— Չվիճեք ինձ հետ, Հեմինգուեյ․ դա ոչինչ չի տա։ Գարաժի տերը ճիշտ է․ դուք բոլորդ կորած սերունդ եք։
Ավելի ուշ, երբ ես գրել էի իմ առաջին վեպը, փորձեցի միսս Ստայնի՝ գարաժում լսած դարձվածքը որեւէ կերպ համադրել «Գիրք ժողովի» խոսքերի հետ։ Բայց այն գիշեր տուն վերադառնալով, ես մտածում էի գարաժի երիտասարդ մեքենագետի մասին եւ այն մասին, որ գուցե նրան տարել են սանիտարական մեքենայի վերածած հենց մի այդպիսի «ֆորդով»։ Ես հիշում եմ, ինչպես էին վառվում նրանց արգելակները, երբ նրանք, վիրավորներով լցված, ամենափոքր արագությամբ իջնում էին լեռնային ուղիներով եւ հարկ էր լինում միացնել հետեւի հաղորդակը, հիշում եմ նաեւ, թե ինչպես էին վերջին մեքենաները դատարկ գլորում զառիթափն ի վրա, որովհետեւ նրանց փոխարինել էին հուսալի գլխավոր հաղորդակ ու անկոճղակ արգելակներ ունեցող մեծ «ֆիատներով»։ Ես մտածում էի միսս Ստայնի, Շերվուդ Անդերսոնի մասին, էգոիզմի մասին եւ այն մասին, թե որն է ավելի լավ՝ հոգեւոր ծուլությո՞ւնը, թե՞ կարգապահությունը։ Հետաքրքիր է, մտածում էի ես, մեզանից ո՞վ է կորած սերունդը։ Ես արդեն մոտեցել էի «Կլոզերի դե Լիլային»։ Լույսը ընկել էր իմ հին բարեկամի՝ մարդալ Նեյի արձանի վրա, եւ ծառերի ստվերը նստել էր նար մերկացրած թրի բրոնզին։ Կանգնած է մեն֊մենակ եւ թիկունքում ոչ ոք չունի։ Ա՜խ, ինչպես նրա բախտը չժպտաց Վաթերլոոյի օրը։ Եվ ես մտածեցի, որ բոլոր սերունդներն էլ ինչ֊որ չափով կորած են․ այդպես եղել է եւ այդպես կլինի։ Ես մտա «Լիլա», որպեսզի նա այդպես մեն֊մենակ չլինի եւ նախքան տուն՝ սղոցարանի վերին հարկում գտնվող սենյակս կգնայի, սառը գարեջուր խմեցի։ Բայց գարեջրի շուրջը նստած, ես նայում էի արձանին ու վերհիշում, թե Նեյը քանի օր է մարտնչել արիերգարդում, երբ նահանջում էր Մոսկվայից, որտեղից Նապոլեոնը Կոլենկուրի հետ մեկնել էր կառեթով։ Ես մտածում էի, թե ինչ լավ ու հոգատար բարեկամ է միսս Ստայնը եւ թե նա որքան գեղեցիկ է պատմում Ապոլիների ու նրա մահվան մասին՝ 1918 թվականին, հաշտության օրը, երբ ամբոխը գոռում էր «A bas Guillaume»<ref>Կորչի Վիլհելմը (ֆրանս․)։</ref>, իսկ զառանցանքի մեջ գալարվող Ապոլիներին թվացել է, թե այդ բացականչությունները իրեն են վերաբերում, եւ ես մտածեցի, որ ամեն ինչ կանեմ միսս Ստայնին օգնելու համար եւ կաշխատեմ, որ նրան արժանին հատուցեն նրա արած ամբողջ բարության համար․ վկա են աստված ու Մայք Նեյը։ Բայց թող սատանայի ծոցը կորչեն նրա խոսակցությունները կորած սերնդի մասին եւ այդ բոլոր էժան, կեղտոտ պիտակները։ Երբ տուն հասա, բակ մտա, բարձրացա սանդուղքներով եւ տեսա կնոջս, տղայիս ու նրա Ֆ․ փիսա կատվին, որոնք շատ երջանիկ էին վառվող բոխարիկի մոտ, ես կնոջս ասացի․
— Գիտե՞ս, Գերտրուդը, այնուամենայնիվ, շատ լավ կին է։