— Այո, բայց այստեղ երկար մնալ չի կարելի,— ասաց Էոմերը: — Նայի՛ր: — Նա ձեռքը պարզեց պատնեշի կողմը: Գետի այն կողմում մարդկանց և օրքերի ամբոխը նորից էր հավաքվում: Լսվեց նետերի սուլոցը և մի քանիսը զրնգալով հարվածեցին քարերին: — Գնա՛նք, հարկավոր է դարպասը ներսի կողմից ամրացնել գերաններով և քարերով զմռսել: Արագացնե՛նք:
Նրանք սլացան հետ: Այդ ընթացքում երկու տասնյակ օրք, որոնք թաքնվել էին իրենց ցեղակիցների դիակների տակ, անաղմուկ ոտքի ելան և հետևեցին նրանց: Օրքերից երկուսը կախվեցին Էոմերի ոտքերից, տապալեցին գետնին և հաջորդ վարկյանին վայրկյանին նստելով նրա վրա մերկացրեցին յաթաղանները: Բայց այդ պահին խավարից դուրս թռավ մինչ այդ ոչ մեկի կողմից չնկատված փոքրիկ, սև կերպարանքը, և հնչեց խռպոտ ճիչը. «Բարու՛կ Քազադ, Քազադ այ-մենու՛», և երկու անգամ փայլատակեց տապարը: Երկու գլխատված թշնամի փլվեցին գետնին, մնացածները փախան:
Արագորնը վատ բան կանխազգալով վերադարձավ, բայց Էոմերն արդեն ոտքի վրա էր: