Պատը լուսավորեց դուրս եկող լուսինը, բայց Պահապանները ոչ մի փոփոխություն չնկատեցին: Իսկ հետո Պատի վրա բարակ, արծաթավուն գծեր նշմարվեցին, դրանք աստիճանաբար սկսեցին պայծառանալ, որոշակի ու հստակ դառնալ, և շուտով զարմացած ուղեկիցների առջև բացվեց մի գեղեցիկ նկար:
Վերևում էլֆերեն տառերից քմահաճորեն հյուսված կամարաձև մակագրությունն էր, որի տակ յոթաստղանի թագն էր, իսկ դրա տակ էլ մուրճ ու զնդան: Կամարաձև մակագրությունը հենվում էր կաղնիների վրա՝ հար և նման նրանց, որ աճել էին պատի մոտ, իսկ կաղնիների միջև փայլում էր ճաճանչափայլ աստղը:
[[Պատկեր:Moria gate image.jpg|400px|center|]]
— Դուրինի՜ խորհրդանշանն է,— բացականչեց Ջիմլին՝ ցույց տալով մուճ-զնդանն ու թագը:
— Եվ Օստրանի նշանը,— ասաց Լեգոլասը:
— Եվ Ֆեանորի աստղը,— ավելացրեց Գանդալֆը՝ դիտելով ճաճանչափայլ աստղը: — Մենք նկարը չէինք տեսնում, որովհետև հին գիշերագիրը, որով ծածկված է Արևմտյան Դարպասը, երևակվում է միայն լուսնի և աստղերի լույսով, Միջերկրի ժողովուրդների կողմից վաղուց մոռացված հին էլֆերեն լեզվի հնչյունների տակ: Ես ինքս էլ դժվարությամբ վերհիշեցի այդ բառերը, որոնք իմ մատների տակ կենդանացրին նկարը:
— Իսկ ի՞նչ է գրված այստեղ,— Գանդալֆին հարցրեց Ֆրոդոն: — Ես կարծես թե հասկանում եմ էլֆական գրերը, բայց այս մակագրությունը կարդալ չեմ կարողանում:
— Զարմանալի ոչինչ չկա,— պատասխանեց Գանդալֆը,— քանի որ դա հին էլֆերեն լեզու է, իսկ Բիլբոն քեզ սովորեցրել է նոր էլֆերենը: Ես հին էլֆերենը հասկանում եմ, բայց այստեղ գրված չէ ամենագլխավորը: Ահա թե ինչ է ասված այստեղ, թարգմանում եմ.
''«Մորիական թագավոր Դուրինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը, բարեկամ: Ասա և ներս համեցիր»'': Իսկ ներքևում, մանր տառերով գրված է. ''«Ես՝ Նարվիս, ստեղծել եմ այս Դարպասը: Գաղտնաբառը փորագրել է օստրանցի Սելեբրիմբերը»'':
— Իսկ դա ի՞նչ է նշանակում. «Ասա և ներս համեցիր»,— հետաքրքրվեց Մերին, և Ջիմլին շարունակեց.
— Եթե բարեկամ ես, ասա գաղտնաբառը, և դարպասը կբացվի քո առաջ: