«Կտեսնենք, այո, դեռ կտեսնենք,— Էմին Մուիլից մինչև Մորգուլյան հովիտ վտանգավոր ճանապարհորդության ընթացքում հաճախ էր ինքն իրեն ասում Գոլլումը, երբ նրան տիրում էին չար մտքերը: — Հասնենք այնտեղ՝ կտեսնենք: Եթե այնպես պատահի, որ նա ոսկորներն ու լաթերը դեն նետի, մենք կգտնենք այն: Օ այո, մենք կգտնենք այն, հետ կստանանք մեր Սքանչելին, և դա նրա նվերը կլինի խեղճ Սմեագորլին այդպիսի համեղ սնունդ բերեու համար: Եվ մենք կփրկենք Սքանչելին, այո, կփրկենք, ինչպես խոստացել էինք: Իսկ հետո, երբ Սքանչելին մերը կլինի, մենք նրան... ցո՛ւյց կտանք: Մենք նրա հետ հաշիվներս կմաքրենք, իմ սքանչելի: Մենք հետո բոլորի հե՛տ հաշիվներս կմաքրենք»:
Այդպիսի մտքեր էին հասունանում նրա հոգու մթին անկյուններում: Եվ նա, հույս ունենալով թաքցնել մտածածը նույնիսկ նրանից, կրկին եկավ Շելոբի մոտ ու խոնարհվեց նրա առջև, մինչ հոբիթները խաղաղ քնած էին:
Ինչ վերաբերվում է Սաուրոնին, նա գիտեր Շելոբի և նրա որջի մասին: Նրան հաճելի էր այդ արարածի անվերահսկելի չարությունը, հաճելի էր և օգտակար՝ դեպի Մորդոր տանող այդ հինավուրց ճանապարհի համար ավելի լավ պահապան, քան Շելոբն էր, նա, թերևս չէր կարող գտնել: Օրքերն իհարկե, օգտակար ստրուկներ են, բայց նա օրքեր շատ ուներ: Թող Շելոբը սնվի նրանցով ու սպասելի ավելի լավ ժամանակների: Եվ ինչպես տերն է համեղ պատառներ նետում իր կատվի առաջ («կատվիկս». այդպես էր նա անվանում նրան, բայց Շելոբը նրան էլ էր արհամարհում), այդպես էլ Սաուրոնն էր կերակրում նրան՝ խոշտանգելուց հետո նրա մոտ երբեմն գերիներ ուղարկելով: Գերուն բերում, գցում էին նրա որջը, իսկ հետո զեկուցում Սաուրոնին, թե ինչ խաղ է այս անգամ խաղացել Շելոբը:
Այդպես էլ ապրում էին նրանք ամեն մեկն իր համար, իրենք իրենցից գոհ՝ չվախենալով ոչ մեկի հարձակումից ու զայրույթից և հավասարապես ատելով ողջ աշխարհին: Դեռ երբեք ոչ մի զոհ դուրս չէր պրծել Շելոբի հյուսած ցանցերից: Եվ սարսափելի էր այժմ նրա քաղցած զայրույթը:
Խեղճ Սեմը ոչինչ չգիտեր այդ հրեշավոր չարության մասին, բայց շարունակ աճող վախով զգում էր, որ անտեսանելի ու մահացու սպառնալիք է կախվում իրենց գլխին: Ի վերջ վախն այնքան ուժգնացավ, որ նա, այլևս չկարողանալով վազել, անցավ քայլքի. ոտքերն այլևս չէին ենթարկվում: Սարսափը շրջապատել էր նրանց բոլոր կողմերից: Առջևում՝ լեռնացնքում, թշնամիներն էին, իսկ տերը՝ որտե՞ղ է նրա գլուխը՝ ամեն ինչի մասին մոռացած վազում էր ուղիղ նրանց ընդառաջ: Հայացքը կտրելով սև քարանձավից ու ձախ կողմում փռված թանձր մշուշից, Սեմը կրկին նայեց առաջ՝ և խուճապի մեջ ընկավ: Նախ՝ Ֆրոդոյի մերկացրած սրի շեղբն այրվում էր վառ երկնագույն կրակով, և հետո՝ թեև երկինքը լեռնանցքի գլխին վաղուց խավարել էր, աշտարակում կարմիր կրակ էր առկայծում:
— Օրքերն են,— փնչացրեց Սեմը: — Կանցնենք, բա ոնց չենք անցնի: Ախր օրքերն ուղղակի վխտում են էստեղ, էլ չասեմ, որ այլ տականքներ էլ կլինեն: