Ինֆորմատիկայի Ինտենսիւ զարգացումը եւ տարածումը բերեցին քոմփիւթերային թեմատիկայի նկատմամբ հետաքրքրութեան կտրուկ մեծացման։ Ընթերցողին առաջին հերթին կը հետաքրքրէր «Ի՞նչ են քոմփիւթերները եւ ի՞նչ կը տայ դրանց օգտագործումը մարդկային գործունէութեան այս կամ այն բնագաւառում» հարցերը։
Քոմփիւթերի մասին պատկերացման խորացմանը զուգընթաց առաջանում է «Ինչպէ՞ս կարելի է քոմփիւթերի հիման վրայ կառուցել մի համակարգ, որը կʼօգնի մարդուն կատարել այս կամ այն աշխատանքը կամ կը փոխարինի նրան ընդհանրապէս» հարցը։ Հենց այդպիսի ուղղուածութիւն ունի Ձեր ուշադրութեանը ներկայացուող գիրքը։
Գիրքը իրենից ներկայացնում է քոմփիւթերային տեխնիկայի ներածութիւն։ Նրանում պարունակւում են դրանց ուսումնասիրման համար բոլոր տուեալները։ Դիտարկւում են քոմփիւթերների կոնկրետ տիպերը եւ դրանց կիրառման բնագաւառները։ Հաւասարապէս ուշադրութիւն է դարձւում ինչպէս քոմփիւթերների բաղկացուցիչ մասերի նկարագրման, այնպէս էլ նրանց օգտագործման եւ ծրագրաւորման հիմնական գաղափարների շարադրման վրայ։
Գիրքը պայմանականօրէն կարելի է բաժանել երկու մասի։ Առաջինում (Գլ․ 2, 3, 4) շարադրւում են քոմփիւթերների եւ նրանց հիման վրայ ստեղծուած ինֆորմացիոն համակարգերի մասին ընդհանուր պատկերացումները։ Երկրորդը (Գլ․ 5, 6) նուիրուած է խնդիրների ալգորիթմացման հարցերին եւ ծրագրաւորման լեզուներին։
Չնայած այս գիրքը նախատեսուած է միջնակարգ ուսումնական հաստատութիւնների սովորողների եւ դասաւանդողների համար (գրքում մանրամասնօրէն դիտարկւոմ են այն հարցերը, որոնք ըստ մեզ լաւ չեն լուսաբանուած ինֆորմատիկայի դպրոցական դասագրքերում), այն օգտակար կարող է լինել քոմփիւթերային տեխնիկայի բնագաւառում չմասնագիտացող ուսանողների, գիտարտադրական տարբեր բնագաւառների աշխատողների համար։
Քոմփիւթերների հիման վրայ ստեղծուաթ ինֆորմացիոն համակարգերը կարող են կիրառել քոփմիւթերը իրենց խնիդրների լուծման համար օգտագործել ցանկացող ինժեներները, օրինակ՝ բեռնափոխադրման ղեկավարման, արտադրութեան աւտոմատացման, կապի համակարգերի ղեկավարման խնդիրներում։ Ֆիզիկոսները, քիմիկոսները եւ կենսաբանները այն կարող են կիրառել փորձերի յատկանիշների խիստ հսկողութեան կազմակերպման, տուեալների աւտոմատ հաւաքման եւ վերլուծման գործընթացում, նկարիչներն ու ճարտարապետները քոմփիւթերի օգնութեամբ ստանում են որոշակի դինամիկ միջավայր օգտագործելու հնարաւորութիւն։
Մինչեւ գրքի լոյս ընծայելը հեղինակային խումբը 5—6 տարի զբաղուել է միջնակարգ ուսումնական հաստատութիւններում «Ինֆորմատիկայի եւ հաշուողական տեխնիկայի հիմունքներ» առարկան դասաւանդող ուսուցիչների որակաւորման բարձրացման եւ վերապատրաստման հարցերով։
Այդ ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիւ հանդիպումներ այս գրքի հիմնական պահանջն ունեցողների հետ անմիջապէս աշխատող մանկավարժների հետ։ Գրքի ստեղծման գործում մեծ նշանակութիւն ունեցան նրանց հետ աշխատելու փորձը եւ նրանց ցանկութիւններն ու դիտողութիւնները։ Մենք մեծ օգնութիւն ենք ստացել ԵՊՀ֊ի դոցենտ Վ․ Ս․ Եղիազարեանից, որը մանրամասն ուսումնասիրել է գիրքը եւ դրա կառուցուածքին վերաբերող հարցերում օգտակար դիտողութիւններ կատարել։ Այդ դիտողութիւնները անշուշտ օժանդակել են նիւթի շարադրման բարելաւմանը եւ մենք բարձր ենք գնահատում նրա ջանքերը։ Մեր պարտքն ենք համարում խորին շնորհակալութիւն յայտնել «Կապոյտ Խաչ» կազմակերպութեանը եւ պարոն Անրի Փափազեանին, որոնք իրենց վրայ են վերցրել գրքի հրատարակման հոգսերը։
==Քոմփիւթերները արդի հասարակարգում==
===Հասարակարգի ինֆորմատացումը եւ նոր ինֆորմացիոն տեխնոլոգիան===