շրջանում ոչ միայն թույլատրվում են, այլ նույնիսկ խրախուսվում լուսավորչական եկեղեցու ներկայացուցիչների կողմից։ Այսպես, նրա հրատարակած 2֊րդ գրքի («Ընթերցուածք ի Ս․ Գրոց») առաջին էջում տպագրված է՝ «ՀՐատարակութիւն տեառն Եփրեմի կաթողիկոսի ամենայն հայոց», իսկ № 6 եւ № 12 գրքերի վերնագրերի տակ ասված է, որ այս գրքերը հրատարակված են «հրամանաւ տեառն Բաղդասարայ Իշխանի Ջալալեանց»։ Ինչպես վերը նշեցինք, 1837 թվականին Բազելի քարոզչական ընկերության գործունեությանը ռուսական կառավարության կարգադրությամբ վերջ է տրվում Շուշում, եւ նրանց գույքը վաճառքի հանվում։ Ընկերության Շուշու տպարանը գնում է Բաղդասար Միտրոպոլիտը, որը 1836 թ․ «Պոլոժենիայից» հետո, հետեւյալ տարին նշանակվել էր Ղարաբաղի առաջնորդ եւ կոնսիստորիայի նախագահ։ Ղարաբաղի այդ հոգեւոր վարչության տպարանում տպագրական գործը Շուշում շարունակվում է հետեւյալ տարիներին՝ որոշ ընդմիջումներով<ref>Տպարանը դադարելով, երբեմն վերանորոգվելով աշխատում է մինչեւ XX դ․ 10֊ական թթ․ (Լեո «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական դպրոցի», Թիֆլիս, 1914 թ․, էջ 122)։</ref>։ Այս տպարանի առաջին գործն է Բայրոնի «Շիլիոնյան կալանավորի» տպագրությունը (Շուշի, 1837 թ․), Մովսես Զոհրապյանի թարգմանությամբ։ Այնուհետեւ այստեղ տպագրվում են Եսայի կաթողիկոս Հասան Ջալալյանի «Պատմություն կամ ինչ֊ինչ անցից դիպելոց յաշխարհն Աղվանից» (Շուշի, 1839 թ․), Դերժավինի «Աստվածը» (թարգմանություն), Սալլանթյանց Միքայել (ծայրագույն վարդապետ Կոստանդնուպոլսեցուոյ) «Համառոտութիւն փոքր քերականութեան գրաբար լեզուի հայոց» (առաջին մասն) 86 էջ, Շուշի, 1839 թ․, Հովսեփ Արցախեցի՝ Առաջին մաս փիլիսովայութեան, որ ասի տրամաբանութիւն, Համառոտեալ ի բուն տրամաբանութենէ վարդապետին Կորդնոյի», 246 էջ, Շուշի, 1840 թ․, «Մաշտոց», «Տետր այլբբենարան», «Կրոնագիտություն» եւ այլն։ Լեոն իր «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի» գրքում նշում է, որ Բազելի քարոզչական ընկերությունից Ղարաբաղի թեմական առաջնորդի եւ կոնսիստորիայի իրավասությանն անցած տպարանում Շուշիում հայերեն լեզվով տպվել են հետեւյալ գրքերը․ 1․ «Խորհրդատետր»։2․ «Սաղմոս» (սինոգի հավանությամբ)։3․ «Եփրեմ Խորին»։4․ «Ժամագիրք» (սինոդի հավանությամբ), 1837 թ․։5․ Բայրոն, «Շիլիոնյան կալանավորը», 1837 թ․ Շուշու այդ տպագրությունը չկա, բայց, անշուշտ դա այն է, որ տպագրվել է Զոհրաբյանի ոտանավորների մեջ, որ կոչվում է «Պարապոյ ժամք»։ Տպագրված է Շամախում, 1856 թ․։ 6․ Վարդապետ Հովսեփ Տեր֊Ավագյան «Տրամաբանութիւն», 1840 թ․։ 7․ Նույն հեղինակը, «Վահան ուղղափառաց»։ 8․ Ավագ սարսավագ Գրիգոր Տեր֊Ավագյան, «Կրոնագիտություն կամ հոգեվարժություն քրիստոնեական», 1849 թ․։ 9․ Գրիգոր Տեր֊Ավագյան, Դերժավին—«Աստված» (թարգմանված հրաշալի գրաբարով)։ 10․ Եսայի կաթողիկոս Հասան Ջալալյան, «Պատմություն կամ հիշատակ ինչ֊ինչ անցից դիպելոց յաշխարհն Աղվանից», 1839 թ․։ 11․ «Մաշտոց», 1840 թ․։ 12․ Սալլանթյանց Միքայել (ծայրագույն վարդապետ Կոստանդնուպոլսեցի), «Համառուտութիւն փոքր քերականութեան գրաբար լեզուի հայոց» (առաջին մասն), 86 էջ, 1839—40 թթ․։ 13․ Տետր այբբենական։ Բազելի քարոզչական ընկերությունից Ղարաբաղի թեմական առաջնորդի եւ կոնսիստորիայի իրավասնությանն անցած տպարանը Բաղդասար միտրոպոլիտի կյանքի վերջին տարիներին դադարեցրել էր իր աշխատանքը։ Բաղդասար միտրոպոլիտի մահվանից հետո (1854 թ․) Վեհապետյանը փորձում է միջոցներ ժողովել Շուշու ունեւորներից Մ․ Չամչյանի ընդարձակ քերականությունը տպագրել տալու համար, բայց դա նրան չի հաջողվում, եւ ինքը ստիպված է լինում այդ կատարել իր հաշվին (1859 թ․)։ Այնուհետեւ նա դիմում է Մոսկվայում բնակվող հարուստ Հովհաննես Հովնանյանին, խնդրելով նվիրել Շուշու տպարանին մի ձեռքի մամուլ եւ հայերեն տառեր, որ եւ ստանում է։ Տպարանը սկսվում է կոչվել «Տպարան Սրբոյ Էջմիածնի» եւ գտնվում է կոնսիստորիայի հսկողության տակ։ Այս տպարանում հրատարակվում է Մաթեւոս կաթողիկոսի «Ներածութիւն աստուածաբանական դիտելաց» գիրքը (200 էջ, Շուշի, 1863 թ․), բայց հետեւյալ տարին թեմական դպրոցի հոգեբարձության (հոգեբարձու Համբարձում֊բեկ Սարուխանյան) դիմումով Հովհ․ Հովնանյանը հաստատում է, որ տպարանը նվիրել է ոչ թէ Էջմիածնին, այլ Ղարաբաղի հոգեւոր թեմական դպրոցին եւ այնուհետեւ այստեղ 1864 թվականին հրատարակված գիրքը լույս է տեսնում թեմական դպրոցի տպարանում։ Այդ գիրքը գիտությանց մագիստրոս Կ․ Էզյանցի «Ներքինն կեանք հին Հայաստանի» նշանավոր աշխատությունն օ, որը լույս է տեսել Շուշում 1864 թ․։ Այն թարգմանված է ռուսերենից Պերճ Պռոշյանի ձեռքով (որն այն ժամանակ աշխատում էր Շուշու թեմական դպրոցում) եւ կազմում է 200 էջ։ Թարգմանական լեզուն աշխարհաբար է։ 1864թվականից հետո Շուշում հոգեւոր թեմական դպրոցի տպարանը հետզհետե հասնում է քայքայման։ Այս տպարանում 1874 թ․ մեծ դժվարությամբ հաջողվում է տպագրել Խորեն Ստեփանի «Հայկական աշխարհ» ամսագրի մի քանի համարները եւ միայն 80֊ական թվականներին, երբ Շուշում նոր հիմնվում են բողոքական Միրզաջան Մահտեսի Յակոբյանցի եւ Բագրատ Տեր֊Սահակյանի տպարանները, նրանց դեմ մրցելու նպատակով թեմական դպրոցի հատկացրած միջոցներով եւ հանգանակած գումարներով 1885թվականին նորից բացվում է «<i>Հոգեւոր տեսչություն</i>» տպարանը, որը նշանավոր արտադրանք չի տալիս։ Այստեղ տպագրված քիչ թե շատ նշանավոր աշխատություններից մեզ հայտնի են <i>Մանուկ Աբեղյանի</i> «Նմուշները» (բանաստեղծությունների ժողովածու), որի առաջին էջում հանդիպում ենք․ «Տպարան հայոց հոգեւոր տեսչության», Շուշի, 1888 թ․, որը 108 էջ է կազմում։ 1881 թվականից Շուշում սկսում է աշխատել Միրզաջան Մահտեսի Յակոբյանցի տպարանը, որը XIX դարի վերջում տալիս է բավականին եռանդուն տպագրական արտադրություն։ Այս տպարանում լույս է տեսնում Րաֆֆու «Խենթ»֊ի առաջին հրատարակությունը («Արկածներ վերջին ռուս֊թուրքական պատերազմից»), հրատարակիչ՝ Աբել Դավթյան Ապրեսյանց, տպարան Միրզաջան Մահտեսի Յակոբյանցի, առաջին հրատարակություն։ Շուշի, 1881 թ․, 400 մեծադիր էջ։ Այս տպարանում նույն թվականին տպագրվել են Նիկոլայոս Տեր֊Ավետիքյանի ոտանավորները «Քնար խոսնակ» վերնագրով (Շուշի, 1881 թ․, 36 մեծադիր էջ), որը մասամբ թարգմանություններ են Հայնեից, Պուշկինից, Լերմոնտովից, Գյոթեից, Շիլլերից, Դոբրոլյուբովից, իսկ մասամբ ինքնուրույն են (օրինակ, «Շուշեցու իդեալը» (խանութպան դառնալու մասին) եւ այլն։ 1882 թվականի մայիս ամսին Շուշում լույս է տեսնում «Գործ» գրական, քաղաքական ու ազգային ամսագրի առաջին համարը, որի խմբագիր֊հրատարակիչը Սիմեոն Հախումյանն էր։ Այնուհետեւ «Գործի» մնացած համարների հրատարակությունը 1883 թվականից սկսած տեղափոխվում է Թիֆլիս<ref>«Գործ» ամսագրի 2֊րդ գիրքը, լույս է տեսել Թիֆլիսում, 1883 թ․ ապրիլ ամսին՝ 1 վերնագրի տակ եւ բաղկացած է ընդամենը 16 էջից։ Այդ համարի ծանոթության մեջ նշված է, որ «Գործի» գրաքննությունը կառավարության հրամանով տեղափոխված է Թիֆլիս, ուստի մենք ամսագիրը հրատարակում ենք Թիֆլիսում, բայց խմբագրությունը մնում էր Շուշում։ «Գործ»֊ի 3֊րդ գրքի (1886 թ․ № 1) խմբագրումն ու հրատարակությունը տեղի են ունենում Թիֆլիսում։ Սա «Գործի» երրորդ եւ վերջին համարն էր, որ բաղկացած էր 96 էջից։ «Գործի» 1884 թ․ № 1֊ը խմբագրականի մեջ կոչվում է «Գործի» երրորդ հատոր, նշանակում է, որ «Գործի» խմբագրությունը յուրաքանչյուր տարի լույս է ընծայել մեկական գիրք։ Պարզ է, որ «Գործը» առանձին հաջողություն չի ունեցել։ Վերջին գրքում խմբագիրը գանգատվում է, որ «բաժանորդների թիվը հասնում է 70֊ի, դրանցից մեծ մասը անվճար» խմբագրությունը միջոցներ չի ունեցել լրիվ չափով հրատարակել ամսագիրը, այլ բաց է թողել 1883 թվականին բարակ հատորներ «Գործի» շարունակության իրավունքը օրենքի առաջ պահպանելու համար։ Նույնն էլ արել է 1884թ․, հույս ունենալով հետագայում կանոնավոր ամսագրի հրատարակության գործը։</ref>, սակայն խմբագրությունը 1883 թվականին դեռեւս մնում է Շուշում, իսկ 1884 թվականին նա էլ է տեղափոխվում Թիֆլիս։ 1886 թ․ Շուշում՝ Մ․ Մահտեսի Յակոբյանցի տպարանում լույս է տեսնոմւ Սկայորդու (Լեոյի) «Նոր ցավ» գրվածքը (202 էջ)։ 1894 թ․ նույն տպարանը լույս է ընծայում Ֆիրդուսու չափածո գրվածքը, որը կոչվում էր «Ֆիրդուսի՝ Զոհակ֊Բյուրասպի Աժդահակ» (ամբողջ վեպը Շահնամեից) թարգմանեց բնագիր պարսկերենից Սամուել Գյուրզադեանց, (44—22 էջ եւ ցանկ)։ 1896 թվականին Շուշու նույն տպարանում Երվանդ Լալայանի հրատարակությամբ լույս է տեսնում մեր նշանավոր «Ազգագրական հանդեսի» Ա գիրքը, որի ազգագրական բաժինը կազմում է 380 մեծադիր էջ եւ ուր տրված է Ե․ Լալայանի ընդարձակ հոդվածը, նվիրված հայ ազգագրության տեսությանը, Լ․ Բաբայանի հոդվածը Խոջալուի գերեզմանների մասին, Ռ․ Վիրխովի հոդվածը «Կովկասի տեղը քաղաքակրթության պատմության մեջ» (Լ․ Բաբայանի թարգմանությամբ), Ե․ Լալայանի ընդարձակ աշխատությունը Ջավախքի մասին (216֊ից մինչեւ 371 էջ) եւ մի շարք այլ հոդվածներ։ Որպես այդ համարի հավելված, գրքին կցված է մարդակազմությանը նվիրված եւս մեկ բաժին (130 էջ)։ «Հանդեսին» կցված են քարտեզներ, ժողովրդական եղանակների ձայնագրություն (Կարա֊Մուրզայի) եւ այլն։ «Ազգագրական հանդեսի» հաջորդ համարների հրատարակությունը Շուշուց տեղափոխվում է Թիֆլիս։ Հանդեսի երկրորդ (բ) գրքում (1879թ․) հրատարակվում է «<i>Վարանդա</i>» ընդարձակ աշխատությունը (խմբագրությամբ Ե․ Լալայանի եւ մասնակցությամբ Լ․ Աթարբեկյանի եւ Ղազար Տեր֊Ղազարյենի), որը հարուստ ազգագրական նյութ է տալիս Շուշու, նրա գավառի եւ մասնավորապես Վարանդայի մասին։ Այնուհետեւ «Ազգագրական հանդեսը» շարունակվում է տպագրվել Թիֆլիսում նույն ծավալով, մոտ մեկուկես տասնյակ տարի, որոնց ընթացքում հրատարակվում են 20֊ից ավելի համարներ<ref>Տե՛ս տետր 13, էջ 41 եւ տետր 14, էջ 8։</ref>։ Ինչպես երեւում է մեր բերած նյութերից, XIX դարի վերջին տասնամյակկներում տպագրական գործը Շուշում լայնորեն ծավալվում է։ Շուշում աշխատում էին երեք տպարան (հոգեւոր վարչության, Մ․ Հակոբյանի եւ Բ․ Սահակյանի), որոնք հնարավորություն ունեին տպագրելու բավականին խոշոր ու արժեքավոր գրքեր եւ ամսագրեր։ Այստեղ լույս էին տեսնում մեր նշանավոր գրողների եւ ամսագրերի անդրանիկ հրատարակությունները։
<references />