Մութ է, թե լույս՝ կեսօրը՝ կեսօր է, ու արդեն վերջանում է,— ասաց Սեմն ինքն իրեն: Նա դուրս էր նայում թաքստոցից և տեսնում միևնույն մթամած ու առանց ստվերների աշխարհը: Շրջապատող ամեն ինչ գնալով ավելի ու ավելի էր սուզվում անգույն, անթափանց մշուշի մեջ: Հեղձուկ էր և միևնույն ժամանակ ցուրտ: Ֆրոդոն անհանգիստ շուռումուռ էր գալիս ու քնի մեջ փնթփնթում: Երկու անգամ Սեմին թվաց, որ տերը կանչում է Գենդալֆին: Ժամանակը դարձավ անվերջություն... Եվ հանկարծ հետևում ֆշշոց լսվեց: Սեմը շրջվեց ու տեսավ չորեքթաթ քարացած Գոլլումին. նրա աչքերը փայլում էին:
— Արթնացե՛ք, արթնացե՛ք, ծույլիկներ,— շշնջաց նա: — Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք, հապաղել չի կարելի: հարկավոր է գնալ, այո՛, հե՛նց հիմա գնալ: Հապաղել չի՛ կարելի: Սեմը զարմացած նայեց նրան: Գոլլումն ամբողջ մարմնով դողում էր՝ կամ վախից, կամ հուզմունքից: — Հենց հիմա՞: Քեզ ի՞նչ պատահեց: Դեռ շուտ է, նույնիսկ ընթրիքի ժամը չի եկել՝ պարկեշտ երկրներում, իհարկե, որտեղ ընթրում են ճիշտ ժամին: — Հիմա՛ր հոբիթ, անխելք,— ֆշշացրեց Գոլլումը: — Պարկեշտ երկրները հեռու են, իսկ մենք՝ այստեղ ենք: Ժամանակը գնում է, ժամանակը վազում է, հետո ուշ կլինի: Հապաղել չի՛ կարելի, հարկավոր է գնա՛լ: Արթնացի՛ր, տե՛ր, արթնացի՛ր: Եվ նա ցնցեց Ֆրոդոյի ուսը և այնպես ուժգին, որ վերջինս, վեր թռչելով, ակամա բռնեց Գոլլումի ձեռքը՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում: Գոլլումը կտրուկ ազատվեց ու ընկրկեց: — Հոբիթները չպետք է հիմար լինեն,— ֆշշացրեց նա: — Հապաղել չի՛ կարելի, հարկավոր է գնա՛լ: Այլևս ոչինչ նրանից իմանալ չհաջողվեց: Որտեղ էր կորել նա, և ինչու էր պետք շտապել՝ մնաց հարցական: Սեմը համակվեց ամենամռայլ կասկածներով և չէր թաքցնում այդ, բայց ինչ էր մտածում տերը՝ անհնար էր գուշակել: Ֆրոդոն միայն հառաչեց, ուղեպարկը գցեց ուսին և Գոլլումի հետևից խորացավ թանձրացող մթության մեջ: Գոլլումը վստահորեն իջավ լանջով ներքև՝ փորձելով որտեղ հնարավոր է, մնալ ստվերում, իսկ բաց տարածություններն անցնել վազելով: Բայց այնպիսի խավար էր տիրում, որ ամենասրատես գազանն անգամ չէր նկատի նրանց, առավել ևս մոխրագույն թիկնոցներով ու կիպ քաշած գլխանոցներով: Գազանը նաև նույնիսկ ոչինչ չէր լսի, քանի որ նրանք քայլում էին բոլորովին անաղմուկ: Այդպես նրանք անհետացան ստվերների մեջ, և ոչ ճյուղ նրանց ոտքի տակ ճարճատեց, ոչ տերև խշշաց: Մոտ մեկ ժամ նրանք գնում էին առաջ խորը լռության մեջ, որը երբեմն խախտվում էր անորոշ դղրդյունով, նման հեռավոր ամպրոպի, կամ թմբկահարության ձայնի: Փոքր ինչ իջնելով, նրանք թեքվեցին և սկսեցին գնալ դեպի հարավ՝ չշեղվելով ո՛չ, աջ, ո՛չ ձախ, որքան որ թույլ էր տալիս խորդուբորդ լանջը: Վերջապես հեռվում փոքրիկ ու մթին պուրակ երևաց: Մոտենալով, հոբիթները հասկացան, որ հեռավորություն խաբում էր նրանց. իրականում պուրակի ծառերը չափազանց մեծ էին ու ծեր: Դրանց բները կարծես իսկական աշտարակներ լինեին, բայց կատարները մեռած էին՝ կամ փոթորիկն էր պատառոտել, կամ կայծակը մոխրացրել: Սակայն փոթորիկը չէր կարողացել արմատախիլ անել հողի ընդերքում թաղված դարավոր արմատները: — Խաչմերուկը, այո, այո, խաչմերուկը,— շշնջաց Գոլլումը: Դա առաջին բառն էր, որ նա ասաց ճանապարհ դուրս