=== Գլուխ հինգերորդ. Մորիայի կամուրջը ===
Պահապանները լուռ կանգնած էին գերեզմանի մոտ: Ֆրոդոն վշտալի հիշեց Բալինին, նրա երկարամյա բարեկամությունը Բիլբոյի հետ և թզուկի վաղեմի այցը Հոբիթստան: Այստեղ՝ Մորիայի փոշոտ դամբարանի մոտ, այն հեռավոր ժամանակների խաղաղ կյանքը մի մեռացված կախարդական հեքիաթ էր թվում: Վերջապես, վհատ կարկամածությունը հաղթահարելով, ճամփորդները ցրվեցին փոշոտ սենյակում՝ հույս ունենալով գտնել որևէ հետք, որը կբացատրեր Բալինի ու նրա խիզախ ջոկատի ճակատագիրը: Պատուհանի տակ, միջանցքի դիմաց, նրանք մի դուռ էլ տեսան: Այժմ, ցերեկային լույսին վարժվելով, նկատեցին, որ իրենց ոտքերի տակ շարունակ ճռճռացող այդ փխրուն բեկորները սպանված ռազմիկների ոսկորներն են, ջարդված սաղավարտներ, ճեղքված վահաններ ու արջնած շեղբերով ծուռ թրեր՝ լեռնային օրքերի սիրած զենքը: Պատերի մեջ եղած խարաններում փակերը կոտրված կաղնե սնդուկներ կային, որոնք գոտևորված էին ժանգոտված երկաթե բարակ շերտերով: Դրոնացից մեկի մոտ, կոտրված կափարիչի տակ Գանդալֆը մի պատռված գիրք տեսավ: Գրքի ստորին ծայրը վառված էր, այն ծակոտված էր թրերով կամ նետերով և ծածկված գորշ բծերով՝ արյունով: Գանդալֆը խնամքով բարձրացրեց գիրքը և զգուշությամբ դրեց Բալինի գերեզմանին: Ֆրոդոն և Ջիմլին մոտեցան հրաշագործին ու նայում էին, թե ինչպես է նա թերթում զանազան գրերով՝ էլֆերեն դեյլերեն և մորիերեն լեզվով խիտ գրված էջերը: Էջերը կոշտ էին ու փշրվող՝ ոսկրի բարակ, նուրբ շերտի նման: — Որքան ես հասկանում եմ,— ասաց Գանդալֆը,— սա Բալինի արշավանքի տարեգրությունն է: Այն սկսված է երեսուն տարի առաջ, Բալինի ջոկատի Սևագետք մտնելու օրից: Տեսնու՞մ եք, այստեղ գրված է 1/3: Իմ կարծիքով, դա նշանակում է առաջին տարի, էջ երեք: Գրքի առաջին երկու էջը չկա: Եվ ահա թե ինչ հաջողվեց ինձ ընթերցել. ''Մենք ոչնչացրինք օրքերի պահակներին դարպասի մոտ և պահ...'' շարունակությունը կարդալ հնարավոր չէ, էջը արյունոտված է, բայց այստեղ ամեն ինչ պարզ է. ''Պահականոցում... Սակայն պահակները հասցրին տագնապ բարձրացնել, և բազմաթիվ օրքերի մենք...'' երևի ''սպանեցինք... Հայելու լճի ճակատամարտում Ֆլոյնը թշնամիների մի ամբողջ ջոկատ կոտորեց, բայց ինքն էլ մահացու վիրավորվեց թշնամու նետով...'' Երկու տող չկարողացա կարդալ: Շարունակության մեջ ասվում է. ''Օրքերին դուրս վռնդեցինք հյուսիսային թևի քսանմեկերորդ սրահից: Այստեղ...'' չի հասկացվում, բայց հիշվում է ''հանքահոր'' բառը: Եվ վերջապես... ''Բալինն իր խորհրդականների հետ տեղավորվեց Տարեգրության սրահում...'' — Հենց սա է Տարեգրության սրահը,— նայելով սնդուկներին, նկատեց Ջիմլին: — Շարունակության մեջ մի քանի էջ արյունոտված են, ես հասկացա միայն ''ոսկի, Դուրինի տապարը և սաղավարտ'' բառերը: Հետո... ''Բալինն իրեն հայտարարեց Մորիական կայսրության կայսր:'' Այստեղ վերջանում է առաջին գրառումը և երեք աստղից հետո այլ ձեռագրով գրված է. ''Մենք գտանք իսկական արծաթ...'' Նորից ոչինչ չի հասկացվում, բացի նախավերջին տողից... ''Օյնը ուղևորվեց երրորդ խորքային հարկաշարքի զինապահեստ...'' Նորից արյան կաթիլ... ''արևմուտք...'' և նիզակով խոցած անցքից հետո՝ ''դեպի էլֆական դարպասը:'' Գանդալֆը լուռ թերթում էր տարեգրությունը: — Մի քանի էջ խիստ վնասված են, այս լույսի տակ դրանք չեն կարդացվի,— երկար լռությունից հետո ասաց նա ճամփորդներին,— բայց երևում է, որ սրանք հապճեպ են գրվել և ամենայն հավանականությամբ տարբեր տարեգիրների կողմից: Հետո մի քանի էջ պոկված է և նշված է V թվանշանը, արշավի սկզբից հինգերորդ տարին: V/1, V2, V/3, V/4... Ոչ, ոչինչ չեմ կարողանում հասկանալ: Իսկ այստե՞ղ... Ահա, սա արդեն ընթեռնելի ձեռագիր է, բայց գրառումը, չգիտես ինչու, էլֆերեն է: Ջիմլին կիպ մոտեցավ շիրմաքարին և Գանդալֆի թևի տակից նայեց տարեգրությանը: — Սա Օրիի ձեռագիրն է,— հայտարարեց նա,— որքան գիտեմ, կարևոր հաղորդումները էլֆերեն գրելու սովորություն ուներ: — Վախենում եմ, այդ կարևոր հաղորդումը շատ ու շատ ողբալի կլինի,— ասաց Գանդալֆը տարեգրությունը զննելով: — Առաջին հստակ բառն այստեղ՝ ''ողբ'': Հետո նորից դժվար է, հետո՝ ... ''րեկ'': Ըստ երևույթին՝ երեկ: Այո, այդպես էլ կա, լսեցեք... ''Երեկ, նոյեմբերի 10-ին, զոհվեց Մորիայի թագավոր Բալինը: Նա իջել էր Հայելու լճի մոտ և նրան նետահարեց ժայռերի մեջ թաքնված օրքը: Թագավորական ջոկատի ռազմիկները ոչնչացրին օրքին, սակայն թշնամիների հսկայական ջոկատը...'' Էջի վերջը պատռված է, իսկ հաջորդ էջն սկսվում է. ... ''Արևելքից Արծաթաջուր գետով''... Այստեղ նորից չորացած արյան կաթիլ է և հետո՝ ... ''հասցրին դարպասը փակել''... հետո պատռված է երևի նետից, բացված և մի քանի բառ՝ ... ''Դարպասը կպաշտպանեինք, եթե ոչ''... Իսկ ավելի ներքև էջը ածխացած է, այնպես որ մնացել է միայն մի բառ ''հրեշավոր'': Ափսոս Բալինը, նա խիզախ մարտիկ էր և ժամանակի ընթացքում մեծ թագավոր կդառնար: Ընդամենը հինգ տարի տևեց նրա թագավորելը: Այստեղ, ինչպես տեսնում եք, տարեգրությունն ընդհատվում է, իսկ պոկված էջերը փնտրելու ժամանակ չկա, և մենք, երևի, երբեք չենք իմանա, թե ինչ պատահեց Բալինի ջոկատին: — Այո, սա շատ մռայլ տարեգրություն է,— գիրքը թերթելով, եզրակացրեց հրաշագործը: — Ջոկատի ռազմիկները անկասկած նույնպես զոհվել են տանջալի մահով... Լսեցեք... ''Մենք նահանջելու տեղ չունենք, տեղ չկա... Նրանք գրավել են կամուրջն ու պահականոցը: Լոնին, Ֆրարն ու Նալին ընկան...'' Այստեղ վեց թե յոթ էջ արյունից սոսնձվել են իրար, իսկ այնուհետև խոսքը գնում է Արևմտյան դարպասի մասին: ''Բարապան գետը հեղեղել է հովիտը: Ջուրը բարձրացել է ընդհուպ մինչև դարպասը: Ընդերքի պահակը Օինին քաշեց ջուրը: Նահանջելու տեղ չունենք: Տեղ չկա''... Եվ վերջ, էջի ներքևի ծայրը պոկված է: — Հրաշագործը մտածկոտ գլուխն իջեցրեց: — Ահա, ահա ևս մեկ էջ,— դեպի խորանը քայլելով խոսեց նա և հատակից բարձրացրեց ճմրթված թերթիկը,— այն մինչև կեսն է գրված: Երևում է սրանով էլ հենց ավարտվել է տարեգիրքը: Լսեք... ''Մենք նահանջելու տեղ չունենք, տեղ չկա... Նրանք ընդերքից մայն են կոչել... Ինչ-որ տեղ խորքերում այնպիսի դղրդյուն է, որ մեկ էլ տեսար գետինն էլ փուլ եկավ: Նրանք մոտենում են''... Սրանք տարեգրության վերջին էջերն են... Այո, կուզենայի հասկանալ, ինչ մասին է խոսում վերջին տարեգիրը: — Հրաշագործը նորից մտքերի մեջ ընկավ և լռեց: — Մենք նահանջելու տեղ չունենք,— քրթմնջաց Ջիմլին: Եվ հանկարծ Պահապանների գիտակցությանը հստակորեն հասավ, որ իրենք մտել են դամբարան: Բոլորը, նույնիսկ Գանդալֆը, շփոթվեցին: