Բայց երկար ժամանակ մեզ համար լավ էր ապրել Փարիզի մեր մասում, ձիարշավարանից հեռու, եւ հույս դնել ինքներս մեզ վրա, մեր աշխատանքի վրա, մեր ծանոթ նկարիչների վրա, փոխանակ օրվա ապրուստը խաղով հոգալու եւ դա այլ կերպ անվանելու։ Ես մոտովազքերի մասին շատ պատմվածքներ եմ սկսել, բայց այդպես էլ չավարտեցի ոչ մի այնպիսի պատմվածք, որը կարողանար համեմատվել փակ կամ բաց վազքուղիներում կամ խճուղու վրա տեղի ունեցող բուն մրցումների հետ։ Բայց ես այնուամենայնիվ ցույց կտամ ե՛ւ Ձմեռային մոտո֊արշավարանը՝ անցնող օրվա մշուշի մեջ, ե՛ւ փայտե դիք վազքուղին, ե՛ւ դողերի առանձնահատուկ սվվոցը, երբ նրանք քսվում են փայտին, ե՛ւ վարորդների լարվածությունն ու նրանց հնարանքները, երբ իրենց մեքենաներին ձուլված վեր են սլանում կամ նետվում ներքեւ, ցույց կտամ demi֊fond֊ի<ref>Վազք լիդերների ետեւից (ֆրանս․)։</ref> ամբողջ հմայքը, ետնանիվավոր հռնդացող մոտոցիկլները, ե՛ւ նրանց՝ պաշտպանիչ ծանր սաղավարտներով ու կաշվե ներշնչուն բաճկոններով, entraîneurs<ref>Լիդերներ (ֆրանս․)։</ref>֊ներին, որ նստում էին ուսերը շտկած, որպեսզի հանդիպակաց օդի, հոսանքից պաշտպանեն ավելի թեթեւ սաղավարտ դրած վարորդներին, որոնք ղեկին հակված ամեհի արագությամբ պտտում են ատամնավոր հսկայական հաղորդակները, որպեսզի առջեւի փոքրիկ անիվը ետ չմնա մոտոցիկլի ետեւի անիվներից, որոնց համար առաջինը ճեղքում է օդը, ցույց կտամ ե՛ւ մոտորների հռնդյունը, ե՛ւ վարորդների շնչակտուր մրցավազքը, որոնք արմունկ֊արմունկի, անիվն անիվին քսելով, վեր ու վար շարունակ առաջ են սուրում կատաղի արագությամբ, մինչեւ որ որեւէ մեկը կորցնելով թափը, ետ մնա լիդերից եւ զարնվի օդի կոշտ շերտին, որից նա մինչ այդ պաշտպանված էր։
Մոտովազքը բազմաթիվ ձեւեր ունի։ Անջատ֊անջատ ստարտով սովորական սպրինտը կամ մատչային վազքերը, երբ երկու վարորդներ իրենց մեքենաների վրա երկար վայրկյանների ընթացքում հավասարակշռվում են, ստիպելով, որ ախոյանը առաջինը սկսի վազքը, հետո մի քանի դանդաղ շրջապտույտ են կատարում եւ վերջապես մոլեգնորեն նետվում գլխապտույտ արագության մեջ։ Բացի այդ, կան նաեւ ցերեկային երկժամյա թիմային վազքեր որոնց դեպքում սպրինտ ձեւի մի քանի վազք է կատարվում՝ ժամանակը լրացնելու համար։ Կան նաեւ բացարձակ արագության անհատական մրցումներ, երբ վարորդը մի ժամ շարունակ մրցում է վայրկենացույցի սլաքի հետ։ Վերջապես, շատ վտանգավոր, բայց եւ շատ գեղեցիկ մրցումներ՝ հարյուր կիլոմետրի վրա փայտե թեք վազքուղով «Բուֆֆալո»֊յի հինգ հարյուր մետրանոց գոգավոր, բացօթյա ստադիոնում, որ գտնվում է Մոնրուժում, որտեղ վարորդները ընթանում էին ծանր մոտոցիկլերի ետեւից։ Մենք տեսանք Լինարին՝ բելգիացի նշանավոր չեմպիոնին, որին դեմքի պատճառով Սիու<ref>Սիու — հնդկական ցեղերից մեկը։</ref> էին անվանել, եւ որը, վազքի վերջում ավելացնելով առանց այն էլ կատաղի արագությունը, գլուխը թեքում էր եւ իր մայկայի տակ գտնվող ռետինե պարկին միացրած խողովակից կոնյակ ծծում։ Տեսանք նաեւ Ֆրանսիայի չեմպիոնատը՝ լիդերի ետեւից վազքերի գծով, որ տեղի ունեցավ Օթեյլի մոտ գտնվող Արքայազնի այգում վեց հարյուր վաթսուն մետրանոց բետոնե վազքուղու վրա, ամենախարդախ վազքուղին, որտեղ մեր աչքի առջեւ ջախջախվեց մեծ Գանեն, եւ մենք լսեցինք պաշտպանիչ սաղավարտի տակ ջարդվող գանգի ճքճքոցը, ասես զբոսախնջույքի ժամանակ ինչ֊որ մեկը պինդ եփած ձու է կոտրել՝ քարին խփելով։ Ես պետք է նկարագրեմ վեցօրյա մոտովազքերի արտասովոր աշխարհը եւ լեռներում տեղի ունեցած խճուղային զարմանալի վազքերը։ Ֆրանսերենը միակ լեզուն է, որ կարող է արտահայտել այդ ամենը, որովհետեւ բոլոր տերմինները ֆրանսերեն են։ Ահա թե ինչու այդքան դժվար է դրա մասին գրել։ Մայքը ճիշտ էր ասում։ Մոտովազքերը լավ են նաեւ առանց տոտալիզատորի։ Բայց դա արդեն վերաբերում է Փարիզում անցկացրած իմ կյանքի մյուս փուլին։
[[Category: Արձակ]]