Changes

Տոն, որը միշտ քեզ հետ է

Ավելացվել է 8423 բայտ, 17:42, 19 Հունիսի 2015
/* «Շեքսպիր եւ ընկերություն» */
==«Շեքսպիր եւ ընկերություն»==
Այն օրերին ես գիրք գնելու փող չունեի։ Գրքեր վերցնում էի Օդեոն փողոցի № 12֊ից, Սիլվիա Բիչի «Շեքսպիր եւ ընկերություն» գրախանութից, որը միաժամանակ նաեւ գրադարան էր։ Փողոցից հետո, որտեղ ցուրտ քամին էր ոռնում, այդ գրադարանը՝ մեծ վառարան, սեղաններ ու գրադարակներ ունեցող, ցուցանակում նոր գրքերով, հայտնի գրողների՝ ողջ ու մեռած գրողների լուսանկարներով այդ գրադարանը հատկապես տաք ու հարմարավետ էր թվում։Բոլոր լուսանկարները սիրող լուսանկարչի աշխատանքներ էին թվում, եւ նույնիսկ մեռած գրողները այնպիսի տեսք ունեին, ասես դեռ ապրում են։ Սիլվիան շարժուն, հստակորեն քանդակված դեմք ուներ, գազանիկի նման արագաշարժ եւ ջահել աղջկա նման ուրախ խաժ աչքեր, մաքուր ճակատից հետ նետած ալիքաձեւ շագանակագույն մազեր, որոնք կտրված էին ականջներից ներքեւ, նրա մահուդե դարչնագույն ժակետի օձիքի մակարդակին հավասար։ Նա գեղեցիկ ոտքեր ուներ, բարեսիրտ էր, ուրախ, հետաքրքրասեր եւ սիրում էր կատակել ու զրուցել։ Եվ նրանից ավելի լավ ինձ հետ ոչ ոք երբեք չի վերաբերվել։ Երբ առաջին անգամ եկա նրա հաստատությունը, ինձ շատ քաշված էի պահում․ փողս չէր հերիքում գրադարանին անդամագրվելու։ Սիլվիան ասաց, որ գրավը կարող եմ մուծել ավելի ուշ, երբ ինձ հարմար լինի, իմ անունով քարտ բացեց եւ առաջարկեց այնքան գիրք վերցնել, որքան ցանկանում եմ։ Նա ոչ մի հիմք չուներ ինձ վստահելու, նա ինձ չէր ճանաչում, իսկ հասցես, որ ես նրան ասացի՝ կարդինալ Լեմուանի փողոց, թիվ 74, խոսում էր միայն աղքատության մասին։ Եվ այսուամենայնիվ Սիլվիան հմայիչ, սիրալիր ու հրապուրիչ էր, եւ նրա թիկունքի ետեւում դեպի առաստաղն էին բարձրանում եւ պատուհաններով դեպի բակը նայող հարեւան սենյակն էին ձգվում անթիվ դարակներ՝ գրադարանի ամբողջ հարստությամբ հանդերձ։ Ես սկսեցի Տուրգենեւից, վերցրի «Որսորդի հուշերի» երկու հատորը եւ, եթե չեմ սխալվում, Դ․ Գ․ Լոուրենսի վաղ շրջանի վեպերից մեկը՝ «Զավակներն ու սիրեկանները», բայց Սիլվիան ինձ առաջարկեց վերցնել եւս մի քանի գիրք։ Ես ընտրեցի «Պատերազմ եւ խաղաղությունը» Կոնստանս Հարնետի թարգմանությամբ եւ Դոստոեւսկու «Խաղամոլն» ու մյուս պատմվածքները։ — Եթե դուք նպատակադրվել եք այս բոլորը կարդալ, ապա նորից շուտ չեք գա այստեղ,— ասաց Սիլվիան։ — Ես կգամ վճարելու,— պատասխանեցի,— ես տանը փող ունեմ։ — Ես դա նկատի չունեի,— ասաց նա,— վճարեցեք, երբ ձեզ հարմար կլինի։ — Ջոյսը ե՞րբ է ձեզ մոտ լինում,— հարցրի ես։ — Որպես կանոն՝ օրվա վերջին,— պատասխանեց նա,— մի՞թե դուք նրան երբեք չեք տեսել։ — Մենք նրան տեսանք, երբ ընտանիքով ճաշում էր Միշոյի մոտ,— ասացի ես,— բայց դա թանկ ռեստորան է եւ անքաղաքավարություն է մարդկանց դեմքին նայել, երբ նրանք ճաշում են։ — Դուք տա՞նն եք ճաշում։ — Ամենից հաճախ տանը,— պատասխանեցի,— մենք լավ խոհարարուհի ունենք։ — Ձեր տան մոտ կարծեմ ոչ մի ռեստորան չկա։ — Չկա։ Դուք որտե՞ղից գիտեք։ — Լարբոն այնտեղ է ապրել,— ասաց,— մյուս բոլոր բաներում նրան այնտեղ դուր էր գալիս։ Մեզ ամենամոտ էժան ռեստորանը Պանթեոնի կողքին է։ — Ես չգիտեմ ձեր շրջանը։ Մենք տանն ենք ճաշում։ Մի օր մեզ մոտ եկեք ձեր կնոջ հետ։ — Դուք դեռ մի՛ հրավիրեք։ Չէ որ ես դեռ չեմ վճարել ձեզ։ Համենայն դեպս շնորհակալություն։ — Կարդացեք, կարող եք չշտապել,— ասաց նա։ Կարդինալ Լեմուանի փողոցի վրա գտնվող մեր տունը երկու սենյականոց բնակարան էր, առանց տաք ջրի ու կոյուղու, որին փոխարինում էր բաքը, որը սակայն առանձնապես մեծ անհարմարություն չէ նրանց համար, ովքեր սովոր են ուղիղ բակում գտնվող միչիգանյան զուգարաններին։ Բայց տան պատուհաններից հրաշալի տեսք էր բացվում։ Գետնին դրված էր զսպանակավոր մի լավ ներքնակ, որը ծառայում էր որպես հարմարավետ անկողին, պատերից կախված էին նկարներ, որոնք մեզ դուր էին գալիս, եւ բնակարանը թվում էր լուսավոր ու հարմարավետ։ Գրքերը թեւիս տակ տուն վերադառնալով, ես կնոջս պատմեցի, թե ինչպիսի հիանալի տեղ եմ գտել։ — Բայց, Տետի, դու հենց այսօր էլ պետք է գնաս այնտեղ եւ փողը տաս,— ասաց նա։ — Դե իհարկե,— ասացի,— մենք միասին կգնանք։ Հետո մենք կիջնենք դեպի գետը եւ գետափին կզբոսնենք։ — Եկ ավելի լավ է քայլենք Սենայի փողոցով, մտնենք նկարավաճառների բոլոր կրպակներն ու դիտենք խանութների ցուցափեղկերը։ — Անպայման։ Մենք կարող ենք զբոսնել որտեղ ցանկանանք, իսկ հետո կմտնենք որեւէ նոր սրճարան, որտեղ մենք ոչ ոքի չենք ճանաչում եւ որտեղ մեզ ոչ ոք չի ճանաչում ու մեկական գավաթ կխմենք։ — Կարելի է նույնիսկ երկուական։ — Հետո մենք որեւէ տեղ կընթրենք։ — Այ, այդ մեկը չեղավ։ Մի՛ մոռանա, որ մենք պետք է վճարենք գրադարանին։ — Որ այդպես է, ընթրելու համար տուն կվերադառնանք, իսկական խնջույք կկազմակերպենք եւ «բոն» կվերցնենք դիմացի խանութից․ տեսնո՞ւմ ես ցուցափեղկում «բոնի» շիշը։ Այնտեղ գինն էլ է նշված։ Իսկ հետո մենք կկարդանք եւ կպառկենք անկողնում ու կսիրենք իրար։ — Ես մենք միշտ կսիրենք միայն իրար, ուրիշ ոչ ոքի։ — Այո, միշտ։ — Ի՜նչ հրաշալի օր է ու երեկո։ Իսկ այժմ վատ չէր լինի, եթե ճաշեինք։ — Սարսափելի ուտել եմ ուզում,— ասացի,— սրճարանում ես աշխատել եմ միայն café créme֊ով<ref>Սերով սուրճ (ֆրանս․)։</ref>։ — Գործդ ո՞նց էր, Տետի։ — Իմ կարծիքով՝ լավ։ Ինձ այդպես է թվում։ Ճաշին ի՞նչ ունենք։ — Մատղաշ բողկ եւ կարտոֆիլի պյուրեով հրաշալի foie de veau<ref>Հորթի լյարդ (ֆրանս․)։</ref> ու սալաթ։ Խնձորի կարկանդակ։ — Եվ այժմ մենք կունենանք մեր ցանկացած յուրաքանչյուր գիրքը ու այդ գրքերը մեզ հետ կվերցնենք, եթե որեւէ տեղ մեկնենք։ — Ճի՞շտ ես ասում։ — Իհարկե։ — Իսկ նրա մոտ Հենրի Ջեյմս է՞լ կա։ — Իհարկե։ — Ի՜նչ լավ է,— ասաց նա,— մեր բախտը բանեց, որ դու գտար այդ տեղը։ 31 — 36 էջերն բացակայում են։  
[[Category: Արձակ]]
Վստահելի
593
edits