գալուց հետո: — Մենք այնտեղ պիտի գնանք: Թեքվելով ձախ, նա տարավ հոբիթներին լանջն ի վեր՝ և նրանք անսպասելիորեն հայտնվեցին ճանապարհի վրա: Դա նույն Հարավային Ուղին էր, որը շրջանցելով լեռների ստորոտները, այժմ ձգվում էր ուղիղ դեպի խաչմերուկը և անհետանում հսկայական ծառերի օղակում: — Այլ ճանապարհ չկա,— շշնջաց Գոլլումը: — Չենք կարող այստեղ շրջանցել, միայն՝ ճանապարհով: Պետք է գնալ խաչմերուկ: Արա՛գ, ոչինչ մի՛ խոսեք: Գաղտագողի, ասես լրտեսներ թշնամու թիկունքում, նրանք դուրս եկան Ուղի և, ինչպես անշշուկ վայրի կատուները որսի ժամանակ, սկսեցին գնալ քարքարոտ ճամփեզրով: Վերջապես նրանք հասան ծառերին, որոնք ասես ավերված, փլված տանիքով սրահի սյունաշարք լինեին մռայլ երկնքի տակ: Ծառերի ճյուղերը միահյուսվել էին՝ ինչպես հսկայական կամարներ: Շրջանի կենտրոնում հատվում էին չորս ուղիներ: Մորանոնյան ուղին, բերելով ճամփորդներին խաչմերուկ, շարունակում էր իր ճանապարհը դեպի հարավ. մյուսը, որը գալիս էր հինավուրց Օսգիլիաթից, հատում էր խաչմերուկը և, դուրս գալով ծառերի օղակից, կորչում էր խավարում, որը պարուրել էր արևելյան հողերը: Հենց այնտեղ էլ հարկավոր էր գնալ: Մի ակնթարթ վախեցած շուրջը նայելով, Ֆրոդոն հանկարծակի ցնցվեց. մթության մեջ լույս փայլատակեց: Սեմի դեմքը լուսավորվեց հեռավոր լույսի ցոլքից: Արագ շրջվելով դեպի լույսի աղբյուրը, Ֆրոդոն հասկացավ, որ նայում է Օսգիլիաթ տանող ճանապարհին: Ուղիղ, ինչպես ձգված ժապավեն, այն իջնում էր լանջով ներքև և կորչում հեռվում: Այնտեղ՝ արևմուտքում, ստվերում թաղված տրտում Գոնդորից այն կողմ, արևը դուրս էր եկել աշխարհը պարուրած մութ ծածկողի տակից և, վառվելով ահեղ կրակով, իջնում էր ծովի վրա, որին խավարը դեռ չէր դիպել: Արևի ճառագայթը մի ակնթարթ լուսավորեց խաչմերուկի կենտրոնում գտնվող վիթխարի նստած քանդակը, փառահեղ, ինչպես Անդուինի հսկաները: Ժամանակը քայքայել էր արձանը, բայց այն նաև վերջերս խեղել և այլանդակել էին: Գլուխը կոտրել էին, գլխի փոխարեն կլոր քար տեղադրել և վրան կոպիտ ու ծաղրական դեմք նկարել ճակատին միակ մեծ ու կարմիր աչքով: Արձանի ծնկները, շքեղ գահը և պատվանդանը ծածկված էին անիմաստ խզբզոցներով և զզվելի նշաններով, որոնք օգտագործում էին Մորդորի ստրուկները: Եվ հանկարծ վերջին ճառագայթները լուսավորեցին քարե թագավորի գլուխը, որն ընկած էր ճամփեզրին: — Նայիր՛, Սե՛մ,— բացականչեց Ֆրոդոն՝ զարմանքից մոռանալով զգուշության մասին,— նայի՛ր, արքան կրկին թա՛գ ունի: Ակնախոռոչները դատարկ էին, իսկ քարե մորուքը կիսով չափ ջարդված, բայց արքայի բարձր ու խրոխտ ճակատն առաջվա պես զարդարում էր արծաթե և ոսկե թագը: Ասես ի նշան հարգանքի, այն պարուրել էին անհայտ ծաղիկների փոքրիկ, սպիտակ աստղիկների նման գլխիկները, իսկ քարե գանգուրների մեջ տարածվել էին թանթռնիկի դեղին ծաղիկները: — Նրանք չե՛ն կարող հավերժ հաղթել,— բացականչեց Ֆրոդոն: Բայց այդ պահին արևի ճառագայթները չքացան. արևը մայր մտավ, ասես ինչ-որ մեկը փչեց հանգցրեց աշխարհի վերևում գտնվող ջահը, և գիշերային խավարը դարձավ ավելի սև: === Գլուխ ութերորդ. Քիրիթ Ունգոլի աստիճանները === Գոլլումը կախվեց Ֆրոդոյի թիկնոցից՝ ցնցվելով վախից ու անհամբերությունից: — Հարկավոր է գնա՛լ,— ֆշշացրեց նա,— այստեղ չի՛ կարելի կանգնել: Արա՛գ: